ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 39
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Գարեգին Չուգասզյան
Նոր նորմերի ձևավորում (ռուսերեն)

Մեթոդական մշակումներ

Парванян Гаяне.
Дистанционное обучение

Հասմիկ Ղազարյան
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Լեո
Ղազարոս Աղայան

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Աստված հավատում է ինձ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ալբերտ Էնշտեյն
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Հայկազ Մարգարյան
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Սպաները[1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Անգլիական դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարգարիտ Սարգսյան
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Նաիրա Դալուզյան
Օլիմպիական գարուն մեր դասարանում
Ղազարոս Աղայան

Սկիզբը

Ill
Մանկական գրողը

Դպրոցական շարժումը մեզանում առաջ բերեց դասագրքերի հարցը: Դեռ 1874 թվին Վահան վարդապետ Բաստամյանը գրում էր իր «Դպրոց» ամսագրի մեջ. «Մի լավ դասագիրք ավելի շատ արդյունքներ կարող է տալ, քան թե տասը լավ վարդապետներ, որովհետև տասը վարժապետները կարող են ուսուցանել միայն տասը ուսումնարանի մեջ, իսկ մի լավ դասագիրքը կարող է անցնել հարյուրավոր վարժապետների և հազարավոր աշակերտների ձեռքը»[1]:

Այսպես է ճշմարտությունը բոլոր առարկաների վերաբերմամբ: Բայց մենք այստեղ վերցնենք ամենագլխավոր առարկան` լեզվի ուսուցումը նրա առաջին աստիճանի վրա, ուր տարրական այբբենարանն է, ուր այդ մեծ արվեստի առջև կանգնածը մանուկն է, մի քնքուշ, նոր-նոր կազմակերպվող հասակ, որ այնքան կարոտ է բազմակողմանի խնամքի, ուշադրության, որ կարող է ծլել ու ծաղկել, կարող է խամրել՝ նայած թե ինչպես են վարվում նրա հոգու, նրա ուղեղի հետ:
«Հին խալիֆայական մանկավարժությունը,- ասում է նույն ուսումնական վարդապետը,— ուսման ամբողջ ծանրությունը դնում էր աշակերտի վրա: Ուսուցիչը միայն ցույց էր տալիս՝ այստեղից այստեղ: Սովորելը, պատասխանելը աշակերտի պարտքն էր, որի համար էլ բացառապես գոյություն ուներ դասագիրքը: Վարժապետը յուր վարժապետական լայն և ընդարձակ գիտություններով ի՞նչ կարոտություն ուներ նայել դասագրքի մեջ, այդ անպատվություն էր նրա համար, այդ ներելի էր միայն տգետին... Այնուհետև ի՞նչ էր մնում աշակերտին, եթե ոչ թութակի պես, առանց ամենևին հասկանալու, բերան սերտել իր դասը այստեղից այստեղ: Նպատակը իրագործվում էր ամենայն աջողությամբ, բայց միևնույն ժամանակ աշակերտը բթանում էր, նրա «քնքուշ» ընդունակությունը թմրում էր և մեռնում, նրա սուր հիշողությունը կորչում էր բոլորովին»:

Հայտնի են մեր խալիֆայական դասագրքերը. նախ հեգարան կամ այբբենարան, որ սովորացնում էր տառերը և ապա երկար ու ձիգ վանկերը, սկսած մեկ վանկից մինչև յոթը: Այնուհետև գալիս էր Սաղմոսի առաջին կանոնը՝ դարձյալ վանկերով, ապա Ժամագիրքը և այլն: Լեզուն երեխային միանգամայն անմատչելի, բովանդակությունը անհասկանալի: Ուղեղ էր մաշեցնում նա, մորթում էր իրան՝ այդ իմաստությունները յուրացնելու համար:

Այդ բարբարոսական սիստեմից հայ երեխաներին ազատելու ջանքերը շատ վաղ սկսվեցին մեզանում: Մեր վերածնության ամենավաղ առավոտին, երբ նույնիսկ դեռ արշալույսն էլ չէր երևում, մեր գործիչների առաջին հոգսն էր բարեկարգել հայ այբուբենի դասավանդությունը: Եվրոպական լուսավորության հաղորդակից դարձող յուրաքանչյուր հայ գործիչ սրբազան պարտականություն էր համարում աշխատել այդ ասպարեզում: Առաջին փորձ անողը Խաչատուր Աբովյանն էր, որի «Նախաշավիղ կրթության» աշխատությունը գրագիտության դասագիրք է:
Այնուհետև հիսնական, վաթսունական թվականներին էլ մենք ունեցանք մի շարք դասագրքեր, որոնք աշխատում էին ուսուցման դյուրությունը ապահովել: Յոթանասնական թվականներից ջանքերը ավելի ևս սաստկանում են, և դասագրքերը պատրաստելու մեջ եռանդուն մասնակցություն են ցույց տալիս արդեն և մասնագետ մանկավարժները:

Վերին աստիճանի հետաքրքրական երևույթ է ներկայացնում այդ դասագրքերի ժողովածուն, երբ նա դասավորված է ժամանակագրական կարգով: Կարելի է քայլ առ քայլ հետևել, թե մայրենի լեզվի ավանդումը ի՛նչ տեսակ հայացքների, ի՛նչ գաղափարների, ի՛նչ ազդեցությունների տակով է անցել 60-70 տարվա ընթացքում, թե ինչպե՛ս է գնացել դեպի կատարելագործություն, մշակման ի՛նչ աստիճաններ է անցել: Երևույթը միայն զուտ մանկավարժական հետաքրքրություն չէ ներկայացնում, այլ ունի գրական մեծ նշանակություն:

Փորձենք մի թռուցիկ տեսություն գցել այդ երևույթի վրա [2]:

Սկիզբը՝ Աբովյանի «Նախաշավիղ կրթության», թեև նա տպվել է շատ ուշ, այն է՝ 1862-ին: Առաջին աշխարհաբար դասագիրքը, որքան գիտենք, թեև գրաբարը միանգամայն չէ արտաքսված, առաջին դասերը գրաբարով են գրված: Կազմված է եվրոպական օրինակների հետևողությամբ, նախ ծանոթություն շրջապատող առարկաների հետ, ապա մանուկները առաջնորդվում են դեպի բարոյագիտություն և հայրենագիտություն (պատմություն): Նյութերի մասը կազմված է նմանողությամբ օտար աղբյուրների, նույնիսկ թարգմանություններ էլ կան, մի մասն էլ ինքնուրույն է: Ոտանավոր նյութեր շատ կան և ամենը Աբովյանի մշակությունն են: Հեղինակը աշխատել է ստեղծել գրական լեզու. «Վերք Հայաստանիի» գավառաբարբառը չէ: Աշխուժություն նկատվում է և այս լեզվի մեջ:

Ընդհանրապես, իր ժամանակի տեսակետից. հետաքրքրաշարժ, բազմակողմանի, աշխույժ դասագիրք է:

«Առաջին հոգեղեն կերակուր հայազգի երեխաների համար»՝ Ստեփանոս Նազարյանի (1853թ.): Սկզբնական վարժություններից հետո անցնում է բարոյախոսության, և այստեղ ավելի քարոզիչ է, հրապարակախոս, քան ուսուցիչ: Այնուհետև անցնում է մանրամասն աշխարհագրության, բնական պատմության, թվաբանության: Թե ինչ հասկացողություն ուներ Նազարյանը սկզբնական կրթության չափերի մասին, երևում է, օրինակ, նրանից, որ 37-րդ դասում շարել է գերմանական դաշնակցության մեջ մտնող բոլոր մեծ և մանր երկրներն ու ազատ քաղաքները, իսկ հայրենագիտության և ոչ մի դաս: Ընդհանրապես, ծանրամարս մի գործ:

«Այբբենարան»՝ Ռափայել Պատկանյանի: Փոքրիկ մի տետրակ, որ, սակայն, մեր հին հեգարաններից զանազանվում է բովանդակությամբ և դյուրություններով:
«Բարոյական խրատք և հատվածք արձակք և չափավորք ի պետս ընթերցանության մանկանց»՝ անհայտ հեղինակի. Թիֆլիս, 1855: Աշխարհաբար և գրաբար հատվածներ բարոյախոսական բովանդակությամբ:

Թիֆլիսում հիսնական թվականների վերջերում էլ Միքայել Պատկանյանր թարգմանում է իր ժամանակին շատ հռչակված «Друг детей» ռուսերեն դասագիրքը («Պարգև մանկանց» անունով):

«Բարոյական պատմությունը երեխայոց համար. աշխատասիրություն հայ աշակերտաց գիմնազիային Թիֆլիսո»: 1860-ին տպված մի մանրատառ տետրակ, որի մեջ կան մի քանի պատմվածքներ (թարգմանություն կամ փոխադրություն) խրատական բովանդակությամբ:

«Սեր»՝ Գաբրիել Խատիսյանի (1869): Զանազան հոդվածներից բաղկացած ընթերցարան: Նյութը մեծ մասամբ թարգմանական, բայց կան և մի քանի աջողված ինքնուրույն կտորներ:

Նույն տիպի դասագրքի զարգացում կարելի է համարել Գևորգ Տեր-Ալեքսանդրյանի և Ալեքսանդր Երիցյանի կազմած «Ընթերցարանը», որ յոթանասնական թվականների սկզբում տարածված էր մեր դպրոցներում: Նրանից հետո նույն ուղղությամբ և նույն ոգով, բայց ավելի րնդարձակ ծավալով, գալիս էր Ն. Տեր-Հակոբյանի «Ընթերցարանը»: Այստեղ ավելի շատ են ինքնուրույն հայ բանաստեղծություններից վերցրած կտորները:

Մոտավորապես այս պատկերն են տալիս 25-30 տարիների ջանքերը: Ջանքեր, որոնք մի հայտնի չափով պիտի խախտեին խալիֆայական սիստեմը, առանց, սակայն, կարողանալու նրան արմատախիլ անել: Ուսման առաջին քայլերը, այբուբենը, այնուամենայնիվ, մնում էին խալիֆայության ճանկերում: Եվ այս նոր դասագրքերն էլ շատ սահմանափակ շրջաններում էին տարածվում, ամենաշատը՝ մեր թեմական և մի քանի գավառական դպրոցներում: Ժողովրդի մեջ գրագիտություն տարածողները շարունակում էին մնալ Սաղմոսն ու Ժամագիրքը:

Գալով նոր, աշխարհաբար դասագրքերի ներքին արժանավորություններին, մենք տեսնում ենք, որ նրանց տված պաշարը, լինելով նորություն, այնուամենայնիվ առանձին մի մեծ թարմություն մտցնել չէր կարող մեր դպրոցական աշխարհը: Նյութը, ինչպես տեսանք, թարգմանական, լեզուն` արհեստական, ուղղությունը՝ միանման, նույնպես ձանձրալի: Չկա հատուկ մանկական լեզու, հատուկ մանկական աշխարհ, չկա գեղարվեստական ճաշակ, համ ու հոտ:

Ավելին, սակայն, չէր էլ կարելի սպասել: Հայերը դաստիարակվում էին գլխավորապես Ռուսաստանում և ռուսական ազդեցության տակ էին աշխատում: Իսկ Ռուսաստանն էլ հենց այն էր տալիս, ինչ տեսնում ենք մեր դասագրքերում: Այնտեղ էլ, ինչպես և մեզանում, չկար ժողովրդական դպրոց, ժողովրդական կրթական սիստեմատիկ ծրագիր: Աղայանը մեզ արդեն պատմեց, թե վաթսունական թվականները ինչ ահագին հեղաշրջում կատարեցին Ռուսաստանի դպրոցական գործի, մանկավարժական հասկացողությունների մեջ: Ահա այդ նոր ժամանակի ազդեցությունը պիտի գար-հասներ մեզ, որպեսզի մեզանում էլ գոյություն ստանար նոր, ժողովրդական դպրոցը:

Եվ այդ ազդեցությունը շատ չուշացավ: Ռուսաստանի դպրոցական տարեգրությունների մեջ ոսկի տառերով է արձանագրված 1864 թվականը, երբ հռչակավոր մանկավարժ Կոնստանդին Ուշինսկին հրատարակեց իր հռչակավոր «Родное слово»-ն, այն դասագիրքը, որ այսօր էլ աննման է իր տեսակի մեջ և որ 6-9 տարեկան երեխաներին սովորացնում է մայրենի լեզուն, սովորացնում է գիտակցորեն, կատարելագործված սիստեմով: Համաշխարհային գրականության մեջ անգամ շատ քիչ են այնպիսի գրքեր, որոնք Ուշինսկու այս աշխատության նման ահագին դեր կատարած լինեն մի մեծ ժողովրդի դաստիարակության գործում[4]:
Յոթը տարուց հետո, 1871-ին, Ուշինսկու դասագրքի հայերեն թարգմանությունը տպվեց Թիֆլիսում՝ «Մայրենի լեզու» անունով: Այդ գործը կատարողն էր մեր ուսուցիչներից մեկը՝ Նիկողայոս Տեր-Ղևոնդյան:

Եվ մեզանում էլ ոսկի տառերով արձանագրելու մի դարագլուխ է այդ թվականը՝ 1871-ը: Ուշինսկու տաղանդավոր սիստեմը գալիս էր չոր ու ցամաք, սքոլաստիկ դասագրքերով տանջված հայ երեխային էլ կենդանացնելու:

«Մայրենի լեզուն» ահագին դեր կատարեց ոչ միայն մեզանում, այլև Թուրքիայում, ուր նա վերածվեց թուրքահայ բարբառի և դարձավ ամենատարածված դասագիրքը: Այբուբենի և նրան հետևող առաջին ընթերցանության չափազանց դժվար գործը այսպիսով հեշտացած էր:

Միևնույն ժամանակ դա գարուն ավետող առաջին ծիծեռնակն էր: Մի ուրիշ ուսուցիչ (եթե չեմ սխալվում, Կամսար Տեր-Դավթյան) թարգմանեց նույն Ուշինսկու մի ուրիշ, ոչ պակաս նշանավոր դասագիրքը՝ «Детский мир» («Մանկական աշխարհ»): Սեդրակ Մանդինյանը սկսեց հրատարակել իր մենագրությունները մանկավարժության տեսական հարցերի վերաբերմամբ: Առաջ եկավ պարբերական մամուլ բացառապես նվիրված մանկավարժության («Դպրոց» Վ. վարդապետ Բաստամյանի, «Մանկավարժական թերթ» Հ. Տեր-Հովհաննիսյանի, ապա «Վարժարան» Ն. Խոսրովյանի): Այդ ամսագրերի մեջ սկսեցին ծեծվել սկզբնական ուսուցման հարցերը: Երևան եկան մասնագետ մանկավարժների տարբեր ուղղությունները: Եվ որ գլխավորն է, սկսեցին կազմակերպել հատուկ մանկական գրականություն, սկսեցին ստեղծել հատուկ մանկական լեզու: Մասնագիտական ամսագրերը առանձին բաժին բաց արին, ուր խոշոր գրերով ընթերցանության նյութ էին տալիս մանուկներին:

Այսպես էր յոթանասնական թվականների շարժումը: Այդ թվականների ամենագլխավոր մեծագործություններից մեկն էլ այն էր, որ ժողովրդական դպրոցը սկսեց տարածվել մեզանում՝ մտնելով բուն ժողովրդական խավերի մեջ և դուրս անելով այնտեղից դարերով բնակալած խալիֆայական գրությունը: Պահանջը մեծանում էր, գործունեության ասպարեզը ընդարձակվում էր: Եվ գործունեությունն էլ այդ պատճառով ավելի և ավելի եռանդուն էր դառնում:
Ութսունական թվականերին թեև մեր դպրոցական գործը խութ ու խոռոչների է հանդիպում, ժայռերի է զարնվում, բայց մանկավարժական գրականության մեջ դադար չէ առաջանում: Շարունակվում է, զարգացման աստիճանների օրենքներով, այն մղումը, որ սկսվել էր յոթանասնական թվականներին: Հայերեն լեզվի սկզբնական դասագրքեր են հրատարակում մասնագետ մանկավարժները («Ազգային ընտանեկան աշխարհք», «Նահապետական աշխարհը»՝ Ս. Մանդինյանի, «Առաջին ընթերցարան»՝ Ա. Բահաթրյանի), ոչ մասնագետներն էլ ընթանում են նույն ճանապարհով («Հայոց լեզվի ուսուցիչ»՝ Հ. Նազարյանի): Նույն ութսունական թվականներին սկսում է հրատարակվել «Աղբյուր» մանկական ամսագիրը՝ ռուսաց «Родник» մանկական ամսագրի նմանությամբ: Այնտեղ հավաքվում են դպրոցական գործին մոտիկ կանգնած երիտասարդ ուժեր, որոնք և շենքով-շնորհքով մանկական գրականության հիմք են դնում:

Թիֆլիսում է դարձյալ, որ յոթանասնական թվականների վերջերում կազմվում է, հանգուցյալ Գաբրիել Միրզոյանի ղեկավարությամբ, մի փոքրիկ շրջան՝ հատկապես մանկական գրքեր հրատարակելու համար («Կարմիր լապտեր» և այլն): Այդ ձեռնարկությունից է ծնվում հրատարակչական ընկերությունը:

Մի ամբողջ շարժում, ինչպես տեսնում եք, մի ամբողջ հարստություն: Սակայն մենք պիտի գնահատենք այդ շարժման, այդ հարստության իսկական արժեքը: Եվ դրա համար պիտի թափանցենք այդ գրականության խորքերը, պիտի տեսնենք, թե իսկապես ինչ էր նա ներկայացնում:

Սկսենք դարագլխից՝ Տեր-Ղևոնդյանի «Մայրենի լեզվից»:

Ի՞նչ էր Ուշինսկու ահագին հեղափոխիչ գործի իսկական գաղտնիքը: Ի՞ նչ գաղափար էր այսքան մեծ հաղթանակ տանում նրա միջոցով:

Տարիներ ապրելով Շվեյցարիայում, դիտելով արտասահմանյան դպրոցները փոքրահասակների համար, տաղանդավոր մանկավարժը եկավ այն եզրակացության, որ մինչև 8 կամ նույնիսկ մինչև 10 տարեկան հասակում գտնվող երեխայի սկզբնական դաստիարակությունը իսկապես պիտի կատարվի ընտանիքի մեջ, և լավ կարող է լինել միայն այն դպրոցը, որ ընտանիքի բնավորություն ունի ավելի, քան դպրոցի:

Ահա այդ մեծ սկզբունքն էին իրագործում նրա ղասագրքերը: Ընտանիք... Դա իրան հատուկ ֆունկցիաներ կատարող հիմնարկությունն է բոլոր ազգերի մեջ: Բայց դա միևնույն ժամանակ առանձին տեղային գունավորումներով ապրող մի հիմնարկություն է յուրաքանչյուր ազգի մեջ: Ընտանիքը յուրաքանչյուր ազգի հիմքն է և ներկայացնում է ուրույն ազգագրական մի միջավայր՝ իր առանձին հոգեկան աշխարհով, արտահայտության առանձին եղանակով, իր լեզվով, իր պաշտամունքով: Ազգերի տարբերություն կա և կլինի միշտ, քանի որ ընտանիքր կշարունակե կատարել իր պատմական դերը, կշարունակե մնալ յուրաքանչյուր ժողովրդի ազգագրական առանձնահատկությունների հիմնական, ամենագլխավոր թանգարանն ու հայտարարը:

Եվ ընդունելով այն մեծ ճշմարտությունը, թե դպրոց ու ընտանիք պիտի ձուլվեն միասին երեխային դաստիարակելու համար, Ուշինսկին պիտի ամբողջովին փոխադրվեր ռուս ժողովրդի ընտանիքի մեջ, որպեսզի նրա լեզվով, նրա տված գեղարվեստական պաշարով կերտե այն նյութը, որ պիտի զարգացնե այդ ընտանիքի անդամը կազմող երեխային, պիտի նրան սովորացնե մայրենի լեզուն: Ռուս ընտանիքը ներկայացնող դասագիրքը չէր կարող լինել շվեյցարական կամ մի այլ դասագիրք: Նա կարող էր լինել միայն բուն ռուս դասագիրք: Ռուս երեխային հարազատ մայրենի խոսքը, իհարկե, չէր կարելի բերել Շվեյցարիայից, Ֆրանսիայից կամ Գերմանիայից: Նրան կարելի էր հանել միմիայն ռուս ժողովրդի սրտից:
Եվ Ուշինսկին տաղանդավոր էր ոչ միայն իբրև գյուտ անող, այլև իբրև իրագործող, ոչ միայն իբրև մանկավարժ, այլև իբրև գրող: Նյութեր իր հոյակապ կառուցվածքի համար նա առատությամբ գտավ ռուս ժողովրդական բանաստեղծության մեջ: Բայց այդ ժողովրդական գանձարանը նրան միայն հում նյութեր մատակարարեց: Այդ հում նյութերը նա վերամշակեց մեծ հմտությամբ և տարազով, վերամշակեց այնպես, որ արհեստականություն չստացվեց, այլ գեղարվեստական հարազատություն, «ոսկր յոսկերաց, արիւն յարենէ», անթարգմանելի տեղայնական ոգով, առանձնահատուկ, սպեցիֆիկ համ ու հոտով:

Ահա ինչով հաղթեց նա: Ահա ինչն էր նրա գործի հմայիչ, անխորտակելի, աշխարհակալ ուժը:

Հիմա գանք մեզ: «Родное слово»-ն մեզանում միայն թարգմանվում էր, այն էլ բառացի կերպով: Փորձը այնքան անաջող էր, որ այդ գեղեցիկ սկզբնավորությունը մեռելածին էլ կմնար, եթե թարգմանիչ Ն. Տեր-Ղևոնդյանը չլիներ գրչի տեր մարդ, հայերենը լավ իմացող, աշխատասեր: Նա աշխատեց, շարունակ բարեփոխություններ մտցրեց, կոկեց, մշակեց, գնալով հեռացավ բնագրից: Բայց և այնպես, նրա գործն այն չէր, ինչ ռուսերենը: Սեփական աշխատանքով նա չկարողացավ իր դասագրքի նյութերը հասցնել մինչև բուն հայկական տեղայնություն, բուն ժողովրդական ոգի: Թարգմանությունները թարգմանություններ էլ մնացին, թեև կոկված, մշակված: Մեր գրական լեզուն էր, որ, սակայն, արտահայտում էր ոչ ինքնատիպ, գունավորված տեղականը:
Իսկ յոթանասնական թվականների մեր մանկական գրականությունը չուներ այնքան ինքնատիպ ժողովրդականություն, որ պ. Տեր-Ղևոնդյանը գոնե նրանից վերցներ հարկավոր հատվածներ իր դասագրքի համար:

Եվ իրավ, ամբողջ այդ գրականությունը արհեստական է և ոչ թե ստեղծագործական: Բարի ձգտումներով ոգևորված մարդիկ ամեն ջանք գործ են դնում հայ երեխային ընթերցանության նյութ տալ: Սրանք աշխատում են, մշակում են, կյանքից են վերցնում, փոխադրում, հարմարեցնում են: Բայց և այնպես, հայ ընտանիքը, հայ ժողովրական անհատականությունը դպրոցում չէ, հեռու է նրանից:

Չեն կարողանում օգնել և մեր մասնագետ մանկավարժները: Նրանք դասագրքեր են կազմում, բայց իրանք մանկական գրողներ չեն: Օրինակ, Առաքել Բահաթրյանը: Նա, իհարկե, շատ լավ հասկանում է ժողովրդական բանաստեղծության ահագին դերը մանկավարժության մեջ և ինքն էլ դիմում է այդ աղբյուրին: Գիտե նույնպես, որ չէ կարելի վերցնել ժողովրդական բանաստեղծությունն այնպես, ինչպես որ նա կա` գավառաբարբառով, անմշակ: Նա իր վրա վերցրեց և գրական մշակումը, բայց կարծես միայն ապացուցելու համար, թե կարելի է լինել լավ պատրաստված, հմուտ, գուցե նույնիսկ տաղանդավոր մանկավարժ, բայց լինել միևնույն ժամանակ շատ խակ իբրև գրող, իբրև գեղարվեստորեն պատմող: նայեցեք նրա «Առաջին ընթերցարանին»: Որքա՜ն արհեստականություն լեզվի և արտահայտության եղանակի մեջ, որքա՜ն չորություն, ցամաքություն: Ո՜չ երևակայություն, ո՛չ ոգևորություն, ո՜չ ոճ: Սառն, անտարբեր պատմող է, առանց նույնիսկ չափի զգացմունքի:

Ս. Մանդինյանն էլ ամբողջովին ժողովրդական բանաստեղծության վրա հիմնեց իր «Ընտանեկան աշխարքը»` կատարելով և այդ նյութի վերամշակում: Սակայն նրան էլ չէր տված մանկական գրողի ձիրքր: Վերամշակման գործը թույլ անհատական կարողություն է ցույց տալիս: Դա համարյա լոկ խմբագրություն է. սրբագրություններ, կրճատումներ, շտկումներ: Թեև ճոխ են ժողովրդական դարձվածքները, բայց նյութերը ներկայացնում են չհղկված, չմաքրված գոհարներ. մանավանդ մանկական լեզվի և առանձնահատուկ ըմբռնման կնիքը չունին: Ընթերցողը կարծում է, թե ժողովրդական հեքիաթների մի ժողովածու է կարդում և ոչ թե մանկական մի դասագիրք:

Պակասում էր հայ դպրոցի մեջ հայի հանդն ու հոտը, հայի արտն ու գոմը, տունն ու օջախը, պակասում էր մանավանդ այն լեզուն, որով հայ ընտանիքը խոսում է իր մանուկների հետ:
Այդ բոլորր մեր դպրոցի և գրականության մեջ մտցնողը Ղազարոս Աղայանն էր: Մեզանում նա կատարեց Ուշինսկու դերը: Հայ ընտանիքը, հայ ժողովրդական ինքնուրույնությունը, հայ ժողովրդական կրթության հոգի ու հիմք դարձնողը Աղայանն էր: Եվ այն է մեծագույն գործը, որ միշտ անմոռաց պիտի պահե Աղայանի անունը հայ ժողովրդի մեծամեծ երախտավորների շարքում:
Ես համեմատեցի Աղայանին Ուշինսկու հետ: Բայց պետք է ավելի պարզել այդ հանգամանքը: Իմ խոսքը, կրկնում եմ, մանկավարժական մասնագիտության մասին չէ: Ես չեմ կարող ասել, թե իբրև թեորետիկ մանկավարժ Աղայանը ինչո՞վ է նման ռուս մեծ մանկավարժին և ինչո՞վ է տարբերվում նրանից: Ուշինսկին բազմակողմանի զարգացած մարդ էր, պրոֆեսոր է եղել. գիտեր բազմաթիվ օտար լեզուներ, հինգ տարի ապրել է արտասահմանում, գրել է գիտական մեծ արժեք ունեցող ուսումնասիրություն մանկավարժության մասին: Իսկ մեր Աղայանին մենք տեսանք,- հայ ժողովրդի խղճուկ իրականությունից դուրս եկած մի ինքնուս, հազիվ դեսից-դենից սեփական աշխատանքով, սեփական ըմբռնողությամբ կրթական պաշար հավաքած: Ե´վ բնական է, և´ անխուսափելի, որ այդ երկու մարդկանց մեջ տարբերություն թեորիայի, գիտության փորձերի տեսակետից մեծ լինի: Այս կողմից ես համեմատություններ դնելու հավակնություն էլ չունեմ:
Բայց որ երկուսի կատարած գործը միանման է ոգու, հետևանքի տեսակետից- այս, կարծեմ, ուրանալ չէ կարելի: Ռուսը իր մեծ, բազմամիլիոն ժողովրդի առջև և հայը իր փոքրիկ ժողովրդի առջև միանման երախտիք ունեն ժողովրդական կրթության գործում:
Եվ այնուհետև Ուշինսկու և Աղայանի գրական ճանապարհները տարբերվում են: Ուշինսկին միայն իր դասագրքերի մեջ է մանկական գրող, մինչդեռ Աղայանը իր դասագրքերից դուրս էլ մանկական գրականություն ունի: Աղայանը մանկական բանաստեղծ է, գեղարվեստական գրող է: Նա միայն վերամշակող չէ, նա ստեղծագործական թափ ցույց է տալիս թե´ ոտանավոր և թե´ արձակ բանաստեղծության մեջ:

IV
Բանաստեղծը

Համարյա միաժամանակ, ութսունական թվականների սկզբում, Աղայանը հրատարակեց երկու գիրք՝ «Անահիտ» և «Սրինգ հովվական»: Նույն միջոցներին էլ «Վարժարան» ամսագրի մանկական բաժնում, ապա և «Աղբյուրի» մեջ տպվում են նրա մի շարք մանկական գրվածքները:
Այս բեղմնավոր գործունեությունը կարծես նրա համար էր, որ միանգամից ընդմիշտ, հաստատապես, վերջնականապես որոշվի Աղայանի տեղը մեր գրականության մեջ: Եվ իրավ, կարճ միջոցում այդ բանը կատարված է: Որոշված է տեղը: Բարձր և եզակի մի տեղ: Այդտեղ Աղայանը մի հատիկ է, չունի հավասարը, չունի մրցակից: Այն տեղն է դա, ուր խոսում է հայ ժողովուրդը, այն տեղը, ուր ինքը Աղայանը, իբրև, այդ ժողովրդի մի բեկոր, խոսեցնում է ժողովրդական կյանքը: Միանգամից ամենքը ճանաչում են Աղայանին: Գիտենք, որ նա ժողովրդի տաղանդն է: Գյուղական ժողովրդի տաղանդը:
Ի՞նչպես է նա գրականության մեջ բերում այդ ժողովրդական տաղանդը:
Նա ահագին պաշար ունի և ընտրում է այն, ինչ համապատասխանում է իր գաղափարներին, իր գեղարվեստական բնավորության: Եվ վարվում է այդ նյութերի հետ թե իբրև ստեղծագործող և թե իբրև վերարտադրող, վերամշակող:
Ինքնուրույն ստեղծագործական աշխատանքը նա ցույց է տվել «Անահիտի» մեջ: Գրել է նա այդ հին զրույցը Շուշում՝ օգտվելով տեղային ավանդություններից: Այստեղ երևում է Աղայանի հեղինակային դեմքը: Այստեղ նա ինքն էլ է ավելացրել ժողովրդական համառոտ սյուժեի վրա: Իսկ ժողովրդական հեքիաթների վերաբերմամբ նա մշակող, գեղեցկացնող է: Հեքիաթի նյութի հետ նա այնպես չէ վարվում, ինչպես «Անահիտի» նյութի հետ: Աշխատում է հարազատ մնալ բնագրին, աշխատում է վերամշակման մեջ պահպանել ժողովրդական բանահյուսության համն ու հոտը, արտահայտության ձևը: Այսպես է, օրինակ, «Սրինգ հովվականի» մեջ տպված «Աստուծո պահած գառը գայլը չի ուտիլ» սքանչելի կտորը, որի երկար վերնագիրը նա հետո փոխեց, դարձրեց «Անտառի մանուկը»:
Այսպես էր ժողովրդական բանահյուսությունը գրական-գեղարվեստական կերպարանք ստանում Աղայանի գրչի տակ:

Բայց միայն ժողովրդի պատրաստած նյութերը չէին բանաստեղծական ներշնչում ազդում Աղայանին: Նա ինքն էլ երգող էր: Երգում էր գյուղի կենցաղը, երգում էր բնական ու պարզ կերպով: Ճիշտ այնպես, ինչպես այդ կենցաղն էր բնության ծոցում:
Այժմ առանձին-առանձին վերցնենք Աղայանի բանաստեղծական գործունեության այս երեք աղբյուրները:

Բայց նախ նկատենք, որ երեք աղբյուրներն էլ կրում են միատեսակ կնիք` բարոյագիտական: Այս արդեն Աղայանի գեղարվեստական խառնվածքն էր: Նա ինքը խոստովանում է, թե իր բնավորության մեջ մանկությունից ընդմիշտ հաստատվեց հավատ, բարոյագիտական սկզբունք, որով և տոգորված են նրա բոլոր գրվածքները: Այս խոստովանության մենք պիտի ավելացնենք, որ ժողովրդական բանահյուսությունը ուրիշ կերպ չէր էլ կարող կրթել նրա ճաշակը: Չէ՞ որ ժողովրդի իդեալը բանահյուսության մեջ հենց այն է, որ չարը պատժվում է, բարին` հաղթանակում, առաքինությունը վարձատրվում է, իսկ բացասական հատկությունները դատապարտվում են:

Ավելորդ է ասել, թե հենց այս իդեալն է, որ անգնահատելի է դարձնում ժողովրդական բանահյուսության դաստիարակչական նշանակությունը: Տալ իր դեռահասակ ընթերցողին միշտ բարիի, գեղեցիկի օրինակներ, խաղաղ շինարար աշխատանքի, մշակության փառաբանությունը,- այս է Աղայանին ղեկավարող միակ տենդենցիան:

Այս կողմից վերին աստիճանի գրավիչ է «Անահիտը»: Դա արհեստի և դպրության հմայիչ փառաբանություն է: Նստակյաց, կուլտուրական ժողովուրդները այդպիսի պաշտամունք ունին ամեն տեղ, և «Անահիտի» հիմնական գաղափարը գուցե և միջազգային է: Բայց Աղայանի պատմվածքի մեջ այդ պաշտամունքը, ձեռարվեստի և գրագիտության հրաշալի մեծարանքը ստացել է խիստ ինքնուրույն ազգային գունավորում:

Պատմական այդ զրույցը Աղայանի գրչի տակ պատմական վեպ պիտի դառնար, բայց չէ դարձել, որովհետև ժողովրդական ավանդությունը մնացել է գերակշռող և ստացել է այնպիսի ձև, որ հեռացնում է պատմվածքը վիպագրությունից: Ինքնուրույն գեղարվեստական մշակում Աղայանը շատ ունի այդտեղ: Նկարագրությունները չափազանց պարզ են, խոր տպավորություն են թողնում: Բայց հաճախ հեղինակը ինքն իրան հեռացնում է, որպեսզի խոսե ավանդությունը, և խոսե այնպես, ինչպես կարող է խոսել մի ժողովրդի բերանացի զրույցը: Եվ այսպիսով, գրվածքը կես վիպական, կես հեքիաթական բնավորություն ունի:
Բայց այս խառն կերպարանքը ոչինչ արգելք չէր, որ Աղայանի այս գործը գնահատվի ըստ արժանվույն: Դա մի շատ սիրուն գործ է պատանիների ընթերցանության համար: Բայց նրան հափշտակությամբ կարդում էին և չափահասները: Աղայանը այստեղ խոսքի վարպետ է, տաղանդավոր պատմող, իսկ խոշոր ընդգծումներով ցուցադրած տենդենցիան ավելի ևս գրավիչ է դարձնում մեր գեղարվեստական գրականության զարդերից մեկը կազմող այդ գոհարը:

Զուտ գեղարվեստական հայացքների տեսակետից կարելի է գանգատվել, որ Աղայանը աշխատանքի, արհեստի շինարարության տենդենցիան չափազանց շատ է առաջ քաշել և դարձրել քարոզություն: Բայց այս եթե պակասություն է, մեր ամբողջ գրականության պակասությունն է: Մի պակասություն, որի արմատը մենք պիտի որոնենք ժամանակի պահանջների մեջ: «Անահիտը» ութսունական թվականների սկզբում է գրված և պիտի իր հարկը տար այդ ժամանակին: Հայոց հարցի ամենաեռուն ժամանակը, երբ ոտանավոր բանաստեղծությունը, վեպը, պատմվածքը, ամեն ինչ քարոզություն էր:

Աղայանը վերջաբանում ներկան համեմատում էր անցյալի հետ*
Մեր հայրենի սուրբ երկրումը,
Ուր Եդեմն էր անմահական,
Այժմ դժոխք է սոսկալի,
Լաց ու հառաչ գեհենական:
Չը կա մեր մեջ ոչ Վաչագան,
Ոչ Անահիտ մի իմաստուն,
Որ կործանեն այդ դժոխքը
Եվ տան հային բարօրություն,
Միակ հնարը մեզ մնում է`
Սովրել արհեստ, սովրել ուսում,
Սրանք են այն թալիսմանը,
Որ տարտարոս է կործանում[5]:

Նյութի մշակության տեսակետից «Անահիտին» նման է «Տորք Անգեղ և Հայկանուշ գեղեցիկ» պոեմը, որ լույս տեսավ նույն ութսունական թվականների երկրորդ կեսին: Այստեղ Աղայանը ժողովրդի կենդանի խոսքի մեջ ապրող մի զրույց չէ ունեցել, այլ գրավոր աղբյուր, այն է` հին դյուցազներգության մի փոքրիկ հատուկտոր, որ մնացել է Խորենացու պատմության մեջ: Այս փոքրիկ նյութը նա մշակել է ինքնուրույն աշխատանքով, այնպես որ նյութից մնացել է միայն Տորք Անգեղի առասպելական ուժը: Գրվածքը ամբողջովին ոտանավոր է, և Աղայանը դրանով ապացուցել է, թե չափական արվեստի միջոցով էլ նա շնորհք ուներ ստեղծագործելու:

Հին առասպելը նույնպես երգի ձև է ունեցել, ինչպես վկայում է Խորենացին: Եվ Աղայանը իր հերոսին նույնպես երգել է ժողովրդի երևակայության և գեղարվեստական ըմբռնողության չափերով:

Դա հսկաների աշխարհն է: Դա հեքիաթական այն կախարդիչ միջավայրն է, ուր վիթխարի, անհեթեթ ուժն է տիրում իբրև իրավունք: Ամեն տեղ աժդահաներ, գերմարդկային ուժի գործեր: Հեքիաթների աշխարհում ստեղծագործական մեծ թափ ստացող Աղայանը այստեղ, այս հսկաների մեջ, իր բանաստեղծական հարազատ միջավայրում է: Գիտե նկարագրել անհեթեթությունը, նրա գործի մեջ երևացող աժդահաները ուրույն-ուրույն են, իրար չեն նմանվում:

Բոլոր հսկաների թագն ու պարծանքը նրա դյուցազնն է՝ Տորքը: Աչքերը մի-մի կապույտ ծով, ունքերը՝ մութ ամպի նման, քիթը` մի բլուր, ատամներն՝ ուրագ, եղունգները՝ թուր, կուրծքը` լեռան մի լանջ, մեջքը` սարաժայռ, կռները՝ գերան: Խորենացին, պատմելով Տորքի ուժը, ասում է, որ պարսիկները ասում են, թե իրանց Ռոստոմ Սագճիկը հարյուր քսան փղի ուժ ուներ. բայց հայ Տորքը երգի մեջ Ռոստոմից էլ ուժեղ էր: Աղայանը, սակայն, իր հերոսին տվել է միայն հիսուն գոմեշի ուժ: Առյուծ, վագր, ամեն տեսակ վայրի գազան ընկճվում էին նրա դժնյա դեմքից, նրա ուժից: Մի գյուղում չարացնում են նրան: Նա արմատից պոկում է մի մեծ ծառ և նրանով ավլում է ամբողջ գյուղը և գետնին հավասարեցնում: Ժայռեր է պոկում, եղունգներով հղկում, վրան գրում:

Այսքան անհեթեթ ուժի մեջ բնականորեն նստած պիտի լինի ավերիչ մի գոռոզություն, իշխելու, ամեն ինչ ստրկացնելու մի անհեթեթ կամք: Բայց Աղայանը այստեղ հարազատ է մնացել իր բարոյագիտական սկզբունքներին: Ի՞նչ կլիներ, եթե աժդահաների աժդահա Տորքը միմիայն բացասական, հակամարդկային ուժը կրեր իր վիթխարի կազմվածքի մեջ: Այնպիսի բան չէր թույլ տա Աղայանը. նա չէր թույլ տա, որ աշխարհն ավերվի, մարդկությունը դժբախտանա մի անհեթեթ հսկայի քմահաճույքով:

Եվ նրա Տորքը բացասական սկզբունք չէ, բարի և բարերար սկզբունք է: Շինարարության, մարդկայնության տիպար: Նա հովիվ էր, բայց որմնադիր էլ էր, ճարտարապետ: Իր քանդած գյուղը նորից շինում է, երբ բարկությունն անցնում է: Երկրի խաղաղության և մարդկանց երջանկության մասին է մտածում: Թագավորի խորհրդականն է դառնում և երկրի կուսակալը: Իսկ երբ գնում է իր սրտի սիրած աղջկան ուզելու, այդտեղ ահարկու աժդահան դեն է դնում իր ուժն ու անսահման կարողությունը և հսկա, շինարար ու խաղաղ մարդու սրտով է մոտենում իր Հայկանուշին:

Տեսարանը Գուգարաց աշխարհումն է: Այդտեղ լեռներ, այդտեղ հսկաներ: Այդտեղ կախարդիչ ամրոցներ, ձորեր ու այրեր, աժդահաներով, փահլևաններով լցված: Հսկայական մրցություն կա նրանց մեջ Հայկանուշին տիրանալու համար: Միայն Տորքր կարող է բոլոր ախոյաններին ջարդել ու խլել Հայկանուշին: Բայց նա կռիվ ու ավերում չէ գցում: Խոսում է մարդկային լեզվով, համոզում է, խաղաղության և հաշտության օրինակ է տալիս ու այդ միջոցով է հասնում իր նպատակին: Եվ այսպիսով դուրս է գալիս մի բոլորովին գերբնական վայրենի ուժ, բայց հպատակված մարդկայնության, քաղաքակրթության, խելքին: Աղայանի իդեալն այն է, որ աշխարհի ուժերը մարդու բարօրության ծառայեն:

Ոտանավոր պոեմի մեջ Աղայանը թեև արտահայտիչ է, բայց այնքան ուժեղ չէ, ինչպես հովվերգական ոտանավորի մեջ: Երկար ոտանավորի մեջ նա միաշունչ չէ, հաճախ թուլանում է, նույնիսկ արհեստականության հասնում:

Ուրիշ է նա, երբ երգում է իր սրտից, երգում է իր հարազատ աշխարհը գյուղն ու գյուղացուն, անդն ու անդաստանը, կյանքն ու աշխատանքը: Այսպիսի երգեր բազմաթիվ չեն. «Սրինգ հովվական» փոքրիկ տետրակի կեսը հազիվ են բռնում: Այդ ժողովածվից հետո էլ Աղայանը տվել է ոտանավորներ ու երգեր: Բայց այդ փոքրիկ քանակությունը Աղայանի բանաստեղծական ամբողջ հարստությունն է: Մի այնպիսի հարստություն, որ մի ուրիշը գուցե ձեռք չբերեր նույնիսկ մի քանի հատորների միջոցով:

Այստեղ է գյուղի զավակը բանաստեղծական խորունկ ներշնչում ստանում, այստեղ է նա իր պարզ, վճիտ, նույնիսկ անարվեստ հանգերով հմայում: Ընտրություն անել այդ փոքրիկ գոհարների մեջ անկարելի է: Ամենքն էլ սիրուն են, անուշահոտ, ամենքն էլ խոխոջում են լեռան աղբյուրի պես:

Ո՞րն ընտրես: Արդյոք «Ճախարա՞կը»՝ պարտքերի և աղքատության տակ ճմլված գեղջկուհու, հայ ընտանիքի հիմնաքարը կազմող այդ աննկատելի, բայց դարերից ի վեր վեհ ու մեծագործ դյուցազնուհու վշտի ու տառապանքի մեղմ, քնքշիկ, բայց մինչև սրտի խորքը թափանցող աղաղակը: Արդյոք «Սերմնացա՞նը», որ հերկել է իր դաշտը, ոռոգել է հողը իր ճակատի քրտինքով և հանձնում է իր այդ ամբողջ գործը, իր մի միակ հույսը Աստծու խնամքին:

Վիշտ, դառնություն, կորացնող ու չորացնող կարիք: Ա՞յս չէ մի խեղճ ժողովրդի հոգին ու զգացմունքները խոսեցնողը: Եվ Աղայանը խոսեցնում է մի այնպիսի լեզվով, որի մեջ միայն փոքրիկ առօրյա փաստերն են մրմնջում, առանց պաթոսի, առանց հորդ զեղումների: Մի անարվեստ մրմունջ, որ թովում է իր անմեղ պարզությամբ, ճիշտ այնպես, ինչպես մի մանուկ պատմում է իր սև ճակատագիրը:

Եվ վարակիչ է այդ թախիծը, այդ խոր վիշտն ու դարդը: Բայց հուսակտուր ու կորագլուխ մի անճարություն չէ ժողովուրդը: Եթե այդպես լիներ, նա երկար ու երկար դարեր չէր կարող տանել իր վզին փաթաթված լուծը: Նա ուժ է ստանում ինքն իր միջից, նա ապրում է, որովհետև գիտե օրհնաբանել իր դառն աշխատանքը, գիտե սրբացնել նրան: Բնության և մարդկության անողոք օրենքներին հնազանդ, նա կարողանում է սիրտ, զգացմունք պահպանել իր մեջ և այդ սիրտն ու զգացմունքները, ամբողջովին նվիրել իր դաշտին ու սարին, իր մշակության, իր տառապանքների մշտական աղբյուրին:

Երբ դուք կարդում եք Զենդ-Ավեստայի[6] օրհներգները, ձեր առջև կանգնում է բնության բարի տուրքերի, երկրագործական, անասնապահության կրոնը, սքանչելի իր պարզությամբ և անկեղծությամբ, մանկական, միամիտ, բանաստեղծական: Եվ զգում եք, թե ինչպես մի ժողովուրդ կարող էր բնության անհրապույր ու անհյուրընկալ պայմանների մեջ անգամ ծաղկեցնել իր երկիրը, շեն ու առատ պահել իր օջախը, ունենալով այդպիսի հավատ, այդպիսի պաշտամունք, սրբացնելով իր հավատարիմ օգնական անասուններին և երկրագործի դաժան աշխատանքը համարելով ամենամեծ առաքինությունը աշխարհի վրա, ամենամեծ սրբագործությունը, որ կարող է մարդուն տանել երանության բարձունքները:
Հայ ժողովուրդն էլ մի ժամանակ պաշտել է այդ բնական կրոնը: Եվ այսօր էլ նրա արյան մեջ, ինչպես և ամեն մի երկրագործ ժողովրդի, ապրում է այն պաշտամունքը: Աղայանը միայն վիշտն ու ցավերը չէ երգել, այլև սրբացրել, պաշտամունք է դարձրել ցավերի ու վշտերի աղբյուրը` աշխատանքը:
Ահա քնած հովիվը: Նրա անկողինը սարի լանջն է, բարձը` չեչոտ քարը, իսկ վերմակը՝ մի կտոր կապերտ: Բայց Աղայանը փառաբանում է այդ բոլորը.

Այս է հովվի անկողին,
Ուխա՜յ, ուխա՜յ, ի՞նչ սիրուն Է...
Եվ երգում է.
Երբ անձրև է կաթկաթո~ւմ,
Կաթկաթում,
Եվ կապերտը թըխկթըխկում,
Թըխկթըխկում,
Հովիվն անուշ քնի մեջ`
Կապերտում,
Քաղցր երազ է տեսնում.
Եվ խնդում, ծիծաղում:
Ուխա~յ, ուխա~յ, սիրուն Հովիվ,
Քունդ անո~ւշ:

Իսկ ջրաղացպա՞նը: Ջրաղացի աղմուկն ու պտույտներն են նրա քնի անուշությունը: Եթե հանկարծ դադարի այդ աղմուկը, ջրաղացպանը վեր կթռչե տեղից՝ կարծես թնդանոթի հարված է լսել:

Ահա խոզարածն անտառում.
Խիտ անտառի մութ խորքումը.
Մի տեսակ խուղ կա շինած:
Անդուռ, անպատ, անպատուհան,
Գերաններ են թեք դրած...
Բայց երջանիկ է խոզարածը: Գող թուրք ու քուրդ չէ մոտենում նրան, որովհետև խոզի հոտ է գալիս:

Եվ այսպես, ամեն ինչ լավ է, սիրելի է: Այսպես են հնձվորները դաշտում: Ա՜խ, ի՜նչ լավ է խոտ հարելը, ի՜նչ հեշտ է արտ հնձելը: Եկե´ք, մենք էլ սովորենք:
Եվ Աղայանի վճիտ, խոր թափանցող բանաստեղծության ազդեցության տակ չէ կարելի չսիրել այդ բոլորը, ինչ գյուղական կյանքն է հանդես բերում իբրև շինարար աշխատանք դառն ցավերի մեջ, իբրև դարավոր եռանդ` մրցության միջոցով բախտ շինելու, ապրուստ հարդարելու համար: Ահա այս է կարողությունը, այն հոգեկան արիությունը, որ ապրեցնում է ամեն մի ժողովուրդ:

Մնում է ժողովրդական ոգու մի այլ կողմը՝ նրա երևակայությունը, նրա աշխարհայացքը, նրա երգն ու պատմվածքը: Այստեղ Աղայանը ավելի ևս բեղմնավոր գործունեություն է ցույց տվել: Նա ունի հեքիաթների մի մեծ քանակություն: Կարելի է ասել, որ չէ մնացել փոքրիշատե հայտնի մի հեքիաթ, որ մտած չլինի Աղայանի գրչի տակ՝ կոկվելու, մշակվելու, զարդարվելու և գրական լեզու ստանալու համար:
Թե ինչ աջողություն է նա ունեցել այս գործի մեջ, այդ ամեն մի բացատրությունից լավ ցույց է տալիս այն, որ Աղայանը մեզանում վաղուց ստացել է հայկական Անդերսեն անունը: Եվ իրավացի կերպով: Չենք ասում, թե նա հեքիաթների վերամշակման մեջ միանման աջողություն է ունեցել: Կան թույլ փորձեր, բայց դրանք քիչ են: Իսկ թե ինչ աստիճանի է հասնում հեքիաթ մշակելու տաղանդը Աղայանի մեջ, դրա մի փոքրիկ նմուշ թող լինի «Անտառի մանուկը»: Մեր լեզվի, մեր գեղարվեստի համար ի՜նչ գանձ է հենց այս կտորը:

«Անտառի խորքում մի ճոճ կար կապած և նրա մեջ մի մանուկ դրած: Լաց էր լինում մանուկը: Մայր չկար մոտը, որ ծիծ տար, հայր չկար, որ պահպաներ: Անտառումը մարդ չկար:
Մի գթոտ պախրակով՝ կաթնալից կրծքով, եկավ ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուր ձայնով երեխին ասեց.

Սիրուն երեխա, որբ ես մնացել,
Քո անբախտ մորը գերի են տարել.
Նա գնաց, կորավ, էլ ետ չի գալու,
Էլ ոչ մի անգամ քեզ ծիծ չի տալու:
Նա քեզ փաթաթեց լայն տերևներով,
Ճոճի մեջ կապեց «Նանիկ» ասելով,
Նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին նանիկն ասում էր լալով. «Մեծատերև թաթաշոր,
Մանրատերև ոտաշոր,
Քամին կանի՝ ժաժ կտա,
Պախրեն կըգա՝ ծիծ կտա»:
Ահա եկել եմ, որ քեզ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես...

Ով գիտե այս հեքիաթի բնագիրը, նա միայն կարող է ասել, թե որքան հարազատությամբ Աղայանը տվել է նրա բոլոր մանրամասնությունները, նյուանսները, բայց մշակված ձևով, գեղարվեստական չափի ու վայելչության ենթարկած:

Նույն արժանավորություններով է գրված և «Արեգնազան կամ կախարդական աշխարհ» մեծ հեքիաթը, որ իսկ որ կախարդիչ է: Նույն արժանավորություններն ունին և նրա բազմաթիվ այլ հեքիաթները («Օձամանուկ և Արևահատ» «Արևամանուկ», «Լուս ու մութ աշխարհ»[7], «Այծատուր», «Զանգի- Զրանգի» և այլն, և այլն):

Հայ ժողովուրդը մի բանաստեղծ հանեց իր ծոցից, տվեց նրան իր ստեղծագործությունից մեծ պաշար, տվեց նրան իր պարզ սրտից, իր վճիտ զգացմունքից, իր սերից ու հավատից, իր շնորհքից ու տաղանդից շատ ու շատ բան: Եվ ուղարկեց նրան հայ մանուկներին դաստիարակելու: Աղայանը կազմեց դասագրքեր («Ուսումն մայրենի լեզվի»), լցրեց նրանց մեջ այս ժողովրդական հարստությունները: Մենակ մեր հիշածները չեն այդ գրքերի մեջ: Հարյուր ու մի ուրիշ մանր-մունր սիրուն կտորներ, մանկական թոթովանքներ, առակներ ու առածներ: Ամբողջ փնջերով, ամբողջ խուրձերով հոտավետ ծաղիկներ, բուրումնալից դալարներ, կաթնաղբյուր ու լուսաղբյուր, համ ու ճաշակ:
Եվ հաղթանակեց ժողովրդականը: Մեծ աջողություն ունեցան Աղայանի դասագրքերը: Նա հետևողներ ունեցավ, բայց հետևողները (օր. «Լուսաբերը») չկարողացան բռնել նրա տեղը: Եվ այսօր էլ հայերեն լեզվի դասավանդության լավագույն ձեռնարկը Աղայանինն է:

Պատճառն այն է, որ Աղայանը շատ լավ գիտեր, որ երեխային պետք է սովորացնել իր մայրենի մաքուր, պարզ, անխառն լեզուն, որ իր հարազատ ձևերով ու բառամթերքներով տար գեղարվեստական ամբողջություն: Նա չէր ստրկանում ժողովրդական լեզվին, որ բազմաթիվ գավառաբարբառներից է կազմված, ունի ամեն մի բարբառին հատուկ քերականական ձևեր և օտարաբարբառներով ծանրաբեռնված խառնուրդներ:

Աղայանը շատ քիչ էր զիջում անում գավառաբարբառներին և ընդհանրապես աշխատում էր, որ դասագրքերի մեջ լեզվի միաձևություն տիրե: Այդ նպատակը նա իրագործում էր մեծ աջողությամբ: Ուսուցիչը նրա դասագիքերի վրա սովորացնում է զուտ մաքուր հայերենը, միայն հայերենը, և ստիպված չէ լինում թուրքերենի թարգմանիչ էլ դառնալ մանուկների առջև:

Օրինակելի է Աղայանի ոճը, սքանչելի պարզ, կանոնավոր, անհարթություններից համարյա թե զերծ:

Օրեցօր մեր լեզուն աղճատվում, այլանդակվում է, զրկվում է իր կենդանի հյութերից, դառնում է արհեստական, օտար, խորթ: Աղճատում են նրան ամենքը. և անգրագետ գրականագետները, և մամուլը, և նոր աշխարհայացքների առաքյալները, երբ ուզում են փրկել հայ ժողովուրդը իրանց փիլիսոփայություններով:

Աղճատում է և հայ դպրոցը: Սա ամենից սարսափելին է:

Աղայանի լեզուն պետք է հեռու պահե հայ դպրոցը այդ ոճրագործությունից: Այդ լեզուն պետք է դառնա ամեն տեղ օրինակ, հիմք, առաջնորդող...

V
Հրապարակախոսը

Ղազարոս Աղայանը իր գրական գործունեության ընթացքում հաճախ երևացել է մեր հրապարակախոսության ասպարեզում: Մեզ հարկավոր է մի քանի խոսք ասել նրա գործունեության այս կողմի մասին:

Բայց այստեղ չենք կարող անտես անել մի հանգամանք:

Վերջին տարիներս մեզանում մտքի վայրենությունը բավական առաջ է գնացել: Ծայրահեղ անհամբերողությունը, որ ռուսահայոց լրագրական շրջանակներին և կուսակցություններին միշտ հատուկ է եղել, վերջին տարիներս մտքի տեռորի կատարյալ կերպարանք է ընդունել: Աղայանը գրում էր հողվածներ օրվա հարցերի մասին: Բավական չէր, որ նրան պատասխանում էին հայկական պոլեմիկայի սիրած ու գուրգուրած և օրեցօր կատարելագործվող միջոցներով՝ հայհոյանքով, անվանարկություններով, զրպարտություններով: Բավական չէր այս: Նրանից բացարձակապես պահանջում էին, որ չգրե օրվա հարցերի մասին: Եվ այս պահանջը քողարկում էին մի իստակ հայկական սկզբունքով: Ասում էին, թե վիպագրողը, բանաստեղծը իրավունք չունի հրապարակախոս լինելու, դա նրա բանը չէ. թող Աղայանը գրե հեքիաթ, «Հարություն և Մանվել», այդ նրա բանն է, բայց հրապարակախոսության մեջ չպիտի երևա, որովհետև նա հրապարակախոս չէ:
Այդ արգելքը մտքի վայրենության խոշոր նշաներից մեկն է: Ամեն մարդ խոսում է հրապարակում, արտահայտում է իր կարծիքները, իր դավանանքները: Խոսել, միտք պաշտպանել - դա մարդու ամենատարրական իրավունքներից ամենապարզն է: Եվ ոչ մի տեղ, ոչ մի ժամանակ այդ ամենապարզ իրավունքը չէ խլվել և չէ կարող խլվել մարդ անհատից, ինչ պարապմունքի տեր էլ նա լինի: Ոչ մի տեղ չէ արգելվում օրվա չարիքների մասին խոսել մեծ գեղարվեստագետներին, գիտնականներին:
Եվ այսպիսի մի արգելքը, բացի անպատիվ լինելուց, ծիծաղելի էլ կլիներ: Ռուս հասարակությունը Վլադիմիր Կորոլենկոյին երբեք չի ասի` «Слепой музикант»[8]-ի պես գեղարվեստական երկեր գրեցեք, ամսագրի («Русское богатство») խմբագիր մի լինեք[9] և օրվա հարցերի մասին հոդվածներ մի գրեք: Երբ Էմիլ Զոլան ամբողջ Ֆրանսիան տակնուվրա արավ իր միջամտությամբ Դրեյֆուսի գործի մեջ, նրան չասացին. «Գրեցեք միայն «Նանաներ», «Ժերմինալներ», օրվա չարիքը կազմող Դրեյֆուսի գործը ձեր ի՞նչ բանն է, դուք հո հրապարակախոս չեք»: Կամ երբ նույն Զոլան ուղարկում էր «Вестник Европы» ամսագրին իր նշանավոր «Փարիզյան նամակները»[10], ո՞վ բռնեց նրա ձեռքը:
Ուրիշ բան է, եթե մեկը ավելի ընդունակ է լինում հրապարակախոսության մեջ, մյուսր` պակաս: Այս երևույթը բոլոր ասպարեզներում գոյություն ունի: Ամեն ինչ կախված է անհատի բնավորությունից, խառնվածքից: Բնավորություններ կան, որոնք ինչ էլ լինեն, գրող թե արվեստագետ կամ թե գիտնական, չեն կարող հասարակական կյանքի մեջ գործուն դեր չկատարել, չեն կարող արձագանք չտալ օրվա անցքերին ու դեպքերին: Եվ հակառակը, բնավորություններ կան, որոնք լուռ են նայում կյանքին, բավականանում են հանդիսատեսի դերով: Երբ գերմանացիները 1870-ին պաշարել էին Փարիզը, ահագին մայրաքաղաքի մեջ բազմաթիվ բանաստեղծներ կային, բայց միայն Վիկտոր Հյուգոն էր, որ օր ու գիշեր ման էր գալիս դժբախտության ենթարկված մայրաքաղաքում և գրում էր իր «L´année Terrible»-ը[11]: Հռչակավոր Վիրխովը մինչև իր կյանքի վերջը Բեռլինի քաղաքային վարչության ամենաեռանդուն և ամենաբարեխիղճ անդամներից մեկն էր:
Ահա թե որքան տկար ու խեղճ է այն միտքը, որ ասում է, թե բանաստեղծը չէ կարող հրապարակախոս լինել: Չզարմանանք, որ հայկական մտքի այս երերումների ու աղքատության տարիներում նույն այդ միտքը դարձել է նույնիսկ իբր թե փիլիսոփայական գյուտ: Մենք փիլիսոփաներ էլ ունենք, վնաս չունի, եթե մի քիչ տնաբույս: Եվ դրանցից մեկը, Արսեն Տերտերյան, ահա մի տարի է միմյանց ետևից բրոշյուրներ և գրքեր է հրատարակում[12] և նրանց մեջ շարունակ միևնույն երգն է երգում, բանաստեղծը հրապարակախոս չէ կարող լինել, որովհետև բանաստեղծը խաղաղություն և հաշտություն է բերում, իսկ հրապարակախոսը` կռիվ:
Այստեղ տեղը չէ այդ «փիլիսոփայողին» քննելու: Ես մի ուրիշ անգամ կանեմ այդ: Առայժմ կասեմ այսքանը: Համաշխարհային գրականության պատմությունը ծիծաղում է այդ հայկական գյուտի վրա: Միայն այդ պատմության անտեղյակ լինելն է, որ հնարավոր է դարձնում երջանիկ գյուտեր անելը, գյուտեր, որոնք եթե օրենք դառնան նույնիսկ միայն մեր հայկական խեղճ միջավայրում, պիտի ջնջեն մի շարք մեծ բանաստեղծների անունները գրականության պատմության էջերից:
Հուսալ կարելի է, սակայն, թե այդքան քաջության չի հասնի մեր մտավոր վայրենությունը: Եթե մեղկ սերունդներ կան, որոնք վայելք են պահանջում միայն և հաշտություն ու խաղաղություն են որոնում, այդ չէ նշանակում, թե չեն եղել և չպիտի լինեն սերունդներ, որոնք ոգևորվում են մարտական կոչերով, և ջղուտ, ինտենսիվ գործունեության գաղափարով: Արսեն Տերտերյանը, Աստծու ողորմությամբ, կարող է իր սերնդի օրենսդիրը լինել, բայց ոչ ամբողջ մարդկության, ոչ բոլոր ժամանակների համար: Դա ծիծաղելի է - մարդկային ոգու համար սահմաններ գծել, թվահամար կրող հրահանգների հոդվածներ գրել:

Ղազարոս Աղայանը այնպիսի բնավորություններից չէր, որոնք կարող են զգալ հասարակական ցավը, բայց լռել: Ամենավառ հետաքրքրությամբ վերաբերվելով օրվա հարցերին և ունենալով իր սեփական անհատականությունը, որ խոսել է ուզում և պիտի խոսեր, նա գրել է շատ հրապարակախոսական հոդվածներ: Եկեք ու ապացուցեք, թե այդ մարդը միևնույն ժամանակ չէր կարող գրել և «Տորք Անգեղ» կամ «Մանի´ր, մանի´ր»:

Ճիշտ է, որ հրապարակախոսությունը, ինչպես և վիպագրությունը, Աղայանի գրականության մեջ մշտական մի ճյուղ չէ եղել սկզբից մինչև վերջ. ճիշտ է, որ նա սիստեմատիկ, հետևողական հրապարակախոսություն չէ ունեցել: Բայց որ նա հրապարակում խոսել է շատ հաճախ, ամեն անգամ, երբ խոսելու պահանջ է զգացել, այս իրողություն է, որ դեռ յոթանասնական թվականների սկզբից Աղայանին երևեցնում է մեր լրագրական ասպարեզում: Եվ այստեղ էլ նա նույն Աղայանն է - համարձակ խոսքով, շիտակ, անկեղծ նույնիսկ իր մոլորությունների մեջ և, որ գլխավորն է, պայքարող: Արդեն ասացինք, որ Աղայանի հուժկու և զարմանալի ինքնուրույն բնավորությունը չէր կարող թույլ տալ, որ նա լինի մի խմբակի, մի կուսակցության հլու հպատակ: Սկզբում մենք տեսնամ ենք նրան «Մեղվի» մեջ պայքարելիս Արծունու դեմ: Մի ժամանակ նա եղավ «Փորձի» ղեկավարներից մեկը: Բայց հետո նա արդեն պայքարող էր «Մեղվի» և մեղվականության դեմ, «Արձագանքի» և Աբգար Հոդհաննիսյանի դեմ: Եվ արդեն «Մշակում» է գրում, Արծրունու հոբելյանն է գլուխ բերում: Հետո դարձյալ պայքար «Մշակի» դեմ, այս անգամ արդեն ոչ Արծրունու «Մշակի» դեմ:

Գաղափարները, որոնք նրան խոսել էին տալիս այդ զանազան դիրքերում, պարզ ու հաստատուն էին: Ազգային ինքնուրույնություն և նրա գլխավոր գործոնների զարգացում - սա գլխավորն էր, ժողովրդական - առաջադիմական հայեցակետ, պաշտպանություն դպրոցական-դաստիարակչական ազատ և բնական սկզբունքների՝ ընդդեմ ռուտինայի և սքոլաստիկայի: Նա պայքարում էր Արծրունու հետ, որովհետև նրանից շատ լավ էր ճանաչում հայ ժողովուրդը, նրանից շատ լավ գիտեր հայերենը: Ո՞վ չէ հիշում նրա տաք վիճաբանությունը Րաֆֆիի հետ, Րաֆֆին իր «Կայծերի» մեջ հայրենիքի ազատագրության հերոսներ էր դարձրել քավոր Պետրոսի պես մի խաչագողի, Աղայանն ասում էր, թե դա նվիրական գաղափարի սրբապղծումն է, թե հայրենիքի ազատագրության գործում չարագործ խաչագողները չպիտի իդեալացրած հերոսներ դառնան, որովհետև իսկապես էլ չեն կարող դառնալ:

Վերջապես, Աղայանի հրապարակախոսության հետ ծանոթանալ կամեցողը բավական է, որ վերցնի «Մուրճի» մեջ տպված նրա «Ժամանակակից ատենախոսությունը», որ լույս է տեսել և առանձին գրքույկով (1898): Դա մի ամփոփ ու ամբողջ ուսումնասիրություն չէ, այլ խորհրդածություններ զանազան հարցերի վերաբերմամբ: Իսկապես իրար հետ հազիվ կապված հոդվածների մի շարք, որոնք ամենայն վստահությամբ կարող էին առաջնորդողի տեղ գրավել մի լրագրում: Այդտեղ նա խոսում է և կրոնների նշանակության մասին և թե ի´նչ է իսկական ազգասիրությունը, ի´նչ է ազգերի համերաշխությունը:
Ինքնատիպ և ինքնուրույն, ոչ շաբլոնական մտածողության պտուղներ, զարդարված պատմությունից և իրականությունից վերցրած գեղեցիկ օրինակներով: Ոճը վերին աստիճանի ընտիր, լեզուն վճիտ ու գեղեցիկ, ինչպես Աղայանի բանաստեղծությունները:

Այդտեղ տեսնում ենք և մի նյութ, որի մասին 1898-ին մեզանում խոսող չկար: Աղայանը գտնում էր, որ հայ գյուղի հետամնացության և դժբախտության պատճառը մասնավոր սեփականությունն էր: Գյուղը կարող է վերածնվել, բոլորովին նար, հրաշալի աշխարհ դառնալ, եթե համայնական սեփականության դիմեր: Եվ նկարագրում է մի գյուղ (իհարկե, երևակայական), որ արդեն իրագործել է համայնատիրական սկզբունքը, ոչնչացրել է մասնավոր սեփականությունը: Մեր գրականության մեջ այդ գրավիչ ուտոպիայի մյուս օրինակն է Րաֆֆիի «Խենթի» երազը: Անշուշտ Աղայանին այդպիսի դրախտ ներշնչողը եղել է Բելլամիի հայտնի «Հարյուր տարի հետո» ուտոպիական վեպը, որը և նա թարգմանել է հայերեն[13]:
Քաղաքների վերաբերմամբ Աղայանը առայժմ արդեն անկարելի է համարում համայնատիրական սկզբունքը: Միակ ելքը նա այն է գտնում, որ քաղաքներում ապրող խոշոր սեփականատերերի կարողությունը գոնե մաս-մաս համայնականանա կրթական և կուլտուրական նպատակներին հատկացվող նվերների միջոցով: Եվ որովհետև կրթական կուլտուրական պահանջներն ընդհանուր են մեր երկրի ամբողջության համար, առանց ազգայնական խտրությունների, ուստի նա պահանջում էր, որ նվիրաբերությունները, բարեգործությունները նեղ ազգայնական բնավորություն չկրեն: Հայ մեծատունը հո պարտավոր է իր հային օգնել, բայց պարտավոր է և չմոռանալ վրացի, ռուս, թուրք կարոտյալներին: Ինչո՞ւ մի հայ մի գիմնազիա չէ բաց անում իր հաշվով: Ինչո՞ւ հայ հարուստը թոշակներ չէ տալիս և ոչ հայ ուսանողներին: Այսպիսով կբարձրանար հայ ազգի պատիվը, կմեղմանային ազգայնական սուր շփումները, և համերաշխությունը ազգերի մեջ իրական կդառնար:

Ասում են, որ Աղայանը կրքոտ էր բանակռիվների մեջ: Սա ճիշտ է: Բայց ո՞վ է ազատ այդ պակասությունից, թող նա քար բարձրացնե: Սկսած Նազարյանից ու Նալբանդյանից, սկսած մեր հրապարակախոսության ամենավաղ առավոտից, կգտնե՞ք գոնե մեկին, որ կիրք ու անձնականություն չլիներ խառնած իր գրվածքների մեջ: Սա հատկապես ռուսահայ մամուլի արատն է: Ի´նչ սարսափելի էջեր ասեք, որ չլինեն նրա մեջ: Անձնական կիրքը, անձնական հաշիվները նույնիսկ գեղարվեստական գրականության մեջ են մտցրել: Իսկ առօրյա հրապարակախոսությո՞ւնը… Աղայանը խիստ էր խոսում, կրքով էր խոսում: Բայց ի՞նչպես էին խոսում նրա հետ: Արծրունին գրում էր, թե Աղայանի վեպերը կարելի է միայն կլոզետում[14] դնել: Րաֆֆին Աղայանի այն նկատողության, թե հայրենասիրությունը խաչագողներին հերոսացնել չէ կարող, պատասխանում է մի առակով, որ ղարաբաղցի էշի բանն էր պատմում: Եվ Աղայանն էլ պատասխանեց նրան բրուտի շան առակով[15]:

Ցավը ընղհանուր է, ռուսահայ մամուլի հետ ծնված և նրա անբաժան ուղեկիցը: Բայց մի ժամանակ կար, երբ բացասականի հետ դրական ավելի շատ բան ուներ մեր մամուլը: Գրողներ կային, մտքեր կային, գաղափարները հաստատուն էին: Անցավ այդ ժամանակը, պակասեց միտքը: բովանդակությունը և սկսեց զարգանալ միայն բացասականը, կիրքը, անձնականությունը, անկերպարանությունր, միջոցների անխտրականությունը: Եվ ներկայումս հայ մամուլը հասել է այն դրության, որ կարելի է ասել, թե խեղդվում է իր արատների մեջ: Սանձարձակությունը վաղուց անցել է բոլոր սահմանները, անկումն ու վայրենացումը սպառնում են խլել տպագրական խոսքից հարգանքի վերջին նշույլներն էլ:

Աղայանը մարտնչում էր այս զարհուրելի պայմանների մեջ էլ: Հավատում էր նա, թե կա ընթերցող հասարակություն, որ ոչ միայն գիտե զանազանել չարն ու բարին, այլև կարող է պատժել չարը: Բայց նա չտեսավ այդպիսի բան մեզանում:
Նա մեռավ գրիչը ձեռքին: Եվ այդ գրչի տակից դուրս եկած վերջին խոսքերն էլ բողոք էին հայ իրականության այն ամենավատ երևույթի դեմ, որի ներկայացուցիչն է հայ մամուլը: Մեռնելուց մի երկու օր առաջ, զգալով մոտալուտ վախճանը, նա տվել էր իր թղթերն ու նամակները Հովհաննես Թումանյանին և ասել էր. «Դու վկայի՛ր»:
Թուլությո՞ւն: Գուցե: Բայց հասկանալու համար աչքի անցկացրեք այն, ինչ թափեցին նրա գլխին մահից մի քանի օր, մի կամ երկու շաբաթ առաջ: Անհավատալի հրեշավոր պիտի թվա այդ բոլոր տպագրվածը վաղվա սերնդին, եթե նա քրքրե մեր ներկայի պատկերը կազմող տպագրական արատները: Կարելի՞, հնարավո՞ր է, ո՞ւր է տեսնված, որ այնքան բարի մի ծերունուն, որ աշխարհի համար երեխայի պես լաց էր լինում, անվանեին մարդասպան և մարդասպանություն քարոզող: Եվ որ ամենասոսկալին է, այդպես անվանողները մի քանի օրից հետո գնացին կանգնեցին Աղայանի դագաղի մոտ, որպես թե... հարգանք մատուցանելու համար: Ակամա հիշում ես Նեկրասովի խոսքերը.

Бывали времена хуже,
Но подлее никогда![16]

VI
Հյունը

Անկարելի է հիշատակել Աղայանի անունը առանց նրա հռչակավոր հյունի:
Աղայանր սիրում էր լեզվական հարցերը և իր գրական գործունեության սկզբից զբաղվել է այդ հարցերով: Այսպես դեռ 1870-ական թվականներին նա հրատարակեց մի բրոշյուր «Հայկական հնչյունների մասին»[17], որի մեջ քննադատում էր թուրքահայերի գործածական տառադարձությունները:
Իսկ հյունական ուղղագրությունը նա սկսեց մտցնել մեր մեջ, եթե չեմ սխալվում, 1888 թվականից: Ուղղագրական այդ սիստեմի մասին ավելորդ է խոսել, նա այժմ մեզանում շատ է տարածված, շատ է գործածական: Աղայանը մեր լեզվի մեջ մի խոշոր ներմուծության հեղինակ է: Նա ինքը տեսավ իր այդ գործի հաղթանակը: Բայց չնայած դրան, մինչև իր կյանքի վերջին օրերը նա անշեջ եռանդով պաշտպանում էր իր այդ ռեֆորմը բոլոր չընդունողների դեմ: Պաշտպանում էր թե՛ խոսքով և թե՛ գրով: Քսաներեք տարի շարունակ, անընդհատ մաքառել է իր հյունի համար: Ոչ ոք չէ կարող ասել, թե կա մի ուրիշ դատ, որ այդ աստիճան մոլեռանդ պաշտպանություն ունեցած լիներ մեր կյանքում: Քսաներեք տարվա ընթացքում այս խնդրի առիթով նրա գրած հողվածներից, բանակռիվներից կարելի է հատորներ կազմել: Եվ չէ կարելի ասել, թե միանգամայն անօգուտ կլինեն այդ հատորներր: Աղայանը մանր ուսումնասիրությունների մի մեծ պաշար ունի, ուր մեր լեզվի, մեր բառերի հետաքրքրական հարցերն են շոշափվում:

Նրան ասում էին, թե նա լեզվագետ չէ, ծանոթ չէ համեմատական լեզվագիտության, ուրեմն և չէ կարող հեղինակություն համարվել։ Բայց զարմանալի բան: Լեզվաբանները, համեմատական լեզվագիտության ծանոթները երբեք չկարողացան ջախջախել Աղայանի սիստեմը, չկարողացան ապացուցանել նրա հիմնովին սխալ լինելը: Ընդհակառակն, Աղայանի կողմն անցան այնպիսի հայեր, որոնք անուն ունին գիտության մեջ:

Պետք է, սակայն, այն էլ ասել, որ Աղայանը իսկապես գյուտ անող չէր: Հյունական ուղղագրությունը միանգամայն անծանոթ չէր անցյալ դարերի հայության: Կան XVII դարի տպագրություններ, որոնց մեջ ճիշտ այդ ուղղագրությունն է տիրում: Ասում են, որ Տաթևի վանքի անվանի Քոթուկն էլ, ձեռագիր, նույն այդ ուղղագրությունն ունի: Աղայանը չէր թաքցնում այս հանգամանքը, ասում էր, որ ինքր չտեսնված նորություն չէ մտցրել, այլ միայն վերահաստատել է այն ուղղագրական կանոնը, որի ճշտությունը զգացվել է դեռ անցյալ դարերում:

Բայց այս ցո՞ւյց է տալիս, թե Աղայանը փոխ է առել հյունագրությունը հնությունից: Այդպիսի բան ասել չէ կարելի: Եվ հենց զարմանալին էլ այդ է: Աղայանը միայն այս վերջին երկու տարին իմացավ, որ կան հյունագիը տպագրություններ, կա ձեռագիր: Ուրեմն, միանգամայն անկախ կերպով, սեփական որոնումների միջոցով էր նա 22 տարի առաջ հյունի ուղղագրությունը մտցնում:

Ես ինքս երբեք չեմ եղել Աղայանի կողմնակիցը ուղղագրական այս հարցում: Կյանքիս մեջ ստիպված եմ եղել հարմարվել այն ուղղագրություններին, որոնք ընդունված են այս կամ այն օրգանի մեջ, ուր ես աշխատում էի. «Մշակի» մեջ ես յուրացրել էի մշակական ուղղագրությունը, որ Ռուսինյանի ուղղագրության հատակտորն է ներկայացնում. միաժամանակ, գրելով նոր «Մուրճում», ես յուրացրել էի ու-ական ուղղագրությունը. իսկ այժմ «Հորիզոնում» հյունական եմ[18]: Իմ սեփական, անկախ ըմբռնողությունն այն է, որ պետք է գրել այնպես, ինչպես դրում է հայ ազգի մեծամասնությունը, որ լեզվական և ուղղագրական ռեֆորմները պիտի լինեն հայ լեզվի սեփականատիրոջ, այսինքն ամբողջ հայության համաձայնությամբ և գործադրվեն ամեն տեղ:

Բայց այս հանգամանքը չէ արգելում խոստովանելու, որ Ղազարոս Աղայանը հաղթանակել է, որ նա անօրինակ եռանդով է պաշտպանել իր ռեֆորմը: Եվ այս շատ հատկանշական է Աղայանի բնավորությունը հասկանալու համար: Մի գաղափարի պաշտպանության համար նա ընդունակ էր ֆանատիկոսության անգամ հասնել: Հյունը նրա մշտական հոգսն էր: Չլինի՞ թե վնասվի իր այդ սիրասուն զավակը: Չլինի՞ թե կողոպտվի: Հյունը նրա համար անձնական հարց էր, և նա իր մոտիկ բարեկամներին անգամ չէր ներում հյունականության դեմ խոսելը: Նա ինքը շատ գեղեցիկ կերպով պատկերացրել է իր հյունամոլությունը մի ֆելիետոնի մեջ, որ տպված է «Տարազում»:

Հափշտակվել, բորբոքվել, չափազանցությունների մեջ ընկնել, ծայրահեղությունների հասնել - այս բոլորը կարելի է տեսնել հյունի պատմության մեջ, բայց խնդիրն էլ հենց այն է, որ այդտեղ էլ ծառանում է Աղայանի ամբողջ բարոյական և հոգեկան հուժկու ինքնուրույն բնավորությունը: Մարդը ինքն իրան չէր դավաճանում: Մարդը միանգամայն անկեղծ էր իր վերաբերմամբ: Դիմակավորվել, շպարվել, քաղաքականություն բանեցնել չգիտեր և չէր էլ կարող իմանալ:

Ահա թե ով անհետացավ մեր երկնակամարից: Մահկանացու են ամենքը: Բայց երանի նրան, ով կարողանում է կյանքի մեջ հետքեր թողնել, կատարած գործի գիտակցությունը պահել այս աշխարհի վրա:

Աղայանը այդպիսի երջանիկներից է: Մենք տեսանք նրան, նրա կյանքը, նրա գործը: Եվ այժմ կարող ենք մեզ համար անկասկածելի համարել, որ նա խոշոր մարդ էր և խոշոր գործիչ:

Մեր ազգային կյանքի ասպարեզում ոչ ոք, ինչպես ասում են, երկնքից աստղեր չի իջեցրել: Մենք ունեցել ենք խոշոր անձնավորություններ, տաղանդով օժտված անձնավորություններ, որոնք հանդիսացել են իրանց ժամանակի թարգմանը և կռել են մեր ժամանակակից պատմությունը:

Դրանց շարքի մեջ իր ամբողջ հսկա հասակով կանգնած է և Ղազարոս Աղայանը:

[1] «Դպրոց », 1874, N1, եր. 23 (ծանոթ. հեղ.):
[2] Տարաբախտաբար, ներկա րոպեին ես կարող եմ ձեռքիս տակ ունենալ իմ գրադարանի այն բաժինը, ուր հավաքված են մեր հին և նոր դասագրքերը, ուստի այս տեսությունը չէ կարող անթերի չլինել։ Ես կուզենայի մտցնել և թուրքահայոց դասագրքերը, բայց այս անկարելի եղավ առայժմ (ծանոթ. հեղ.):
[3] Այդ աշակերտներն էին Գևորգ Տեր-Ալեքսանդրյան, Գևորգ Բաբայան, Սմբատ Կարինյան, Ալեքսանդր Երիցյան, Միքայել Քոչարյան, Զաքարիա Գրիգորյան, Սարգիս Ետիգարյան, Գևորգ Ներսիսյան: Դա նույն խումբն էր, որ, ինչպես տեսանք, մեծ ազդեցություն է ունեցել Ղազարոս Աղայանի վրա (ծանոթ.հեղ.)
[4] Անցյալ 1910 թվականին հրատարակվեց այդ դասագրքի առաջին տարվա 140-րդ տպա-գրությունը։ Տարիներ են եղել, երբ հարկավոր է եղել երեք-չորս անգամ հրատարակել (ծանոթ. հեղ.):
[5] Մեր գրականության մեջ կարծիք կա հայտնված, թե Աղայանի «Անահիտը» և Թաղիադյանի «Վեպ Վարսենկանը» միևնույն աղբյուրն ունին։ Բայց սա մի մեծ սխալ է, որ առաջացել է Թաղիադյանի վեպին անտեղյակ լինելուց։ Նմանությունը միայն այն է, որ երկու գործն էլ Աղվանից կյանքից են, որ Թաղիադյանն էլ նկարագրում է մի ստորերկրյա զարհուրելի եղեռնագործական հիմնարկություն։ Ուրիշ նմանություն չկա «Անահիտի» և «Վարսենիկի» մեջ և չէ կարելի ասել, թե Աղայանը Թաղիադյանի ազդեցության տակ է եղել իր պատմվածքը գրելիս (ծանոթ. հեղ.):
[6] Զրադաշտական կրոնի սուրբ գրքերի ժողովածու:
[7] Հեքիաթի լրիվ վերնագիրն է «Մանկական աշխարհ կամ լուս ու մութ աշխարհներ» (ծանոթ. կազմողի):
[8] «Կույր երաժիշտը»: Գրվել է 1886-ին, հայերեն թարգմանությունը` 1901թ. (ծանոթ. կազմողի)
[9] «Русское богатсво» ամսագիրը (1876-1918) Վ. Կորոլենկոն խմբագրել է 1892-ից (Ն. Միխայլովսկու հետ): Միխայլովսկու մահից հետո (1904) ամսագիրը ընդմիջումներով խմբագրել է Կորոլենկոն:
[10] «Вестник Европы» (1866-1918) ամսագրում Զոլայի «Փարիզյան նամակները» տպագրվել են 1875-1880թթ. ընթացքում:
[11]«Ահեղ տարի»: Հրատարակվել է 1872-ին (ծանոթ. կազմողի)
[12] Նկատի ունի Արսեն Տերտերյանի «Վահան Տերյան. ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը (Թիֆլիս, 1910), «Միքայել Նալբանդյան. Ազգության հրապարակախոսը (Ալեքսանդրապոլ, 1910) և «Շիրվանզադե. հայ ընտանիքի և ինտելիգենցիայի վիպասանը» (Թիֆլիս, 1911) գրքույկները:
[13] Էդուարդ Բելլամիի «Հարյուր տարի հետո» (1888) վեպը հրատարակվել է նաև «Ետադարձ հայացք: 2000-1887» ( ռուս. թարգմ.`«2000 թվականին» (1889), «Ապագա դար» (1899) և «Ոսկեդար» (1905) խորագրերով: Այս երկն Աղայանը թարգմանել է Նոր Նախիջևանի աքսորավայրում`1889-ին: Թարգմանության սկզբնամասը տպագրվեց «Լումա» հանդեսի հավելվածում, իսկ շարութնակությունը և նախատեսված հրատարակությունն առանձին գրքով` արգելվեց գրաքննության կողմից:
[14] Կլոզետ-արտաքնոց (գերմ.), (ծանոթ. կազմողի):
[15] Լեոն փոքր-ինչ շփոթում է. թե «ղարաբաղցի էշի բանը» պատմող («Դիոս և էշեր») և թե «Բրուտի շունը» առակները գրել է Րաֆֆին` խնդրո առարկա բանավեճի առիթով: Աղայանի պատասխանը կոչվում է «Առակ ընդ առակին»
[16] Երկտողը, որոշ տարբերությամբ («Бывали хуже времена, но не было подлее») առկա է Ն. Ա. Նեկրասովի «Ժամանակակիցներ» պոեմում` որպես ցիտում (ոչ ճշգրիտ) Վ. Կրեստովսկու «Երջանիկ մարդիկ» պատմվածքից: Վերջինիս բնագիրն այսպիսի տեսք ունի. «Бывали времена хуже-подлее не бывало»: Հետագայում Նեկրասովը, որոշ փոփոխակով («Бывали времена и хуже, но не было подлей») երկտողն օգտագործել որպես էպիգրամ` լիբերալ տնտեսագետ Ի. Կ. Բաբստի դեմ:
[17] Լույս է տեսել 1874-ին:
[18] Տերմին, որն օգտագործել է «վ» տառի փոխարեն «ու» կամ «ւ» գրելու կողմնակիցների հասցեին (անուան-անւան, լեզուաբան-լեզւաբան, գրուածք-գրւածք և այլն): Հյունականները «ւ»-ի կողմնակիցներն էին, ուականները` «ու»-ի:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ