ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Մեդիակրթություն. ինչ է դա

Կրթությունն այսօր նախկինից տարբերվող չափանիշներ ունի։ Հիմա ամեն տեղեկություն հնարավոր է խիստ կարճ ժամկետներում գտնել, օգտագործել, հետևաբար հիշողությամբ ամեն ինչ պահել չարժե, և հնարավոր էլ չէ։ Այսօր կրթված մարդը պիտի տիրապետի հաղորդակցական հմտություններին (թեպետ դա միշտ էլ գնահատելի է եղել), կարողանա հասկանալ իրեն ուղղված ասելիքը և նույնքան նպատակային արտահայտվել։ Արևմտյան ժամանակակից մանկավարժները (Մաստերման, Բրուներ և Թեյլի, Հարթ, Հեյլի, Կոսիդայն և այլն) մի շարք տեսություններ են մշակել ու փորձում են գործնականում կիրառել դրանք հենց հաղորդակցվող հասարակություն դաստիարակելու համար, Արևելյան Եվրոպան ու Ռուսաստանն էլ հետ չեն մնում։ Այստեղից՝ մանկավարժության համեմատաբար նոր՝ «մեդիամանկավարժություն» կոչվող ուղղությունը։

Իսկ ի՞նչ է մեդիան։ Մեդիան զանգվածային հաղորդակցման միջոցներն են։ Մեդիակրթության հիմնական նպատակը նոր սերունդը տեղեկատվական նոր պայմաններում ապրելուն պատրաստելն է։ Մեդիակրթությունը սովորեցնում է անհատներին տեղեկությունը մեկնաբանել և տեղեկություն ստեղծել, հաղորդակցման համար ընտրել իրեն ամենահարմար ու ամենամատչելի միջոցը՝ օգտագործելով նաև ժամանակակից տեխնիկան և տեխնոլոգիան։ Ըստ մշակութաբան Բիբլերի՝ կրթված մարդը վերածվում է մշակութակիր մարդու, ում համար կարևոր են ոչ թե պատրաստի գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, այլ դրանց հղկման, ձևավորման մշակույթը, գիտելիքը փոխելու ճանապարհների իմացությունը , կարողություններն ավելացնելու կարողությունը։ Մեդիագրագիտությունը, ըստ մեկ այլ մանկավարժի՝ Սեմալիի, օգնում է, որ մարդ վերլուծի, գնահատի տարբեր մեդիատեքստեր, հաղորդակցվի դրանցով։ Այստեղ, եթե սովորողը հասնում է անհրաժեշտ հմտության, համընկնում են անհատի և հասարակության շահերը՝ հարթ ու արդյունավետ հաղորդակցում է տեղի ունենում՝այստեղից բխող արդյունքներով (փոխըմբռնում, արդյունավետ գործողություն և այլն)։

Մեդիան՝ մեդիատեքստը բազմաշերտ է. ունի ձև, բովանդակություն, արտահայտչամիջոց, ուղղված է լինում որոշակի լսարանի, ունենում է որոշակի նպատակ։ Հասկանալու և մեդիատեքստ ստեղծելու համար հարկավոր է, որ սովորողը տեղեկություն ունենա ամենատարբեր ասպարեզներից։ Մեդիակրթությունը, սրանից ելնելով, ներհյուսված պիտի լինի հանրակրթական բոլոր առարկաների մեջ։

Կրթահամալիրի դպրոցում` որպես ժամանակակից հանրակրթական հաստատությունում, սովորում են տեքստ կարդալ (տեղեկություն ընդունել), հասկանալ (ինչպես ցանկացած առարկայի թեմաները) և տեքստ (տեղեկություն) ստեղծել՝ արտահայտվել (օրինակ՝ դաս պատասխանելու պրոցեսը)։

Ուրեմն՝ մեդիակրթությունը փորձենք տեղավորել երկու ուղղություններում.

1. Տեքստի (տեղեկության) մեկնաբանություն, ընկալում, գնահատում
2. Տեքստի (տեղեկության) ստեղծում՝ ասելիք, դրա արտահայտման ձևը, միջոցները։

Դիտարկենք, թե դպրոցում որքանով է կիրառվում մեդիակրթությունը։

Մեզանում ինտերակտիվ մեթոդները (մասնավորապես քննադատական մտածողության զարգացման մեթոդները) արդեն հաստատված են. սովորողը դասի ժամանակ ոչ միայն ուսումնասիրում է որոշակի առարկա, այլև գործնականում սովորում է տեքստ (տեղեկություն) վերլուծելու, գնահատելու մեթոդը։

Ամենամատչելի օրինակը գովազդային տեքստի վերլուծությունն է, քանի որ այնտեղ, անկասկած, միտում կա, ինչպես նաև նպատակ, ուղղված է կոնկրետ լսարանի, օգտագործված է ժամանակակից տեխնոլոգիան՝ հոլովակ է նկարահանված կամ աուդիոտեքստ է։ Հետաքրքիր է գովազդային տեքստի լեզուն՝ համառոտ, բայց բովանդակալից։ Օգտագործվում են որոշակի կոդեր, որոնք վերլուծության ժամանակ վերծանվում են՝ միաժամանակ օրինակ ծառայելով նման տեքստ կազմելու համար։ Դրան հասնում են ոչ միայն շատ բան իմանալով, բառերն իրենց հոմանիշային ողջ պաշարով օգտագործելով, այլև պատկերների, համապատասխան տրամադրություն առաջացնող մեղեդու, դրանց համադրությունների լեզուն սովորելով։
Քննարկելի են նաև լրատվամիջոցների ստեղծած, գեղարվեստական (ոչ միայն հաջողված), ինչպես նաև պարզապես ճանաչողական տեքստերը՝ դրանց բաղադրիչների, դրանց պարունակած տեղեկության մատչելիության, կառուցվածքի, բառապաշարի,տեքստին կցված նկարների վերլուծությամբ։ Մեդիատեքստ է նաև ուսումնական, ճանաչողական, նաև գեղարվեստական ֆիլմը, կերպարվեստի նմուշը, որոնց համակողմանի վերլուծությունը զարգացնում է բառային և ոչ բառային տեքստը «կարդալու» հմտություններ։ Կառուցվածքաբան մեդիամանկավարժների (սրանց կարծիքով մեդիակրթության նպատակը տեքստերը մեկնաբանելն է) պնդմամբ մեդիակրթության ռազմավարությունը հենց մեդիատեքստի ապակոդավորման տեխնիկայի ուսուցումն է, իսկ ամերիկացի մեդիամանկավարժներ Բրուներն ու Թելլին հիշեցնում են, որ կենտրոնանալ պետք է հատկապես, թե ինչպես է տեքստն ստեղծվել, ինչ արժեքներ են սրա հիմքում, ինչպիսի լսարանի համար է նախատեսված, ով է սրա սեփականատերը. ով է սրանից օգուտ քաղում։

Այս վերլուծությունը սովորեցնում է նաև տեքստ ստեղծել. սովորաբար դասարանում մեդիանյութն ուսումնասիրվում է, իսկ տեքստ ստեղծելը, որ ավելի երկար ժամանակ է պահանջում, հանձնարարվում է արտադասարանական աշխատանքի համար։ Այստեղից սկսվում է մեդիակրթության մյուս կողմը. այժմ սովորողը պիտի ներկայացնի իր ասելիքը թե՛ հակիրճ, թե՛ դիպուկ, թե՛ պատկերավոր, թե՛ տպավորիչ։ Պիտի ներառի այդտեղ իր դավանած արժեքները, տեքստը կազմելիս ոճի, բառապաշարի ընտրություն անի՝ ելնելով այն լսարանի առանձնահատկություններից, որի համար նախատեսել է աշխատանքը։ Ինքը՝ մեդիանյութ ստեղծող սովորողը, պիտի սահմանի խոսքի նպատակը, դրան հասնելու ճանապարհները հստակեցնի։ Այս պարագայում մեդիակրթությունը համակողմանի մշակում է և՛ հմտությունները, և՛ գիտելիքները, և՛ արժեհամակարգը։ Արտահայտչամիջոցներում էլ օգնության է գալիս մեդիատեխնոլոգիան։

Տեխնիկայի կիրառումը կրթության մեջ նորություն չէ. առաջին ֆոտոապարատները դպրոցականի ձեռքում են հայտնվել դեռ անցյալ դարի կեսերին։ Սակայն ժամանակին դրա կիրառությունը քչերն էին համադրում մեդիանպատակների (զանգվածային հաղորդակցական) հետ։ Այսօր երեխայի ձեռքին ոչ միայն թվային ֆոտոխցիկն ու տեսախցիկն են, այլև թվային ձայնագրիչը, համակարգիչը, որի միջոցով կարող է կիրառել տարբեր ծրագրեր, համացանցը, ուր կարող է տարածել ստեղծած մեդիանյութը։ Տեխնիկան լրացուցիչ հնարավորություն է տալիս ասելիքը ոչ վերբալ (ոչ բառային) միջոցներով արտահայտելու։ Եթե սովորական տեքստ գրելիս երեխան սովորում է ճիշտ վարվել բառերի հետ, կիրառել խոսքային տարբեր հնարքներ, պատկերավորման տարբեր միջոցներ, ապա այստեղ նա սովորում է տեքստ ստանալ կադրերով (պիտի իմանա՝ ինչ է կադրը, ռակուսը, առաջին կամ հետին պլանը և այլն), դրանցում ասելիք դնի, համեմի գրավչությամբ։ Այսինքն՝ ձեռք բերի նոր գիտելիքներ ու նոր հմտություններ։

Մեր կրթահամալիրում տեխնիկայի առատությունն ու դրա կիրառման պայմանագրային պարտավորությունը արագացնում են նոր տեխնոլոգիաների ներդրումը։ Իսկ սա կրթության բարձրագույն նպատակի՝ ինքնուրույն մարդ, ակտիվ քաղաքացի, անընդհատ սովորող և ստեղծագործող անհատ դաստիարակելու, ճիշտ է, դեռ նոր հարթվող, բայց լայնատարած մայրուղի է։  

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ