ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 54
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նաիրա Դալուզյան
Իմացումի հրճվանք: Զատկական ծեսը՝ ուսումնական նախագիծ

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
Մեթոդիստ: Կամ դասի կազմակերպման այլ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը


Էյնշտեյնի և Ռաբինդրանաթ Թագորի զրույցը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Զատիկի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արմեն Դարբինյան
Անձնային արժեքներ

Վահրամ Թոքմաջան
Սևից միստիկ: Ինքնահաստատու՞մ, թե՞ ինքնադրսևորում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սոնա Արսենյան
Ինչերե՞ն է խոսում հեռուստացույցը

Աշոտ Բլեյան
Նվեր` տարվա բոլոր օրերի համար
Զատիկի ծեսը Հայաստանում

Զատիկը հեթանոսական տոն

Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:

Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վարուցանքը՝ ավելի զորանալով Վահագնով, իսկ մանուկները գունավոր ձվեր ըձեռքներին երգում-պարում են ու ձվախաղ անում:

Ի հիշատակ դրախտի Կենաց ծառի` Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր էին դնում: Դրանք հավաքում էին այգին էտելու (այսինքն` ծառերի չորացած ավելորդ ճյուղեր կտրելու) ժամանակ:
Այդ ճյուղերի վրա կախում էին նաև զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:

Ըստ Ալիշանի, Զատիկը նույնացվում է վրաց Զադին, եգիպտացիների Սադի, հնդիկների Սատի անվան հետ և հիշատակվում է նաև Զատիկ զաստվածն արդարության յԱրևելս։ Սահին հայկական դիցաբանության մոռացված տոն է, որհավանաբար տեղի է ունեցել գարնանամուտին: Նույնացվում է զոհի կամ զենումի գաղափարի հետ:
Ստ. Մալխասյանցը Զատիկ բառը ստուգաբանում է որպես տոն, ուրախություն:

Մեկ այլ ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)

Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:
Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է ավետարանի հայերեն թարգմանությունում` որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ, որը նշանակում է ելք, անցք):

Զատկի տոնին մարդիկ երկար են նախապատրաստվել` մատաղի համար միջոցներ են հավաքել, յոթ բաղարջ են թխել, ձու են կուտակել, հրաժարվել պարերից, հարսանյաց հանդեսներից, տունուտեղ են մաքրել, հանդերձները նորացրել:Մարդիկ հազար ու մի արարողությունների են դիմել`հիվանդություններից, ցավից, չոռից, կրծողներից, չար ոգիներից, երաշտից, կարկուտից, ջրհեղեղներից, հրդեհներից զերծ մնալու, տարին խերով անցկացնելու համար:Գուշակություններ են կատարել տարվա լավուվատի մասին,ծիսական կերակուրներ են եփել ու ճաշակել:

Զատիկը` քրիստոնեական տոն

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրացույցով (325թ Նիկիայի տիեզերաշողովի որոշմամբ) կատարվում է գարնանային գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին:Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է :

Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից և սկսում են զատկական տոնախմբությունները: Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են `Քրիստոս յարեաւ ի մեռելոց ավետիսով, պատասխանն է` Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։

Տոնի նախօրեին և բուն Զատկի տոնի օրը մարդիկ միմյանց ողջունել են Քրիստոսի հարության առթիվ, մասնակցել պատարագին, ծիսական սեղանի շուրջը հավաքվել`պասից դուրս եկել, ձվակռիվներ, հանրային պարեր ու խաղեր կազմակերպել, խնջույքներում ուրախացել, նախշած ձվեր միմյանց նվիրել:

Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է`«Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է»:

Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը։ Այն կարմիր ներկելու ծիսականությունն իր մեջ պարունակում է ուժի, սիրո և զոհաբերման գաղափարը: Դրանց պսակը հանդիսացավ Հիսուս Քրիստոսի զոհրաբերությունը:

- Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
- Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Զատիկը նաև տնօրհնեքի օր էր: Քահանաները տնից տուն էին շրջում,օրհնում իրենց մեկնված մատուցարանները, որոնց վրա դրված էին լինում թթխմոր, աղ, խունկ, հացահատիկ, ջուր և այլ բարիքներ:Օրհնվում էր բարիքը` ապահովելով տարվա լիությունը:

Հաջորդ օրը` երկուշաբթի, Զատկի մեռելոցն էր (տարվա երկու կարևորագույն մեռելոցներից մեկը): Բոլորը, նորատի հարսներից բացի, գերեզմանատներում էին` իրենց հետ ունենալով զատկական կերակուրներ:
Սուրբ Հարության տոնին առաջներում մատաղ էին անում:Եփված մատաղը բաժանվում էր կիրակի օրը` զատկական պատարագից հետո: Այն տրվում էր հատկապես աղքատներին ու կարիքավորներին:Մատաղի միսը կարմիր ներկած ձվերի հետ տանում էին նաև գերեզմանատուն:

Զատիկի խոհանոց
Զատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի: Ժամանակին ածիկը և սամիրն այդ տոնի ճաշացանկում պարտադիր էին:
Ածիկը պատրաստվում էր ցորենի ծլեցրած կանաչի հյութով, որն ուտում էին պահքից դուրս գալուց` Զատկին նախորդող թաթախման երեկոյան:
Զատկի կերակուրներից ամենաընդունվածը չամչով փլավն է:

Զատկի չամչով փլավ

Հենց սովածանան,
Զատկի փլավը միտը կը բերեն:

Բրինձը եփում են աղաջրում: Կաթսայի տակ լավաշ են դնում, վրան` շերտ-շերտ բրինձ և յուղի մեջ տապակած չամիչ լցնում:

Ձուկ և գինի

Ձո'ւկ կեր, գինի' խմիր. վայ ձկան գլխին:
Ձո'ւկ կեր, ջուր խմիր. վայ ուտողի գլխին:

Պարտադիր ուտեստներից մեկն էլ ձուկն է` խաշած կամ տապակած վիճակում և կարմիր գինին:

Թանապուր

Հոգուտ մեռնիմ թանապուր,
Դու էլ դառար կերակուր:

Թանապուրի ձավարը լվանում են, վրան ձու կոտրում և ալյուր ավելացնում: Անընդհատ խառնելով` քիչ-քիչ ավելացնում են թանը: Պատրաստի ապուրին ավելացնում են սոխառած և տարբեր համեմունքներ` համեմ, դաղձ, ուրց, բազուկի տերևներ:
Զատկի սպասը սովորականից ավելի թանձր է պատրաստվում և անպայման` դաղձով:

Տապակած բանջար

Բանջարը (սիբեխ, սպանախ, փիփերթ, թելուկ, եղինջ) լվանալուց հետո եփում են աղաջրով: Քամում են և տապակելով յուղի մեջ` վրան ավելացնում հարած ձու:
Ի դեպ, այդ օրը բանջարի հետ տուն էին բերում նաև մանուշակներ, որոնք խաչաձև փնջելով` դնում էին Զատկի սեղանի վրա:

Պինդ խաշած ձու` կանաչիով
Զատկի սեղանին հատուկ է կանաչիների առատությունը, սակայն ձվի հետ ճաշակելու ամենասիրված կանաչիները թարխունն ու դաղձն են:
Պինդ խաշած ձուն առավել համեղ դարձնելու նպատակով այն մաքրել են կեղևից, դեղնուցը անջատել սպիտակուցից, ապա դեղնուցը հարել պղպեղի, աղի, կարագի, թթվասերի հետ: Հարած դեղնուցով լցոնել են սպիտակուցը, վրան կտրատել թարխուն և պնակի մեջ շարելով`մատուցել:

Զատկի ձվածեղով փլավ
Թույլ աղաջրում եփած բրինձը քամում են և լցնում նոր պնդացող ձվածեղի վրա: Հետո սկուտեղի վրա շրջում են այնպես, որ ձվածեղը վերևում լինի:

Ճլբուր
Սոխառած են անում, վրան ջուր լցնում, այնուհետև ձվերը հարելով լցնում են վրան և եփում: Ուտելիս ավելացնում են սխտոր և դաղձ:

Տարածված ապուրներից են եղել նաև եղինջապուրը, կաթով կորկոտապուրը, փիփերթով ապուրը, չորթանը:
Տոնական այս ապուրների մեջ օգտագործել են նորածիլ կանաչի, ձու, յուղ, կաթնեղեն:

Ձվանախշում
Ձուն բուսանախշվել է հետևյալ եղանակներով.
Սոխի կեղևով ներկված ձվին սոսնձել են տարբեր տեսակի կանաչիների տերևներ: Այնուհետև մի քանի ժամ ձուն թթու թանի մեջ են պահել և հանելուց հետո սոսնձած տերևներից զգուշությամբ ազատել: Սոսնձած մասերում կարմիր գույնի նախշազարդ տերևների դաջվածք է մնացել, իսկ շուրջը թթու թանից սպիտակած է եղել: Ստացվել է տերևազարդ ձու:
Մինչ սոխի կեղևներով ձվերի ներկելը, դրանց վրա դրվել են բույսերի տերևիկներ և ցանցավոր կտորով պինդ կապել այնպես, որ հեղուկը ձվի կեղևի և տերևի արանքը չթափանցի: Խաշելուց հետո ձուն կարմրել է, իսկ տերևների տեղը սպիտակ է մնացել:
Նորածիլ կանաչ տերևները կամ թղթե նախշերը սոսնձով ամրացնելով ձվին` այն մի քանի ժամ գցում էին թթու թանի մեջ, ապա զգուշությամբ հեռացնում կպցրած նախշը: Դաջվածքը թթու թանից գեղեցիկ սպիտակում էր:
Զատիկին ձվերը փնջում էին գույնզգույն թելերով, մանր ուլունքներով, ներկում էին և զարդանախշում:Սովորաբար փնջած ձվերի բութ ծայրում գույնզգույն թելերի փնջիկ է թողնվում, իսկ ծուր ծայրում նույն թելերից հյուսված պարան, որով էլ այն կախում են տան առաստաղից, ամրացնում պատի աչքի ընկնող տեղում, կամ էլ հայելու առջև:
Ձվի հետ մեկտեղ տարածված է եղել նաև ընկույզ փնջելը:

Օգտագործված գրականություն

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»
Ռուդիկ Հարոյան, «Զատիկ»
Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ»
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ