ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 42
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Всегда ли мы, учителя, толерантны?

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Ինպե՞ս բեռնատարն անցնի անապատը [1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արտեմ Ալեքյան
Մեդիան հանուն բարօրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայարփի Տոնոյան
Կրթական օբյեկտ - կրթական պարտեզ

Нонна Григорян
Книгохранилище библиотеки

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
2011-2012 ուստարվա դասագրքերի մրցույթով ընտրված 7-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի մասին

Յուրա Գանջալյան
Ավարտվեց մեր մայիսյան հավաքը
Ինքս ինձ հետ մենակ

Սկիզբը

9.Հարկ չկա ո´չ սրտմտելու, ո´չ վհատվելու, ո´չ հուսախաբվելու, եթե քեզ լիովին չի հաջողվում ամեն ինչում գործել ճիշտ սկզբունքներին ներդաշնակ: Թող որ ձախողվել ես, բայց և այնպես, կրկին պետք է դառնալ նույն բանին, գոհ լինել, եթե իրադրությունների մեծ մասում վարվում ես մարդուն արժանի կերպով, և սիրել այն, ինչին վերադառնում ես: Իմաստասիրությանը հարկ է դառնալ, ոչ որպես երեխան`քեռուն, այլ որպես հիվանդն իր դեղերին…. Այդ ժամանակ քեզ համար հեշտ կլինի ենթարկվել բանականությանը, և դու նրանում կգտնես քո անդորրը: Ուրեմն հիշիր, որ իմաստասիրությունը ցանկանում է այն, ինչ քո բնույթը, իսկ դու`նաև այլ բան, ինչն անհամաձայն է քո բնույթին: Բայց ի՞նչն է ավելի գրավիչ: Մի՞թե վայելքը մեզ չի շեղում դեպի կեղծ ուղի հենց այն բանի պատճառով, որ թվում է (ընկալվում է) այդպիսին: Սակայն խորամուխ եղիր, արդյո՞ք ավելի գրավիչ չեն լինի մեծահոգությունը, ազատությունը, պարզությունը, արդարակյացությունը, բարեպաշտությունը: Իսկ ի՞նչն է ավելի գրավիչ հենց ըմբռնումից, եթե այն ընկալվում է որպես դատողության և իմացության ընդունակություն, որը հաջող կերպով հաղթահարում է բոլոր արգելքները:

10.Էությունն այնչափ թաքցված է մեզնից, որ շատ, նույնիսկ արտասովոր իմաստասերների ներկայանում է որպես անհասանելի:…. Մեր համաձայնությունը ինչ-որ բանի հետ ինչ-որ չփոփոխվող բան չէ: Իրապես, որտե՞ղ է իր հայացքները չփոխած մարդը: Այժմ անցիր քեզ շրջապատող առարկաներին. ինչքան ամեն ինչ կարճաժամկետ է և վաղանցիկ, ի´նչ հեշտությամբ կարող է դառնալ ցոփակյացի, անառակի կամ ավազակի սեփականությունը: Այնուհետև զննիր քո ժամանակակիցների բարքերը. դժվարությամբ կարելի է հաշտ հարաբերվել նրանցից նույնիսկ ամենահաշտակյացի հետ, էլ չասենք, որ ոմանք հազիվ են հանդուրժում իրենք իրենց: Ես հրաժարվում եմ ընդունելուց, որ այս խավարում, այս կեղտում, և´ մատերիայի, և´ ժամանակի, և´ շարժման, և´ շարժվողի այսպիսի հոսունության պայմաններում կարող եմ դառնալ պաշտամունքի կամ ընդհանրապես լուրջ վերաբերմունքի առարկա: Ընդհակառակը, հարկ է առույգաբար սպասել սեփական բնական վախճանին` չվրդովվելով նրա հապաղումից և սփոփվելով հետևյալ երկու դրույթներով: Առաջինը` ինձ ոչինչ չի կարող լինել, որը չի համապատասխանում Ամբողջի էությանը: Երկրորդ` ես ոչինչ չեմ կարող անել իմ աստվածության և հանճարի դեմ: Մանավանդ որ ոչ ոք չի կարող պարտադրել ինձ անել դա:

13.Ես բաղկացած եմ պատճառական և նյութական էություններից: Ո´չ մեկը, ո´չ մյուսը չեն անէանա. ինչպես որ չեն ծագել չգոյությունից: Այդ իսկ պատճառով իմ էության յուրաքանչյուր մաս փոփոխվելով դառնում է աշխարհի ինչ-որ մասը, վերջինս իր հերթին փոփոխվելով դառնում է աշխարհի մեկ այլ մաս, և այդպես մինչև անվերջություն: Չէ՞ որ ես էլ գոյացել եմ փոփոխությունների ուժով, և նրանք էլ, ովքեր ծնել են ինձ, և այսպես շարունակ, նույնպես մինչև անվերջություն: Այս ամենը ճշմարիտ է մնում նաև այն դեպքում, եթե աշխարհը ենթակա է պարբերականության օրենքին:

14.Բանականությունը և բանական կյանքի արվեստն առանցքն են այն ընդունակության, որը բավարարված է նրանց հետ ներդաշնակ գործերով և իրենով: Նրանց ձգտումն ուղղորդվում է նրանց հատուկ սկզբնաղբյուրով, նրանց ուղին ուղղակիորեն տանում է դեպի դրված նպատակը: Այդ իսկ պատճառով նրանց հետ համաձայնեցված գործողություններն անվանվում են ճիշտ, որը մատնանշում է ուղու անվրեպությունը:

16.Ինչպիսին մեծ մասամբ քո պատկերացումներն են, այդպիսին էլ կլինեն քո մտադրությունները: Քանզի հոգին համակված է լինում այդ պատկերացումներով: Թող նա մշտապես համակվի ներքոհիշյալ պատկերացումներով: Որտեղ հնարավորություն կա ապրելու, այնտեղ էլ կարելի և լավ ապրել…. Այնուհետև. յուրաքանչյուր բան ձգտում է նրան, ինչի համար ստեղծված է, իսկ նրանում, ինչին նա ձգտում է, իր նպատակն է: Բայց որտեղ յուրաքանչյուրի նպատակն է, այնտեղ էլ նրա օգուտն ու բարիքն են: Բանական արարածի բարիքը հաղորդակցությունն է: Իսկ որ մենք ստեղծված ենք հաղորդակցության համար, ապացուցված է վաղուց: Մի՞թե ակնհայտ չէ, որ ցածրակարգ արարածները ստեղծված են բարձրակարգերի համար, իսկ բարձրակարգերը`միմյանց: Շնչավորները բարձր են անշունչներից, իսկ շնչավորներից բարձրագույն են բանականները:

17.Խելացնորություն է անհնարինին ձգտելը: Բայց հնարավոր չէ, որ տխմարավուն մարդիկ այդպես չվարվեն:

18.Ոչ մեկի հետ չի պատահում այնպիսի բան, որին նա չկարողանա դիմանալ: Նույն բանը պատահում է ուրիշների հետ էլ, և նրանք կամ այն պատճառով, որ չգիտեն, թե իրենց հետ ինչ է տեղի ունեցել կամ, որովհետև ցանկանում են աչքի ընկնել իրենց մտքերի վեհ նկարագրով, մնում են անհողդողդ և աներեր: Սարսափելի կլիներ, եթե տգիտությունը և փառասիրությունն ավելի ուժեղ լինեին ըմբռնողությունից:

19.Իրենք իրերը բնավ չեն հաղորդակցվում հոգու հետ: Նրանք դեպի հոգի մուտք չունեն, չեն կարող ոչ փոխել այն, ոչ էլ շարժման մեջ դնել: Հոգում փոփոխությունները և շարժումը միայն իրենից են: Իսկ ինչպիսին կլինի նրա համար ողջ իրեն պատկանողը` կախված է նրանից, թե ինչպիսի դատողություններ նա կհամարի իրեն արժանի:

20.Մարդը մեզ ամենամոտ արարածն է, քանի որ մենք պարտավոր ենք մարդկանց համար բարիք գործել և տհաճություն չզգալ նրանցից: Իսկ եթե մարդկանցից ինչ-որ մեկը հակազդում է իմ պարտականությունների կատարմանը, ապա նա ինձ համար դառնում է ոչ պակաս անկարևոր, քան արևը, քամին, վայրի գազանը: Այդ ամենը կարող է խանգարել ինչ-որ գործի, բայց չի փոխի տրամադրությունը և ձգտումները, շնորհիվ հոգու` արգելքները հաղթահարելու և հակազդեցությունը ինչ-որ ավելի գերադասելի բանով փոխարինելու ընդունակության: Այդ իսկ պատճառով այն, ինչ տվյալ գործողության համար խոչընդոտ էր, կարող է դառնալ միջոց այլ գործողության համար, իսկ այն, ինչը խանգարում էր ճանապարհին,ինքը ճանապարհ ցույց կտա:

21.Մեծարիր աշխարհում գոյություն ունեցողներից ամենակատարյալը` այն, որը բոլորի տերն է և բոլորին կառավարում է: Նույնչափ մեծարիր քեզնում գոյություն ունեցողներից ամենակատարյալը. այն հարազատ է առաջինին: Քանզի քեզնում էլ է նա այն, ինչ տեր է մյուս բոլորին, իսկ քո կյանքը ուղղորդվում է նրանով:

25.Ինչ-որ մեկը վա՞տ է վարվում իմ նկատմամբ: Դե, ինչ, դա նրա գործն է: Նա ունի իր հոգեկան տրամադրությունը և իր գործելակերպը: Իսկ ես այնպիսին եմ, ինչպիսին ցանկանում է, որ լինեմ ընդհանուր բնությունը և վարվում եմ այնպես, ինչպես ցանկանում է, որ վարվեմ, իմ սեփական բնույթը:

28. Հարկ չկա նմանվելու ո´չ ողբերգական դերասանի, ո´չ էլ պոռնիկի:

31. Մինչ օրս քեզ ինչպե՞ս ես պահել աստվածների, ծնողների, եղբայրների, կողակցի, երեխաների, ուսուցիչների, դաստիարակների, բարեկամների, հարազատների, տնեցիների նկատմամբ: Ինքդ քո մասին կարո՞ղ ես արդյոք ասել. «Մինչ օրս ոչ մեկի չեմ նեղացրել ո´չ խոսքով, ո´չ էլ գործով»: Հիշիր, թե ինչքան ապրումներ ես ունեցել և ինչքան խիզախություն` դրանք կրելու: Հիշիր, որ կյանքիդ պատմությունն արդեն մոտ է իր ավարտին և ծառայությանդ ժամկետը` իր վախճանին: Հիշիր, թե ինչքան գեղեցիկ բան ես տեսել, ինչքան վայելքների և տառապանքների ես վերաբերվել քամահրանքով, ինչպես ես արհամարհել ունայն փառքը և քանի անգամ ես առաքինի վարվել անարդարների նկատմամբ:

32.Ինչպե՞ս կարող են անկիրթ ու անուս մարդիկ խռովել կրթված և գիտակ մարդու անդորրը: Իսկ ո՞ւմ է պետք անվանել կրթված ու գիտակ: Նրան, ով գիտի սկիզբը և նպատակը և բանականությունը` գոյություն ունեցող ամեն ինչի մեջ ներթափանցող և չափված փուլերով հավերժորեն բոլորին ղեկավարող:

34.Եթե դու կարող ես ընտրել ճիշտ ուղի և պատշաճ կերպով ամբողջացնել համոզմունքներդ ու գործել, ապա կարող ես երջանիկ լինել: Երկու առանձնահատկություն ընդհանուր են, ինչպես աստծու հոգու, այնպես էլ մարդու ու ցանկացած բանական արարածի հոգու համար: Առաջին`հոգուն օտար ոչինչ չի կարող նրա համար արգելք լինել: Երկրորդ`հոգին կարող է իր համար բարիք համարել բարեպաշտ տրամադրությունն ու արդար աշխատանքը և դրանցով սահմանափակել իր ձգտումը:

36.Ամբողջապես մի´ տրվիր երևակայությանդ թռիչքին, բայց ուրիշներին օգնիր քո հնարավորության չափով և այնքանով, որ նրանք արժանի են: Նույնիսկ եթե անկարևոր գործերում նրանց մոտ թերություն է զգացվում: Բայց թող քեզ չթվա, թե այդ թերությունը վնաս է նշանակում. այստեղ ոչ մի չար բան չկա:….
Որտեղ էլ, որ ես ընկնեմ, կարող եմ երջանիկ լինել: Իսկ երջանիկ է նա, ով իր համար բարի բախտ է նախապատրաստել: Իսկ բարի բախտը հոգու բարի հակումներն են, բարի ձգտումները, բարի գործերը:

Շարունակությունը 

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ