ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 39
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Մեր առաջնեկը` մեր գարնանայինը

Գարեգին Չուգասզյան
Նոր նորմերի ձևավորում (ռուսերեն)

Մեթոդական մշակումներ

Парванян Гаяне.
Дистанционное обучение

Հասմիկ Ղազարյան
Դպրոցականների օլիմպիադան՝ այլընտրանքային ուսուցման ձև

Լեո
Ղազարոս Աղայան

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Աստված հավատում է ինձ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ալբերտ Էնշտեյն
Երևակայությունը կարևոր է գիտելիքից

Հայկազ Մարգարյան
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Սպաները[1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Անգլիական դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Մարգարիտ Սարգսյան
Օլիմպիադա. ի՞նչ ենք առաջարկում և ինչո՞ւ…

Նաիրա Դալուզյան
Օլիմպիական գարուն մեր դասարանում
Որտեղ փնտրել ահաբեկչության արմատները

Ովքե՞ր էին ասասինները: Ի՞նչ գիտենք այդ խորհրդավոր միջնադարյան աղանդի մասին: Նրանց պատմությունը, ինչպես նաև տեղեկությունները նրանց հանելուկային առաջնորդի մասին պատված են առասպելների, լեգենդների և զանազան հորինվածքների թանձր շերտով, այնպես որ հիմա դժվար է տարբերել իրականությունը հորինվածքից:

Աղանդի մյուս անվանումը` հաշիշականներ (հաշիշ սիրողներ), լեգենդի տեսքով մեզ է հասցրել Մարկո Պոլոն: Ըստ նրա մարդասպաններ պատրաստելու գործում հաշիշ էր օգտագործվում: Ընտրված թեկնածուին հաշիշի ազդեցության տակ տեղափոխում էին «դրախտի այգի», ուր նրան էին սպասում անմահական խորտիկներ ու փերիներ: Նորից այնտեղ ընկնելու համար նա պիտի կատարեր տրված հանձնարարությունը: Միջնադարյան Եվրոպայում հաշիշականների համբավը նույնն էր, ինչպես հիմա Արևմտյան երկրներում Ալ-Քաիդայինը: Մուսուլման ֆանատիկների աղանդի մասին տեղեկությունները Եվրոպայում տարածվեցին դեռևս առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ: Նրա մասնակիցները հետախուզական տվյալներ էին հաղորդում գաղտնի մարդասպանների խմբավորումների, ժամանակակից լեզվով ասած` ահաբեկիչների մասին: Խմբավորումը հիմնականում բաղկացած էր պարսիկներից, և նրանում տիրում էր խիստ կարգապահություն և անսահման հնազանդություն ավագների նկատմամբ: Հայտնի էր, որ նրանց ղեկավարում էր Լեռան Ծերունին. այսպես էին խաչակիրներն անվանում Հասան իբն Սաբբահին:

Արտաքինն ու վարքը քիչ էին համապատասխանում նրա կատարած գործերին: Հանգիստ, խելացի ու փափուկ բնավորություն ունեցող այս մարդը միաժամանակ հոգևոր-ահաբեկչական օրդենի դաժան ու ցինիկ առաջնորդ էր: Նրա ստեղծած ցանցային պետությունը միավորել էր Պարսկաստանի, Սիրիայի, Իրաքի և Լիբանանի որոշակի լեռնային շրջաններ, որոնք ընդհանուր սահմաններ չունեին: Շեյխի կյանքը գաղտնիք էր հասարակ անդամների համար: Նրան վերաբերվող բոլար տեղեկությունները պահպանվում էին խիստ գաղտնի:

Երեք հարյուր տարի Լեռան Ծերունու աղանդն իրավամբ համարվում էր Միջնադարի ամենահիմնական ահաբեկչական կազմակերպությունը: Նրանց թիրախը դարձան բազմաթիվ թագավորներ, սուլթաններ, բարձր պաշտոնյաներ, տարբեր ազգի ու հավատի գիտնականներ և այլ անձինք: Մարդասպանները նրանց սպանում էին հենց իրենց պալատներում:

Հասան իբն Սաբբահը ծնվել է 1051 թ. պարսկական Կում քաղաքում: Ստացել է իր ժամանակի համար բավականին լավ կրթություն և մանուկ հասակից մեծ հետաքրքրություն է դրսևորել գիտության և իմացության նկատմամբ: Հասանն ամբողջ հոգով նվիրված էր իր կրոնին` իսլամին: Բայց նրա կյանքը կտրուկ փոխվեց, երբ ծանոթացավ իսմաիլյանների նվիրյալ Ամին Զարրաբի հետ: Շեիթական այս ուսմունքի քարոզչի հետ երկար զրույցները խոր կնիք թողեցին իբն Սաբբահի աշխարհայացքի և հետգա կյանքի վրա: Դառնալով իսմաիլականների մոլի հետևորդ` Հասանը միտք հղացավ ստեղծել ոչ մեկից կախում չունեցող շեիթական պետություն: 1081 թ. գալով Ֆաթիմյանների խալիֆայության մայրաքաղաք Կահիրե, նա սկսեց կողմնակիցներ հավաքագրել: Ներկայանալով որպես Նազիրիթյանների գաղտնի իմամ և ցուցաբերելով քարոզչական մեծ տաղանդ` նա իր կողմը գրավեց մեծաքանակ հետևորդների: Սակայն շուտով գժտվեց Եգիպտոսի կառավարչի հետ, ձերբակալվեց և ուղարկվեց Թունիս, բայց նրան տանող նավը խորտակվեց ծովում: Փրկվելով նավաբեկությունից` Հասանը վերադարձավ հայրենիք` Պարսկաստան:

Որոշ ժամանակ Հասան իբն Սաբբահը համարվում էր շեիթական ուղղության բազմաթիվ սուֆիստական օրդեններից մեկի առաջնորդը: Մյուս օրդենների առաջնորդներից շեյխ Հասանը տարբերվում էր իր գործնականությամբ: Եթե մյուս սուֆիստները տարված էին Աստծու էության, մարդկային հոգու բնույթի և այլ աստվածաբանական ու փիլիսոփայական քննարկումներով, ապա Հասանը զբաղվում էր իրական քաղաքականությամբ:

Հասանին դրան էր դրդում նաև մերձավորարևելյան տարածաշրջանի տագնապալի իրավիճակը: Պարսկաստանի, Սիրիայի և Լիբանանի բնակիչները հոգնել էին երկարատև պատերազմներից և խաղաղության ու նոր կարգերի սպասելիքներ ունեին:

Երբ 1090 թ. հալածված եգիպտական իշխանությունների կողմից որպես աղանդավոր, Հասանը հաստատվեց Արևմտյան Պարսկաստանի լեռնային դժվարամատչելի հատվածներից մեկում, արդեն ճանաչված ու աչքի ընկնող առաջնորդ էր: Նրա ղեկավարած իսմաիլ – նիզարիթյան խմբավորումը, որը հետագայում ստացավ հաշիշինների կամ ասասինների օրդեն անունը, մեծ համբավ ուներ տարածաշրջանում:

Աստիճանաբար ստեղծվում է ուժեղ ու ամուր գաղտնի կազմակերպություն, որի քարոզիչներից բաղկացած բջիջները տարածվեցին ողջ խալիֆայությունում: Նրանք ոչ միայն իրենց գաղափարներն էին քարոզում, այլև զբաղվում էին հետախուզական բնույթի տեղեկությունների հավաքումով: Այդ քարոզիչները առաջնորդի ցանկացած պահին արագ վերածվում էին մարտական ջոկատների:

Ահաբեկչական պետություն դառնալու ճանապարհին առաջին քայլը եղավ հարմար տարածքի նվաճումը, որը պիտի դառնար արմատական շարժման կենտրոնը:
Բնության ու մարդկանց կողմից լավ ամրացված բերդերից ու ամրոցներից ընտրելով լավագույնը շեյխն իր նստավայրը հաստատեց Ալամուտ ամրոցում, որը թաքնված էր Կասպից ծովի ափամերձ լեռնաշղթաներում: «Ալամուտ» հենց նշանակում է արծիվների բույն:

Ամրոցին մոտենալը հեշտ չէր: Այն շրջապատված էր բարձր լեռներով, խոր ձորերով, արագահոս գետերով: Դա շատ հարմար ու ապահով տեղ էր գաղտնի գործունեություն ծավալելու համար: Խորամանկությամբ ու խաբեությամբ իբն Սաբբահը դարձավ այդ ամրոցի տերը: Սկզբում նա այնտեղ ուղարկեց իր քարոզիչներին և երբ տրամադրություններն ու բնակիչների մեծամասնությունը անցան նրա կողմը, ամրոցի պարետին ոչինչ չէր մնում, քան առնել իր մարդկանց ու հեռանալ ամրոցից: Իբն Սաբբահն այնքան մեծահոգի գտնվեց, որ որոշակի գումար փոխանցեց պարետին:

Կյանքի մնացած 34 տարիները շեյխն ամբողջովին անցկացրեց իր լեռնային նստավայրում: Ավելի ուշ ասասինների տիրույթներին ավելացան նման բազմաթիվ ամրացված շրջաններ Քուրդիստանի, Պարսկաստանի, Սիրիայի և Լիբանանի լեռնային շրջաններում: Գործում էին խոսքով ու քարոզով, իսկ երբ դրանից արդյունք չէր լինում` դիմում էին զենքի: Ասասիններին օգնում էր նաև տարածաշրջանի լարված իրավիճակը կապված Սելջուկների պետության գահաժառանգության համար պայքարով: Ալամուտ ամրոցի մի խումբ ֆանատիկների վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, մինչև ասասինների, քարտեզի վրա գոյություն չունեցող պետությունը, չանցավ քաղաքական և ահաբեկչական բուռն գործունեության: Այն գոյատևեց 1090-ից մինչև 1256 թվականները:

Հասան իբն Սաբբահը օրինակ էր ծառայում իր հպատակներին: Ապրում էր ասկետական կյանքով: Օրենքը պարտադիր էր բոլորի համար: Իր որդիներից մեկին նա մահապատժի ենթարկեց գինի խմելու համար, որն արգելված էր իսլամի կողմից: Մյուս որդուն նա սպանել տվեց` միայն կասկածելով քարոզչի սպանության մեջ:

Ստեղծելով իր պետությունը` իբն Սաբբահը կազմակերպեց ճանապարհների շինարարություն, ջրանցքներ փորեց, կառուցեց անառիկ բերդեր: Նա մեծապես գնահատում էր նաև գիտությունն ու գիտելիքները: Նրա քարոզիչները աշխարհի տարբեր ծայրերում գրքեր ու ձեռագրեր էին գնում, որոնք պարունակում էին տարբեր բնագավառի գիտելիքներ: Ալամուտ էին հրավիրվում (երբեմն էլ բռնի բերվում) շինարար ինժեներներ, բժիշկներ, ալքիմիկոսներ և այլ բնագավառի գիտնականներ: Դրա շնորհիվ ասասինները կառուցեցին այնպիսի պաշտպանական ամրություններ, որոնց նմանը չկար աշխարհում:

Իսմաիլիտ-նիզարիթյանների խմբավորումը ենթարկվում էր հետապնդումների և ճնշումների: Հասան իբն Սաբբահը դրանց պատասխանեց ահաբեկչությամբ:
Ահաբեկիչ ինքնասպանները չէին մտնում շեյխ Հասանի պայքարի սկզբունքների մեջ: Նրանք հայտնվեցին հետագայում: 1092 թվականին սալջուկ սուլթանի վեզիր Նիզամա ալ-Մալքը գլխատեց տեղական իսմաիլիտների ղեկավարին` նրան կասկածելով մուսուլման հոգևորականի սպանության մեջ: Շեյխը վրեժխնդրության կոչ արեց: Վրեժը լուծեց մի կամավոր Բու Թահիր Արրանի անունով: Վերջինս թունավորված դանակով վեզիրին սպանեց հենց իր պալատում և ինքն էլ սպանվեց վեզիրի պահնորդների կողմից: Ասասինները շրջապատեցին վեզիրի պալատը և հրկիզեցին այն: Ավանդության համաձայն նրանք կարողացան խլել իրենց զինակցի դիակը և թաղել մուսուլմանական ծեսով: Ի հիշատակն այդ խիզախության շեյխը հրամայեց ամրոցի դարպասի վրա պղնձյա տախտակ ամրացնել Բու Թահիր Արրանիի անունով, իսկ կողքին գրեցին նրա զոհի անունը: Հետագայում այդ տախտակը լրացվեց բազմաթիվ վեզիրների, իշխանների, մոլլաների, սուլթանների, շահերի, մարկիզների, հերցոգների և թագավորների անուններով:
Սակայն վերադառնանք ասասինների ահաբեկչության սկզբին: Առաջին ահաբեկչությունը պայթող ռումբի ազդեցություն ունեցավ և այնպես ցնցեց իսլամական աշխարհը, որ շեյխը համոզվեց, որ այդ տեխնոլոգիան արդյունավետ է: Մեծ ծախսեր պահանջող հսկայական կանոնավոր բանակ պահելու փոխարեն որոշվեց օգտագործել մարդասպան մահապարտներին. դա ավելի արդյունավետ էր և տնտեսապես արդարացված: Զուգահեռաբար ստեղծվեցին քարզիչներից բաղկացած բազմաթիվ գործակալական ցանցեր, որոնց անդամներից շատերը մուտք ունեին տարբեր երկրների իշխանական վերնախավերի շրջան: Այստեղ նրանք իրենց ցանցն էին հավաքագրում ոչ միայն հասարակ պալատականների, այլև շատ բարձրաստիճան չինովնիկների: Այսպիսով շեյխը տեղյակ էր իր բազմաթիվ թշնամիների պլանների մասին:

Ալամուտում ստեղծվեց ահաբեկիչ մարդասպանների դիվերսիոն մեծ դպրոց, որի սաները արհամարում էին մահը: Այստեղ ուսուցանվում էին մարտական արվեստի տարատեսակ, նույնիսկ չինական մեթոդներ: Ահաբեկիչ դառնալ ցանկացող երկու հարյուր մարդկանցից իբն Սաբբահը ընտրում էր հինգ-տասը հոգու:
Դպրոց ընդունվում էին ֆիզիկապես ուժեղ, ընտանիքների հետ կապերը խզած երիտասարդներ, որոնք գտնվում էին ամբողջապես շեյխի տրամադրության տակ: Նրանք ողջ օրն անց էին կացնում ֆիզիկական մարզումների և գաղափարական մշակումների մեջ: Ալամուտում Միջնադարի ահաբեկիչներին սովորեցնում էին իրենց գործում օգտագործել զենքի բոլոր տեսակները` նետահարություն, սրամարտ, դանակի նետում, ձեռնամարտի բոլոր կանոնները, ինչպես նաև թույների գործածում: Ահաբեկիչներին սովորեցնում էին այն երկրի լեզուն ու սովորույթները, որտեղ նա պիտի աշխատեր: Իսկ շեյխն ահաբեկիչներ էր ուղարկում իրեն հետաքրքրող բոլոր երկրները, տեղի իշխողներին սովորեցնելով համակերպվել այն մտքի հետ, որ նրանց ոչ պալատները և ոչ էլ հզոր միջնաբերդերը չեն կարող թաքցնել կամ պաշտպանել իբն Սաբբահի ամենահաս ձեռքից: Ուսանող ահաբեկիչներին սովորեցնում էին նաև դերասանական արվեստի գաղտնիքներին: Դա շատ կարևոր էր, քանի որ ասասինները իրենց սև գործը կատարելուն նախապատրաստվելիս պիտի խառնվեին տեղի բնակչության հետ և խաղային թափառական կրկեսային արտիստների, բժիշկների, քրիստոնյա քահանաների կամ մուսուլման դերվիշների, վաճառականների և այլ դերեր: Ասասինների զոհեր դարձան Միջնադարի շատ նշանավոր գործիչներ: Նրանցից էր Երուսաղեմի Լատինական թագավորության կառավարիչ Կոնրադ Մոնֆերրատը: Նրան սպանողները երկար ժամանակ ձևանում էին կաթոլիկ հոգևորականներ: Ընդհանուր առմամբ նրանց զոհերը դարձան երեք խալիֆ, վեց վեզիր, մի քանի տասնյակ տարբեր քաղաքների ու շրջանների կուսակալներ, բազմաթիվ ազդեցիկ հոգևոր առաջնորդներ և երկու եվրոպական ինքնակալ: Այդ ժամանակներից շատ եվրոպական լեզուներում ասասին բառը «վարձու մարդասպանի» հոմանիշն է:
Լեռան Ծերունին, ինչպես կոչում էին իբն Սաբբահին, իր կազմակերպությունում ստեղծել էր խիստ արդյունավետ աստիճանակարգ: Ամենաստորին աստիճանը զբաղեցնում էին ֆիդայինները, որոնք մահվան դատավճիռներն ի կատար ածողներն էին: Եթե նրանք մի քանի տարվա ընթացքում չէին սպանվում, ապա բարձրանում էին մի աստիճան և դառնում էին ավագ շարքային` ռաֆիկ: Այնուհետև գալիս էին դայիները, որոնց միջոցով փոխանցվում էին Հասան իբն Սաբբահի հրահանգները: Ավելի վերև կանգնած էին դայի ալ-կիրբալները, որոնք անմիջականորեն ենթարկվում էին Լեռան Ծերունուն:

Ասասինների գաղտնի կազմակերպությունը օրինակ է ծառայել աշխարհի բազմաթիվ նմանօրինակ խմբավորումների ու շարժումների համար: Խիստ կարգապահության, աստիճանակարգության և տարբերանշանների սկզբունքները ընդօրինակել են նաև եվրոպական օրդենները:

Իբն Սաբբահի կազմակերպության աստիճանակարգն իր մեջ ընդգրկում էր իրազեկվածության մի քանի կարգ: Որքան բարձր էր այդ կարգը, այնքան տեսանելի էր կարգը կրողի անհետևողականությունը իսլամի սկզբունքներին: Իբն Սաբբահի մարդկանց համար պարտադիր չէին կրոնական-հոգևոր սահմանափակումները: Նրանց համար բոլորովին այլ իմաստ ունեին «սուրբ նպատակ» և «սրբազան պատերազմ» արտահայտությունները: Նրանք նույնիսկ ալկոհոլ էին օգտագործում, շրջանցում էին իսլամի օրենքները և Մուհամեդ մարգարեի կյանքն ընդունում էին որպես գեղեցիկ ուսուցողական լեգենդ: Այդ յուրօրինակ կրոնական գաղափարախոսության հենքը գործնական քաղաքական նպատակամղվածությունն էր:

1095 թվականի նոյեմբերի 26-ին Հռոմի Ուրբանոս II Պապը կոչ արեց խաչակրաց արշավանք սկսել և ազատել Երուսաղեմն ու Սուրբ Հողը մուսուլմաններից: Հաջորդ տարի Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված խաչակիր զինվորները շարժվեցին դեպի Պաղեստին: Երուսաղեմը գրավվեց 1099 թ. հուլիսի 15-ին: Արդյունքում Մերձավոր Արևելքում հայտնվեցին մի քանի քրիստոնեական պետություններ` Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Տրիպոլիի և Եդեսիայի կոմսությունները: Դա նոր շրջադարձ էր և Մերձավոր Արևելքի և ասասինների օրդենի պատմության մեջ:

Չնայած տպավորիչ հաղթանակներին, խաչակիրների շարքերում միասնություն չկար: Զարմանալի է, բայց քրիստոնյա ասպետներն ու մուսուլման ֆանատիկներն ընդհանուր լեզու գտան: Քաղաքական տարաձայնություններն ու անձնական թշնամանքը խաչակիրները շատ հաճախ լուծում էին ասասին մարդասպանների օգնությամբ: Լուրեր էին շրջում, որ ասասիններին պատվերներ էին տալիս նաև հիվանդապահ և տաճարական ասպետները: Ասասինների դաշույնից ընկան խաչակիրների մի քանի առաջնորդներ:

Ասասինների օրդենի հիմնադիր և առաջնորդ Հասան իբն Սաբբահը մահացավ 1124 թ., 73 տարեկան հասակում: Նրան հաջողվեց ստեղծել ուժեղ ու գործունյա կրոնա-ահաբեկչական կազմակերպություն, որի հետ հաշվի էին նստում այն ժամանակի աշխարհի հզորները:

Լեռան Ծերունու ժառանգորդը ազգակցական կամ արյունակցական որևէ կապ չուներ նրա հետ: Մահից առաջ շեյխը նրան տեղեկացրեց բոլոր գաղտնիքների մասին և նշանակեց իրեն փոխանորդ:

Ասասինների օրդեն-պետությունը գոյատևեց ևս 132 տարի, մինչև որ 1256 թ. մոնղոլական Հուլավուն խանը առանց դիմադրության գրավեց Ալամուտ և Մեյմունդիզ բերդերը: Ասասինների վերջին ապաստանը Սիրիայի լեռներում ջախջախեց եգիպտական սուլթան Բեյբարս I 1273 թվականին: XVIII դարի կեսերին Սիրիայում գտնվող անգլիական կոնսուլը գրում էր, որ այդ երկրի լեռներում դեռևս ապրում են ասասինների սերունդները:

Գրականություն
• История Ирана с древнейших времен до конца XVIII века. — Л.: Издательство Ленинградского университета, 1958. — 390 с.
• Рыжов К. В. Все монархи мира. Мусульманский Восток VII-XV вв.. — М.: Вече, 2004. — 544 с.
• Строева Л. В. Государство исмаилитов в Иране в XI–XIII вв.. — М.: Издательство «Наука», ГРВЛ, 1978. — 276 с. — 2400 экз.
• Емельянова Н. М. Крепости исмаилитов.
• Վահան Բայբուրդյան «Իրանի պատմություն»
• Միքայել Շաթիրյան «Արծաթե դար» պատմավեպ

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ