ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
Հայ կաթոլիկական եկեղեցի

Երբ այս տարվա աշնանը մեր դպրոցում նշում էինք Մխիթար Սեբաստացուն նվիրված հանդիսությունները, միտք հղացավ ուսումնասիրելու հայ կաթոլիկ եկեղեցու պատմությունը: Ես ինձ համար շատ նոր բաներ պարզեցի հայ հոգևոր կյանքից և սիրով այն ուզում եմ ներկայացնել հայոց պատմությունով հետաքրքրվողներին:

Բյուզանդիայի անկումից հետո հետո նրա նախկին տարածքներում լայնածավալ գործունեություն ծավալեցին կաթոլիկ միսիոներները: Տարածաշրջանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ակտիվացման հետ միաժամանակ ամրապնդվում էին Օսմանյան կայսրության տնտեսական կապերը XVII-XVIII դդ եվրոպական երկրների հետ: Կ. Պոլիսում, որտեղ խաչվում էին Արևելքի ու Արևմուտքի քաղաքական շահերը, եվրոպական դեսպանատներն ու դոմինիկյան, ֆրանցիսկյան և ճիզվիտական օրդենների կաթոլիկ միսիոներները լայնածավալ գործունեություն ծավալեցին տեղի հայության շրջաններում:
Հայ Առաքելական եկեղեցին խիստ բացասական դիրքորոշում դրսևորեց հայկական համայնքներում Հռոմի կաթոլիկ եկեղեցու միսիոներական գործունեության դեմ, բայց, այնուամենայնիվ, այդ գործունեությունը տվեց իր պտուղները, և XVIII դարի սկզբներին Հալեպի և Մարդինի հայ եպիսկոպոսները բացահայտորեն հանդես էին գալիս կաթոլիկություն ընդունելու օգտին:

XVIII դարում որոշ հայ կաթոլիկ համայնքների վրա մեծ ազդեցություն ուներ անտոնականների օրդենը, որը կազմավորվել էր հինարևելյան շատ եկեղեցիների, այդ թվում` նաև մեր եկեղեցուց անջատված բեկորներից: Հայ անտոնականների օրդենը հիմնվել է 1715 թ. և նրա կարգավիճակը հաստատել է Կլիմենտիոս XIII Պապը: XVIII դարի վերջին հայ կաթոլիկ եպիսկոպոսությունների մեծ մասը պատկանում էր այդ օրդենին:

Որոշ ժամանակ անց ցրված, բայց քանակապես աճող հայ կաթոլիկ համայնքները պահանջեցին սեփական պատրիարքության ստեղծում: Արդյունքում Օսմանյան կայսրությունում գտնվող հայ հոգևորականության մեջ տեղի ունեցավ պառակտում: Հայ Առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսներ ընդունեցին կաթոլիկություն և Հռոմի ու ֆրանսիական կառավարության միջնորդությամբ անջատվեցին հայ առաքելական եկեղեցուց:

1742 թ. Բենեդիկտոս XIV պապը Հայ Առաքելական եկեղեցու նախկին եպիսկոպոս Արամ Արծիվյանին հաստատեց Կիլիկյան Հայաստանի կաթոլիկ պատրիարք, որի նստավայրը Լիբանանում էր և որի իրավասությունները տարածվում էին Օսմանյան կայսրության հարավային շրջանների հայության վրա: Նոր պատրիարքը իրեն կոչեց Արամ Պետրոս I, և նրա բոլոր հաջորդներն իրենց անվանը ավելացնում էին Պետրոս մականունը: Օսմանյան կայսրության մնացած շրջանների կաթոլիկ հայերի հոգևոր կենտրոնը Կ. Պոլսի լատինական առաքելական պատրիարքարանն էր:
Թուրքերի վարչա-քաղաքական համակարգը ազգային փոքրամասնություններին տրամադրում էր վարչական ինքնավարություն` կրոնական առաջնորդների գլխավորությամբ: Դրա արդյունքում հայ կաթոլիկները հայտնվեցին հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքության վարչական կառավարման տակ, ինչը դժվարություններ էր հարուցում կաթոլիկ հայերի համար: Բանը հասավ նույնիսկ կաթոլիկ հայերի հալածանքների, որը շարունակվեց մինչև 1829 թ., երբ ֆրանսիական իշխանությունների ճնշման տակ թուրքերն ստիպված էին հայ կաթոլիկներին տալ առանձին վարչական ինքնավարություն, սեփական արքեպիսկոպոսի գլխավորությամբ: 1846 թ. այդ արքեպիսկոպոսն ստացավ քաղաքացիական կառավարչի իրավասություն:

Ստեղծվել էր ոչ նորմալ մի իրավիճակ, երբ Կ. Պոլսի արքեպիսկոպոսը ներկայացնում էր կաթոլիկ հայերի քաղաքացիական և եկեղեցիական իշխանությունը, իսկ պատրիարքը` հոգևոր առաջնորդը գտնվում էր Լիբանանում: Այս իրավիճակն ուղղվեց 1867 թ., երբ Պիոս IX պապը միավորեց այս երկու աթոռները և պատրիարքը տեղափոխվեց Կ. Պոլիս:
Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի ձեռնարկած ցեղասպանության հետևանքով հայ կաթոլիկ համայնքը ծանր կորուստներ կրեց: Զոհվեցին 7 եպիսկոպոսներ, 130 քահանաներ, 47 վանականներ և ավելի քան 100 հազար աշխարհիկ կաթոլիկներ: Թուրքիայում հայ կաթոլիկների թվաքանակի խիստ կրճատումն ստիպեց Հռոմում հավաքված հայ կաթոլիկական Սինոդին 1928 թ. կրկին պատրիարքարանը տեղափոխել Լիբանան (Բեյրութ), իսկ Կոստանդինապոլին (Ստամբուլ) տալ թեմի կարգավիճակ:

Մխիթարյաններ և հայ կաթոլիկական այլ միաբանություններ

Հայ կաթոլիկների համար վառ օրինակ էր հատկապես Մխիթարյանների միաբանությունը, որը հիմնվել էր 1701թ. Կոստանդնուպոլսում: 1717 թ. այս համայնքը տեղափոխվեց Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզի: 1811 թ. սրանցից պառակտվեց մի ճյուղ և հիմնավորվեց Վիեննայում: Երկու միաբանություններն էլ արդեն երկար ժամանակ գիտա-կրթական գործունեությամբ են զբաղվում Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:
Բզումմարի (Լիբանան) հոգևոր միաբանությունը ունի մեծ գրադարան և հոգևոր ճեմարան, որը բացվել է 1771 թ.: Բարձրագույն կրթություն հայ կաթոլիկները կարող են ստանալ նաև 1883 թ. Հռոմում բացված Հայկական քոլեջում:

Արևելյան Հայաստանի հայ կաթոլիկական կենտրոնները

Հայ կաթոլիկների մի քանի համայնքներ գործում էին պատմական Հայաստանի այն տարածքներում, որոնք 1828 թ. միացվել էին Ռուսաստանին: 1850 թ. Պիոս IX Հռոմի պապը սահմանեց Արդվինի թեմը, որն իր մեջ պիտի ընդգրկեր Ռուսական կայսրության բոլոր հայ կաթոլիկներին: Սակայն ցարական կառավարության հակադրման հետևանքով այն ստեղծվեց 40 տարի անց:
1912 թ. հայ կաթոլիկները հայտնվեցին Տիրասպոլի լատին եպիսկոպոսի իրավասության տակ: Սովետական իշխանության տարիներին հայ կաթոլիկ եկեղեցու գործունեությունը դադարեցվեց և միայն 1991 թ. Հայաստանի անկախացումից հետո հայ կաթոլիկները նորից վերաբացեցին իրենց թեմերը: Կենտրոնը գտնվում է Գյումրիում:

Ռուսաստանի հայ կաթոլիկները

Ռուսաստանում հայ կաթոլիկների խոշոր համայնքներ ստեղծվեցին հատկապես 1768-1774 թթ. ռուս-թուրքական պատերազմից և Ղրիմի նվաճումից, ինչպես նաև Լեհաստանի երրորդ բաժանումից (1795թ.) հետո: Մեծ թվով հայ կաթոլիկներ կային նաև Հյուսիսային Կովկասում (Մոզդոկ և Կիզլյար քաղաքներում): Նրանք հիմնականում 1720-ից 1760 թթ. Թուրքիայից ու Պարսկաստանից գաղթած փախստականներն էին: 1809 թ. սրանք գործում էին ռուս կաթոլիկների իրավասության ներքո:

1909 թ. հայ կաթոլիկների համար ստեղծվեց Առաքելական վարչակազմ, որտեղ 1917 թ. կային 47 հոգևորական, 45 տաճար, 15 մատուռ և 66618 հավատացյալ: Այդ վարչության վերջին պետը` հայր Կարապետ Դիլուրգյանը 1936 թ. հունիսին ձերբակալվեց և երեք տարով աքսորվեց Կիրովի մարզ: Ձերբակալվեցին նաև շատ այլ հոգևորականներ, որոնցից շատերը զոհվեցին խորհրդային ճամբարներում: Երբ 1939թ. խորհրդային իշխանության տակ անցան Լվովի հայ կաթոլիկական միաբանությունը, նրա հավատացյալների կեսը` մոտ 2500 մարդ աքսորվեց Սիբիր: Լվովի հայ կաթոլիկների վերջին ղեկավար հայր Դեոնիսի Կաետանովիչը, որն այդ պոստում փոխարինել էր արքեպիսկոպոս-մետրոպոլիտ Իոսիֆ Թեոդորովիչին, ձերբակալվեց 1945 թ. և մեռավ ճամբարում 1954 թ.:

1991 թվից Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հայ կաթոլիկները ենթարկվում են Գյումրիում գտնվող հոգևոր կենտրոնին, որը 2005 թվից ղեկավարում է Նեխան Կարակեխեյանը: 2000 թվից հայ կաթոլիկական համայնք գոյություն ունի Մոսկվայում: Սկզբում նրանք քույր Նունե Պողոսյանի գլխավորությամբ հավաքվում էին սուրբ Լյուդովիկոսի եկեղեցում, իսկ 2002 թվից` Սուրբ Կույս Մարիամի եկեղեցում: Հայ կաթոլիկական խմբեր կան նաև Պսկովում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարում, Սոչիում և Ռուսաստանի այլ քաղաքներում:

Լվովի հայ կաթոլիկական համայնքը (1630 - 1946 թթ)

Լեհաստանի իշխանության տակ դեռևս XIV դարից կազմավորվել և զորացել է հայկական սփյուռք, որի հոգևոր կենտրոնը Լվովն էր: XVII դարում այստեղի հայերը բռնությամբ կաթոլիկացվեցին: Հայ Առաքելական եկեղեցու մի խոշոր համայնք, ինչպոս նաև բազմաթիվ ուղղափառ համայնքներ ստիպողաբար ընդունեցին ունիան (Միությունը կաթոլիկ եկեղեցու հետ):

Լվովի հայ - կաթոլիկական արքեպիսկոպոսներն ու մետրոպոլիտները
 Նիկոլայ Թորոսևիչ (1630-1681),
Վարդան Հունանյան (1681-1715),
Յան Տոբիաշ Ավգուստինովիչ (1715-1751),
Յակուբ Ստեֆան Ավգուստինովիչ (1751-1783),
Յակուբ Վալերիան Տումանովիչ (1783-1798),
Յան Յակուբ Սիմոնովիչ (1801-1816),
Կաետան Ավգուստին Վարթերեսովիչ(1817-1831),
Սամուիլ Կիրիլ Ստեֆանովիչ (1832-1858),
Գրեգոր Միխաիլ Շիմոնովիչ(1858-1875),
Գրեգոր Յոզեֆ Ռոմաշկան (1876-1881),
Իսահակ Նիկոլայ Թեոդորովիչ (1901-1938),
Դիոնիսիոս Կաետանովիչ (1939-1954) - հայ կաթոլիկների վերջին ղեկավարը, ով 1946 թվին դատապարտվեց Լվովի Ռազմական տրիբունալի կողմից և մեռավ Կոմի ԱՍՍՀ–ում 1954 թ.: Հետմահու արդարացվել է 1994 թ. օգոստոսի 10-ին:
Հայր Դիոնիսիոս Կաետանովիչի հետ դատապարտվեցին հայր Կազիմիր Ռոմաշկան, հայր Վիկտոր Կվապինսկին, Լվովի հայ ազգային - կրոնական համայնքի քարտուղար Ստանիսլավ Դոնիգեվիչը, Գոհարինե Բաբաևան, Սերգեյ Նազարյանը, Վաղարշակ Գրիգորյանը և ուրիշներ:
Հայ կաթոլիկ եկեղեցու հսկայածավալ ունեցվածքը, այդ թվում Լվովի, Իվանո - Ֆրանկովսկի, Տիսմենիցայի, Լիսեցի, Սնյատինի, Բերեժանի, Գորոդենկայի, Կուտինի և այլ քաղաքների եկեղեցիական շինությունները ազգայնացվեցին, իսկ էթնիկ հայերի մեծ մասը աքսորվեց Լեհաստան:
Լվովի հայ կաթոլիկ եկեղեցու վերացումն իրականացվեց Լվովի պետանվտանգության կոմիտեի աշխատակիցների կողմից, Ուկրաինայի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ն.Ս. Խրուշչևի անձնական վերահսկողությամբ:
Ուկրաինայում հայ առաքելական եկեղեցիական թեմի վերաբացումից հետո 2000 թ. Լվովի հայկական եկեղեցին վերադարձվեց մեր թեմին:

Հայ կաթոլիկ եկեղեցու ներկա վիճակը

1992 թ. նոյեմբերին Հռոմում գումարվեց հայ կաթոլիկ եպիսկոպոսների Սինոդը, որը քննարկեց Եկեղեցու հոգսերը նոր պայմաններում: 1997 թ. հունիսին այն նորից գումարվեց Հռոմում, որպեսզի նախապատրաստի Հայ կաթոլիկ եկեղեցու կանոնադրությունը:
Ներկայումս հայ կաթոլիկների մեծ մասն ապրում է Բեյրութում (Լիբանան), Հալեպում, (Սիրիա) և Վրաստանում (Սամցխե Ջավախեթում): Կաթոլիկ եկեղեցին յոթ թեմ ունի Մերձավոր Արևելքում. երկուսը Սիրիայում և մեկական` Լիբանանում, Իրաքում, Իրանում, Եգիպտոսում և Թուրքիայում: Հայ կաթոլիկական կենտրոն կա նաև ԱՄՆ-ում: Հայ կաթոլիկ եկեղեցու ղեկավարն է պատրիարք Ներսես Պետրոս XIX Թարմունին (ծնվ. 1940 թ., ընտրվել է 1999 թ.): Տիտղոսն է Կիլիկյան Հայաստանի պատրիարք, նստավայրը` Բեյրութ (Լիբանան): Հայ կաթոլիկների ընդհանուր թիվն աշխարհում, ըստ Հռոմի տվյալների, կազմում է 593 հազար 500 մարդ: Եկեղեցին ունի 116 թեմ, 15 եպիսկոպոս, 81 հոգևորական:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ