ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 56
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աշոտ Բլեյան
Ստեղծագործական հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է

Նունե Մովսիսյան
Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Մեթոդական մշակումներ

Շողեր Միրզոյան
Երաժշտության ունկնդրում

Լուսինե Բուշ
Աշխատանք տանը, աշխատանք դպրոցում

Մարգարիտ Հարությունյան
5-6-րդ դասարանցի սովորողի ուսումնական աշխատանքը մայրենիի լեզվից

Յուրա Գանջալյան
Լսել, լսել ու նորից լսել

Լուսինե Ալեքսանյան
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում

Լիլիթ Բաբայան
Մոդել դասարան, որի նախագիծը ուսումնական աշխատանք է

Հասմիկ Ղազարյան
Մեդիակրթություն. ինչ է դա

Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան
Բլոգ՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման, աշխատանքի և ուսուցման ժամանակակից մեդիա-միջավայր

Ուսումնական նյութեր

Աննա Գանջալյան
Առաջին, երկրորդ դասարանում անգլերենի ուսուցման էլեկտրոնային ռեսուրս

Ծիսական տոնացույց

Աշոտ Բլեյան
Կենտրոնում Դուք եք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Շամիրամ Պողոսյան
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը:

Հերմինե Անտոնյան
Կրթական բլոգոսֆերան

Անահիտ Ավագյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի համալիր կաբինետ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Աննա Օհանյան, Սուսան Դավթյան
Մասնագետի աշխատանքը` մասնագիտական խորհրդատվութուն, անհատական կամ խմբային թերապևտիկ աշխատանք

Մարգարիտ Թամազյան
Գարնանային բակ-պարտեզ

Կարինե Պետրոսյան, Սոֆյա Այվազյան, Անահիտ Եղյան
Հեռանկարային և հետաքրքիր աշխատանք

Աննա Հայրոյան
2-3 տարեկանների խնամքի և զարգացման մոդել միջավայր

Մարթա Ասատրյան
Էկոխորհրդարան. նախագիծ

Իվետա Ջանազյան
Մեր հայրենագիտական ակումբը

Մարգարիտ Սարգսյան
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

ԱՐՁԱԳԱՆՔ

Սաթենիկ Միրզոյան
Երաժշտությունը նախակրթարանում

Շուշան Ազատյան
Սովորողի աշխատանքը ակումբում

Մանուշակ Աբրահամյան
Գիտափորձը մեր դասարանում

Տաթև Թամազյան
Հարցադրում ինձ
Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում

Ակումբը բաց դաշտ է, որտեղ ազատ ես քո բոլոր մտահղացումները, նախաձեռնությունները իրականացնելիս: Ակումբում աշխատում ես, որովհետև գրավում է աշխատանքը, ձեռք ես բերում հմտություններ, որովհետև ուզում ես աշխատել՝ գործել:
Ակումբը չի սահմանափակում ինձ, քեզ, նրան, չի առանձնացնում՝ միավորում է: Ակումբային աշխատանքն անընդահատ է, ու անընդհատության շրջապտույտն էլ նոր հմտություններ է փոխանցում: Ակումբը միշտ ձգտում է նորարարության, միշտ առաջ է նայում, որովհետև միայն այդպես կարող է հետաքրքրել, գրավել:
Եթե ուզում ես, որ նախասիրություն և օժտվածություն զարգանա, մի´ սահմանափակիր նախասիրությունը «թույատրելի է» կամ «անթույլատրելի է» կաղապարներով… Դրանց սահմաններն իրականում խիստ հեղհեղուկ են ու վիճելի… Դրանք և´ կան, և չկան… Իրականում քո մեջ են, բայց դու, չգիտես ինչու, ուզում ես դրանք ապրեցնել նաև այլոց մեջ:
Պատանեկան ամսագիրը՝ «Լուսաստղը», իհարկե, խիստ վերապահումով եմ ակումբ կոչում. այդ մասին, սակայն, հիմա չեմ խոսի: Ամսագրի բնույթն էլ նորն է ու նորարարությունը, ստեղծականությունը ու զարգացումը, հետաքրքրությունն ու ազատությունը…

Կփորձեմ մեկ-երկու դրվագ ներկայացնել ամսագրային իմ գործունեությունից, երբ փորձել եմ, ավելի ճիշտ, հաղթահարել եմ իմ միջի կաղապարը և կարծում եմ՝ ճիշտ եմ արել:
Փորձում եմ երբեք ու ոչ մի բանին չասել՝ ոչ: Նախ՝ ինքս եմ մտածում. վերաիմաստավորելու բան միշտ էլ լինում է: Ոչ-ն իրական հիմք չունի, մենք այն հորինել ենք, որպեսզի մեզ ազատենք պատասխանատվությունից, վախից, քննադատությունից… Կաղապարներով հեշտ է ապրել. hեշտ է, երբ դու անում ես այն, ինչ ընդունված է, ասում ես մի բան, որ ընդունելի է հանրության համար, ուսումնասիրությամբ ապացուցում ես մի բան, որն իրականում սպասված ու ենթադրված է:

Բերեմ մի քանի օրինակ:
Երբ Մերի Շարոյանը (10-րդ դաս.) ամսագրային նյութի համար թեմա ընտրեց «picap», անհանգստացա: Այս հասկացության մասին միայն գիտեի, որ աղջկան գրավելու, գայթակղելու արվեստ է նշանակում: Առաջարկել էի պատանիներին հետաքրքրող մի թեմա ընտրել ուսումնական ամսագրի համար ու հանկարծ՝ picap: Լռեցի, մտածեցի, կարդամ, ուսումնասիրեմ, տեսնեմ, թե իրենից ինչ է ներկայացնում, ինչով է գրավել Մերիին: Կարդացի, ինձ համար էլ հետաքրքիր բաներ գտա՝ տերմիններ, հմտություն-խորհուրդներ: Երբ ստացա Մերիի նյութը, հասկացա, որ այն ուսումնական ամսագրում հրապարակելով՝ կարող է դժգոհություն առաջացնեմ, որովհետև գրված էր խոսակցական լեզվով ու մի երևույթի մասին, որի մասին հայ իրականության մեջ գերադասում են չխոսել: Հաղթահարեցի ինձ, իմ կարծրատիպերը ու դրեցի. նյութն, իրականում, ինձ շատ էր դուր եկել: Նյութը դարձավ ամսագրի ամենաընթերցվող ու ամենահետաքրքիր նյութերից. շատ պատանիներ արձագանքեցին, սոցիալական ցանցումշատ մեկնաբանություններ հայտնվեցին…

Աշոտ Ավետիսյան (12-րդ դաս.). նկարող, ստեղծագործող պատանի, մարդ, որն ունի ուրույն աշխարհայացք և ուրույն ձեռագիր: Երբ առաջին անգամ նայեցի Աշոտի նկարների մեկ-երկու շարք, սահմռկեցի: Վերանայեցի, սահմռկեցի: Բայց զգացի, որ ընդունում եմ Աշոտի արվեստը անկախ սահմռկել-չսահմռկելուց: Հասկացա, որ Աշոտի նկարները ամսագրային դարձնելը կարևոր է, կոտրեցի ինքս իմ կրթական կարծրատիպերը՝ ինչ կարելի է դնել կրթական ամսագրում, ինչ՝ չէ: Կարծումեմ՝ ամսագիրը շահեց: Իսկ կարելին ու չիկարելին դժվար է սահմանել:

Երբ դու աշխատում ես կենդանի, զարգացող ու ստեղծագործ մարդկանց հետ, պետք է մի կողմ թողնես կարծրատիպերդ, չվախենաս քննադատությունից, ինքդ քեզ հաղթահարելով օգնես նորի ձևավորմանը, կայացմանը… Թող առաջ գա անծանոթը, չբացահայտվածն ու ապշեցնողը…

Ամսագրային աշխատանքը սովորեցնում է աշխատել՝ պահպանելով շարունակականությունը, պայքարելով, գովազդելով քո իսկ ստեղծածը: Նյութ գրելն արդեն ինքնանպատակ չի դառնում. նյութն ընթերցող է փնտրում, ընթերցողի համար և նրա հետ ստեղծվում: Հետաքրքիրն այն է, որ ուսուցումը չի հրամցվում որպես ուսուցում, դաս ու դասագիրք՝ այն խորհուրդ է, դիտարկում, մեկնաբանություն, շարժում, կռիվ: Զարգանում է ճաշակը, գրագիտությունը, անընդհատ նոր խնդիրներ դնելու և հաղթահարելու կարողությունը, խմբում աշխատելու, միմյանց հարգելու, համագործակցելու հմտություններ, ու միաժամանակ առաջանում է անհատապես պատասխանատվություն կրելու խնդիրը:

Ահա, թե ինչ են գրում սովորողները։

Երկար ժամանակ ինձ համար «Լուսաստղ» նշանակում էր «Աշոտ» (դե, Գեղարվեստի դպրոցից, է, չէ՞): Հենց նա էր առաջինն ինձ ակնարկել, որ կարելի է նյութ գրել: Ես խոստացա, բայց երկար ժամանակ խոստումս չէի կատարում, մինչև վերջապես որոշեցի խեղճմարդկանց «գլուխները չքամել» ու կատարել խոստումս: Առաջին նյութս Gameover-ն էր: Թեման ինձ ոչ ոք չէր առաջարկել, ու մտքովս անգամ չէր անցնի, որ ինչ-որ յուրահատուկ թեմայով եմ նյութ գրում. ախր մեր տանը դա ամենաարդիական թեման է: Հետո նամակ ստացա «վերևներից», որ ոճս լավն է, ու լավ կլիներ, եթե ես շարունակեի: Այստեղ էլ առաջարկվեցին առաջին թեմաները, սկսեց աշխատանքը:
Այսքանը ինքնակենսագրության դասագրքից: Իսկ հիմա փորձեմ մի քանի շատ կարևոր հարցերի պատասխանել:
Ի՞նչ տվեց ինձ «Լուսաստղին» թղթակցելը:
Նախ և առաջ՝ նոր ծանոթություններ: Հետաքրքիր մարդկանց հետ շփումը հավասարազոր է հետաքրքիր գրքին, որը տարիներ շարունակ կարդալու ես և սովորելու:
Երկրորդ՝ նոր ոճ: Փորձեմ բացատրել: Իմ բլոգում արդեն հասցրել էի զարգացնել երեք իրարից քիչ թե շատ տարբերվող ոճ, երեք մտածելակերպ, երեք աշխարհահայացք, ապրելաձև: «Լուսաստղում» զարգացավ չորրորդը: Հանկարծ հասկացա, որ ցանկացած մանրուք կարող է հետաքրքիր նյութի թեմա դառնալ: Ասենք՝ հենց համակարգչային խաղերը, որոնք հիմա նույնիսկ հեռախոսների «գլխավոր զարդն»են: «Լուսաստղում» գրում է ոչ թե մի քիչ ռոմանտիկ Արին կամ փոքր-ինչ կոպիտ Սոֆին (խոսքը բլոգի կերպարների մասին է), այլ Արսենյան Սոնան (դա էլ ես եմ), որի «քթին ակնոց կա» (ընդ որում ուղիղ և փոխաբերական իմաստներով), որը շատ բան է նկատում ու երբեմն խոսում է իր նկատածի մասին: Նա ուշ-ուշ է գալիս, հաճախ ուշացած, բայց էլի փորձում է հետաքրքիր լինել ընթերցողի համար: Սա մի նոր կերպար է, որի զարգացման վրա ազդում է և՛ այն, որ «Լուսաստղը» ամսագիր է, ոչ թե բլոգ, և՛ ամսագրի դիզայնը, և՛այն, որ յուրաքանչյուր նյութից հետո ընկեր Մարգարիտն իր կարծիքն է հայտնում: «Լուսաստղում» ևս մեկ անգամ ինքս ինձ ապացուցեցի այն, ինչ արդեն գիտեի. մարդիկ «տարբեր» են: Մարդու տեսակետը չի կարող նույնը լինել բոլոր հարցերում: Կարևոր են և՛ քննարկվող հարցը, և՛վայրը, և՛ժամանակը, և՛տվյալ անհատի կենսականփորձը: Այլապես մեր պատմության դասագրքերում անընդհատ կկրկնվեր նույն դասը՝ տարբեր թվականներով (պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ հեշտ կլիներ սովորել պատմությունը):
Ո՞վ է առաջարկում թեման, ի՞նչ է տալիս ինձ թեմայի զարգացումը:
Այն, որ ամսագրում երբեմն առաջարկվում են թեմաներ, վատ չէ: Ես կասեի, նույնիսկ լավ է: Ինչո՞ւ: Որովհետև շատ հաճախ մենք մոռանում ենք ասել այն, ինչ կարևոր է տվյալ պահին: Օրինակ կարող եմ բերել միայն իմ անձնական գործունեությունը ամսագրում, բայց ոչինչ: Ասենք՝ «Ինչերե՞ն է խոսում հեռուստացույցը» հոդվածը: Թեման առաջարկել էր Մերին: Սրանից առաջ էլ հազար անգամ ասել էի. «Էս մեր հայկական սերիալներից ո՜նց եմ զզվում», կամ «Էս ի՜նչ ցածր մակարդակ ա»: Բայց այս թեմայով նյութ գրելը երբեք մտքովս չէր անցնի: Երևի այն պատճառով, որ այս պրոբլեմի մասին արդեն բազմիցս ասվել է և՛ հեռուստատեսությամբ, և՛ «չհեռուստատեսությամբ»: Բայց որ թեման առաջարկվում է «կողքից», լավ է: Սկսում ես մտածել մի հարցի մասին, որը, գուցե, չես էլ կարևորել: Ասում ես մի բան, որը, գուցե, բազմիցս ասել ես, բայց «օդից կախված խոսքով», «ձայն բարբառոյ յանապատի»: Սկսում ես ուսումնասիրել մի թեմա, առարկա, երևույթ, որի մասին, գուցե, ընդհանրապես չէիր լսել: Այս դեպքում նյութ գրելը դառնում է «հետազոտական-ստեղծագործական» աշխատանք:
Պատասխանեմ նաև հաջորդ հարցին՝ սովորո՞ւմ ես, երբ աշխատում ես: Միանշանակ՝ այո, սովորում ես, ու ամենից առաջ՝ սովորում ես աշխատել: Հետո սովորում ես պարբերաբար աշխատել, չնայած ես այդ հմտությունը դեռ չունեմ: Հետո սովորում ես շարունակելի լինել. այսինքն՝ եթե քո հոդվածը մոտեցավ իր տրամաբանական ավարտին, դա դեռ չի նշանակում, որ քո ասելիքը սպառվել է: Ընդհակառակը՝ տրամաբանական է, որ դու էլի նյութ ես գրելու, որովհետև էլի ասելիք ունես:
Երևի մի բան սովորել եմ, թե չէ այսքան ոգևորված հիմա չէի գրի:
Եվ վերջապես՝ ի՞նչ կարծրատիպեր հաղթահարեցի:
Թերևս մի կարծրատիպ ունեմ. եթե գրում եմ, փորձում եմ գրել առանց ուղղագրական և կետադրական սխալների (բնականաբար աշխատում եմ այնքան, որքան գիտելիքս է ներում), որովհետև դրանք ոչ թե ոճի ազատության մասին են վկայում, այլ հեղինակի անգրագիտության: Իսկ խելացի մտքեր արտահայտող անգրագետ հեղինակն ավելի տհաճ է, քան կատարյալ ապուշը: Որովհետև խելացիների հետ արդեն չգիտես, ինչ անես. «Դե, եթե այս խելոքն է մոռանում «ա»-ից ու «ո»-ից հետո «յ» գրել (ի միջի այլոց, բլոգերների ամենատարածված սխալներից մեկն է), ես ուրիշներին էլ ի՞նչ ասեմ»: Այնպես որ առանց ուղղագրական սխալների գրելը ոչ թե կարծրատիպ է, այլ հարգանքի դրսևորում՝ նախ և առաջ ընթերցողի հանդեպ, հետո քո կամ ուրիշի մայրենի լեզվի, վերջին հերթին՝ քո իսկ մտքերի:
Թվում է՝ ինձ համար կարծրատիպեր չկան, կա միայն «Այս խմբագիրը ընդունում է, իսկ մյուսը՝ ոչ, իսկ դա էլ արդեն իր խնդիրն է»:

Սոնա Արսենյան, 11-րդ դասարան

«Լուսաստղում» նյութ գրելն ինձ հնարավորություն տվեց ավելի լուրջ մոտենալու ինձ հանձնարարված աշխատանքներին` մտածելով, որ լավը լինելու դեպքում դրանք կարդալու են իմ հասակակիցները, ուսուցիչները: Նախ, անհնար է նյութ գրելու ընթացքում չսովորել նոր բառեր, արտահայտություններ, կետադրություն, եթե անգամ արտահայտում ես քո սեփական մտքերը, սա ամենամեծ առավելություններից մեկն է: Այն ինձ օգնեց ճանաչել նոր մարդկանց, հասկանալ նոր տեսակետներ, այլ մոտեցումներ ու ամենակարևորը` անընդհատ կատարելագործել մտավոր կարողությունները: Ինչքան շատ ես աշխատում, այնքան բարձր է լինում նյութիդ որակը, ժամանակի ընթացքում տեսնում ես, որ գրածդ նյութը ավելի հաջող է ստացվում:
Թեմաները առաջարկվում են թե´ սովորողների, թե´ խմբագրի կողմից: Եթե աշակերտը ցանկություն է հայտնում իր նախընտրած որևէ թեմայով աշխատել, ապա այն հիմնականում հավանության է արժանանում ղեկավարի կողմից: Իհարկե, շատ կարևոր է կատարողին ճիշտ ճանապարհի վրա դնելը, նյութն ավելի հետաքրքիր ներկայացնելու համար ցուցումներ տալը, անհրաժեշտ լրացումներ անելը: Թեման զարգացնել` այսինքն` այն ուսումնասիրել ավելի յուրահատուկ, չբացահայտված տեսանկյունից, ընթերցողին ներկայացնել ավելի հասկանալի ու նոր ձևով: Դա առաջին հերթին օգնում է տեքստը գրողին` ինքնուրույն աշխատանք կատարել, փնտրել, թարգմանել, սեփական կարծիք ձևավորել:
Տարվա սկզբին շարադրություն գրելը խնդիր էր ինձ համար: Գրելով, թարգմանելով, կադալով՝ կամաց-կամաց սկսեցի ավելի հասուն մտքեր արտահայտել ու ընդհանրապես` միտք շարադրել: Արդեն սկսեցի տարբեր լեզուներից շատ թարգմանություններ անել` երբեմն հանդիպելով որոշ դժվարությունների: Այնուամենայնիվ, այն շատ է օգնում հարստացնել բառապաշարը և ծանոթանալ այլ մշակույթի՝ գրողների, երգիչների, փիլիսոփաների ստեղծագործություններին: Ժամանակի ընթացքում զարգացավ թարգմանելու հմտությունը, իսկ հիմա փորձում եմ ավելի շատ աշխատել սեփական մտքերը ճիշտ ու համակարգված արտահայտելու վրա: Նյութ գրելու համար հաճախ անհրաժեշտ է լինում հարցազրույցներ վարել, հարցեր կազմել, ինչը մեզ հմտացնում է նաև լրագրության ժանրում:
Առանձնացնեմ գրածս նյութերից մի քանիսը…
Լիլիթ Բլեյան. առցանց հարցազրույց հենց «Լուսաստղի» համար
Աշխատանքի հայտարարություններ, աշխատավարձ
Իսպանական նորագույն գրականություն. Խուան Գոյտիսոլո

Կիրակոսյան Էմմա, 10-րդ դասարան

Ես նոր եմ սկսել իմ «նյութ գրելու» ուղին, և «Լուսաստղը» հսկա ներդրում ունի այդ գործում: Նախ, ես հնարավորություն ունեմ անընդհատ նյութ գրելու և տեղադրելու, կարող եմ ազատ արտահայտել իմ գաղափարները: Ամսագրին թղթակցումն ինձ մեծ փորձ է տալիս՝ բարձրացնում նյութերիս որակը: Իսկ թեման և՛ ընկեր Մարգարիտն է առաջարկում, և՛ ես եմ իմ ցանկությամբ թեմա ներկայացնում: Թեմայի զարգացումն օգնում է այդ թեմայի շուրջ իմ տեսակետը զարգացնել, ընդլայնել: Առաջ նույնիսկ սովորական շարադրություն չէի կարողանում գրել, գրելով հաղթահարեցի «Ես չեմ կարող գրել» կարծրատիպը, «Բա որ վատ ստացվի» կարծրատիպը և նման բարդույթներ:
Ի՞նչ հմտություններ ձեռք բերեցի։ Դեռ ձեռք եմ բերում սեփական մտքի արտահայտման հմտությունը, կարծիք արտահայտելու հմտությունը…

Աիդա Գրիգորյան, 10-րդ դասարան

Առաջին հերթին` արտահայտվելու ազատություն: Ես միշտ գրում էի այնպիսի նյութեր , որոնք կհետաքրքրեին դիմացինիս, և ոչ թե այն թեմայով, որով կուզենայի իսկապես արտահայտվել: «Լուսաստղին» անդամակցելով՝ ես առաջին հերթին ծանոթացա բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ, երկրորդ` սովորեցի արտահայտվել` անկախ այն փաստից, հետաքրքիր է թեման դիմացինիս, թե ոչ: «Լուսաստղն» իր ֆորմատով բազմակողմանի ամսագիր է և թույլ է տալիս դա իրականացնել:
Գրում եմ միայն ինձ հետաքրքրող թեմաներով: Թեմայի զարգացման շնորհիվ ավելի բազմակողմանի զարգացած և խելացի եմ դառնում, խնդրին խորքից նայելով` ավելի շատ եմ բացահայտում ինքս ինձ:
Սովորեցի հարցազրույց վարել, համակարգված աշխատել, և ամենակարևորը` օգտավետ շփվել մարդկանց հետ:
Սովորում ես, երբ աշխատում ես…
Համաձայն եմ, տեսական գիտելիքը հաճախ գործնականում պիտանի չի լինում: Դու «կրծում» ես գրքեր, սովորում ես այս կամ այն գործը անելու տեսությունը, բայց երբ գալիս է ինչ-որ մի լուրջ բան անելու ժամանակը, տեսնում ես, որ քո ակադեմիական գիտելիքները ոչ ոքի պետք չեն: Մարդկանց պետք է պատրաստի արդյունքը: Ինչպես ցույց է տալիս մարդկության երկարատև փորձը, միայն աշխատելով կարող ես ձեռք բերել անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ:

Մերի Շարոյան, 10-րդ դասարան

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ