ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 52
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Անգլերենի մեկ դասի նկարագիր

Պյոտր Կապիցա
Ֆիզիկայի փորձը դպրոցում [1]

Մարգարիտ Սարգսյան
Քոմենթն ուսումնական կյանքում. ժամանցի ձև՞, գնահատո՞ւմ, թե՞ խոսքի մշակույթ

Մեթոդական մշակումներ

Նունե Մովսիսյան
Նոթբուքը և համացանցը ուսումնական պարապմունքում

Հերմինե Անտոնյան
Ներկայի և ապագայի դպրոց

Հասմիկ Ղազարյան
Կրթությունը կազմակերպելու արդյունավետ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

Միխայիլ Կազինիկ [1]
Ո՞ւմ կամքով

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Я за введение дистанционного метода обучения

Карине Акопджанян
«Луйс аи ачкерин»
Ինքս ինձ հետ մենակ

Սկիզբը

ՅՈԹԵՐՈՐԴ ԳԻՐՔ

1. Ի՞նչ է մոլությունը: Այն, ինչ դու հաճախ ես տեսել: Եվ ինչ էլ որ տեղի ունենա, միշտ պատրաստ եղիր ասելու. «Չէ՞ որ դա հենց այն է, ինչ արդեն տեսել եմ»: Ընդհանրապես, ուր էլ նայես, ամենուր կտեսնես միևնույն բանը. դա հին, միջին և նոր պատմության բովանդակությունն է կազմում, ներկա պահին դրան է հանգում պետության և առանձին տնային տնտեսությունների կյանքը: Ոչ մի նոր բան չկա, ամեն ինչ և´ առտնին է, և´ կարճահավերժ:

2. Ի՞նչը կարող է ոչնչացնել հիմնադրույթները, բացի նրանց համապատասխան պատկերացումների մարումից: Բայց քո իշխանության ներքո է այդ պատկերացումները միշտ և կրկին կյանքի կոչելը: Ես կարող եմ տվյալ առարկայի մասին համապատասխան համոզմունք կազմել: Իսկ եթե այդպես է, ապա ինչո՞ւ պետք է տագնապեմ: Այն, ինչ հոգուցս դուրս է, բացարձակապես ոչ մի կապ չունի հոգուս հետ: Յուրացրու դա, և դու ճիշտ ուղու վրա ես: Դու դեռ կարող ես հարություն առնել: Նայիր կրկին իրերին այնպես, ինչպես նայել ես ինչ-որ ժամանակ՝ հենց դա է հարությունը:

3. Ունայն հոգսերը արտաքին փայլի մասին, բեմական ներկայացումները, մանր և խոշոր եղջերավոր անասունների հոտերի ձեռքբերումը, գլադիատորական մարտերը, շան լակոտների գզվռտոցը նետված ոսկորի համար, մրջյունների քրտնաջան աշխատանքը, վախեցած մկների վազվզոցը, թելերից կախված տիկնիկների շարժումները. այս բոլոր երևույթները մի կարգի են: Այս բոլորի միջավայրում հարկ է պահպանել բարյացակամությունն առանց անձնապաստանության, բայց տեսադաշտից բաց չթողնել, որ յուրաքանչյուր մարդու արժեքը որոշվում է նրա ձգտումների առարկաների արժեքով:
4. Ցանկացած խոսքի ընթացքում հարկ է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ է ասվում, յուրաքանչյուր ձգտման դեպքում՝այն բանին, թե դրանից ինչ է ստացվում: Առաջին դեպքում պետք է հետևել իմաստին, երկրորդում՝ամեն ինչից առաջ դիտարկել հետապնդվող նպատակը:

5. Կբավարարե՞ն արդյոք իմ հոգեկան ուժերն այդ գործի համար, թե՞ ոչ: Եթե կբավարարեն, ապա ես կօգտվեմ դրանցից որպես գործիքից, որն ինձ տրված է Ամբողջի էությամբ: Իսկ եթե չեն բավարարի, ապա այդ գործը կզիջեմ նրան, ով կարող է այն ավելի լավ կատարել, եթե միայն այն իմ պարտականությունը չէ, կամ կանեմ իմ ունակության սահմաններում՝ օգնության կանչելով նրան, ով օգտագործելով նաև իմ բանականությունը, համընդհանուր բարիքի համար կիրագործի տվյալ պահին պահանջվողը: Քանզի, կատարում եմ ինչ-որ բան իմ ուժերով, թե ուրիշի օգնությամբ, պետք է ձգտել միայն այն բանին, ինչ պահանջվում է ընդհանուրի բարիքով և ներդաշնակ է նրան:

6. Ինչ-որ ժամանակ փառաբանված ինչքա՛ն մարդիկ են այժմ մոռացության մատնված: Իսկ նրանց փառաբանող քանի՞սն է վաղուց արդեն գերեզմանում:

7. Մի´ ամաչիր ուրիշների օգնությանը դիմելուց: Քեզ, ինչպես պարիսպները գրոհող ռազմիկին, վիճակված է լուծելու խնդիրդ: Ի՞նչ անես, եթե կաղալու պատճառով մենակ չես կարող պարսպի վրա բարձրանալ, իսկ ուրիշների օգնությամբ դա քեզ կարող էր հաջողվել:

9. Թող քեզ չանհանգստացնի ապագան: Չէ՞ որ դու կհասնես նրան, եթե պետք լինի՝ ունենալով նույն բանականությունը, ինչից որ օգտվում ես ներկայում:

10. Ամեն ինչ միահյուսված է միմյանց, ամենուր աստվածային կապն է, և դժվար թե լինի մնացյալին օտար ինչ-որ բան, քանզի ողջը միավորված է ընդհանուր կարգով ու որպես զարդարանք ծառայում է միևնույն աշխարհին: Չէ՞ որ ամեն ինչից կազմվում է միասնական աշխարհը, ամենուր ներթափանցում է միակ աստվածը, միասնական է ամեն ինչի էությունը, համընդհանուր է օրենքը, միասնական է նաև բանականությունը բոլոր բանական արարածներում, միակն է ճշմարտությունը, եթե միայն միասնական են արժանիքները նույն տեսակի ու նույն բանականությանը հաղորդակից բոլոր արարածների:

11. Ողջ նյութականը արագորեն անհետանում է համաշխարհային էությունում, յուրաքանչյուր պատճառային սկիզբ արագորեն կլանվում է համաշխարհային բանականության կողմից: Եվ հիշողությունն ամեն ինչի մասին ոչ պակաս արագությամբ իր գերեզմանն է գտնում հավերժության գրկում:

12. Բանական արարածի համար միևնույն գործողությունը ներդաշնակ է և´ բնույթի, և´ բանականության հետ:

13. Պետք է արդար լինել, այլ ոչ թե արդարացող:

14. Ինչպիսին կատարյալ և միասնական մարմնի անդամների միջև հարաբերությունն է, այնպիսին է տարածությամբ բաժանված բանական արարածների միջև հարաբերությունը. արարածներ, որոնք ստեղծված են միասնական գործի մասնակցելու համար: Այդ միտքն ավելի խորը կարմատավորվի մեջդ, եթե հաճախակի ինքդ քեզ ասես, որ դու բանական արարածներից բաղկացած Ամբողջի մասն ես: Իսկ եթե դու անվանես ինքդ քեզ առանձին մաս, ապա չես սիրի մարդկանց ամբողջ սրտով, և ուրիշների բարօրությանն ուղղված գործունեությունը քեզ լիարժեք բավարարվածություն չի պարգևի: Այդ գործունեությունը դու կհամարես լոկ քո պարտքը, այլ ոչ թե սեփական բարօրությունը:

16. Ով էլ ինչ անի կամ ասի, ես պետք է լավ մարդ մնամ: Այդպես ոսկին, զմրուխտը կամ ծիրանին կարող էին ասել. «Ով ինչ էլ անի կամ ասի, ես պետք է զմրուխտ մնամ և պահպանեմ իմ գույնը»:

17. Մարմինը թող ինքը հոգ տանի, որ փորձանքի չգա, և կարող է տեղյակ պահել, եթե այդպիսի բան պատահի: Իսկ հոգին, որն ընդունակ է վախենալու ու վշտանալու իր ներշնչող երևակայության շնորհիվ, հանգստություն կպահպանի, եթե ստիպես նրան մի կողմ նետել նման երևակայությունը:……

18. Երանություն վայելել նշանակում է բարի հանճարի տեր լինել և բարօրությամբ լի գերիշխող ակունք ունենալ: Ի՞նչ ես անում այստեղ, երևակայություն: Ի սեր աստվածների, հեռացի´ր այնպես, ինչպես եկել ես, ինձ պետք չես: Հայտնվել ես արմատացած սովորույթի ուժով: Ես չեմ զայրանում քեզ վրա, միայն հեռացիր:

19. Ինչ-մեկը փոփոխությունների՞ց է վախենում: Բայց ի՞նչ կարող է առաջանալ առանց փոփոխությունների: Ի՞նչն է ավելի բնութագրական Ամբողջի էությանը: Կարո՞ղ էիր օգտվել բաղնիքից, եթե ծառն այրվելով չփոփոխվեր: Կարո՞ղ էիր սնվել, եթե սնունդը փոփոխվելու հնարավորություն չունենար: Իսկ այլ օգտակար բան կարո՞ղ էր արդյոք տեղի ունենալ առանց փոփոխության: Մի՞թե չես տեսնում, որ քո փոփոխությունները լիովին նման են հիշատակվածներին, և դրանք հավասարապես անհրաժեշտ են Ամբողջի բնույթի համար:

20. Բոլոր մարմինները սլանում են համաշխարհային մատերիայում, ինչպես սրընթաց հոսանքում. նրանք սերտորեն կապված են Ամբողջի հետ՝ միասնաբար գործելով նրա հետ, միմյանց հետ համապատասխանությամբ նման են մեր անդամներին:
Ինչքան Քրիսիպոսներ [1], Սոկրատեսներ, Էպիկտետներ [2] է կլանել արդեն հավերժությունը: Թող այդ միտքը ծնվի քո գլխում յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր իրի առիթով:

21. Ինձ միայն մի բան է հուզում. հանկարծ մարդու էությանը հակառակ բան չանեմ, չգործեմ նրան անհամապատասխան ձևով, տվյալ պահին նրան չհակասեմ:

22. Շուտով դու ամեն ինչ կմոռանաս, և ամենն իր հերթին կմոռանա քեզ:

23. Մարդուն հատուկ է սիրել նաև մոլորյալներին: Դու կհանգես դրան, եթե համակվես այն մտքով, որ նրանք հարազատ են քեզ, և մեղանչում են անգիտությամբ ու իրենց կամքին հակառակ: Եվս մի փոքր. և քեզ էլ, նրանց էլ վրա կհասնի մահը: Ոչ ոք նրանցից (ամենագլխավորը դա է) քեզ վնաս չի պատճառել, քանզի չի դարձրել հոգիդ ավելի վատ, քան այն մինչ այդ էր:

25. Զայրույթից աղավաղված դեմքը սարսափելի է և հակաբնական: Եթե այդպիսի արտահայտությունը հաճախ է լինում, այն կարծես թե ճնշում է մարդկային կերպարանքը, մարում է այն այնպես, որ ոչ մի կերպ հնարավոր չէ վերականգնել: Այստեղից կարելի է հասկանալ, որ զայրույթը հակասում է բանականությանը: Եթե մենք զրկվենք մոլորությունների գիտակցումից, ապա էլ ինչի՞ համար ապրենք:
 

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

[1] Մ.թ.ա. 3 -րդ դարի հույն իմաստասեր, ուներ հետաքրքրությունների ապշեցուցիչ բազմազանություն և անօրինակ աշխատասիրություն (ծանոթությունը՝ թարգմանչի)։
[2] Մ.թ. առաջին դարի հույն իմաստասեր, ազատ արձակված ստրուկ էր և իմաստասիրական դպրոցի հիմնադիր, նրա պարադոքսային մտքերից . «Եթե ցանկանում ես լինել բարի, ամենից առաջ քեզ չար համարիր» (ծանոթությունը՝ թարգմանչի)։

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ