ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 49
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Не бойтесь ошибиться или на ошибках учатся


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Մասնագիտությունը՝ դահիճ

Ռիչարդ Ֆեյնման
Շարժման նկարագրությունը [1]

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Ինչ արժեք ունի խոսքը, եթե այն գործ չի դառնալու

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Ալեքսանդր Ադամսկի
Ի՞նչն է դպրոցում ավելի շատ` անցյա՞լը, թե՞ ապագան

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անատոլի Գին
Ինչպե՞ս տնային առաջադրանքներն առավելագույնս օգտակար դարձնենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Ճանապարհ դեպի երջանկություն

ԱՐՁԱԳԱՆՔ
Ինչպե՞ս տնային առաջադրանքներն առավելագույնս օգտակար դարձնենք

Հնարամիտ խնդիրների լուծման տեսության (ՀԽԼՏ) փորձագետ-խորհրդատու

Տնային առաջադրանքների մակարդակներն ու տեսակները

Վնասակար և բավականաչափ տարածված մանկավարժական հնար է մեծածավալ կամ բարդ տնային առաջադրանք հանձնարարելով պատժելը: Դրա հոգեբանական հիմնավորումն այն է, որ որոշ մեծահասակներ ենթագիտակցորեն (եթե ոչ գիտակցաբար) համոզված են, թե դպրոցական կրթությունը անհրաժեշտ, բայց ծանր ու անհրապույր աշխատանք է: Այդ պատճառով էլ մանկավարժական, հատկապես արտասահմանյան գրականության էջերում շատ նետեր են բախվել տնային առաջադրանքների առիթով: Հանձնարարե՞լ, թե՞ ոչ: Ինչպիսի՞ն պետք է լինեն տնային առաջադրանքին հատկացվող ժամանակն ու թույլատրելի ծավալները: Ինչքանո՞վ է այն նպապստում առաջադիմությանը: Չտարվենք ոչ այնքան համոզիչ տեսական դատողություններով: Համոզված կարող ենք ասել մի բան` եթե պիտի հանձնարարվի, ապա առավելագույն օգուտ պիտի ունենա:

Տնային առաջադրանքի 3 մակարդակ

Իմ փորձից մի դեպք եմ հիշում: Նոր էի սկսել ֆիզիկա դասավանդել 9-րդ դասարաններից մեկում: Դասարանում միայն աղջիկներ էին. 8-րդ դասարանն ավարտելուց հետո բոլոր տղաները գնացել էին մասնագիտական տեխնիկական ուսումնարան: Դասարանում մեկ-երկու աղջիկ փորձում էին ինչ-որ բան հասկանալ: Մյուսները անվրդով անտարբերությամբ արտագրում էին գրատախտակից:
Ինձ աստիճանաբար հաջողվեց նրանց մի քիչ ակտիվացնել, նույնիսկ սկսեցին հեշտ խնդիրները լուծել: Բայց ոչ տանը. սովոր չէին: Ավելի ճիշտ` վարժվել էին տնայինը չանելուն: Համոզելու իմ բոլոր ջանքերին նույն պատասխանն էին տալիս. «Իսկ մենք չենք հասկանում»: Եվ իսկապես. գրատախտակի մոտ, ուսուցչին նայելով, դանդաղ և անվստահ, այնուամենայնիվ, ինչ-որ բան ստացվում էր, բայց ինքնուրույն ինչ-որ բանից գլուխ հանելու հնարավորությանը արդեն չէին հավատում:

Ինչ-որ պահի հասկացա` այս փակուղուց հնարավոր է դուրս գալ: Առաջին հերթին հանձնարարեցի տանը լուծել մի պարզ խնդիր, դասարանում մանրամասն վերլուծված եւ ամրապնդված խնդրի պատճենը: Հաջորդ օրը պատասխանելու կանչված Լյուդմիլան սովորության համաձայն սկսեց. «Ես չեմ հասկացել»: Ակնհայտ էր, որ խնդրի պահանջը չէր էլ կարդացել: «Լավ,- ասացի,- հիմա կգաս գրատախտակի մոտ և կլուծես մինչև խնդրի այն հատվածը, որտեղից էլ չես հասկացել»:

Կենսուրախ (երբ հարցը ֆիզիկային չէր վերաբերում) և մարդամոտ Լյուդան հանգիստ սրտով մոտեցավ գրատախտակին: Մենք սկսեցինք քայլ առ քայլ լուծել խնդիրը: Պարզվեց, որ Լյուդան չգտավ սայթաքելու որևէ տեղ: Ես «շանթերս չթափեցի» նրա գլխին, այլ պարզապես ասացի. «Երաշխավորում եմ, որ կհանձնարարեմ այնպիսի տնային առաջադրանք, որը դուք կարող եք կատարել: Ձեզանից պահանջվում է ընդամենը ազնվորեն փորձել: Եթե դուք չկարողանաք, մեղավորը ես եմ»: 

Մեկ-երկու ամիս անց համն ընկավ նրանց բերանը: Սովորելը հաճելի է, երբ զգում ես հաջողությունը, և 15-16 տարեկանում լավ է հանկարծ սեփական ուժերին հավատալը: 
Հենց այս դեպքն ինձ մղեց այս հնարքի կիրառմանը:

Սահմանում: Ուսուցիչը միաժամանակ հանձնարարում է երկու կամ երեք մակարդակի տնային առաջադրանքներ:

Մեկը պարտադիր նվազագույն մակարդակի է: Այս հանձնարարության գլխավոր հատկանիշն այն է, որ խնդիրը պետք է բացարձակապես հասկանալի լինի և ցանկացած սովորողի ուժերի սահմաններում, ում ուսուցումը ստանձնել եք:
Ես ուզում եմ ընդգծել «ում ուսուցումը ստանձնել եք» արտահայտությունը, քանի որ լրիվ հնարավոր է նաև այնպիսի իրավիճակ, երբ շատ ավելի ազնիվ է ասելը` այս աշակերտին ոչինչ չեմ կարող սովորեցնել, և չտանջվել ու չչարչարչել սովորողին:
Առաջադրանքի երկրորդ մակարդակը վարժողականն է: Կատարում են այն սովորողները, ովքեր ուզում են լավ գիտենալ առարկան և առանց դժվարության յուրացնում են ծրագիրը: Ուսուցչի հայեցողությամբ այդ սովորողները կարող են ազատվել առաջին մակարդակի հանձնարարությունները կատարելուց: 

Ուսուցչի կողմից երրորդ մակարդակի կիրառվում է, թե ոչ, կախված է դասի թեմայից, դասարանի պատրաստվածությունից: Դա ստեղծագործական աշխատանքն է: Սովորաբար այն կատարվում է կամավորության սկզբունքով և ուսուցչի կողմից խրախուսվում է բարձր գնահատանիշով, գովասանքով:

Ստեղծագործական աշխատանքի շրջանակը շատ մեծ է, սակայն կարելի է առանձնացնել տեսակների խմբեր: Օրինակ` սովորողներին առաջարկվում է մշակել.
խաղիկներ, առակներ, հեքիաթներ, երևակայական պատմություններ ուսումնական թեմաներով.

  • բառաշղթաներ, խաչբառեր և այլն.
  • հետաքրքիր փաստերի, օրինակների և առաջադրանքների թեմատիկ ժողովածուներ, ընտրված թեմայով հոդվածների անոտացիաների ժողովածուներ.
  • ուսումնական կոմիքսներ.
  • պլակատներ, ազդագրեր.
  • հիշողությամբ ձևակերպումներ, բանաստեղծություններ և այլն:

Զանգվածով առաջադրանքներ

Սահմանում 1: Ցանկացած մակարդակի տնային առաջադրանքը կարող է լինել զանգվածով: Ասենք, ուսուցիչը հանձնարարում է տասը խնդիր (կամ բանաստեղծություն), որոնցից սովորողն ինքն է ընտրում և կատարում (սովորում)̀ տնային առաջադրանքի նախօրոք որոշված նվազագույն քանակից ոչ պակաս:

Օրինակ` յուրաքանչյուր դասի համար երեխաները ռուս-գերմաներեն զրուցարանից նոր բառեր էին սովորում: Քանակը սահմանափակ չէր. տա՞սը բառ` գերազանց է, հինգից տասը բառը` լավ է: Կարևորն այն էր, որ դասի ժամանակ պետք է ասեին ոչ թե առանձին բառեր, այլ պատրաստի արտահայտություններ: Սկզբում` ռուսերեն, հետո` գերմաներեն: Գրատախտակի մոտ գալիս էին միայն ըստ ցանկության (Ա. Ս. Բելկին, Հաջողության իրավիճակ. ինչպես ստեղծել դա, Մ., «Պրոսվեշչենիե», 1991, էջ 55): 

Սահմանում 2: Միանգամից հանձնարարվում է առաջադրանքների մեծ զանգված` ուսումնասիրվող մեծ թեմայի կամ կրկնության շրջանակում: 
Օրինակ` վաթսուն առաջադրանքից սովորողը պարտադիր պետք է կատարի նվազագույն տասնհինգը, մնացածը` ըստ ցանկության: Իսկ այդ ցանկությունը խթանվում է այդ առաջադրանքներից կազմված պարբերական ստուգողական աշխատանքներով: Ինչքան շատ կատարեն առաջադրանքները, այնքան մեծ է ծանոթ առաջադրանքի հանդիպելու, ուժերն ու ժամանակը խնայելու հավանականությունը: Այդպիսի մեծ զանգվածը տրվում է ոչ թե հաջորդ դասի, այլ ավելի երկար ժամանակահատվածի համար: 

Սրանում կարևոր հոգեբանական ազդեցություն կա. առաջադրանքի ինքնուրույն ընտրությունը ինքնիրացման լրացուցիչ հնարավորություն է, չէ որ հայտնի է, թե մեր դպրոցի պայմաններում ինչքան է դա պակասում սովորողներին, մանավանդ դեռահաս տարիքում: Իսկ ձեր դասավանդած առարկան, իր հերթին, նրանց համար հետաքրքիր է դառնում: 

Օրինակներ: 
Առաջին տարբերակ:
Ամբողջ դասարանը սովորում է «Հիշում եմ պահը հրաշալի…»: Բարեխիղճ ուսուցիչն իր պարտքն է համարում ինչքան հնարավոր է շատ մարդու հարցնել: Բայց ահա դասարանում երեք, հինգ անգամ հնչում է նույն բանը, այն էլ ոչ միշտ լավ արտասանություն: Որպեսզի «նյութը» չմոռացվի, ուսուցիչը պարբերաբար նորից է հարցնում: Սովորողների համար կանխապես արդեն անհետաքրքիր է լսելը: Եվ պոեզիան մեռնում է միօրինակության շղարշի տակ, դպրոցում սովորած բանաստեղծությունների հանդեպ զզվանքը հաճախ մնում է ողջ կյանքի ընթացքում:

Երկրորդ տարբերակ: Ուսուցիչը յուրաքանչյուր սովորողի հանձնարարում է ընտրել իրեն ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը և անգիր սովորել: Այս դեպքում դասն անցնում է անհամեմատ ավելի հետաքրքիր: Նախ̀ ընտրված բանաստեղծությունն արտասանվում է ոչ այնպես, ինչպես հանձնարարվածը: Անձնական վերաբերմունքն անպայման զգացվում է արտասանության (նույնիսկ ոչ հմուտ) ընթացքում: Յուրաքանչյուրի պատասխանը հետաքրքիր է մյուսներին. իսկ ի՞նչ է նա ընտրել: Դա հատկապես հետաքրքիր է ուսուցչին. բանաստեղծության ընտրությունը յուրովի արտացոլում է սովորողի անհատականությունը: Կարևոր է նաև այն, որ դասարանը դասի ընթացքում նույն բանը հինգ անգամ չի լսում: Յուրաքանչյուրի պատասխանը նոր էջ է դառնում պոեզիայում (Վ. Ս. Ռոտենբերգ, Ս.Մ. Բոնդարենկո, էջ63):

Մի հանգամանք ևս: Առաջադրանքների զանգվածից սովորողն ընտրում է բարդության այն աստիճանը, որից կարող է գլուխ հանել: Այսպիսով, նա ինքնուրույն հետևում է իր կարողությունների մակարդակին:

Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել զանգվածային առաջադրանքների առավելությունները: Առաջին առավելությունն այն է, որ սովորողի և կատարվող հանձնարարության միջև տեղի է ունենում ինքնահամաձայնեցում: Երկրորդը` երեխաները տարբեր առաջադրանքներ են կատարում, լրացուցիչ հնարավորություն ստանում ոչ թե դատարկ բաներից, այլ ուսումնական թեմաներից զրուցելու, խնդիրների լուծումներ փոխանակելու: Երրորդ` իր առաջադրանքն ընտրելիս սովորողը կամա, թե ակամա կարդում է նաև մնացածը: Այսպիսով, ուսումնական ճանաչողության շրջանակն ընդարձակվում է, այսինքն̀ նա ծանոթանում է ավելի շատ նյութի, քան իրեն հանձնարարված է, ինչպես նաև սովորում է առաջին հայացքից գնահատել խնդրի բարդությունը:

Հատուկ առաջադրանք

Դասարանում լինում են երեխաներ, որոնց հատուկ ուշադրություն եք դարձնում: Օրինակ` մեկը ձեր «օլիմպիական պահեստայինն» է: Եթե հատուկ ուշադրություն` ապա նաև հատուկ առաջադրանք:
Սահմանում - առաջադիմող սովորողներն առավել դժվար առաջադրանքի կատարման իրավունք են ստանում (ուսուցիչն ամեն կերպ ցուցադրում է իր հարգանքը սովորողի` այդ իրավունքից օգտվելու որոշման հանդեպ): 
Այն կատարվում է հատուկ տետրում: Ներառվում են նաև առավել դժվար ուսուցողական և ստեղծագործական առաջադրանքներ:

Օրինակ: Հեղինակը դասարանում սովորաբար այդպիսի առաջադրանք ստացող երեքից յոթ սովորող է ունենում: Այդ առաջադրանքը հենց այնպես չի տրվում. դրան արժանանում են: Առաջադրանքը տրվում է մեկ-երկու շաբաթվա համար (նայած դասարան), և ունենում է բարդության երկու աստիճան: Իրականում ավելի բարդ աստիճանը ստացվում է երեքից հինգ միջին բարդության առաջադրանքի փոխարինմամբ ավելի բարդերով: Բայց եթե սովորողը որոշել է ստանալ այդպիսի առաջադրանք, հրաժարվելու իրավունք չունի: Ամեն ինչ լուրջ է: Յուրաքանչյուր «հատուկ» սովորողի տետրի վերջում փակցվում է. 

Հատուկ առաջադրանքի կատարման հրահանգներ

  1. Բարդության աստիճանի ընտրությունը կատարում եք ինքնուրույն:
  2. Առաջադրանքը խնամքով կազմվում և հանձնվում է ճիշտ պայմանավորված ժամկետում:
  3. Առաջադրանքի կատարման վերջում լրացնում եք ամփոփաթերթիկ. ՀԼ (լրացնում եք այն խնդիրների համարները, որոնք հեշտ են լուծվել), ԴԼ (նշվում են այն խնդիրների համարները, որոնք դժվարությամբ կամ ուրիշի օգնությամբ եք լուծել), ՉԼ (նշում եք չլուծված առաջադրանքների համարները):
  4. Առաջադրանքն ստուգվում է մեկ շաբաթվա ընթացքում: «4» նիշից պակաս գնահատականը չի դրվում: 4-ը մատյանում անցկացվում է միայն աշխատանքը կատարողի ցանկությամբ:
  5. Ամփոփաթերթիկը լրացնելիս փորձեք ինքներդ ձեր նկատմամբ արդարացի լինել:
  6. Կատարած հանձնարարության վերջում ուրիշ գույնով նշեք. աշխատանքը կարդացվել է, սխալներն ուղղվել են, առաջադրանքները համեմատվել են պատասխանների հետ:

Հաջողություն եմ մաղթում:
Ձեր աշխատանքի նկատմամբ հարգանքով` Ա.Ա. Գին:

Այս կետը վերցված է գործընկերոջս` Ի. Լ. Վիկենտևի փորձից: 

Երկխոսություն

- Արդյո՞ք այդ «հատուկ» սովորողներն ազատվում են սովորական տնային հանձնարարություններից:

- Այդ հարցը թող մնա ուսուցչի հայեցողությանը` կախված որոշակի հանգամանքներից:  Ավագ դպրոցի սովորողներին կարելի է ինքնուրույն որոշելու իրավունք տալ: Եթե որոշումը սխալ է կայացված, այն շուտով կանդրադառնա ընթացիկ առաջադիմության վրա, և դուք միասին շտկում կկատարեք: Բայց ընդհանրապես երեխաները բարձր են գնահատում այդ վստահությունը և պահում են իրենց վարկանիշը:

- Արդյոք ուսուցչի բեռը շատ չի՞ մեծանում` ստուգելով նաև հատուկ առաջադրանքները:

- Աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում դրա համար նվազագույն ջանք է պահանջվում: Առաջադրանքները տրվում են խնդրագրքից: Բացի սովորական խնդրագրքերից, ուսուցիչը նույն այդ առաջադիմող սովորողների օգնությամբ աստիճանաբար կազմում է իր «ֆիրմային» առաջադրանքներ: «Թռիչքի» ընտրությունը սովորաբար իրականացվում է բոլորի հետ միասին: Ընդամենը ընտրում են այն առաջադրանքները, որոնք ոչ ոք չի կատարել, կամ բոլորի համար դժվարություն է հարուցել: Եվ եթե մեկը կատարում է որևէ բարդ առաջադրանք, ապա մյուսներն իրենց բոլոր հարցերն ուղղում են նրան: Միջին դպրոցի սովորողների համար խնդիրներ կարող է ընտրել ավագ դպրոցի սովորողներից որևէ մեկը:

- Մի քիչ անհասկանալի է 6-րդ կետը. ինչո՞ւ ուրիշ գույնի գրիչով:

- Անխնամ աշխատանքից խուսափելու համար փոքրիկ լրացուցիչ խոչընդոտ է: Կատարելով առաջադրանքը` սովորողը ձգտում է հնարավորինս շուտ ազատվել դրանից: Նա հոգեբանորեն դժվարանում է նորից անդրադառնալ իր աշխատանքին, վերընթերցել… Այստեղից էլ` պահանջվող արտահայտությունն արագ գրելու և գործը մի կողմ դնելու գայթակղությունը: Դրա համար` ուրիշ գույնով: Մինչև փոխի գրիչը, ինքն իր ձեռքը բռնելու համար անհրաժեշտ մի քանի վայրկյան կանցնի: Եվ հետո, գույնով տարբերվող արտահայտությունը աչքդ է մտնում, դժվար է այն «չնկատելը»:

Թարգմանեց Հասմիկ Թոփչյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ