ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 54
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նաիրա Դալուզյան
Իմացումի հրճվանք: Զատկական ծեսը՝ ուսումնական նախագիծ

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
Մեթոդիստ: Կամ դասի կազմակերպման այլ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը


Էյնշտեյնի և Ռաբինդրանաթ Թագորի զրույցը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Զատիկի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արմեն Դարբինյան
Անձնային արժեքներ

Վահրամ Թոքմաջան
Սևից միստիկ: Ինքնահաստատու՞մ, թե՞ ինքնադրսևորում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սոնա Արսենյան
Ինչերե՞ն է խոսում հեռուստացույցը

Աշոտ Բլեյան
Նվեր` տարվա բոլոր օրերի համար
Անձնային արժեքներ

Դեռ բոլորովին երիտասարդ՝ Արմեն Դարբինյանը գլխապտույտ վերելք է արել, որի պսակը եղել է նորանկախ Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռը:
Ե´վ այն ժամանակ, և´ առավել ևս այսօր, երբ ղեկավարում է երկրի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը, նրա հույսը եղել և մնում է երիտասարդությունը:

Հենց այն երիտասարդությունը, որն այժմ արդեն ձևավորում է մեր ապագայի ուրվագիծը:
Նրա անդավաճան համոզմունքն է. «Մենք այն ազգն ենք, որը կարող է և պետք է հասնի առավելագույնին»:

Արմեն Դարբինյանը երջանկության իր բանաձևն է շարադրում Review-ի [1] ընթերցողների համար:

Մենք բոլորս էլ կանգնած էինք անկախ հանրապետության ձևավորման ակունքին: Ամբողջ ազգը: Այս առումով ես գուցե ուրիշներից հաջողակ եմ եղել, որովհետև դեռ երիտասարդ մասնագետ լինելով` պահանջված եղա:

Այն ժամանակ ինքս էլ` որպես արհեստավարժ, ձևավորվում էի, և այնպես ստացվեց, որ մեր պահանջմունքները համընկան: Ես իմ երկրին հավատարիմ ծառայելու ցանկություն ունեի, իսկ երկիրն իմ կարիքն ուներ` որպես մասնագետի: 

Յուրաքանչյուր մարդ իր սերնդի ինչ-որ արժեքների կրող է: Մեր սերունդն ունեցել է մի քանի չափանիշներ, որոնց անհրաժեշտ էր համապատասխանել;
Կային հայրենասիրության չափանիշներ, հավաքականության չափանիշներ, կային նպատակասլացության, արդյունքներ ստանալու լիցքերով տոգորված լինելու չափանիշներ:
Ես չեմ կարծում, թե ինչ-որ բան զոհել եմ։ Շատերին թվում է, թե իրենք զոհում են իրենց ժամանակը, առողջությունը, երիտասարդությունը, բայց կան նպատակներ, որոնք մարդու համար ավելի կարևոր են, քան, օրինակ, նրա ժամանակը:

Այո´, երիտասարդ ժամանակ ես ակտիվորեն եմ մասնակցել Հայաստանի պետականության շինարարությանը: Դրանք դժվար տարիներ էին: Բայց ես պարտավոր էի կայանալ, ուզում էի կայանալ և կայացա: Դա չի կարելի զոհողություն համարել:

Ես միշտ ողջունել եմ Հայաստանում համալսարանական տարբեր դպրոցների առկայությունը, և նույնիսկ որոշ համալսարանների կազմակերպման մասնակիցը լինելու պատիվն ունեմ. համալսարաններ, որոնք այլընտրանքային կրթություն են առաջարկում` ֆրանսիական, եվրոպական, ռուսական:
Դա մեծացնում է երիտասարդության ընտրությունը, հնարավորություն ընձեռում համեմատելու, համադրելու տարբեր կրթական դպրոցները: Այնպես որ, դա հիանալի է:

Կրթության ոլորտում իմ գլխավոր սկզբունքը ուսանողներին ինքնազարգացման և ինքնաճանաչման անդուլ գործընթացին նախապատրաստելն է:
 Չէ՞ որ ընդամենը մի քանի տարի ենք ուսուցանում նրանց, այնինչ գիտելիքների համալրման պահանջը մշտապես գոյություն ունի: Հայտնի եզրույթ կա, անգլերեն դա հնչում է lifelong learning, բառացիորեն՝ «ուսուցում ողջ կյանքի ընթացքում»:

Իսկ դա վերապատրաստման, վերաորակավորման, այսօրվա տնտեսության պահանջներին համապատասխանեցնելու հնարավորությունն է: 

Ապագա սերունդ դաստիարակելու իրավունք ունենալու համար մարդը նախ պետք է հաջողակ լինի: Համալսարանում ես դրան մեծ նշանակություն եմ տալիս:

Մարդ պետք է պատմի, դասավանդի, բացատրի մի բան, ինչին անձամբ հասել է: Երկրորդ՝ դասավանդողը պետք է ձեռքը գիտության զարկերակին պահի, տվյալ ճյուղի զարկերակին, միայն այդ դեպքում կարող է օգտակար լինել:
Այս առումով, գուցե, դասավանդողների ամենից փորձարարական կազմն ունենք [2]: Մենք անպայման ներառում ենք մարդկանց, որոնք իրենց ոլորտի գործուն ներկայացուցիչ են: Հաճախ նրանք շատ երիտասարդ են լինում, սակայն գործող մասնագետներ:Ուսանողների հետ ես շատ գործուն կապի մեջ եմ, և նրանք անընդհատ կարողանում են ինձ ինչ-որ բանով զարմացնել` բառի ամենալավ իմաստով: Սա բացառիկ երիտասարդություն է: Այս հարցում մենք բավականին հաջողակ ենք և հրաշալի ապագա ունենք. մի վայրկյան անգամ չեմ կասկածում: 

Ես միանգամայն հայրենասեր եմ, Հայաստանի անկախ պետականության և բարեկեցության գաղափարի նվիրյալը: Բայց դրա հետ մեկտեղ երկմշակութային մարդ եմ, հայերեն ու ռուսերեն նույնքան հանգիստ եմ մտածում, գրում ու խոսում: Դա ոչ միայն երբեք չի խանգարել ինձ, այլ, ընդհակառակը, օգնել է:

Հայաստանում կրթության ոլորտն ինչպե՞ս պետք է զարգանա: Պետք չէ հեծանիվ հնարել, համաշխարհային փորձը կա և ցույց է տալիս՝ ինչպես է պետք գնալ: Ուղղակի պետք է իմանանք՝ որտեղ ինչ է կատարվում, պետք է համաշխարհային հեղինակավոր ուսումնական կենտրոնների հետ ամուր կապեր հաստատել, կիրառել այն ամենը, ինչ արդեն փորձարկված է:

Կա շատ կարևոր մի սկզբունք` տալու սկզբունքը: Ես երբեք ոչինչ չեմ կուտակում, ամեն ինչ տալիս եմ: Երբ բաժանում ես ուրիշներին, ստանում ես: Եթե փոխանցում ես քո փորձը, կուտակած բարիքը, հնարավորությունները, հարստանում ես ավելի: Ավելի շատ համախոհներ ես ձեռք բերում, ընկերներ, սեր:

Պետք է կարողանաս ծառայել սիրուն: Կարծեմ Մարկեսն ունի «սիրո սիրահարվածություն» արտահայտությունը: Այ, ես այդպես սիրահարված եմ սիրուն։ Պետք է սիրել կարողանաս, մարդ առանց դրա չի կարող կայանալ, առանց դրա սեփական ներուժի ամբողջական իրականացում չի լինի:

Պետք է կարողանաս գտնել սեփական հարմարավետության տարածությունը: Եթե դա չես գտնում, կանգնիր, ոտքերիդ տակ զգա հողը, քեզ աշխարհարարման կենտրոնում զգա և փորձիր այդ տարածությունն ինքնուրույն ստեղծել:

Տղամարդու համար շատ կարևոր է սեփական արժանապատվության գիտակցումը, երբ գիտես, որ պատիվն ու ազնվությունը չես ոտնահարել, դրանք կախման մեջ չես դրել այսրոպեական ինչ-որ բարիքներից: Ձողը չիջեցնելը շատ կարևոր է: Երբեմն կարծում են, թե տարիքի հետ կարելի է և խղճի դեմ ինչ-որ զիջումների գնալ: Ինձ համար հոգեկան ներդաշնակությունն ու ինքս ինձ հակառակվելն անհամատեղելի են:

Անկախ տարիքից:
Երիտասարդներից սովորում եմ: Նրանք ինձ ստիպում են պահպանել կեցվածքը, ներուժը, իրենց պահանջների մակարդակին լինել: Իսկ նրանց պահանջները սերնդից սերունդ աճում են: Եթե ավագ խորհրդատուն չհամապատասխանի երիտասարդ սերնդի պահանջներին, նշանակում է անհետաքրքիր կդառնա, իսկ անհետաքրքիր լինել՝ նշանակում է կորցնել որակավորումը:

Ես շատ նախաձեռնող մարդ եմ: Նույնիսկ չափազանց նախաձեռնող եմ: Ես մշատապես ինչ-որ արկածներ եմ հորինում: Դա լավ է, սակայն դրանով ես հանգիստ չեմ տալիս նրանց, ովքեր իմ կողքին են: Ես հանգստություն չեմ ուզում, բայց մարդիկ, որ ինձ շրջապատում են, խնդրում են փոքր-ինչ կայունացում: Չեմ կարծում, որ երբևիցե դրան պատրաստ կլինեմ:

Միշտ կստեղծագործեմ, քանի որ ինձ համար այդպես անհամեմատ հետաքրքիր է ապրելը:

Ես մաքսիմալիստ եմ: Նյութական տեսակետից դա գուցե շահավետ չէ, բայց ինձ հարմար է:
Ես ադմինիստրատոր չեմ, չնայած կառավարել, իհարկե, կարող եմ: Բացարձակապես ֆունկցիոներ չեմ: Ինձ դուր չի գալիս մարդ-գործառույթի իմ դերը: Ես հայեցող եմ: Ստեղծագործ հայեցող, որն իր մեջ վերամշակում է այն ամենը, ինչ ստանում է դրսից։ Դա հանգեցնում է հոգու հագեցման և վերածվում է ստեղծագործության։

Մենք պետք է ստեղծագործական լինենք: Չէ՞ որ ստեղծագործողը միայն այն մարդ չէ, որն աշխատում է արվեստի ոլորտում, դա մարդ է, որն ինչ-որ բան ստեղծում է: Մեր լավագույն գործարարները արարիչ են, մեր լավագույն աշխատողները ստեղծագործողներ են, մեր լավագույն արհեստավորները ստեղծագործող են: Եվ յուրաքանչյուրին պետք է ստեղծման մեջ իրեն առավելագույնս դրսևորելու հնարավորություն տանք: Դա է երջանկության բանաձևը:

Հայաստանի գլխավոր ներուժը մարդիկ են, որոնք պետք է սովորեն երջանիկ լինել: Մենք դա դեռ չենք կարողանում: Եվ դա մեր պատիժն է: Կուբացիները, օրինակ, կարողանում են: Դրա համար պարտադիր չէ հարուստ լինելը: Հիանալի տաղանդավոր ազգ ունենք, որը մեր երկրի գլխավոր արժանիքն է: Հատկապես երիտասարդությունը. դա շատ լուրջ ուժ է, դա մեր երջանկության ծանրակշիռ փաստարկն է: Եթե ոչ այսօրվա, ուրեմն վաղվա:

Մենք սովորաբար տխրում ենք և մեր դժբախտությունների մեղավորներին դրսում որոնում: Այդպիսի մոտեցմանն սկզբունքորեն դեմ եմ: Ե´վ հաջողությունների, և´ ձախողումների աղբյուրը մարդն է: Ինչ ասես` կարող ես գտնել քո մեջ, և պետք է փնտրես այն, ինչը երջանկության կհանգեցնի: Մենք դրա ներուժն ունենք և պարտավոր ենք դրան հասնել: Որովհետև մենք այն ազգն ենք, որը կարող է և պետք է հասնի առավելագույնին:

Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթև Աբրահամյանի 


[1] Review, թ. 5, 2011թ.: Հրապարակումը` Կարինե Ղազարյանի
[2] Նկատի ունի Սլավոնական համալսարանը։ 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ