ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 47
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նունե Մովսիսյան
Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Жанна Акопян
Инерционный авторитаризм Образования

Մեթոդական մշակումներ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Առակներ

Հայկազ Մարգարյան
Ներքինիները

Արտակ Զարգարյան
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Կոնստանտին Շերեմետև
Բանականություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Աշխարհի անսովոր դպրոցները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դենիս Փրեգեր
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Ռիչարդ Ֆեյնման
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

ԱՐՁԱԳԱՆՔ
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Զեկուցում «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներն ու ժողովուրդները» կլոր սեղանին

1980-ական թթ վերջին ԽՍՀՄ-ում սկսված ազգային զարթոնքը կրկին օրակարգ բերեց հանվեց ողջ կայսրության տարածքում գոյություն ունեցող ազգային հիմնախնդիրները: ԼՂ կարգավիճակի շուրջ ծագած հակամարտությունը վերաճեց պատերազմի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս պատերազմին իր անուղղակի մասնակցությունը ցուցաբերեց նաև Թուրքիան, որն օգտագործեց 70 տարվա ընդմիջումից հետո Կովկասյան տարածաշրջան վերադառնալու և Կովկասյան մեծ խաղին մասնակից դառնալու առիթը: Անկարայի կողմից արցախյան հիմնախնդրի շահարկումը պատահական չէր: Հակամարտության ընթացքում Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերեց ռազմաֆինանսական, քաղաքական ու դիվանագիտական աջակցություն:

Թուրքիայի արտաքին քաղաքականության ճարտարապետները հասկանում էին, որ Խորհրդային Միության փլուզումը մոտալուտ է, և այդ փլուզման արդյունքում տարածաշրջանում ի հայտ է գալու քաղաքական վակուում: Թուրքիան իրեն դիտում էր որպես այդ վակուումը լրացնելու լավագույն հավակնորդը: Որպես իրեն դաշնակից՝ Թուրքիան տեսնում էր նախ Ադրբեջանը, ապա Միջին Ասիայի թյուրքալեզու ժողովուրդներին:

Թուրքիան լուրջ մտավախություն ուներ Հայաստանի անկախության ձեռքբերման հնարավոր հետևանքների առիթով: Ինչպես 1990թ. սկզբին գրում էր թուրք հայտնի հրապարակախոս Իլհան Սելջուկը, Հայաստանի անկախության պարագայում Թուրքիան հայտնվում էր Հայաստան-Հունաստան աքցանի մեջ: Այս երկու երկրներն էլ պահանջատիրական հավակնություններ ունեին Անատոլիայից[1]: Սակայն Թուրքիայի մտավախությունները փարատվեցին ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությամբ, որ Հայաստանը քաղաքակիրթ երկրներին արժանավայել հարաբերություններ պետք է հաստատի անխտիր բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ[2]: Անշուտ, այս հայտարարությունը կարող էր դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման վրա, սակայն այդ պահին Թուրքիան դեռևս հստակ դիրքորոշում չուներ Հայաստանի հանդեպ: Դրա հետ մեկտեղ Թուրքիան ձգտում էր անել հնարավոր ամեն բան, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չներառվեր Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում:

Հայաստանի հանդեպ ավելի հստակ դիրքորոշում ունենալու համար 1991թ. ապրիլին Երևան ժամանեց ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալը: ՀՀ ԳԽ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը թուրք պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ նշեց. «Հայաստանը փոխվում է, և այս նոր աշխարհում պետք է նոր մտածողությամբ երկրներ լինենք: Ուզում ենք բարեկամանալ: Պատրաստ ենք ամեն տեսակի փոխշահավետ համագործակցության: Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Թուրքիայից»[3]:
Հայաստան կատարած եռօրյա պաշտոնական այցից հետո թուրք պաշտոնյան հարցազրույց տվեց թուրքական «Հյուրիեթ» թերթի թղթակցին: Նա ընդգծել էր, որ Հայաստանի նոր ղեկավարության՝ Թուրքիայի նկատմամբ որդեգրած քաղաքականությունը արդիական է և համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին [4]:

Սակայն, հայ-թուրքական հարաբերություններում շուտով ի հայտ եկան տարաձայնություններ՝ կապված 1991թ. մայիսի 11-ին «Аргументы и факты» օրաթերթում հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետ: Այստեղ նա նշել էր, որ Եվրոպայում 1920-1921 թթ հարատև հեղափոխության գաղափարի ձախողումից հետո Խորհրդային Ռուսաստանն իր հայացքը ուղղեց դեպի Արևելք՝ ձգտելով ստանալ Թուրքիայի և մահմեդական ժողովուրդների աջակցությունը: Այս նպատակին հասնելու համար Հայաստանը անդամահատվեց: Ռուսաստանը Կարսի մարզը զիջեց Թուրքիային, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանին [5]:

Հայաստանի անկախացումից հետ հայ-թուրքական հարաբերությունները թևակոխեցին որակապես նոր փուլ: 1991թ. դեկտեմբերի 16-ի որոշումով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն չշտապեց դիվանագիտական հարաբերություներ հաստատել նրա հետ: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան Հայաստանին ներկայացրեց մի քանի նախապայման.

  1. Հայաստանի կողմից պաշտոնապես հրաժարում Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից
  2. Չհիշատակել 1915թ. Հայոց Ցեղասպանությունը, պաշտոնապես հրաժարվել պահանջատիրութունից
  3. Ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա՝ դադարեցնելու պայքարը և ընդունելու Ադրբեջանի գերակայությունն ու տարածքային ամբողջականությունը [6]:

Բնականաբար, Հայաստանի ղեկավարությունը մերժեց նման կողմակալ և տրամաբանությունից զուրկ նախապայմանները:

ԼՂ հիմնախնդիրը 1992թ. փետրվարից սկսեց կարևոր դեր խաղալ հայ-թուրքական հարաբերություներում: Հենց այս ամսին հայկական կողմը կարողացավ չեզոքացնել Արցախում ադրբեջանցիների կարևոր հենակետ հանդիսացող Խոջալուն: Մարտի 4-ին, Իզմիրում ելույթ ունենալիս, Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալը սպառնաց ռազմական ուժերով կանգնեցնել հայերի առաջխաղացումը[7]: Խոջալուի իրադարձությունները լուրջ արձագանք ստացան Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում: Իշխանության հասցեին սկսեցին հնչել մեղադրականներ՝ անգործության և հայկական «ագրեսիան» հանդուրժելու համար: Թուրքիայի ղեկավարությունը, հասարակության լայն շրջանակներում օրըստօրե աճող դժգոհությունների ալիքը զսպելու համար սկսեց Հայաստանի հանդեպ ճնշումներ իրականացնել: Դրա անմիջական վկայությունը Հայաստանի սահմանի մոտ՝ Կարս-Սարիղամիշ-Իգդիր գծի երկայնքով թուրքական II կորպուսի սկսած «Ձմեռ-92» զորավարժություններն էին, որոնք Հայաստանում առաջացրին մեծ անհանգստություն: Փաստորեն Հայաստանի սահմանակից զորամիավորումները Թուրքիան բերում էր մարտական վիճակի և ամեն պահի կարող էր ներխուժել երկիր:

Խոջալուից հետո հայկական զորքերն ազատագրեցին Շուշին, ինչպես նաև շուտով բացվեց Լաչինի միջանցքը (Խոսքը Քաշաթաղի վարչական կենտրոն Բերձորի մասին է): Այս հանգամանքը չէր կարող իր անդրադարձը չունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Նույն 1992թ. մայիս վերջին լուրեր տարածվեցին, թե իբրև հայկական ուժերը գրոհել են Նախիջևանի Սադարակ քաղաքի շրջակայքում գտնվող բարձունքները: Այս ամենին ի պատասխան, Անկարայում սկսեցին ակտիվորեն քննարկել Թուրքիայի ռազմական ներխուժման հնարավորությունը, որի իրավական հիմքը Անկարան համարում էր 1921թ. Կարսի պայմանագիրը: Այս կապակցությամբ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Դողալ Գյուրեշը հայտարարեց, որ պատրաստ է ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկել այնքան զինվոր, որքան խնդրի Ադրբեջանի կառավարությունը [8]: Թուրքիայի կողմից արված այս հայտարարությունը, բնականաբար չէր կարող չառաջացնել Ռուսաստանի մտահոգությունը: Դողալ Գյուրեշի այս ռազմատենչ հայտարարությանն ի պատասխան, ԱՊՀ Կոլեկտիվ զինված ուժերի գլխավոր հրամանատար մարշալ Եվգենի Շապոշնիկովը հայտարարեց. «Թուրքիայի ներխուժումը Հայաստան կարող է հանգեցնել III Համաշխարհային պատերազմի»[9]: Այս հայտարարությունը առաջացրեց Անկարայի ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական շրջանակների լուրջ մտահոգությունը: Ռուսաստանի պես հզոր մի երկրի հետ պատերազմի մեջ մտնելուն Թուրքիան բնավ պատրաստ չէր: Առավել ևս, պատմության ընթացքում Ռուսաստանը բազմիցս առիթ է ունեցել ապացուցելու իր զենքի առավելությունը թուրքականի հանդեպ: Դրանից հետո Անկարան սկսեց ավելի մեղմ արտահայտվել արցախյան հիմնախնդրի կապակցությամբ: Ամեն դեպքում, պաշտոնական շրջանակների կողմից նման ռազմաշունչ հայտարարություններ չէին հնչում: Բայց և այնպես, թուրքական կողմը անմասն չմնաց Ադրբեջանին օժանդակելուց: Ըստ ռուսական հետախուզության տվյալների՝ 1992թ. սեպտեմբերի դրությամբ ադրբեջանական բանակում եղել է 670 թուրք զինծառայող՝ 550 զինվոր, 112 սպա և 8 գեներալ [10]:

Չնայած հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությանը` թուրքական կողմը հետաքրքրված էր Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների բարելավմամբ: Հատկապես ուշագրավ էր, 1992թ. հունիսի 23-26-ը Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Թուրքիա: Այցի նպատակն էր՝ մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովին: Այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը: Հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններն, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ դրանք չպետք է պայմանավորված լինեն հայ-ադրբեջանական հարաբերություններով: Ի պատասխան` Դեմիրելն ընդգծեց, որ սկզբունքորեն իրենք համաձայն են, սակայն Արցախում արյուն է հեղվում, և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտող միակ հանգամանքը շարունակվող ռազմական ընդհարումներն են[11]: Բայց և այնպես, ՀՀ նախագահի այցելությունը Թուրքիա որոշակի դրական ազդեցություն ունեցավ երկկողմ հարաբերություների վրա:

1992թ. հունիսի 5-7-ը փոխվարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ եռօրյա այցով Իզմիր մեկնեց հայկական պատվիրակությունը՝ մասնակցելու թուրքական տնտեսական զարգացման երկրորդ ֆորումին: Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների բարելավման, ինչպես նաև Արցախի և Նախիջևանի շուրջ առկա հիմնահարցերը: 1992թ. օգոստոսի 23-25-ը Թուրքիայի փոխարտգործնախարարի տեղակալ Բիլգին Ունանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Մ. Ալթալ և ԱԳՆ Կովկասի ու Բալկանների վարչության տնօրենի տեղակալ Ջանդան Ազերը այցելեցին Երևան: Հենց այս այցի շրջանակում էր, որ հայկական կողմը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Ի պատասխան, Բ. Ունանը նշեց, որ Հայաստանը պարտավոր է ճանաչել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս հարցի կապակցությամբ հայկական կողմը ընդգծեց, որ Հայաստանը, անդամակցելով ՄԱԿ-ին, արդեն իսկ պարտավորվել է հարգել տարածքային ամբողջականության սկզբունքը[12]: Չնայած առկա տարաձայնություններին` կողմերը պարտավորվեցին շարունակել բանակցությունները և դրանք ավարտին հասցնել մինչև 1993թ. ձմեռը:

Սակայն, 1993թ. ապրիլին հայկական ուժերը վերցրին Քարվաճառը (Քելբաջար), և դա նոր լարվածություն մտցրեց հայ-թուրքական հարաբերությունների մեջ: 1993թ. ապրիլի 3-ին Ս. Դեմիրելը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նա շեշտում էր, որ Հայաստանն ու աշխարհը ճիշտ չգնահատեցին Թուրքիայի համբերատարությունը: Համբերության բաժակը լցվել էր, և Թուրքիան դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Թուրքիան հանդես եկավ մի շարք դիվանագիտական նախաձեռնություններով ինչպես ՄԱկ-ում, այնպես էլ ԵԱՀԿ-ում: 1993թ. ապրիլի 30-ին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի թիվ 882 բանաձևը պահանջում էր դադարեցնել բռնություները Լեռնային Ղարաբաղում: Հայկական կողմից պահանջում էր ուժերը դուրս բերել Քարվաճառի և մյուս տարածքներից, ինչպես նաև կոչ էր անում վերսկսել բանակցությունները ԵԱՀԽ շրջանակներում [13]: Հատկանշական է, որ Թուրքիան հայտարարում էր, որ ՄԱԿ-ի բանաձը անտեսելու դեպքում «ագրեսորի» դեմ պատժամիջոցներ է պետք կիրառել:

1993թ. հոկտեմբերին ռազմական գործողությունները նոր թափ ստացան: Հայկական ուժերը, շարունակելով առաջխաղացումը, կարողացան ադրբեջանական զորքերից մաքրել նաև Կովսականի (Զանգելան) և Հորադիսի շրջանները: Նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունվեց թիվ 884 բանաձևը, որով դատապարտվում էր հայկական ուժերի կողմից Կովսականի (Զանգելան) և Հորադիսի գրավումը, և կոչ էր արվում Հայաստանին` օգտագործելու իր հնարավորությունը Արցախյան հակամարտությունն ավարտին հասցնելու համար[14]:
Տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը լիովին փոփոխվեց, երբ Ռուսաստանը, հաղթահարելով ներքին խնդիրները, ավելի ակտիվորեն ներգրավվեց արցախյան հիմնահարցի կարգավորման մեջ: Ռուսաստանի բացառիկ միջամտության շնորհիվ 1994թ. մայիսի 12-ին Արցախում ռազմական գործողությունները դադարեցին: Հաստատվեց զինադադար: Բիշկեկում ստորագրված զինադադարի մասին համաձայնագրից հետո Թուրքիան ակտիվորեն ներգրավվեց բանակցային գործընթացների մեջ: Մասնավորապես, այդ ժամանակ խոսակցություններ կային, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայվեն: Թուրքիան, որ ցանկանում էր Հարավային Կովկասում ունենալ ռազմական ներկայություն, ամեն ջանք գործադրում էր, որպեսզի թուրքական ստորաբաժանումները նույնպես ընդգրկվեն այդ խաղաղապահ ուժերի կազմում: 1994թ. հուլիսին Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Դողան Գյուրեշը Բաքվում տված հարցազրույցի ժամանակ լրագրողների այն դիտարկմանը, որ հայկական կողմը դեմ կլինի Թուրքիայի ռազմական ներկայությանը Արցախում, պատասխանեց. «Սերբերը նույնպես դեմ էին թուրքական ներկայությանը, սակայն ներկայումս Բոսինիայում գտնվում է 1500 թուրք զինվոր» [15]: Սակայն, այդ ուղղությամբ Թուրքիայի իրականացրած բոլոր ջանքերն ապարդյուն անցան, և Արցախում միջազգային խաղաղապահ զորքեր չտեղակայվեցին:

Ամփոփելով, կարող ենք նշել, որ 90-ական թթ. սկզբներին Թուրքիան որոշակիորեն ձգտում էր հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` մասնավորապես հետաքրքրված լինելով առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումով: Իրավիճակը կտրուկ փոխվեց 1992թ. փետրվարից: Երկկողմ հարաբերություններում արցախյան հիմնահարցը դարձավ կարևոր քաղաքական գործոն: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններն ավելի շատ նպատակ են հետապնդում միջազգային հանրության առաջ Հայաստանը ներկայացնելու որպես «ագրեսոր երկիր» և թաքցնելու վերջինս հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու իրական պատճառները: Իսկ դրանք շատ ավելի խորքային են: Պաշտոնական Անկարան քաջ գիտակցում է, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումով Հայկական հարցը վերջնական լուծում չի ստանա: Դրան հաջորդելու է հատուցման, հայերից խլված գույքի ու տարածքների հարցը: Մյուս կողմից, թուրքիայում բնակվում են 1915թ. բռնի կամ կամովին մահմեդականացած հայերի սերունդները՝ այսպես կոչված «ծպտյալ հայերը», որոնք իրենց գիտակցության մեջ դեռևս պահպանում են իրենց ազգային պատկանելությունը: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունանի հաստատումը և սահմանի բացումը կարող է խթան դառնալ ծպտյալ հայերի ազգային զարթոնքի համար, ինչը թուրքական պետության ու էթնոսի համար լի է վտանգով: Չմոռանանք՝ թուրքական էթնոսը այսօր կանգնած է ինքնության ճգնաժամի առաջ:

[1] Չաքրյան Հ., Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Երևան, 1998, էջ 11:
[2] Նույն տեղում
[3] Независимая Газета, 14.05.1991
[4] Hürriyet, 02.05.1991.
[5] Аргументы и факты, 11.05.1991.
[6] Հովհաննիսյան Ն., Մերձավորարևելյան տարածաշրջանը և Հայաստանի անվտանգության խնդիրը:«Մերձավոր և Միջին Արևելքի երկրնեի և ժողովուրդներ», թիվ 16, Երևան, 1996, էջ 14:
[7] Cumhuriyet, 05.03.1992.
[8] Turkish Daily News, 27.05.1992
[9] Turkish Daily News, 21.06.1992
[10] Ավագյան Ա., Թուրք ազգայնամոլների գործունեությունն Ադրբեջանում 1990-1994 թթ. : Հայկական բանակ, 3(49), 2006թ, էջ 50:
[11] Milliyet, 27.06.1992.
[12] Հայաստանի Հանրապետություն, 26.09.1992թ.
[13] Hürriyet, 01.05.1993
[14] Edmund Herzing, The new Causacuc, Armenia, Azerbaijan and Georgia, London, 1999, p 67.
[15] Демоян Г, Турция и Карабахксий конфликт в конце XX- начала XXI, Ереван, авторское издание, 2006, с 128.

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ