ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 59
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը

Մարգարիտ Սարգսյան
Կրթական միջավայր՝ կրթական դիտարկում՝ քոմենթ

Արման Գրիգորյան
Ռիթմը կերպարվեստում

Ելենա Սարգսյան
Առարկայական նոր ծրագիր կազմելուց առաջ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Из арсенала учителя иностранного языка

Աիդա Պետրոսյան
Սովորողների գործունեության կազմակերպման սկզբունքները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Ամերիկյան դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Ինչո՞վ տարբերվեց 2011-2012 ուսումնական տարին նախորդներից
Սովորողների գործունեության կազմակերպման սկզբունքները

«Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը

Սկիզբը` «Ծրագրի իրականացման միջավայրը»

Երբևէ փորձե՞լ եք դասի կազմակերպումը, ուսումնական գործունեության ընտրությունը թողնել սովորողներին: Կամ՝ ինչ-որ գործունեություն նախատեսելուց առաջ հարցրե՞լ եք ձեր սաներին, թե այդ պահին նրանք ինչով կուզեին զբաղվել: Երբևէ հետևե՞լ եք այն սովորողի աշխատանքին, որը հանգամանքների բերումով առանձնացել է և զբաղվել իր ուզածով. այդ պահին նրան խանգարելը, միջամտելը անիմաստ է. գուցե միայն թույլ տա կողքից դիտել կա՜մ միանալ իրեն:

Եթե այդ պահին նրան լրացուցիչ տեղեկություն-նյութ պետք լինի, նա անպայման կգտնի հնարավոր բոլոր միջոցներով:
Կարո՞ղ եք ուսումնական պարապմունքն այնպես կազմակերպել, որ սովորողներն այդքան կենտրոնացած, կլանված, նպատակային աշխատեն: Կասկածում եմ:
Այնինչ՝ հեշտ է դառնալ սովորողի սովորող գործընկերը, միանալ նրան կամ նրա կողքին առանձին աշխատել, նրա նման անել այն, ինչն այդ պահին քեզ շատ է պետք կամ հետաքրքիր: Ժամանակն ու հավեսն էլ ոչ մի տեղ չեն փախչի: Այլ միջոց չկա: Եթե դասավանդողը չի աշխատում սովորողի հետ, կենտրոնում ուսուցանող է, ուրեմն նա հակացուցված է սովորողի համար:

Կրթությունը համատեղ հետազոտական, ստեղծագործական աշխատանք է, որ համատեղ կատարում են սովորող ուսուցիչն ու սովորող աշակերտը: Այդ աշխատանքը սերտորեն կապված է նրանց իրական կյանքի հետ, ոչինչ արհեստական, հորինված ու ինքնանպատակ չէ այդ գործընթացում: Սովորողը իր ուսուցչի հետ դառնում է աշխատանքի կազմակերպիչ ու կատարող: Նա ազատ է գոծունեության ընտրության հարցում. զարգացվում են ինքնուրույն գործունեությամբ զբաղվելու ունակությունները: Ուսումնական պարապմունքի թեմայի շրջանակում մի խումբը կարող է համակարգչով աշխատել, մի խումբը՝ նկարել, մի այլ խումբ` ձայնագիչով նյութ ձայնագրել:

Եթե աշխատանքը երեխայի բնույթին և հետաքրքրություններին համապատասխան է, ապա նա կարող է դրանով լուրջ և կենտրոնացած զբաղվել: Կենտրոնացած աշխատանքային վիճակ. եթե անհատը կամ խումբը ինքնաբերաբար այդ վիճակում չի հայտնվում, ապա շատ դժվար է այն պարտադրելը: Ակտիվ աշխատախմբի պայմաններում սովորողների համար ստեղծվում են անհատապես աշխատելու հնարավորություններ: Ընդհանուր հետաքրքրություններով միասնական կամ անհատական գործունեության ընթացքում դրսևորվում են սաների կարողություններն ու անձնային որակները:
Ուրեմն՝ համապատասխան զարգացնող միջավայրում սովորող աշակերտի և սովորող ուսուցչի համատեղ գործունեություն, գործունեության բազմաձևության ապահովում և գործունեության ընտրության ազատություն:

Ազատ ընտրություն կատարող մարդը չի կարող կրկնող, ուրիշի ասածը անգիր անող լինել: Նա անպայման ստեղծող ու ստեղծագործող է, պրպտող, հետազոտող: Դպրոցի խնդիրը սովորողին դրա հնարավորության ընձեռումն է՝ կրթության և միջավարի կազմակերպմամբ: Մաթեմատիկա կլինի, օտար լեզու...թե բնագիտություն, կդառնան անգիր արվող անկենդան միավորների հավաքածուներ, ոչ միայն անհետաքրքիր կլինեն ու անարդյունավետ, այլև մտքից զուրկ ու վնասակար:
Առանց ստեղծելու և ստեղծագործելու ուսուցումը կդառնա պարազիտիկ, երեխան էլ՝ պարազիտ, ուրիշի ստեղծածը յուրացնող: Ստեղծագործելով են կատարվում հայտնագործությունները: Երեխայի բնույթը ստեղծական է, որտե՞ղ թաքցնի իր մտքերը, եթե մենք զրկենք դրանք արտահայտելու և իրականացնելու հնարավորությունից: Նա ուզում է անընդհատ հորինել, փնտրել, խնդիրն այլ կերպ լուծել, անգամ ծաղիկն այլ կերպ մշակել: Ճանապարհներից հարմարն ընտրելը, տարածություն յուրացնելը և նման սովորական թվացող գործողությունները ստեծական միտք են պահանջում: Մեր գործը նրան փականքների մեջ չդնելն է ու նրա հետ անվերջ ստեղծագործելը:

Յուրաքանաչյուր գործունեության հիմքում սովորողների ստեղծական և ինքնուրույն որոնողական կարողությունների բացահայտումն ու խթանումն է: Դասավանդողի թելադրանքով և պարտադրանքով անգիր անելու փոխարեն սովորողը զբաղվում է ստեղծական-ստեղծագործական աշխատանքով՝ անընդհատ կիրառելով, կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Ուրեմն՝ գործունեության առաջին տեղում ստեղծագործելն է:

Ասում են՝ դժվարը սկիզբն է: Այդպես չէ: Դժվարը որոշում կայացնելն է և դասատուի դերից հրաժարվելը: Մնացածը գործընկերային հարաբերություններ են, որտեղ որոշումներ կայացնողը, հետևաբար՝ պատասխանատուն միայն դու չես կամ ոչ միայն դու ես: Ազատ, անկաշկանդ մթնոլորտում ուսուցիչը դադարում է թելադրող լինելուց, նա իր սաների գործունեության կազմակերպիչն ու մասնակիցն է, խորհրդատուն, հմտություններ փոխանցողը: Նաև նրանից սովորողը, որովհետև այդ տարիքում նրանք մեզ՝ մեծահասակներիս շատ բան ունեն փոխանցելու՝ սկսած տեխնիկական հմտություններից, որ երբեմն մենք չենք հասցնում ձեռք բերել, վերջացրած մեր կորցրած մանկությունով:
Դասավանդողի, ծնողի,սովորողի պարզ գործընկերային հարաբերությունների շնորհիվ դասարանը դառնում է միասնական հավաքանի, որը պատասխանատու է իր կյանքի որակի համար, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները և բոլորը կատարում են իրենց պարտականությունները:

Ուրեմն՝ ուսուցման կազմակերպում փոխադարձ հարգանքի և արժանապատիվ միջավայրում:

Ուսուցումը դադարում է նույնացվել դասարանային դասի հետ: Դու հո չե՞ս կարող հետաքրքրասեր երեխային արգելել հաշվել բակի սյուները, կարդալ ցուցանակները, գնումներ կատարել, մասնակցել ընտանեկան ծախսերի հաշվարկումներին, պապի հետ ծառ տնկել ու մշակել՝ հետևելով պապի խորհուրդներին, լսելով նրա պատմությունները … Այս շարքն անվերջ է: Իր շրջապատի, միջավայրի նկատմամբ ուշադիր, դիտարկող, զննող, ուսումնասիրող, այդ միջավայրը հարստացնող, իր հետաքրքրությունները բավարարող, իր հարցերի պատասխանները փնտրող սովորողի համար կրթվելը անընդհատ գործընթաց է դառնում, նրա ամենօրյա գործունեության արդյունք:
Դասավանդողը կարող է ուղղորդել նրան, առաջարկել, որ նա իր սովորածը, ձեռք բերած հմտությունը փոխանցի մյուսներին և դրանով ավելի հմտանա, ներկայացնել, պատմել՝ օգտագործելով մեդիան: Սովորողի առօրյա փորձառությունը գալիս է դասարան, դառնում է ուսումնական նյութ, քննարկման թեմա, առաջադրանք, աշխատանք:
Կա՞ ավելի հետաքրքիր աշխատանք, քան օրվա կատարվածի, իրադարձույունների, ծանոթների, հարազատների, դպրոցի, դասարանի, ընկերների, իր հետաքրքրությունների մասին պատմելը, գրելը, էլեկտրոնային նյութեր ստեղծելը:
Կրթությունը դասատվության արդյունք չէ, այլ մշակույթի փոխանցում և յուրացում, որտեղ բոլորը և՛փոխանցող են, և՛ յուրացնող:
Ուրեմն՝ սովորողների կրթության կազմակերպումը` որպես կենսակերպ. զարգացումը` սովորողի ամենօրյա և ողջօրյա գործունեության արդյունք:

Աշխարհն անընդհատ փոխվում է, փոխվում են կյանքը, կյանքի որակը, փոխվում են անգամ արժեքները: Ստացվում է, որ ամենապահպանողական համակարգը կրթական համակարգն է: Կարևոր չէ, թե դուք քանի տարեկան եք, բացեք այսօրվա դասագրքերը և կտեսնեք նույն անճաշակ, հազվադեպ նաև՝ ճաշակով ստեղծագործությունները, նույն տարտամ, անհետաքրքիր, ոչինչ չասող առաջադրանքները, ինչ ձեր ժամանակ էր:

Այսպես սպանում են մարդու ստեղծագործական բնատուր ունակությունները, նրան դարձնում են պասիվ, անհաղորդ:
Դպրոցից դուրս ամեն օր նոր տիպի, նոր որակի համակարգիչներ, նոթբուքեր, նեթբուքեր, հասանելի և մատչելի ինտերնետ, անընդհատ զարգացող թվային տեխնիկա: Երեխան աշխատում է դրանցով, հաղորդակցվում, կիրառում իր կենցաղում: Իսկ դասարանում հնամաշ և հնացած դասագրքեր: Մենք էլ՝ կյանքից ետ մնացած, գորշ, անհետաքրքիր ուսուցիչներ: Ու դեռ ուզում ենք, որ նա սովորի այդ խեղճ ու կրակ համարյա դարավոր դասագրքերով, երբ նրա առջև բաց են աշխարհի դռները:

Մեր՝ մեծերիս պարտականությունն է ուսումնական գործընթացում ՏՀՏ միջոցները դարձնել ուսումնական գործիքներ՝ տանը և դպրոցում: Կրթությունը կդառնա անընդհատ և գրավիչ, ուսումնական տարածքը՝ անսահման: Տանը, դպրոցում, ամենուր սովորողը կարող է աշխատել, սովորել, հետազոտել, ստեղծագործել, ստեղծածը տարածել, կապ ունենալ բոլորի հետ, խմբով առցանց աշխատել, քննարկումներ կազմակերպել: Էլ ի՞նչ միջոցով բոլորին պատմի հենց այս պահին կատարվող իրադարձության մասին, ինչպես ներկայացնի պապ ու տատի, քույր ու եղբոր կենդանի պատումները, հարազատի կամ պարզապես ծանոթի երգած անծանոթ երգը, ասած շուտասելուկն ու ծիսական ասիկը: Ուրիշ ինչպե՞ս կարող է ուսումնական նյութ ստեղծել և տարածել:

Էլեկտրոնային զարգացնող խաղերի, համակարգչային պարզագույն ծրագրերի ամենօրյա գործածման միջոցով համակարգչային գործնական հմտությունների ձևավորում: Ուսումնական գործընթացի արդյունքում ուսումնական էլեկտրոնային նյութերի ստեղծում՝ շնորհավորական և այլ բացիկներ, էլեկտրոնային ընթերցարաններ, օլիմպիական ամսագրեր, տեղեկատվություն, երաժշտական և այլ հոլովակներ, հարցազրույցներ, բանահավաքություն, քննարկում, արվածի խմբագրում, ֆոտոպատում, ֆիլմերի ստեղծում... Ստեղծելու, հաղորդակցվելու, զարգանալու անսահման հնարավորություններ, կարդալու, գրելու, խոսելու ու պատմելու մեծածավալ նյութ ու տարածք: Օտար լեզուների յուրացումը դադարում է ճգնավորի աշխատանք լինելուց: Կարաոկեների ստեղծում, անհրաժեշտ տեղեկատվական և այլ նյութերի թարգմանություն, խաղեր, որոնումներ… արդյունքում սովորողը յուրացնում է այն լեզուն, ինչն իրեն է պետք և իր կրթությանը: Այլ դեպքում նա ստիպված կլինի չգիտես ում որոշած բառախմբերն ու քերականական կանոններն անօգուտ անգիր անել, որոշ ժամանակ հետո մոռանալ:

ՏՀՏ միջոցների գործածումը տանը և դպրոցում, մեդիանյութերի օգտագործումը, ստեղծումը սովորողին դարձնում է ինքնուրույն, պրպտող, անընդհատ զարգացող: Էլ ի՞նչ է պետք իրական կրթության համար:
Էլ ո՞նց կենդանի պահի և փոխանցի ստեղծագործական ոգին:

Ուրեմն՝ ՏՀՏ միջոցների ամենօրյա կիրառում տանը և դպրոցում:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ