ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 59
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը

Մարգարիտ Սարգսյան
Կրթական միջավայր՝ կրթական դիտարկում՝ քոմենթ

Արման Գրիգորյան
Ռիթմը կերպարվեստում

Ելենա Սարգսյան
Առարկայական նոր ծրագիր կազմելուց առաջ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Из арсенала учителя иностранного языка

Աիդա Պետրոսյան
Սովորողների գործունեության կազմակերպման սկզբունքները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Ամերիկյան դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Ինչո՞վ տարբերվեց 2011-2012 ուսումնական տարին նախորդներից
Լույսի զինվորի գիրքը

Սկիզբը

112
 Զինվորին տրված չէ լիովին համոզված լինել իր արածի ճշմարիտ լինելու մեջ, բայց կա ճանապարհ, որին նա պարտավոր է հետևել, և այդ ճանապարհին նա ջանում է հարմարվել տարվա եղանակին համապատասխան: Ե՛վ կռիվ մղելու հնարքները, և՛ այդ կռվի զենք ու զրահը ամռանն այնպիսին չեն, ինչպիսին ձմռանը: Զինվորն օժտված է անհրաժեշտ ճկունությամբ, դրա համար էլ դատում է աշխարհի մասին ոչ թե «ճիշտ» կամ «սխալ» հասկացություններով, այլ հիմք է ընդունում այն «հարաբերությունները, որոնք յուրաքանչյուր տրված պահին առավել համապատասխան են»: Զինվորը գիտե, որ իր ընկերներն էլ պետք է հարմարվեն իրավիճակներին, դրա համար էլ նա չի զարմանում, երբ իրենց հարաբերությունները փոփոխվում են: Նրանցից ամեն մեկին զինվորը անհրաժեշտ ժամկետ է տալիս, որ նրանք կարողանան արդարացնել իրենց գործունեությունը:

Բայց դավաճանության հանդեպ զինվորն անողոք է:

113

Զինվորն իր բարեկամների հետ նստում է խարույկի շուրջ: Ժամերով նրանք իրար վրա փոխադարձ մեղադրանքներ են շաղ տալիս, բայց գիշերն անցկացնում են միևնույն վրանում` մոռացության տալով անցած վիրավորանքները: Ժամանակ առ ժամանակ նրանց մեջ մի նորեկ է հայտնվում: Քանի որ այդ նորեկը դեռ ոչ մի ընդհանուր պատմություն չունի մյուսների հետ, նա ցուցադրում է միայն իր շնորհներն ու հնարավորությունները, որի պատճառով էլ ինչ-որ մեկը նրան նայում որպես ուսուցչի:

Սակայն լույսի զինվորը նորեկին երբեք իր հին մարտական ընկերների հետ չի համեմատում: «Բարով ես եկել» - ասում է նրան զինվորը, բայց նրան վստահել սկսում է միայն այն ժամանակ, երբ ճանաչում է ոչ միայն նրա արժանիքները, այլև թերությունները:

Լույսի զինվորը կռվի մեջ չի մտնում, մինչև իր զինակցի հնարավորությունների սահմանը չի ըմբռնում:

 114

Զինվորը հիշում է հնագույն ժողովրդական խոսքը. «Եթե ապաշխարանքը սպաներ…»:

Նա գիտե, որ ապաշխարանքը իսկապես սպանում է. դանդաղ, թիզ առ թիզ այն խժռում է նրա հոգին, ով անարժան գործ է արել, և անվերադարձ տանում է նրան ինքնաոչնչացման:

Զինվորն այդպիսի մահ չի ուզում: Երբ պատահում է, որ նա մեկի հանդեպ չար բան է անում` կորուստ կամ վնաս է պատճառում, քանզի նա էլ մարդ է` մարդուն հատուկ բոլոր թերություններով ու թուլություններով, ապա երբեք չի ամաչում ներողություն խնդրելուց: Եթե ժամանակը դեռ անվերադարձորեն բաց չի թողնված, նա ամբողջ ուժով ձգտում է ուղղել իր սխալը: Իսկ եթե այն մարդը, ում ինքը վնասել է, արդեն չկա ապրողների մեջ, զինվորը լավություն է անում անծանոթ մեկին:

Լույսի զինվորը չի ապաշխարում, քանզի ապաշխարանքը սպանում է: Նա պատրաստ է հաշտվելու, որպեսզի հեռացնի իր պատճառած չարիքը:

 115

Ամեն լույսի զինվոր էլ, պատահել է, որ իր մորից լսել է հետևյալ խոսքերը. «Իմ որդին խելացնորության մեջ գլուխը կորցրած սա է արել, սա է արել, բայց իրականում նա շատ լավ մարդ է»:

Զինվորը, չնայած պաշտում է մորը, գիտե, որ դա այդպես չէ: Նա չի մեղադրում իրեն իր չմտածված արարքների համար, բայց և չի ներում իրեն իր գործած սխալների համար, քանզի այդ դեպքում նա երբեք չի կարողանա ուղղել իր ճանապարհը: Առողջ մտածողությամբ զինվելով` նա քննում է իր գործունեության արդյունքները, արդյունքները, այլ ոչ թե մտադրությունները, որոնցով առաջնորդվել է իր գործունեությունն իրականացնելիս: Նա պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ արել է, անգամ եթե հարկ է լինում թանկ վճարել յուրաքանչյուր սխալի համար:

«Բարձրյալը ծառը պտղիցն է ճանաչում և ոչ թե արմատից» - բարբառում է հինավուրց արաբական ասացվածքը:

 116

Զինվորը, մինչև կարևոր որոշում ընդունելը` պատերազմ հայտարարել, ընկերների հետ ուրիշ հարթավայր տեղափոխվել, ցանքի համար դաշտ ընտրել, հարցնում է ինքն իրեն. «Ինչպե՞ս կանդրադառնա սա իմ ժառանգների, իմ յոթը պորտի կյանքի վրա»:

Զինվորը գիտե, որ ամեն մի գործ ունենում է երկարաժամկետ հետևանքներ: Նա ուզում է իմանալ, թե ինչ աշխարհ է թողնելու ինքը իր թոռան թոռան թոռան թոռին:

117

Լույսի զինվորին խորհուրդ են տալիս. «Մի բաժակ ջրում փոթորիկ մի՛ բարձրացրու»: Բայց նա հակված չէ դժվարությունները չափազանցնելու և միշտ ջանում է պահպանել անհրաժեշտ անվրդովությունը:

Այնուամենայնիվ, նա երբեք ձեռնամուխ չի լինում չափելու ուրիշի տառապանքների աստիճանը:

Ինչ-որ մի մանրուք, որ իր համար ոչ մի նշանակություն չունի, կարող է կայծի դեր ունենալ և իր եղբոր հոգում կուտակված հիասթափությունը պայթյունի վերածել: Զինվորը հարգում է իր հարազատի տառապանքը և չի համեմատում այն սեփական ցավի հետ:

Ամեն մեկը տառապանքի իր բաժակն ունի:

 118
«Հոգևոր ճանապարհի իրականացման համար նախ և առաջ խիզախություն է հարկավոր», - ասում է Գանդին:
Երկչոտ մարդկանց վախեցնող ու ահեղ է երևում աշխարհը: Նրանք ապրում են խաբուսիկ անվտանգության որոնումներով` ո՛չ կոչեր նետելով, ո՛չ էլ այդ կոչերը ընդունելով և մինչև ատամները զինվում են պաշտպանելու այն, ինչին իրենց կարծիքով տիրում են: Վախկոտ մարդիկ իրենք են կառուցում իրենց զնդանի պատերը:
Լույսի զինվորը մտովի թափանցում է հորիզոնից այն կողմ: Զինվորը գիտե, որ եթե ինքը աշխարհի համար մի որևէ բան չանի, ապա ոչ ոք այլևս դա չի անի:

Եվ ահա նա Արդար կռվի մեջ է մտնում և օգնում բոլորին` կարգին չհասկանալով անգամ, թե ինչու է ինքը դա անում:

119
Լույսի զինվորը կարդում է ուղերձը. Աշխարհի Հոգիները՝ Չիկո Խավիերին. «Այն ամենից հետո, երբ կկարողանաս հաղթահարել դժվարությունները, քո հիշողությամբ վերադարձի՛ր ոչ թե նրան, թե ինչքան դժվարություններ ես քաշել, այլ ուրախություններին, որ դու պատվով ես տարել այդ փորձությունը»: Ծանր հիվանդությունից առողջանալուց հետո ոչ թե մտածի՛ր ապրած տառապանքների մասին, այլ փառք տուր Աստծուն, որ քեզ բուժվելու հնարավորություն է տվել: Մինչև գերեզման հիշողությանդ մեջ պահի՛ր այն բարին ու լավը, որ ծնվել են դժվարությունից: Դրանք քո ուժերը փորձելու հնարավորությունը կդառնան և քեզ վստահություն կներշնչեն նոր խոչընդոտներ հաղթահարելիս:

120
Լույսի զիվորը ուշադիր է ամենօրյա փոքրիկ հրաշքներին: Եթե նա ընդունակ է տեսնելու գեղեցիկը, ապա միայն այն պատճառով, որ իր մեջ կրում է այդ գեղեցիկը, քանզի աշխարհը նման է հայելու, որի մեջ ամեն մեկը տեսնում է սեփական պատկերը: Հիշելով իր թերությունների, իմանալով իր սահմանափակությունների մասին` զինվորը, մեկ է, անում է ամեն հնարավորը, որպեսզի ճգնաժամային պահերին պահպանի հոգու առույգությունը։ Եվ վերջին հաշվով աշխարհը ջանում է օգնել նրան, չնայած շուրջը եղած ամեն ինչը վկայում են, որ դա այդպես չէ:

121
Այն արհեստանոցներում, որտեղ արարվում է միտքը, զգացմունքների ու զգացումների աղբ է կուտակվում:
Դրանք անցած տառապանքներ են, որ հիմա ոչնչի հարկավոր չեն: Դրանք նախապաշարումներ են` անցյալում շատ կարևոր, բայց հիմա` անիմաստ ու իզուր:
Լույսի զինվորն էլ ունի հիշողություններ, բայց նա կարողանում է զանազանել օգտակարն ու անիմաստը: Անցյալի ուրախությունների ու տխրությունների աղբը նա դեն է նետում:
«Բայց դա իմ մի մասն է, իմ ճակատագրի մի մասը, - ասում է նրան ընկերը: -Ինչո՞ւ ես պետք է բաժանվեմ այն զգացմունքներից, որոնք ինչ-որ ժամանակ` հնում, ծառայել են ինձ իմ կյանքում»:

Լույսի զինվորը ժպտում է, բայց փորձ չի անում նորից զգալու այն, ինչ զգացել է նախկինում: Նա փոխվում է և ուզում է, որ նոր զգացմունքներն ուղեկցեն իրեն այս նոր ուղում:

122

Ուսուցիչը, տեսնելով զինվորին վհատության մեջ, ասում է. «Դու այնպիսին չես, ինչպիսին թվում ես տխրության պահին: Դու ավելին ես: Հիշի՛ր, շատերն են անվերադարձ հեռացել այս կյանքից տարբեր պատճառներով, որ մեր խելքի բանը չի, իսկ դու շարունակում ես ապրել այստեղ: Ինչո՞ւ Աստված իր մոտ է կանչել այդպիսի անհավանական մարդկանց, իսկ քեզ` ոչ:

Այդ պահին միլիոնավոր մարդիկ արդեն հույսները կորցրել են: Նրանք ո՛չ տխրում են, ո՛չ լալիս, նրանք այլևս ոչինչ չեն անում, նրանք միայն սպասում են, թե երբ կանցնի ժամանակը:

Նրանք կորցրել են կատարվածի նկատմամբ արձագանքելու ունակությունը:
Դու, նրանց հակառակ, տխրում ես:
Տխրությունը վկայում է, որ քո հոգին չի մեռել»:

Շարունակությունը
 

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը

Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ