ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 38
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Իվետա Ջանազյան
Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար

Մեթոդական մշակումներ

Գևորգ Հակոբյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Էնշտեյնի խնդիրը

Լեո
Ղազարոս Աղայան

Հայկազ Մարգարյան
Հայ կաթոլիկական եկեղեցի

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժությունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում

Աշոտ Բլեյան
Գարնանային տոն` օլիմպիադա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Հասմիկ Ղազարյան
Լսելը՝ ուշադրության արժանի հմտություն

ԱՐՁԱԳԱՆՔ

Շուշան Բլեյան
Հայոց լեզվի օլիմպիադան և մեր «Բազկի զարկերը»

Յուրա Գանջալյան
Խորհրդածություններ անգլերենի հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից հետո

Յուրա Գանջալյան
2010թ. անգլերենի միասնական քննությունների թեստերը

Արտակ Զարգարյան
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը
Ղազարոս Աղայան

Սկիզբը

ԳԼՈԻԽ ՉՈՐՐՈՐԴ

1
Վիպագրողը

«Արություն և Մանվելը», Աղայանի առաջին գրական լուրջ գործը, ինչպես տեսանք, գրվեց արտակարգ հանգամանքների մեջ, ոգևորության բուռն հույզի դրդմամբ և շատ գեղեցիկ ընդունելություն գտավ ուսանողական ժողովում, ուր կարդացվեց նրա ձեռագիրր։

Գեղեցիկ ընդունելության պատճառը շատ պարզ է։ Միայն հայ ուսանողները չհիացան այդ «ազգային» վեպի վրա։ «Արություն և Մանվելը» մեզանում անուն ստեղծած գրական երկերից մեկն է։ Նա շատ է կարդացվել և միշտ սիրով, նույնիսկ հափշտակությամբ։

Իբրև իր ժամանակի գրական արդյունք, վեպը միանգամայն արժանի է իր համբավին։ Այս վկայում է նախ և առաջ հայ վեպի պատմությունը։
1840-ական թվականների սկզբից է, որ վիպագրությունը սկսում է մուտք գործել մեր գրականության մեջ։ Այդ սկզբնական շրջանը տևում է մինչև 1870-ական թվականների սկիզբը, երբ երևան է գալիս Րաֆֆին։

Ամենագլխավոր և հետաքրքրական հանգամանքը այդ շրջանի մեջ այն է, որ Աբովյանի «Վերք Հայաստանին» թեև գրված է, ինչպես հաստատում են, 1842 թվականին, բայց մնում է անտիպ ու անհայտ մինչև 1858 թվականը։ Եվ ահա, մինչդեռ հայ ինքնուրույնության տիպար այդ գործը ձեռագրի դրության մեջ է, զանազան տեղեր զանազան փորձեր են լինում ինքնուրույն վիպագրությունը հայկական հողի վրա դնելու համար։

Այս փորձերը մեզ տանում են Հնդկաստան, Վիեննա, Կ, Պոլիս, Մոսկվա, Փարիզ։
Առաջին տպագրական փորձն անում է Մեսրոպ Թաղիադյանը Կալկաթայում. 1846-ին նա հրատարակում է իր գրած «Վէպ Վարդգիսի Տեառն Տուհաց» և 1847-ին «Վէպ Վարսենկան սկայուհւոյ Աղւանից»։

Վեպ բառը մեր հին գրականության մեջ գործ է ածված ընդհանրապես բերանացի պատմության և մասնավորապես դյուցազներգության մտքով։ Թաղիադյանը իր այդ երկու գործերը հասկանում էր նույն մտքով, - երկուսն էլ պատմական են, հին հայկական և աղվանական կյանքից։ Բայց դյուցազներգության հյուսվածքը կատարել է նոր ձևով, այսինքն այնպես, ինչպես գրվում են եվրոպական վեպերը, ռոմանները։ Այստեղ «կան» և' երևակայություն, և' նկարագրություններ, տեսարաններ, և' խոսակցություններ։ Հինն ու նոր ձևերը խառնված են իրար հետ։ Վեպերի լեզուն գրաբար է, բավական խրթին, նյութը` ոչ ժամանակակից, բարոյախոսական- ազգասիրական:

Պատմական վեպի նախատիպ կարող ենք համարել և Վիեննայի Մխիթար յանների մի երկու գրվածքները, որոնք հրատարակվեցին 1851 -1852 թվականներին։ Այսպես են, օրինակ, Հ. Թոռնյանի «Արտաշեսյան Արտավազդա բարքն ու վախճանը» և Հ. Սիպիլյանի «Տրդատա առանձնանալը, վերջին օրերն ու մեռնելը»։ Վիպագրական հանգամանքներն այստեղ ավելի ևս թույլ են, բայց կա և մեծ նորություն - նրանք գրված են աշխարհաբար լեզվով։

Միաժամանակ, նույն 1851-ին, Կ. Պոլսի «Բանասեր» ամսագրի մեջ լույս է տեսնում նրա խմբագիր Հ. Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» թուրքահայ առաջին ինքնուրույն վեպը, որ ոչ միայն աշխարհաբար էր, այլև աշխարհիկ էր։ Առաջին սիրահարական վեպը, բովանդակության, կերտվածքի տեսակետի շատ խիստ նմանություն ֆրանսիական վեպին, մասնավորապես Շատոբրիանին։ Ինքնուրույն է, բայց տեղայնություն շատ քիչ ունի։ Անհավատալի զուգադիպություններ, խորհրդավորություն, արկածներ։ Տեխնիկայի տեսակետից՝ բավական զարգացած։ Բնության նկարագրությունները՝ ճոխ, նոր լեզվի ուժն ու ճկունությունն են ցուցադրում։

Այսպիսով Կ. Պոլսում հաստատվում էր ֆրանսիական խիստ ազդեցությունը, որ չափազանց թուլացնում է ինքնուրույնությունը։ Նույն Հիսարյանր վաթսունական թվականների վերջերում հրատարակեց «Նեռն կամ կոտորած աշխարհի», թեև հայկական կյանքից, բայց ոչինչ իրական. հեքիաթային-արկածախնդրական, էոժեն Սյուի ոգով և թելադրություններով։

Բայց Կ. Պոլսում իրականն էլ, այժմեությունն էլ վեպի նյութ է դառնում։ Համարյա «Խոսրով և Մաքրուհիի» հետ միաժամանակ հրատարակվում են երկու պոլեմիկական վեպեր։ Հայ լուսավորչականների և հայ կաթոլիկների վեճերը այդ ժամանակ շատ էին սաստկացել։ Եվ այդ վեպերը լուսավորչական հայերն էին գրել՝ կաթոլիկ հոգևորականների մոլեռանդությունն ու անհամբերողությունը պարսավելու համար։ Տարաբախտաբար մեր գրականության մեջ ոչինչ տեղեկություն չկա այդ երկու հասարակական վեպերի մասին։ Նրանց վերաբերմամբ տեղեկություններ տալիս է հայտնի հայագետ Դյուլորիեն, որ և ասում է, թե դրանք թուրքերեն լեզվով էին գրված, բայց հայերեն տառերով տպված։ Չհամակրելով հանդերձ կրոնական վիճաբանություններին, ֆրանսիացի հայագետն ընդունում էր, որ իբրև գրական գործեր դրանք վատ չէին, մանավանդ լավ էր նրանցից մեկը, որ պատկերազարդ- երգիծաբանական էր և որի անունն էր «Բոշբողազ ռեզալէսի»։

Այնուհետև հայերեն ինքնուրույն վեպ մենք տեսնում ենք Մոսկվայում։ Հեղինակը Միքայել Նալբանդյանն էր։ 1857-ին նա հրատարակեց «Մինին խոսք, մյուսին հարս» աշխարհաբար վեպը։ Տարաբախտաբար, այդ գիրքը այժմ միանգամայն անգյուտ է, և ես չգիտեմ կա մեզանում մեկը, որ տեղյակ լիներ նրա ամբողջ բովանդակության[1]։ Ինքս կարդացել եմ նրա մի մասը միայն, որ արտատպված է Պոլսի «Մեղվի» մեջ։Եվ հիմնվելով կարդացածիս վրա, կարող եմ ասել, որ դա հարազատ կտորն է այդ հեղինակի «Մեռելահարցուկի», որ տպվեց «Հյուսիսափայլի» մեջ 1859 թվականին և վերջացրած էլ չէ։ Նույն երկար ու ձիգ դատողություններ ալխիմիայի, փիլիսոփայա կան քարի մասին։ Բայց ասում են, որ այդ վեպի մեջ կան և ժողովրդական կյանքի պատկերներ (ուխտագնացություն)։

Իսկ «Մեռելահարցուկը» արդեն մի զորեղ ապացույց է, որ Նալբանդյանը ոչ միայն չէր հասկանում գեղարվեստի և իրական վեպի նշանակությունն ու պահանջները, այլև դարձրել էր վեպը պարսավագրության, պասկվիլի միջոց:

Հիշատակենք նաև թուրքահայ նշանավոր հրապարակախոս Ստեփան Ոսկանյանի «Հայ դյուցազնուհի մը» փոքրիկ պատմվածքը, որ չունենալով գեղարվեստական և վիպական մեծ հավակնություններ, հմուտ գրչի և հայրենասեր սրտի գործ է, թեթև, կիսահրապարակախոսական ձևով մշակված։

Այսպես էր հայկական վեպի կացությունը, երբ նրա պատմության մեջ հանդես եկավ Թիֆլիսը. 1858-ին այդտեղ տպվեց «Վերք Հայաստանին»։ Մի ամբողջ դարագլուխ մեր գրականության մեջ: Ուժեղ հայկական ինքնուրույնություն, անթարգմանելի տեղայնություն։ Ազգայնացրած է գեղարվեստը։ Առաջին գյուղական վեպն է։ Ժողովրդապաշտություն, հերոսապաշտություն, գաղափարապաշտություն։ Ինքնաքննադատություն, լավագույնի որոնումներ։

Ահա միանգամից ինչ է տալիս այդ անզուգական երկը։

Նրա թողած տպավորությունը ահագին է։ Նա գրական մի ամբողջ հոսանքի ծնող է հանդիսանում։
Սակայն «Վերք Հայաստանին» դեռ գեղարվեստական կատարելատիպ չէ։ Դա կրակոտ զգացմունքների մի ամբողջ խառնարան է, որի մեջ և՛ քարոզ կա, և’ ազգագրություն, և’ առհասարակ այնպիսի գրական տարրեր, որոնք մի վեպի անհրաժեշտ պատկանելիքները չեն կազմում և որոնք գեղարվեստը ավելորդ բեռնավորումներով ճնշող են, նույնիսկ աղճատող։

Եվ այնուամենայնիվ, Աբովյանը օրինակ ու ոգևորիչ է դառնում նոր սերնդի համար։ Երկու տարի չանցած, նրա վեպի նմանությունն արդեն կա մեր գրականության մեջ։
Դա Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթերն է», որ տպվեց «Կռունկի» մեջ 1860 թվին։
Սակայն ի՞նչ է ներկայացնում այս նմանությունը, գյուղական այս երկրորդ վեպը արվեստի տեսակետից։
Արվեստ համարյա թե չկա նրա մեջ. Պռոշյանր հայ գյուղի սովորություններն ու ավանդությունները արձանագրել է։ Ազգագրությունը, խոսք չկա, կարող է գեղարվեստական երկի բովանդակություն դառնալ։ Ազգագրական վեպեր գոյություն ունեին և ռուսաց գրականության մեջ և նրանց շատ էր հավանում Բելինսկին։ Բայց տեղային առանձնահատուկ ազգագրական երեվույթները գեղարվեստի մեջ կարող են տեղի ունենալ միմիայն այն դեպքում, երբ նրանք ձուլված են ստեղծագործության մեջ, իբրև միջավայր, իբրև գործողության, դեմքերի բնորոշման և բացատրության համար անհրաժեշտ ծննդաբանական հիմնավորում։ Սակայն Պռոշյանի վեպի մեջ ազգագրական առատ ու երկարապատում նյութերը ոչ մի կապ չունեն վեպի բովանդակության հետ և ներկայացնում են առանձին, անջատ կուտակումներ, որոնք և սպանում են գեղարվեստը։

Չնայած այս բացասական հանգամանքներին, «Սոս և Վարդիթերը» մի երևույթ է, որ ցույց է տալիս, թե Աբովյանի դպրոցը հիմք է բռնում ռուսահայերի մեջ։ Դա ինքնուրույն ազգայնական-ժողովրդական արվեստի դպրոցն է։ Ռուսահայերի և թուրքահայերի գրական ճանապարհը հենց այստեղից էլ ճյուղավորվում է. թուրքահայերը գնում են ֆրանսիական օրինակների ետևից։ Թեև շատ քիչ են այդ ժամանակների նրանց ինքնուրույն վիպական գրվածքները, բայց եղածներն էլ կատարելապես արվեստական բաներ են, կյանքից և իրականությունից հեռու, զուրկ տեղային ինքնուրույնությունից։ Ապացույց՝ Հայկունու «Էլիզա» վեպը, որ տպվեց Զմյուռնիայում վաթսունական թվականների սկզբում։

«Սոս և Վարդիթերից» հետո, 1861-ին, «Հյուսիսափայլի» մեջ սկսեց տպագրվել «Տեր Սարգիս» գյուղական վեպը, երրորդը՝ ժամանակագրական կարգով։ Հեղինակն էր գյուղացի մի ուսանող, Գաբրիել Տեր-ՀովՀաննիսյան (այժմ բժիշկ)։Այս երկը արդեն շատ նմանություն չուներ իր նախընթացներին։ Գեղարվեստական գրվածքի իսկական արժանավորություններ շատ ունի. համաչափություն, միջավայր, գործող անձերի տիպիկ պատկերներ։ Պռոշյանի դավանանքն էր. «Հայրենյաց փուշն անգամ նուշ է»։ Տեր-ՀովՀաննիսյանը, ընդհակառակն, ցույց էր տալիս, որ փուշը փուշ է, նուշը`նուշ։ Խավար, տգետ իրականության ցնցող պատկերներ և նրանց մեջ ժողովուրդը հարստահարող, նրա հյութերը ծծող այնպիսի տիպեր, ինչպես է ժամկոչ Ծիտուլին։
Տարաբախտաբար այդ իսկապես իրական վեպը նույնպես կիսատ է մնացել։
Եվ ահա «Տեր Սարգսից» հետո գալիս է «Արություն և Մանվելը», չորրորդ ինքնուրույն, գյուղական վեպը մեզանում։

Իր նախորդների հետ համեմատած սա արդեն առանձին տեսակի մի ինքնուրույն ություն ունի, մի առանձին տեսակի թարմություն, համ ու հոտ։ Եվ շատ Հասկանալի է, թե ինչու։ Չէ՞ որ Աղայանը այս գործի մեջ իր սեփական կյանքն է պատմել, իր այնքան ինքնուրույն, այնքան արտասովոր կյանքը։

Համարյա թե ամեն մի վիպագրող էլ իր պատկերը, իր ապրածն ու զգացածն է վերարտադրում իր գործերի մեջ։ Բայց Աղայանը, ինչպես ինքն է խոստովանում, վիպական, այսինքն մտացածին՝ շինովի շատ քիչ բան ունի իր վեպի մեջ։ Դա գերազանցորեն ինքնակենսագրական պատմվածք է։ Գրել իր սեփական կյանքը, նշանակում է նորից վերակենդանացնել այն, ինչ որ մի ժամանակ եղել է գրողի կյանքը։ Տրամադրվել մտածողության պրոցեսով լրացնել և ամբողջացնել հարկավոր չէ։ Զգացածը, հիշողության և սրտի մեջ խոր հաստատվածը անարվեստ պարզությամբ, վճիտ անկեղծությամբ պատմել,- ահա ինչն է այդ տեսակ գրվածների իսկական հմայքը։

Աղայանը պատմում է, որ հոգեկան հափշտակության, էքստազի մի շաբաթ էր այն շաբաթը, երբ նա գրեց ու վերջացրեց «Արություն և Մանվելը»։ Դա շատ բնական էր նրա ոգևորվող, դյուրազգաց, սաստիկ արձագանքով բնավորության համար։ Հայրենի բնությունը, բարքերը, պատանեկական և երիտասարդական ցնորքները, հույզերը այնքան վառվռուն են, այնքան թարմ ու տպավորիչ, որ կարող են հիացնել սրտով ու զգացմունքով գրված պատմության լսողներին։ Աղայանը ցույց էր տալիս, որ ինքը մի աննման պատմող է։ Ցույց էր տալիս, որ ինքը գրական մարդ է, գրելու շքեղ պարզությամբ լեցուն մի ընդունակությամբ, գրական ճաշակի տեր, չափի զգացմունքով օժտված։

Ահա ինչու խոր տպավորություն թողեց նրա վեպը ոչ միայն Պետերբուրգի ուսան ողության, այլև ապագա սերունդների վրա։ Մեր գրականության մեջ այն ժամանակները դա իսկ որ բացառիկ թարմություն ու ինքնություն ներկայացնող մի երևույթ էր։

Մի երևույթ, սակայն, որ նախորդների հարազատ եղբայրակիցն էր վիպական արվեստի տեսակետից։ Ստեղծագործական կարողությունը դարձյալ բացակայում է. «Արություն և Մանվելը» դարձյալ իսկական վեպ չէ իր ամբողջությամբ, այլ անջատ պատկերների մի հավաքածու, որ կենտրոնացած է մի անձի շուրջը։ Երբ մանրամասն ծանոթանում ենք Աղայանի կյանքին, պարզում ենք նրա բոլոր գծերը և ապա վերցնում ենք «Արություն և Մանվելը» իբրև այդ հարուստ կյանքի հայելի, այն ժամանակ միայն տեսնում ենք, թե որքան աղոտ է այդ հայելին, տեսնում ենք, թե Աղայանը որքան թույլ ու անկարող է եղել իր ձեռքին ունեցած հարուստ նյութերը գեղարվեստականորեն վերամշակելու, ամբողջացնելոլ համար։

Լավ գծագրված տիպեր չկան։ Կան միայն տիպերի ցաքուցրիվ ուրվագծեր։ Միայն Ստեփանը ի՞նչ տիպ է, և նրանից ի՞նչ կարող էր ստեղծագործել վիպագրողի տաղանդը։ Աղայանը այդպիսի բան չէ կարողացել անել, որովհետև վիպագրողի կոչումը չէր նրան տված։

Այդ բանը խոստովանում է ինքը Աղայանը, ասելով, որ «Արություն և Մանվելը» լոկ ինքնակենսագրական նշանակություն ունի։ Տպվեց նա 1867-ին, և նրա երեսին նշանակված էր, թե դա առաջին հատորն է։ Երկրորդ հատորը երբեք լույս չտեսավ և չէր էլ կարող լույս տեսնել։ 1888-ին Աղայանր խոստանում էր իր վեպի ամբողջությունը տալ, բայց տվեց միայն եղածի երկրորդ հրատարակությունը, այն էլ փոփոխած և սրբագրած։

«Արություն և Մանվելը»,- ասում է Աղայանը,- այդ ամբողջությունը չունի և կարող չէ ունենալ, որովհետև դա մի պատկեր չէ, այլ թանգարան պատկերների։ Դրա նախագիծն այնպես է կազմված, որ ժամանակով այս աշխատության (այսինքն՝ «Իմ կյանքի գլխավոր դեպքերի»[2]) բովանդակությունը ևս պետք է մտներ նրա մեջ։ Շատ անգամ մի բան ուզեցել եմ տեսնել կամ անել, ասելով. «Սրանով «Արությունիս» մեջ մի գլուխ ևս կավելանա»։Փորձը ցույց տվավ, սակայն, որ այս նախագիծն անիրագործելի է գեղարվեստական տեսակետից։ Հայտնի անցքերի մեջ գործող անձը անհայտ մնալ կարող չէ, մինչև հեղինակը չշեղվի բնականից ու իրականից և չստեղծե տիպերի և անցքերի մի խառնուրդ. իսկ ես չուզեցա անել ազգային ստույգ պատմության օգնելու նպատակով»։

Բոլորովին պարզ է, ուրեմն, «Արություն և Մանվելի» տեղն ու նշանակությունը մեր գրականության մեջ։ Սակայն այս դեռ ապացույց չէ, որ եթե Աղայանը ամբողջություն կազմող վեպեր տար, մի նոր բան պիտի ավելացնել «Արություն և Մանվելի» հեղինակի գրական համբավի վրա։ Այդպիսի ամբողջացրած վեպեր էլ է նա գրել, բայց դարձյալ ապացուցանելու համար, թե իր դրական դերը վիպագրության մեջ չէ։
Այդ վեպերն են «Երկու քույրը» և «Սերը արտաքսված». առաջինը տպվեց առանձին գրքույկով 1879-ին, իսկ երկրորդը՝ «Մշակ» լրագրում (1888-ին):

«Երկու քույրն» էլ շտապ գրված, մի քանի օրում ավարտած մի գործ է։ Եվ ավելի ևս անխնամ ու անմշակ, քան անդրանիկ վեպը։ Առանձին- առանձին տեսարաններ, պատկերներ կան, որոնք գրողի վարպետություն են ցույց տալիս։ Գյուղական կյանքը ցայտուն է, գունագեղ։ Գեղեցիկ է մանավանդ Վարդավառի ուխտագնացությունը լեռներում։Բայց զուտ վիպական ձուլվածքը թույլ է, արհեստական։ Աղայանն ուզեցել է դուրս բերել գյուղի մշտական, զարհուրելի ցավերից ամենագլխավորը` վաշխառու տզրուկի պատկերը։ Շատ հետաքրքրական են գյուղական այդ վամպիրի դիմագծերը։ Բայց նրա պատկերը միանգամայն առանձնացրած է։ Աղայանր չէ կարողացել նրան ձուլել ամբողջության հետ, չէ կարողացել տիպ դարձնել նրան և հյուսել վեպի օր-գանական մասերի հետ։ Եվ դիմել է մի շատ միամիտ միջոցի,- դրել է այդ տզրուկի պատկերը առանձին, մի վերնագրի տակ, որ ասում է, «Միջանկյալ պատմություն. ով ուզենա, կարող է չկարդալ»։ Շատ բնորոշ միամտություն- նա ցույց է տալիս, թե ինչ հասկացողություն ուներ Աղայանը գեղարվեստի մասին։

Հետաքրքրական է «Սերը արտաքսվածի» նյութը: Աղայանը այստեղ նորից ձեզ մտցնում է գյուղը. շրջապատում է ձեզ գյուղական հարազատ, գեղեցիկ պատկերացրած իրականությամբ։ Այդտեղ նա ցույց է տալիս մի գյուղական հոգի, որ չէ իմացել, թե ինչ է սերը, բայց իմանում է և հափշտակվում է և մտնում է ընտանեկան երջանկության դրախտը։ Բայց ավա~ղ։ Խավար հոգուն ո՞վ է տվել կյանքի քաղցրությունները քաղել լիաբուռն, մինչև վերջը: Այդ ընտանեկան երջանկության դեմ ծառանում է հազարամյա անկուշտ վիշապը` ժողովրդական տգիտությունից ծնված և անմեռ նախապաշարմունքը: Նա հզոր է, քան ամեն սեր։ Նա մարդկանց ոչ միայն բախտի, այլև կյանքի տերն է։ Երջանկությունը զոհվում է այդ հազարամյա վիշապին, ընտանեկան դրախտը դառնում է ընտանեկան դժոխք։

Այս վեպը մշակման կողմից ավելի աջող է, քան նախընթացը, ավելի իրական է, ավելի կիրթ ճաշակ և գեղարվեստական գիտակցություն է ցույց տալիս։ Բայց իբր ամբողջություն՝ դարձյալ թույլ է։

Գուցե, շարունակելով մարզանքները վիպագրական ասպարեզում, Աղայանին վերջիվերջո աջողվեր ցույց տալ իսկապես վիպագրողի տաղանդ։ Կյանքի հարուստ փորձը, բազմադիմի դիտողությունները, տպավորվող և վերլուծող բնավորությունը գուցե վերջիվերջո առաջնորդեին նրան դեպի իսկական ստեղծագործություն։ Բայց նա չէ շարունակում գնալ վիպագրության մեջ իր գծած շավղով, գուցե լավ զգալով, որ գեղարվեստի այդ ճյուղը չէ իր բնագավառը։ Եվ եթե մենք հիշատակենք Աղայանի մի ուրիշ, կիսատ մնացած գործը` «Բաժանությունը», սրանով սպառած կլինենք նրա վիպական գործերի ամբողջ ցուցակը։

Այսպես ասելով, ես նկատի ունեմ իրական վեպը, որի նյութերը հանվում են կյանքի երևույթներից, կենդանի մարդկանցից, այժմեության խորքերից։ Աղայանը ունի մի գեղարվեստական գոհար՝ «Անահիտը»։ Բայց ես չեմ կարող այս գործը դնել նրա վիպական գրվածքների շարքում։ Սա պատկանում է, թեև ըստ ձևի մի պատմվածք, ստեղծագործական այն շրջանին, որի մեջ Աղայանի իսկական գրական մեծությունն է։ Մի շրջան, որի մեջ դրդիչները, ոգևորողները արդեն բոլորովին այլ կերպարանք ունեն։

II
Մանկավարժը
Յուրաքանչյուր ազգի գոյության հարցը մեծամեծ մրցությունների հարց է։ Քաղաքական ահեղ ուժ ներկայացնող ազգերն էլ չեն կարող բախտավոր Հանդիսանալ այդ մրցությունների դաշտում, երբ նրանք ուժեղ չեն և նեքուստ, այսինքն երբ ժողովուրդը տգետ չէ, երբ նա լավ դաստիարակված է։

Երբ այսպես է մեծերի և ուժեղների համար, ի՞նչ պիտի լինեն փոքրերը, թույլերը... Այնպիսիները մանավանդ, որոնք ոչ միայն անկախ ուժ չեն ներկայացնում, այլև ենթարկված են ուրիշների ահագին, կլանող ուժին և իրանց ազգային գոյությունը կարող են պահպանել միայն որոշ պայմաններ կատարելով, որոշ վերապահումների թույլտվության տակ։

Հայ ժողովուրդը, իրան զգացել է այդ դրության մեշ շատ վաղուց։ Մեր հինգերորդ դարը հոյակապ է հենց իբրև այդպիսի մի օրինակ։ Քաղաքական անկախության վերջին նշույլներից զրկված երկիրը իր ներքին ազգայնական անկախությունից էլ զրկվելու մեծ վտանգին էր ենթարկված։ Տիրում էր սիրիական ազդեցությունը մտավոր կյանքի մեջ: Եկեղեցին գործ է ածում սիրիական, հունական խորթ լեզուները, սիրիացի եպիսկոպոսները նույնիսկ կաթողիկոսական աթոռն էին իրանց ձեռքը գցել։ Չկար ժողովրդական դաստիարակություն հասկանալի, հարազատ լեզվով, չկար գիտակցություն։ Սիրիական ազդեցության դեմ հաճախ հունական ազդեցությունն էր ուժեղանում, բայց հունական ազդեցությունը, լինելով դարձյալ օտար ու խորթ, քաղաքական տագնապներ էր առաջացնում։ Սասանյան թագավորները խիստ հսկում էին, որ Պարսկաստանի դարավոր թշնամի Բյուզանդիան ազդեցություն ձեռք չբերե Հայաստանում։ Եվ այդ պատճառով հալածանքներ էին սկսում իրանց պետության մեջ ապրող քրիստոնյաների դեմ, երբ հունական ազդեցությունը արդեն վտանգավոր էր դառնում։

Ի՞նչ պետք է աներ այսպիսի պայմանների ենթարկված մի ժողովուրդ։ Նա արավ այն, ինչ պետք է աներ ամեն մի կենսունակ ժողովուրդ։ Նա ունեցավ իր սեփական, իր ազգային այբուբենը։ Զենքը, հալածանքը չկարողացան և չպիտի կարողանային հասնել ժողովրդի սրտում ապրող այբուբենին։ Եվ սա, այբուբենը, ապահովեց հայ ժողովրդի ազգային ինքնուրույնությունը քաղաքական դժնդակ պայմանների մեջ անգամ։

Հայ ժողովուրդը այլևս երբեք չկարողացավ քաղաքական մի ընդարձակ, համայնական անկախություն ստեղծել։ Այնուհետև նրա պատմությունը կենդանացնողը, նրա կյանքը ուժեղացնողը միայն այն հարցն էր՝ ի՞նչպես է նրա այբուբենը։ Եթե նա մոռացվում էր, ժողսվուրդը թաղվում էր դժբախտության անդունդի մեջ։ Եթե նա դուրս էր հանվում և դառնում էր ուսումնասիրության առարկա, դարոց էր հիմնում, կարդալ էր տալիս,- ժողովուրդը նույնիսկ սոսկալի, անհանդուրժելի աղետների մեջ սկսում էր ինքն իրան հասկանալ, ինքն իրան ուժեղ զգալ և գործել. գործել նույնիսկ ճակատագիր դարձած քաղաքական դժբախտ վիճակի դեմ։

Հայ այբուբենի կատարած այդ դերը շատ անգամ է երևան գալիս մեր պատմության մեջ, և ամեն անգամ մենք տեսնում ենք մի վերածնություն, որ պայծառ լույս է տալիս դարերի խավարի մեջ։ Մի Հարանց անապատ [3] 17-րդ դարում, մի Մխիթար Սեբաստացի 18-րդ դարում երևույթներ են, որոնք հայ այբուբենի հրաշագործություններն են ցույց տալիս։

Այդ այբուբենի ահագին նշանակությունը, մեծ հեղափոխիչ ուժը հայերը զգում են մանավանդ այն ժամանակ, երբ շփվում են եվրոպական նոր քաղաքակրթության հետ։ Տասնութերորդ դարի վերջին քառորդում է, որ ծնունդ է առնում հայ հրապարակախոսությունը։ Նա ամփոփված է Հնդկաստանի հայ վաճառականական գաղթավայրում։ Եվ ի՞նչ է նրա առաջին ճիչը։ Այն, որ հայ ժողովուրդը սարսափելի տգետ է, հետևաբար և դժբախտ, թե նրան պակասում է ուսումը, դաստիարակությունը։ Մեր անդրանիկ պարբերական հրատարակությունը, Շմավոնյան քահանայի «Ազդարար» ամսագիրը եթե մի-մի անգամ խոսում է օրվա հարցերի, այժմեության մասին, այդ միայն այն է, թե պետք է սովորել ուսում տարածել։

Այնուհետև այդ ճիչը դառնում է տիրապես հրամայող բոլոր տեղերի մեր պարբերական հրատարակությունների համար։ Նա լցնում է այդ հրատարակությունների բոլոր անկյունները, տանում է մեր մտավոր կյանքի ամբողջ բովանդակությունը։ Դատողություններ, խորհրդածություններ կրթական հարցի շուրջը,- այս է հայ մտավորականության գործը տասնյակ տարիների ընթացքում։

Բայց դատել, խորհել բավական չէր։ Պետք էր և գործ կատարել։ Բավական չէր դպրոցներ բաց անել, պետք էր և այդ դպրոցներում ուսուցանելի բան ունենալ։ Այս պահանջն էլ կատարվում է ըստ չափու կարողության։ Հայ գրողը պետք է նախ մտածեր ընթերցողներ պատրաստելու մասին։ Ռափայել Պատկանյանը թե՛ «Մայր Արաքսին» էր գրում, թե այբբենարան էր տպում հայ երեխաների համար։ Եվ այնքան «Մայր Արաքսի»- ով չէր ոգևորվում, որքան իր այբբենարանը շատ տարածելու մտքով։

Կրթական գործը շատ մեծ էր, բայց գործիչներ շատ քիչ կային։ Ի՞նչ կարող էին անել մամուլի, հասարակության, հոգևոր կառավարության միացած ջանքերը, երբ չկային պատրաստած ուսուցիչներ, երբ չկար կրթական սիստեմ, երբ ուսուցումը հին էր, և խալիֆայական դրությունը փոխելով ձևերը, էությամբ մնում էր միևնույնը։

Եվ ահա վաթսունական թվականները գալիս են նոր մանկավարժության գաղափարները տարածելու Ռուսաստանի մեջ։ Այդ գաղափարներին հաղորդակից են դառնում և հայերը։ Մենք արդեն տեսանք, որ դրանցից մեկն էր և Ղազարոս Աղայանը Պետերբուրգում։ Այդ շարժման արդյունքն էր, որ ռուսահայ երիտասարդները Գերմանիայում և Ռուսաստանում ուսումնասիրեցին մանկավարժական նորագույն սիստեմները, վերադարձան հայրենիք, և այստեղ յոթանասնական թվականներին սկսվեց մի վերին աստիճանի եռանդուն դպրոցական գործունեություն։ Բարձրագույն ուսում ստացած դպրոցական գործիչների թիվը հետզհետե շատանում է, ավելանում են և մասնագետ մանկավարժներ՝ Սեդրակ Մանդինյան, Առաքել Բահաթրյան։

Եռուն է գործունեությունը, որովհետև միակողմանի չէ նա։ Մանկավարժական այլևայլ ուղղությունները, սիստեմները ընդհարվում են իրար հետ, կենդանի հետաքրքրություն են առաջացնում, հատուկ գրականություն են ստեղծում։ Վեճերի, բանակռիվների առարկան դառնում է այն, թե ինչպե՞ս պետք է «տանել» դասավանդությունը, որ հայ երեխան հեշտ և լավ ըմբռնե իր մայրենի լեզուն, ինչպե՞ս անել, որ հայ դպրոցը զարգացնող լինի, տա իր սաներին առողջ մտավոր կերակուր։

Մեթոդների, ուղղությունների այդ ընդհարումների մեջ է և Ղազարոս Աղայանը, որ արագ կերպով գրավում է մրցողների շարքում առաջին տեղերից մեկը։ Ինչպե՞ս էր, որ նա, չունենալով մասնագիտական պատրաստություն, չունենալով սիստեմատիկ կրթություն, կարողացավ այդ աստիճան նշանավոր դեր խաղալ մեր մանկավարժական աշխարհում։

Էջմիածնում նա, բնականաբար, երկար չէ կարողանում մնալ և կառավարել տպարանն ու խմբագրել «Արարատը»։ Հեռանալով այդտեղից, նա մտավ ուսուցչական ասպարեզը, նախ Ախալցխա գնաց, հետո Ալեքսանդրապոլ, Երևան, Շուշի։ Իբրև ուսուցիչ, նա այդ տեղերը տանում էր իր հետ այն, ինչ ստացել էր Պետերբուրգում ինքնակրթության միջոցով։

«Ես ևս,- ասում է նա,- դեռ Պետերբուրգում՝ սեր ձգեցի մանկավարժության վրա ու մասնավորապես այդ նորածիլ ու թարմ գրականությանը նվիրվեցի: Այդ գրականությունը իմ հայացքների մեջ ահագին հեղափոխություն ձգեց, ամեն բանի վրա ես սկսեցի նայել բարոյակրթական տեսակետից... Նոր էին դուրս գալիս մին մինի ետևից Ֆրեոբելի, Պեստալոցցու, Դիստերվեգի, Քեհրի թարգմանությունները և ռուս մանկավարժների ինքնուրույն գրածները։ «Ուչիտել» (ուսուցիչ) պարբերական թերթը կարդում էինք ամենայն սիրով և հետաքրքրությամբ, մանավանդ նրա փորձնական դասերը զանազան առարկաներից։ Ավետիքը (Բաբայան) թարգմանում էր «Մեծ պապի թվաբանությունը» [4] ամենափոքր մանուկների համար, և այդ մեկ լավ առիթ էր, որ փոքրերի մտածողության աշխարհը լավ ուսումնասիրենք։ Եվ ինչքա~ն նորանոր հոգեբանական գյուտեր էինք անում, որոնք սակայն շատ հնուց գտնված էին լինում, ինչպես ստուգում էինք հետո։ Բայց սրանով մեր գյուտի արժանավորությունը չէր պակասում, ընդհակառակը՝ ավելի ևս բարձրանում էր, երբ տեսնում էինք, որ նույն նկատողությունն արել են ավելի նշանավոր հեղինակներ»։
Այսքանն էր պատրաստությունը մի ինքնուս մարդու, որ դարձավ նշանավոր և բազմարդյուն հայ մանկավարժ։ Դուք տեսնում եք, թե որքա~ն քիչ էր պաշարը, որքա~ն հարևանցի, դիլետանտական պատրաստություն կարող էր տալ։ Աղայանն, ուրեմն, միայն ընդհանուր ղեկավարող սկզբունքներ, գաղափարներ յուրացրեց այն ինքնակրթության միջոցով: Մնացածը նրան տվեց նրա բնական տաղանդը։ Եվ փոքր չէր բնության այդ շնորհքը նրա մեջ։ Ժողովրդական միջավայրից դուրս եկած մի ինքնածին, ինքնուրույն տաղանդ՝ նա հղկեց ինքն իրան, փայլեցրեց իր սեփական աշխատանքով, իր գյուտերով։

Մանկական աշխարհը, մանկական հոգին դարձան նրա ստեղծագործական ոգևորության անսպառ աղբյուրը։ Ջերմ սեր դեպի այդ հոգին, դեպի այդ աշխարհը, սեր, որ չգիտե հոգնել, չգիտե հուսահատվել,- ահա ինչ մեծ գանձ էր գրված այղ տաղանդավոր մանկավարժի կրծքի մեջ։ Ալբերտի [5] աստվածաբանության, Սողոմոնի «Վեց հազարյակի» աշակերտը գալիս էր նոր խոսք ասելու հայ մանուկներին, նոր արշալույս բաց անելու նրանց մտքի առաջ։ Հարկավոր էր, որ նա մինչև վերջը քամեր հին խալիֆայության դառնությունը, մինչև ամենաետին աստիճանը, որպեսզի իր սեփական խելքի և ըմբռնողության միջոցով ջախջախեր նրա դարավոր տիրապետությունը։ Այս հին ուրվականը Աղայանի մի թշնամին էր։ Կար և մի ուրիշ նորը։

Նա դպրոցական նստարանի վրա պատրաստված մասնագետ չէր։ Հետևաբար և պիտի ազատ լիներ դոկտրինյոր դառնալու, վարդապետողի միակողմանիությունից։ Հեղինակությունների կաշկանդող ազդեցությունը չէր ծանրացած նրա վրա։ Նա ավելի հարմարություններ ուներ ազատ, ինքնուրույն կերպով վերաբերվելու մասնագիտական դպրոցներին, թեորիաներին։ «Մանկավարժությունը ևս դեռ մի մշակված սիստեմ չուներ,- գրում է նա։- Ամեն ոք ինքը պետք է շիներ մի ամբողջություն՝ ցրված նյութերից մի շենք շինելով։ Բայց մեկի շինած շենքը մյուսի համար պիտանի չէր։ Որևէ սիստեմի կուրորեն հետևողները սովորաբար զուրկ են լինում ինքնուրույն մտավոր գործունեությունից, որովհետև սիստեմի տակ ընկած մանկավարժությունը մասնավոր աղանդի կերպարանք է ստանում, քարանում է և աճելությունից զրկվում»։

Ահա այս աղանդավորությունն էր, այս միակողմանիությունն էր Աղայանի մյուս թշնամին, որի դեմ նա կռվում էր։
Իբրև այդպիսի անկախ ինքնուրույնություն, Աղայանը խոր հետքեր է թողել մեր կյանքում, նույնիսկ դպրոցական աշխարհից դուրս։ Թե ուսուցիչը միայն իր դասարանի սրտերի մեջ ամփոփված մասնագետ չէ, այլև հասարակական կյանքի շարժիչ մեծ ուժ, այդ, կարծում եմ, մեր ուսուցիչներից ոչ ոք այնքան ցայտուն կերպով չէ ցույց տվել, որքան Ղազարոս Աղայանը։ Նրա ուսուցչական պաշտոնավարությունը զանազան քաղաքներում եղել է ոչ միայն դպրոցական, այլև հասարակական երևույթ։ Այժմ էլ, 30-35 տարուց հետո հիշում են նրա ուսուցչությունը Ալեքսանդրապոլում, Շուշում։

Երբեք չեմ կարող մոռանալ 70-ական թվականների վերջը և ութսունական թվականների սկիզբը Շուշում։ Այն ժամանակ ես 19-20 տարեկան երիտասարդ էի, նոր-նոր էի սկսում հետաքրքրվել հասարակական և գրական հարցերով։ Խեղճ ու դժբախտ էր գավառական այդ քաղաքը։ Մի կատարյալ ճահիճ, որի մեջ չէր կարող արմատ բռնել որևէ նոր բան, որևէ երևույթ, որ հակասեր նրա հին ավանդական հասկացողություններին։ Աղայական դասակարգը բաժանված էր թայֆայական կարգերի, որոնք կռվում էին իրար հետ, ներկայացնելով ճիշտ այն պատկերը, որ մենք գտնում ենք Պոլսի ամիրայության պատմության մեջ։ Աղայական ալեկոծվող կրքերը ալեկոծում էին և աղաների ստրուկ ժողովուրդը։ Բոլոր ազգային գործերը՝ առաջնորդություն, թեմական դպրոց և այլն, այդ կռիվների գլխավոր առարկաներն էին կազմում։

Եվ ահա խավար իրականությունը հանկարծակի մի լուսավոր երևույթ է բաց անում։ Շուշում առաջնորդական փոխանորդ է մեր լավագույն հոգևորականներից մեկը` Արիստակես վարդապետ Սեդրակյանը։ Իբրև առաջավոր մտքի ներկայացուցիչ, իբրև անկաշառ, գրասեր և ուսումնասեր մի գործիչ, նա առաջին իսկ օրերից առանձին ուշադրություն է դարձնում թեմական դպրոցի ընկած դրության վրա: Հեռացնում է ուսուցչական կազմը, չնայելով, որ այս բանը ահագին աղմուկ և իրարանցում է պատճառում ճահիճ քաղաքի մեջ։ Հրավիրում է նոր խումբ, որի մեջ գլխավորը, որի հոգին Ղազարոս Աղայանն էր։ Սկսում է նոր դարագլուխ ոչ միայն թեմական դպրոցի, այլև հասարակական կյանքի համար։

Ժամանակն էլ շատ նպաստավոր էր։ Դա ռուս-թուրքական պատերազմին հետևած ժամանակն էր, երբ մասնավորապես հայության մեջ սկսվեց մի արտասովոր, պատմության մեջ իր նմանը չունեցող հասարակական շարժում։ Կենդանի գործի, ազգային-կուլտուրական սկզբնավորումների հարուստ ժամանակը։ Գլխավոր ոգևորողը թուրքահայկական հարցն էր, բայց այդ մեծ ոգևորությունը ազդում էր մեր գրականության, մամուլի, թատրոնի, բայց մանավանդ դպրոցական գործի վրա։ Հիմնվեցին մի շարք ընկերություններ, երիտասարդության գաղափարը դարձավ ծառայել ժողովրդին` մտնելով նրա մեջ, բարձրացնելով նրա մտավոր կյանքը մակերևույթը։

Շուշին էլ թափ տվեց ավանդական ծուլության և անշարժության փոշին։ Երևան եկավ գործող երիտասարդություն, որ հավաքվեց թեմական դպրոցի ուսուցչական խմբի շուրջը։ Կազմվեց գրական շրջան, դպրոցական գործը առաջ քաշվեց, և հասարակությունը, սովորաբար ծույլ և անտարբեր, սկսեց հետաքրքրվել, ոգևորվել։
Թեմական դպրոցի լավագույն ժամանակն էր։ որ այնուհետև երկար ժամանակ չկրկնվեց և հենց այդ պատճառով էլ ժողովրդի հիշողության մեջ միշտ մնաց «Աղայանի, Մանդինյանի ժամանակը» իբրև հավետ ցանկալի կենդանության մի շրջան։ Սիրտը, հոգին Աղայանն էր։ Ղարաբաղը հմայված էր իր զավակի հսկայական հասակով, խոսք ու զրույցով, գործունեությամբ։ Այդ ժամանակ էր, որ տեղացի երիտասարդությունից պատրաստվեց ժողովրդական ուսուցիչների մի խումբ, որ այնուհետև նշանավոր հանդիսացավ թեմի դպրոցական գործի մեջ։ Մանկավարժական նոր մեթոդով ուսուցումը սովորեցրել էին Աղայանը և Մանդինյանը։ Այդ մեթոդը տարածվեց գյուղերում, և ժողովրդի դաստիարակության գործը դրվեց առողջ սկզբունքների վրա։

Հասկանալի է, ուրեմն, ընդհանուր ոգևորությունը։ Հասարակ ժողովուրդն անգամ զգում էր, որ ինչ-որ լավ գործ է կատարվում իր համար։ Աղայանին էին ցույց տալիս ամեն կողմից։ Աղայանի վրա նույնիսկ ոտանավոր սարքեցին։ Ինքս եմ լսել, թե ինչպես կոշկակարի մի աշակերտ արտասանում էր այդ պարզ և անարվեստ ոտանավորը, որ սկսվում էր՝ «Խնդիրքս առ, պարոն Աղայան» խոսքերով։
Սակայն ոչինչ հարատև չէ հայկական երկնակամարի տակ։ Թեմական դպրոցի այդ փայլուն ժամանակը շուտ անցավ գնաց, իբրև վաղանցուկ երազ։ Հեռացավ այդ շարժման սկզբնապատճառ Սեդրակյանը, նրա տեղ եկան այնպիսի հոգևորականներ, որոնք հնավանդ կարգերը նորոգեցին։ Վերջիվերջո հեռացավ և Աղայանը՝ զզվելով իր բուն հայրենիքի իրականությունից։ Նորից կյանքը մտավ իր սովորական, մոխրագույն կերպարանքի մեջ, և նորից թագավորել սկսեցին աղաների կրքերն ու անձնական հաշիվները։

«Շուշի քաղաքը,- գրում է Աղայանը,- վաճառաշահ չլինելով` ամենայն տարի խախալվում է. սաղերն ու տռուզներր դուրս են գնում, քաղաքում մնում են փուչն ու տականքի մանրունքը։ Ես գործ ունեի փուչերի հետ և սրա համար էլ նահատակվում էի չարաչար։ Դավալարությունը թե ներսից և թե դրսից էր և այնպես բարդ էր, որ դրանց բոլորի առաջն առնելու համար պետք էր մի առանձին խորհրդարան»։

Տարաբախտաբար, չափազանց ճիշտ է այս նկարագրությունը Շուշու վերաբերմամբ։ Պատմական էր այս քաղաքի տխուր ճակատագիրը՝ հալածել ամեն լավ բան, ամեն հուսատու երևույթ։ Աղայանին ասում էին. «Դեռ քեզ չափ ոչ ոք չի դիմացել մեր քաղաքում։ Շանշյանի պես մարդուն, որ այնքան երախտիք ցույց տվավ մեր ուսումնարանին, այնքան արտոնություն ձեռք բերեց, մենք նրա ուսուցիչներին ծեծեցինք, իրան էլ դուրս արինք, բայց դու որ այդքան չարչարվում և դիմանում ես, երևի նրանից է, որ մեզանից ես, գիտես մեր բնությունը, մեր լեզուն, մեզ հետ վարվելու եղանակը»։

Եվ նա ավելացնում է. «Այո, գիտեի, բայց դարձյալ հեռացա՝ առանց ետ մտիկ տալու Ղովտի կնոջ նման, որ շուշեցոց պես չքարանամ»։

Նույնիսկ ահագին եռանդը, դիմադրելու մեծ կարողությունը, ժողովրդի մեջ վաստակած մեծ համարումը չկարողացան Աղայանի համար տանելի կացություն ստեղծել Շուշու մթնոլորտում։

Նա վերադառնում է Թիֆլիս և այստեղ ընկնում է, ինչպես ինքն է ասում, մի մանկական դրախտի մեջ։ Նրա բարեկամ բժշկապետ Ավետիք Բաբայանի ամուսին տիկին Սոփիան բաց էր արել առաջին մանկական պարտեզը, որ օրինակելի դրության էր հասցրել շնորհիվ իր ստացած հատուկ մանկավարժական կրթության։ Աղայանին մտցնում են այդ հիմնարկության մեջ, տիկին Բաբայանը շրջապատում է նրան լավագույն պայմաններով, փայփայում, գուրգուրում է այդ ինքնածին մանկավարժական տաղանդը։ Աղայանի համար կյանքի նոր շրջան է սկսվում։ Բաբայան ամուսինների սիրալիր հարկի տակ նա ավելի ևս ընդարձակում է իր մանկավարժական ընդունակությունները, վերամշակում է իր տեսությունները, իր դասավանդական գաղափարները և ավելի համարձակ ու համոզված՝ հրապարակ է գալիս պաշապանելու իր ըմբռնումներն ու հասկացողությունները մանկավարժական մամուլի մեջ։

Նրա ախոյանը այս ասպարեզում Մանդինյանն է։ Մոտիկ բարեկամներս էին երկուսն էլ - Մանդինյան և Աղայան։ Աղայանն էր հրավիրել Մանդինյանին Շուշի։ Բայց հենց այստեղ էլ նրանց մեջ սկսվեց գժտություն։ Մանկավարժական տարբեր ուղղությունները ի դեմս երկուսի ընդհարվեցին իրար հետ. այդ ընդհարումները տևական բնավորություն ստացան և մինչև վերջն էլ շարունակվեցին խիստ, կրքոտ բանակռվի ձևով։

Հետաքրքրական կլիներ այստեղ գեթ շատ համառոտակի բացատրել, թե երկուսից ո՞րն էր իրավացին-մանկավարժական հատուկ, մասնագիտական կրթություն ստացած Մանդինյա՞նը, թե ինքնուս Աղայանը։ Սակայն ինձ ձեռնհաս չեմ համարում այս տեսակ զուտ մասնագիտական հարցերի վերաբերմամբ։ Ուստի թողնում եմ մեր մասնագետ մանկավարժներին, որ նրանք անկողմնապահությամբ մշակեն այս հարցը, որ մեծ կարևորություն ունի մեր դպրոցական կյանքի պատմության համար։ Ցավելով պիտի ասեմ, որ այսօրվա մեր մանկավարժական գրականության մեջ միանգամայն բացակայում է հայ մանկավարժության քննական պատմությունը։ Կարծես հայ դպրոցի ուսուցման եղանակը անցյալ չունի։ Կարծես հայ ուսուցչի համար մանկավարժական սիստեմների թռուցիկ տեսություններից ավելի ուսանելի և հրահանգիչ չէր լինի այն հարցերի ուսումնասիրությունը, որոնք տասնյակ տա-րիներից ի վեր ծեծվել են մեզանում, որոնք աշխարհայացքներ, ուղղություններ են մշակել և որոնք հենց այդ պատճառով էլ խոշոր մտավոր հարցեր են։ Ի՞նչ է պակասում մի այդպիսի բնական պատմության համար- նյո՞ւթը, փորձե՞րը։ Ո՛չ։ Պակասում է նրանց անկախ ուսումնասիրությունը։ Եվ քանի որ չկա նա, մենք՝ ոչ մասնագետներս, չենք կարող այսօր որոշել Մանդինյանի և Աղայանի կատարած խոշոր դերերը մեր դպրոցական գործի մեջ։

Այսպես է դրությունը թեորիայի, սիստեմի, ուսուցման արվեստի, մեթոդի վերաբերմամբ։ Բայց կա և գործնական կողմը, կա գրական կողմը։ Այստեղ արդեն կարող ենք դատավոր լինել և մենք ոչ մասնագետներս։
Այս գրական հարցին էլ ես կդիմեմ այժմ։

Շարունակությունը

[1] Գիրքը հայտնաբերված է. լույս է տեսել Երևանում` 1971թ.: Տեղ է գտել նաև Նալբանդյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում (Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1979, էջ 159-235): 

[2]Փակագծինախադասությունը  Լեոյինն  է   (ծանոթ.  հեղ.)։

[3] Հարանց կամ Սյունաց մեծ անապատ-հիմնադրվել է Տաթևում`1610 թվականին:

[4] Տպված է Էջմիածնում և կազմում է մեկը այն դասագրքերից, որ հրատարակեց Պետերբուրգի ուսանողությունը(ծանոթ. Հեղ.):

[5] Ալբերտ Մեծի մի քանի աշխատություններ, դեռևս 18-րդ դարի սկզբներից թարգմանվել են հայերեն:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ