ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 47
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նունե Մովսիսյան
Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Жанна Акопян
Инерционный авторитаризм Образования

Մեթոդական մշակումներ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Առակներ

Հայկազ Մարգարյան
Ներքինիները

Արտակ Զարգարյան
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Կոնստանտին Շերեմետև
Բանականություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Աշխարհի անսովոր դպրոցները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դենիս Փրեգեր
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Ռիչարդ Ֆեյնման
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

ԱՐՁԱԳԱՆՔ
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

Հատված «Քեզ ի՞նչ, թե ուրիշներն ինչ են մտածում» գրքից

Նախորդ հատվածը` Գիտնականի ստեղծումը

Երբ փոքր էի և ապրում էի Փար-Ռոքուեյում, Բերնի Ուոլկեր անունով մի ընկեր ունեի: Երկուսս էլ տներում «լաբորատորիա» ունեինք, որտեղ տարբեր «փորձեր» էինք կատարում: Մի անգամ ինչ-որ հարց էինք քննարկում, այդ ժամանակ կլինեինք տասնմեկ-տասներկու տարեկան, և ես ասացի. «Բայց մտածելը այլ բան չէ, քան ներքին խոսակցություն ինքդ քեզ հետ»:
- Այո՞,- ասաց Բերնին:- Քեզ ծանո՞թ է ծնկաձև լիսեռի ցնորական տեսքը:
- Այո, և ի՞նչ:
- Հիանալի է: Դե, հիմա ինձ ասա՝ այն ինչպես նկարագրեցիր, երբ խոսում էիր ինքդ քեզ հետ:
Այսպես ես Բերնիից իմացա, որ մտքերը ինչպես խոսքային կարող են լինել, այնպես էլ պատկերային:

Հետագայում, երբ քոլեջում էի սովորում, հետաքրքրվեցի երազներով: Ես զարմանում էի` ինչպե՞ս կարող են երազներն այդքան իրական երևալ, կարծես լույս է ընկնում աչքի ցանցի վրա, երբ աչքերը փակ են. իսկապե՞ս ցանցի նյարդային բջիջները գրգռվում են ինչ-որ ուրիշ կերպ, միգուցե հենց ուղեղի՞ միջոցով, կամ միգուցե ուղեղում հատուկ մա՞ս կա, որը պատասխանատու է ընկալման և վերլուծման համար, որտեղ առաջանում են մշուշապատ պատկերները այն ամենի, ինչը տեսնում ենք երազում: Հոգեբանության մեջ չգտա այս հարցերի բավարար պատասխանը, չնայած շատ էի հետաքրքվում, թե ինչպես է ուղեղն աշխատում: Բայց հոգեբանությունը ինձ հարկավոր պատասխանների փոխարեն երազների մեկնություն էր տալիս և նման անհեթեթ բաներ:

Պրինստոնի ասպիրանտուրայում իմ ուսումնառության ժամանակ հոգեբանությունից մի բթամիտ աշխատություն հրատարակվեց, որը բազում քննարկումների ծնունդ տվեց: Այդ աշխատության հեղինակը որոշել էր, որ «ժամանակի զգացողությունը» ուղեղում կարգավորվում է քիմիական ռեակցիայի միջոցով, որին երկաթ է մասնակցում։ Ես մտածում էի. «Սատանան տանի, ինչպե՞ս է կարողացել իմանալ»: 
Պարզվեց, որ նրա կինը խրոնիկ հիվանդ է, ջերմախտ, և այդ պատճառով նրա ջերմությունը միշտ կա´մ իջնում էր, կա´մ բարձրանում: Նրա մտքով անցել էր ստուգել կնոջ ժամանակի զգացողությունը: Նա կնոջը խնդրել էր մտքում վայրկյանները հաշվել (առանց ժամացույցին նայելու) և ստուգել էր, թե ինչքան ժամանակում է հասնում 60-ին: Ամբողջ օրը ստիպել էր հաշվել (խե՛ղճ կին) և նկատել էր, որ երբ ջերմաստիճանը բարձրանում է, արագ է հաշվում, իսկ երբ ջերմաստիճանն իջնում է` դանդաղ: Հետևաբար, մտածել էր նա, ինչը ուղեղում ղեկավարում է «ժամանակի զգացողությունը», պետք է որ արագ աշխատի, երբ ջերմաստիճանը բարձր է, և դանդաղ, երբ այն ցածր է:

Շատ «խելացի» մարդ լինելով՝ այդ հոգեբանը գիտեր, որ քիմիական ռեակցիայի արագությունը փոփոխվում է շրջակա միջավայրի ջերմաստիճանից կախված որոշակի օրենքով, որը կախված է ռեակցիայի էներգիայից: Նա չափել էր կնոջ հաշվելու արագությունների տարբերությունը և որոշել, թե ջերմաստիճանը ինչքանով է փոխում արագությունը: Հետո փորձել էր գտնել քիմիական այնպիսի ռեակցիա, որի արագությունը ջերմաստիճանից փոփոխվում է այն հարաբերությամբ, որով կնոջ հաշվելու արագությունն է փոփոխվում: Նա նկատել էր, որ տրված հարաբերությանն ամենամոտը այն ռեակցիաներն են, որոնց երկաթ է մասնակցում: Այսպիսով եզրակացրել էր, որ իր կնոջ ժամանակի զգացողությունը ղեկավարում է նրա մարմնում ընթացող քիմիական ռեակցիան, որին երկաթ է մասնակցում:
Դե, այս ամենն ինձ լրիվ ցնդաբանություն թվաց. նրա դատողությունների երկար շղթայում կային բազմաթիվ օղակներ, որոնք կարող էին բոլորովին այլ կերպ լինել: Բայց բուն հարցը իսկապես հետաքրքիր էր. իրականում ի՞նչն է որոշում «ժամանակի զգացողությունը»: Երբ փորձում ես հաշվել հավասարաչափ արագությամբ, ինչի՞ց է կախված այդ արագությունը: Եվ ի՞նչ կարող ես անել այդ արագությունը փոխելու համար:

Որոշեցի սեփական հետազոտությունս անել: Սկսեցի վայրկյանները հաշվել, իհարկե առանց ժամացույցի նայելու, մինչև 60-ը. դանդաղ, հավասարաչափ, ռիթմիկ՝ 1, 2, 3, 4, 5 . . . Երբ հասա 60-ին, 48 վայրկյան էր անցել, բայց դա ինձ չանհանգստացրեց. հարցն այն չէր, որ ճիշտ մեկ րոպեի ընթացքում հաշվեի, այլ այն, որ հաշվեի հաստատուն արագությամբ: Հաջորդ անգամ, երբ հասա մինչև 60-ը, 49 վայրկյան էր անցել: Հետո՝ 47, 48, 49, 48, 48 . . . Այսպիսով նկատեցի, որ կարողանում եմ հաշվել բավականին հաստատուն արագությամբ:
Բայց երբ ուղղակի նստում էի առանց հաշվելու և սպասում, թե երբ կլրանա մեկ րոպեն, ըստ իս, արդյունքները բոլորովին տարբեր էին լինում. բացարձակ անհամապատասխանություն: Այսպիսով նկատեցի, որ միայն ենթադրությամբ շատ դժվար է որոշել մեկ րոպեն: Բայց երբ հաշվում էի, բավականին ճշգրիտ էի կարողանում որոշել, թե երբ է անցնում մեկ րոպեն:

Հիմա, երբ արդեն գիտեի, որ կարողանում եմ հաշվել հաստատուն արագությամբ, առաջանում էր հաջորդ հարցը. ի՞նչն է ազդում այդ արագության վրա:
Գուցե այդ արագությունն ինչ-որ ձևով կապված է զարկերակի զարկերի հե՞տ: Սկսեցի աստիճաններով վեր ու վար վազել, որպեսզի զարկերը հաճախանան: Հետո վազում էի սենյակս, ընկնում մահճակալին և հաշվում մինչև 60-ը:
Բացի դրանից, փորձում էի աստիճաններով վերև-ներքև վազել և վազքի ընթացքում հաշվել:
Մյուս տղաները նայում էին, թե ինչպես եմ աստիճաններով վեր ու վար անում և ծիծաղում էին՝ «Ի՞նչ ես անում»:
Ես չէի կարողանում նրանց պատասխանել, ինչի արդյունքում գիտակցեցի, որ երբ հաշվում եմ, չեմ կարողանում խոսել, և շարունակում էի ապուշի նման վազել աստիճաններով վերև-ներքև:
(Տղաները, ում հետ սովորում էի ասպիրանտուրայում, վարժվել էին, որ հաճախ լրիվ ապուշի նման էի վարվում: Եղել է, օրինակ, որ մի անգամ տղաներից մեկը մտել է սենյակ (մոռացել էի սենյակի դուռը փակել «փորձ» անելիս) և տեսել, թե ինչպես եմ քուրքը հագիս աթոռի վրա կանգնած կախվել ձյուն-ձմեռնոցով լրիվ բաց պատուհանից և մի ձեռքով աման եմ բռնել, իսկ մյուսով ինչ-որ բան եմ խառնում: «Մի´ խանգարեք: Մի´ խանգարեք»,- ասել եմ: Ես ժելատին էի խառնում և հետևում. ինձ հետաքրքիր էր՝ եթե անընդհատ խառնենք, ժելատինը ցրտին կպնդանա՞ ):

Այսպես թե այնպես, աստիճաններով վերուվար վազվզուքի և մահճակալին պառկելու ամենատարբեր զուգորդումներ փորձելուց հետո ինձ անակնկալ էր սպասում: Զարկերակը հաշվելու արագության վրա ոչ մի կերպ չի ազդում: Եվ քանի որ աստիճաններով վազվզելու ընթացքում բավականին տաքացել էի, եզրակացրի, որ այդ արագությունը մարմնի ջերմաստիճանից էլ կախված չէ (չնայած պետք է իմանայի, որ ֆիզիկական վարժություններ անելուց մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում): Ամեն դեպքում, ոչ մի բան չգտա, որն իմ հաշվելու արագության վրա ազդեր:
Աստիճաններով վեր ու վար անելը շուտով ձանձրացրեց ինձ, այդ պատճառով էլ սկսեցի հաշվել ամենօրյա գործերիս զուգահեռ: Օրինակ` երբ պետք էր լինում սպիտակեղենը հանձնել լվացքատուն, և պետք է կտրոն լրացնեի, որտեղ նշվում էր, թե քանի վերնաշապիկ, քանի շալվար եմ հանձնել և այլն: Նկատեցի, որ կարողանում եմ 3 գրել վերնաշապիկների դիմաց, 4` շալվարների, բայց գուլպաները չեմ կարողանում հաշվել: Դրանք շատ էին. արդեն աշխատեցնում էի իմ «հաշվիչ մեքենան»` 36, 37, 38, և իմ առաջ լցված էին այդ գուլպաները` 39, 40, 41 . . . Ինչպե՞ս հաշվեի այդ գուլպաները:
Հայտնաբերեցի, որ կարող եմ դրանք դասավորել երկրաչափական պատկերի տեսքով, օրինակ` քառակուսու. մի զույգը այս անկյունում, մեկը` երկրորդ անկյունում, մի զույգը՝ երրորդ անյունում և մի զույգը` չորրորդում. այսպիսով ութ զույգ:
Շարունակեցի պատկերների միջոցով հաշվելու այդ խաղը և բացահայտեցի, որ կարող եմ հաշվել թերթի տողերը` դրանք խմբավորելով 3, 3, 3 և 1-ական խմբերով, որ 10 ստացվի. հետո 3 այդպիսի խումբը, 3 այդպիսին, 3 այսպիսին և 1 այդպիսին կկազմեն հարյուր տող: Այդպես հասնում էի մինչև հոդվածի վերջը: Երբ հաշվում էի մինչև 60, գիտեի, թե թերթի էջի որ մասին եմ հասել և կարող էի ասել. «Հաշվեցի մինչև 60-ը, և թերթում կա 113 տող»: Բացահայտեցի նաև, որ հաշվելու ընթացքում նույնիսկ կարող եմ կարդալ հոդվածը, ընդ որում հաշվելու արագությունը դրանից չի փոխվում: Իրականում ամեն ինչ կարող էի անել հաշվելու ընթացքում, բացի, իհարկե, բարձրաձայն խոսելուց:

Իսկ մեքենագրելը կամ գրքից բառեր արտագրելն ինչպե՞ս կազդեն: Բացահայտեցի, որ կարող եմ նաև դա անել, բայց այս անգամ հաշվելու արագությունը փոխվում էր: Ես հիացած էի.վերջապես մի բան գտա, որն ազդում իմ հաշվելու արագության վրա: Սա ավելի խորը ուսումնասիրեցի:

Պարզ բառերը մեքենագրում էի բավականին արագ և միաժամանակ հաշվում էի 19, 20, 21. զուգահեռաբար մեքենագրում էի` հաշվելով 27, 28, 29, նորից տպագրում էի, մինչև որ՝ «Սատանան տանի, սա ի՞նչ բառ է, հա՛…»,- և նորից շարունակում էի հաշվել 30, 31, 32, և այդպես շարունակ: Երբ հասա 60-ին, մեկ րոպեից շատ ժամանակ էր անցել:
Որոշակի ինքնավերլուծության և հետագա դիտարկումների արդյունքում գիտակցեցի, թե ըստ ամենայնի ինչ էր տեղի ունենում. երբ հանդիպում էի դժվար բառի, որը «ավելի շատ խելք էր պահանջում», հաշվելը դադարեցնում էի: Իմ հաշվելու արագությունը չէր փոխվում, ուղղակի ժամանակ առ ժամանակ հաշվելը դադարեցնում էի: Մինչև 60-ը հաշվելը այնքան էր մեքենայացել, որ սկզբում չէի նկատում այդ կանգառները:

Հաջորդ առավոտյան, նախաճաշի ժամանակ, այս բոլոր փորձերի արդյունքների մասին պատմեցի մեր սեղանի մոտ նստած տղաներին: Նրանց պատմեցի ամենի մասին, ինչ կարողանում էի անել հաշվելուն զուգահեռ և ավելացրեցի, որ միակ բանը, ինչը չեմ կարողանում անել հաշվելուն զուգահեռ` խոսելն է:

Տղաներից մեկը, ում Ջոն Թակի էին կոչում, ասաց. «Չեմ հավատում, որ կարող ես կարդալ, և չեմ հասկանում, թե ինչու չես կարողանում խոսել: Գրազ գանք, որ ես հաշվելուն զուգահեռ կարող եմ խոսել, բայց դու կարդալ չես կարող»:.
Այսպիսով, ստիպված է ցուցադրական ելույթ ունենալ. մի գիրք տվեցին, և ես հաշվելով մտքումս մի քիչ կարդացի: Երբ հասա մինչև 60-ը, ասացի. «Վե´րջ». 48 վայրկյան, իմ մշտական ժամանակը: Հետո նրանց պատմեցի, թե ինչ էի կարդացել:
Թակին ցնցված էր: Այն բանից հետո, երբ մենք մի քանի անգամ ստուգեցինք նրա հաշվելու արագությունը, որպեսզի ճշտենք նրան բնորոշ արագությունը, նա սկսեց խոսել. «Մերին մի գառնուկ ուներ.կարող եմ ասել այն ամենը, ինչ ցանկանում եմ, ոչ մի տարբերություն, չգիտեմ, թե քեզ ինչն է անհանգստացնում, լյա, լյա, լյա »,- և վերջապես. «Վերջ»։ Նա ճիշտ և ճիշտ ցուցաբերեց նույն ժամանակը: Ես դրան չէի կարողանում հավատալ:

Մենք այդ մասին մի քիչ զրուցեցինք և ինչ-որ բան բացահայտեցինք: Պարզվեց, որ Թակին այլ ձևով է հաշվում, քան ես. նա մտովի պատկերացնում էր, թե ինչպես է իր աչքերի առջևով ժապավեն անցնում, որի վրա գրված են թվերը: Ասում էր. «Մերին գառնուկ ունի»,- և նայում էր այդ ժապավենին: Ամեն ինչ պարզ է. նա «նայում էր» շարժվող ժապավենին, այդ պատճառով էլ չէր կարող միաժամանակ կարդալ, իսկ ես, երբ հաշվում էի, «խոսում էի» ինքս ինձ հետ, այդ պատճառով էլ չէի կարողանում խոսել:

Այդ հայտնագործությունից հետո ես փորձեցի հաշվելուն զուգընթաց բարձրաձայն կարդալու եղանակ գտնել. այդ բանը ո'չ ես էի կարողանում անել, ո'չ էլ Թակին: Մտածեցի, որ պետք է օգտագործել ուղեղի այն հատվածը, որը կապված չէ տեսողության ու խոսքի հատվածների հետ, այդ պատճառով էլ որոշեցի մատներս օգտագործել, քանի որ այն կապված է շոշափելիքի հետ:

Շուտով ինձ հաջողվեց մատներով հաշվել և միաժամանակ բարձրաձայն կարդալ: Բայց ես ցանկանում էի, որ ամբողջ պրոցեսը ընթանա մտքում և չկապվի ֆիզիկական գործունեության հետ: Այդ ժամանակ փորձեցի պատկերացնելով զգալ մատներիս շարժումը բարձրաձայն կարդալու ժամանակ:

Դա այդպես էլ չհաջողվեց: Ես համարեցի, որ այդպես պատահեց, քանի որ ես բավարար չափով մարզված չէի, սակայն, հնարավոր է, որ դա ընդհանրապես հնարավոր չէ. երբեք չհանդիպեցի մարդու, ով կարողանար դա անել:
Այդ փորձից ես ու Թակին իմացանք, որ տարբեր մարդկանց գլուխներում, երբ նրանց թվում է, թե նույն բանն են անում, օրինակ` հաշվում են, բոլորովին տարբեր պրոցեսներ են ընթանում: Բացի դրանից, մենք բացահայտեցինք, որ դրսից կարելի է օբյեկտիվորեն ստուգել, թե ինչպես է ուղեղն աշխատում, և դրա համար պետք չէ մարդուն հարցնել, թե ինչպես է նա հաշվում և հենվել նրա սեփական դիտարկումների վրա. դրա փոխարեն պետք է ստուգել, թե հաշվելու ընթացքում ինչ է կարողանում անել և ինչ չի կարողանում:Այս թեստը բացարձակ ճիշտ է: Այստեղ հնարավոր չէ խորամանկել:
Բնական է ցանկացած միտք բացատրել այն ամենով, ինչ արդեն գլխումդ կա: Բոլոր նոր հասկացությունները դասավորվում են իրար վրա. այս միտքը բացատրվում է նախորդով, իսկ նախորդը` էլի ինչ-որ մեկի միջոցով, որ առաջանում է հաշվելուց, ինչը այդքան տարբեր է տարբեր մարդկանց մոտ:

Հաճախ եմ այս մասին մտածում, հատկապես երբ ինչ-որ հատուկ մեթոդիկա եմ սովորեցնում, օրինակ՝ Բեսելի ֆունկցիաների ինտեգրումը: Երբ նայում եմ հավասարումներին, չգիտես ինչու, տառերը գունավոր եմ տեսնում: Երբ խոսում եմ, տեսնում եմ Յանկեի և Էմդեի գրքից Բեսելի ֆունկցիաների աղոտ պատկերները` ամենուր թռչող բաց-շագանակագույն j-երով, երկնա-մանուշակագույն n-երով և մուգ շագանակագույն x-երով: Եվ ինձ միշտ հետաքրքրել է` սատանան տանի, տեսնես ոնց է այս ամենը պատկերվում ուսանողին: 

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Հերմինե | 2011-11-08 22:34:12
Հետաքրքիր և տպավորիչ նյութ էր: Շնորհակալ ենք տիար Գևորգ մեզ հետ կիսելու համար:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ