ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 44
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ միջոց

Նունե Մովսիսյան
Առարկայական մեդիափաթեթ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Что такое критическое мышление

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Պրոտոպոպովա Վ.Վ.
Համակարգչի և համացանցի ներառումը ուսուցման մեջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Ես չխոսեմ` քարի ու ասֆալտի ծանրության տակ թողած հողը կաղաղակի

Жанна Акопян
Школа учит мыслить светоносно, преобразующе, благостно

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


Սթիվ Ջոբսի ելույթը Ստենֆորդի համալսարանի շրջանավարտների առաջ

ԱՐՁԱԳԱՆՔ
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

5. Ամբողջ Տիեզերքը, Երկրի վրա ամբողջ Կյանքը միայն կենարար Ժպիտ է և Ուրախություն:

Ժպտում է Տիեզերքը Հավերժությամբ և Անսահմանությամբ:
Ժպտում է Երկինքը Աստղերով և Ծիածաններով:
Ժպտում է Արևը Շողերով և Լույսով:
Ժպտում է Երկիրը Մեծ Կյանքով:
Ժպտում է Կյանքը Վերելքով և Հաստատումով:
Ժպտում է Քրիստոս Կոչով և Օրհնությամբ:
Ժպտւմ է Դաշտը Ծաղիկներով և Անուշահոտությամբ:
Ժպտում է Մարդը Հավատքով և Արարումով:
Ժպտում է Երեխան Ներկային և Ապագային:

Ով ժպտում է, ապրում է:
Ով չի ժպտում, թոշնում է:

Ժպիտը կեցության որակի լավացման նշան է:
Պե՞տք է որ ժպտա Դպրոցը` Կյանքի պահապանը:
Դպրոցի ժպիտը Ուսուցիչն է:
Ուսուցչի ժպիտը իր Սիրտն է:

6. Երեխան ժպտում է դեռ չծնված՝ գտնվելով մոր արգանդում:
Իսկ երբ ծնվում է, ժամանակ պահեք. ճիշտ նշանակված ժամին նա կժպտա, և դա կլինի նրա Առաջին Ժպիտը, որը մենք կարող ենք տեսնել, եթե նրանից աչք չհեռացնենք:

Այն հայտնվում է նրա բերանի անկյունում: Նա կարող է այդ ժամանակ քնած լինել, կարող է նայել տարածության խորքը (տեսնո՞ւմ է ինչ-որ մեկին), կարևոր չէ, բայց նա անպայման կժպտա ճիշտ նշանակված ժամին, ո´չ շուտ, ո´չ ուշ: Բոլոր նորածինները գիտեն ժպտալու այդ ժամանակը:
Գուցե ժպիտն ուղարկում են աստղերի՞ն:
Այդ ժպիտը օրհնյալ և Աստվածային է, մարդկային բոլոր ժպիտներից ամենահիասքանչը:
Եվ շողում է նորածնի դեմքին ընդամենը մի քանի ակնթարթ: Հետո նա ետ է վերցնում Առաջին Ժպիտը, որպես աղբյուր մնացյալ բոլոր ժպիտների, որոնք շողում են նրա դեմքին հետագայում, կյանքի երկար տարիների ընթացքում:

Ո՞վ է Ժպիտի Մայրը: Եվ ո՞ւմ համար էր նախատեսված Առաջին Ժպիտը:

Կասեն`էլ ո՞վ է Մայրը Ժպիտի, իհարկե Բնությունն է:
Բայց ոչ: Բնությունը միայն նպաստում է ժպիտի արտահայտմանը, նա միայն ուղեկիցն է ժպիտի: Իսկ ծնում է այն երեխայի հոգին, հոգին է ժպտում:

Բայց ո՞ւմ է ժպտում երեխան. ինքն իրեն հո չի՞ ժպտում:
Արևն էլ ինքն իր համար չի շողում, այլ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համար:
Ծաղիկներն էլ իրենք իրենց համար չեն աճում, այլ ուրիշների:
Անձրևն էլ ինքն իր համար չի հեղվում, այլ ուրիշների:

Երկրի վրա և Երկնքում այն ամենը, ինչ գոյություն ունի ուրիշի համար, Ժպիտ է, Ժպիտի դրսևորում:

Ժպիտը գոյություն ունի միայն ուրիշների համար: Եվ եթե մարդ ասի, որ կարող է ժպտալ ինքն իրեն, կպատասխանեմ` չի կարող, քանի որ հենց այդ ժամանակ նա իրեն ժպտում է որպես ուրիշի:
Բայց թե ում է ուղարկում նորածինն իր Առաջին Ժպիտը, գաղտնիք է: Մենք միայն կարող ենք գուշակություններ անել:

Մենք միայն կարող ենք գլխի ընկնել` ում. իր երանելի Աստվածային առաջին Ժպիտով նա ժպտում է նրան, ով իրեն ուղարկել է:
Հոգին բարեհաջող վայրէջքի նշան է ուղարկում իր Երկնային Հովանավորին:
Սակայն այդ նույն Առաջին Ժպիտը կարող է լինել նաև մեզ ուղղված` մարդկանց, ովքեր ընդունել են առաքվածին: Ճիշտ այնպես, ինչպես անսպասելի բարի լուրով մեր տուն եկած ավետաբերն է ժպտում:

7. Մեր ենթադրությունները չեն ցրում մանկան Առաջին Ժպիտի գաղտնիքը, այն հանելուկ է մնում: Եվ քանի դեռ այն հանելուկ է, քանի դեռ գիտությունն ի զորու չէ բացահայտելու, առիթից օգտվեմ և առասպել հորինեմ Ժպիտի ծագման մասին:

Ահա իմ առասպելը:
Դա եղել է վաղուց, շա~տ, շա~տ վաղուց, երբ մարդիկ դեռ ժպտալ չէին կարողանում…
Այո, այդպիսի ժամանակ եղել է:
Ապրում էին նրանք տխուր ու դժվար: Աշխարհը նրանց համար սև ու գորշ էր: Արևի փայլն ու վեհությունը չէին նկատում, աստղային երկնքով չէին հիանում, չգիտեին սիրո երջանկությունը:

Այդ անհիշելի ժամանակներում Երկնքի մի բարի հրեշտակ որոշեց իջնել Երկիր, այսինքն՝ մարմնավորվել, այսինքն՝ ծնվել և փորձել երկրային կյանքը:
«Բայց ինչո՞վ գնամ մարդկանց մոտ»,- մտածեց նա:
Նա չէր ցանկանում մարդկանց մոտ առանց նվերի գալ:
Այդ ժամանակ նա օգնության համար դիմեց Հորը:
- Մարդկանց սա նվիրիր,- ասաց նրան Հայրը և մեկնեց մի փոքրիկ կայծ, որը փայլփլում էր ծիածանի բոլոր գույներով:
- Սա ի՞նչ է,- զարմացավ բարի հրեշտակը:
- Սա Ժպիտ է,- պատասխանեց Հայրը:- Այն դիր քո սրտում և մարդկանց նվեր կտանես:
- Եվ նրանց սա ի՞նչ կտա,- հարցրեց բարի հրեշտակը:
- Դա նրանց կյանքի հատուկ էներգիա կտա: Եթե մարդիկ տիրապետեն նրան, ապա կգտնեն այն ուղին, որով հաստատվում են հոգու նվաճումները:
Բարի հրեշտակը զարմանալի կայծը դրեց իր սրտի մեջ:
- Մարդիկ կհասկանան, որ ծնված են իրար համար, իրենց մեջ կբացահայտեն սերը, կտեսնեն գեղեցկությունը: Միայն թե նրանք պիտի զգույշ վարվեն սիրո էներգիայի հետ, քանի որ …

Եվ հենց այդ ակնթարթին բարի հրեշտակը Երկնքից իջավ Երկիր, այսինքն՝ մարմին առավ, այսինքն՝ ծնվեց, և չլսեց Հոր վերջին բառերը. . .

Նորածինը լաց եղավ: Բայց ոչ այն պատճառով, որ վախեցավ մութ քարանձավից, տարակուսանքով իրեն նայող մարդկանց մռայլ և հազիվ նշմարվող դեմքերից: Նա լաց էր լինում սրտնեղությունից, որ մինչև վերջ չհասցրեց լսել՝ ինչու մարդիկ պետք է զգույշ վարվեն Ժպիտի հետ: Նա չգիտեր, թե ինչպես վարվեր՝ մարդկանց նվիրեր նրանց համար բերված Ժպիտը, թե դա թաքցներ նրանցից:

Եվ որոշեց. սրտից հանեց կայծի շողիկը և տեղադրեց իր բերանի անկյունում: «Ահա ձեզ նվեր, մարդիկ, վերցրեք»,- մտովի հայտնեց նրանց:

Ակնթարթորեն քարանձավը լուսավորեց մոգական լույսը: Դա նրա Առաջին Ժպիտն էր, և մռայլ մարդիկ առաջին անգամ էին Ժպիտ տեսնում: Նրանք վախեցան և փակեցին աչքերը: Միայն մռայլ մայրը չէր կարողանում աչքը կտրել անհասկանալի երևույթից. նրա սիրտը թրթռաց, իսկ դեմքին արտահայտվեց այդ հմայքը:
Նա իրեն լավ զգաց:

Մարդիկ բացեցին աչքերը, և նրանց հայացքը իր վրա գամեց ժպտացող կինը:
Այդ ժամանակ նորածինը բոլորին ժպտաց նորից, նորից ու նորից:
Մարդիկ մեկ փակում էին աչքերը, չդիմանալով ուժեղ փայլին, մեկ՝ բացում: Բայց վերջապես վարժվեցին և փորձեցին իրենք էլ ընդօրինակել նորածնին:
Բոլորը լավ զգացին իրենց սրտի անսովոր զգացմունքից: Ժպիտը նրանց դեմքից ջնջեց մռայլությունը: Աչքերը սիրուց փայլեցին, և նրանց համար այդ պահից ամբողջ աշխարհը դարձավ բազմագույն. ծաղիկները, Արևը, աստղերը նրանց մեջ գեղեցկության, զարմանքի և հիացմունքի զգացողություն արթնացրին:
Բարի հրեշտակը, որ ապրում էր երկրային մանկիկի մարմնում, մտովի մարդկանց փոխանցեց իր անսովոր նվերի անունը, բայց նրանց թվաց, որ «ժպիտ» բառը իրենք հորինեցին:

Նորածինը երջանիկ էր, որ մարդկանց այդպիսի հրաշագործ նվեր էր բերել: Սակայն երբեմն նա տխրում ու լաց լինում: Մորը թվում էր, որ նա սոված է, և շտապում էր կուրծք տալ: Բայց նա լաց էր լինում, քանի որ չէր հասցրել մինչև վերջ լսել Հոր խոսքը և մարդկանց փոխանցել զգուշացումը, թե ինչ զգուշություն պետք է դրսևորեն Ժպիտի էներգիայի հետ:
Այսպես Ժպիտը եկավ մարդկանց մոտ:

Այն փոխանցվել է և մեզ` ներկա դարաշրջանի մարդկանց:
Եվ մենք այդ էներգիան կփոխանցենք հետագա սերունդներին:
Բայց ունե՞նք այն գիտելիքը, թե ինչպես պետք է վարվենք Ժպիտի էներգիայի նկատմամբ: Ժպիտը զորություն է կրում: Բայց ինչպե՞ս օգտագործենք այդ էներգիան միայն բարիքի համար, այլ ոչ չարիքի:
Հնարավոր է, որ մենք արդեն խախտում ենք այդ էներգիայի ինչ-որ կարևոր օրենք:
Ասենք` կեղծ ենք ժպտում, անտարբեր ենք ժպտում, ծաղրանքով ենք ժպտում, չար ենք ժպտում:
Նշանակում է՝ վնասում ենք ինքներս մեզ և ուրիշներին:
Մեզ հարկավոր է անհապաղ լուծել այդ հանելուկը, կամ էլ պետք է սպասենք այնքան, մինչև Երկնքից կիջնի մեր բարի հրեշտակը՝ բերելով Ժպիտի էներգիայի մասին ամբողջ տեղեկությունը:
Միայն թե ուշ չլինի:

8. «Ժպտացեք սեփական ԵՍ-ին: Ժպտացեք յուրաքանչյուրին: Ժպտացեք երեխաներին: Ժպտացեք ձեզ Առաքողին»,- կասեմ ես:
Սակայն մեկը կհակաճառի ինձ. «Իսկ եթե չեմ ցանկանում ժպտալ, տրամադրություն չունեմ, միևնույն է, պետք է ժպտա՞մ»։
Մյուսը կավելացնի. «Հիմարություն է մշտապես ժպտացող մռութ ունենալը»:
Երրորդը ինձ կընդհատի. «Ասենք՝ մարդը բնավորություն ունի, որի մեջ ժպիտը չի ներառվում»:
Կգտնվի նաև չորրորդը, ով պայման կդնի. «Կյանքը լավը լինի՝ կժպտամ»:
Այսպես կասեն նրանք, ովքեր չգիտեն, որ ժպիտը հոգու պարգև է. նա բխում է սրտից, և բոլոր ժպիտները, որոնք սրտից չեն, կեղծավորությունից են: Նրանք չգիտեն նաև, որ այն ժպիտը, որը սրտից է, վերափոխում է կյանքը, այն գեղեցիկ դարձնում: Ոչ թե կյանքն է սնում ժպիտը, այլ ժպիտն է սնում կյանքը:

Սակայն թող չժպտա նա, ով չի ցանկանում ժպտալ, ով նեղացած է կյանքից, ում բնավորությունն է այդպիսին` անժպիտ, ում համար ժպիտը դեմքի անբնական ծամածռություն է:
Միայն պետք է խնդրել նրանց՝ մի ընտրեք մանկավարժի մասնագիտություն, երեխաները չեն սիրում ուսուցիչներին և դաստիարակներին, ովքեր չեն կարողանում և չեն ցանկանում իրենց անկեղծ ժպտալ: Ժպիտից զրկված մանկավարժը միայն կարող է վնասել իր սաներին:

9. Վեց տիեզերագնացներ թռչում են «Սալյուտ-7» տիեզերանավով: Եվ հանկարծ տեսնում են՝ իրենց դիմաց անհայտ ծագման մեծ, նարնջագույն ամպ առաջացավ: Մինչ տիեզերագնացները գուշակում էին, թե ինչ կարող է լինել, իսկ երկրի ծառայությունները վերլուծում էին կայանից ստացված հաղորդագրությունները, տիեզերանավը մտավ ամպի մեջ: Մի պահ թվաց, որ ամպը ներթափանցել է տիեզերանավ, իսկ նարնջագույն լուսարձակումները շրջապատել էին յուրաքանչյուր տիեզերագնացի՝ կուրացնելով և զրկելով կատարվողը տեսնելու հնարավորությունից: Տեսողությունն անմիջապես վերականգնվեց, և տիեզերագնացները նետվեցին դեպի իլյումինատորները: Եվ ի՞նչ տեսան նրանք: Պարզորոշ տեսան յոթ հսկա կերպարանքներ, որոնք թռչում էին իրենց ետևից: Եվ ոչ մեկի մտքով չանցավ կասկածել. նրանց ուղեկցում էին Երկնային Հրեշտակները` հսկա թևերով և գլուխների շուրջը կուրացնող լուսապսակներով: Սակայն տիեզերագնացներին զարմացրեց լրիվ այլ բան՝ նրանց դեմքի արտահայտությունը. նրանք նայում էին մարդկանց և ժպտում: «Նրանք ժպտում էին: Դա ողջույնի ժպիտ չէր, այլ հիացմունքի և ուրախության ժպիտ: Մենք այդպես չենք ժպտում»,- պատմում էին կախարդված տիեզերագնացները: Հետո հրեշտակներն անհետացան, իսկ տիեզերագնացների հոգում մնաց անբացատրելի կորստի զգացում: Դա պատահել է 1985թ. դեկտեմբերին:
Գիտեի՞ք այդ մասին:
Ես այդ փաստի մասին բոլորովին վերջերս եմ իմացել:

10. Ի՞նչ է Ժպիտը: Ինչպե՞ս է նա վերա-Ձև-ում ձեր ու իմ, մեր անձնական կամ հասարակական կյանքը:
Ահա, թե ինչ եմ մտածում այս հարցերի մասին:
Ժպիտը ոգեղեն հատուկ ուժ է, որն անցնում է սրտով և արտաքնապես հայտնվում է որպես դեմքի՝ ներքին լույս և ջերմություն ճառագող արտահայտություն: Ժպիտների միջոցով բացահայտվում, փոխանցվում, ուրիշներին են ուղարկվում մեր հարաբերությունները, զգացմունքները, մտքերը: Եվ քանի որ իսկական Ժպիտը գալիս է միայն բարի սրտից, ապա այն, ինչ նրանով արտահայտվում է, ծառայում է աջակցելու, խրախուսելու, ոգեշնչելու, հանգստացնելու նրանց, ում այն ուղղված է:
Ժպիտը, մտքի նման, ոգու ծնունդ է. նրա որակը, ինչպես և մտքի որակը, բխում է սրտից: Բարի զգացումներով լեցուն Ժպիտը, մարդկանց ոգեշնչում է բարի գործերի:

Ի՞նչ կարող է արարել Ժպիտի էներգիան:

Ահա, թե ինչի է նա ընդունակ.
- բարձրացնում է և´ նրա տրամադրությունը, ով ժպտում է, և´ նրանը, ում ժպտում են.
- ամրացնում է բարու ձգտումը և´ նրա մեջ, ով ժպտում է, և´նրա, ում ժպտում են.
- այլ կերպ ասած` ազնվացնում է և´ նրան, ով ժպտում է, և´ նրան, ում ժպտում են.
- ուժեղացնում է մարդկանց վստահությունը միմյանց նկատմամբ, նպաստում է հոգեկան միասնության առաջացմանն ու ամրապնդմանը.
- նպաստում է մարդկանց մեջ հավատի, հույսի, սիրո առաջացմանն ու ամրապնդմանը.
- մարդկանց կոչում և տանում է համագործակցության ճանապարհով, ազնվացնում է նրանց հանրությունը.
- ծառայում է որպես բուժական ճառագում.
- ներդաշնակում է մարդկանց բնավորությունը, նրանց դարձնում ավելի համբերատար ու զիջող.
- հեշտացնում և կարճացնում է մարդկանց մերձեցման ճանապարհը, նպաստում փոխըմբռմանը.
- ծառայում է ոգու բարիքների կուտակմանը.
- հանգցնում է չարությունը, թշնամությունը, անբարյացակամությունը, ատելությունը.
- մարդկանց կյանքը դարձնում է գեղեցիկ, զվարթ:

Այսպես է ժպիտը զորություն բերում:

Շարունակություն 

Ռուսերենից թարգմանեց Արթուր Մանուչարյանը 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Օլյա Մանդալյան | 2011-09-14 12:21:10
Կարդալով այս հոդվածը հասկացա,որ պետք է միշտ ժպտալ:Ժպիտն է գեղեցկացնում մարդուն և տալիս հաճելի զգացողություն:
Նիկոլյան Ռուզան, | 2011-09-14 12:18:55
Շատ հետաքրքիր էր:Ժպիտը բարձրացնում է մարդու տրամադրությունը և առաջացնում է անբացատրելի զգացողություն:Ժպիտը գեղեցկացնում է մարդուն և երկարացնում է կյանքը:
QOLEJ | 2011-09-14 12:16:58
SHAT HETAQRQIR ER,EV SHAT HACHELI ER MEZ HAMAR AYS NYUT@ @ NTERCEL@
Աստղիկ | 2011-09-14 12:15:32
Ես համաձայն եմ,որ Ոչ թե կյանքն է սնում ժպիտը, այլ ժպիտն է սնում կյանքը:Շնորակալությւն,շատ հետաքրքիր էր
ՔՈԼԵՋ | 2011-09-14 12:13:04
ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՈԴՎԱԾ Է,ԺՊԻՏԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է ԳԵՂԵՑԻԿ, ԿՅԱՆՔՈՎ ԼԻ, ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՅՆ ՄԱՍՆ ԵՆ ,ՈՐ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՐԺԵ ՄԻՇՏ ԺՊՏԱԼ:
Թամարա | 2011-09-14 12:12:31
Շատ հետաքրքիր և բովանդակալից հոդված էր: Ընթերցեցինք և հասկացանք, որ ժպտալուց մարդ պետք է ժպտա անկեղծ և գեղեցիկ: ՄԻՇՏ ԺՊՏԱՑԵՔ
Գայանե Դավթյան | 2011-07-25 19:35:45
Կարո՞ղ եք կատարել միակ խնդրանքս,մարդիկ. ԺՊՏԱՑԵՔ.....
eranuhi | 2011-07-25 10:44:33
Շնորհակալություն, Արթուր, մեծ մանկավարժ Ամոնաշվիլու նյութը հանելուկային Ժպիտի բացահայտման մասին, մեզ հրամցնելու համար:
Նաիրա Նիկողոսյան | 2011-07-25 10:31:08
Շնորհակալ եմ հոդվածի համար: Ժպիտի Էներգիան ավելացնում է նաև մարդու առողջությունը: ԺՊՏԱՑՈՂ մարդիկ առողջ ու երիտասարդ են, կարող ենք հետազոտություն անցկացնել:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ