ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 44
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ միջոց

Նունե Մովսիսյան
Առարկայական մեդիափաթեթ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Что такое критическое мышление

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Պրոտոպոպովա Վ.Վ.
Համակարգչի և համացանցի ներառումը ուսուցման մեջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Ես չխոսեմ` քարի ու ասֆալտի ծանրության տակ թողած հողը կաղաղակի

Жанна Акопян
Школа учит мыслить светоносно, преобразующе, благостно

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


Սթիվ Ջոբսի ելույթը Ստենֆորդի համալսարանի շրջանավարտների առաջ

ԱՐՁԱԳԱՆՔ
Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ միջոց

5-6 տարեկանը գնում է դպրոց

5-6 տարեկանը «դպրոց է գնում»: Բոլոր մեծերը նրան մի լա~վ «նախապատրաստել» են: Հարցրեք ցանկացած 5-6 տարեկանի, թե ինչու է դպրոց գնում: «Որ գերազանցիկ սովորեմ»: Մի քանի բան էլ գիտի՝ պետք է լուռ նստել, լսել ուսուցչին, չվազվզել, չաղմկել, դասի ժամանակ չխոսել, մինչև անգամ՝ զուգարան չգնալ... 
Խե~ղճ վեց տարեկան: Պատկերացրեք նրա վիճակը՝ «բանտից էլ խիստ է այս դպրոցը»: Բա որ ուսուցիչն էլ խիստ եղա՞վ: Վե´րջ, կատարվեց շատ ծնողների երազանքը:

Բա ի՞նչ անել, ինչի՞ց սկսել:
Իհարկե, սկսել նոր միջավայրը յուրացնելուց, իրար ճանաչելուց: Նախապատրաստել դպրոցական «աշխարհը»՝ դարձնել գրավիչ, ուրախ, հետաքրքիր, փոքրիկի ուզածով, որ մտնի ու գոնե մտքում ասի՝ ջա~ն...
Առաջին «ջանն» ասաց, նստեց անկենդան (ցավոք, հաճախ հին, անհրապույր, անհարմար նստարանին՝ իր նման մոլորվածների հետ: Բակում կամ սրահում սկսված տոնական խաղն ավարտվե՞ց: Ո~նց...
Արդեն թողել ենք, չէ՞, ուսուցչական-պաշտոնական կեցվածքը, արդեն մենք երեխայի ընկերներից մեկն ենք, և լավ է: Լավ է, որովհետև էլ նահանջելու տեղ չունենք, իր ընկերն ենք ու վե´րջ, իրեն պիտի հասկանանք, ժպտանք, գովենք-գովաբանենք, ձեռքը բռնած խաղանք: Խաղանք, որովհետև ընկերները նստարանին չեն նստեցնում, չեն հրամայում, չեն պարտադրում, ընկերները միասին խաղում են: 

Շատ կարևոր է` հենց առաջին օրվանից բարյացակամ միջավայրի ստեղծումը: Ինչպես ընդունված է ասել` երեխային խաղից կտրել բերել ենք դպրոց: Է´, մի կտրեք, ո՞վ է պարտադրում: Ո´վ է խանգարում խաղով ծանոթանալուն, խաղով երգելուն կամ նկարելուն: Մեկ է, երեխայի համար խաղն իր կյանքն ապրելու ձևերից է` ամենասիրելին և ամենազարգացնողը: Դա նաև երեխաներին նստարանից փրկելու լավ միջոց է. դպրոցական նստարանը մարդկության լավագույն հայտնագործություններից չէ, մանավանդ փոքրիկների համար: 

Տառաճանաչությո՞ւն, թե՞ տառապալից գերխնդիր

Ավանդական դպրոցի առաջին դասարանում ոսկե ժամանակի զգալի մասը կորցնում ենք տառուսուցման վրա: Այն դառնում է գերխնդիր, և մի ամբողջ ուսումնական տարի հանրապետության հարյուրավոր մասնագետներ և հազարավոր երեխաներ զբաղված են հայոց երեսունինն տառերը ճանաչեցնելով ու ճանաչելով՝ մնալով տառին ու բառին անհաղորդ, տառն ու բառն էլ՝ իրենց օտար: Այնինչ՝տառաճանաչությունը ընդամենը սովորողի բազմաբնույթ գործունեության արդյունքներից մեկն է:

Բայց չէ´: Ի´նչ արդյունք, ինչ բան, ըստ կարգի տառուսուցումն ինքը հատուկ գործընթաց է՝ հերթով, հարկ ու կարգով, ժամանակացույցով. հանկարծ առաջ չանցնես, հետ էլ չընկնես: 

Լա´վ, ասենք`երեխան մի քանի ամսում սովորեց տառերը: Լա´վ, կարդաց մի քանի «հարմարեցված» անկենդան, իր, իր կյանքի, իր ժամանակի ու մտածողության հետ կապ չունեցող բառեր, սարքովի արհեստական տեքստեր, փչացրեց ճաշակն ու մտածողությունը, կորցրեց իր թանկարժեք ժամանակը: Հետո´: Հետո այդպես էլ կշարունակվի: Կարևորը` թող տառերը ճանաչի, սիրուն, անթերի գրի դրանք:
Իրականում տառը ճանաչելը, գեղեցիկ գրելը չեն կարող նպատակ լինել: Տառերը ճանաչելը կապվում է երեխայի գործունեության հետ, այն կազմակերպելու միջոցներից մեկն է: Գոնե առայժմ մի կողմ թողնենք ոսկեղենիկ հայերենի մասին մեր հերթապահ վերամբարձ կարգախոսները, որովհետև ոսկեղենիկ հայերեն չենք էլ ուսուցանում: Ուրեմն տառաճանաչությունն անհրաժեշտ է այնքան, որքան անհրաժեշտ է, ուրեմն երեխան տառ ու բառ պիտի սովորի անհրաժեշտությունից ելնելով՝ իր անվան տառերը, հարազատների ըկերների…

Տոն ու տաղավար, իր գրելիք նամակը, ընկերոջ գրածը… Եթե լեզուն ֆունկցիոնալ չի լինում, մեռնում է: Մենք էլ թողել ենք նամակ գրելը, լուր հաղորդելը, լուր ու տեղեկություն հավաքելը, ստեղծագործելը ու էլի կարևոր կիրառական գործեր ու մի քանի ամիս շարունակ շամանակ ենք սպանում տառ ուսուցանելու վրա, երբ կարելի է դա ընթացքում անել, դրա անհրաժեշտությունից ելնելով: 

Տառն ու բառը՝ խաղալիք. ավելացնենք՝ կենդանի-շոշափելի նյութ 

Ավանդական դպրոցում կիրառվող մեթոդներով ուսուցանելու դեպքում տառն ու բառն այդպես էլ անշունչ ու օտար են մնում երեխային: Քչերն են դառնում այդ տառ ու բառի կենդանի կրողը, քչերն են կարողանում դրանց շունչ տալ: 
Այնինչ դրանք հոգի ու շունչ ունեցող հրաշալի խաղալիներ են՝ տիկնիկներ: Երեխան կերպավորում է տառերը, բնավորություն հաղորդում, թխում (տառթխիկ, բառթխիկ), ծեփում (տառծեփիկ, բառծեփիկ), պատմություններ հորինում դրանց մասին, փնտրում է դրանց «ծնունդը»:

- Ու ձայնը կորել էր: Չէ~, չկար: Մի գիշեր գայլն այնքան սոված էր, որ ոռնաց՝ ո~ւ- 
Մարդը լսեց ասաց.
- էս ինձ ձայն էր՝ ո~ւ.. ո~ւ… ո~ւ… Գայլի ձայն էր: 
Ու գտավ ու ձայնը:

Տառը դառնում է երեխայի խաղի, աշխատանքի նյութ, ինչպես թուղթը, ներկը, դույլը, ծառը, բահը… Այն այլևս օտար, սառը ինչ-որ պատկեր չէ, որից նա նույնիսկ վախենում է, այո՚, վախենում է, որովհետև այն անթերի գրելը դժվար է, մենք էլ երբեմն խփում ենք թաթիկին, թե՝ էդ ինչ դժվար բան է, որ չես կարողանում: Կորավ ամեն ինչ: 
Իսկ իրականում նա ամեն օր տեսնում է դրանք, խզխզում, իր լեզվով ինչ-որ բաներ գրում, տարբեր նպատակներով գործածում։ 
Ներկա-բացակայի թերթիկին կամ ծառին փակցնում է իր անունը:
Մի քանի օր կարող են նույն բառով նշել իրենց ներկայությունը, ասենք` տուն, կապիկ, կատու, ծափ, ծառ, ծիտ: Դաստիարակը ներկայացնում է բառը, միասին կարդում են` ծ-ի –տ՝ ծիտ: Ծիտ բառը լցված է տուփի մեջ, վերցրու-փակցրու թղթին, ու դու այսօր ծիտ-ներկա ես դասարանում՝ ծ-ի-տ: Մի քանի օր հետո ծառ-ներկա ես կամ կապիկ, կամ էլ՝ կատու-ներկա: 

Բառախաղերի ժամանակ էլեկտրոնային գրատախտակին դաստիարակը գրում է անհրաժեշտ բառը:
Երեխաները տարբեր նպատակներով տանից ծնողների «ուղարկած» բառերն են բերում, պարզ է, որ տանեցիների հետ կարդում են այն:
Փողոցում հարազատների հետ ցուցանակներն են կարդում:
Տարբեր ձայներ (հնչյունի տառը) են նկարում և կերպավորում` նախապես փորձելով «պարզել», թե մարդն այդ ձայնը որտեղից գտավ, ինչ պատահեց, որ այդ ձայնը գտնվեց:

Կարող են ձայների տունը նկարել` ասենք շ-ի տունը. ինչպիսին է այն, ինչ կա հենց շ-ի տանը, շ-ի տան ճանապարհին ինչեր կան, ինչեր են աճում…
- Շ-ի տանը միշտ լուռ է, որովհետև էդ տան կտուրին շը~-շը~-եր են աճում, շներն էլ շը~-ով են հաչում: 
Տառերով, բառերով փազլներ են պատրաստում ընկերների համար:

Ծանոթ տառերով տառանկարներ են անում մեծ թղթի վրա (պանոներ են անում):
Հեքիաթներով խաղալիս հերոսների անուններն են փակցնում իրենց հագուստին կամ իրենց պատրաստած գլխարկին, տիկնիկին: Այսպես` աղվեսի դերակատարը կարող է «աղվես» բառով հանդես գալ, աքլորը կարող է գլխարկ ունենալ, որի վրա «աքլոր» գրած լինի:

Տոնական բացիկները կարող են «տոնական» տառերով ձևավորել:

Իսկ ձեռքն ինքն իրեն կվարժվի գրելուն, ժամանակի ընթացքում: Տեխնիկայի դարում արժե՞ այդ մանրուքի համար հոգեբանական տրավմայի հասցնել երեխային:

Մի շատ կարևոր բան էլ ենք մոռանում՝ իրականությունն արդեն ձեռագիրը փոխել է մեդիագրով: Ե՞վ… Եվ այն, որ մենք միջավայրը փոխելու-զարգացնելու, մեդիան դասարան բերելու փոխարեն դեմ ենք տալիս պապենական տետրերը: Այսինքն չե՞նք ուզում դպրոցական աշխարհը փոխել, ընտրում ենք հեշտ ճանապարհը, ալարում ենք: Բա այդ դեպքում էլ ի՞նչ ենք պահանջում սովորողից, ո’ր իրավունքով, ի’նչ ունենք փոխանցելու ծուլությունից, բթացնող անճաշակ անգիրներից բացի: Հետո էլ ասում ենք` ամեն ինչ երեխաների համար: Սո’ւտ ենք ասում, եթե երեխային տանջում ենք, որ գեղեցիկ գրի, անշարժ նստի, չվազվզի, չաղմկի...համարյա «չշնչի-չշարժվի»: 
Դրա փոխարեն եթե ամեն մեկն իր պարտականությունն է կատարում, ծնողն` իր, ուսուցիչն` իր, դասարանը դառնում է էլեկտրոնային գրատախտակով, թվային ֆոտոխցիկով, ձայնագրիչով, նոթբուքով կամ նեթբուքով: 

Մեծանում է ուսուցման տարածքը. ուսուցումը դառնում է Կրթություն, Մշակույթ, դուրս է գալիս դասարանի պատերից, մտնում համացանց: Սովորողը դառնում է հետազոտող, ինֆորմացիա է ձեռք բերում և հաղորդում, համակարգչով նյութեր է ստեղծում իր և ընկերների համար, հասանելի է դառնում շատերին, ինքն է շատերի ստեղծածն օգտագործում: Տառը ճանաչելի է դառնում, որովհետև դրա անհրաժեշտությունը կա, որովհետև բառ պիտի ուղարկի իր կամ ընկերոջ տատ ու պապին, պիտի պատասխանի իրեն ուղղված հարցերին, խաղ-խնդիրներ պիտի լուծի...

Տեխնիկական մտածողություն է ձևավորվում: Չտես սերունդ չենք ուզում, չտեսը չի կարող ավելիին, անգամ անհնարինին ձգտել, չտեսն ինչ պիտի ստեղծի, լավացնի, իր չտեսա՞ծը: 

Էլեկտրոնային ընթերցարան՝ երգարան - խաղալիք

Վերանում է «Այբբենարան» կոչված դարավոր դասագրքի անհրաժեշտությունը: Ընթացքում ամեն մեկն ստեղծում է իր «Ուրախ այբբենարանը»՝ իր նկարած նկարներով, իր սիրած բառերով, բառակապակցություններով, իր և ընկերների հորինած մտքերով ու դատողություններով, փոքրիկ պատմություններով: Բազմագույն ու բազատեսակ, լիքը շուտասելուկով ու հանելուկով (հանելուկալիքը): 

Ա´յ քեզ ուրախ ընթերցարան: Կարդա քո և ընկերներիդ գրածները: Թե չէ՝ մենք ո՞վ ենք, որ իր համար բան հորինենք: Իսկի հանճարեղ Թումանյանն իրեն այդպիսի բան թույլ չէր տալիս:
Դե համեմատեք մեզ այդքան հոգնեցրած «մեծական» այբբենարանների հետ...ի՞նչը համեմատես: 
Մի խաղալիք կարող է լինել, «Որախ ընթերցարան», որ իրենց ու մեր համատեղ աշխատանքն է. իրենք հորինել են, խաղացել, երգել անպայման, նկարել: Մենք էլ հավաքել ենք, ձևի բերել, ընթերցարան դրել. իրենց տվածն ենք տվել իրենց: Ընթերցարան, որ վանկախաղերի, բառախաղերի ժողովածու է, երաժշտական-ռիթմիկ, հեշտ ընթերցվող. համարյա՝ հաշվերգ կամ խաղերգ: 
Մա-մա-տիկ, 
Տիկ-տիկ-տիկ
Կար-միր մա-տիկ:
Չէ~, տատիկ-մատիկ:

Կամ 
Զար-զար, մի գազար,
Կար-կար-կար 
Մի գազար կար: 
Մի գազար ու մի սար:
Սարը գազար էր, գազարը՝ սար: 

Իր սիրած գազարն ու կապիկն են, իր զգացողությանն ու ականջին հաճելի երաժշտություն ու ռիթմ, կարճ, հեշտ կարդացվող բառեր-բառախաղեր, գունավոր տառեր, իր հասակակիցների նկարներ ու պատկերացումներ: Անունն էլ՝ «Ուրախ...»: 
Այս գիրք-խաղալիքը կամ խաղալիք-գիրքը չի մաշվում-քրքրվում, չի կորչում: 
Ի~նչ պետք է կամ ուզում ես՝ կարող ես մեջը գրել, պահել կամ չպահել: Գրածդ նույն պահին կարող ես ուղարկել՝ ում ուզում ես: Ահա և կախարդական գիրք: Ո՞ր փոքրիկը չի ուզի: 
Անելիքդ էլ ոչ թե հրաման է, այլ քո ցանկությունը կամ անհրաժեշտությունը այդ պահին: 
Ուրեմն՝ տառաճանաչությունը բնական գործընթաց է, իրական, առօրյա ուսումնական գործընթացի մի մասը:
Տառը ինքնարտահայտման գործիք է երեխայի ձեռքին: Նա դա գործածում է, երբ անհրաժեշտ է, գտնում է, բերում, դնում իր տեղը: 
Հերթական անհեթեթ առաջադրանքի փոխարեն, սանն անընդհատ կարդում է, շատ է կարդում, գրում է, շատ է գրում, հորինում է, ստեղծում, նկարում, խաղում և մտապահում: 
Պետք չէ տառը հանել բառից, տառ ուսուցանել: Երեխան տառը հենց բառով էլ մտապահում է, բառով էլ տառը կենդանանում է, հնչում:
Անծանոթ տառեր չկան, բոլոր տառերն էլ ծանոթ են, պարզապես երեխան ու ինքը դեռ չեն հանդիպել, հենց հանդիպեցին էլ չեն բաժանվի: 
Անընդհատ առիթ տվեք, հնարավորություն ստեղծեք, որ երեխան կարդա ու գրի (մուտքագրի): 
Ընթացքում կձևավորվեն և կզարգանան երեխայի մեդիահմտություններն ու կարողությունները: Տեխնիկան անընդհատ օգտագործելու մշակույթ կձևավորվի: Ասելիք ունենալու և ասելիքը հաղորդելու ունակ մարդ կձևավորվի:

Հաճախ վանկատելն ու հեգելը լավ սնունդի պես բան են 

Որքան շատ խաղա երեխան տառ ու բառով (բանավոր թե «գրավոր», նկարելով թե խզբզելով) այնքան՝ լավ, այնքան արագ և աննկատ կսկսի կարդալ: 
Ոչ թե դնում ենք ու բացատրում, որ բառը հնչյուններից է կազմված, որնախադասությունը՝ բառերից… այլ՝ քայլ առ քայլ գալիս հասնում ենք դրան: Հասկանալի է, որ երեխան հեքիաթը ամբողջական է ընկալում: Նրա մտքով չի էլ անցնում այն մասերի բաժանել: Նա դա կանի թատրոն խաղալով, հեքիաթը մաս-մաս «նկարելով»: 
Հ. Թումանյանի «Ծիտը» աշխարհի ամենալավ հեքիաթն է, ու բոլոր հայ երեխաները այն անգիր պիտի իմանան: Վերցրեք ու սկսեք: Նախ պատմեք այն՝ առանց բառ անգամ փոխելու: Հետո այնքան խաղացեք, որ անգիր սովորեն: 
Թատրոն խաղացեք. Սկզբում ովքե՞ր էին՝ ծիտն ու տատը, չէ՞: Հետո՞...Հետո՝ ծիտն ու հովիվը, հետո՝ ծիտն ու հարսանքավորները...
Մաս-մաս խաղում ենք, «մշակում», վերջում մաս-մաս էլ միացնում ենք:
Խաղալիս էլ առանձնացնում ենք նախադասությունը, ասենք՝ «Մի օր էս ծտի ոտքը փուշ է մտնում»: Մեկը դա բարկացած կասի, մյուսը՝ զվարճանալով, երրորդը՝ տխուր կամ հրճվանքով...խաղ է:
Վանկատելն ու հեգելն էլ՝ երգում ենք վանկատելով, դոփում ենք վանկատելով, ծափ ենք տալիս վանկատելով, քայլում ենք վանկատելով: Հետո վանկից անցնում ենք ձայնին (հնչյունին). առավոտյան ուրախ մարմնամարզություն, պար, երգ, ոտանավոր. լիքը բան կարելի է մտածել: Երեխաները շատ արագ սկսում են անգամ իրար հետ հեգելով խոսել, հեգելը դառնում է ամենօրյա զվարճալի խաղ, եթե իհարկե՝ պարտադրանք չկա, եթե իհարկե այն ձեզ էլ է ոգևորում: Հակառակ դեպքում կդառնա սովորական պարտադրանք-առաջադրանք: 
Միասին շատ հեգեք ու վանկատեք, դրա առիթները ուսումնական գործընթացում շատ են: 

Տառաճանաչություն ամանորյա ծեսին 

Ամանորի ծեսն սկսում ենք այս նախագծով, այն կապված է և տոնի և տառաչանաչության հետ: 
Սկսում ենք զրույցից.

- Ի՞նչ է տոնը: (Ցանկացած պատասխան ընդունելի է, և այն գրի է առնվում):
- Ե՞րբ է տոն լինում:
- Ե՞րբ մենք ուրախ ենք, բոլորիս տրամադրությունը բարձր է:

- Տոնը ամենից շատ ո՞ւմ է հյուր գնում:
- Ո՞վ որ ուրախ մարդ է:
- Ո՞վ է տոն սիրում:
- Ո՞վ միշտ քեֆ է անում: 

Պատահական բառեր են ասում, միացնում են «տոն» բառին և փորձում են բացատրել նոր ստացված բառը:
Օրինակ` տոն+գազար=տոնագազար=գազարների նոր տարի

- Տոն բառի առաջին ձայնը ո՞րն է:
Հեգում են տոն բառը: Հաշվում են` քանի ձայն կա այդ բառում: 
- Ի՞նչ գույնի է տոնը, ինչո՞ւ:
Տոնապար պարեցինք, տարբեր տոնամնջախաղեր խաղացինք: 

A-4 թղթին, որի վրա փոքրատառերով նախապես տպված է «տոն» բառը, երեխաները տոն են նկարում և մեկնաբանում են իրենց նկարը: Դաստիարակը նրանց մեկնաբանությունը գրի է առնում կա´մ հենց նկարի վրա, կա´մ այլ տեղ: 
Տոն բառի ձևավորում ամսագրերից և այլ տեղերից կտրատված նկարների կտորտանքով:
Այդ շաբաթ ներկա-բացակայի բառը «տոնն» է լինում:
Հաջորդ աշխատանքը` աշխատանք տ-ով:
Զրույց նոր տարվա մասին: 
- Ինչո՞ւ է տոնը նոր տարի կոչվում:
- Ի՞նչ է լինում Նոր տարվա կախարդական գիշերը:
- Ի՞նչ նվեր կուզեին ստանալ ամանորին:
- Ի՞նչ նվեր կուզեին տալ նրանց, ում իրենք սիրում են…
- «Տոն» բառի առաջին ձայնը:
- Շա~տ առաջ, երբ մարդը դեռ բոլոր ձայները չգիտեր, տ ձայնը որտեղից գտավ, ի՞նչ եղավ, որ նա հանկարծ տ ձայնը լսեց, գտավ, սովորեց:
Պիտի նշեմ, որ այս պատմությունները շատ հետաքրքիր ու կենդանի են ստացվում: 
- Ո՞ր բառերի մեջ է ապրում տ-ն:

- Ինչպիսի՞ն է տոնը:
- Ուրախ, թռվռան, երգող, վազվզող, տորթով...
Էլեկտրոնային գրատախտակին որքան ուզեցին, տ ո ն տառերը մուտքագրեցին: Իրենց նակարած տոնաբացիկները միասին մուտք արեցինք ու ուղարկեցինք հարազատներին: 
Երեխաները կերպավորում են տ ո ն տառերը և շուրջը նկարներ նկարում, որոնց մեջ տառերն են «ապրում», փորձում են դրանց անունները գրել:
Խումբը էկրանին «տոն» բառի մեծ էջն է ստեղծում՝ պանո, որը դառնում է ապագա ընթերցարանի էջերից մեկը: Կարող են միասին մեծ տանձ նկարել, (կա´մ տոնի դեմքը, կա´մ այլ համապատասխան մի մեծ նկար նկարել), շուրջն էլ տ , ո, ն տառերը նկարել, նկարում են վազվզող, թռվռան, տորթով... տոները: 
Արդյունքում ստացվում է «տոնի ցուցահանդես»: 
Ո (վօ) և օ տառերի մասին ոչինչ չի ասվում. Դա հետագայի խնդիր է:
Կարելի է առաստաղից կախված փուչիկների կամ այլ ամանորյա տոնական խաղալիքների վրա փակցնել «տոն» բառի տառերը, դրանք այնպիսի տեղ կախել, որ տեսանելի լինեն: 
Ամանորյա էլեկտրոնային բացիկները ձևավորել ուրախ տոն, թռվռան տոն, ծիծաղող տոն... բառակապակցություններով: 
Նույն մեթոդները կարելի է կիրառել ցանկացած դեպքում: Պետք է նաև հաշվի առնել թեմայի բովանդակությունը, առանձնահատկությունները: 

Տառաճանաչություն Հ. Թումանայանի հետ 

Թումանյանական սուգատեսի օրերն են: Մի քանի ոտանավոր կարդացի երեխաների համար: Իրենք «Մարտը» շատ հավանեցին, որովհետև իրենց նման մարտն էլ գժուկ էր: 
Խաղացին, թռվռացին գիժ մարտի նման, ձայներ հանեցին` մեկ` ուրախ օրվա, մեկ` անձրևի ու քամու: Իրենք իրենց 2 խմբի բաժանվեցին` աղջիկները դարձան ուրախ օր, պայծառ օդ, խնդացող, տղաները` անձրև ու քամի, մութ ու ամպոտ, լացկան: Չգիտես ինչու` ներկեցին դեմքները, մի քանիսն էլ մազերը գզգզեցին:
Անցանք զրույցի`
- Էս մարտը կես ձմեռ է, կես` ամառ, - ասաց Արաքսիկը:
- Այլմոլորակային է, բան չի հասկանում: Դավիթ
- Մի օր ցուրտ է, մի օր տաք, ինչ կա որ: Արևիկ
- Մեկ կոպիտ է, մեկ փափուկ: Լիլուշիկ
Սամվելն էլ, չգիտես ինչու, բարկացավ.
- Օ~ֆ, գժի մեկն ա:
- Մազալու ամիս ա, բաբուլյաս իրան չի սիրում: Էլեն
Էլեկտրոնային գրատախտակին բոլորը իրար օգնելով «մարտ» բառը գրեցին, (տ, ա, տառերն արդեն գիտեինք), այդ բառը միասին ուղարկեցինք ում ուզեցինք: 
Հաջորդ օրվա նկարելու թղթերի վրա մուտքագրեցի մարտ բառը, ոտանավորը հիշելուց հետո, հեգեցինք մարտ բառը: Հեշտ ու արագ գտան մ և ր տառերը: Նկարեցինք «Ախ, էսպես էլ գիժ ամիս, Մարդու հանգիստ չի տալիս» հատվածը: Այդ տողերն էլ էին թղթի վրա մուտքագրված. Շատ զվարճալի էր, երբ փորձում էին դրանք կարդալ, ծանոթ տառեր էին փնտրում գտնում, դրանք իրար էին ցույց տալիս ոգևորվում էին: 
Հաջորդ օրը «մարտ» թուղթը բաժանեցինք 2 մասի, մի մասին նկարեցինք «Էսօր ուրախ օր կանի» մյուս կեսին` «Վաղը անձրև ու քամի»: Նույն սկզբունքով նկարեցինք ոտանավորի մյուս հատվածները: 
Անցանք տառերի կերպավորմանը: Նկարեցինք մ տառը, կենդանացրինք այն` աչք-ունք նկարեցինք, մեկի մ-ն բեղ ու մորուք ուներ, մեկինի ոտքերը ծուռ էին ստացվել, մեկի մ-ն մարտի նման ուրախ օր էր, մեկինը` արևի պես տաք…
«Հայտնաբերեցինք», թե մարդն ինչպես է գտել մ ձայնը.
- Մի բան հասկացավ, մզզաց, ասաց` ը~ը~մմմ ու գտավ մ ձայնը: Դավիթ
- Կատվի ձայնից իմացավ, որ մ կա: Սերոժիկ
- Մամա ասեց ու երկու հատ մ գտավ: Էլեն 
Փորձեցինք պարզել մ-ի հասցեն (թեև մի քիչ դժվարությամբ) ` 
- Մրգի երկիր, Մոծակ փողոց, Մատիկ տուն: Հայկ
Մ-ի մասին նույնիսկ փոքրիկ երգ հորինեցինք` 
- Մ-ն եմ ես, մ-ն եմ ես,
Մկնիկ բառի տառն եմ ես:
Ապրում եմ ես սարերում,
Մասուր եմ ուտում ու երգում: Էլեն
Համարյա նույն կերպ վարվեցինք ր-ի հետ, թեև այս տառի «հնարավորություններն» ավելի քիչ են: 
Մեզնից դուրս ր-եր երգեցինք, թռվռացինք», ուրիշ բառերի մեջ ր գտանք…
Տարբեր տեղեր լիքը ր գրեցինք…
Ր և Մ տառերը թխեցինք, կերանք:
Թխեցինք նաև Հովհաննես Թումանյանի Հ և Թ տառերը, հյուրասիրեցինք մեր ներկայացման հյուրերին:
Արդյունքում ստեղծվեցին «Մարտ» տեսահոլովակը, «Ուրախ այբբենարանի» էջեր, տատիկ-պապիկները «մարտ» բառը նվեր ստացան, մենք էլ մի քանի տառի հետ ընկերացանք: 
Լիլիթ Բաբայան

Ծիծաղող Ծ և ծաղրածու 

Նախաճաշից հետո շատ բարձր տրամադրությամբ եկանք խմբասենյակ: Բոլորս ուրախ էինք: Իրենց տրամադրությունը շատ լավ առիթ էր, որպեսզի խոսեինք ծիծաղի մասին: Ամեն ինչ սկսվեց ծիծաղից: Ծիծաղ ցույց տվեցինք, հետո իրար խուտուտ տվեցինք, մի լավ ծիծաղեցինք: Երեխաները շատ էին ոգևորվել, ամեն մեկը հետաքրքիր պատկերներ էր ցույց տալիս: Անին ու Անուշը ցույց էին տալիս, թե արևը ինչպես է ծիծաղում, իսկ Տիգրանն ու Վահանը` ամպերինը: Դավիթն ասաց, որ ամպերը չեն ծիծաղում, որովհետև անձրև է գալիս: Բոլորը սկսեցին լացկան ամպեր ցույց տալ: Քանի որ նստոտել էին այս ու այնտեղ, առաջարկեցի ցույց տալ, թե ինչպես են ծիծաղում մեր ձեռքերն ու ոտքերը: Ծիծաղեցին մեր ձեռքերն ու ոտքերը /մնջախաղ, թատրոն, երևակայություն/: Տիգրանն ասաց, որ ձեռքերի բերանները փակվում- բացվում են ու նրանք ծիծաղում են: Հետո խոսեցինք ծիծաղի մասին, հարցրեցի, թե ի՞նչ է ծիծաղը /բանավոր զրույց, երևակայական, ստեղծագործական աշխատանք, որի ժամանակ երեխան մտածում է, մեկնաբանում, հիմնավորում է իր կարծիքը/: Իրար ետևից հնչում էին պատասխանները, որովհետև թեման նրանց հետաքրքիր էր և հաճելի : 

- Ծիծաղը ուրախություն է, որովհետև մարդիկ ուրախանում են: 
- Ծիծաղը շատ երկար է, որովհետև երբ մարդիկ ծիծաղում են, երկար են ապրում, ծիծաղի նման երկար կյանք են ունենում:
-Ծիծաղը խուտուտ է տալիս, որովհետև երբ մարդուն խուտուտ են տալիս, նա ծիծաղում է:
- Ծիծաղը ծնունդին է գալիս, մեկ էլ ծաղրածուն է ծիծաղեցնում: 

Որտե՞ղ է ապրում ծիծաղը:
–Ծիծաղն ապրում է բերանի մեջ, որովհետև մարդիկ բերանով են ծիծաղում:
–Ծիծաղն ապրում է ծ տառի բերանի մեջ, որովհետև ծիծաղը սկսվում է ծ տառով:
- Ծիծաղն ուրախության մեջ է ապրում, որովհետև ուրախություն է բերում:

Ի՞նչ գույնի է ծիծաղը:
–Ծիծաղը մարմնագույն է, որովհետև բերանից է դոււրս գալիս:
- Ծիծաղը ծիրանագույն է, որովհետև դեմքը ծիրանագույն է:
- Ծիծաղը կանաչ է, որովհետև ես այսօր կանաչ շոր եմ հագել:
- Ծիծաղը վարդագույն է, որովհետև վարդագույնը ուրախ գույն է:

Զրույցից հետո ծիծաղող Ծ նկարեցինք (կերպարվեստ, երևակայական աշխատանք): Երեխաները ոգևորությամբ աշխատում էին, շատ հետաքրքիր աշխատանքներ էին ստացվել: Աշխատանքները ավարտելուց հետո մաքրեցին իրենց սեղանները, լվացին ջրամանններն ու վրձինները (ինքնասպասարկում, հիգիենա):

Հետո ոգևորված պատմում էին, թե ով ինչ է նկարել. 
– Իմ նկարում ամպերը էնքան են ծիծաղել, որ թափվել են գետնին: 
- Ծիծաղը ծիծաղում է ամպերի միջից:
- Փոքր ծիծաղը մեծ ծիծաղի հետ զբոսնում է, վերևինն էլ ծիծաղամարդ եմ գրել (նկարել բառի փոխարեն գրել բառն օգտագործեց):
– Ծիծաղի ընտանիքն եմ նկարել` բալիկը, մայրիկը և տատիկը գնացել են զբոսնելու :
- Անձրև էգալիս, ծիծաղը գլխարկ է դրել:
- Իմ ծիծաղը ձյուն է սիրում: Դրա համար նկարել եմ ձմեռ:

Պատմելուց հետո յուրաքանչյուրը իր նկարը կախում էր նկարների պարանից, որպեսզի մայրիկները տեսնեն իրենց աշխատանքները:

Հաջորդ օրը որոշեցինք շարունակել թեման, այս անգամ սկսեցինք ծիծաղելի բառերից, հետո ծ-ով սկսվող բառեր ասացինք, հեգեցինք ու վանկատեցինք դրանք: Երեխաներին ամենաշատը դուր էր եկել ծաղրածուն: Առաջարկեցի մեծ ծաղրածու պատրաստել, և ոչ թե մեկը, այլ երկուսը, մեկը` տղա, մյուսը` աղջիկ: Վերցրեցինք 4 հատ վատման, երկուական միացրեցինք իրար: Երեխաները անհամբեր էին, որովհետևդեռ չէին պատկերացնում, թե ինչ կլինի: Երբ երկու թղթերը փռվեցին խմբասենյակի հատակին, նրանք ուրախացան: Միասին որոշեցինք, թե ովքեր են մեր խմբի ամենափոքրիկ աղջիկը և տղան: Դրանից հետո Վահեն ու Աննան պառկեցին թղթի վրա, երեխաները ուրվագծեցին նրանց: Միայն տեսնել էր պետք, թե ինչ հաճույքով էին աշխատում: Ուրվագծելուց հետո կտրեցինք, հանեցինք «Վահեին ու Աննային», մաս-մաս կտրատեցինք ու յուրաքանչյուրը սկսեց գուաշով, ջրաներկով ձևավորել ու գեղեցկացնել իրեն բաժին հասած կտորը: Ներկեցինք, դրեցինք չորանալու, որպեսզի հաջորդ օրը հավաքենք: Ծաղրածուների կտորները միացրեցինք իրար ու կախեցինք պատից: Հավաքվեցինք ծաղրածուների շուրջը ու կազմեցինք նրանց անձնագրերը: Շատ հետաքրքիր անձնագրեր էին ստացվել:

Աղջիկ ծաղրածու
Անունը`Թիթիզիկ
Ազգանունը` Թիթիզյան
Ծնվել է հունիսի 1-ին
Տարիքը` 5 տարեկան
Ապրում է Բանգլադեշում
Սիրում է պաղպաղակ, 
թիթիզանալ, ծիծաղել ու 
ծիծաղեցնել:
Չի սիրում գործ անել: 
Երբ մեծանա, գործեր կանի: 

Տղա ծաղրածու
Անունը` Ծաղրածակ
Ազգանունը` Կրկեսյան
Ծնվել է ամռանը
Տարիքը` 5 տարեկան
Ապրում է Բանգլադեշում
Սիրում է ծաղիկ, 
ծիծաղեցնել: Երբ շատ է ծիծաղեցնում, պապան իրեն տանում է կրկես:
Չի սիրում ջրով լվացվել, որովհետեվ երբ լվացվի, վրայի գույները կիջնեն ներքև:
Երբ մեծանա գործարար կդառնա: 
Ծիծաղ բառով և նրանով կազմված բառակապակցություննեչով լցրել ենք դասարանը: Մեծ ծաղրածուներն էլ նայում են ու ծիծաղում: 

Անահիտ Հարությունյան, Նոր դպրոց-պարտեզ

Առավոտյան ընդհանուր պարապմունք ամբողջ դպրոցով կամ դասարանով 

Ընդհանուր պարապմունքը ուսումնական գործընթացի մի մասն է, եթե տերմինով ասենք՝ բաղկացուցիչը: Համատեղ ապրելու, համատեղ սովորելու ձև: 

Էլեկտրոնայն գրատախտակին նախորդ օրն է՝ նախորդ օրվա գործունեության ամփոփում ասեք, հաշվետվություն, խրոնիկա. Լավ է՝ նախորդ օրվա խրոնիկա: Բա չիմանա՞նք մեր ընկերներն ինչ են արել, չպատմե՞նք՝ մենք ինչ ենք արել, մեր մտքերն ու գաղափարները չփոխանցեն՞նք իրար:
Ուրախ մարմնամարզություն ուրախ երաժշտության տակ: Անպայման ճաշակով, ծրագրային երաժշտություն, նախապես մշակված ծրագիր, որը կներառի ոչ միայն մարմանամարզությունը, այլև՝ պլատիկան, մնջախաղը, պարը:
Միասին արտասանություն, ավելի ճիշտ՝ միասին արտասանելու հաճույք: 
Օրվա նյութը. այն, որ միասին ենք սովորում՝ երգ կամ բանաստեղծություն, շուտասելուկ կամ հաշվերգ, կարող է խաղ կամ ծափխաղ լինել: Ինչ և ինչպես սովորելը նախապես որոշում են դասվարները և ծրագրի ղեկավարը: 
Սովորում ենք ծափերով, ոտքերը դոփելով, խաղալով, մնջախաղով: 
Մեր իմացածին ավելանում նորը: 
Այսպես ուսումնական նյութն ենք յուրացնում, այսպես ծեսի, տոն ու տաղավարի ենք պատրաստվում, այսպես համատեղ գործունեություն, համագործակցություն ենք իրականացնում, կրթական-սոցիալական-համակեցության խնդիրներ ենք լուծում՝ համայնք ենք ստեղծում:

Այսպես ապրում ենք՝ մեր լեզուն յուրացնելով ու ապրեցնելով: 
 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Անուշիկ Աթայան | 2011-09-16 02:27:18
Շնորհակալություն ճշմարիտ և հետաքրքիր նյութի համար
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ