ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 33
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեո
Ղազարոս Աղայան

Ա. Խինչին
Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն

Նունե Մովսիսյան
Գրականության դասագրքի մեր մոդելը` հեղինակի գիրք + լեզվադարան + ձայնադարան + տեսադարան

Մերի Առաքելյան
Երաժշտությունը միջին դպրոցում

Մեթոդական մշակումներ

Գեղեցիկ Սահակյան
Էլեկտրոնային խաղերը` որպես մաթեմատիկական խնդիրների լուծման միջոց

Արմինե Գյոնջյան
Նախաթվային և նախաայբբենական շրջան. նախագիծ

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր

Ուսումնական նյութեր

Ժաննա Հակոբյան
Фразеологизмы о животных

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Խորհուրդներ լեռնային գագաթները բարձրացողներին

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
Ֆինլանդիայի հանրակրթական համակարգը (1)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արմինե Թոփչյան
Ուսումնական գործունեության ուսումնասիրության արդյունքների արձանագրում-ամփոփումը` որպես գնահատման արդյունավետ միջոց

Նաիրա Նիկողոսյան
Ստեղծագործական բաց հավաք

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ
Ղազարոս Աղայան

(Պատմական-գրական ուսումնասիրություն)

Սկիզբը

III
Հայրը
Վերդիի որդին և Ղազարոսի հայրը Ստեփանն էր` «Արություն և Մանվելի» Ավետիքը:

Ժառանգել էր հոր հատկությունները. անձնական ուժ, լեռնցու խիզախություն, արկածախնդիր բնավորություն, շիտակություն, համառ տոկունություն:

Ամեն ինչ կա, որ Ստեփանը լինի մի երկրորդ Վերդի: Պակասում է միայն մի մեծ բան` Վերդիի ժամանակը: Նա փոխվել է, նա այլևս կյանքի ու մահվան հարց չի դարձնում քաջությունը, արկածախնդրությունը:

Փոխվել է ժամանակը, բայց Ստեփանը չի ուզում ճանաչել այդ իրողությունը: Նա իր հոր որդին է և պետք է իր հոր ճանապարհով գնա:

Եվ բուռն, փոթորկալից էր նրա երիտասարդությունը:

Փորձում են նրան ուսում տալ: Հավլաբարի տեր Օհանը սկասում է ուսուցանել նրան, ինչպես որ սովոր էր: Մի օր տերտեր վարժապետը փալախկա գցեց Ստեփանի ոտները: Վերջինս, պատմում է Ղազարոսը, «քիչ մնաց թե կատաղի, վրա ընկավ մրքից էնպես քաշեց, որ տերտերի աչքերից արտասուք եկավ: Տերտերը դեղնեց, սփրթնեց, թե «էս լավ նշան չէ, սա մարդասպան կդառնա» . . . Բռնել տվավ Ավետիքին (Ստեփանին), մեկ լավ ծեծեց, հետո դուրս արավ. նա էլ կարծես էդ էր ուզում. փախավ գնաց, էլ ետ չեկավ»:

Բայց ըմբոստանալով ուսուցման բարբարոսական ձևերի դեմ, Ստեփանը ցույց էր տալիս միայն արժանապատվության խիստ զարգացած զգացմունքը, ինքնասիրությունը, սեփական ուժի գիտակցությունը: Նա մարդասպան չդարձավ, ինչպես գուշակել էր տեր Օհանը: Նրա հայրն արդեն սովորացրել էր նրան, թե որն է մարդասպանը իսկական նշանակությամբ. այն որ զզվելի է, այն որ մեղք է և որի համար պետք է ամբողջ կյանքը ապաշխարել:

Բնությունից ստացած ընդունակությունները Ստեփանը չկարողացավ գործադրել մի ուրիշ ասպարեզում: Այդպիսի ասպարեզ դեռ չկար էլ: Տեր Օհանի փալախկան դեռ հնության շարունակություն էր: Ուսումը, դաստիարակությունը դեռ հերոսական գործերի ասպարեզ չէր դարձել:

Չկար այն, ինչ մենք անվանում ենք կուլտուրական առաքելություն:
Եվ տրագիկան է ուժերով լի երիտասարդի դրությունը: Հոր ժամանակներն անցել են, նոր ասպարեզ չկա: Ի՞նչ անել: Ո՞ւր գործադրել այն բուռն հուզումները, որոնք վառում են արյունը նրա երակների մեջ:

Նստել տանը, կուչ գալ օջախի մոտ, մաճ բռնել, տավար արածացնել չէ կարող այդպիսի բնավորությունը: Հանդարտված, տափակացած կյանքը նրան դուրս է շպրտում իր միջից: Եվ տափակությունը տանել անկարող երիտասարդը բռնում է վաղեմի ճանապարհը:

Այն ճանապարհն է դա, որով գնացել են Արևելքի ըմբոստ, ոչ սովորական բնավորությունները, որոնք հենց այդ անսովորականության պատճառով էլ «գիժ», «դալի» անուններն են ստացել: Այդ ճանապարհի վրա են մշակվել հերոս ավազակները, արկածներ, հանդիպումներ, սիրային տեսիլներ որոնողները, մեծ բանաստեղծները:

Ստեփանը գյուղի ջահելներից է, գյուղի «իգիթ» է: Ժողովուրդը սիրում է հերոսությունը, խիզախությունը, մանավանդ, երբ երիտասարդը գեղեցկատեսիլ է: Սիրում է, որովհետև այդ հերոսները պաշտպանում են նրան:

Բայց գյուղը բավականություն չէ տալիս Ստեփանին: Նրան հարկավոր էր գործունեության ավելի ընդարձակ դաշտ. նրան գրավում են ավելի մեծ մրցություններ: Ինքնասիրությունը քշում էր նրան հոր ճանապարհով: «Ուրիշներից որ իմանում էր, թե իր հերը, պապը շատ քաջ տղամարդիկ են էլել, խաների, բեգերի գլուխ չեն էլել վեր բերելիս, նա գժվում էր, չոլերն ընկնում, որ քաջությամբ նրանցից անց կենա, որ չասեն թե «դու քո հոր տղեն չես»»:

Եվ իգիթական արկածախնդրությունները նրան հեռու են տանում: Հայրն է նստած տանը, իսկ նա … «Ամսով, տարով տանը չէր կենում. մեկ լսվում էր, թե Երևան է, մեկ, թե` Ղարաբաղ, մեկ էլ, թե Քարթլ է. որտեղ մի ապստամբություն, մի շարժում էր լինում, նա իսկույն հասնում էր»:

Ինչո՞վ պիտի վերջանային Ստեփանի գժությունները:

Նրանք վերջացան այնպես, ինչպես սովորաբար վերջանում են այսպիսի արկածախնդրական պատմությունները Արևելքում: Սար ու ձոր ընկած իգիթին տուն է բերում, տան սյունից կապում է, տան տղամարդ է դարձնում կինը:

Հասան խանի տարին էր, պատմում է Ղազարոս Աղայանը: Այդ ի՞նչ տարի էր: Արարատյան դաշտի և շրջակա գավառների ազգաբնակությունը շատ լավ ճանաչում է այդ խանին, շատ հաճախ է հիշում նրա ժամանակը: Ժամանակը առհասարակ, և ոչ մի հայտնի տարի: Այդ ժամանակը մանրամասն նկարագրել է Խաչատուր Աբովյանը իր «Վերք Հայաստանի» մեջ: Երևանի անգութ բռնակալի ժամանակը, այսինքն` մինչև 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմը: Եվ ահա այդ խանի արշավանքները հասնում են և ռուսաց սահմաններին, իրարանցում են ձգում: Այդ ժամանակներից է վերցված հետևյալ պատկերը.

«Նա (Ստեփան-Ավետիքը) շուլավերցի Սոսի աջ կուռն էր: Երբ որ քուրդ ու ղզլբաշ չափմիշ արին, թալանեցին Ռատեւանա նեմեցներին, նրա չորս կողմի գեղերի ժողովուրդը փախել էին, հավաքվել Դաղեթի տակը, Խրամումը: Ավետիքն էլ (Ստեփանը) իր ընկերներովը դրսից ամեն բան հասցնում էր նրանց, որ քաղցած չմնան: Հարս ու աղջիկ, ծեր ու պառավ, ամենքն էլ փրկչի տեղ էին դնում նրան, սիրում, պաշտում»:

Այստեղ էլ նա մի օր տեսնում է գեղանի Հռիփսիմեին: Նրա սիրահարությունն էլ բուռն էր, ինչպես ամեն մի կիրք նրա մեջ: Այնպես է հափշտակվում, որ քիչ է մնում ուշաթափվի: Ձիուց վեր է գալիս և բռնում աղջկա ձեռքը: Առանց այլևայլության, առանց երկար մտածելու փախցնել աղջկան, տիրանալ նրան: Սա բնորոշ է: Եվ ուրիշ կերպ էլ վայել չէ «իգիթին»:

Սակայն այդ հափշտակումը չէ աջողվում: Շուտով խաղաղվում է երկիրը: Ստեփանը ստիպված է հպատակվել հասարակաց կարգին, որի պահանջած ծեսերով էլ առաջարկություն է անում Հսիփսիմեի ծնողներին: Սովորությունը պահանջում է, որ փեսացուն գնե հարսնացուին: Այդ առևտուրը կոչվում է «ճամբակտրեք»: Ստեփանը աղջկա տանն է, հարցնում է, թե ինչ պիտի տալ:

Հռիփսիմեն մի հորեղբայր ունի` Արզուման անունով: Տանը մեծը: Սա մի պաշտոն է, ընտանիքի արժանապատվության մարմնացումը: Բարձր պահելով այդ պատիվը, Արզումանը արհամարհանքով է վերաբերում Ստեփանին և թելադրում է մի շարք պայմաններ: Մի լավ մսացու կով, մի ղոչ, հարյուր թունգի Շուլավերի գինի, մի լավ մահուդ չուխա, 25 մանեթնոց և այլն, և այլն: Պայմանները ծանր են: Բայց Ստեփանը գուցե և ոչինչ չասեր դրանց դեմ, եթե չլսեր վերջին պայմանը: Այդ այն է, որ պիտի համբուրե Արզումանի ձեռքը, «մեղա Աստծու» ասե:

Նրա ինքնասիրությունը շոշափված է: Եվ առանց այլևայլի, նա ձեռքը դնում է դեպի իր խանչալը ու գոռում. «Դու ո՞վ ես, որ ես քեզ մեղա ասեմ, ես իսկի տերտերին մեղա չեմ ասում: Ես իմ հոր տղեն եմ, քեզ պես մարդի գլուխը ինձ համար մի սոխ չարժե. ոչինչ չեմ տալու, աղջիկն էլ տանելու եմ, թե որ ղոչաղ մարդ ես, չտաս: Էս գիշեր քեզ ժամանակ, մենք էգուց կհանդիպենք մեկ մեկու»:

Սրով, բռնությամբ է նա ուզում տիրանալ իր սիրածին: Արզումանը կաշկանդվում է այդ ըմբոստ, բուռն ուժից: Դուրս է վազում Ստեփանը և իր կատաղությունը թափում տան ամեհի շների վրա, կոտորելով նրանց:

Տունն անպատված է: Արզումանը չի կարող դիմադրել նույն միջոցներով, բայց ամեն ինչ հրամայում է նրան չտալ աղջկան այդ կատաղի մարդուն: «Ես էս աղջիկը կտանեմ Շորագյալու թոսովներումը մարդի կտամ կամ թե չէ կտանեմ ջուրը կգցեմ, էդ գողին, մարդասպանին չեմ տալ»,- ասում է նա:

Կեսգիշեր է: Թուրք ծառաները պատրաստ են, Արզումանը աղջկան իր ձիու գավակն է առնում և ճանապարհում: Ստեփանին իմաց են տալիս: Նա վեր է թռչում տեղից, հագնված, ցուրտ գիշերին փողոց է վազում, իր ընկերներին իմաց է տալիս, որ գնան միասին: Ինքը վազում է, «գոմիցը տկլոր ձին դուրս քաշում, նստում ու դուրս թռչում գեղամեջը: Թռած տեղը ձեռքը գցում է մի չափարի միջից մի մեծ բհիր է հանում, ու նրանց հասնելն ու մի երկու թուրք նոքարի խփելը մեկ է անում»:

Ընկերների օգնության գնալն ավելորդ էր, Ստեփանը ետ էր խլել աղջկան մենակ, առանց օգնականների: Ընկերները նկատեցին, որ Ստեփանը շապկանց է, շոր հագցրին, գլուխը ծածկեցին, որ չմրսի:

«Իգիթական» հարձակումը պարտուպատշաճ տպավորություն թողեց գյուղի վրա: Մի շաբաթ խոսքն ու զրույցը այդ դեպքն էր: Ու շտապեցին պսակել Ստեփանին Հռիփսիմեի հետ: Հասարակաց օրենքը խախտված էր: Ստեփանը իր վերջին գժությունն էր անում: Նա խլեց, հափշտակեց, նա բռնության, ուժի իրավունքը հանեց ընտանիքի անկախության դեմ:

Բայց այդ հաղթանակը փակեց քո փոթորկալից երիտասարդության ազատության շրջանը:

Նա այժմ ընտանիք ունի: Նա այժմ կին ունեցող տղամարդ է: Եվ նստում է տանը, մի կողմ է թողնում իր բոլոր արկածախնդրությունները, որպեսզի օրինավոր, պատիվը երեսին ամուսին դառնա, այսինքն` տան բռնավոր:

Վերդին, որ լուռ էր մինչև այդ, բաց է անում իր բերանը և այսպիսի խրատներ է տալիս իր որդուն.

«Որդի, ինչ որ ես արել եմ, դու ոչ կարող ես անել, ոչ կարող ես մտքովդ անցկացնել: Չէ, որդի, աննպատակ ղոչաղությունը մի տեսակ ավազակություն է, էդ լավ բան չէ: Հիմի կնկա տեր ես դառել, էգուց-էլոր որդոց տեր կդառնաս, նրանց պահել, պահպանել է հարկավոր. բաղդ մեծացրու, տավարդ ավելացրու, ղոնաղ սիրի, խեղճի օգնիր: Թե որ ուզում ես անուն ունենաս, հացով կաց, հացի ձենը Հնդստան կհասնի: Ժամ գնա, աղոթք արա, հաղորդվիր»:

Կոպիտ ուժը, իգիթական խիզախությունները այժմ կանչվում են գործելու այլ, խաղաղ հողի վրա, կանչվում են տնարարության, աշխարհաշինության: Ավելի բարձր իդեալ չէր կարող լինել հասարակական այն կարգերի մեջ, որոնք այն ժամանակվա իրականությունն էին կազմում:

Եվ սանձահարված է տարերային ուժը: Ստեփանը ընտանիքի միջոցով մտնում է հասարակության մեջ, դառնում է նրա մի անդամը:

Ահա ինչպես կատարվեց այդ կերպարանափոխությունը: Ստեփանը շարունակում է երկրպագել «իգիթության», բայց այժմ տանն է. «իգիթի ապրանքը իր աչքի առջևը պիտի լինի»: Իսկ այդ ապրանքը, իհարկե , կինն էր: Այդ ապրանքը, որքան և ենթարկված իր տիրոջ անսահմանափակ կամքին, մարդ է դարձնում նրան, մարդ` սովորական մտքով:

Գեղեցիկ է այստեղ Ղազարոս Աղայանի նկարագրությունը, և ես չեմ կարող չբերել այստեղ նրան ամբողջությամբ:

«Սերի այս տաք-տաք ժամանակ Հռիփսիմեն էլ սկսեց նրան քարոզել, ինչ որ աղոթք գիտեր, դիփ էլ սովորեցրեց. սկսեց պատմել ճգնավորներից, սուրբերից, մի խոսքով ինչ որ լսել էր Հեղինեից: Ժամ գնաց, հաղորդվեց, լուսահոգի տեր Ղուկասը նրա խղճմտանքն անհանգստացրեց, մեղքերը շլինքին դարսեց, ծանր ապաշխարանքներ դրավ վրան և էսպեսով էն առյուծ տղային շինեց մի գառը: Շատ տեղեր էր ման եկել, քիչ-շատ քաղաքավարություն էր սովորել, վրացերեն, թուրքերեն ճարտար խոսում էր, ռուսերեն էլ կոտրատում էր: Մարդամեջ ընկավ, մարդիկ սկսեցին պատվել, պաշտել, մովրովի ու նաչալնիկի մոտ միշտ նրան ուղարկել, նրան քյոխվա շինել, նա էլ տեսավ, որ ոչով իրա չափ խելք ու շնորհք չունի, սկսեց նրանց գլխին փիլիսոփա դառնալ: Նա, որ մի ժամանակ ոչ հավատ ուներ, ոչ հույս, որովհետև նրա հավատն ու հույսը իր թուրն ու թվանքն էին, հիմի, ինչպես կասեն, «օխտը վարդապետի ղադամ բան գիտե»: Հիմի որ հազար թուման տաս, նա պար չի գալ, թե ինչ է` պար գալով Օհաննես Մկրտչի գլուխը կտրել են տվել. ոչովի հետ պռոշտի չի անիլ, իր երեխին չի պաչիլ, թե ինչ է` պաչելով Հուդան Քրիստոսին մատնել է: Մորթ անելը նրան հազար ու մեկ նզովքներով ու ապաշխարանքներով արգելված էր»:
Մեր հին կյանքի հիմնական գծերն են ցայտում այս կերպարանափոխության մեջ: Այսպես էր սանձվում երիտասարդությունը, այսպես էին մշակվում հասարակության անդամները:

Սակայն ի՞նչ էր այս կերպարանափոխությունը Ստեփանի համար: Արդյոք աղճատո՞ւմ, աղավաղո՞ւմ: Մենք այդ չենք կարող ասել: Ժառանգական հատկությունները շարունակում են ապրել նրա մեջ և նոր շրջանում, բարեփոխման, մշակման, հղկման շրջանում: Նա տոկուն է, երկաթե կորովով, համառ, իր ասածի տեր մարդ և ամենևին չէ փոխել իր դիրքը. ինքնասեր է, կեղծել, ստել, քծնել չգիտե: Ամբողջացած, ձուլված բնավորություն է: Կիսատ դեմք չէ, և բոլորակ դեմքի բոլոր գծերը արտահայտված են պարզ ու որոշ: Նա շարունակում է տիրող, հրամայող դիրք պահել և հասարակության մեջ: Փոխվել է կենցաղավարության ձևը: Նախկին արկածախնդրության, գժության տեղ խաղաղ աշխատավորի մեծ թափն է առաջ եկել:

Հասարակական պայմանները, դիրքը, եկեղեցին վայելչացրել են, մեղմացրել են նրան դրսում: Իսկ տանը, այդ լավ ծածկված և ավանդական սվորություններով պաշտպանված անկյունում, նա կարող է և իրավունք ունի ցույց տալ իրան նախկին իգիթական փայլի մեջ անգամ:

Այդ մարդն ունի մի աղջիկ: Ամուսնացնելու ժամանակն է և նա մի օր դատում է, որ լավ կլինի ամուսնացնել Օսանին մի թիֆլիսցու հետ: Ինչո՞ւ: Որովհետև Ստեփանը ամեն անգամ, երբ հարկավոր է լինում քաղաք գնալ, պիտի ախոռ վարձե իր ձիու համար, ինքն էլ չունի մի բարեկամ, որի մոտ կարողանար իջնել, ուստի մնում է իր ձիու հետ, վարձված ախոռում:

Այդ անհարմարություններն են, որ նրա համար անդառնալի վճիռ են դարձնում, թե Օսանը հավլաբարցու կնիկ պիտի դառնա: Իսկ Օսանը, եկեք ու տեսեք, սիրում է մի գյուղացի երիտասարդի և փոխադարձաբար սիրվում է նրանից: Մայրը այդ ամուսնության կողմնակիցն է: Եվ համարձակվում է այդ բանը թաքուն չպահել իր ամուսնուց:

Եվ պայթում է Ստեփանը: Ամենից առաջ նրան կատաղեցնողը այդ սերն է: Ղազարոս Աղայանը մի ավետարանական ճշմարտություն է արձանագրում, ասելով թե «մեզանում նույնիսկ ամուսնական սերը մի դատապարտելի հանցանք է: Հազար անգամ ճիշտ է այս: Մեր ժողովուրդը սեր է երգում, հարսանեկան շքեղ տոնախմբություններ է կատարում, բայց սիրո բացարձակ արտահայտությունը, հռչակումը նույնիսկ ամենանեղ մտերմական շրջանների մեջ, համարում է հանցանք, համարում է ամոթ և ապականություն»:

Ստեփանի կատաղությունը այնքան մեծ է, որ առաջին իսկ նվագում խանչալ է հանում: Հենց որ զենքը կայծակի պես պսպղաց, պատմում է Օսանը. «Ես թռա ընկա հորս գիրկը . . . էլ չգիտեմ ինչպես եղավ, որ Աստված էդպես ինձ խելք ու միտք, ուժ ու զորություն տվավ. . . մի աչքաճպելումը մորս գլուխը պիտի թռչեր, թե որ մի քիչ ուշ կտրեի հորս առաջը. . . »

Սա դեռ սկիզբն է: Ստեփանն իմանում է, որ իր կինը նույնիսկ նշան էլ է վերցրել, կարելի՞ է երևակայել, առանց իր գիտության: Եվ այս անգամ այլևս չէ օգնում նույնիսկ աղջկա իր հոր գիրկն ընկնելը: Հռիփսիմեն ընկած է գետնի վրա, Օսանը լեղապատառ ճչում է և վազում դեպի հայրը, բայց հայրը նրան բռնում է և պատին խփում: Աղջիկը, գլուխը պատռած, ընկնում է մոր կողքին:

Վերջանում է բանը նրանով, որ սիրող երիտասարդը ինքնասպանություն է գործում, իսկ Օսանը մարդու է գնում Հավլաբար, որպեսզի իր հայրը իջևանելու տեղ ունենա, երբ գալիս է Թիֆլիս. . .

Ահա ինչ տիպ էր Ղազարոս Աղայանի հայրը:

Լրացնենք մի քիչ էլ այդ տիպը:

Ընթերցողս, երևի, արդեն հարցնում է, հապա ինչպես է, որ ինքը Ստեփանը, սիրելով Հռիփսիմեին, տիրացավ նրան բռնությամբ, ուժով:

Ինքը` այո´: Ինքը նույնիսկ երգասեր է, աշուղներ է պահում իր տանը: Բայց ինքը ուրիշ բան է: Եվ եթե նա իր աղջկա վերաբերմամբ թույլ չտվեց այն , ինչ ինքն էր օրինավոր և արդար համարում, պատճառն այն էր, որ Օսանի սիրահարը Ստեփան չէ, սրով ու հրացանով չդուրս եկավ Ստեփանի դեմ, ուժեղի, իգիթի իրավունք չգործադրեց: Եթե գործադրեր, և Ստեփանն էլ այնքան անկարող հանդիսանար, ինչպես Արզումանը, այն ժամանակ հարցը, իհարկե, սիրահարների համար բարեհաջող լուծում կունենար:

Եվ հասարակության մեջ նա շարունակեց մնալ իբրև ճարտար, խելոք մարդ, իբրև ղեկավար: Կարո՞ղ էր նրա համբավին վնասել կնոջ վրա խանչալով հարձակվելը, աղջկա պատռված գլուխը:

Ո´չ: Որովհետև ինքը հասարակությունը դավանում էր այն սկզբունքը, թե կինը չարիք է, կնոջը պետք է սանձահարել: Վարդապետները սովորեցրել էին. «Կինը, որ կա, սատանա է, էնդուր չեն վարդապետները կնիկ ուզում: Եվան աշխարքի տունը քանդեց, ամենքին էլ դժոխք տարավ: Կնիկ չէ՞ր, որ Օհաննես Մկրտչի գլուխը կտրել տվավ, որ մինչև հիմա էլ ոչ մի կնիկ չէ կարող ս. Կարապետի եկեղեցին ներս գնալ»:
Ահա և սրբազան ավանդություններով ամրապնդված գաղափարախոսությունը (իդեոլոգիան): Այդ տեսակետից Ստեփանը ոչ միայն կշտամբելի չէր, այլ պիտի նույնիսկ օրինակելի ամուսին համարվեր:

Շարունակություն

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ