ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 47
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզվի ուսուցումը 1-6-րդ դասարաններում

Նունե Մովսիսյան
Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Жанна Акопян
Инерционный авторитаризм Образования

Մեթոդական մշակումներ


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Առակներ

Հայկազ Մարգարյան
Ներքինիները

Արտակ Զարգարյան
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց


Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Կոնստանտին Շերեմետև
Բանականություն

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Աշխարհի անսովոր դպրոցները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Յուրա Գանջալյան
Անցյալի իներցիան հաղթահարելու համար հնարամտություն է պետք, այլ ոչ թե ուժ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դենիս Փրեգեր
Ուզո՞ւմ եք լավ մարդ մեծացնել: Երեխային բարձր ինքնագնահատական ներարկելը դադարեցրեք

Ռիչարդ Ֆեյնման
Սա նույնքան պարզ է, ինչքան մեկ-երկուս-երեք-ը...

ԱՐՁԱԳԱՆՔ
Ներքինիները

Անվան ծագումնաբանությունը
«Եվնուխ» բառը հունական ծագում ունի, այն թարգմանաբար նշանակում է օթյակի, ննջասենյակի պահապան: Հայերենում օգտագործվել են և´ եվնուխ, և´ ներքինի անվանումները: Հետաքրքրական է, որ «եվնուխ» բառին հանդիպում ենք մինչքրիստոնեական ժամանակաշրջանի գրականությունում, երբ Հայաստանում ավելի շատ տարածված էր հունականությունը (հելլենիզմ): Քրիստոնեության ընդունումից հետո մեր պատմիչների մոտ որպես հոմանիշ հայտնվում է ներքինի բառը:

Ծագումը
Ներքինիները դարեր շարունակ եղել են հասարակության հիվանդագին հետաքրքրության կենտրոնում: Ինձ համար էլ դժվար է անտարբեր անցնել այս թեմայի կողքով: Որտեղի՞ց են նրանք հայտնվել, ո՞վ է նրանց ստեղծել: Այս հարցերի պատասխանը ես գտա գրքերում, բայց այնտեղ էլ ամեն ինչ պարզ չէր: Ներքինիների առաջին հետքերը հայտնաբերվեցին քաղաքակրթության օրրանում` Միջագետքում, որտեղ Եփրատն ու Տիգրիսը միախառնվելով թափվում են Պարսից ծոցը: Արգավանդ դելտայում ապրում էին բազմաթիվ ցեղեր, որոնց մի մասի մոտ մայրիշխանություն էր: Դեռևս Ք.ա IX դարում ասորական Շամիրամ թագուհին ամորձատել էր տալիս տղամարդ ստրուկներին: Այս պրակտիկան անցավ նաև այլ ցեղերի: Ժերար դե Ներվելը իր «Ճանապարհորդություն դեպի Արևելք» գրքում նկարագրում է արևելյան որոշ թագուհիների՝ շրջապատված ներքինիների շքախմբով:

Ներքինիների տեսակները
Հայտնի են ներքինիների մի քանի տեսակներ՝ նրանք, ովքեր ծնվել են ներքինի, բռնությամբ կրտվածներ և կամավոր կրտվածներ, ովքեր դա արել են հանուն հոգևոր մաքրության ու անաղարտության: Սրա մասին հիշատակություն կա նաև Մատթեոսի Կտակարանում. «Եվ կան նեքինիներ, որոնք իրենց այդպիսին են դարձրել Երկնային Արքայության համար» (19:12):

Ներքինիներին օգտագործելու ավանդույթը արագ տարածվեց ողջ Արևելքում` Պարսկաստանից մինչև Չինաստան: Պարսիկները գերիներին ամորձատում էին և որպես ռազմական ավար՝ գերի կույսերի հետ նվիրում իրենց արքաներին: Պարսկական Կյուրոս արքան 538թ. Ք.ծ.ա. գրավեց Բաբելոնը: Մեծ թվով գերիներ կրտելուց հետո նա հայտարարեց, որ ներքինիները ամենահուսալի ծառաներն են, քանի որ չեն կարող երեխա ունենալ և ընտանիք կազմել: Այսինքն` այլ հոգս, քան տիրոջը ծառայելը, նրանք չունեին: Այս մասին մեզ տեղեկացնում է անտիկ շրջանի հույն պատմիչ Քսենոփոնտը (IV դար Ք.ծ.ա.):

Ահա թե ինչ է նա գրում. «Հետևելով կենդանիների վարքին՝ նա (Կյուրոսը) եզրակացրեց, որ անհնազանդ ձին կրտելուց հետո դադարում է կծելուց ու քացի տալուց, բայց բոլորովին էլ չի կորցնում պատերազմում անհրաժեշտ որակները, որ կրտած ցուլը նույնպես փոխում է բնույթը, դառնում հանգիստ ու հանդարտ, բայց չի կորցնում աշխատանքում անհրաժեշտ ուժն ու դիմացկունությունը, և վերջապես շները կրտվելուց հետո չեն փախչում իրենց տերերից, այլ հավատարմությամբ պահպանում են նրանց ունեցվածքը և օգնում որսի ժամանակ: Նույն կերպ էլ մարդիկ, կորցնելով սիրո նկատմամբ հետաքրքրությունը, նրանք դառնում են ավելի հանգիստ, բայց ոչ պակաս ջանասեր ու եռանդուն տրված հանձնարարությունները կատարելու համար»:

Հրեաների ու քրիստոնեաների մոտ համոզմունք կար, որ կանայք խոչընդոտում են մաքրակենցաղությանն ու հոգևոր անաղարտությանը: Երկրորդ դարի քրիստոնյա գրող և աստվածաբան Տերտուլիանոսը պնդում էր, որ Երկնային Թագավորությունը բաց է կրտվածների համար և շատերին ոգևորեց ամորձատվելու, բայց այդ քայլին գնացածներից շատերը հետագայում զղջում էին իրենց որոշման համար:

Հերեդոտը պատմվածք ունի Քիոս կղզու Փանիոն անունով մի ստրկավաճառի մասին, որը գնում էր ամենագեղեցիկ տղաներին, կրտում և նորից վաճառում ստրուկների շուկայում: Այդ տղաների թվում էր Հերմոտ անունով մեկը, որը մեծ հարստություն ու հզորություն ձեռք բերեց Սարդոսում (հին Լիդիայի մայրաքաղաքում)՝ դառնալով տեղի պալատական ներքինին: Շատ տարիներ անց Հերմոտի և Պանյոնի ճանապարհները նորից խաչվեցին: Հերմոտը որոշեց վրեժխնդիր լինել: Նա Պանյոնին համոզեց իր հետ գնալ Սարդոս՝ խոստանալով մեծ իշխանություն ու հարստություն: Պանյոնը անտեղյակ Հերմոտի պլաններից և գայթակղված խոստումներից՝ ընկավ նենգ ներքինու թակարդը և շատ թանկ վճարեց իր նախկին արարքների համար: Հերմոտը ստիպեց իրեն տանջողին ամորձատել իր չորս որդիներին, իսկ հետո որդիներին ստիպեց կրտել իրենց հորը:
Կաթոլիկ եկեղեցին ամորձատում էր տղաներին, որպեսզի պահպանվի նրանց բարձր երգեցիկ սոպրանոն Սիքստինյան պապական երգչախմբում երգելու համար: Այդ պրակտիկան գոյություն ուներ Վերածննդից և պահպանվեց 1878թ.: Ամորձատվածներ էին երգում նաև իտալական օպերայում, որտեղ նրանցից մի քանիսը` Գրիմալդին, Ֆարինելլին և Նիկոլինին մեծ համբավ ձեռք բերեցին:

Մի քանի հարյուր ներքինիներ ծառայում էին Մեքքայի և Մեդինայի մզկիթներին կից: Նրանք հաղորդակցվում էին աղոթքի եկած կանանց հետ, ինչը իսլամի օրենքներով չէր թույլատրվում սովորական տղամարդկանց:
XVIII դարի երկրորդ կեսին Ռուսաստանում գոյություն ուներ Կրտվածների աղանդ: Այստեղ հավատում էին Եդեմի Այգիների մասին լեգենդին, ըստ որի Ադամն ու Եվան ծնվել են առանց սեռի և միայն արգելված պտուղն ուտելուց հետո են բաժանվել ըստ սեռերի: Մեղսագործելուց հետո արգելված պտղի մնացորդները կպել են Ադամին ու Եվային սեռական օրգանների և կրծքերի տեսքով: Նախկին անաղարտ մաքրությունը վերադարձնելու համար աղանդի հետևորդները իրենք իրենց կրտում են, կտրելով կամ խեղելով սեռական օրգաններն ու կրծքերը, և դրա համար օգտագործում էին դանակներ, սուր քարեր և ապակու կտորներ:

Ամորձատելու սովորույթը բուզանդացիներից անցավ թուրքերին: XIV դարում թուրք օսմանները սկսեցին մեկուսացնել կանանց, և Բյուզանդիան նրանց ներքինիներ էր տրամադրում: Սակայն շուտով թուրքերն իրենց ձեռքն առան ներքինիների առևտուրը, որը հսկայական եկամուտներ էր բերում:

Ամորձատումը լայն տարածում էր գտել Չինաստանում: Այն պահպանվեց մինչև Մեծ պալատի կործանումը Պեկինում` 1911 թվականը: Բայց եթե Չինաստանում ներքինի կարող էին դառնալ միայն չինացիները, ապա Թուրքիայում` բոլորը, բացի թուրքերից: Ղուրանն արգելում էր ամորձատել մուսուլմաններին: Սկզբից Թուրքիայում հայտնվեցին սպիտակ ներքինիներ Հյուսիսային Կովկասից, Վրաստանից ու Հայաստանից, բայց այս երկրների տղամարդիկ դժվար էին տանում վիրահատությունը, և մեծ էր նրանց մահացությունը վիրահատությունից հետո: Դրա համար էլ ներքինիներ էին բերում Աֆրիկայից` Եգիպտոսից, Սուդանից ու Եթովպիայից: Սևամորթները ավելի հեշտ էին տանում վիրահատությունը, ավելի ուժեղ էին և դիմացկուն:

Ներքինիների առևտուրը
Իսլամի համաձայն ռազմագերիները դառնում էին իրենց գերողի սեփականությունը և որպես ամեն մի սեփականություն, կարող էին օտարվել: Մուսուլման ստրկավաճառները կապեր էին հաստատում աֆրիկյան ցեղապետերի հետ՝ նրանց համոզելով իրենց վաճառել սկզբում գերի ստրուկներին, իսկ այնուհետև նաև իրենց ցեղակիցներին: Երկուստեք ձեռնտու առևտուրը սկսեց արագ զարգանալ:

Սևամորթ ստրուկների մեծ մասը Եթովպիայից, Սուդանից և Չադից երբեմն նավերով Նեղոսով, երբեմն էլ` ոտքով կամ ուղտերով կտրել – անցնելով Սահարայի անապատը հասնում էին Նեղոսի դելտա, այստեղից էլ նրանց քշում էին Մեքքայի, Մեդինայի, Բեյրութի, Իզմիրի ու Կոստանդնուպոլիսի ստրկավաճառության շուկաները:

Ներքինիների վիրահատությունը
Քանի որ իսլամն արգելում էր մուսուլմաններին զբաղվել կրտելով, դա անում էին եգիպտացիք, հրեաներն ու քրիստոնյաները: Ստրուկների խմբից առանձնացնում էին դեռահաս տղաներին և վիրահատում հենց ճանապարհին, հանգստի ժամանակ: Դա ծանր ու վտանգավոր վիրահատություն էր, որը հաճախ ավարտվում էր մահվան ելքով, իսկ անապատի շոգ ու չոր կլիման խանգարում էր վերքերի արագ ապաքինմանը: Անապատի տաք ավազը համարվում էր ամենալավ դարմանը թարմ վերքերի բուժման համար, և դա էր պատճառը, որ տղաներին կրտելուց հետո մինչև վիզը թաղում էին ավազի մեջ և պահում էին այնքան ժամանակ, մինչև փակվեին վերքերը: Ահավոր ցավից, արյունահոսությունից ու տաք ավազից տառապած ներքինին արդեն բարձր գին ուներ և մեծ եկամուտ էր բերում ստրկավաճառին: Նրանց գնում էին հարուստ մարդիկ, և ներքինին մեծ հնարավորություն էր ստանում բարձր դիրք ու իշխանություն ստանալու մեծահարուստի տանը:

Նորմալ մարդուն ներքինի դարձնելու սև արհեստը պարուրված էր գաղտնիքի ու խորհրդավորության շղարշով: Ըստ պատմաբան Ն. Մ. Պանցերի և հայտնի ճանապարհորդ ու արաբագետ Ռիչարդ Բարտոնի՝ ներքինիները բաժանվում էին երեք խմբերի.

  • Ամորձատվածներ – ամբողջությամբ հեռացված առնանդամով ու անորձիներով
  • Կրտվածներ – ջարդված կամ ձգված ամորձիներով
  • Ֆիլիբիներ – քարե դանակով հեռացված կամ վառած ամորձիներով

Ամենայն հավանականությամբ ամորձատման ձևերն ամեն տեղ նույնն են եղել, տարբեր են եղել արյունահոսությունը դադարեցնելու մեթոդները:
Մերձավոր Արևելքում և Թուրքիայում ածելու մի հարվածով հեռացնում էին տղամարդու սեռական օրգանները և միզածորանի մեջ խողովակ էին դնում, որից հետո վերքը այրում էին եռացող յուղով և տառապյալին դնում էին թարմ թրիքի մեջ: Մի քանի օր կերակրում էին միայն կաթով: Վիրահատությունը կատարում էին մինչև տղայի սեռական հասունացումը: Հիվանդի ապրելու հավանականությունը բավականին մեծ էր:

Իսկ ահա թե ինչպես է նկարագրում նույն վիրահատությունը Չինաստանում Կարտեր Ստենտը:
Արյունահոսությունը նվազեցնելու համար վիրահատվողի փորն ու կոնքերը ամուր կապում էին կաշվե պինդ փոկերով: Հեռացվելիք մասերը երեք անգամ լվանում էին կծու պղպեղի լուծույթով, որից հետո այն հեռացվում էր մանգաղանման դանակով: Այնուհետև միզածորանի մեջ մտցվում էր խողովակ` ծորանով ու խցանով: Այս ամենը ծածկվում էր սառը ջրով թրջած թղթով և փաթաթվում վիրակապով: Դրանից հետո երկու մարդ բռնում էին վիրահատվողի թևերը և երկու-երեք ժամ քայլեցնում սենյակում: Հաջորդ երեք օրերին հիվանդին ջուր չէին տալիս, և նա տանջվում էր ոչ միայն ծարավից ու ահավոր ցավերից, այլև բնական պահանջները բավարարելու ցանկությունից: Երեք օր անց հանում են վիրակապերը, և այս դժբախտը հնարավորություն է ստանում միզելու, որը ուղղակի շատրվանում է: Եթե միզելու պրոցեսը հաջող է անցնում, ուրեմն հիվանդի հետ ամեն ինչ կարգին է, իսկ եթե չի կարողանում միզել, ուրեմն նրան ոչնչով չեն կարող օգնել, և նա դատապարտված է մահվան:

Պատմաբան Պոլ Ռայկոն հիշատակում է արծաթյա խողովակի մասին, որը ներքինիները պահում էին իրենց գլխաշորի ծալքերում: Միզելու համար այն մտցնում էին միզածորանի մեջ:

Ամորձատումը հեշտ էին տանում սեռական հասունության չհասած տղաները: Հասուն տղամարդկանց մոտ ամորձատումը առաջ էր բերում անվերադարձ կորստի, հուսահատության և հոգեկան անկման զգացում և վրեժխնդրության ձգտում:

Չինական ներքինիները
Պեկինի Արգելված քաղաքը, որտեղ գտնվում էր կայսեր նստավայրը, փակ էր կանանց համար, և բնակչության մեծամասնությունը կազմում էին ներքինիները: Մին դինաստիայի կառավարման տարիներին այստեղ ապրում էին հազարից ավելի ներքինիներ: Այդ թվաքանակը աստիճանաբար կրճատվեց, և XX դարի սկզբին Պու կայսեր օրոք մնացել էին մոտ երկու հարյուր ներքինիներ: Նրանց մեծամասնությունը ծառաներ էին կայսեր պալատում, բայց հնարավորություն ունեին բարձր դիրքի հասնելու պալատում: Դա խիստ գայթակղիչ էր չքավորների համար, և նրանք ծանոթություն էին փնտրում ներքինիների հետ, որովհետև վերջիններս էին զբաղվում իրենց շարքերի համալրմամբ: Մանվանդ որ չինացիների ամորձատման ժամանակ մահվան ելքը 4-5 տոկոս էր կազմում:

Շատ ներքինիներ ստացել էին լավ կրթություն և բարձր կառավարական պաշտոններ էին զբաղեցնում: Շատերը գեղեցիկ ձայն ունեին և երգում էին թատրոններում: Նրանց շարքերում կային քարտուղարներ, կառավարիչներ, խնամակալներ, դաստիարակներ և այլն:

Ամորձատման հետևանքները
Ամորձատման հետևանքով մարմինը կորցնում է մազածածկույթը և թոշնում, ձայնը դառնում է բարակ և ճղճղան, մարդը արագ գիրանում է: Բացի դրանից ներքինիները տառապում են հաճախամիզությամբ, հիշողության կորստով, անքնությանբ և կարճատեսությամբ: Ներքինիները ուժասպառ են լինում ալկոհոլից և անտանելի ցավեր ունենում միզապարկում:
Շատ վկայություններ կան այն մասին, որ ներքինիները շատ էին սիրում փող և այն ամենը, ինչ կարելի էր ձեռք բերել փողով: Նրանք սիրում էին համեղ կերակուրներ, քաղցրավենիք ու թխվածքներ: Սիրում էին լեգենդներ, սիրային պատմություններ ու հարազատ Աֆրիկայի պարերն ու երգերը: Ժամերով կարող էին լսել «Հազար ու մի գիշերների» հեքիաթները:
Ներքինիների սեռական հետաքրքրությունները

Սեռական օրգանների կորուստը, հատկապես մանուկ հասակում, դեռևս չէր նշանակում սեռական հակումների ամբողջական կորուստ: Ամորձիները պահպանած ներքինին կարող էր էրեկցիա ունենալ և զբաղվել սեքսով: Սրա մասին հիշատակություններ են թողել ինչպես Ռիչարդ Բարտոնը «Հազար ու մի գիշերների» իր բազմահատոր թարգմանության մեջ, այնպես էլ Շառլ Մոնտեսքյոն «Պարսկական նամակներում»:

Առնանդամ ունեցող ներքինիները հարեմի կանանց համար համարվում էին արժեքավոր սիրեկաններ: Հարմար էր նաև նրանով, որ այդ ներքինիներից չէին հղիանում: Այս թեմայով գրող հեղինակներից մեկը գրում է, որ ներքինիներից ոմանք իրենց սեռական կրքերին հագուրդ տալու համար պահում էին նաև ստրուկ տղաների:

Ներքինիները օգտագործում էին նաև սեռական կարողությունը ուժեղացնող պրեպարատներ և զանազան էրոտիկ պարագաներ: Նրանք նաև օրալային սեքսի մեծ վարպետներ էին: Հարեմի կանայք, որոնք ամուսնացել էին, շատ հաճախ դժգոհ էին մնում իրենց ամուսիններից, համեմատում էին նրանց ներքինիների հետ: Ահա թե ինչ է գրում XVIII դարի հեղինակներից մեկը.

- Դուք հարցնում եք ներքինիների սեքսուալ ախորժակի մասին, այդ մասին ողջ Ստամբուլն է խոսում: Հարեմի այն երկու կանայք, որ ազատություն էին ստացել և ամու, երկու շաբաթ անց բաժանվեցին: Պատճառն այն էր, որ կանայք բողոքում էին, թե ներքինիները ավելի լավն էին սեռական հարաբերություններում, քան իրենց ամուսինները:

Ներքինիների ամուսնությունը
Երբեմն ներքինիներն ամուսնանում էին հարեմի կանանց հետ և ապրում էին արդեն հարեմից դուրս: Սուլթան Իբրահիմի գլխավոր ներքինի Սյումբյուլ աղան ամուսնացավ հարեմի հղի կանանցից մեկի հետ, որպեսզի ունենա և´ ընտանիք, և´ երեխա: Շատ ներքինիներ ստեղծում էին իրենց հարեմները և այն լցնում կույսերով: XIX դարի ներքինիներից մեկի խոստովանությունը. «Ես սեր չէի փնտրում, այլ կիրք: Պալատում ես դա ինձ չէի կարող թույլ տալ: Շատ կանանց նայում էի կրքով ու տառփանքով, բայց կախաղանից վախենալով` զսպում էի ինձ: Այդ ժամանակ ես ամուսնացա հարեմի կանանցից մեկի հետ: Դուք կարող եք հարցնել, թե ինչպես կարող էր կինն անուսնանալ ինձ նմանի հետ: Չգիտեմ, մեր համատեղ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չեմ հարցրել»:

Կորցրած անդամների վերականգնումը
Որոշ լեգենդների համաձայն կտրված սեռական օրգանները նորից վերականգնվում էին: Կարտեր Ստենտը, ծանոթանալով չինական դատավորների գործերին, նշում է նմանօրինակ դեպքեր: Այնտեղ եղել են մի քանի դատական գործեր՝ կապված ներքինիների վերականգնված սեռական օրգանների հետ: Նրանց նորից կրտել են, բայց քանի որ նրանք տարիքով են եղել, չեն դիմացել վիրահատությանը և մահացել են:

Պեկինյան պալատի ներքինի Վեյ Չունսինը թաքուն սիրուհի էր պահում և ձգտում էր վերականգնել կորցրած օրգանները: Մի բժշկից նա իմացել էր, որ դրա համար պետք է ուտի յոթ տղամարդու ուղեղ: Նա գնեց յոթ հանցագործների, կերավ նրանց ուղեղը, բայց արդյունքի մասին պատմությունը լռում է:

Հարեմ մտնող ներքինիներին անպայման ստուգում էին բժիշկները, որպեսզի պարզեն, թե չեն աճել արդյոք նրանց սեռական օրգանները: Ի դեպ, առավելություն էր տրվում տգեղ ներքինիներին: Գեղեցկադեմ ներքինիներ գոյություն ունեին միայն «Հազար ու մի գիշերների» էջերում:

Ներքինիները հարեմում
Օսմանյան կայսրության ծաղկման շրջանում հարեմում ծառայում էին 600-800 ներքինիներ, որոնցից շատերին սուլթանին էին նվիրել երկրի տարբեր նահանգների կառավարիչները: Բոլոր երիտասարդ ներքինիներին ենթարկում էին պատիժների անկախ այն բանից՝ մեղավոր են, թե ոչ: Ձեռք ու ոտքերը կապած պառկեցնում էին հատակին և փայտով հարվածում կրունկներին մինչև ուշագնաց լինելը: Մյուս նորեկները նայում էին և սպասում իրենց հերթին: Նորեկները գտնվում էին ավագ ներքինու և «կույսերի պետի» հսկողության տակ, մինչև պատրաստ կլինեին ծառայության: Ծառայության մեջ ներքինիները արագ առաջ էին գնում պալատական պաշտոնների սանդուխքով: Նրանք ստանում էին օրական 60-80 ակչա գումար, որը մի քանի անգամ բարձր էր որակյալ արհեստավորի եկամուտից, երկու մետաքսյա խալաթ, չհաշված այն ամենը, որ նրանք ստանում էին պալատական այլ ծառայություններից: Ներքինիներին տալիս էին ծաղիկների անուններ` Հակիթ, Նարգիզ, Վարդ, Մեխակ և այլն: Սրա մասին տեղեկացնում է Օտտավիանո Բոնը «Մեծ հարեմը» գրքում:

Սովորելու տարիներին երիտասարդ ներքինիները ապրում էին զորանոց հիշեցնող մի ընդհանուր սենյակում: Մեծանում էին հարեմի կանանց երեխաների հետ: Նրանց կարգապահությանը հետևում էին ինչպես զորանոցում: Սովորելու վերջում նրանց կցում էին կարևոր կանանցից մեկին` արքայադստրերի, սուլթանի աղջիկների, մոր կամ կանանցից մեկին: Ներքինու երազանքն էր ստանալ գլխավոր սև ներքինու պաշտոնը:

Հարեմի պահպանության համար սուլթանները պահում էին հարյուրավոր ներքինիներ: Սպիտակ ներքինիները ծառայում էին այն հարկաբաժնում, որտեղ սուլթանը հանդիպում էր տղամարդկանց հետ, իսկ միջանցքի մյուս ծայրում հարեմն էր, ուր կանանց ծառայում ու պահպանում էին սևամորթ ներքինիները:

Գլխավոր սևամորթ ներքինին
Սևամորթ գլխավոր ներքինին կապող օղակ էր սուլթանի ու նրա մոր միջև և իր ձեռքին էր կենտրոնացրել քաղաքական մեծ իշխանություն: Պաշտոնապես նրա դիրքը հավասարեցված էր մեծ վեզիրի (վարչապետի) դիրքին: Գլխավոր ներքինին տեղյակ էր հարեմի բոլոր ինտիմ գաղտնիքներին և միաժամանակ ելք ուներ դեպի արտաքին աշխարհ: Դա էր պատճառը, որ գլխավոր ներքինին միաժամանակ նաև երկրի ամենամեծ կաշառակերն էր և սուլթանական պալատում կատարվող բոլոր խարդավանքների կազմակերպիչն ու իրագործողը:

Գլխավոր սև ներքինին կայուն դիրք և հսկայական իշխանություն ուներ կայսրությունում: Սուլթանից ու մեծ վեզիրից հետո նա ամենակարևոր պաշտոնյան էր երկրում: Նա պալատական պահնորդական զորքի գլխավոր հրամանատարն էր, ուներ փաշայի տիտղոս և այլ կարևոր ու պատասխանատու պաշտոններ: Նա կարող էր դիմել սուլթանին օրվա ցանկացած ժամի: Ամեն մի կին, որ ցանկանում էր դիմել սուլթանին, սկզբից պիտի ներկայանար գլխավոր սև ներքինուն: Նա կայսրության ամենահարուստ մարդկանցից էր, բոլորը վախենում էին նրանից և աշխատում էին թեկուզ կաշառքով ձեռք բերել նրա բարեհաճությունը: Նա էր առաջին անգամ հարճին ուղեկցում սուլթանի ննջասենյակ: Այդ ծիսակատարությունը 1766 թ. նկարագրել է Ժան-Կլոդ Ֆլյաշան. «Վերջապես սև ներքինին սուլթանին է ներկայացնում այն աղջկան, որին սուլթանը հավանել էր… Նա ձգտում էր ցուցադրել իր արժանիքները և դուր գալ սուլթանին: Սուլթանը աղջկա կողմն է նետում թաշկինակը` ի նշան այն բանի, որ ցանկանում է առանձնանալ նրա հետ: Անմիջապես իջնում են վարագույրները սուլթանի սենյակում: Գլխավոր ներքինին մնում է այստեղ, մինչև հրաման ստանա նորից բացելու այն, իսկ կանայք, որ այդ ժամանակ գտնվում էին սենյակում, երգում էին, պարում կամ հանգստանում բարձերի վրա, սուլթանի ընտրությունը գովաբանելով հեռանում են»:

Եթե գիշերը հարեմում արտակարգ դեպք էր պատահում, միայն գլխավոր ներքինին իրավունք ուներ այնտեղ մտնելու: Նրա պարտականության մեջ էր մտնում հարեմի կանանց պաշտպանությունը, նոր հարճերով հարեմը համալրելը, հարեմի կանանց ու ներքինիների պաշտոնների բարձրացումը: Նա սուլթանի հարսանիքի գլխավոր վկան էր և երեխաների կնքահայրը: Նա էր անցկացնում բոլոր ծիսակատարությունները` թլպատումը, նշանդրեքը, անվանակոչությունը և այլն: Գլխավոր ներքինին էր հայտարարում հարեմի դատապարտված կանանց դատավճիռը: Դատապարտվածին նա էր ուղեկցում դահճի մոտ, նա էր դատապարտյալի գլխին հագցնում պարկը, որպեսզի խեղդեն ծովում: XVI դարի երկրորդ կեսին ներքինիների իշխանությունը մեծացավ: XVII և XVIII դարերում ներքինիները սուլթանի գլխավոր կանանց հետ միասին իրենց ձեռքը վերցրին իշխանությունը, օգտվելով թուլամիտ ու թուլակամ միապետերի անկարողությունից: Թուրքիայում կանանց տիրապետության ժամանակ (1558 - 1687) գլխավոր սև ներքինին համարվում էր սուլթանի մոր ու գլխավոր կանանց ամենաարժեքավոր ու հավատարիմ կողմնակիցը: Եվ առաջինները, և վերջինները մեծ դեր խաղացին Օսմանյան կայսրության անկման գործում:

Ահա թե ինչ է գրում ժամանակակիցը. «Թեև ասում էին, որ հարեմի 40 պաշտոնյա թզի կորիզի չափ խելք չունեն, բայց նրանց մասնակցությամբ կատարված սպանություններին թիվ ու հաշիվ չկար: Աբդուլ Համիդի իշխանության ժամանակ բարձր պաշտոն ստացածները նույնքան իշխանություն ունեին, որքան սուլթանը: Այդ ժամանակներում գլխավոր սև ներքինին իր նստավայրում ընդունում էր պետական բարձրագույն պաշտոնյաներին: Մարտի 31–ի ողբերգության դավադիրներից մեկը գլխավոր սև ներքինի Ջևեհեր աղան էր: Թանզիմաթի հռչակումից հետո (1839 թ. բարենորոգումների ծրագիրը Օսմանյան Թուրքիայում) զինվորականները նրան դատապարտեցին մահվան: Սև ներքինու մասին լսելիս փչանում էր մարդկանց տրամադրությունը այն աստիճան, որ նրանք հրաժարվում էին սրճից, քանի որ այն «սև» էր և թեյ էին պատվիրում»:
XIX դարի սկզբից գլխավոր սև ներքինու իշխանությունը թուլացավ: XX դարի սկզբին գլխավոր ներքինու ֆունկցիան սահմանափակվում էր հարեմի կանանց հետևելով, որպեսզի նրանք հագնվեին արժանավայել: Նա ուղեկցում էր հարեմի կանանց, երբ նրանք դուրս էին գալիս հարեմից, հետևում էր նրանց տեղաշարժին քաղաքում, և որ նրանց վարքը համապատասխանի հարեմի ներքին կանոններին, որ հարեմ առանց թույլտվության մուտք չգործեն գուշակուհիներ, մանր առևտրականներ և այլն:

Հարեմների վերացման հետ վերացան նաև ներքինիները: Խոսակցություններ եղան նրանց աշխատանքի տեղավորելու, ծերությունը ապահովելու մասին: Նրանք իրենք էլ փորձեցին սեփական արհմիություն ստեղծել, բայց ոչ ոք չուզեց նրանցով զբաղվել: Նրանց հետ կապված էին այնպիսի բաներ, որ բոլորն ուզում էին շուտ մոռանալ: Մինչև 1940-50-ական թվականները դեռ կարելի էր հանդիպել նրանց Ստամբուլի մարդաշատ փողոցներում: Թուրքիայի հասարակության մեջ ներքինիներից մնացել է միայն թույլ հիշողություն:

Պատմությանը հայտնի մի քանի նշանավոր ներքինիներ

Սպոր անունով պատանին (մ.թ.ա. I դար)
Հռոմեական օրենքների համաձայն ամորձատումը խստիվ արգելված էր, բայց թույլատրվում էր ներքինիներ ներմուծել արտասահմանից: Խելագար կայսր Ներոնը, ինչպես հայտնի է, իրեն օրենքներից վեր էր համարում և ամորձատեց Սպոր կամ Սպորուս անունով մի պատանու, որից հետո ամուսնացավ նրա հետ: Կայսրը որոշեց, որ Սպորը իրեն արժանի «կին» է և հարսանիքի օրը խեղճ ներքինու գլուխը զարդարեց պսակով ու քողով: Սպորին տվեց նաև օժիտ և մեղրամիսը անցկացրին Հունաստանում: (Ներոնը ամուսնացած էր նաև երկու այլ տղամարդկանց հետ, բայց նրանց չէր ամորձատել, քանի որ նրանց համար ինքը ... կին էր):
Վարկած կա, որ Ներոնը Սպորի հետ ամուսնացավ, որ մոռանա իր նախկին կնոջը՝ հղի Սաբինային ծեծելով սպանելու մեղքը: Սպորը շատ նման էր Սաբինային, և այդ անունով էլ նա կոչում էր ներքինուն: Սակայն նրանց ամուսնությունը երկար չտևեց, քանի որ Ներոնը մ.թ. 68 թվին ինքնասպանություն գործեց:
Այրիացած ներքինին երկար չտխրեց: Շուտով նրան «կնության» առավ կայսեր նոր թեկնածու Նիկոդեմոսը, որը շուտով սպանվեց մյուս հավակնորդների կողմից ընտրարշավի ժամանակ: Դրանից հետո պատանի ներքինին ձեռքից ձեռք անցավ, մարմինը տրամադրելով Հռոմի հերթական ժամանակավոր կառավարչին: Նրան «սիրեց» և´ կայսր Օտոնը, և´ նրա զզվելի ժառանգորդ Վիտալին, որը մեծ հմտությամբ օրգիաներ ու գլադիատորական մարտեր էր կազմակերպում: Այս տականքը նոր զվարճանք հորինեց իր համար: Նա որոշեց Սպորին կանացի հագուստ հագցնել, նրա հետ անֆիթատրոնի բեմ դուրս գալ և բռնաբարել ներքինուն ամբոխին զվարճացնելու համար: Այս խայտառակությունից խուսափելու համար Սպորը ինքնասպանություն գործեց:
 

Օրիգեն (185 – 254 թթ)
Վաղ քրիսոնեության շրջանում շատ հավատացյալներ հետևելով Քրիստոսին՝ անտեսում էին աշխարհիկ «ավելորդությունները»` ֆիզիկական հաճույքը, նյութական բարեկեցությունը և ընտանեական կապերը: Ինչպես նշում է Մատթևոսի Ավետարանը, ոմանք ամորձատում էին իրենց հանուն երկնային արքայության: Վերջիններից էր Օրիգենը, որ սրտին մոտ ընդունեց Ավետարանը և ամորձատեց իրեն: Նա Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի վարդապետ էր, քնում էր չոր գետնին, մշտապես պաս էր պահում և հագուստները չէր փոխում: Ամորձատումը հնարավորություն տվեց փիլիսոփային դասավանդելու նաև աղջիկներին, առանց վախենալու գայթակղությունից: Երևի Օրիգոնի նմանները շատ էին, քանի որ 325 թ. Նիկեայի տիեզերական ժողովը պաշտոնապես արգելեց ամորձատումը:

Պիեր Աբելյար (1079 – 1142 թթ)
Միջնադարի գիտունների կաճառում առանձնահատուկ տեղ ուներ Պիեր Աբելյարը: Նա փայլուն գիտնական էր, փիլիսոփա, բանաստեղծ և աստվածաբան: Նրա դասախոսություններին Նոտր Դամ էր հավաքվում Փարիզի երիտասարդության ողջ սերուցքը: Մի անգամ Աբելյարը հետաքրքրվեց հոգևորական Ֆուլբերի հմայիչ ու խելացի զարմուհով, որին Էլոիզա էին կոչում: Նա Աբելյարից փոքր էր 12 տարով: Աբելյարը Ֆուլբերին համոզեց աղջկան իր մոտ տեղավորել իբր թե գիտությանբ զբաղվելու համար: Այդ «գիտությունից» Էլիոզան հղիացավ և Աբելյարը ստիպված նրան տեղափոխեց Բրետեն, որտեղ էլ նրանք գաղտնի ամուսնացան: Գաղտնի, որովհետև միջնադարյան հոգևոր գիտնականները կուսակրոն պիտի լինեին: Էլոիզան չցանկանալով խանգարել ամուսնու կարիերային, հետ վերադարձավ քեռու` Ֆուլբերի մոտ: Վերջինս մտածելով, թե Աբելյարը անարգել ու թողել է աղջկան, քաղաքի ավազակներից երկուսին վարձում է, որպեսզի սրանք կտրեն Աբելյարի «անարգանքի գործիքները»: Միջնադարյան օրենքներով ամորձատվածը կաթոլիկական աստիճանակարգում տեղ չէր կարող ունենալ:
Ամորձատվելուց հետո Աբելյարը վանք գնաց որպես հասարակ վանական: Այստեղ նա գրեց «Իմ դժբախտության պատմությունը» գիրքը և նորից զբաղվեց դասախոսուրյամբ: Էլիոզան նույնպես վանք գնաց և մշտական նամակագրություն ուներ Աբելյարի հետ: Նրանց երեխան մեծացավ ու դաստիարակվեց Ֆուլբերի ընտանիքում: Աբելյարին ու Էլոիզային մահից հետո կողք կողքի թաղեցին Պեր Լաշեզ գերեզմանատանը:

Չժեն Խե (1371 – 1435թթ)
Ծնվել է չինական փոքրիկ գյուղում, բազմանդամ ընտանիքում: Նրան կոչում էին Մա Խե: Երբ Չինաստանում սկսեց կառավարել Մին դինաստիան, մոնղոլներին դուրս շպրտեցին այս երկրից: Մեր հերոսը գերի ընկավ և ամորձատվեց: Երիտասարդ ներքինին ծառայության անցավ ապագա կայսր Յունլեի մոտ, դարձավ բանակային սպա, կռվեց մոնղոլների դեմ: Երբ Յունլեն նստեց գահին, մարտական հրամանատար Մա Խեյին ընծայվեց Չժեն ազգանունը:
Չժեն Խեն դարձավ նշանավոր այն յոթ արշավանքներից հետո, որ ձեռնարկեց կայսրը՝ ցանկանալով երկիրը դուրս բերել բազմադարյան մեկուսացումից և առևտրական կապեր հաստատել արտաքին աշխարհի հետ: Ամեն արշավին մասնակցում էին տասնյակ նավեր և մինչև երեսուն հազար նավաստիներ: Այս դարակազմիկ նավագնացության ընթացքում ծովակալ Չժեն Խեն չինական ապրանքների համար բացեց Ինդոնեզիայի, Շրի Լանկայի, Բենգալիայի, Սիամի, Մալդիվյան կղզիների, Սոմալիի, Եմենի շուկաները: Չինաստանի մասին իմացան Ասիայի և Աֆրիկայի 17 երկրներում: Առևտրից ստացված փողերով չինական մայրաքաղաք Նանկինում կառուցվեց հռչակավոր Ճենապակյա Աշտարակը: Որպես նվեր՝ ներքինի ծովակալը Յունլե կայսերը Աֆրիկայից ընձուխտ բերեց: Մինչ այդ Չինաստանում ոչ ոք այդպիսի կենդանի չէր տեսել:
Ծովակալի մահից հետո Չինաստանում փոխվեց քաղաքական իրադրությունը, իշխանությունները վերադարձան նախկին մեկուսացման քաղաքականությանը և Չժան Խեի անունը երկար ժամանակ մոռացության մատնվեց:

Վեյ Չժոնսյան (1568 – 1627թթ)
Մինչև կայսրության անկումը 1911թ., ներքինիները մեծ դեր ունեին Չինաստանում: Շատ հաճախ նրանք դուրս էին գալիս չքավոր ընտանիքներից: Նրանց ամորձատում էին մանուկ հասակում, որ հասցնեին կարիերա անել կայսերական ծառայության մեջ: Ներքինի – բյուրոկրատների ձեռքին մեծ իշխանություն էր կուտակված, և նա, ով կարողանում էր այն հմտորեն օգտագործել, մտնում էր պատմության մեջ:
Չժոսյանի ընտանիքը չէր պլանավորել ամորձատել որդուն: Նա մեծացավ բոլոր աղքատ գյուղացիների նման, ամուսնացավ, զավակ ունեցավ: Վեյը թուլություն ուներ ազարտ խաղերի նկատմամբ և մի անգամ մեծ գումար էր տարվել: Պարտատերերը պահանջում էին գումարը, հետապնդում նրան: Վեյը որոշեց «թաքնվել» նրանցից: Նա ենթարկվեց ամորձատման և 21տարեկանում ծառայության անցավ կայսերական պալատում:
Երեսուն տարվա ծառայության ընթացքում նա ծանոթություններ հաստատեց շատ կարևոր մարդկանց հետ և դրա շնորհիվ հրաշալի կարիերա ստեղծեց: Ամենակարևորը երևի կապն էր ապագա կայսր Տիանցիի դայակ տիկին Կեի հետ: Երբ 15 տարեկանում Տիանցին թագադրվեց, Վեյն սկսեց միապետին զբաղեցնել զանազան զվարճանքներով ու խաղերով՝ հեռու պահելով պետական գործերից, միաժամանակ աննկատորեն իր ձեռքը վերցնելով երկրի կառավարումը: Չժոնսյանը ղեկավարում էր նաև երկրի անվտանգության գործակալությունը և բոլորը, ովքեր նրա դեմ էին, ենթարկվում էին անլուր հալածանքների: Վեյի պատվին Չինաստանում պոգոդաներ էին կառուցվում: Նա ապրում էր աներևակայելի ճոխության մեջ: Սակայն այս ամենը հօդս ցնդեց, երբ 23-ամյա կայսրը վախճանվեց: Վեյը հասկացավ, որ իրեն սպասում են ոչ երանելի օրեր և ինքնասպանություն գործեց: Նրա դիակը անդամահատեցին և ցրեցին իր հարազատ գյուղով մեկ, որ բոլորը հասկանան, որ չի կարելի խարդախ խաղեր խաղալ պետության հետ:

«Բոստոն» մականունով Թոմաս Կորբետը (1832 – 1894թթ.)
Թոմաս Կորբետը հայտնի է որպես Ջոն Ուիլիքս Բուտի սպանության (1865 թ.) պատասխանատուներից մեկը, որն էլ իր հերթին սպանել էր ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնին: Կորբետը ծնվել է Անգլիայում և յոթ տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է ԱՄՆ: 20 տարեկանում դառնում է «Վերածնված քրիստոնյաներ» համայնքի անդամ և ստանում նոր անուն` Բոստոն, այն քաղաքի անունով, որտեղ «վերածնվել» էր: Մինչ այդ Կորբետը անտարբեր չէր թեթևաբարո կանանց նկատմամբ և որպեսզի հեռու մնա գայթակղությունից, նա իրեն մկրատով ամորձատեց: Զարմանալի չէ, որ այս ֆանատիկը շուտով հայտնվեց հոգեբուժարանում: Բանակից զորացրվելուց հետո տեղափոխվեց Կանզաս, ուր ապրում էր իր ձեռքով փորված գետնափոր հյուղակում: Նա իրեն շատ անզուսպ էր պահում և ձերբակալվեց, երբ Կանզասի համայնքների Պալատի անդամներին սպառնում էր ատրճանակով, իբր նրանք աղոթքի ժամանակ անկեղծ չէին:
Հետաքրքիրն այն է, որ Կորբետը մասնագիտությամբ գլխարկագործ էր և դարձավ «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի Խելառ գլխարկագործի նախատիպը:

Ալեքսանդրո Մորեշի (1858 – 1922 թթ)
300 տարուց ավելի ներքինի երգիչների կարելի էր հանդիպել իտալական եկեղեցիներում և Հռոմի Պապի երգչախմբում: Ինչպես վերը նշվեց, ամորձատումն արգելված էր, բայց շատ ծնողներ աղքատությունից ու փառամոլությունից դրդված ամորձատում էին իրենց երեխաներին Վատիկանի համար և արդարանում, թե իբր դժբախտ պատահար է տեղի ունեցել, ներկայացնում էին բժշկական տեղեկանքներ և այլն: Մի պատմաբան հաշվել էր, որ XVIII դարում ամեն տարի «ձիուց ընկել է», այսինքն՝ անօրինական ամորձատվել է 4000 տղա: Ալեքսանդրո Մորեշին վերջինն էր նրանցից: Նա երգում էր Սիքստինյան երգչախմբում և միակն էր, որին ձայնագրել են ֆոնոգրաֆով 1902 – 1904թթ.: Դժգոհ իր ճակատագրից՝ Մորեշին տրվեց հարբեցողության ու թմրամոլության: Դժվար էր ու անհարմար XX դարում լինել ամորձատված:

Կհայտնվե՞ն արդյոք ներքինիներ Հայաստանում
Մեր պատմիչները բազմաթիվ հիշատակություններ ունեն թե´ հայ ներքինիների և թե´ Հայաստանում ամորձատման ձևերի ու մեթոդների մասին, սակայն սա այլ ուսումնասիրության նյութ է: Արդեն ավարտում էի այս աշխատանքը, երբ մեր զանգվածային լրատվության միջոցները մի այնպիսի հաղորդագրություն տարածեցին, որ, մեղմ ասած, ինձ համար անսպասելի էր և աներևակայելի: Չկարողանալով մեկնաբանություն տալ դրան՝ այն ներկայացնում եմ ամբողջությամբ.

Ամորձատում սեռական բնույթի բռնություն իրականացնողների նկատմամբ
18:37, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2011 թ.
«Սեռական հանցագործությունների մասով 2009 թվականին գրանցվել է 53, իսկ այս տարի` 73 դեպք. այսինքն աճ կա»,- կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ գործադրին է դիմել անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` հավելելով. «Նման պայմաններում առաջարկում եմ, որ ՀՀ օրենսդրության մեջ նոր մոտեցում մտցվի, որով մանկապիղծների ու մեծահասակների նկատմամբ սեռական բնույթի բռնություն գործադրողների, սեռական մոլագարների նկատմամբ սահմանվի ամորձատում` ինչպես որ եվրոպական երկրներում է։
Ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ պատրաստ են իրավական դաշտում քննարկել մեթոդի կիրառման արդյունավետությունը և հստակ ուղիներ գտնել: «Հնարավոր է, որ որոշ երկրներում դա իր դրական արդյունքը տվել է, բայց մեզ մոտ չենք կարող ասել` արդյունավետ կլինի, թե ոչ»»:

Օգտագործված գրականություն

  • Евнух // Энциклопедия Брокгауза и Ефрона
  • Усов В.Н. Евнухи в Китае. М., 2000.
  • Джеймс Клуг. Евнухи в гареме // Клуг Дж. История гарема в культурах народов мира. Смоленск, 2004
  • Жерар де Нервел. Путешествие на Восток. Москва - 1999 .
  • Ксенофонт. Киропедия / Пер. Э. Д. Фролова. — М., 1977.
  • Гиббон Э. История упадка и крушения Римской Империи/ Пер. В. Н. Неведомского. – М., 1994.
  • Картер Стент. Евнухи. Ленинград – 1967.
  • Монтескье Ш. Л. Персидские письма / Пер. С фр. Под ред. Е.А.Кунста. — М., 1956.
  • Алев Литлэ Крутье. Гарем. Царство под чадрой. М., "КРОН-ПРЕСС", 2000
  • Пол Райко. Дневник этнопсихолога. Пер. С. Д. Королва. — М., 1977.
  • Վահան Բայբուրդյան. Իրանի պատմություն. Երևան. 1997.
Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ