ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 59
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի կազմակերպումը

Մարգարիտ Սարգսյան
Կրթական միջավայր՝ կրթական դիտարկում՝ քոմենթ

Արման Գրիգորյան
Ռիթմը կերպարվեստում

Ելենա Սարգսյան
Առարկայական նոր ծրագիր կազմելուց առաջ

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Из арсенала учителя иностранного языка

Աիդա Պետրոսյան
Սովորողների գործունեության կազմակերպման սկզբունքները

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Ամերիկյան դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Ինչո՞վ տարբերվեց 2011-2012 ուսումնական տարին նախորդներից
Ամերիկյան դաստիարակություն

Դեռևս «վայրի Արևմուտքի» ժամանակներից ամերիկյան քաղաքացիներն իրենց մեջ մշակեցին այնպիսի որակներ, որոնց շնորհիվ նրանց կարելի է ճանաչել աշխարհի ուզածդ երկրում: Նրանք ազատ պահվածք ունեն, կարողանում են առանց խուճապի դուրս գալ դժվարին կացություններից և օրինապաշտ են: Ամերիկյան մտածելակերպի և ապրելակերպի հիմքերը դրվում են վաղ տարիքից: Նրանց երեխաների դաստիարակությունը որոշակի առանձնահատկություններ ունեն, որը կփորձենք բացահայտել:

Հույսդ Աստծու վրա դիր, բայց ինքդ էլ ձեռքերդ ծալած մի նստիր

Ամերիկան վտարանդիների երկիր է, և նրա քաղաքացիների մտածելակերպն ու ապրելակերպը, այդ թվում նաև երեխաների նկատմամբ նրանց վերաբերմունքը ձևավորվել է մի կողմից տարբեր ազգությունների գունագեղ ու բազմաշերտ մշակույթների, մյուս կողմից՝ այն միջավայրի ազդեցության տակ, ուր հայտնվել են այդ մարդիկ նոր աշխարհամասում:
Այն տարածքը, որտեղ հետագայում ստեղծվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետությունը, սկզբում անգլիական գաղութ էր, որտեղ երկար ժամանակ սպիտակ վերաբնակիչների մեծամասնությունը կազմում էին մաքրակրոնները (պուրիտանները): Սրանք կրոնական համայնքի ներկայացուցիչներ էին, ովքեր Մեծ Բրիտանիայում հալածվում էին պետության և անգլիկան եկեղեցու կողմից: Այդ մարդիկ Անգլիայից հեռացան Ամերիկա` երազելով նոր վայրում իրականացնել հասարակության սոցիալ-քաղաքական այն տարաբնույթ բարեփոխումները, որ պլանավորել էր նրանց կրոնական համայնքը: Նրանց մոտ գնահատվում էին անհատականությունը, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, ընտրած ուղու ճշմարտացիության նկատմամբ հավատը, բարձր բարոյական չափանիշները կենցաղում և կյանքում, աշխատասիրությունը, ճշմարտախոսությունը, զգացմունքների զսպվածությունը: Այս որակների շնորհիվ ամերիկյան վերաբնակիչները կարողացան դիմանալ բազմաթիվ փորձություններին և դարձան նոր երկրի իսկական տերերը: Նրանք մեծ ազդեցություն ունեցան ամերիկյան ազգի և խառնվածքի այն տեսակի վրա, որ մենք կոչում ենք ամերիկյան բնավորություն: Վերաբնակիչների երեխաների դաստիարակությունը հիմնված էր աստվածաշնչյան ընտանեկան արժեքների վրա: Հանրակրթական դպրոցները մեծ մասամբ պատկանում էին որևէ կրոնական համայնքի: Գործում էր նաև կիրակնօրյա դպրոցների լայն ցանց: Դժվարամատչելի և հեռավոր բնակավայրերում, ուր չէին կարող հասնել կրոնական համայնքների դաստիարակները, բնակիչներն իրենք էին կազմակերպում Աստվածաշնչի և այլ հոգևոր-բարոյական գրականության ընտանեկան ընթերցումներ ու քննարկումներ:
Բնակչության զգալի մասն ապրում էր գյուղական վայրերում՝ ֆերմաներում, որոնք շատ հաճախ հեռու էին քաղաքներից և միմյանցից: Դրա համար էլ դժվարին իրավիճակներում օգնություն այլ տեղերից չէին սպասում, ընտանիքը կարող էր հույսը դնել միայն սեփական ուժերի վրա, և երեխաներին դաստիարակում էին համապատասխան պայմանների համար: Տղաների մոտ սերմանում էին համարձակություն, նախաձեռնություն, ինքնուրույն արդյունավետ որոշում կայացնելու ընդունակություն, իրեն և ընտանիքի մյուս անդամներին պաշտպանելու հմտություն և ունակություն, ազատատենչություն և սեփական ուժերի նկատմամբ վստահություն: Հատկանշական է, որ աղջիկների մոտ նույնպես դաստիարակվում էին մարդկային այս որակները: Տղամարդու բացակայության պայմաններում կինը պետք է կարողանար կատարել նրա պարտականությունները և առիթի դեպքում պաշտպաներ իրեն և երեխաներին: Այնպես որ, զենքին տիրապետելու, ձիավարելու և զուտ տղամարդկային այլ ունակությունները հարգի էին նաև գեղեցիկ սեռի համար:

Իհարկե ԱՄՆ-ի ազգագրական և ռասայական բնութագիրը այդ ժամանակներից շատ է փոխվել, սակայն առաջին վերաբնակիչների պուրիտանական (մաքրակրոն) բարոյականությունն ու ընտանեկան արժեքները շարունակում են ազդել դաստիրակության ամերիկյան մոդելի վրա:

Ընտանիքը որպես գլխավոր արժեք

Ընտանեկան դաստիարակությունը ամերիկացի ծնողների գերագույն խնդիրներից է: Նույնիսկ շատ զբաղված ծնողներն իրենց պարտքն են համարում ինչքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնել երեխաներին, հետաքրքրվել նրանց զարգացմամբ ու հաջողություններով, ապրել նրանց խնդիրներով ու հետաքրքրություններով: Շատ ամերիկացիների կենցաղի անբաժանելի մասն են դարձել ընտանեկան արշավները դեպի բնություն, էքսկուրսիաները, համատեղ ճաշը բնության գրկում, ընտանեկան ավանդական երեկոների կազմակերպումը և այլն: Եկեղեցուն կամ ազգային մշակութային կենտրոնին կից գործող մանկապարտեզում ցերեկույթի ժամանակ ասեղ գցելու տեղ չի լինում: Տեսախցիկներով զինված հայրիկներն ու մայրիկները բուռն ծափահարություններով են ողջունում իրենց մանկիկների նույնիսկ ամենաչնչին հաջողությունները` արտասանած փոքրիկ երգի կամ քառատողի տեսքով: Սրանք սովորական տեսարաններ են ամերիկացների կյանքում:

Հակառակ տարածված կարծիքի, ԱՄՆ-ում մեծ չէ աշխատող մայրերի թիվը, և այն գնալով նվազում է: Շատ ծնողներ գերադասում են ընտանիքը աշխատանքից և ծառայողական աճից: Ստույգ վիճակագրություն չկա, թե ամերիկյան նախադպրոցական տարիքի երեխաների ինչ քանակություն է հաճախում զանազան մանկական հաստատություններ ու ոչ ֆորմալ մանկապարտեզներ, բայց ակնհայտ է, որ տարեցտարի ավելանում է այն երեխաների թիվը, որոնց դաստիարակում են ծնողները տանը: Հետաքրքիր մի դիտարկում էլ կա. վերջին ժամանակներս ավելի շատ հայրեր են զբաղվում տանը երեխաների դաստիարակությամբ, եթե նրանց կանայք ավելի շատ են վաստակում և ծառայողական սանդուղքով բարձրանալու ավելի մեծ հնարավորություն ունեն: Հաճախ են ծնողները օգտվում նաև աշխատանքային ճկուն գրաֆիկներից և համացանցով աշխատելու հնարավորությունից, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնեն ընտանիքին և երեխաների դաստիարակությանը:

ԱՄՆ-ում մեծ տարածում ունեն բազմազան տիպի ու կարգի կանանց ակումբները, որտեղ կանայք հերթով պահում են իրենց ընկերուհիների, հարևանների, հավատակիցների երեխաներին: Հաճախակի նրանք հավաքվում են ակումբներում, եկեղեցիներում, գրադարաններում և նմանատիպ այլ վայրերում, ուր իրենք շփվում են, իսկ երեխաները խաղում են միասին: Այսպիսի ոչ ֆորմալ հանդիպումներն ու միջոցառումները շատ են նպաստում նրա մասնակիցների ստեղծագործական պոտենցիալի զարգացմանը, բայց այն չի կարելի համարել դաստիարակչական համակարգի բաղկացուցիչ մաս:

Ուսումը կսպասի

Ամերիկյան դաստիարակչական համակարգի մասին խոսելիս չի կարելի մոռանալ հանրային գրադարանների և այսպես կոչված «հասարակական կենտրոնների» մասին: Նրանք կան ամեն տեղ: Հաճախ այնտեղ լինում են լավ կահավորված խաղասենյակներ, համակարգչային սրահներ, անվճար կամ շատ մատչելի խմբակներ՝ այդ թվում նաև նախադպրոցականների համար: Թեմատիկան ամեն մի ճաշակի համար՝ երգեցողություն, ձեռագործ, պար, թատերական, բնասերների խմբակներ և այլն: Այս պարապմունքների գլխավար նպատակն է մասնակիցներին հաղորդել հետաքրքիր և օգտավետ ժամանցի զգացողություն: Երեկաների կրթական հաջողություններն (օրինակ՝ վաղ տարիքում գրել – կարդալ սովորելը) այս փուլում, ի տարբերություն հայերի, ավելի քիչ են հետաքրքրում ամերիկացի ծնողներին:
Մեր երկրում նորմալ է համարվում, երբ նախապատրաստական կամ առաջին դասարան ընդունվելիս երեխայից պահանջվում է կարդալու հմտություն, իսկ օտար լեզու իմանալը՝ առավելություն: Մինչդեռ շատ ամերիկացիների դա հասկանալի չէ: Նրանք համարում են, որ այդ բոլորը երեխան կսովորի, երբ դրա ժամանակը գա:

Կյանքն ինչպես որ կա

Մեր տեսակետից անհասկանալի և անընդունելի մի բան էլ կա ամերիկյան դաստիարակության մեջ: Պապիկներն ու տատիկները ԱՄՆ-ում չեն զբաղվում թոռնիկների դաստիարակությամբ: Այսպիսի վերաբերմունքը թերևս գալիս է հին մաքրակրոն համոզմունքից, որ անձը պիտի լինի ինքնուրույն և ինքնաբավ: Երեխան ծնողի խնդիրն է, և եթե նրանք իրենց բավականին հասուն են համարում փոքրիկ ունենալու համար, ապա պիտի մտածեն, թե ով է զբաղվելու նրանով: Բացի դրանից, ամերիկացիները շատ շարժուն ազգ են: Հաշվարկել են, որ միջին ամերիկանցին կյանքի ընթացքում 4 – 5 բնակավայր է փոխում, դրա համար էլ շատ հաճախ տատիկներն ու պապիկները հեռու են լինում թոռնիկներից, և նրանք հանդիպում են տարեկան մի քանի անգամ: Մասնավոր դայակների, սպասուհիների և ուսուցիչների ծառայությունից միջին խավի ամերիկացիները (իսկ ամերիկացիների զգալի մասը պատկանում է այդ խավին) համարյա չեն օգտվում: Դաստիարակության բնագավառի լավ մասնագետի ծառայությունը շատ թանկ է և հասու չէ միջին ամերիկացուն:
Սակայն հարուստ ամերիկացիները նույնպես չեն ձգտում ջերմոցային պայմաններ ստեղծել սեփական երեխաների համար, քանի որ հասկանում են, որ փափուկ կյանքով ապրած երեխաները չեն կարող դիմանալ շուկայական պայմաններին ու մրցակցությանը: Այնուամենայնիվ, եթե երկու ծնողն էլ աշխատում են, ստիպված են լինում օգտվել դայակի ծառայությունից: Դայակներն ԱՄՆ-ում հիմնականում այն կանայք են, որոնք չունեն մասնագիտական կրթություն, որոնց մեծ մասը վտարանդիներ են (շատ հաճախ անօրինական), պատրաստ աշխատելու ամերիկյան չափանիշներով շատ համեստ աշխատավարձով: Նրանք, իհարկե, որոշակի դեր խաղում են իրենց սաների անձի ձևավորման գործում, սակայն իրական դաստիարակություն չեն տալիս: Այս երկրում արգելված է փոքրիկ երեխաներին թողնել առանց հսկողության, և ովքեր դա անում են, ենթարկվում են վարչական տուգանքի, իսկ եթե դա հանգեցրել է լուրջ հետևանքների՝ քրեական պատասխանատվության:

Գիտելիքներ ստանալու ժամանակը

ԱՄՆ-ում մսուրներ նույնպես կան, բայց դրանք մասնավոր հիմնարկություններ են և շատ ավելի թանկ են, քան մեքսիկացի կամ ֆիլիպինցի դայակի ծառայությունը: Մսուրներում և մանկապարտեզներում երեխաների հետ խաղում են (այդ թվում` նաև զարգացնող խաղեր), զբոսնում են, ուտեցնում, քնեցնում, մի խոսքով՝ խնամում, բայց ոչինչ չեն սովորեցնում: Կրթության գործընթացը սկսվում է դպրոցին կից նախապատրաստական դասարանից: Մսուր- մանկապարտեզների պետական համակարգ այս երկրում չկա: Կրթության համար պետությունը իրեն պատասխանատու է համարում սկսած նախապատրաստական դասարանից: Այնպես որ, ԱՄՆ-ի նախադպրոցական դաստիարակությունը մոտեցումների ու մեթոդների կիրառման լայն ու ազատ հնարավորություններ ունի:

Երբ լրանում է երեխայի հինգ տարին, նա ընդունվում է նախապատրաստական դասարան: Պետական դպրոցներում այն անվճար է: Անվճար են նաև ուսումնական նյութերը՝ գրիչները, մատիտները, ֆլոմաստերները, պլաստիրինն ու տետրերը: Ըստ ցանկության երեխային կարելի է տալ երկարօրյա (ժամը 8-ից կամ 9-ից մինչև 15-ը) կամ սովորական (ժամը 9-ից մինչև 12-ը): Ցանկացողների համար կազմակերպվում են երկանգամյա սնունդ, ընդ որում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաների համար այն անվճար է կամ սիմվոլիկ վճարով: Ուսուցման ընթացքում շեշտը դրվում է այն մեթոդների վրա, որոնք երեխային դրդում են մասնակցության: Օգտագործվում են ուսումնական խաղեր, այդ թվում նաև շարժուն, նկարչություն, ձեռարվեստ, երգերի, ոտանավորների ուսուցում և այլն: Կարևոր է համարվում երեխաների պատկերացումների ու երևակայության զարգացումը: Նրանք հորինում են խաղեր, պատկերազարդում գրքեր և այն ցուցադրում ընկերներին ու դաստիարակին: Բացի դրանից դաստիարակների հսկողության տակ փոքրիկները խնամում են բույսեր ու ծաղիկներ, պարբերաբար ջրում, փխրեցնում հողը և դասարանին ներկայացնում իրենց հաջողությունները: Երեխաները երբեմն հետևում են նաև թիթեռների ու մորեխների թրթուրներին, հավաքում և ստեղծում գույնզգույն քարերի հավաքածու: Դպրոցներում պարբերաբար կազմակերպվում են ներկայացումներ ու ցերեկույթներ, որտեղ հանդիսատեսի դերում հանդես են գալիս ծնողները: Շատ ծնողներ կամավոր օգնում են դասարանին ու դաստիարակներին, հետևում են երեխաներին էքսկուրսիաների ժամանակ, կազմակերպում ցերեկույթներ և այլն: Որպես կանոն, տարեվերջյան հանդիսավոր տողանի ժամանակ դպրոցի տնօրենը նշում է այն ծնողների անունները, ովքեր օգնել են դպրոցին և փոքրիկ հուշանվերներ է հանձնում նրանց:

Ինտերնացիոնալիզմ, հայրենասիրություն և … խելամտություն

Ժամանակակից Ամերիկայի հպարտության պատճառներից մեկը բազմամշակութայնությունն է: Այն ուսուցվում է դպրոցներում շատ վաղ տարիքից: Երեխաներին բացատրում են, որ բոլոր մարդիկ, անկախ ռասսայից, ազգությունից, կրոնից ու լեզվից, ունեն հավասար իրավունքներ ու հնարավորություններ: Այդ պատճառով էլ այստեղ հնարավոր չէ այնպիսի իրավիճակ, որ այլ ռասայի, ազգության կամ անգլերեն լավ չիմացող երեխան իրեն օտարված զգա: Սակայն սրա հետ միաժամանակ քարոզվում է այն միտքը, որ չնայած տարբերություններին ԱՄՆ-ի բոլոր բնակիչները պատկանում են ամերիկյան ազգին և ուժեղ են դրանով: Նույնիսկ նախապատրաստական դասարանում օրն սկսվում է ԱՄՆ-ին հավատարմության երդումի օրհներգով: Բոլոր երեխաներն այն անգիր են անում` շատ անգամ առանց հասկանալու իմաստը: Ավելորդ է ասել, որ դպրոցը և նրա բոլոր դասարանները զարդարված են ԱՄՆ դրոշներով:
Ամերիկացիների մոտեցումը սեռական դաստիարակությանը շատ բանով պայմանավորված է մաքրակրոն բարոյականության ժառանգությամբ: Այս առարկան մտցված է հանրակրթական դպրոցների ծրագրի մեջ, բայց որպես ընտրությամբ առարկա, և ծնողներն են որոշում` հաճախի իր երեխան այդ դասերին, թե ոչ:

Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների վարքի կանոններին: Օրինակ՝ նույնիսկ շատ փոքր աղջնակներին հասարակական լողափում չեք տեսնի առանց լողազգեստի: Հանրային հեռուստաալիքներից ամբողջությամբ հանված են էրոտիկ թեմատիկայով գովազդներն ու հաղորդումները:

Ոչ մի բռնություն

Այժմ` տնային պատիժների ու խրախուսանքների մասին: Ամերիկյան օրենսդրությունը ուղղակիորեն չի արգելում երեխաների մարմնական պատիժները, սակայն հասարակությունը այն համարում է անցյալի մնացուկ, և նման պատիժ կիրառողները չեն համարվում բարձր մտահորիզոնի ու բարոյականության կրողներ: Եթե երեխան մանկապարտեզում, դպրոցում կամ, նույնիսկ, հարևաններին բողոքել է, որ հայրը կամ մայրը ծեծել են իրեն կամ, Աստված մի արասցե, երեխայի վրա կապտուկներ ու քերծվածքներ են հայտնաբերվել, ապա այդ ծնողները մեծ խնդիրներ կունենան շրջապատում և իրավապահ մարմինների հետ:
Որպես պատիժ` կարգազանց երեխաների համար կիրառվում է ժամանցներից, քաղցրավենիքից, խաղալիքներից և այլ հաճելի բաներից զրկելը, բայց եթե երեխան դրա համար բողոքում է շրջապատին, ապա դա կարող է դիտարկվել որպես երեխային հասցված ֆիզիկական կամ հոգեկան վնաս: Ծնողին, այսպիսով, մնում է երեխայի վրա միայն խոսքի ու զրույցի ուժով ազդելը: Առաջին հայացքից թվում է, թե այս մոտեցումը արդյունավետ չի կարող լինել և կհանգեցնի երեխաների կողմից ամենաթողության, սակայն իրականում այս մեթոդը կարգապահության է դրդում թե´ երեխաներին և թե´ ծնողներին:

Երբ դպրոց են գնում հաճույքով

Ամերիկյան կրթական համակարգի առավելություններից է համարվում ոչ ֆորմալ մոտեցումը ուսումնական ծրագրերին և կողմորոշումը դեպի գործնական գիտելիքներն ու հմտությունները: Գործնական գիտելիքներն ու հմտությունները երբեմն ձեռք են բերվում ի հաշիվ տեսական գիտելիքների: Թվում է, թե գիտելիքների յուրացումը ԱՄՆ-ի դպրոցներում, հատկապես ցածր դասարաններում, անլուրջ է և մակերեսային: Տեսական գիտելիքների առումով այն երևի թե այդպես է, սակայն շատ ծնողների (հատկապես նախկին ԽՍՀՄ–ից գնացածների) հաճելիորեն զարմացնում է, որ իրենց երեխաները հաճույքով են գնում դպրոց և իրենց փոխանցում այն ամենը, ինչ սովորել են տվյալ օրը:

Ոչ թե մատնիչ, այլ ազնիվ քաղաքացի

Նախկին ԽՍՀՄ-ից ԱՄՆ գնացած շատերի համար «մատնությունը» բացասական երևույթ է, որ նրանց երեխաների մեջ սերմանվել է փոքր տարիքից: ԱՄՆ-ում դրան նայում են այլ կերպ: Երեխաներին դաստիարակում են լինել օրինապահ քաղաքացիներ և հետևել, որ իրենց ընկերները նույնպես լինեն օրինապահ: Իսկ երբ նման վարքը դառնում է բնական և համընդհանուր, ապա մանկական կոլեկտիվում «խաբարբզիկության» ու «մատնության» խնդիրներ չեն առաջանում:

Այստեղ «օտարներ» չեն լինում

Ամերիկյան մանկական կոլեկտիվներն աչքի են ընկնում բացառիկ հանդուրժողականությամբ: Այնպիսի իրավիճակ, երբ երեխաներին ճնշում են կամ ծիծաղում նրանց վրա, այստեղ բացառություն են: Խարտյաշները, ակնոցավորներն ու երկար ականջավորներն այստեղ իրենց անվտանգ են զգում: Իհարկե, շատ բան կախված է նաև այն շրջանից, թե որտեղ է դպրոցը, բայց կռիվներն ու անկարգություններն ավելի շատ բացառություններ են, քան նորմ: Այլ երկրներից եկած երեխաների արագ հարմարեցումը ամերիկյան դպրոցներում ընթանում է շատ հարթ: Լեզվական հմտությունները յուրացվում են մի քանի ամսում, առավել ևս, եթե երեխան միակ արտասահմանցին չի լինում դասարանում: Նյու Յորքում, Ֆլորիդայում կամ Կալիֆորնիայում, երբեմն, վտարանդիների երեխաները ավելի շատ են լինում, քան տեղաբնակներինը: Նոր պայմաններին հարմարվելը կախված է նաև տվյալ երեխայի անձնական և անհատական որակներից, սակայն կրթական հաստատությունում տիրող բարենպաստ մթնոլորտն օգնում է երեխային արագ և անցավ հաղթահարելու այդ բոլոր դժվարությունները:

Իհարկե, օտար երկրի և մշակույթի փորձը չարժե մեխանիկորեն ընդօրինակել, սակայն ծանոթությունն այդ փորձի հետ, նրա ստեղծական և դրական պահերի իմաստավորումը կօգնի բարեփոխումներ անել մեր կրթական համակարգում:

Օգտագործված գրականություն

  • Сергей Петров Воспитание по американски – Педагогика – М. 2010
  • Образование и воспитание в США – еженедельник За рубежом – М 2011
  • Айрат Димиев - Классная Америка – М. – 2008
  • Аида Горбунова - Они просто радуются своим детям - Педагогика – М. 2011

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Շանթ Գրիգորյան | 2013-01-08 01:02:42
շնորհակալություն այս հոդվածի համար
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ