ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 43
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերեն. սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջներ

Жанна Акопян
Оценка продуктивности изучения иностранного языка в начальной школе

Մեթոդական մշակումներ

Մարի Գաբանյան
Աշխատում ենք ընթերցող սովորողներ ունենալ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացքներից
Աշխատանքի երեք ուղղությունները

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Վ. Գ. Պանկրատովա, Ա. Ս. Սերգեևա
Մաթեմատիկական գիտելիքների պահպանվածության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Жанна Акопян
Учебная деятельность по выбору должна интегрироваться в жизнь

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան, Հասմիկ Ղազարյան
Սովորելու, սովորեցնելու և տեխնիկական թվային միջոցների մասին
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը


33
Լույսի զինվորը երբեմն նման է իր ճանապարհին արգելքներ շրջանցող հոսանուտ ջրի: Պատահում է, որ դիմադրությունը անխուսափելի կորստի կբերի. այդ դեպքում զինվորը հարմարվում է հանգամանքներին: Անտրտունջ, առանց գանգատի նա քայլում է լեռնոտ կիրճով ոլորվող քարքարոտ արահետներով:
Նրա ուժը նման է ջրի ուժին, քանզի դեռ ոչ ոչ ոք չի կարողացել ջարդել ջուրը մուրճով, կամ խոցել այն դաշույնով: Աշխարհի ամենահզոր թուրն անգամ ի վիճակի չէ նրա մակերևույթի վրա սպի թողնելու:
Գետի ջրերը հարմարվում են ճանապարհի հնարավորություններին ու առանձնահատկություններին, բայց միշտ հիշում են իրենց գլխավոր նպատակի` ծովի մասին: Բարակ առվակը աստիճանաբար հզորանում է` այլ գետերի հանդիպելով:
Եվ ահա գալիս է այն պահը, երբ ջրի հզորությունը դառնում է անհաղթահարելի:

34
Լույսի զինվորի համար վերացական հասկացություններ գոյություն չունեն:
Ամեն ինչ իրական է ու ստույգ, և ամեն ինչ նրան հարգանք է ներշնչում: Լույսի զինվորը հանգիստ չի նստում իր ստվերոտ վրանում ու կողքից հետևում, թե ինչ է կատարվում աշխարհում, ո՛չ, նա ընդունում է աշխարհի բոլոր մարտահրավերները` դրանց մեջ տեսնելով սեփական կերպարանափոխության հնարավորությունը:
Նրա ընկերներից ոմանք կա՛մ ամբողջ կյանքում գանգատվում են, որ զրկված են ընտրելու հնարավորությունից, կա՛մ շարունակ քննարկում են ուրիշնրի կայացրած որոշումները: Լույսի զինվորը իր միտքը գործի է վերածում:
Պատահում է, որ զինվորն իր համար ճիշտ նպատակ չի սահմանում։ Այդժամ առանց գանգատվելու ու տրտնջալու` նա հատուցում է իր սխալի համար: Պատահում է և այնպես, որ նա շեղվում է ուղուց, այդժամ էլ նա երկար թափառում է, մինչև դարձյալ դուրս գա այն ուղին, որը նրան սկզբից տանում էր:
Բայց իր ընտրած ճանապարհից լույսի զինվորը երբեք չի նահանջում: 


35
Լույսի զինվորը ապառաժի նման է:
Եթե նա կանգնած է հարթավայրում, և շուրջն ամեն ինչ ներդաշնակ է, նա աներեր է մնում: Մարդիկ կարող են իրենց տունը կանգնեցնել նրա՝ ավերիչ փոթորիկներից պաշտպանություն տարածող խոտի վրա:
Իսկ եթե ճակատագիրը հաճի նրան ծերպին կամ թեք լանջին կանգնեցնել, իսկ շրջապատը զուրկ լինի հավասարակշռությունից ու հարգանքից, այդ դեպքում նա ի հայտ կբերի իր ուժն ու կնետվի անդորրը խաթարել հանդգնած թշնամու վրա:
Այդ պահերին լույսի զինվորը կործանարար է ու մահաբեր, և ոչ ոք չի կարող նրան ետ պահել:
Լույսի զինվորը մտածում է միաժամանակ և՛ պատերազմի, և՛ խաղաղության մասին ու կարողանում է գործել հանգամանքներին համապատասխան: 


36
Լույսի զինվորը, ով չափազանց վստահ է իր մտքի սրության վրա, վերջիվերջո, անշուշտ, կթերագնահատի հակառակորդի ուժը:
Չպետք է մոռանալ. հաճախ հզորությունը ճկուն խորամանկությունից անգամ ավելի գործուն է:
Քառորդ ժամ է տևում ցլամարտը. շատ շուտով ցուլը հասկանում է, թե ինչպես են իրեն խաբում, և նրա հաջորդ քայլը ամբողջ թափով տորերոյի վրա հարձակվելն է: Եվ երբ դա կատարվում է, ոչ շուքը, ոչ խելքը, ոչ փաստարկի համոզչությունը, ոչ այն, որ ‹‹հմայք›› է կոչվում, չեն կարող օգնել աղետի առաջն առնելուն:
Դրա համար էլ լույսի զինվորը ըստ արժանվույն է գնահատում իր առաջ ծառացած կոպիտ ուժը: Երբ կատաղությունը վերածվում է վայրագության, նա հեռանում է ռազմի դաշտից` սպասելու` մինչև ինքն իրեն մարի այդ անզուսպ պոռթկումը:

37
Լույսի զինվորը գիտե ճանաչել այն հակառակորդին, ով ուժեղ է իրենից:
Նա հասկանում է, որ եթե որոշի դեմառդեմ հանդիպել նրան, անմիջապես կոչնչացվի: Եթե տրվի նրա խորամանկությանը, թակարդը կընկնի:
Դրա համար էլ, որպեսզի դուրս գա դժվարին իրավիճակից, նա գործադրում է ‹‹դիվանագիտություն›› կոչված այլ մեթոդներ: Եթե հակառակորդն իրեն անմիտ երեխայի պես է պահում, ինքն էլ է այդպես վարվում: Եթե նա իրեն մարտի է կանչում, զինվորը անհասկացողի տեղ է դնում իրեն:
‹‹Նա վախեցավ››, - ասում են ընկերները:
Բայց զինվորը նրանց կարծիքների հետ գործ չունի, քանզի գիտե` թռչնակի խիզախությունն ու կատաղիությունը նրան չեն փրկի կատվի ճանկերից:
Այդպիսի իրավիճակներում զինվորը լցվում է համբերությամբ. թշնամին ավելի շուտ կգնա այլ որս փնտրելու, քան իր հետ բաց ձեռնամարտի մեջ կմտնի:


38
Լույսի զինվորը չի կարող անտարբեր լինել անարդարության հանդեպ:
Նա գիտե. աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է ու միասնական, դրա համար էլ մեկ առանձին մարդու ցանկացած գործողություն անդրադառնում է բոլոր մարդկանց վրա, ինչքան էլ որ շատ լինեն նրանք երկրագնդի վրա: Ուստի, տեսնելով ուրիշի տառապանքը, լույսի զինվորը մերկացնում է իր թուրը, որպեսզի ամեն ինչ, ըստ կարգի, դնի իր տեղը:
Բայց պայքարելով կեղեքումի դեմ` նա երբեք չի դատապարտում կեղեքողին, քանզի հիշում է, որ Աստծո առաջ ամեն մեկն ինքն է պատասխանատու իր արարքների համար: Իրագործելով իրեն բաժին ընկած պարտականությունը` զինվորը խուսափում է ամեն տեսակ դատողությունից:
Լույսի զինվորն այս աշխարհ է եկել, որ օգնի իր եղբայրներին, ոչ թե դատի մերձավորին:

39
Լույսի զինվորը վախի զգացում երբեք չի ունենում: Փախուստը պաշտպանության համար կարող է գերազանց միջոց լինել, բայց այդ միջոցը չի կարելի գործածել, եթե դու վախով ես համակված: Ընտրության առաջ հայտնվելով` զինվորը կնախընտրի պարտություն կրել, ապա բուժել ստացած վերքերը, քան փախուստի դիմել և դրանով զավթիչին շատ բան և հզորությամբ չվաստակածը մատուցել: Դառն ու դժվարին պահերին, երբ իրավիճակը հաղթանակ չի խոստանում, զինվորն իրեն հնազանդ ու անվեհեր է պահում, այսինքն` հերոսաբար:

40
Լույսի զինվորը երբեք չի շտապում: ժամանակը նրա օգտին է աշխատում, և նա, դա գիտենալով, սովորում է զսպել անհամբերությունը և խուսափել չմտածված արարքներից:
Նրա քայլը անշտապ է ու հաստատուն: Նրան հայտնի է, որ գալու է մարդկության պատմության համար ճակատագրական պահը, և նախքան աշխարհի վերափոխելը, հարկ կա իրեն փոխելու: Դրա համար էլ նա կրկնում է Լանսա դել Վաստոյի խոսքերը. ‹‹Հայտնի է, թե հեղաշրջմանը որքան ժամանակ է հարկավոր, որ կայունանա››:
Զինվորը չհասունացած պտուղը երբեք չի քաղի:

Շարունակությունը 

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը
Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ