ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 55
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Жанна Акопян
Особенности обучения второму иностранному языку в старшей школе

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Ձյան փաթիլից մինչև ձնագունդ

Մարգարիտ Սարգսյան
Դիտարկումներ. ակումբային աշխատանք


Մեդիակրթության առանցքային տեսությունները

Ուսումնական նյութեր

Ջանի Ռոդարի
Ինչպիսի սխալներ են լինում։ Հեքիաթներ

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Շալվա Ամոնաշվիլի
Որտե՞ղ ես, ժպիտ իմ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Կարինե Բաբուջյան
Թատերական ակումբ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Раиса Погосян
Интерактивный метод в обучении учащихся с активным вовлечением родителей в процесс воспитания

Յուրա Գանջալյան
Զգու΄յշ, Գնահատման և թեստավորման կենտրոնն է առաջարկում
Ինչպիսի սխալներ են լինում։ Հեքիաթներ

Լինել և ունենալ

Մի անգամ ուսուցիչ Քերականը գնում էր գնացքով և լսում էր խցիկի հարևանների խոսակցությունը: Բանվորներ էին հարավային Իտալիայից, որ արտասահման էին գնացել: Նրանք այնտեղ երկար էին աշխատել և հիմա հարազատներին տեսնելու համար ժամանակավորապես տուն էին դառնում:
-Ես 5 տարի առաջ եմ ուղևորություն ունեցել Իտալիա,- ասաց նրանցից մեկը:

– Իսկ ես Բելգիա եմ ուղևորություն ունեցել, ածխահանքում եմ աշխատել, և դա շա~տ դժվար էր:
Որոշ ժամանակ ուսուցիչ Քերականը լսում էր նրանց ու լռում: Բայց, եթե նրա դեմքին նայեիք, կնկատեիք, թե ինչպես է բարկանում և ինչքան նման է ջրով լիքը թեյնիկի, որն ուր որ է կեռա: Վերջապես ջուրը եռաց, կափարիչը թռավ, և խիստ նայելով ուղեկիցներին՝ ուսուցիչ Քերականը բացականչեց.

- «Ուղևորությո~ւն եմ ունեցել, ուղևորությո~ւն եմ ունեցել»: Էլի´. «լինել» բայի փոխարեն «ունենալ» բայն օգտագործելը հարավցիներիդ սովորությունն է: Մի՞թե դպրոցում ձեզ չեն սովորեցրել, որ պետք է ասել. «Ես եղել եմ Իտալիայում», ոչ թե՝ «Ես ուղևորություն եմ ունեցել Իտալիա»:

Բանվորները լռեցին` հարգանքով լցված այդ սպիտակ մազերով, սև գլխարկով պատկառելի սինյորի նկատմամբ:
– «Ունենալ» բայը չի կարելի այդպիսի կապակցությամբ գործածել,- շարունակեց ուսուցիչ Քերականը,- դա կոպիտ սխալ է: Դա սխալ արտահայտություն է:

Բանվորները հոգոց հանեցին: Հետո նրանցից մեկը հազաց, կարծես համարձակություն էր հավաքում, և ասաց.
– Շատ հնարավոր է, սինյո´ր, որ դուք ճիշտ եք: Դուք, հավանաբար, շատ եք սովորել: Իսկ ես ընդամենը կրտսեր դպրոցն եմ ավարտել, բայց էն ժամանակ էլ ստիպված էի ավելի շատ ոչխար արածեցնել, քան դասագրքով զբաղվել: Շատ հնարավոր է, որ դա սխալ արտահայտություն է:
– Իհարկե, սխալ է:
– Հա-հա: Ու դա, երևի, շատ կարևոր է, չեմ վիճում: Բայց, ինձ թվում է, որ դա նաև շատ տխուր արտահայտություն է, շա՜տ: Ախր, մենք ստիպված ենք աշխատանք փնտրել օտար երկրներում… Ստիպված ենք լինում երկար ժամանակով լքել մեր ընտանիքները, երեխաներին:

Ուսուցիչ Քերականը շփոթվեց.
– Իհարկե.... Ընդհանրապես...Մի խոսքով... Սակայն, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում պետք է ասել «եղել եմ», ոչ թե ես «ուղևորություն եմ ունեցել»: Այդպես միայն գերմանացիներն են խոսում: Իսկ մենք պետք է գործածենք այլ բայ` ես եղել եմ, մենք եղել ենք, նա եղել է...

– Է~հ,- հարգալից ժպտալով՝ ասաց բանվորը,- ես եղե´լ եմ: Մենք եղե´լ ենք… Գիտե՞ք, թե մենք ամենաշատը որտեղ կուզենայինք լինել: Մեր հայրենիքում: Չնայած մենք ուղևորություն ենք ունեցել Ֆրանսիայում էլ, Գերմանիայում էլ, բայց ամենից շատ կուզեինք այստեղ լինել` Իտալիայում, չհեռանալ այստեղից, աշխատանք, լավ տուն ունենալ և հանգիստ ապրել մեր տանը:

Եվ նա պարզ ու բարի աչքերով նայեց ուսուցիչ Քերականին: Ուսուցիչ Քերականը շատ էր ուզում բռունցքներով ծեծել իր գլուխը: Եվ ինքն իր հասցեին փնփնթում էր. «Տխմա´ր: Դու իսկական հիմար ես, ուրիշ ոչինչ: Սխալներ ես փնտրում... Սխալ արտահայտություննե~ր... Իսկ սխալը, և շատ ավելի լուրջ սխալը, ուրիշ տեղ է»:

Ռուսերենից թարգմանեց Մերի Գրիգորյանը

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում‚ ով երազում էր մեծ գյուտարար դառնալ: Նա գիշեր ու ցերեկ սովորում էր, երկար տարիներ, և վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գետնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչի եմ ընդունակ:
Նա միանգամից անցավ փորձեր անելուն, և նրան հաջողվեց հայտնաբերել պանրի միջի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված էին:

Եվ այդժամ նա նորից սկսել սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, երեկոյից առավոտ, երկար ամիսներ, և վերջապես նորից ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է: Ես արդեն գիտունական եմ… Պետք է տեսնել, թե ինչի եմ ընդունակ:
Եվ բոլորը տեսան` նա անձրևանոցի վրա անցքեր էր հայտնաբերել: Եվ բոլորը մի լավ ծիծաղեցին:Բայց նա չհուսահատվեց‚ այլ նորից սկսեց գրքեր կարդալ‚ շարունակեց իր փորձերը և վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը~, այժմ ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես ուղղակի գիտնեկան եմ:

Բայց, այնուամենայնիվ, այս անգամ էլ սխալվեց: Նրա գյուտը նավերը ջրաներկով ներկելն էր: Դա շատ թանկ նստեց և ծովի գույնը փոխեց:

– Միևնույն է` չեմ նահանջելու‚- որոշեց խիզախ գյուտարարը, որի գլուխը արդեն ալեհեր էր դարձել:

Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Եվ այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզենար: Օրինակ‚ Լուսին ուղևորվելու մի մեքենա հորինեց, գնացք‚ որին ընդամենը մի բրնձահատիկ էր հարկավոր‚ որ հազարավոր կիլոմետրեր սլանար‚ կոշիկներ‚ որ երբեք չէին մաշվում, և բազմաթիվ այլ հետաքրքիր իրեր:

Նա միայն մի բան չկարողացավ բացահայտել՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Եվ, հավանաբար, ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Ռուսերենից թարգմանեց Աշխեն Գրիգորյանը

Ցախավելը և Բեֆանան [1]

Բեֆանան [1], որ ապրում է Նավոնի հրապարակում, Նոր տարուց հետո ցախավելն արդեն օգտագործում է միայն այլ աշխարհներ այցելելու համար: Նա Լուսին, Մարս, Անտարես է թռչում: Կտրում-անցնում է միգամածություններ ու գալակտիկաներ: Վերջում Բեֆանաների երկիր է վերադառնում և միանգամից հարձակվում քրոջ վրա, թե ինչու հատակը չի լվացել, կահույքի փոշին չի վերցրել և վարսավիրանոց չի գնացել: Բեֆանայի քույրը նույնպես Բեֆանա է, սակայն ճամփորդել չի սիրում: Նա ամբողջ օրը տանը նստած շոկոլադ է ծամում և անիսոնե սառնաշաքար ծծում: Նա ավելի ծույլ է, քան քսանչորս կովը միասին:

Քույրերը ցախավելների խանութ ունեն։ Այդտեղից են ավել գնում Իտալիայի բոլոր վայրերի Բեֆանաները` Օմենիայի, Ռեջիո-Էմիլիի, Ռիվիսոնդոլայի. ամեն տեղից գալիս են: Հազարավոր Բեֆանաներ կան, և նրանք մեծ քանակությամբ ցախավել են գործածում, այնպես որ, քույրերի գործը աջ է գնում: Իսկ երբ ավելի պահանջարկը պակասում է, Բեֆանան քրոջն ասում է.
- Պահանջարկն ընկնում է, պետք է մի բան մտածել: Եվ դու, հավանաբար, ճարը կգտնես. չէ՞ որ այդքան շոկոլադ ես ուտում:
- Կարելի է ցածր գներով վերավաճառք կազմակերպել: Անցյալ տարի հին, վերանորոգված ցախավելներն այդ եղանակով նորի տեղ վաճառեցինք:
- Ավելի լավ բան մտածիր, թե չէ կոնֆետիդ ծախսերը կկրճատեմ:
Բեֆանայի քույրը կենտրոնացած մտածում է.
- Կարելի է,-ասում է նա,- նորաձևություն առաջարկել, օրինակ՝ մինի-ավել:
- Դա ի՞նչ է:
- Շատ կարճ ավել:
- Բայց դա անպարկեշտ կերևա:
- Պա ̃հ: Մի քանի ծեր Բեֆանաներ կվրդովվեն, իսկ հետո, կտեսնես` ջահել Բեֆանաների ուշքը կգնա այդպիսի ավելիկների համար:

Նորաձև մինի-ցախավելները աղմկալից հաջողություն են ունենում: Սկզբում տարեց Բեֆանաները վրդովմունքից պատեպատ էին զարկվում, խնդրագրեր էին ուղարկում թերթերին և բողոքի ցույցեր կազմակերպում: Բայց հետո նրանք էլ, վարագույրները պինդ փակելով, թաքուն փորձում էին այդ ցախավելը: Մի գեղեցիկ օր նրանք էլ մինի-ցախավելներով փողոց դուրս Եկան: Ամենաժլատ Բեֆանաները պարզապես կտրում են իրենց ցախավելների պոչերը: Բայց դա աչք էր ծակում, որովհետև խախտվում էր համաչափությունը, և ժլատությունն էլ նրանց պատիվ չի բերում:

Որոշ ժամանակ անց պահանջարկը նորից նվազում է:
- Դե,- ասում է Բեֆանան քրոջը,- էլի մի բան մտածի´ր, թե չէ կինոյի փող էլ չեմ տա:
- Բայց գլուխս էլ է արդեն ցավում, այնքան եմ մտածում:
- Չես մտածի, կինո չես գնա:
- Ո~ւֆ, մաքսի-ցախավելների նորաձևություն առաջարկիր:
- Դա ի՞նչ է:
- Շա~տ երկար ցախավել, երկու անգամ երկար, քան պետք է:
- Հը ~մ, իսկ դա ավելորդություն չի՞ լինի:
- Իհարկե, ավելորդություն կլինի, հենց դրա համար էլ պահանջարկը կմեծանա:

Եվ այն օրը, երբ առաջին Բեֆանան` մի շատ երիտասարդ և սլացիկ Բեֆանիկ, հասարակության մեջ հայտնվում է իր մաքսի-ցախավելով, բոլոր Բեֆանաները ուղղակի նախանձից խելագարվում են: Գրանցվել է քսանյոթ ուշագնացություն, երեսունութ նյարդային նոպա և քառասունինը հազար հեծկլտոց: Դեռ երեկո չեղած՝ արդեն մաքսի-ցախավելների խանութի առջև այնպիսի երկար հերթ առաջացավ, որ դրա վերջը մինչև Բուստո Արսիցիո էր հասնում:

Հաջորդ տարի Բեֆանայի քույրը սալորաչրի միջուկով շոկոլադի տուփի դիմաց հայտնագործում է միդի–ցախավելը: Ո´չ մեծ էր, ո´չ փոքր, միջին էր: Բեֆանաները շատ են հարստանում և փոշեկուլի խանութ են բացեցին:

Եվ այդ ժամանակից սկսվում են դժբախտությունները, որովհետև Բեֆանաները, թռչելով ոչ թե ցախավելներով, այլ փոշեկուլներով, ներս են քաշում ամպերը, գիսաստղերը, մեծ ու փոքր թռչուններին, անկարգելներով թռչողներին, օդապարիկները, երկնաքարերը, բնական և արհեստական արբանյակները, փոքր մոլորակները, չղջիկներին և նույնիսկ լատիներեն դասավանդողներին: Իսկ մի Բեֆանա անուշադրության պատճառով մի անգամ ներս է քաշում ինքնաթիռն իր ուղևորներով, և հետո էլ ստիպված է լինում բոլորին տուն հասցնել ծխնելույզով:

Փոշեկուլը լավ է, երբ պետք է մաքրություն անել: Իսկ ճամփորդելու համար, թերևս, հին ցախավելն ավելի պիտանի է:

Ռուսերենից թարգմանեց Լուսինե Բարսեղյանը

Հեքիաթները խմբագրեց Արևիկ Ներսիսյանը

[1] Հայերեն թարգմանության մեջ նախընտրել ենք իտալերեն «La scopa e... la Befana» վերնագրիը: Ռուսերեն թարգմանության վերնագիրն է «Вещь первая. Метла»: 

[2] Բեֆանան իտալական բանահյուսական կերպար է՝ կախարդ պառավ, ջադու (ծանոթ.՝ խմբագրի)։ 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ