ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 44
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ միջոց

Նունե Մովսիսյան
Առարկայական մեդիափաթեթ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Что такое критическое мышление

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Պրոտոպոպովա Վ.Վ.
Համակարգչի և համացանցի ներառումը ուսուցման մեջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Ես չխոսեմ` քարի ու ասֆալտի ծանրության տակ թողած հողը կաղաղակի

Жанна Акопян
Школа учит мыслить светоносно, преобразующе, благостно

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


Սթիվ Ջոբսի ելույթը Ստենֆորդի համալսարանի շրջանավարտների առաջ

ԱՐՁԱԳԱՆՔ
Լույսի զինվորի գիրքը

 

Սկիզբը

41

Լույսի զինվորը պետք է լինի միաժամանակ և՛ համբերատար, և՛ ճարպիկ:
Ստրատեգիական երկու գլխավոր սխալ կա. շտապելը՝ նպաստավոր պահից առաջ գործելով, և դանդաղելը`պահը կորցնելով:

Դրա համար էլ, որպեսզի խուսափի թե՛ մեկից և թե՛ մյուսից, զինվորը ամեն դեպք դիտարկում է որպես իր տեսակի մեջ եզակի և չի օգտվում ուրիշի կարծիքից, ընդհանուր ձևակերպումներից և պատրաստի դեղատոմսերից:

Խալիֆ Մուավիան Օմար բեն Ալ-Աասին հարցրեց, թե որն է նրա քաղաքական անօրինակ հաջողությունների գաղտնիքը:
‹‹Առանց նահանջի ճանապարհը նախապես ուսումնասիրելու` երբեք գործի մեջ չեմ մտել, - պատասխանեց վերջինս - բայց որ մտել եմ, էլ երբեք չեմ ձգտել տեղնուտեղը գլխապատառ փախչել››:

42 

Լույսի զինվորին ծանոթ է ընկճվածությունը: Երբեմն նրան թվում է, թե ինքը իր հոգում ցանկալի զգացումներ արթնացնելու համար ուժ չունի:

Բազում օրեր ու գիշերներ նա հարկադրված տանջալից վիճակում է, և ոչ մի նոր իրադարձություն չի կարող վերադարձնել նրան անցած ոգևորությունը:
‹‹Նրա պայքարն ավարտված է››, - ասում են բարեկամները:

Այդպիսի խոսքերը ցավ ու ամոթ են պատճառում զինվորին, քանզի նա գիտե, որ դեռ չի հասել նպատակին, որին ձգտում էր: Սակայն նա համառ է, ու գործի կեսից ետ չի կանգնի:

Եվ ահա այն պահին, երբ ինքն ամենաքիչն է դրան սպասում, նրա առջև նոր դուռ է բացվում:

43

Լույսի զինվորը ջանում է, որ ատելության զգացումը երբեք չաղտոտի իր սիրտը:

Կռվի մեկնելիս նա հիշում է Քրիստոսի խոսքերը` սիրի՛ր թշնամուդ, և հնազանդվում այդ պատգամին:

Բայց նա գիտե, որ թողությունը բոլորովին էլ համարժեք չէ ամենաթողությանը: Գիտե, որ զինվորը չպիտի խոնարհի գլուխը, քանզի այդ դեպքում նա տեսադաշտից կկորցնի իր երազանքների հորիզոնը:

Նա պատրաստ է ընդունելու , որ թշնամիները իր խիզախությունը, իր համառությունը, որոշումներ կայացնելու իր ունակությունը փորձության ենթարկելու համար են։ Թշնամիները պարտադրում են նրան պայքարել հանուն իր երազանքների իրականացման:

Կռվի դաշտում ձեռք բերած փորձառությունը ամրացնում է լույսի զինվորի ոգին:

44

Լույսի զինվորը հիշում է անցյալը: Նրան հայտնի է` ինչ ասել է Հոգևոր որոնում , որի շնորհիվ էլ մարդկության պատմության մեջ գրվել են դրա ամենափառավոր էջերից որոշները: 
Ամենափառավորներից, բայց և ամենագարշելիներից` խավարամոլությունը, զոհաբերությունը, արյունալի հաշվեհարդարները:

Մարդիկ Հոգևոր որոնումն օգտագործել են ամենատարբեր նպատակներով, և զինվորը գիտե, թե որքան հաճախ են իր իդեալները հրեշավոր մտադրությունների քողարկման միջոց ծառայել:

Արդեն քանի անգամ է զինվորը առիթ ունեցել լսելու արտահայտություններ, ինչպես՝ ‹‹Ի՞նչ իմանամ, որ այս ճանապարհը դեպի ճշմարտություն է տանում››: Քանի անգամ է նա առիթ ունեցել տեսնելու մարդկանց, ովքեր, այդ հարցի պատասխանը չստանալով, հրաժարվել են Հոգևոր որոնումից:

Բայց զինվորը կասկած չունի, քանզի նա առաջնորդվում է ստույգ ու ճշգրիտ բանաձևով:
‹‹Ծառը պտղիցն են ճանաչում››, - ասել է Հիսուսը: Զինվորը հետևում է այս կանոնին և երբեք չի սխալվում:

45

Լույսի զինվորը գիտե, թե որքան կարևոր բան է ներզգացումը: Կռվի ամենաթեժ պահին, երբ ժամանակ չկա մտածելու, թե ինչպես պետք է հակահարված տալ հակառակորդին, զինվորը գործում է ներզգացմամբ և հնազանդվում իր պահապան հրեշտակի խոսքերին:
Խաղաղության ժամանակ նա գուշակում է Աստծո կողմից իրեն ուղարկված նշանների իմաստը: 
‹‹Խելագար է ››, - ասում են ոմանք նրա մասին: 
‹‹Երկնային ամրոցներ է կառուցում››, - ասում են մյուսները: 
‹‹Ինչպես կարելի է վստահել մի բանի, որ զուրկ է տրամաբանությունից››, - տարակուսում են երրորդները:

Բայց զինվորը գիտե` ներզգացումը այբուբեն է, որի օգնությամբ կարելի է կարդալ Աստծո կողմից նախասահմանվածը, ուստի նա շարունակում է ականջ դնել քամու ձայնին և զրուցել աստղերի հետ:

46

Լույսի զինվորն իր ընկերների հետ նստում է խարույկի շուրջ:
Նրանք պատմում են իրենց տարած հաղթանակների մասին և ուրախությամբ ընդունում խարույկին մոտեցող օտարականներին, քանզի նրանցից յուրաքանչյուրը հպարտանում է սեփական կյանքով ու Արդար Կռվում իր մասնակցությամբ: Զինվորը ոգևորությամբ խոսում է իր անցած ուղու մասին, պատմում` ինչպես է ընդունել այս կամ այն մարտահրավերը, ինչպես է արձագանքել դրան, ինչ որոշում է հասունացել իր մեջ այս կան այն դժվար պահին: Երբ նա պատմում է այդ մասին, նրա խոսքերը ներծծված են ռոմանտիզմով ու կիրք են շնչում։

Երբեմն նա իրեն մի քիչ չափազանցություն է թույլ տալիս։ Նա հիշում է, որ իր նախնիներն էլ ժամանակ առ ժամանակ նման բան իրենց թույլ են տվել։
Այդ պատճառով էլ նա դրա մեջ մեծ մեղք չի տեսնում: Բայց նա երբեք հպարտությունը փառասիրության հետ չի շփոթում և ինքն էլ չի հավատում իր հորինածին:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը
Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ