ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 49
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Не бойтесь ошибиться или на ошибках учатся


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Հայկազ Մարգարյան
Մասնագիտությունը՝ դահիճ

Ռիչարդ Ֆեյնման
Շարժման նկարագրությունը [1]

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Ինչ արժեք ունի խոսքը, եթե այն գործ չի դառնալու

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Ալեքսանդր Ադամսկի
Ի՞նչն է դպրոցում ավելի շատ` անցյա՞լը, թե՞ ապագան

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Անատոլի Գին
Ինչպե՞ս տնային առաջադրանքներն առավելագույնս օգտակար դարձնենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Կոնստանտին Շերեմետև
Ճանապարհ դեպի երջանկություն

ԱՐՁԱԳԱՆՔ
Մասնագիտությունը՝ դահիճ

Ծագումնաբանությունը

«Դահիճ» բառը հետաքրքիր ծագում ունի: Այն հայերեն չէ, այլ փոխ է առնված պահլավերենից (միջին պարսկերեն): Հայ նշանավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի
Արմատական բառարանում այն բացատրվում է որպես անգութ կամ բռնակալ: Հետաքրքիր է, որ և պահլավերեն, և ասարերեն «դահիճը» ունի նույն արտահայտչաձևը և հնչեղությունը:

Պատմությունը

Դահճի մասնագիտությունը գոյություն ուներ դեռևս Հին Եգիպտոսում: Հին Հունաստանում մահվան դատապարտվածը ինքն էր իրեն զրկում կյանքից, բանտում հատուկ այդ նպատակի համար նախապատրաստված թույն ընդունելով: Հին Հռոմում օտարերկրացիների և ստրուկների մահապատիժն իրագործում էր դահիճը, իսկ հռոմեական քաղաքացիներինը` լիկտորը, ծերակույտի (սենատի) անդամի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի թիկնապահը:

Միջնադարյան աղբյուրներում մինչև X դարը դահիճների մասին տեղեկություններ չկան: Վաղ և Բարձր Միջնադարում դատարանները, որպես կանոն, մահվան դատապարտվածներից կամ նրանց հարազատներից դրամական փոխհատուցում էին ստանում և մահապատիժը չէր իրագործվում: Այս ժամանկներում մահապատիժ իրականացնում էին միայն նրանց նկատմամբ, ովքեր ոտնձգություն էին կատարել եկեղեցու, թագավորի կամ ավատատիրոջ նկատմամբ: Հին գերմանական իրավունքի համաձայն մահապատիժը իրագործում էին բոլոր նրանք, ովքեր դատել էին հանցագործին կամ էլ այն հանձնարարվում էր դատական նիստի ամենաերիտասարդ մասնակցին, իսկ երբեմն դա անում էին հայցվորը կամ դատապարտյալի հանցակիցը: Հաճախ մահապարտի սպանությունը հանձնարարվում էր դատական կատարածուին, թեև պարզ չէ՝ նա էր կատարում դա, թե հանձնարարում էր մեկ ուրիշին: Դահճի պարտականությունը իր վրա վերցրած հանցագործը ազատվում էր մահապատժից:

Եվրոպական երկրներում ավելի ուշ ի հայտ եկավ դահճի մասնագիտությունը, որը որպես պաշտոն մտավ դատական համակարգի մեջ: Դահիճը լիազորված անձ էր պետության կողմից ի կատար ածելու մարմնական պատիժներն ու մահվան դատավճիռները: Դահճին արգելվում էր զբաղվել այլ գործունեությամբ, երևալ հասարակական վայրերում: Նույնիսկ կին նրանք ընտրում էին իրենց նմանների շրջապատից: Նրա որդին, որպես կանոն, շարունակում էր հոր գործը: Այսպես առաջացան դահիճների ժառանգական դինաստիաներ, օրինակ՝ Սանսոնները Ֆրանսիայում:
Իսպանիայում դահիճները հագնում էին կարմիր երիզով և դեղին գոտիով սև թիկնոց, իսկ լայնեզր գլխարկի վրա պատկերված էր կառափնարանը:

Դահիճներն ապրում էին քաղաքից դուրս, բանտին մոտ: Իսպանիայում դահիճների տունը կարմիր էին ներկում: Սովորաբար դահիճն ինքն էր իրականացնում ողջ մահապատիժը՝ սկսած սպանությունից, վերջացրած թաղումը: Միջնադարյան որոշ քաղաքներում սովորություն կար. երբ պետք էր դահճի ծառայությունը, նրա տան լուսամուտին սև ձեռնոց էին թողնում:

Քանի որ դահճի գործը մարդկային մարմնի հետ էր կապված, նրանք, երբեմն, իրենց գիտելիքներով մրցակցում էին վիրաբույժների հետ: Դահիճներով շատ հաճախ վախեցնում էին անհնազանդ երեխաներին: Դահճի մասնագիտությունը պահանջված էր և էկզոտիկ, երևի դրանով էր պայմանավորված այն, որ նրանց տրվում էին որոշակի արտոնություններ և հնարավորություններ՝ կողմնակի եկամուտ ունենալու համար: Օրինակ՝ եվրոպական երկրների դահիճները պսակադրություն կատարելու իրավունք ունեին: Որոշ աղբյուրներ նշում են, որ դահիճներին էր տրվում մահապատժվածի հագուստը: Միջնադարյան դահիճը զբաղվում էր նաև դիվահարվածների միջից չարքերի հալածումով: Եկեղեցում դահիճը կանգնում էր բոլորից հեռու, հատուկ իր համար առանձնացված տեղում:

Միջնադարյան Ֆրանսիայում իրենց «աշխատանքի» դիմաց դահիճներն իրավունք էին ստանում մաքսատուրք հավաքել շուկաներում՝ ներմուծվող բանջարեղենի և հացահատիկի համար, սակայն, երբ 1721 թվականին վերացվեց այդ մաքսատուրքը, դահիճներին պետության կողմից աշխատավարձ նշանակվեց:

Դահիճների ավանդական գլխաշորը, որ հաճախ տեսնում ենք միջնադարյան գեղանկարիչների կտավներում, իրականում գոյություն չի ունեցել: Դահիճները չեն ծածկել դեմքը: Բացառություն են կազմել միայն միջնադարի մի քանի միապետների մահապատիժները, որտեղ, իրոք, դահիճները ծածկել են դեմքը:

Ֆրանսիական հեղափոխությունից հետո այս երկրում փորձ արվեց փոխել հասարակության վերաբերմունքը դահիճների նկատմամբ: Հեղափոխության առաջնորդներից մեկը՝ Լեգինիոն հրապարկայնորեն ճաշի հրավիրեց դահիճ Ռոշֆորին, նստեցրեց ամենապատվավոր տեղում՝ իր դիմաց, իսկ ճաշից հետո գրկեց ու համբուրեց նրան: Կոնվենտի դեկրետներից մեկը դահիճներին Հանրապետության բանակի սպաների կոչում շնորհեց: Պաշտոնական հանդեսների ժամանակ նրանց առաջարկվում էր բացել պարահանդեսը: Արգելվեց նրանց կոչել նվաստացուցիչ «դահիճ» անվանումով: Քննարկվում էր նրանց համար նոր անվանում՝ «ժողովրդական վրիժառու» ընդունելու հարցը: Քննարկման ժամանակ բողոք արտահայտվեց, որ մահապատժի իրականացումը մեծապես վնասում է այն իրականացնողի պատվին ու հեղինակությանը, դրա համար էլ դահիճների նկատմամբ հասարակության մեջ ձևավորվում է բացասական վերաբերմունք: Մինչդեռ նման տրամաբանությամբ կարելի էր դահիճ անվանել բոլորին, ովքեր կապ ունեին մահապատժի հետ. դատավորից սկսած, մինչև վերջին գրագիրը:

Մասնագիտական բարձր որակավորում ունեցող դահիճներ քիչ կային և շատ թանկ էր գնահատվում նրանց ծառայությունը: Չնայած նրանք շատ արագ կարողություն էին դիզում (նրանց «աշխատանքը» շատ լավ էր վարձատրվում), բայց մարդուն խոշտանգելն ու կյանքից զրկելը, համաձայնեք, որ շատ ծանր աշխատանք էր: Այս գործում մասնագիտական բարձունքների հասել էին շատ քչերը: Իրենց բարձր որակավորման շնորհիվ որոշ դահիճներ միջազգային ճանաչում ստացան: Դեպքեր են եղել, երբ ճանաչում ստացած որոշ դահիճների բարձր վարձատրության դիմաց հրավիրել են արտասահման՝ իրենց մասնագիտական հմտությունները ցուցադրելու որոշ ակնառու մահապարտների նկատմամբ:

Դահիճներ կան նաև մեր օրերում: Զարգացած երկրներում մահապատժի վերացման հետ վերացավ նաև դահճի մասնագիտությունը: Այն երկրներում, ուր պահպանվել է մահապատիժը, պահպանվել է նաև դահճի մասնագիտությունը: Օրինակ Սաուդյան Արաբիայում: Այստեղ մինչ օրս գոյություն ունի մահապատիժ սրով գլխատման տեսքով, որն իրականացնում է դահիճը:
Այլ երկրներում այն իրականացնում են կամ զինվորականները, կամ էլ բանտապահները:

Դահիճները Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում

Ռուսաստանում դահիճներն իրականացնում էին ոչ միայն մահապատիժներ, այլև հարցաքննություններին ուղեկցվող խոշտանգումներ, վերջույթների, քթի, ականջների անդամահատություններ, աչքերի հանում և մարմնական այլ պատիժներ: Ինչպես այլ երկրներում, Ռուսաստանում նույնպես դահիճների մեծ պահանջարկ կար:
Մինչև XIX դարը գործում էր 1681 թվականին ընդունված բոյարական հրահանգը, ըստ որի դահիճ դառնում էին նահանգի կամ գավառի այն ազատ մարդիկ, ովքեր, կամավոր կցանկանային ստանձնել այդ գործը: Կամավոր չլինելու դեպքում դահիճն ընտրվում էր նահանգի կամ գավառի ազատ բնակչությունից, որպեսզի ամեն քաղաքում դահիճ լիներ: Չնայած այս ամենին միևնույնն է, դահիճների մեծ պակաս կար ողջ երկրում և անհրաժետության դեպքում մասնագետ էր հրավիրվում դրսից:

Դահիճներին պետության հաշվին նշանակվում էր տվյալ ժամանակաշրջանի համար բավականին բարձր աշխատավարձ:
Դահիճների սակավությունը ստիպեց ռուսական իշխանություններին այդ պարտականությունը դնել դատապարտվածների վրա, որի համար նրանք որոշակի արտոնություններ էին ստանում: Սակայն, եթե դատապարտվածը կամավոր չէր կատարում այդ գործը, երեք տարի հետո ազատվում էր այդ պարտականությունը կատարելուց:

Դահիճ դառնալ ցանկացողները փորձաքննություն էին անցնում նրանց մոտ, ովքեր արդեն տիրապետում էին այդ գործին: Ուսուցումը կատարվում էր հատուկ հեծանի վրա, որտեղ կեչու լայն կեղև էին փռում մարդու մեջքի և ուսերի նմանությամբ և նրան խաչաձև հարվածներ էին հասցնում: Ընդ որում հարվածները չպիտի կպչեին այն տեղերին, որտեղ ենթադրաբար լինելու էին գլուխն ու կողերը: Մարմնական պատժի գործիքներն էին մահակը, ճիպոտը, մտրակը, մետաղյա ճանկերը, տաքացրած երկաթյա ձողերը և այլն: Մինչև 1801 թ. դահիճները մարմնական պատիժների էին ենթարկում նաև կասկածյալներին: Դահճի մասնագիտությունը պատվաբեր չէր համարվում, դրա համար էլ մշտապես նրանց պահանջարկ կար: Նրանցից ոչ բոլորն էին տիրապետում իրենց մասնագիտական հմտություններին և երբեմն մահապատիժները վերածվում էին խոշտանգման սարսափազդու տեսարանների:

XIX դարում նույնպես զգացվում էր հմուտ դահիճների պակաս: 1861թվականից արգելվեց ժողովրդի մուտքը կառափնարան, որի պատճառով շատ քիչ վկայություններ կան նարոդովոլցիների մահապատժի մասին, որը դահիճների անգրագետ գործողությունների պատճառով վերածվեց դաժան մղձավանջի: 1881 թվականին «Նարոդնայա վոլյա» կազմակերպությանը վերջապես հաջողվեց պայթեցնել այն կառքը, որով Ալեքսանդր II ցարը վերադառնում էր եկեղեցուց: Թագավորի սպանության մասնակիցները ձերբակալվեցին և դատապարտվեցին կախաղանի: Նրանց թվում էր նաև Լենինի ավագ եղբայր Ալեքսանդր Ուլյանովը: Ահա թե ինչպես է նկարագրել նրանց մահապատիժը ՆԳՆ պաշտոնյաներից մեկի կինը, որ ականատես է եղել այդ իրադարձությանը. «Առաջինը կախեցին Կիբալչիչին, նրան հաջող կախեցին և նա շուտով մահացավ: Հետո՝ Միխայլովին: Նրան կախեցին չորս անգամ (եթե կարելի է այդպես արտահայտվել): Առաջին անգամ նա պոկվեց պարանից և ընկավ ոտքերի վրա, երկրորդ անգամ պարանը քանդվեց և նա ողջ հասակով ընկավ գետին, երրորդ անգամ պարանը ձգվեց և մահապարտի ոտքերը հասան հատակին և վերջապես չորրորդ անգամ ստիպված էին նրան կտրել գետնից, որպեսզի թույլ կապված պարանը չարձակվեր»:

Ավելորդ չեմ համարում ավելացնել, որ առաջին անհաջող փորձից հետո Միխայլովին պիտի ազատ արձակեին, քանի որ հանցանքի համար պատժում են մեկ անգամ, այլ ոչ թե մի քանի:

Իմիջայլոց, սա կախաղանի առաջին ձախողված դեպքը չէր Ռուսաստանում: 1826 թվականին նույնը կատարվեց Պավել Պեստելի հետ, երբ կախում էին դեկաբրիստների ապստամբության առաջնորդներին:
1906 թ. օգոստոսին, ռուսական առաջին հեղափոխության եռուն շրջանում, օրենք ընդունվեց ստեղծել ռազմադաշտային դատարաններ ահաբեկիչներին դատելու համար: Օրենքը պահանջում էր զինվորական հանցագործներին գնդակահարել, իսկ քաղաքացիներին՝ կախել: Սակայն դահիճների սակավության պատճառով հաճախ գնդակահարում էին նաև քաղաքացիական հանցագործներին: Ինչպես գրում էին ժամանակի բարձրագույն հրամանատարները, հաճախակի գնդակահարությունները «անբարենպաստ տպավորություն» էին թողնում զորքի վրա:

ԽՍՀՄ- ում մահվան դատապարտվածներին, որպես կանոն, գնդակահարում էին պետական անվտանգության օրգանների պարետները: Դրանցից էին Վ. Մ. Բլոխինը, որը ղեկավարում և կազմակերպում էր գնդակահարությունները 1930-1940 թվականներին, գնդապետ Ս. Դ. Նադարիան, եղբայրներ Վասիլի և Իվան Շիգալյովները, Պյոտր Մագգոն, Էռնեստ Մաչը և ուրիշներ: 1937-1938 թվականներին՝ «մեծ տեռորի» տարիներին «ժողովրդի թշնամիների» գնդակահարման գործին ներգրավվեցին նաև օպեր լիազորներ, միլիցիայի աշխատակիցներ, ինչպես նաև կուսակցական ակտիվիստներ:
Լավրենտի Բերիայի մահապատժի ժամանակ ներկա գտնվողներից գեներալ-գնդապետ (հետագայում ԽՍՀՄ մարշալ) Պավել Բատիցկին ցանկություն հայտնեց անձամբ իրականացնել մահապատիժը, այսինքն` կամավոր իր վրա վերցրեց դահճի պարտականությունը:
1950-ական թվականներից ԽՍՀՄ-ում մահվան դատավճիռներն իրականացնում էին քննչական մարմինների աշխատակիցները:

Դահիճների դինաստիան
XVII դրի կեսերից սկսած Ֆրանսիայում գործում էր Սանսոնների դահճական տոհմը: Նրա հիմնադիրը Շառլ Սանսոնն է: Շառլի նախնիները իտալական ազնվականներ էին եղել, մասնակցել էին խաչակրաց արշավանքներին: Նա, երևի ֆինանսական դժվարություններից դրդված, ամուսնացել էր Ռուանի դահճի աղջկա հետ: Սովորության համաձայն դահճի պաշտոնը հորից անցնում էր որդուն, իսկ եթե որդի չուներ՝ փեսային: Այսպես Շառլ Սանսոնը ժառանգեց դահճի պաշտոնը:
Երբ առաջին անգամ աները Շառլին իր հետ մահապատժի վայր տարավ, վերջինս ուշագնաց եղավ: Սակայն շուտով այնքան հմտացավ, որ դարձավ լավագույնը իր գործի մեջ: Կնոջ մահից հետո տեղափոխվեց Փարիզ, ուր նրա համար շատ արագ գործ գտնվեց՝ Լուդովիկոս XIV հրամանով նա նշանակվեց Փարիզի գլխավոր դահիճը:
Սանսոնները իրենց պարտականությունները կատարեցին 1688-1847 թվականները: Այս դինաստիայի յոթ սերունդներ հավատով ու ճշմարտությամբ ծառայեցին ֆրանսիական հասարակությանը: Հանրահայտ բոլոր քրեական ու քաղաքական հանցագործները երկու հարյուրամյակի ընթացքում մահապատժվել են Սանսոնների ընտանիքի անդամների ձեռքով:
Հատկապես շատ մահապատիժներ բաժին հասան Շառլ Անրի Սանսոնին, որի գործունեությունը համընկավ Ֆրանսիական Մեծ հեղափոխության հետ: 7-րդ և 11-րդ դասարանների աշակերտները լավ գիտեն, որ այդ շրջանում հեղափոխությունը հաշվեհարդար տեսավ ոչ միայն միապետականների, այլև հեղափոխության առաջնորդների հետ: Շառլ Անրին է գլխատել Լյուդովիկոս XVI-ին, Մարիա-Անտուանետային, Դանտոնին և ուրիշ շատ նշանավոր և ֆրանսիացիների: Նրա ժամանակ գործարկվեց գիլյոտինը: Էքսպերտի իրավունքով Շառլ Անրի Սանսոնը մասնակցեց այն հանձնաժողովի աշխատանքներին, որն ընդունում էր դոկտոր Ժոզեֆ Գիլյոտենի «մահապատժի մեքենայի» գյուտը՝ գիլյոտինը: «Ժողովրդի բարեկամին»՝ Մարատին սպանած Շառլոտա Կորդիյեի մահապատիժը նույնպես իրականացրեց Շառլ Անրի Սանսոնը: Նա Մարատի ջերմ երկրպագուն էր: Երբ երիտասարդ աղջկա կտրված գլուխն ընկավ զամբյուղի մեջ, դահիճը վերցրեց այն և ապտակեց: Այդ արարքը թանկ նստեց նրա վրա: Նրբանկատ ֆրանսիացիները համարեցին, որ մահապատիժը քավել էր Կորդիյեի մեղքը և ապտակ հասցնելով դահիճը նվաստացնում էր նրան: Շառլ Անրին զրկվեց աշխատանքից: Ռոբեսպիերին արդեն գլխատեց նրա որդին:

Սանսոնների դինաստիայի պատմությունը անփառունակ ավարտ ունեցավ: Եղավ մի ժամանակաշրջան, երբ մահապտիժներ չկային: Սանսոններից վերջինը՝ Կլեման Անրին ընկավ պարտքերի տակ: Նա ստիպված էր գրավ դնել գիլյոտինը և երբ մահապատժի պատվեր ստացվեց, պարտատերը հրաժարվեց հետ տալ «աշխատանքային գործիքը»: Արդյունքում Սանսոններից վերջինը խայտառակ կերպով հեռացվեց աշխատանքից: Եթե այդ դեպքը չլիներ,Սանսոնները ևս հարյուր տարի աշխատանք կունենային, քանի որ Ֆրանսիայում մահապատիժը վերացվեց միայն 1981 թվականին:
Կլեման Անրի Սանսոնի անվան հետ ևս մի պատմություն կա կապված: 1850-ական թվականներին Փարիզում Կլեման Անրի Սանսոնի հեղինակությամբ հրապարակվեցին «Դահճի նոթերը» աշխատությունը, սակայն առաջին գրքի տպագրությունից 20 տարի անց պարզվեց, որ նրա իրական հեղինակը Օնորե դե Բալզակն է: Սա էլ դեռ վերջը չէր. 1863 թվականին Փարիզում լույս տեսավ «Դահճի նոթերի» վեց հատորյակը, նորից Կլեման Անրի Սանսոնի հեղինակությամբ, իսկ տաս տարի անց պարզվեց, սա էլ է կեղծիք: Դ՝ Օլբրեզ անունով մի ճարպիկ լրագրող երեսուն հազար ֆրանկով դահիճների տոհմի վերջին ներկայացուցչից գնել էր նրա անունից հանդես գալու իրավունքը և ստեղծել այդ հուշագրությունը:

Պատմությանը հայտնի դահիճներից մի քանիսը

Բուգատի, Ջիովանի Բատիստա
Բուգատին եղել է Պապական մարզի պաշտոնական դահիճը 1796-ից մինչև 1865 թթ.: Նրան են վերագրում 516 մարդու մահապատիժ: Մինչև 1810 թ. մահապատիժներն իրականացնում էին կախելու և գլխատելու (կացնով կամ սրով) միջոցով: 1810 թ. ներդրվեց գիլյոտինը: Ի տարբերություն ֆրանսիականի, իտալական գիլյոտինը ուներ ոչ թե թեք, այլ ուղիղ շեղբ: 1817 թ. մայիսին Բուգատտիի իրագործած մահապատիժներից մեկին վկա էր անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Բայրոնը: Նա այն նկարագրել է հայրենիք ուղարկած իր նամակներում, իսկ 1845 թ.` Չառլզ Դիկկենսը: Վերջինս այն հրատարակել է «Իտալակամ պատկերներ» ստեղծագործության մեջ:

Մահվան սպառնալիքով Բուգատտիին արգելված էր հեռանալ այն թաղամասից, որտեղ գտնվում էր նրա տունը: Միայն մահապատժի օրերին նա կարող էր անցնել Սուրբ Հրեշտակի կամուրջը, որն էլ ազդանշան էր հանդիսանում քաղաքացիների համար հավաքվելու կառափնարանի մոտ «թամաշի»: Բուգատտին ստանում էր պետության կողմից նշանակված աշխատավարձ և ծառայողական բնակարան: 85 տարեկանում դահճին ուղարկեցին վաստակած հանգստի, նշանակելով բավականին բարձր թոշակ: Նա ամուսնացած էր, բայց զավակներ չուներ: Մահապատժից ազատ ժամանակ նա տուրիստներին հովանոցներ և զանազան մանրունքներ էր վաճառում: Ժամանակակիցները նրան նկարագրում էին որպոս աստվածավախ մարդ, միջինից ցածր հասակով, ամուր կազմվածքով: Նրա մահվանից մի տարի անց`1870 թ. Իտալիայի միավորման կապակցությամբ գիլյոտինն արգելվեց: Եվ գիլյոտինը և Բուգատտիի անձնական իրերն այժմ գտնվում են Հռոմի քրեագիտության թանգարանում:

Ջեկ Կետչ
Իռլանդական ծագումով անգլիական դահիճ: Ծառայել է 1663-1686 թթ., Չառլզ II և Հակոբ II թագավորներին: Մահապատժել է մի շարք նշանավոր անձանց: Դրանցից էին Վիլիամ Ռասսելը, որը մեղադրվում էր թագավորի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, և հերցոգ Մոնմուտը` Հակոբ II անօրինական զավակը, որն ապստամբել էր հոր դեմ: Կետչի մասին հաճախ էին գրում ժամանակի թերթերը: Նա, հայտնի չէ, դիտավորյալ, թե հմտության պակասից, սադիստական մեթոդներ էր կիրառում մարդկանց գլխատելու ժամանակ: Ջեկ Կետչի անունը ժամանակի ընթացքում բացասական իմաստ ստացավ անգլերենում և այդպես կոչում էին դաժան ու անգութ մարդկանց:

Գեներալ Վասիլի Միխայլովիչ Բլոխին
Մոտ 30 տարի ղեկավարել-կազմակերպել է գնդակահարությունները ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարությունում: Հետաքրքիր է, որ նա աշխատել է ինչպես Յագոդայի և Եժովի, այնպես էլ Բերիայի ղեկավարության տակ, մինչդեռ մենք գիտենք, որ նրանք հակառակորդներ էին և ամեն մեկը աշխատում էր իր թիմով: Բլոխինը համարվում էր «ամենաարդյունավետ» դահիճներից մեկը: Նա անձամբ է գնդակահարել խարհրդային իշխանության շատ պետական ու քաղաքական գործիչների, որոնք 1930-ական թվականներին մեղադրվեցին պետական դավաճանության մեջ: Դրանցից էին զորավարներ Տուխաչևսկին, Յակիրը, պետական, հասարակական և մշակույթային գործիչներ` Ուբորևիչը, Սմիլգան, Լեվոն Կարախանը, Կվիրինգը, Չուբարը, Կոսարևը, Կոսիորը, Ֆրինովսկին, Միխայիլ Կոլցովը, Բաբելը, Մեյերխոլդը և ուրիշներ: Բլոխինն է ղեկավարել գերեվարված լեհական սպաների զանգվածային գնդակահարությունը Տվերի մոտ, 1940 թվականին: Հավանաբար հենց դրա համար ստացավ իր առաջին Մարտական Կարմիր դրոշի շքանշանը նույն թվականին:
Առողջական խնդիրների պատճառով 1953 թ. ազատվեց աշխատանքից: 1954 թ. զրկվեց գեներալ-մայորի կոչումից «ներքին օրգաններում աշխատելու ժամանակ չեկիստին անվայել վարքագծի համար»: Մահացավ Բլոխինը սրտի կաթվածից 1955 թվականին, չգնահատված և արհամարված: Մի այլ վարկածի համաձայն նա ինքնասպան է եղել:

Պյոտր Իվանովիչ Մագգո
Խորհրդային չեկիստ, դահիճ, լատիշ է ծագումով, ծնվել է 1879 թվականին, ավարտել է գյուղական դպրոցի երկրորդ դասարանը, մասնակցել է Առաջին համաշխարհոյին պատերազմին, 1917 թվից Կոմունիստական կուսակցության անդամ է, եղել է Չեկայի ներքին բանտի պետ: 1931 թվից կամավոր դարձել է հատուկ հանձնարարությունների կատարող: Ի կատար է ածել գնդակահարման դատավճիռները: Խորհրդային նշանավոր գրող, հրապարակախոս Բորիս Սոպելնյակի փաստարկներով Մագգոն անձամբ գնդակահարել է մոտ տաս հազար մարդու: Մահացել է 1941 թվականին ալկոհոլի չարաշահումից:

Անտոնինա Մակարովնա Մակարովա (1921-1979թթ.)
Մականունը Տոնկա գնդացրորդ: 1941 թվականին, Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ լինելով սանիտարուհի, ընկնում է շրջապատման մեջ և հայտնվում ֆաշիստների կողմից օկուպացված տարածքում` Բրյանսկի մարզի Լոկոտսկի շրջանում: Այստեղ ծառայության է անցնում ֆաշիստների մոտ և իրականացնում է մահվան դատավճիռները: Մահապատիժներն ի կատար է ածում հատուկ այդ նպատակի համար իրեն հանձնված «Մաքսիմ» գնդացրով: Մակարովայի ձեռքով գնդակահարվել է 1500-ից ավելի մարդ:
Պատերազմի վերջում Մակարովան բուժքրոջ կեղծ փաստաթղթեր է հանում և աշխատանքի անցնում հոսպիտալում, այնուհետև ամուսնանում է նույն հոսպիտալում բուժվող ռազմաճակատային զինվոր Վ. Ս. Գինսբուրգի հետ և փոխում ազգանունը:

Երկար ժամանակ պետանվտանգության օրգանները չէին կարողանում գտնել Անտոնինա Մակարովայի հետքը, քանի որ նա ծնունդով Պարֆյոնովա էր, բայց սխալմամբ Մակարովա էր գրանցված: Նա ձերբակալվեց 1978 թվականին և որպես ռազմական հանցագործ` Բրյանսկի մարզային դատարանի կողմից մահվան դատապարտվեց: Մոտ մի տարի հետո այն ի կատար ածվեց:

Անտոնինա Մակարովայի մասին է պատմում «Հետաքննությունը վարում են գիտակները» փաստա-վավերագրական ֆիլմի սերիաներից մեկը, որը կոչվում է «Աղջիկ դահիճը»:

Պատմությունը լռում է հայ դահիճների մասին
Հայ պատմագրության մեջ դահիճների մասին որևէ տեղեկագրություն չգտնվեց, բայց դա չի նշանակում, որ մեր իրականության մեջ նրանք չեն եղել: Անշուշտ, իրեն հարգող ամեն մի թագավոր կամ ավատատեր ունեցել է դահիճ, քանի որ և մահապատիժների, և խոշտանգումների բազմաթիվ նկարագրություններ կան մեր պատմիչների մոտ, բայց քանի որ քերթողահայրերը Հայոց պատմությունը հիմնականում գրել են թագավորի, նախարարարների կամ եկեղեցու պատվերով, հասարակ մարդիկ՝ այդ թվում նաև դահիճները, որ արհամարված խավ էին համարվում հասարակության մեջ, տեղ չեն գտել մեր պատմագրության մեջ: Մինչդեռ հայկական հին ու նոր բանահյուսությունը բազմաթիվ դրվագներ ունի դահճի «աշխատանքի» հետ կապված: Ահա նրանցից մի քանիսը.

«Հիմի թեկուզ դահիճը սապնած պարանը վիզս գցե, էլ հոգ չէ …»:  Սայաթ Նովա

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա:
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա:
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար:
Սիրտըս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ.
Դահճիս կանգնած տեսա,
Ասի- արևըս ա'ռ...

Վահան Տերյան

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
-Հե՜յ, դահի՜ճ,- գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը:

Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն:

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր:

Հովհ. Թումանյան

Նման տողեր հանդիպում ենք նաև Եղիշե Չարենցի, Դանիել Վարուժանի, Պետրոս Դուրյանի և այլոց մոտ, սակայն լուրջ և ամբողջական ստեղծագործություն դահիճների մասին հայ մշակույթի մեջ ես չգտա:

Օգտագործած գրականություն

Роже Кайуа. Социология палача - Наука, 2004, с. 355, 360—371.
К. А. Левинсон. Палач в средневековом городе — М.: Наука, 1999, с. 223—231.
Владимир Ажиппо, Александр Ильченко «Исполнители смертных приговоров в СССР расстреливали и выпивали за упокой». - Газета Сегодня 18 сентября 2008 г.
Алексей Тепляков - СИБИРЬ: ПРОЦЕДУРА ИСПОЛНЕНИЯ СМЕРТНЫХ ПРИГОВОРОВ В 1920 — 1930-X ГОДАХ
Н. Ямской «Палачи лежат в почёте»
КАК КАЗНИЛИ В СССР (Интервью с палачом) Газета «Зеркало», № 19 (504), май 1997 г.
Студенкин Г.И. Заплечные мастера. Исторический очерк // Русская старина, 1873.-Т. 8. - № 8.-С. 201-224.
Флиер А. Я. Культура лишения жизни. Историческая психология и социология истории. Номер 2. 2008
М. Гернет «История царской тюрьмы»
Հրաչյա Աճառյան Հայերենի արմատական բառարան
Հայ գրականության անթալոգիա
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ