ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 53
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մանուշակ Աբրահամյան
Անընդհատ կրթություն` դպրոցում և ամենուր

Հերմինե Անտոնյան
Ուսուցչի էլեկտրոնային օրագիր



Մեթոդական մշակումներ

Ելենա Սարգսյան
Գնահատում էլեկտրոնային թղթապանակի միջոցով

Жанна Акопян
Учебная самостоятельность, как развить ее у детей?

Արմինե Բաբայան
Նոր մեդիան դասական արվեստի օգնականը

Ուսումնական նյութեր

Արտակ Զարգարյան
Մասսաների հոգեբանության պատմական քննախոսություն

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Ծաղկազարդի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Միխայիլ Կազինիկ [1]
Մոցարտի, Էյնշտեյնի և ամերիկյան ֆանտաստիկայի մասին

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարիետ Սիմոնյան
Այս սերունդը մեզ կստիպի փոխվել

Պյոտր Կապիցա
Պրոֆեսորը և ուսանողը. Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի շրջանավարտների երկույթի ելույթը

Կոնստանտին Շերեմետև
Հնացած գիտելիք

Դմիտրի Լիխաչյով
Նամակներ երիտասարդ ընթերցողներին: Բարության ուղիներով

ԱՐՁԱԳԱՆՔ
Պրոֆեսորը և ուսանողը. Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի շրջանավարտների երկույթի ելույթը

Ավանդական մեր երեկոն, որտեղ հավաքվում են Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը ավարտածները և նրանք, ովքեր ենթադրում են այն ավարտել, բաժանվում է երկու մասի. առաջին մասը կոչվում է հանդիսավոր և նվիրված է մեր ինստիտուտի կյանքին ու գործունեությանը: Երկրորդ մասում դիտում ենք մեր հիասքանչ ինքնագործունեությունը, հանդիպում հին ընկերներին և ուրախանում ենք: Ինձ բախտ է վիճակվում մասնակցելու այս ծրագրի առաջին մասին, որը պակաս գրավիչ է, քան երկրորդը, բայց, ընկերներ, պետք է հիշել, որ լավ ճաշը միշտ բաղկացած է սննդարար տաք ուտեստից, և միայն դրանից հետո է քաղցր խորտիկը հաճույք պատճառում, և տաք ճաշատեսակը չի կարելի անտեսել, դրան պետք է ամենայն լրջությամբ մոտենալ: Իհարկե, ինձ համար, որպես խոհարարի, այդքան էլ հեշտ խնդիր չէ 15-20 րոպեների ընթացքում, որը հատկացվում է ելույթների համար, համեղ տապակա պատրաստել և մեր գործերի մասին այնպես խոսել, որ այն լուրջ լինի, ու դուք չքնեք: Սակայն, մեր ինստիտուտի աշխատանքի հետ կապված հարցերի շարք ունենք, որ բոլորիս պետք է հետաքրքրի: Այ, այդ հարցերի մասին էլ ցանկանում եմ ձեզ հետ խոսել:
Բոլորիդ հայտնի է, որ ֆիզտեխը հիմնվել է քսան տարի առաջ: Այս ինստիտուտի հիմնադրման գաղափարը պարզ էր և ակնհայտ: Գիտությունը շատ արագ էր զարգանում ինչպես մեզ մոտ` Խորհրդային Միությունում, այնպես էլ մյուս երկրներում. ստեղծվել են բազմաթիվ գիտական ինստիտուտներ, այս ինստիտուտները դեպի իրենց են ձգում գիտական լավագույն մասնագետներին, և ամբողջ «մեծ» գիտությունը կենտրոնացել է այդ ինստիտուտներում: Բուհերը արյունաքամ էին եղել` նրանք կորցրել էին դասախոսական կազմը, պրոֆեսորներին, ինչպես նաև սարքավորումները, որոնցով ուսանողները սովորում էին: Այդ պատճառով էլ ուսանողները հնարավորություն չունեին բուհում գիտական աշխատանքով զբաղվելու և նախքան գիտական աշխատանքով զբաղվելը պետք է այլ ինստիտուտներում վերասովորեին:

Բուհերի և գիտական ինստիտուտների միջև այսպիսի խզումը շատ վնասակար էր երիտասարդ մասնագետներ պատրաստելու գործում, այդ պատճառով էլ պետք էր վերացնել այդ խզումը: Հենց դրա համար էլ ստեղծվել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը, որտեղ ուսանողների ուսուցումը սերտորեն կապված է գիտական աշխատանքի հետ, նրանք սովորում են ժամանակակից սարքավորումներով, նրանց դասավանդում են երիտասարդ գիտնականներ, ովքեր ակտիվորեն աշխատում են գիտության ասպարեզում, և, վերջապես, ֆիզտեխում սովորողները գիտական գործունեությամբ զբաղվելը կարող են սկսել արդեն երկրորդ-երրորդ կուրսերից սկսած: Այսպիսով, մեր գիտության կազմակերպման բոլոր թերությունները, որոնք կապված են արագ աճի հետ, զգալի չափով չեզոքացված են:

Այս համակարգի հաջողություններն անկասկած են: Խորհրդային Միությունում գնալով աճում է ՄՖՏԻ-ի սկզբունքով աշխատող ինստիտուտների քանակը, որոնք երիտասարդ գիտնականներ են պատրաստում: Բայց, որքան էլ այս համակարգը տարիների ընթացքում հաջողությամբ աշխատում է, այնտեղ էական թերություններ կան, որոնց դեմ պետք է պայքարել և որոնք է պետք շտկել, և մեր խնդիրն է ախտորոշել այդ թերությունները, փնտրել դրանք չեզոքացնելու միջոցներ:

ՄՖՏԻ-ի առաջին շրջանավարտները արդեն այնքան են աճել, որ մեր ռեկտորը հիմա ընկեր Բելոցերկովսկին է, նախկին ֆիզտեխցին: Շնորհիվ այն բանի, որ նա հաջողությամբ է անցել իր դասընթացը, լավ է հասկանում ֆիզտեխում դասվանդելու և ուսանելու համակարգն ու ոգին, նրա հետ շատ հաճելի և հեշտ է աշխատելը, և նրա հետ մենք հաճախ ենք քննարկում այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են մեր աշխատանքը լավացնելու համար:
Մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ ավելի շատ խնդիրներ ունենք պրոֆեսորական համակազմի հետ. միշտ չէ, որ մեզ հաջողվում է երիտասարդների ուսուցման մեջ ներգրավել լավագույն պրոֆեսորներին: Մի թերություն էլ ասեմ: Ինստիտուտը չի կատարում այն բոլոր գործառույթները, որոնք կարող էր կատարել: Այդ գործառույթների մասին էլ եմ ցանկանում խոսել: Ինչ վերաբերում է պրոֆեսուրային, ապա, ինչպես գիտեք, ունենք և´ լավ պրոֆեսորներ, և´ միջակ, նույնիսկ վատ պրոֆեսորներ են հանդիպում: Ոչինչ չես կարող անել: Այդպես միշտ կլինի:

Թերևս, ամենավատն այն է, որ մեզ մոտ ընդհանուր դասընթացների դասավանդումը անհրաժեշտ չափով լավ ապահովված չէ: Առաջներում բարձրագույն ուսումնական հաստատություններում հիմնական առարկաների դասավանդումը` ընդհանուր ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, մեխանիկա, դրվում էր ամենախոշոր գիտնականների ուսերին, և չափազանց պատվավոր գործ էր համարվում այդ առարկաների դասավանդումը: Հիմա դա փոխվել է, դժվարանում եմ ասել, թե ինչու: Որովհետև երիտասարդների դաստիարակության տեսանկյունից, իհարկե, շատ կարևոր է, որ գիտելիքների հիմքը խոշոր գիտնականները տան, ովքեր կդնեն հիմքը, երիտասարդներին կհաղորդեն այն, ինչը պետք է շենքի կառուցման համար: Եթե հիմքի ամրությունը բավարար չլինի, շենքն էլ չի կարող ամուր կանգնել ոտքերի վրա:

Ինչպե՞ս շտկենք վիճակը, ինչպե՞ս ապահովել, որ բուհում դասընթաց վարեն լավագույն պրոֆեսորները, լավագույն դասավանդողները, լավագույն գիտնականները: Թվում է` կարելի էր ժամանակակից տեխնիկա օգտագործել, ասենք, ֆիլմ ստեղծել, որտեղ դասախոսը` տվյալ բնագավառի խոշորագույն գիտնականը (կամ նույնիսկ գիտնականների խումբը) ուսանողներին կպատմեր ֆիզիկա կամ քիմիա կամ մաթեմատիկա: Իհարկե, դա կգրավի լավագույն պրոֆեսորներին` դասվանդելու ուսանողներին: Բայց, տեսնենք, թե դրանից իրականում ինչ կստացվի: Հնարավոր է, որ ինստիտուտի ղեկավարությունը ողջունի այդպիսի ձեռնարկումը. կկրճատվեն հաստիքային միավորները, և կարիքը չի լինի դասավանդողներ փնտրելու գտնելու: Նախարարության տեսանկյունից էլ նույն հարմարությունն է: Մի ֆիլմ ստեղծելով` նրանք կարող են կրճատել իրենց հաստիքները և նվազեցնել ծախսը բուհերի վրա: Որոշ ուսանողներ էլ ուրախ կլինեին, քանի որ մութ կինոսրահում ավելի հարմար է քնելը, քան լուսավորում:

Սակայն, այդպիսի համակարգն, իհարկե, անհեթեթ է: Պատկերացրեք, որ ինստիտուտում պրոֆեսորների փոխարեն միայն կինոապարատներ են, և միայն ուսանողներ ու կինոմեխանիկներ են հանդիպում: Դա կլիներ շատ տխուր և մութ հաստատություն, որին չէիք վերաբերի որպես մայր բուհի: Սակայն հարցը միայն դա չէ: Ասում են, որ ուսանողները վաղ թե ուշ դրան կհարմարվեն, մի կերպ գլուխները կպահեն: Դրան ավելի վատ կվերաբերեն դասավանդողներն իրենք: Հարցն այն է, որ բոլորովին մոռանում են բարձրագույն ուսումնական հաստատության մեկ ուրիշ դերի մասին` սովորեցնել ոչ միայն ուսանողներին, այլև իրենց` դասախոսներին և պրոֆեսորներին:

Լավ գիտնականը, երբ դասավանդում է, ինքն էլ է սովորում: Նախ` նա ստուգում է սեփական գիտելիքները, որովհետև միայն ուրիշին պարզ բացատրելով կարող ես վստահ լինել, որ ինքդ հասկանում ես հարցը: Երկրորդ` երբ այս կամ այն հարցի նկարագրման պարզ ձևեր ես փնտրում, հաճախ նոր գաղափարներ են ծնվում: Երրորդ` հաճախ անհեթեթ այն հարցերը, որ դասախոսությունից հետո տալիս են ուսանողները, խթանում են միտքը և ստիպում են այլ տեսանկյունից նայել այն երևույթին, որին ստանդարտ ձևով էիր մոտենում, և դա նույնպես օգնում է ստեղծական մտածելուն:

Եվ վերջապես, ուսանողներն ավելի լավ են, ավելի լայն են իմանում ֆիզիկայի հարցերը, քան դասախոսները: Դասախոսը, որպես մասնագետ, նեղ է մոտենում հարցին, նա չունի լայն մոտեցում: Ուսանողների մոտեցումն ավելի լայն է: Եվ երբ ուսանողը զրուցում է դասախոսի հետ, դասախոսը շատ բան է իմանում ուսանողից:
Ահա, թե ինչու է դասավանդման գործունեությամբ զբաղվելը պետք երիտասարդ գիտնականներին: Լավ բուհն այն բուհն է, որը դասախոսների տաղանդի զարգացման համար այնքան լայն հնարավորություններ է ապահովում, որքան և նրանց սաների համար:

Որպեսզի ցույց տամ, որ սրանք ընդհանուր խոսքեր չեն, կբերեմ օրինակների շարք, թե ինչպես է դասվանդումը հանգեցրել մեծ հայտնագործությունների: Այդ օրինակներն այնքան համոզիչ են, որ, կարծում եմ, լիովին հաստատում են այդ գաղափարը:

Ամենադասական օրինակներից մեկը քաջ հայտնի Մենդելեևն է և նրա պարբերական համակարգը: Մենդելեևը փնտրում էր, թե ինչպես կարող է ուսանողներին ավելի հեշտությամբ բացատրել տարրերի հատկությունները, որպեսզի այդ հատկությունները ընկալվեն որպես որոշակի համակարգ: Նա տարրերը բաժանել էր քարտերի վրա, այդ քարտերը դասավորում էր տարբեր կարգերով, և վերջապես գտավ, որ պարբերական աղյուսակի տեսքով դասավորված քարտերը օրինաչափ համակարգ են ներկայացնում: 1869թ. մարտի 1-ին աղյուսակը տպագրվել է առանձին հրատարակությամբ և որոշ ժամանակ անց ընդգրկվել «Քիմիայի հիմունքներում»` որպես հավելված: Այսպիսով, տարրերի պարբերական համակարգը հիմքում Պետերբուգի համալսարանի պրոֆեսոր Մենդելեևի մանկավարժական գործունեությունն է:

Հաջորդ դեպքը, որը մի քիչ ավելի վաղ է եղել, մաթեմատիկային է վերաբերում: XIX դարի սկզբին ռուսական կառավարությունը որոշեց, որ բոլոր պաշտոնյաները պետք միջնակարգ կրթություն ունենան: Հասունության վկայական չունեցող պաշտոնյաները պետք է այն ստանային: Նրանց գործը հեշտացնելու համար ստեղծվել էին դասընթացներ, որոնք պատրաստում էին ատեստատի քննություններին: Այդպիսի կուրսերից մեկում Լոբաչևսկին երկրաչափություն էր դասավանդում: Այդ ժամանակ նա 24-25 տարեկան էր: Նա երիտասարդ էր և տարեց պաշտոնյաներին բացատրում էր էվկլիդեսյան երկրաչափության սկզբունքները: Եվ նրանք ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե որտեղից է հայտվում զուգահեռ ուղիղների չհատվելու մասին աքսիոմը: Լոբաչևսկին երկար գլուխ էր կոտրում, որպեսզի հարմար բացատրություն գտնի, բայց համոզվեց, որ այդպիսի բացատրություն գոյություն չունի: Նա հասկացավ, որ կարելի է կառուցել այնպիսի երկրաչափություն, որտեղ բոլոր ուղիղները հատվում են: Այդպես ստեղծվեց նրա ոչէվկլիդեսյան երկրաչափությունը: Այդպիսով նա ստեղծեց մաթեմատիկայի նոր բնագավառ, որին, ինչպես գիտեք, վիճակված էր հիմնարար դեր խաղալ ժամանակակից ֆիզիկայում:

Մի օրինակ էլ կարող եմ բերել, որն ինձ պատմել է ճանաչված ֆիզկոս Դեբայը: Այդ ժամանակ Դեբայը դասավանդող էր, Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր: Նա մի աշակերտ ուներ, նույնպես դասավանդող` Շրեդինգերը, դեռ քիչ հայտնի երիտասարդ մի գիտնական: Դեբայը ծանոթացել էր դե Բրոյլի աշխատանքի հետ, որում դե Բրոյլը, ով, ինչպես գիտեք, առաջ էր քաշել էլեկտրոնի ալիքային բնույթի գաղափարը, ցույց էր տվել, որ ինտերֆերենցիայի որոշակի պայմանների դեպքում էլեկտրոնի շարժումը կարելի է փոխարինել ալիքային շարժումով: Ալիքային շարժման և քվանտային պրոցեսների, ալիքային շարժման և մասնիկների շարժման համարժեքության գաղափարը ֆիզիկոսների մի խմբի կողմից շատ բացասաբար ընդունվեց: Դրան բացասական էր վերաբերում նաև Շրեդինգերը: Երբ Դեբայը նրան խնդրեց երիտասարդ գիտնականներին պատմել դե Բրոյլի աշխատանքների մասին, Շրեդինգերը սկզբում հրաժարվեց: Հետո, երբ Դեբայը, օգտվելով պրեֆեսորի իր կարգավիճակից, նրան նորից այդ բանն անել խնդրեց, Շրեդինգերը համաձայնեց և սկսեց փնտրել, թե ինչպես կարելի է դե Բրոյլի գաղափարները բացատրել ամբողջական և ճշգրիտ մաթեմատիկական ձևով: Եվ երբ նա պատմում էր դե Բրոյլի աշխատանքների մասին այն ձևով, ինչպես ինքն էր համարում ամենաճիշտը, Դեբայը նրան ասաց. «Լսեք, բայց Դուք նոր, հրաշալի տեսքի հավասարում եք գտել, որը հիմնարար է ժամանակակից ֆիզիկայում»: Այդպիսով, մանկավարժական գործունեության արդյունքում է գտնվել նաև ալիքային հավասարումը` ժամանակակից ֆիզիկայի հիմնական հավասարումը:

Բերեմ նաև չորրորդ օրինակը: Դա տեղի է ունեցել Քեմբրիջում, անցած դարի (19-րդ դարի) երկրորդ կեսին: Այդ ժամանակ տեսական ֆիզիկան Ստոքսն էր դասավանդում: Մի երիտասարդ գալիս է նրա մոտ`ասպիրանտական քննություն հանձնելու: Ասպիրանտական քննություններն այն ժամանակներում բավականին դժվար էին, որովհետև ասպիրանտական տեղերը շատ քիչ էին, 3-4 տեղ, և ասպիարանտուրա անցնելու մրցույթը շատ դժվար էր: Ստոքսը խնդիր առաջադրեց. ընդ որում համակարգը այսպիսին էր` տրվում էր տասնյակի չափ խնդիր, և ուսանողն ինքը պետք է ընտրեր այն խնդիրները, որոնց ցանկանում էր պատասխանել: Տրվում էր որոշակի ժամանակ, և Ստոքսը, առանց անհարմար զգալու, հաճախ առաջադրում էր չլուծվող խնդիրներ, որպեսզի ստուգի` ուսանողը գիտի, որ այդ խնդիրը անլուծելի է: Օրինակ, նա առաջադրում էր այսպիսի խնդիր (դա մինչմաքսվելյան ժամանակներն էին). որոշել գազում արագությունների բաշխումը: Այն ժամանակ արագությունների բաշխումը հայտնի չէր: Բեռնուլին և մյուսները համարում էին, որ արագությունները համարյա հավասար են:

Ի զարմանս Ստոքսի, երիտասարդը լուծեց այդ խնդիրը, և ճիշտ լուծեց: Հավանաբար կռահեցիք, որ այդ երիտասարդը ոչ այլ ոք էր, քան Մաքսվելը:

Այսպիսով, գազում մոլեկուլների արագությունների բաշխման օրենքը Մաքսվելը քննության ժամանակ է հայտնագործել:

Նման օրինակներ էլի շատ կարելի է բերել, բայց ինձ թվում է, որ ակնհայտ է, որ եթե ուսումնական գործունեությունը բեղմնավոր է այդպիսի լուրջ հիմնարար հարցերում, ապա այն, անկասկած, բեղմնավոր է նաև ավելի պարզ հարցերում, այն հաճախ բեղմնավոր ազդեցություն է ունենում ժամանակակից գիտության և ժամանակակից գիտնականների վրա: Այդ պատճառով էլ բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է դիտարկել ոչ միայն որպես երիտասարդ գիտնականներ պատրաստող հաստատություններ, այլև տեղ, որտեղ զարգանում են գիտական տաղանդները և արդեն կայացած գիտնականները: Ուսումնական հաստատությունները այնպես պետք է կազմակերպված լինեն, որ դասավանդող անձնակազմը այս հնարավորությունը ունենա:

Մեզանում միշտ չէ, որ սա ընկալվում է: Մինչև հիմա, օրինակ, համալսարաններում և ուրիշ բարձրագույն ուսումնական հաստատություններում խելամիտ են համարում, որ անձնակազմի մի մասն զբաղվի գիտական գործունեությամբ, իսկ մյուս մասը` մանկավարժական: Հենց բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է այնպիսի համակարգ լինի, որ այն հենվի գիտնականների վրա, ովքեր իրենց ժամանակի ոչ մեծ մասը զբաղված են մանկավարժական գործունեությամբ: Միայն այդ դեպքում ուսումնական հաստատությունը կկատարի ուսանողներին սովորեցնելու և դասավանդող անձնակազմին սովորեցնելու իր բոլոր գործառույթները: Այս պատճառով էլ պրոֆեսորներին կինոապարատներով փոխարինելը միանգամայն անհեթեթ է, այն ուսումնական հաստատության երկրորդ գործառույթը կդարձնի անհնար, ինչը, անկասկած, մոտակա ժամանակներում կզարգացնենք և ինչին մեծ ուշադրություն կդարձնենք: Պետք է, որ մեծ ուշադրություն դարձնենք:

Այս ամենը ձեզ պատմեցի, քանի որ դուք բոլորդ, մոտ ապագայում թողնելու եք ֆիզտեխը և այս կամ այլ կերպ զբաղվեք գիտա-հետազոտական ինստիտուտներում: Եթե ցանկանում եք, որ որպես գիտնականներ շարունակեք աճել, չծերանաք և զարգացնեք ձեր գիտելիքները, ձեզ անհրաժեշտ է չկորցնել կապը եկող սերնդի հետ, սովորեցնել այդ եկող սերնդին և սովորել նրանից, զարգացնել սեփական գիտելիքները: Եթե կտրվեք երիտասարդներին ուսուցանելուց, անմիջապես կսկսեք ծերանալ և գիտության մեջ անմիջապես ետ կմնաք:

Այս փոքրիկ պատգամն եմ ցանկանում ձեզ հաղորդել իմ կողմից, քանի որ այն շատ կարևոր եմ համարում:

1963թ. 

«Эксперимент, теория практика» գրքից

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ