ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 54
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Նաիրա Դալուզյան
Իմացումի հրճվանք: Զատկական ծեսը՝ ուսումնական նախագիծ

Մեթոդական մշակումներ

Մարգարիտ Սարգսյան
Մեթոդիստ: Կամ դասի կազմակերպման այլ ձև


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը


Էյնշտեյնի և Ռաբինդրանաթ Թագորի զրույցը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Զատիկի ծեսը Հայաստանում

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Արմեն Դարբինյան
Անձնային արժեքներ

Վահրամ Թոքմաջան
Սևից միստիկ: Ինքնահաստատու՞մ, թե՞ ինքնադրսևորում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սոնա Արսենյան
Ինչերե՞ն է խոսում հեռուստացույցը

Աշոտ Բլեյան
Նվեր` տարվա բոլոր օրերի համար
Ինչերե՞ն է խոսում հեռուստացույցը

Ինչպե՞ս են խեղդում լեզուն: Ձեռքերո՞վ: Ոչ, չգուշակեցիք: Սա շատ ավելի բարդ, բայց և շատ ավելի հետաքրքիր գործընթաց է: Դրանով զբաղվում են միայն նրանք, ովքեր բարձրագույն կրթություն ունեն և բարի նպատակներ:
Պատմությունը սկսվել է այն հեռավոր ժամանակներում, երբ «Շանթ»-ով դեռ «Վերվարածներ» ցույց չէին տալիս:
Լեզվասպանության համար ստեղծված առաջին զենքը այն մահացած տեքստերն էին, որոնք հորինում էին մի շարք ՀՀ վաստակավոր գիտնականներ, և որոնք մենք անվանում ենք «պարագրաֆներ»: Որտե՞ղ կարելի էր ներարկել այդ տեքստերը. hիշեք, այն ժամանակ ինտերնետը դեռ տարածված չէր ՀՀ-ում: Բնականաբար, գրքերում, ավելի ճիշտ դասագրքերում: (Ի՞նչ թաքցնեմ, մեր սերունդը ընթերցասիրությամբ չի տառապում, իսկ դասագրքերը ուզես-չուզես գոնե տարին մեկ պիտի թերթես): Սակայն լեզվասպանության այդ` թվում էր, թե անթերի ծրագիրը խափանվեց: Այո, այո, մի զարմացեք, խափանվեց, բայց մի արդյունքի, այնուամենայնիվ, հանգեցրեց. ժարգոնասերների բանակի շարքերը համալրվեցին դժգոհ աշակերտներով (և ոչ միայն…): Դե իհարկե, «զուբրիտ» անելու համար «մահացած» հայերենով գրված պարագրաֆները շատ անհարմար են:

Լեզվի «պահապանները» պատրաստեցին հաջորդ ջախջախիչ հարվածը. «լեզվասերներից» առավել ճարպիկները մուտք գործեցին հեռուստատեսություն: Առաջին հերթին մահացած լեզուն ներարկվեց լրատվական հաղորդումներ: Սակայն պարզվեց, որ «Հայլուրն» ու «Հորիզոնը» բավական չեն լեզվափոխություն իրականացնելու համար, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մատաղ սերունդը լուրերով առանձնապես չի հետաքրքրվում: Այդ ժամանակ «հատուկ օպերացիայով», Հայաստան ներկրվեցին, բառիս բուն իմաստով, տոննաներով բրազիլական, մեքսիկական, արգենտինական և չգիտեմ էլի ինչական սերիալներ (մեծածախ գնումների դեպքում գործում է զեղչերի ճկուն համակարգ): Ու սկսվեց չակերտավոր թարգմանչական շարժում: Սերիալները թարգմանվում էին այնպիսի ջանասիրությամբ, որ ազգի փրկիչներին մի պահ նույնիսկ թվաց, որ իրենց առաքելությունը կատարված է: Սակայն այստեղ մի նոր խնդիր առաջ եկավ. արգենտինական և բրազիլական սերիալերում Հայկեր ու Արամներ չկան, ոչ էլ՝ Հայկարամներ: Եվ ինչպե՞ս կարող է «մեծ հայրենասերը» հանդուրժել, որ մեկ-երկու տասնյակ տարի հետո ամբողջ Հայաստանը լցվի խոսեիգնասիոներով և մարիալուիզաներով: Չէ, պետք էր շտապ փակել օտար սերիալների ճանապարհը, որոնք իսկական պատուհաս դարձան ազգի փրկիչների համար:

Եվ ահա, հայկական սերիալներ՝ հեռուստանովելներ ստեղծելու հանճարեղ որոշում: Կա խնդիր, կա լուծում: Կա լուծում, կա նոր խնդիր: Եվ ի՛նչ խնդիր:

Դերասանը ո´չ թուղթ է, ո´չ էլ գրիչ: Նրան չես կարող ստիպել, որ անկենդան տեքստեր «խաղա»: Բնականաբար դերասանները սկսեցին խոսակցականի տարրեր ներմուծել սցենար: Հետո ըմբոստացան սցենարիստները: Եվ աստիճանաբար սերիալների լեզուն մաքսիմալ մոտեցավ փողոցային ժարգոնին, և հակառակը` ամեն սերիալ իր ներդրումն ունեցավ ժարգոնի հարստացման գործում: Այսպես «Վերվարածները ընտանիքում» սերիալից հետո դպրոցում շատացան«Համեստներն» ու «Ճպլները», ամեն քայլափոխին լսվում էր՝ «Հարևան ջան», «Ջիգյարդ ուտեմ», «Հորմոնալ դիսբալանս», «Կոպալը կտամ գլխիդ»: «Որոգայթից» հետո ջահելությունը յուրացրեց՝ «Շակալներ», «Մառոզ եմ անում», «Էս ուգռաժատ ե՞ս անում», «Ստռախ ես գանյատ անում» և այլն: «Ere1»-ը նշանավորվեց՝ «Արա այ ուռուգլուխ» և «Արա, գյալուբոյ են սաղ, գյալուբոյ» թևավոր խոսքերով: «Կարգին մուլտերը» սովորեցրին երեխաներին, թե ինչպես կարելի է ազատել տունը «տառականներից» «հիտլերի մեթոդով» (Ձեզ պետք է աթոռ և խավարասերներ: Կանգնում եք աթոռին ու լուրջ դեմքով ասում եք. «Հըլը մի հատ ուշադիր լսեք` ձեզ ինչ եմ ասում: Հերիք էղավ, բոլ էղավ, սաղդ հենց հիմա հելնում եք ու գնում եք էս տնից»: Ու ամենակարևորը, էդ ընթացքում հանկարծ չծիծաղեք, թե չէ տառականները կմտածեն, որ կատակ եք անում:), «Ջոգածա, ձիուկ», «Արա, յոնջելախցի Բլյութուդիկին ճանաչում ե՞ս» և այլ կարևորագույն արտահայտություններ: «Կարգին սերիալ» նշանակում է՝ «Արա, ո~նց եմ ես ձեզանից զզվում», «Հը~յ», «Պռիվեեեետ», «Արամի~կ» և այլն: Իսկ հայկական ամենասիրված (իհարկե չակերտներում) սերիալը` «Աննան», իրենից հետո ոչ մի բան էլ չթողեց, բացառությամբ «Աննա» բառի, որն առանց այդ սերիալի էլ վաղո~ւց արդեն կար:

Կային սերիալներ, որոնք մինչև վերջ մնացին հավատարիմ իրենց առաքելությանը: Օրինակ՝ «Հանուն սիրո»-ն: Դերասանները ազնվորեն վաստակում էին իրենց հանապազօրյա հացը «ջուր ծեծելով», բայց՝ միաժամանակ աշխատելով չօգտագործել Հայկական Առաջինին անվայել բառեր: Եթե փորձեք հաշվել այդ սերիալ սրսկված անկապ գրական բառերի քանակը, կհասկանաք, որ թվերի բազմությունը անվերջ է (իսկ դուք վիճում էիք մաթեմատիկայի ուսուցչուհու հետ. սրանից հետո դասերին սուս կմնաք):

Սերիալների մի առանձին թեմա է ռուսախոսությունը: Չգիտես ինչու, բոլոր «սերիալական» բժիշկները ռուսախոս են: Դրանից բացի, յուրաքանչյուր սերիալում պիտի լինի գոնե մի կերպար, որը խոսում է միայն ռուսերեն, բայց որի հետ բոլորը խոսում են հայերեն, ու պարզ չի` ինչպես են հերոսները իրար հասկանում. կամ ռուսախոսը հայերեն լավ էլ խոսում է, պարզպես «ձևեր է թափում», կամ էլ շրջապատը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ այս մարդը հայերեն չգիտի: (Լավ է, գոնե «Որոգայթում» Մավրին պոլիգլոտ սարքեցին, որ կարողանա սովորել հայերենը ու «թարգել» ռուսախոսությունը):

Իսկ հիմա փորձեք հաշվել` ժարգոնային քանի՞ բառ օգտագործեցի այս մի հոդվածում: Շատ են, չէ՞: Մենք փակուղու առաջ ենք: Դասագրքերում հանդիպում ենք մահացած տեքստերի, իսկ փողոցում անընդհատ լսում ենք սերիալների երկխոսությունները: Այսինքն` կա´մ քիմիապես մաքրված ջուր է, որն իր մեջ ոչ մի օգտակար նյութ չի պարունակում և թույնի պես մահացու է, կա´մ էլ ասֆալտին փռված ջրափոսերի պղտոր ջուրն է: Մեկ էլ` ընտրության իրավունք ունենք …

Հ.Գ. Հարգում եմ Գևորգ Ալթունյանին («Տեսանկյուն» Հ1). մարդն օգտագործում է հենց այն բառերը, որոնք իմաստը տեղ կհասցնեն, Արտյոմ Երկանյանին (մի ժամանակ «Շանթ» հեռուստաընկերությունում էր), լեզուն մի գրամ անգամ չի «աղտոտում», բայց և չի սպանում, Կարին Անտոնյանին («Հայ ասպետ» Հ1). ոչ միայն ինքն է կիրթ, այլև՝ ուրիշներին է կարողանում կրթել: 

Աղբյուրը` «Լուսաստղ»

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ