ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 39
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Գարեգին Չուգասզյան
Նոր նորմերի ձևավորում (ռուսերեն)

Մեթոդական մշակումներ

Парванян Гаяне.
Дистанционное обучение

Հասմիկ Ղազարյան
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Լեո
Ղազարոս Աղայան

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Աստված հավատում է ինձ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ալբերտ Էնշտեյն
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Հայկազ Մարգարյան
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Սպաները[1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Անգլիական դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարգարիտ Սարգսյան
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Նաիրա Դալուզյան
Օլիմպիական գարուն մեր դասարանում
Օլիմպիական գարուն մեր դասարանում

Սովորողների գարնանային օլիմպիադան իսկական եռուզեռ առաջացրեց դասվարների, սովորողների և ծնողների մեջ: Սկզբում ծնողները մի քիչ շփոթված էին, նրանք չէին պատկերացնում, թե ինչպես պետք է երեխաները աշխատեն: Անսովոր էր, որ երեխաները գրքից ոչ մի հանձնարարություն չեն ստանում: Հատկապես անհանգիստ էին այն ծնողները, որոնք չէին կարողանում օգտվել համակարգչից և ինտերնետից: Նրանք տեսան և գնահատեցին իրենց երեխաների առավելությունն իրենց նկատմամբ, քանի որ երեխաների համար էլեկտրոնային տարբերակով հանձնարարությունը կատարելը սովորական բան է և ավելի հեշտ է ուղարկել կամ կրիչներով բերել դպրոց:

Կրտսեր դպրոցականի` 1-4-րդ դասարանցու ուսումնական գործունեության մեջ միշտ կարևորված է երևակայության զարգացումը, և մեր աշխատանքները հիմնականում ստեղծագործական են, բայց այս օլիմպիադան մի ուրիշ ոգևորություն առաջացրեց: Երեխաները ոչ միայն հորինում են պատմություններ, հանելուկներ, շուտասելուկներ, այլ ինքնուրույն ստեղծում են իրենց ընթերցարանները` իրենց թեմաներով, իրենց լուծումներով, իրենց ձևավորմամբ: Նրանց ազատություն էր տրված, և ամեն ինչ որոշում էին ինքնուրույն: Դասվարի` աշխատանքը կազմակերպելու օգնությունը նրանց պետք չեկավ: Ես ցանկանում էի խմբային աշխատանքներ կազմակերպել և այնպես անել, որ խմբում ամեն մեկը իր գործը ունենա: Սակայն երեխաները ցանկացան առանձին-առանձին աշխատել և ստեղծել իրենց անհատական ընթերցարանները: Շատ հետաքրքիր ստացվեց:
Երեխաները իրենց պատմությունները մուտքագրում էին, էջերը ձևավորում իրենց նկարած կամ ինտերնետային կայքերից ընտրած նկարներով, ոմանք աշխատանքի վրա հղումներ էին դրել և այլն: Յուրաքանչյուրը փորձում էր այնպես անել, որ ոչ միայն իր պատմությունը լավը լինի, այլ ամբողջ աշխատանքը լինի նաև կատարման առումով (տեխնիկապես) ավելի հետաքրքիր և գեղեցիկ: Այս ընթացքում նրանց ՏՀՏ հմտությունները նկատելիորեն լավացան: Եթե մինչ այս կային երեխաներ, որոնք այս կամ այն պատճառով ավելի վատ էին տիրապետում համակարգչային տարբեր ծրագրերի, հիմա սկսեցին աշխատել այդ ուղղությամբ: Արդյունքում նրանք ինձ «ստիպեցին» իրենց սովորեցնել այն ծրագրերը և այն հմտությունները, ինչ իրենց այդ պահին պետք էր` ձայնագրել, կապեր ստեղծել և հղումներ անել և այլն:
Երեխաները սովորեցին նաև ճիշտ պլանավորել իրենց աշխատանքները:
Իսկ ինչքա´ն կարդացինք և ինչքա´ն խոսքային աշխատանք արեցինք այս ընթացքում: Ամեն օր ես գրատախտակի վրա բացում էի օրվա թեմայով կատարած նրանց աշխատանքը, և միասին կարդում էինք, սխալներն ուղղում, խմբագրական շտկումներ անում: Առաջին օրերին երեխաները այքան էլ ուշադիր չէին, և տեքստերի մեջ բավականին շատ սխալներ կային, իրենք էլ դժվարությամբ էին սխալները գտնում: Օր առ օր նրանք ավելի գրագետ աշխատանք էին բերում, իսկ ընկերների սխալներն ավելի արագ էին գտնում և ուղղում: Դա նպաստեց նրան, որ երեխաները ավելի ուշադիր էին գրում, մի քանի անգամ կարդում էին իրենց գրածը (ինչը նախկինում մեծ դժկամությամբ էին անում) ուղղում և միայն նոր հանձնում ինձ, արդյունքում մեզ ավելի քիչ աշխատանք էր մնում: Զարգանում են ինքնաստուգման և ինքնահսկման կարողությունները:

Մաթեմատիկական խնդիրները հետաքրքիր էին, բայց մի քիչ բարդ: Այն երեխաները, որոնք ինքնուրույն կարողանում էին խնդիրները լուծել կամ լուծման տարբերակներ փնտրել, շատ ոգևորված էին: Նրանք չէին էլ սպասում, որ ես առաջարկեմ քննարկել այս կամ այն խնդիրը: Հենց առաջին դասամիջոցին սկսում էին իրար պատմել, թե ինչպես են լուծել այս կամ այն խնդիրը, ինչ եզրակացություն են արել: Վիճում էին, փորձում իրար համոզել, ապացուցել, ստուգել իրենց եզրակացությունները: Նրանց վեճերին ու փաստարկներին հաճույքով հետևում էինք ես և մյուս ընկերները: Այսպիսի վեճերը նպաստում են նրանց բանավիճելու, իրենց տեսակետը ապացուցելու, ինչու չէ նաև բանավոր խոսքի կարողությունների զարգացմանը: Երբեմն երեխաների մտածողության զարգացմանը ավելի շատ կարող են օգնել նմանատիպ քննարկումները, քան խնդրի լուծման բուն ընթացքը:
Աշխատանքը շարունակվում էր նաև գարնանային արձակուրդի օրերին. ես երեխաների հետ աշխատում էի համացանցում. «Օլիմպիկը»  նպաստեց նաև հեռավար ուսուցմանը: Արձակուրդից հետո երեխաները հիմնականում արդեն լրացնում են «Օլիմպիկ» և «Բնագետիկ» ամսագրերը: Շատ լավ է, որ այս հարցում երեխաներին օգնում են նրանց ծնողները: Ես կարող եմ ասել, որ օլիմպիադան համաընտանեկան է: Համոզված եմ, որ ամսագրերն էլ են ընթերցարանների նման հետաքրքիր և բազմազան կլինեն: Եվ արդյունքում կրտսեր դպրոցականները մանկական դասական գրականության հետ նաև իրենց ստեղծած հետաքրքիր-գրավիչ նոր ընթերցարանները կունենան:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ