ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 44
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ միջոց

Նունե Մովսիսյան
Առարկայական մեդիափաթեթ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Что такое критическое мышление

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Պրոտոպոպովա Վ.Վ.
Համակարգչի և համացանցի ներառումը ուսուցման մեջ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Ես չխոսեմ` քարի ու ասֆալտի ծանրության տակ թողած հողը կաղաղակի

Жанна Акопян
Школа учит мыслить светоносно, преобразующе, благостно

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)


Սթիվ Ջոբսի ելույթը Ստենֆորդի համալսարանի շրջանավարտների առաջ

ԱՐՁԱԳԱՆՔ
Ես չխոսեմ` քարի ու ասֆալտի ծանրության տակ թողած հողը կաղաղակի

Ավաղ, մենք պարզունակ ժողովուրդ ենք

Նվիրում եմ Հայաստանի Անկախության 20-ամյակին. այսպիսի իրադարձությունը առանց նվեր հո չէի թողնի:

Կյանքին հրաժեշտից առաջ մահճում այս խոսքերն է արտասանել արձակագիր Ստեփան Զորյանը: Իսկ Զորյանը, նրա լավագույն պատմվածքները հաստատում են, ճանաչելու աստիճան ուսումնասիրել էր իր ժողովրդին: Կրկնում եմ Զորյանին` մենք պարզունակ խալխ ենք: Ոչ թե բարդ կամ խրթին: Եվ մեր հասարակական կյանքում կարող ենք արձանագրել սրա բազում դրսևորումները: Գլխավոր դրսևորումը` մենք շարունակ խնայում ենք կյանքի (ապրելու) մեջ և շռայլում-վատնում չապրելու (մահվան) համար: Բանն ասելը չէ, բանն ապացուցելն է, որը փորձեմ անել հոդվածաշարով: Հոդվածաշարի պատվիրատուն լրագրող Պետրոս Ղազարյանի բարեխիղճ հետևողականությունն է: 

 

Հոդված 1-ին: Ես չխոսեմ` քարի ու ասֆալտի ծանրության տակ թողած հողը կաղաղակի

Ահա, աղաղակում է, լսեցեք: 
Մեր գյուղական-թաղային-ներհամայնքային ճամփաների (անցումների) վիճակից ավելի քստմնելի ու անարժանապատիվ բան դժվար է պատկերացնել. ամեն օր (միշտ ու, թվում է, հավերժ) ամենքս ստորանում ենք այս ճամփին` ոտավոր թե մեքենավոր, մեկ է: Թվում էր` քարաստան երկրում այս ժողովուրդը պիտի քարագործ դառնար, մեր հանրային աշխատանքի կազմակերպման միջոցով սալապատեր իր անցումները, ցեխից ու փոշուց ազատ ապրեր իր համայնքում, ոչ թե սիզիփոսյան աշխատանքով զբաղվող, քարից ու հողից հաց քամող ժողովրդի պարզունակ մոդելը գովերգեր, այլ հողը ազատեր քարից, քարը ճամփա դառնար, ու նրա տակի տարածքը` մշակվող հող: Իսկ մեզանում քարը` բազալտը կամ տուֆը, միայն եզրաքար (բորդյուր) ու պատ է դառնում: 

Ամենապահանջվող մասնագիտություններից պիտի լիներ սալարկող (սալահատակ անող) վարպետը: Ո՞ւր է, ցույց տվեք: Մեկը հաշվեր, թե տարին քանի կմ բորդյուր է քանդվում, դեն շպրտվում ու նոր բորդյուր շարվում: Մեկը չեղավ, որ հասկանալի դարձներ բորդյուրի իմաստը այս անհող երկրում. հենապատը հասկանում եմ, բորդյուրս ո՞րն է: Անտեղի գետնից բարձր հարթակ ենք ստեղծում, նոր ծավալներ առաջացնում և սրանք լցնում չգիտես որտեղից բերված բուսահողով կամ խճաքարով: Էս բարձրավանդակ երկիրը ինչո՞ւ ենք շարունակ բարձրացնում: 

Մեր հողազուրկ ժողովուրդը, թվում է, պիտի կյանքում հողապաշտ լիներ: Սա պարզ ու հասկանալի կլիներ: Բայց տեսեք` աջ ու ձախ ինչ ահավոր դաժան ենք վարվում հողի հետ, որքան հող ենք թաղել (70 տարի) ու թաղում (արդեն 20 տարի) ասֆալտի տակ, ինչպես ենք հողը չմշակելով անապատեցնում: Ասֆալտը մեր նկարագիրն է, էությունը. պարզունակ ենք, ամենօրյա խնամք չի պահանջում, գեղագիտություն` նույնպես… Լցրու, կատոկի ու մի տասն…քանի տարի հոգսից ազատ ես:

Իմ գիտակից կյանքը, գիտեք, Բանգլադեշում անցավ: 1985-2011 թթ իմ աչքի առաջ գոնե երեք անգամ նույն տեսարանը եղել է` Րաֆֆի և Բաբաջանյան պողոտաների ուրախացնող-հսկայական գազոնների` չմշակվելուց-չխնամվելուց-չջրվելուց անապատացած բուսական հողը, որպես քաղաքային-պետական ծրագիր, բարձվում է մեքենաները, որպես արդեն շինարարական լցոն` թափվում, իսկ հարյուրավոր խորանարդ մետր նոր բուսական հողը, չգիտեմ` որ դաշտերից ու մարգագետիններից տեղափոխվում է գազոններ… Մինչ այդ, իհարկե, քանդվում են բազալտե կամ բետոնե բորդյուրները և տեղադրվում նորերը` թարմ, ինչպես բատոն հացերը…. Համեցեք, այս օրերին Բաբաջանյան պողոտայում տնաքանդությունը փառահեղ հանդիսավորությամբ մոտենում է ավարտին: Մնաց բացումը, TV-իշխանավոր հավաքը, արմանք-զարմանքի գովաբանությունը… Պարզունակ խալխի թամաշա… 

20 տարի անընդհատ կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների հետ, ծնողների զարմանքը, զայրույթը զանց առած, մեր կրթական օբյեկտների մաշվող ասֆալտն ենք քանդում, դրանից, եզրաքարերից և բետոնից ազատում հողը…. Վերջին տասը տարում ոչ մի քառակուսի մետր ասֆալտ մեր բակերում չի արվել, իսկ հողի ազատագրման գործը մի սերնդի էլ դեռ կազնվացնի: 

Եզրաքարը փոխում ենք հողի, խճի, ավազի հետ` մոտեցող չկա: Առևտրական ազգիս նորն է պետք: Իսկ ասֆալտը, շեն մնա «Սահակյանշինը», վերջապես տարավ: Միայն «Սահակյանշինը»: Ասֆալտի ի՛նչ հումք կա Երևան քաղաքում և Հայաստանով մեկ… Հին ասֆալտի… Պարզ, ազնվացնող ու միավորող ինչպիսի գրավիչ աշխատանք` հողի ազատագրումը… 

Միշտ ուզեցել եմ բուսական հող բերող մեքենայի հետևից գնալ, տեսնել այդ հանցագործության վայրը, այդ հանցավոր արարքի մյուս մասնակիցներին, նայել նրանց աչքերին: Ուզում եմ հասկանալ: Հո թշնամի չե՞ք:

20 տարի ամենափնտրվող աշխատողը ինձ համար եղել է պարտիզպան-ուսուցիչը, պարտիզպան մասնագետը: Ինձ դժվար է հասկացնել, թե ովքեր են դպրցների բուսաբանության-կենսաբանության, տեխնոլոգիայի ուսուցիչները, եթե ոչ շարքային պարտիզպաններ: Ինչ ենք սովորեցնում, եթե ուսուցման արդյունքում միջավայրը չի վերածվում պարտեզի: Ո՞վ է դպրոցի տնօրենը, եթե ոչ գլշավոր պարտիզպանն ու հավաքարարը: Ինչպե՞ս պարզունակ խալխից անցում կատարենք պարզ, բաց, ապրող հասարակության, սովորական ազգի: Անհամեստ չերևամ, ահա, ձևակերպում եմ Հայկական քաղաքակրթության հանրակրթական ծրագիր` որպես մեծին-պստիկին, սովորողին-ուսուցչին-ծնողին-իշխանավորին-ձեռնարկատերին համախմբող գործունեություն` կրթական օբյեկտ անապատը կրթական պարտեզի վերածելու ծրագիր.

  • ա) ուսումնական հմտություններ կրթական բոլոր աստիճաններում` հողը եզրաքարից-բետոնից-ասֆալտից-ցանկապատից ազատելու, հարմար համապատասխան գործիքներով ապահովում.
  • բ) հմտություններ` հողը պարարտացնելու, նրա որակը լավացնելու, բուսական դարձնելու, անհրաժեշտ նյութերով և պարագաներով ապահովում.
  • գ) հմտություններ` հողը ջրելու, խնամելու, ծաղիկ ու ծառ աճեցնելու, անհրաժեշտ նյութերով ու պարագաներով ապահովում.
  • դ) կանաչ (ֆիտո) դիզայնի ճաշակի ձևավորում ….
  • ե) հանրակրթական ուսումնական հաստատությունում իրականացվող կրթական ծրագրի գնահատման գործիքը` ակնհա´յտ դպրոց-պարտեզ: 

Ձեզնից յուրաքանչյուրը կարող է շարունակել և ամբողջացնել այս ծրագիրը` պայմանով, որ մասնակցելու է դրա իրագործմանը:

Հարգանքով` Աշոտ Բլեյան

Земля закричит под тяжестью  камня и асфальта, если  я буду молчать.
 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Գրիգոր Խաչատրյան | 2011-09-16 10:19:21
Անվերապահորեն ծրագիրն ընդունված համարել
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ