ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 42
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Всегда ли мы, учителя, толерантны?

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
Ինպե՞ս բեռնատարն անցնի անապատը [1]

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արտեմ Ալեքյան
Մեդիան հանուն բարօրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայարփի Տոնոյան
Կրթական օբյեկտ - կրթական պարտեզ

Нонна Григорян
Книгохранилище библиотеки

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Գևորգ Հակոբյան
2011-2012 ուստարվա դասագրքերի մրցույթով ընտրված 7-րդ դասարանի հանրահաշվի դասագրքի մասին

Յուրա Գանջալյան
Ավարտվեց մեր մայիսյան հավաքը
Երեխայի տունը

Սկիզբը

Մի գեղեցիկ օր նախակրթարանի մի սանի հետ զբոսնում էի Պիչինո բլուրի վրա: Նա երկրաչափական գծագրություն էր սովորել և կարողանում էր երկրաչափական հարթ մարմինները համեմատել: Երբ մենք բարձրացանք վերևի հարթակը, որտեղից երևում էր Piazza del Popolo-ն և ողջ քաղաքը, ես մեկնեցի ձեռքս և ասացի.

- Նայի´ր, մարդու այս ամբողջ ստեղծածը երկրաչափական մարմինների հսկայական խառնուրդ է:
Իսկապես, ուղղանկյունները, էլիպսները, եռանկյունները, կիսաշրջանները ծածկում և զարդարում էին ուղղանկյուն շենքերի արտաքին գորշ տեսքը: Բազմաթիվ շենքերի այդ միապաղաղությունը կարծես վկայում էր մարդու մտքի սահմանափակության մասին, ու այս ամենի կողքին, հարևան այգում թփերն ու ծաղիկները հպարտորեն տարածել էին իրենց բնական ձևերի հարստությունը:

Տղան երբեք նման դիտարկում չէր արել. նա ուսումնասիրել էր անկյուններ, կողմեր, երկրաչափական մարմինների կառուցվածք, սակայն նրա միտքը դրանից այն կողմ չէր անցել, և նա այդ միապաղաղ աշխատանքից միայն ձանձրույթ էր զգացել: Առաջին պահին նրան զվարճացրեց միտքը մարդու մասին, որը զբաղվում է երկրաչափական մարմինների համադրությամբ, հետո նա հետքրքրվեց և երկար նայեց հեռուն. նրա դեմքը փայլեց կենդանի և խորը մտքից:
Մարգարիտի կամուրջից աջ գործարան էր կառուցվում, և նրա մետաղյա հենքը աչքի էր ընկնում բազմաթիվ ուղղանկյուններով: «Ինչ ձանձրալի է»,-շշնջաց տղան` նկատի ունենլով բանվորների աշխատանքը: Հետո, երբ մենք մոտեցանք այգուն, նա որոշ ժամանակ հիացավ խոտով և ծաղիկներով, որ ազատ աճում էին հողից, և շշնջաց. «Ի~նչ գեղեցիկ է»: Եվ այդ «գեղեցիկը» վերաբերում էր նրա հոգու ներքին վիճակին:

Ակամա մտածեցի, որ երկրաչափական մարմինների դիտարկումը և երեխաների տնկած կամ ցանած և նրանց աչքի առաջ աճող բույսերի դիտարկումը կարող են երեխաների թե´ հոգևոր, թե´ մտավոր զարգացման համար անգնահատելի աղբյուր լինել:
Դա նկատի ունենալով` որոշեցի ընդարձակել իմ աշխատանքը և երեխաներին սովորեցնել դիտարկել ոչ միայն իրենց շրջապատող ձևերը, այլև` տարբերել մարդու աշխատանքը բնության աշխատանքից և գնահատել մարդու աշխատանքի արդյունքը:

Ստվարաթղթե մարմիններ
Ես ստվարաթղթից կտրում եմ տարբեր մեծության երկրաչափական փոքրիկ պատկերներ և սովորեցնում եմ մարմիններ կազմել, սակայն ես նրանց չեմ պահանջում նույն մարմիններն ստանալ, ընդհակառակը, սպասում եմ, որ նրանք ինքնակամ դիտարկեն շրջապատը կամ մղում եմ այդ ուղղությամբ: Երեխան պետք է հետաքրքրվի և ինքնակամ շարունակի դիտարկումը: Ասպես, առաջին անգամը խաղը ցույց եմ տալիս: Բերում եմ երեխայի համար պատրաստած, ստվարաթղթի կտորների փաթեթը, առանց խոսք ասելու նստում բազկաթոռներից մեկին և սպասում, որ երեխաները շրջապատեն ինձ: Հետո վերցնում եմ, օրինակ, քառակուսին և հավասարասրուն եռանկյունին, երկար ներքնաձիգը կպցնում քառակուսու կողմին այնպես, որ ծայրերը դուրս մնան, սոսնձում եմ, և տնակը պատրաստ է:
Վերցնում եմ ուղղանկյան փոքր կողմին հավասար տրամագծով կիսաշրջան, սոսնձում եմ, և դարպասի պատկերը պատրաստ է: Երբ պատկերը չորանա, կարելի է ներկել: Կարմիր մատիտով ներկում են առաջին պատկերի եռանկյունին, դեղին գույնով` քառակուսին, հետո կանաչ մատիտով նկարում եմ երկու պատուհան և դուռ: Ստվարաթղթե մարմինները, որոնց մասին խոսում եմ, բավականին մեծ են, և հարմար երեխաների համար:
Առայժմ դրանք իրենք ուսուցիչներն են պատրաստում, բայց կարելի է դրանցից մեծ քանակով պատվիրել:
Հրահրելով աշխատելու` թողնում եմ, որ երեխաներն առաջ գնան` ինչպես իրենց հարմար է. պետք է միայն հետևել, որ սխալներ չանեն:


Նկարչություն
Ա. Ազատ նկարչություն

Երեխային սպիտակ թուղթ և մատիտ եմ տալիս և առաջարկում եմ նկարել` ինչ խելքին փչում է: Մանկական նկարները վաղուց գրավում են փորձարար հոգեբանների ուշադրությունը: Դրանք արժեքավոր են նրանով, որ բացահայտում են երեխայի` դիտարկում կատարելու ունակությունը, նրա անհատական հակումները: Սովորաբար առաջին նկարները անհաջող և անհասկանալի են ստացվում, և ուսուցչուհին ստիպված է լինում երեխային հարցնել, թե ինչ է նկարել, և նկարի տակ նշումներ է կատարում: Քիչ-քիչ նկարներն ավելի հասկանալի են դառնում, և դրանցից երևում է, որ զարգանում է երեխայի դիտողականությունը շրջապատի նկատմամբ: Հաճախ կոպիտ ուրվանկարի մեջ նշվում են առարկայի ամենամանր դետալները:
Եվ քանի որ երեխան նկարում է` ինչ ուզում է, ապա կարելի է այդ այդպիսով իմանալ, թե ինչ առարկաներ են նրան ավելի շատ հետաքրքրում:

Բ. Նկարներ, որոնք լրացնում են ստվարաթղթե պատկերները
Երեխաներին հանձնարարում ենք տների վրա դռներ և պատուհաններ, դարպասի մոտ ցանկապատ նկարել և այլն:
Սովորաբար երեխաները դրանք նկարում են իրենց պատրաստած տնակների վրա, երբ դրանք չորացած են լինում, այսինքն՝ կպցնելուց մեկ-երկու օր հետո:

Գ. Նկարչություն` ուրվագծերը լրացնելով
Այս նկարները չափազանց կարևոր են` որպես գրի նախապատրաստում: Ուրվագծեր լրացնելը քրոմատիկ զգացողության դաստիարակության համար նույնն է, ինչ ինչպես ազատ նկարչությունը` ձևերի նկատմամբ դիտողականության զարգացման համար, այսինքն` ուրվագծումը զարգացնում է երեխաների գունային զգացողությունը այնպես, ինչպես ազատ նկարչությունը բացահայտում է իրեն շրջապատող առարկաների ձևերի նկատմամբ երեխայի դիտողականության աստիճանը: Այդ մասին ավելի մանրամասն կխոսենք գրելուն վերաբերող գլխում: Այս վարժությունը կատարելիս երեխան գունավոր մատիտներով ներկում է սև ուրվագծերը: Դրանք պարզ երկրաչափական պատկերների ուրվագծեր են, որոնք երեխան ճանաչում է դասարանում, տանը, այգում:

Երեխան ինքն է ընտրում գույները, և նրա ընտրությունը ցույց է տալիս, թե նա ինչքան ճիշտ է ընկալում իր շրջապատի առարկաների գույները:


Ծեփում

Այս վարժությունները համազոր են ազատ նկարչությանը և ուրվանկարները գունավորելուն: Այս դեպքում երեխան կավով անում է՝ ինչ ուզում է: Նա ծեփում է այն առարկաները, որոնք ավելի լավ են տպավորվել, ավելի ավելի մեծ ազդեցություն են ունեցել: Մենք երեխային փայտ ե կտրիչ և կավ ենք տալիս ու սպասում, թե ինչ կանի: Մեզ մոտ մանկական աշխատանքի բավականին հետաքրքիր նմուշներ կան: Երեխաներից մի քանիսը զարմանալի ճշգրտությամբ են վերարտադրել իրենց դիտարկած առարկաները:

Ամենից զարմանալին այն է, որ այդ մոդելները հաճախ վերարտադրում են առարկաների ոչ միայն ձևերը, այլև` չափերը:

Շատերը ծեփում են այն առարկաները, որոնք տեսել են իրենց տներում, հատուկ սիրով ծեփում են խոհանոցային սպասքը, ջրի բաժակները, թավաներն ու ճաշամանները: Երբեմն սարքում են կոպիտ օրորոցներ` մեջը` «ապերիկ» կամ «քույրիկ»: Սկզբում դրանց վրա ստիպված նշումներ ենք կատարում, ինչպես` ազատ նկարների դեպքում: Հետո նմուշները ավելի ու ավելի լավն են դառնում, և երեխաները սովորում են երկրաչափական մարմիններ ծեփել: Մանկական այս աշխատանքները ուսուցչուհու համար շատ արժեքավոր են: Դրանք բացահայտում են երեխայի անհատական շատ գծեր, ուսուցչուհին կարողանում է ավելի մոտիկից ուսումնասիրել նրան: Մեր մեթոդի դեպքում դրանք արժեքավոր են նաև նրանով, որ բացահայտում են երեխայի տվյալ հասակի հոգեբանական զարգացումը:

Նման աշխատանքները ուսուցչուհու համար օգտակար են նաև երեխաների դաստիարակության գործում: Երեխաները, տեսնելով իրենց դիտողականությունը, ամենայն հավանականությամբ, կդառնան միջավայրի ինքնակամ դիտարկողներ: Դրան կարելի է անուղղակիորեն բերել այլ վարժություններով, որոնք ամրացնում են դիտողականությունը, երեխային զգացումներն ու պատկերացումներն ավելի ճշգրիտ են դարձնում: Այդ երեխաները շուտով կսկսեն ինքնուրույն գրել: Եվ հակառակը, այն երեխաները, որոնց աշխատանքներն անձև են, ոչ հստակ, անպայման ուսուցչուհու ուղղակի միջամտության կարիքը կունենան, որը ստիպված կլինի երեխաների հատուկ ուշադրությունը կենտրոնացնել շրջակա միջավայրի նկատմամբ:

Ռավիցայի խաղալիքները, երկրաչափական պատկերներ և արտատպումներ
Միլանցի տիկին Ալեքսանդրինա Ռավիցան գեղարվեստական խաղալիքներ է ստեղծել, որոնցից մի քանիսը նա ներդրել է իր դիդակտիկ համակարգի մեջ:
Այդ խաղալիքների մի խումբը կազմված է ինչ-որ պատկերի եզրագծով կտրված և ոտիկի վրա ամրացված փայտիկներից, որոնք մատիտով ներկված են հատուկ սխեմայով: Այսպես` ծառ, որի վերին մասը կլոր է, մի այլ ծառ, որի վերին մասը եռանկյուն է: Փայտիկները եզրագծով կտրված են և ներկված. Ճյուղերը` կանաչ, բունը` շագանակագույն: Մյուս խաղալիքները անտառային տնակներ են պատկերում, ամրոց, մարդ, կենդանիներ: Բոլոր պատկերները միանման ներկված են երկու կողմից:

Այս խաղալիքները երեխաներին արդեն ծանոթ իրեր են հիշեցնում` երկրաչափական հարթ ներդիրներ, այն չներկված ֆիգուրները, որոնք առարկայի ձևն են պատկերում, և ստվարաթղթե եզրագծված ֆիգուրները, որոնք երեխաներն իրենք էին ներկել: Ռավիցայի խաղալիքները ներդիրների նման կտրված են եզրագծով և ներկված, գունավորումը լրացնում է եզրագծի գաղափարը: Երեխաները պատմում են, թե ինչ է պատկերում խաղալիքը: Նրանք այդ խաղալիքները հաճույքով են վերցնում, ուսումնասիրում բոլոր կողմերից, պտտեցնում են ձեռքերի մեջ: Այս գեղարվեստական խաղալիքները երեխաներին սովորեցնում են մեկնաբանել պատկերները, որոնք ինքը տեսնում է նկարազարդված գրքերում, նկարներում: Նրանք հետաքրքրությամբ ճպճպացնում են աչքերը` ձգտելով հասկանալ: Հայտնի է նաև, թե հետագայում ինչ հաճույքով են սկսում դիտել իրենց նվիրված գրքերի նկարները:

Ռավիցայի խաղալիքները կամուրջ են, որ երեխային հանգեցնում են ձևերը և գույները վայելելու կարողության: Հետագայում երեխաները սովորում են շրջանակի մեջ դրած նկար դիտել, որոնք կախված են պատերին` իրենց գլուխներից մի քիչ բարձր, հաճույք ստանալ այն գիտակցությունից, որ «կարողանում են մեկնաբանել նկարը»:
Մի անգամ, պատին կախված նկարը երկար դիտելուց հետո, մեր փոքրիկներից մեկը կարծես ինքն իրեն շշնջաց. «Ես ամեն ինչ գիտեմ»:

Ռավիցայի խաղալիքների հաջորդ խումբը, որ ես օգտագործում եմ, մարդու մարմնի ծաղրանկարներ են, որ «կազմված են» երկրաչափական մարմիններից: Այսպես օրինակ` տղա, որի գլուխը գունդ է, մարմինը` усеченным կոնուս է, ոտքերը` երկու գլան և այլն: Երկրաչափական մարմինները հստակորեն չեն ներկայացնում այս կամ այն ձևը, այլ ընդամենը բավականին մոտ տպավորություն են ստեղծում, խաղալիքները, ինչպես և դեմքերի մասերը, ներկված են վառ գույներով, զգեստի վրա գոգնոց է նկարված և այլն: Մենք մի տիկնիկ ունենք, որի ուսին տոպրակով դերձակի հավաքածու է կախված, որը շագանակագույն է ներկված: Այդպիսի խաղալիքները հստակ են վերարտադրում կառուցվածքները:

Երեխաները անհավանական հեշտ սովորում են հեռվից ճանաչել առարկան կազմող առանձին մասերը, այսինքն` երկրաչափական մարմինների ձևերը: Ես բավականին մեծ չափերի երկրաչափական մարմիններ եմ պատվիրում` գնդի և մյուս մարմինների հիմքերը մինչև յոթ սմ տրամագիծ կամ անկյունագիծ են ունենում: Դրանք բոլորը ներկված են բաց երկնագույն էմալե լաքով: Մենք յոթ մարմին ունենք` գունդ, օվալ, գլան, կոն, խորանարդ, քառակողմ բուրգ և քառակողմ պրիզմա՝ ուղղանկյուն հիմքով: Առաջին երկու խաղալիքները «գնդակ» և «ձու» են անվանում: Ավելի մեծ երեխաները հաճույքով են երկրաչափական մարմիններ փնտրում շրջապատի փոքր առարկաների մեջ` կլոր ամաններով խաղալիք-խոհանոցներում, սեղանիկի ոտքերում, մատիտներում:

Հարթ երկրաչափական մարմիններին ես միացրել եմ քարտեր, որոնց վրա բաց-երկնագույն գծերով եզրագծված են երկրաչափական պատկերների արտատպումները, դրանց վրա կարելի է մարմիններ համադրել. բուրգն, օրինակ, կարելի է համադրել քառակուսու և եռանկյունու վրա, պրիզման` երկու ուղղանկյան վրա, կոնն ու գլանը` շրջանի:
Երեխաները պետք հասկանան, որ մարմինների արտատպումները միշտ կրկնում են իրենց արդեն ծանոթ ձևերը` երկրաչափական հարթ մարմինները: Եվ իրոք, նրանք սկսում են հատակին կավիճով աթոռի ոտք եզրագծել: Հետո բարձրացնում են սեղանը և տեսնում, որ իրենք քառակուսի են գծել, նույն բանն անում են աթոռների ոտքերով և շրջաններ գտնում, մատիտով եզրագծում են տնօրենի սեղանին դրված թանաքամանի հատակը, բարձրացնելով այն` շրջան են տեսնում, եզրագծում են զարդատուփը, ուղղանկյուն են տեսնում:
Տեսնելով երկրաչափական մարմինների արտատպումները՝ նրանք անկեղծորեն հրճվում են այն բանից, որ անընդհատ ծանոթ պատկերներ են տեսնում: Նրանց համար սա իրերի հասարակ դիտարկում չէ, այլ՝ արդեն վերլուծություն և մեկնաբանում, որն ավարտվում է համադրմամբ՝ առաջին հայացքից այդքան տարբեր ձևերի միապաղաղություն, ավելի ճիշտ կլինի ասել` սահմանափակություն:

Ձևերի երկրաչափական վերլուծություն` կողմեր, անկյուններ, կենտրոն, կողեր: Ձևերի երկրաչափական վերլուծությունը հասանելի չէ փոքրերին: Ես փորձել եմ հեշտացնել նման վերլուծության ներդրումը` աշխատանքը սահմանափակելով ուղղանկյունով, և խաղ եմ հնարել, որն իր մեջ վերլուծություն է ներառում` չպահանջելով ուշադրության չափազանց լարում, այլ ընդամենը ուղղանկյուն հասկացության պարզ ձևակերպում:

Ուղղանկյունը, որ ես գործածում եմ, մանկական սեղաններից մեկի մակերես է, խաղի էությունն էլ այն է, որ երեխաները սեղան են գցում:
Բոլոր «Երեխայի տներում» կան ճաշելու փոքրիկ պարագաներ, որոնք կարելի գտնել խաղալիքների ցանկացած խանութում` ափսեներ, արգանակի բաժակներ, շշեր, փոքրիկ դանակներ, գդալներ, պատառաքաղներ և այլն: Ես հանձնարարում եմ երեխաներին սեղան գցել 6 հոգու համար, երկու հավաքածու` ամեն երկար կողմի վրա և մի-մի հավաքածու` կարճ կողմերի վրա: Երեխաները վերցնում են համապատասխան պարագաները և դնում իմ հանձնարարության համաձայն: Ես հանձնարարում եմ ընդհանուր ամանը դնել սեղանի կենտրոնում, անձեռոցիկը`անկյունում: «Այս ափսեն դի´ր կարճ կողմի մեջտեղում»: Երեխային առաջարկում եմ նայել սեղանին և ասում.
- Այս անկյունում ինչ-որ բան պակաս է, բաժակը այս կողմի վրա դիր: Տեսնենք` երկար կողմի վրա ամեն ինչ ճիշտ ենք դրե՞լ: Իսկ կարճ կողմերի վրա՞...Իսկ չորս անկյուններո՞ւմ...:
Չեմ կարծում, որ 6 տարեկանից փոքր երեխաների հետ արժե անցնել ավելի բարդ վարժությունների: Ես մտածում եմ, որ մի գեղեցիկ օր երեխան կվերցնի հարթ ներդիրներից մեկը և ինքուրույն կսկսի հաշվել անկյունները և կողմերը: Իհարկե, եթե մենք ծանոթացնենք այդ հասկացությունների հետ, նա կսովորի, բայց դա հասարակ անգիր կլինի, ոչ թե փորձ:

Քրոմատիկ զգացողության վարժություններ

Ես արդեն պատմել եմ մեր` ներկերով վարժությունների մասին: Հիմա մենք հիմնավորապես կնկարագրենք այդ վարժությունները և կնշենք դրանց հաջորդականությունը:


I.Միջավայրի ուսումնասիրությանը մղող վարժություններ

Ա. Գործվածքներ և գերմանական տիկնիկներ

Քրոմատիկ զգացողության դաստիարակության մասին մենք արդեն խոսել ենք, նշել, որ մեր դիդակտիկ նյութերում գունավոր գործվածքների արկղիկ կա, գործվածքները դասավորված են բաժիններով: Կտորները տարբեր որակի են` շղարշ, մետաքս, բուրդ, թղթե, վառ գույներով: Շատ գործվածքներ գունավոր նախշերով են` գծավոր, վանդակավոր, օղակներով: Երեխաները պետք է ճանաչեն գործվածքի գույնը, սա բերում է նրան, որ երեխաները սկսում են նկատել մարդկանց զգեստների գործվածքների գույները, տարբերել նույն գործվածքների տարբեր գույները:

Վերջապես` տարբեր գույնի բրդե թելերով հյուսված գերմանական տիկնիկներ, որոնք նույն դաստիարակչական նպատակն ունեն: (Մենք այն պատրաստում ենք հին գուլպայով. քիթն ու աչքերը նշում ենք սև գույնի բրդե թելով, բերանը` կարմիր): Դրանք հեշտ է խաղացնել, այս ու այն կողմ նետել, ինչպես գնդակը:

Բ. Գծանկարներ և գունկարներ
Մենք բազմաթիվ գծանկարներ ենք պատրաստել, որոնք երեխաները մատիտներով պիտի գունավորեն, հետագայում նաև` վրձինով, որը կնախապատրաստի ջրաներկով նկարելուն: Սկզբից մենք ծաղիկների, թիթեռների, ծառերի և կենդանիների նկարներ ենք պատրաստում, հետո`երկինք, տներ, մարդկային մարմիններ: Լավ նկարող երեխաներին նկարներ ենք տալիս ներկելու, որը նրանք վարպետորեն են անում:

Այս նկարները օգնում են ուսումնասիրել երեխաների քրոմատիկ զգացողությունների բնական զարգացումը: Երեխաներն են ընտրում գույները, և այդ հարցում նրանք լիովին ազատ են: Եթե երեխան, ասենք, ճուտիկը կարմիր է ներկում, իսկ կովը` կանաչ, ուրեմն նա դեռ չի կարողանում դիտարկել. այդ մասին ես ընդհանուր բաժնում արդեն նշել եմ: Այդ նկարները ցույց են տալիս նաև խրոմատիկ զգացողության զարգացվածության աստիճանը. երեխան մեկ նուրբ, հարմոնիկ երանգներ է ընտրում, մեկ` վառ, կոնտրաստային:

Այն հանգամանքը, որ երեխան պիտի հիշի առարկայի գույնը, նրան մղում է շրջապատի առարկաները դիտարկելուն: Նա արդեն ավելի բարդ նկարներ ներկելու ցանկություն է ունենում: Այդպիսի աշխատանքի կարող են անցնել այն երեխաները, որոնք կարողանում են չանցնել նկարի եզրագծերը, և համապատասխան գույն ընտրել: Հաճախ այդ նկարները շատ գրավիչ և ճաշակով են ստացվում, հաճախ երեխայի բնատուր շնորհն են բացահայտում: Մեքսիկայի մանկապատեզներից մեկի տնօրենը, որ երկար ժամանակ սովորել էր ինձ մոտ, ինձ երկու նկար էր ուղարկել` մեկում ժայռ էր պատկերված, քարեր, որ շատ ներդաշնակ ներկված էին բաց մանուշակագույն երանգներից շագանակագույն, ծառեր` կանաչի երկու երանգով, իսկ երկինքը` բաց երկնագույն: Մյուս նկարում ձի էր պատկերված` շագանակի երանգով, սև աչքերով, կճղակներով, բաշով, պոչով:

Մեր դաստիարակներից մեկը հին գրքից նկարներ է տալիս, որ նրանք ներկում են: Ներկելու համար կարելի է ոչ միայն կերպարային, այլև եզրագծված նկարներ տալ, որոնք բոլոր դեպքերում նպաստում են գրուսուցմանը: Ներկելու համար երեխաները մատիտներ են վերցնում, որոնք պետք է բռնեն այնպես, ինչպես գրիչն են բռնում:

II) Քրոմատիկ զգացումները զարգացնող խաղ: Գույների և դրանց անվանումների ճանաչում

Արդեն վերը նկարագրված վարժություններով մենք սկսել ենք գույների և դրանց անվանումների ճանաչումը` օգտագործելով քարտեր, որ փաթաթված են մետաքսե կամ բրդե գործվածքներով. Այդպիսի երկու հավաքածու ունենք` 64-ական երանգներով:
Մենք մեկ այլ տեղում այդ առիթով արդեն ասվածը չենք կրկնի: Այստեղ ուզում ենք երկու ուրախ խաղ նկարագրել, որոնք հասու են փոքրիկներին:

Ա.Նուչիտելիի խաղը՝ գույները ճանաչելու համար
Տիկին Նուչիտելին՝ թիվ մեկ «Մանկան տան» տնօրենն է հորինել այս հրաշալի խաղը: Նա դասարանում լռություն, կարգ ու կանոն է հաստատում (կիրթ վարվեցողության վարժություն), հետո երեխաներին գունավոր քարտեր է բաժանում. նա ցույց է տալիս քարտը և հարցնում` ի՞նչ գույն է սա, և երեխաները միաձայն պատասխանում են, ասենք՝ կարմիր:

Հետո տնօրենն ասում է. «Կարմիր գույնը ես Էռնեստին եմ տալիս», և կարմիր քարտը իսկապես դնում է Էռնեստի սեղանին: Նույն բանը նա անում է մյուս գույներով: Բոլոր քարտերը բաժանելուց հետո նա բացատրում է, որ քարտերը պետք է պահել ձախ ձեռքում, ծալելով այն կրծքավանդակի մոտ, այնպես, որ քարտը հայտնվի կրծավանդակի կենտրոնում: Հետո նա նստում է սենյակի մեջտեղում և կանչում.
- Կանա´չ գույն, արի ինձ մոտ:
- Կարմի´ր գույն, արի ինձ մոտ:
Երեխան վեր է կենում տեղից, մոտենում է ուսուցչուհուն, գլուխ տալիս; Ուսուցչուհին երեխաններին տարբեր կողմեր է ուղղում.
- Կանա´չ գույն, դեպի աջ:
- Կարմի´ր գույն, դեպի ձախ:
Այսպես նա երեխաներին իրար դիմաց է կանգնեցնում կամ քառակուսի է կազմում, նայած՝ խաղն ինչ բարդության է: Երբ բոլոր երեխաները կանգնած են լինում անհրաժեշտ տեղերում, սկսվում է խաղը, որ նման է կադրիլի: Տնօրենն ասում է.
- Կանաչ գույն, գնա նարնջագույնի մոտ:
Կանաչը գնում է նարնջագույնի մոտ, խոնարհում է անում, նարնջագույնը պատասխանում է: Հետո ազատ ձեռքերով իրար ձեռք են սեղմում և կանգնում են իրար կողք: Այսպես տարբեր շարժումներ են անում: Սա ողջույնների, ազնվական շարժումների, տեղը հիշելու վարժություն է: Այս ամենը խաղը բավականին դաստիարակչական է դարձնում:

Բ. Գույների և դրանց երանգների անվանումների խաղ
Տնօրենն առնձնացնում է խամրած գույներով քարտերը և բաժանում է՝ ասելով.
- Հիմա ես գույները կբաժանեմ:
Ընդ որում երեխաներից պահանջում է, որ նրանք միաձայն և բարձրաձայն կրկնեն գույնի անունը, ինչպես նախորդ խաղի ժամանակ, և ասում.
- Ինեսային կտամ…
Հետո նույն կերպ բաժանում է վառ գույները: Տարբերությունն այն է, որ խամրած գույնի քարտերը մոտեցնում են կրծքին ձախ ձեռքով, իսկ վառ գույները՝ աջ: Դրանից հետո տնօրենը կրկին նստում է սենյակի կենտրոնում և ասում.
- Խամրած գույները մոտենան ինձ: Երբ երեխաները կանգնում են նրա մոտ, նա յուրաքնչյուրին հարցնում է.
- Դու ինչպիսի՞ն ես…
Երեխան խոնարհվում է և բարձրաձայն, հստակ արտասանում է իրեն տրված գույնի անունը՝ ես վարդագույն եմ կամ ես երկնագույն եմ: Տնօրենը նրանց շարում է մի գծի վրա, նույնը կրկնում է վառ գույներով: Երբ երեխաները շարքով կանգնում են իրար դիմաց, տնօրենն ասում է.
- Խոնարհվեք:
Երեխաները խոնարհվում են:
- Խառնեք բոլոր գույները:
Թույլ է տալիս, որ երեխաները խառնվեն իրար և աում է.
- Վառ գույներ, գտեք ձեր խամրած գույներին և բռնեք նրա ձեռքը:
Երեխաները գտնում են իրար, ձեռք ձեռքի բռնած զույգերով կանգնում են: Տնօրենը նրանց ուղիղ շարք է կանգնեցնում, և երեխաները շարային քայլքով լուռ քայլում են: Հետո նա հետևում է շարքին: Ամեն երեխա նրա կողքով անցնելով՝ պիտի բարձրացնի այն ձեռքը, որով բռնել է քարտը, անվանի գույնը և արագ ծալի ձեռքը:

Այս խաղը կարելի է ավելի բազմազան դարձնել: Օրինակ՝ միանման ներկեր բաժանել կամ նույն գույնի տարբեր երանգներ, կարելի է բազմազանություն մտցնել ձևավոր պարերի կամ քայլքի մեջ` նայած հանգամանքների:
Քրոմատիկ խաղերը երեխաներին շատ են գրավում, զբաղված լինելով գույներ ընտրելով` նրանք ուշադիր լսում են, թե որ գույնն է կանչվում, նրանք շատ ուշադիր են խաղում, մի տեսակ հպարտ և լուրջ:
Այս խաղերը սովորաբար ավարտվում են որևէ գույնի կամ երանգի ընտրությամբ կամ գույների ինչ-որ համադրությամբ. Երեխան կարող է իր սիրած գույնի ժապավենով զարդարել իր գոգոնոցը, այն կրել որպես իր անհատականության դրսևորում:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ