ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 48
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ



Կարինե Բաբուջյան
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում



Լիլիթ Բաբայան
Կայքը՝ ուսումնական միջավայր

Տաթև Թամազյան
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում

Հասմիկ Ղազարյան
Ուսուցչի անձնական համացանցային էջը՝ կրթության կազմակերպման միջոց

Մեթոդական մշակումներ

Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան, Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Անահիտ Մեժլումյան, Թամարա Սահակյան
Այրում

Yura Ganjalyan
Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities

Աշխեն Գրիգորյան, Անահիտ Հարությունյան, Անահիտ Աղասյան
Ուսումնական արձակուրդ

Թամար Ղահրամանյան
Գրաբարի ուսուցում ավագ դպրոցում

Արմինե Բաբայան, Մերի Առաքելյան
Շուրջտարյա մեդիաօլիմպիադան 5-11-րդ դասարանցիների օժտվածության զարգացման միջոց

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Առակներ

Ծիսական տոնացույց


Վարագա խաչի տոն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Ընդհանուր լեզու գտնելու դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անի Տեր-Արսենյան
Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

Լուսինե Պետրոսյան, Նելլի Թովմասյան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան

Լուսինե Մանուկյան
Ավագ դպրոցի սովորողների բլոգները ուսումնական գործիքներ

Հերմինե Անտոնյան
Ուսումնական կայքում 7-9-րդ դասարանցիների անհատական էջեր

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վահրամ Թոքմաջան
Երիտասարդական ենթամշակույթները Երևանում (էմոների օրինակով)

ԱՐՁԱԳԱՆՔ
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Սկիզբը

Երեխայի իրավունքները XX դարում

Հիգիենայի կանոնների մշակումը ազատություն ներմուծեց երեխայի ֆիզիկական կյանք: Այնպիսի արտաքին փաստեր, ինչպիսիք են բարուրելու վերացումը, երեխայի կյանքում թարմ օդի առատությունը, ժամանակին և բավականաչափ հանգիստը և նման բաները, ավելի նշանակալի դարձան և լայն տարածում ստացան: Բայց սրանք միայն ազատության հասնելու միջոցներ են: Կարևոր է, որ կյանքի շեմին երեխան ազատված լիներ հիվանդանալու և մահանալու վտանգից: Երբ վերացված են երեխայի խնամքի բոլոր արատները, այդ դեպքում ոչ միայն ավելի շատ երեխաներ են կենդանի մնում, այլ նաև առողջ են մեծանում: Հիգիենիկ խնամքի դեպքում երեխաներն ավելացնում են իրենց քաշը, աճում են, լավանում են: Ի՞նչն է բարելավում զարգացման ընթացքը: Հիգիենան չի անում այս բոլորը: Հիգիենան միայն ազատագրում է երեխայի մարմինն այն կապանքներից, որոնք դժվարացնում էին նրա աճը: Կային կյանքի բնական զարգացմանը խանգարող արտաքին խոչընդոտներ. հիգիենան քանդեց այդ արգելքները: Զգացվեց, որ ազատագրում է եղել:

Կատարվածի ազդեցության տակ բոլորը կրկնում են, որ երեխաները պետք է ազատ լինեն: Ձեռք բերված ազատության և ֆիզիկական կյանքի զարգացման պայմանների միջև կապը գիտակցված է: Հաճախ երեխաներին խնամում են, ինչպես բույսերի, չնայած, իհարկե, այգին կամ պարտեզը օգտվում է այնպիսի «իրավունքներից», որոնք երեխաների համար մերժված են։ Իրականում պետք է ազատվենք երեխային բույսի հետ համեմատելուց: Երեխան Մարդ է: Այն, ինչ բավարար է բույսի համար, բավարար չէ մարդու համար: Ապա մտածեք, թե ինչ սարսափելի է այն կաթվածահար մարդու վիճակը, ում մասին ասում են, որ նրան մնացել է միայն բուսական կյանքը:

Երեխան մարդ է: Ահա այս պատկերը մշտապես պետք է լինի մեր առաջ: Որո՞նք են երեխայի իրավունքները: Փորձենք երեխաներին դիտարկել, որպես «հասարակական խավ», բանվոր դասակարգ: Իրականում նրանք աշխատում են, հոգնում են ֆիզկական և հոգեկան աճից. Նրանք շարունակում են իրենց մայրերի սկսած աշխատանքը: Երեխաներին բաժին է հասնում սկսածի կատարելագործումը, ամենադժվարը, բարդը և խճճվածը: Երբ ծնվում են, նրանք ոչինչ չունեն, բացի հնարավորություններից. երեխաներն ամեն ինչ պետք է անեն աշխարհում, որը, հենց մեծահասակների կարծիքով, լի է անակնկալներով:

Ի՞նչ է ձեռնարկվում նրանց` այդ թույլ, անօգնական, անծանոթ երկրում ճամփորդողի նման էակներին օգնելու համար: Երեխաներն ավելի փխրուն և չհարմարեցված են ծնվում, քան ցանկացած կենդանու ձագը, և պետք է մի քանի տարի անց դառնան մարդիկ` սերունդների անվերջ շարքի դարավոր ջանքերով ձևավորված կազմակերպված հասարակության մասը:

Դարաշրջանում, երբ քաղաքակրթությունը, այսինքն լավ կյանքի հնարավորությունը, հիմնվում է ակտիվ պայքարով ձեռք բերված և օրենքով ամրագրված իրավունքի վրա, ի՞նչ իրավունքներ կարող են ակնկալել նրանք, ովքեր նոր են հայտնվում մեր մեջ` անուժ, առանց մտքերի: Մեր առջև մանուկ Մովսեսն է` Նեղոսի եղեգնուտում. նա կերպավորում է ընտրյալ ժողովուրդի ապագան, բայց արդյո՞ք մոտով կանցնի արքայադուստրը, կամ կնկատի՞ նրան: Բոլոր պատահականությունները, որոնց ենթարկում ենք երեխային, արդյո՞ք նորածինների կոտորածի դերը չեն խաղա:

Տեսնենք, թե հասարակական ինչ իրավունքներից է օգտվում երեխան, երբ աշխարհ է գալիս: Մենք XX դարում ենք ապրում, բայց և այնպես իրենց կուլտուրական համարող ժողովուրդների մեծ մասը, որպես մշտական ինստիտուտներ, ունեն երեխա կերակրողներ և մանկատներ: Ի՞նչ են մանկատները լքված երեխաների համար: Սարսափելի բանտ, որտեղ կալանավորը հաճախ մահանում է. բանտ, որտեղ զոհը դատապարտված է լռելու, զոհվում է, առանց որևէ մեկին իմաց տալու: Ընկեցիկը երբեք չի տեսնում իր հարազատներին, նա անուն չունի: Ամենավտանգավոր հանցագործն էլ հիշողություններ ունի մոր մասին, հիշում է անցյալը, ինչպես կուրացած մարդը գույնն ու արևի լույսն է հիշում: Ընկեցիկը նման է կույր ծնվածին. բայց չէ՞ որ ուրիշ ոչ ոք չի կարող նրանից լավ ապացուցել իր անմեղությունը: Բոլոր ժամանակների հողափոխականները բոլորի համար արդարության են ձգտում, բայց այն չկա լքված երեխաների համար: Հասարակությունն ընկեցիկներին չի ցանկանում մարդ համարել. նրանք իրականում մարդկության «ծաղիկներն են»: Ծաղիկները հեշտությամբ զոհաբերում են բարի համբավի համար:
Եթե լրջորեն ենք դնում երեխայի բարոյական դաստիարակության խնդիրը, պետք է ճշտենք, թե ինչ աշխարհի համար ենք նրան պատրաստում:

Ցանկանո՞ւմ ենք, որ նրանք էլ մեզ նման տրորեն թույլերին, մեզ նման` նրանց գիտակցության մեջ էլ լռի անարդարության զգացումը այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն բողոքում: Որ նրանք էլ կիսաքաղաքակիրթ և կիսագազան լինեն նրանց նկատմամբ, ում կարելի է նեղացնել: Եթե այդպես չէ, ուրեմն, նախքան երեխայի բարոյական դաստիարակության մասին խոսելը պետք է վարվենք, ինչպես քուրմը խորանի առաջ. նրա նման ծնկի գանք և ամբողջ աշխարհի առաջ գիտակցենք մեր մեղքերը:
Երեխայի հասարակական դիրքի հարցը խորը և լուրջ հարց է. դա մեր ներկայի և ապագայի հարցն է:
Եթե մենք միայն մեկ օր փորձեինք ենթարկվել այն չարչարանքներին, որոնց դատապարտում ենք երեխաներին: Պատկերացնենեք, որ հայտնվել ենք հսկաների շրջապատում, որոնք շատ երկար ոտքեր ունեն և հսկայական մարմիններ, մարդկանց շրջապատում, ովքեր մեզանից շատ խելոք ու ճարպիկ են: Ցանկանում ենք մտնել նրանց տուն, բայց սանդուղքի աստիճանները հասնում են մինչև մեր ծնկները, և այնուամենայնիվ պետք է մեր հսկա-ուղեկցորդների հետ մտնել: Ցանկանում ենք նստել, բայց աթոռը հասնում է մինչև մեր ուսերը, դժվարությամբ մագլցում ենք և տեղավորվում, ինպես հավերը թառի վրա: Ցանկանում են զգեստը մաքրել, բայց խոզանակն այնքան մեծ ու ծանր է, որ ո´չ կարողանում ենք բռնել, ո´չ էլ պահել: Մատների համար մեզ կարծես հագուստի խոզանակ են տալիս, ցանկանում ենք թասի մեջ լվացվել, բայց այն այնքան ծանր է, որ չենք կարողանում բարձրացնել: Եթե մեզ ասեին, որ այդ հսկաները սպասում էին մեզ, ակամայից կմտածեինք, թե այդ դեպքում ինչու ոչինչ չեն պատրաստել մեզ ընդունելու համար, մեզ համար որոշակի հարմարություններ չեն ստեղծել: Այն, ինչ երեխային պետք է, նա գտնում է խաղալիքների և տիկնիկների տեսքով: Իր՝ երեխայի համար տարաբնույթ հաճելի միջավայր չկա, բայց տիկնիկների համար տնակներ են պատրաստում, սենյակներ, խոհանոցներ, պահարաններ, տիկնիկների համար փոքր չափսերով վերարտադրված է այն ամենը, ինչից օգտվում են մեծահասակները: Երեխան չի կարող ապրել այդ իրերի մեջ, նա միայն խաղում է: Նրան տրված է զվարճանքի միջավայր, և ոչ ոք չի մտածել, որ երեխան կենդանի մարդ է: Երեխան տեսնում է, որ այս աշխարհում իրեն միայն ծաղրում են:
Երբ երեխան կոտրում է իր խաղալիքները, ապա հատուկ իր համար նախատեսված իրերի կոտրման այդ փաստը նշվում է որպես նրա հետաքրքրասիրության նշան: Ասում են. «Երեխան կոտրում է, քանի որ ցանկանում է հասկանալ»: Իրականում երեխան փնտրում է, թե արդյո՞ք ներսում մի հետաքրքիր բան կա, քանի որ խաղալիքը նրան բոլորովին չի հետաքրքրում: Երբեմն երեխաները զայրույթից են փչացնում խաղալիքները, կարծես վիրավորված լինեն: Մեծերն ասում են. «Նրանք չարությունից են կոտրում խաղալիքները»:

Երեխան ձգտում է իրական կյանքով ապրել` իրեն շրջապատող իրերի միջավայրում: Նա ցանկանում է ինքնուրույն լվացվել, հագնվել, կենդանի էակի մազեր սանրել, աթոռներ, բազմոցներ, կախիչներ ունենալ: Նա կցանկանար աշխատել, զարգանալ, ինքն իրեն սպասարկել. նա պետք է ոչ միայն ապրի մարդու նման, այլ պետք է իր մեջ ստեղծի մարդկային անձնավորություն. այստեղ է արտահայտվում նրա անհատականությունը, նրա կոչումը:

Երեխայի տանը մենք հանդիպել ենք նրան` երջանիկ ու համբերատար, դանդաղկոտ և ճշգրիտ, ինչպես ամենազարմանալի աշխատակից և իրերի ամենաուշադիր պահապան: Երեխային երջանկացնելու համար շատ քիչ բան է պետք անել. թույլ տվեք, որ ինքը իր զգեստը կախի ցածրիկ կախիչին, թեթև դուռը բացի իր ձեռքին հարմար բռնակով, տեղափոխի աթոռակը, որը հեշտությամբ կարող է շարժել: Ամենապարզը` տվեք երեխային այնպիսի միջավայր, որը հարմարեցված է նրա մարմնի կառուցվածքին ու չափսերին և թողեք՝ ապրի: Այդ ժամանակ կզարգանա երեխայի գործունությունը, որը կզարմացնի մեզ նրանով, որ ոչ միայն հաճույքով կկատարի վարժությունները, այլ կցուցաբերի հոգեկան կյանքի իսկական դրսևորում:
Այդպիսի ներդաշնակ միջավայրում երեխան կենտրոնանում է մտավոր աշխատանքի վրա, ինչպես պարարտ հողի մեջ արմատներ տված սերմը, զարգանում է այնտեղ ու աճում միայն մեկ միջոցով` յուրաքանչյուր վարժության վրա երկարատև և բազմակի աշխատելով:

Երբ հետևում ես մանչուկներին աշխատելիս` կենտրոնացված, դեռ չձևավորված օրգանների դանդաղ շարժումներով, դանդաղ քայլվածքով, քանի որ նրանց ոտքերը կարճլիկ են, սկսում ես հասկանալ, որ երեխան ստեղծում է իր կյանքը, բացվում է, ինպես թիթեռը բոժոժից: Խանգարել նրանց պարապմունքներին, կնշանակի բռնանալ նրանց կյանքի վրա:

Իսկ սովորոբար ի՞նչ է լինում: Երեխաների պարապմունքներն ընդհատում են առանց անհարմար զգալու, նրանց ցանկությունները հաշվի չեն առնում, նրանց հետ վարվում են մարդկային իրավունքներից զուրկ ստրուկների նման: Շատերին անմտություն է թվում երեխաներին հաշվի առնելը, ինպես մեծահասակներին են հաշվի առնում: Իսկ մեզանից երեխան միայն խիստ կանչեր է լսում. «Մի խանգարիր»: Երեխան ցանկանում է ինքնուրույն ինչ-որ բան անել, օրինակ ուտել, բայց հայտնվում է մեծահասակը և սկսում է նրան կերակրել: Նա ցանկանում է գոգնոցը կապել, մեծահասակն անմիջապես միջամտում է: Ոչ ոք փոքր-ինչ հարգանք չի ցուցաբերում երեխայի նկատմամբ, բոլոր գործերը, առանց քաշվելու, խլում են նրա ձեռքից: Բայց ինքներս խիստ պահպանում ենք մեր աշխատանքը: Նեղանում ենք, երբ ինչ-որ մեկը խառնվում է մեր գործերին:

Ի՞նչ կպատահեր մեզ, եթե ստրկության ընկնեինք մի ժողովրդի մոտ, որ մեզ չհասկանար, հսկաների, մեզանից ուժեղների մոտ: Եթե հանգիստ ապուր ուտելիս լիեինք` վայելելով մեր ազատությունը, հանկարծ մի հսկա խլեր մեր գդալը և ստիպեր մեզ կուլ տալ սնունդը սարսափելի արագությամբ, առանց ուշադրություն դարձնելու, որ խեղդվում ենք: Կամ թե մեկը մեր շորերը հագցներ և քարշ տար զբոսանքի: Մենք կզայրանայինք և սեփական կյանքը ազատորեն կազմակերպելու մեր ներքին պահանջը ոտնահարված կզգայինք:

Իսկ երեխանե՞րը: Նրանք ստիպված են պայքարել և պահպանել շրջակա աշխարհում իրենց փոքրիկ ձեռքբերումները: Հենց ուզում են վարժեցնել իրենց որևէ արտաքին զգացողություն, օրինակ՝ շոշափելիքը, անմիջապես կանգնեցնում են. «Ձեռք մի´ տուր»: Փորձում են ինչ-որ բան անել խոհանոցում, նրանց թույլ չեն տալիս: Նրանց անընդհատ ուղղում են դեպի խաղալիքները: Որքան հաճախ, այն պահին, երբ երեխայի ուշադրությունը կենտրոնանում է, և սկսում է զարգացման ներքին կազմակերպման պրոցեսը` հենց այդ պահին երեխայի ստեղծական ուժերը, շրջակա աշխարհում մտքի համար սնունդ գտնելու փորձերը կոպտորեն ճնշվում են:

Մենք դեռ ամբողջությամբ չենք պարզել, թե ինչ է կատարվել, բայց զգում ենք, որ կյանքի շեմին ինչ-որ բան կորցրել ենք, որ մեզ կողոպտել են, նվաստացրել են: Այն պահին, երբ պետք է ստեղծեինք մեր անձը, ինչ-որ բան մեզ խանգարել է, ետ պահել, և այդ պատճառով էլ մեր ներքին աշխարհը թույլ, հիվանդոտ, թերի է մնացել:

Պատկերացնենք, որ ինչ-որ մեծահասակ դեռ չի հարմարվել շրջակա միջավայրին, ինչպես մարդկանց մեծամասնությունը, այլ գտնվում է ինքորոշման վիճակում: Պատկերացնենք բանաստեղծին` ոգեշնչման պահին, երբ պատրաստվում է աշխարհին տալ իր ստեղծագործությունը, մաթեմատիկոսին, որը դիտարկում է դժվար խնդրի լուծումը, ինչը մարդկության բարօրության համար լայն հորիզաններ կբացի, նկարչին, ով պատրաստվում է կտավին հանձնելու իդեալական կերպար. երևակայենք այս մարդկանց այդպիսի հոգեբանական վիճակում և ենթադրենք, որ նրանց մոտ հայտնվում է մեկը` կոպիտ, բիրտ, քաշքշում է նրանց թևերից, հրում, գոռում: Ի՞նչ է նրան պետք: Ուղղակի` շախմատի տախտակը պատրաստ է խաղալու համար: Ավելի դաժանորեն հնարավոր չէր վարվել: Ոգեշնչումը խաթարված է, ինչ-որ փուչ բանի պատճառով մարդկությունը զրկված է պոեմից, արվեստի ստեղծագործությունից, գիտական օգտակար հայտնագործությունից:

Իսկ երեխան կորցնում է ոչ թե իր ստեղծագործությունները, այլ ինքն իրեն: Որովհետև կատարյալ ստեղծագործությունը, որն իր ստեղծական հանճարի հետ մտերմիկ շփման ընթացքում է կերտում, իր ներքին կյանքն է, նոր մարդը: Կամակորությունը, չլսելը, փոքրիկների անհասկանալի պոռթկումները գուցե ոչ այլ ինչ են, քան չհասկացված հոգու տառապանքի կանչեր: Բայց միայն հոգին չի տանջվում, հոգու հետ միասին տառապում է նաև մարմինը, քանի որ հոգեկան կյանքը ազդում է ֆիզիկական վիճակի վրա: Կարծում են, թե երախան ամեն ինչ ունի, երբ օդն ու սնունդը կան: Սա մոլորություն է: Օդն ու սնունդը բավարար չեն մարմնի զարգացման համար. ֆիզիոլոգիական բոլոր պրոցեսները ենթարկվում են բարձրագույն հոգեկան գործընթացներին: Երեխայի մարմինը ապրում է հոգու ուրախությամբ:
Ֆիզիոլոգիան հաստատում է այս փաստերը: Մտերիմների շրջապատում համեստ սեղանն ավելի օգտակար է խեղճ քարտուղարի օրգանիզմի համար, քան իր ղեկավարի ճոխ ճաշկերույթի սեղանը:

Ազատությունն ամեն ինչ բացատրում է: Աղքատ տուն, բայց իմը. parva domus, sed mea`տանդ քեզ լավ ես զգում: Այնտեղ, որտեղ մեր կյանքը ճնշված է, չեն գրավում ո´չ հյուրասիրությունները, ո´չ շենքերը:
Մարմնի կյանքը կախված է հոգու կյանքից: Ֆիզիոլոգիան մանրամասնորեն բացատրում է այս երևույթների մեխանիզմները: Հոգեկան տարբեր վիճակներում ֆիզիոլոգիական պրոցեսները այնքան հաստատուն են, որ ֆիզիկականի փոփոխությամբ կարելի է որոշել մարդու հուզական վիճակը` տխրություն, զայրույթ, տաղտուկ, ուրախություն: Տխրության ժամանակ սիրտն իջեցնում է իր ակտիվությունը, ինչպես կաթվածի ժամանակ, բոլոր անոթները սեղմվում են, արյան շրջանառությունը դանդաղում է, գեղձերն անհրաժեշտ քանակությամբ հյութ չեն արտադրում և արդյունքում` գունատություն, հոգնածություն, բերանի չորություն, վատ մարսողականություն, սառը վերջույթներ: Ավելի երկարատև տխրությունը առաջ է բերում թերսնում, նիհարություն, վարակիչ հիվանդությունների հակվածություն:

Տաղտկությունը կարծես սրտի կաթված լինի. ասում են. «Ձանձրույթից մեռնում եմ», և ձանձրույթից կարելի է մեռնել, բայց մեզ փրկում է ռեֆլեքսը, որը փականի դեր է կատարում. հորանջելը բացում է մեր թոքերը, ստիպում է սրտին նորից աշխատել: Զայրույթի ժամանակ բոլոր մազանոթները կծկվում են, ինչը առաջ է բերում գունատություն և լեղու առատ արտադրություն: Հոգու ուրախության ժամանակ արյունատար անոթները լայնացած են, արյան շրջանառությունը, արտադրության և յուրացման բոլոր պրոցեսները հեշտանում են. օրգանիզմն աշխատում է ամբողջ թափով:

Մարմնի կյանքի վրա հոգեկան վիճակի ազդեցության վառ օրինակի հանդիպում ենք իտալական բանտերում:

Իտալիայում մահապատժի վերացումից հետո որպես պատժի ձև ներմուծվեց մենախուցը: Ժամանակակից հիգիենիկ կատարելոգործումներից հետո մենախուցը չի վնասում ֆիզիկական առողջությանը, բայց դա տեղ է, որտեղ ոչինչ չկա մարդու հոգեկան կյանքի համար: Բանտարկյալը պետք է բավարարվի խցի մերկ, գորշ պատերով և զբոսանքի համար նախատեսված գետնի նեղ շերտով. նա արտաքին աշխարհից կտրված է բարձր պատով:

Ի՞նչ է պակասում մարմնին: Սնունդը կա, վատ եղանակից պաշտպանված է, անկողինը կա, մաքուր օդը կա. մարմինը կարող է հանգստանալ: Բուսական կյանքի իդեալը բավարարված է: Բայց խցի փոքրիկ պատուհանին ոչ մի ձայն չի հասնում. բանտարկյալը մարդկային ձայն չի լսում, չի տեսնում ո´չ գույներ, ո´չ ձևեր: Արտաքին աշխարհից ոչ մի լուր չի ստանում, բանտարկյալի համար տարիները, օրերը, ժամերը, տարվա եղանակների փոփոխությունը անցնում են խորը հոգեկան մթության մեջ: Փորձը ցույց է տվել, որ այդ դժբախտները չեն կարողանում ապրել, նրանք խելագարվում և մահանում են: Ոչ միայն հոգեկան կյանքն է դադարում, ոչ, մի քանի տարի հետո մարմինն էլ է մահանում:

Էլ ի՞նչ ասենք երեխաների մասին, եթե կոպիտ և ուժեղ մարդը` հացագործը, մահանում է հոգեկան դատարկության պատճառով: Ի՞նչ կլինի երեխայի հետ, եթե խնայողաբար չմոտենանք նրա հոգեկան կազմավորման պահանջներին: Մանկան մարմինը դեռ փխրուն է, նրա ոսկրերը դեռ ձևավորման փուլում են, մկանները դեռ արտադրում են իրենց անհրաժեշտ նյութը, մանկական նուրբ օրգանիզմը կարիք ունի սնունդի և օդի, բայց ներքին պրոցեսների զարգացման համար այդ օրգանիզմին անհրաժեշտ է նաև կյանքի ուրախություն, հոգեկան ազատություն և հոգեկան սնունդ:

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Լուսինե Հայրապետյան | 2011-12-05 13:45:59
Ինչ կարևոր ու արժեքավոր մտաքեր էին: Հրաշալի նյութ էր, հուզական տրամադրություն առաջացնող: Ընդհամենը երկու- երեք րոպե տևած ընթերցանությունից հետո կարծես ամեն ինչ փոխվում է շուրջդ, փոխվում ես ինքդ էլ ու հասկանում, որ նման նյութ ընթերցել առաջարկողներից պետք է խոնարհաբար շնորհակալություն հայտնել:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ