ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 60
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Ի՞նչ, ինչո՞ւ, ե՞րբ: Ընթերցել, թե՞...



Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ես ձեզ ուզում եմ պատմել...

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Վերափոխումն Ս. Աստվածածնի. խաղողօրհնեք

Նունե Մովսիսյան
Վարդավառ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Իրանական (իսլամական) դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վլադիմիր Լևի
Ինչպես դաստիարակել ծնողներին կամ նոր ոչ սովորական երեխա

ԱՐՁԱԳԱՆՔ
Իրանական (իսլամական) դաստիարակություն

Կյանքը Արարիչի տված պարգևն է, իսկ կյանքի իրավունքը Բարձրյալը երաշխավորել է բոլոր մարդկանց: Իսլամը երեխայի իրավունքը սկսում է պաշտպանել դեռևս նրա պլանավորման պահից: Ավելին՝ Իսլամն ապահովում է ոչ միայն նորածնի բժշկական խնամքը, այլև ժառանգություն ստանալու նրա իրավունքը: Մարդկային կյանքի պահպանությունը այն ժամկետներում, որ սահմանել է Բարձրյալը, պարտականություն է՝ ամրագրված շարիաթի օրենքներով:

Նորածինները անօգնական են և անպաշտպան, նրանք ընդունակ չեն իրենցից հեռու վանելու կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները: Հենց այդ պատճառով էլ Իսլամի հռչակած կյանքի ու առողջության պաշտպանության իրավունքը տարածվում է բոլոր երեխաների վրա, անկախ ռասայից, սեռից ու ծագումից:

Երեխայի հոգևոր ներքնաշխարհի ձևավորումն սկսվում է նրա ծնողների ընտանիք կազմելու պատրաստակամությունից: Ինչո՞ւ, որովհետև ընտանիք կազմելու պայմանները պիտի թույլատրված լինեն շարիաթով՝ իսլամական կրոնի օրենսդրությամբ: Միայն շարիաթի օրենքներով ստեղծված ընտանիքում ծնված երեխաներն են համարվում օրինական: Ծնողների պատասխանատվությունն այստեղ խիստ մեծ է, քանի որ նրանցից է կախված մի ամբողջ սերնդի շարունակման ու դաստիրակման գործը:

Իսլամի շրջանակներում երեխայի դաստիարակության համար անհրաժեշտ է հետևել հետևյալ սկզբունքներին.

  • Ծնողների գերագույն խնդիրն է դաստիարակել հավատացյալ, բարեշնորհ երեխաների:
  • Դաստիարակության դժվարություններն ու սխալները գալիս են երեխայի շրջապատից՝ ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից և բակից:
  • Երեխայի հոգևոր ներքնաշխարհի ձևավորումը կատարվում է ընտանիքում:
  • Երեխայի մոտ դեռ փոքր տարիքից պիտի պատվաստել սեր կրոնի նկատմամբ, քանի որ աղոթել կարելի է ամեն տեղ, որտեղ կա մաքուր տարածք:
  • Իսլամական դաստիարակության փիլիսոփայությունը դա բարեկիրթ, բարոյապես կայուն, հասարակության համար պիտանի քաղաքացու ձևավորումն է:

Իսլամական դաստիարակության հիմնական սկզբունքը բարոյապես կայուն, բարեկիրթ, երկրի համար պահանջված ու անհրաժեշտ քաղաքացիների դաստիարակությունն է: Հեեց դրա համար էլ մուսուլմամական ընտանիքներում մեծ կարևորություն են տալիս երեխաների դաստիարակությանը: Իսլամը իրավական և սոցիալական հիմք է ստեղծում երեխայի իրավունքի ապահովման և ճիշտ դաստիարակության համար: Չե որ երեխաները մարդկային սերնդի շարունակողներն են, ընտանիքի զարդը և Բարձրյալի պարգևը: «Հարստությունն ու զավակները այս կյանքի զարդարանքն են…» (Ղուրան 18:46): Ինչ վերաբերում է Ալլահի մարգարեին, ապա նա երեխաների աշխարհը նկարագրում է որպես դրախտ, ասելով, որ երեխաները դրախտի թիթեռներ են:

Իրանական ընտանիքի հիմնական սկզբունքները

Մուսուլմանական ընտանիքներում երեխաների դաստիարակությամբ հիմնականում զբաղվում են կանայք: Դա մեծ վստահություն և միաժամանակ ահռելի պատասխանատվություն է Բարձրյալի կողմից կանանց համար՝ հանուն հավատացյալ երեխաների դաստիարակության: Մարդու առաջին շփումը կանանց հետ լինում է, երբ մայրը երեխային կրում է իր սրտի տակ: Մուհամեդ մարգարեի ասույթներից մեկում կարդում ենք. «Դրախտը մեր մոր ոտքերի տակ է», մի այլ տեղում. «Եթե ձեզ միաժամանակ կանչում են մայրն ու հայրը, սկզբում մոտեցեք ձեր մորը»:

Իհարկե, մուսուլմանական դաստիարակության առանձնահատկությունը ունի տարբեր պատճառներ, բայց ինչպես բոլոր ընտանիքներում, մուսուլման ծնողները պետք է լինեն իրնց երեխաների ընկերն ու բարեկամը: Նշենք նաև, որ երեխային մուսուլման դաստիարակելու համար չկա ընդհանուր դեղատոմս:

Մուհամեդ մարգարեն ասել է «Ամենաարժեքավորը, որ կարող է տալ հայրը որդուն, դա լավ դաստիարակությունն է»: Իսկ դա նշանակում է, որ Իսլամի միլիոնավոր հետևորդներ մեծ պատասխանաատվությամբ են վերաբերվում երեխաների դաստիարակությանը: Մյուս կողմից էլ ծնողները Իրանում անառարկելի հեղինակություն ունեն և մեծ հարգանք են վայելում: Նրանց սովորաբար դիմում են «դուք» - ով և մինչև չափահաս դառնալը ծնողների ասածը օրենք է երեխայի համար: Երեխան կարող է արտահայտել իր կարծիքը, բայց կոպիտ վեճերը, առարկությունները, բարձր խոսելը ծնողների հետ անընդունելի են: Բոլոր նրանք, ովքեր եղել են իրանական ընտանիքներում, նշում են այդ մասին:
Ահա թե ինչ է ասում իրանական դիվանագետներից մեկը՝ Սեիդ Մահմուդ Ռեզա Սահջադին լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Բոլոր մարդիկ ցանկանում են, որ իրենց երեխաները ծնվեն և դաստիարակվեն այն կրոնի հովանու տակ, որն իրենք ճիշտ են համարում: Իրանի ներքին օրենքները մեծ ուշադրություն են դարձնում երեխայի դաստիարակության, խնամքի և ժառանգության հարցերին: Ասենք, եթե ծնողներից մեկը հեռանա կյանքից, ո՞ր կրոնի օրենքով կիսել ժառանգությունը: Դրա համար էլ Իրանում ամուսնացողները պետք է պատկանեն նույն կրոնին: Դա երկրի ներսում. իսկ եթե սիրող զույգերից մեկը դավանում է այլ կրոնի, ապա նրանք պետք է ամուսնանան արտասահմանում և վերադառնան Իրան: Սրանում դատապարտելի ոչինչ չկա»:

Մուսուլմանական դաստիարակության կարևոր ասպեկտներից է երեխաներին բացատրելը, որ Ալլահը նույնպես գոհ է նրանց արածից: Եթե երեխային համոզում եք, որ իր արածից գոհ ենք ոչ միայն մենք, այլև Ալլահը, երեխան սկսում է իր գործողությունները կատարել Ալլահին գոհացնելու համար, ինչը համարվում է մուսուլմանի հիմնական վարքագիծը: Իրանցիների բարոյական սկզբունքներից են նաև հարգանքը մեռած հարազատների, ավագների և ծերերի նկատմամբ: Համընդհանուր կարծիքի համաձայն ավագները ընտանիքի և տոհմի դեմքն են: Ընդհանուրի բարեկեցությունն այստեղ կախված է ամեն մեկից: Խրախուսվում է երեխաների ներդաշնակ դաստիարակությունը: Այդ նպատակով ստեղծվել են արվեստների, երաժշտության, սպորտային և այլ դպրոցներ: Մինչև չափահաս դառնալն Իրանում ընդունված չէ երեխաների ուսուցումն արտասահմանում, սակայն արտասահմանյան բարձրագույն կրթությունը լեզուներ սովորելու, մասնագիտություններ ձեռք բերելու ուղղությամբ, ամեն կերպ խրախուսվում է:

Կինն իսլամական ընտանիքի սիրտն է։

Սխալ պատկերացում կա, իբր մուսուլման կինը ժամանակի մեծ մասն անցկացնում է խոհանոցում և մանկանց սենյակում: Սիրասուն մայրն ու հոգատար կինը բոլորի կողմից հարգված անձնավորություն է մուսուլմանական հասարակությունում:
Իսկ հայրե՞րը: Նրանք պարտավոր են ապահովել իրենց ընտանիքի նյութական բարեկեցությունը և օգնել կնոջը տնտեսական գործերում: Իմիջայլոց, արևելյան շատ երկրներում կերակուրը պատրաստում են ուժեղ սեռի ներկայացուցիչները: Հյուրերի և ընտանիքի անդամների հյուրասիրությունը համեղ խորտիկներով, համարվում է տղամարդկային գործ: Այս ամենը մեծ նշանակություն ունի երեխայի դաստիրակման գործում: Նա պիտի տեսնի, որ ընտանիքում հարգալից վերաբերմունք կա ոչ միայն ծնողների և ավագների, այլև քույրերի և եղբայրների նկատմամբ:

Իսլամական հեղափոխությունից հետո իրանցի կինը գտավ իր տեղը ընտանեկան պատասխանատվության և հասարակական պարտականության միջև: Կանայք ստեղծեցին զանազան հասարակական կազմակերպություններ, որոնք մեծ դեր խաղացին երկրի կրթա – մշակութային կյանքի զարգացման մեջ: Հայտնի լրագրող, բանաստեղծ Լյուդմիլա Ավդեևան, որ երկար տարիներ ապրել է Իրանում, հետաքրքիր միտք է արտահայտել, որ ընտանիքը ոչ միայն հասարակության ամենամեծաքանակ բջիջն է, այլև սերունդների ժառանգորդը, որն արտահայտվում է այն ավանդույթների ու սովորույթների պահպանմամբ, որն ամրապնդում է հասարակությունը: Ըստ նրա՝ մուսուլման կանայք համարվում են ընտանիքի սիրտը: «Նրանք ոչ միայն գեղեցիկ են, այլև խելացի»:

Իրանական ընտանիքն այսօր

Միջին իրանական ընտանիքում այսօր ունենում են երկու-երեք երեխա, չնայած լավ ապահովված ընտանիքներում երբեմն լինում են չորս-հինգ և ավելի երեխաներ: Գյուղական ընտանիքներում երեխաների քանակն ավելի է, քան քաղաքում: Քաղաքային ընտանիքներում աշխատող երեխաները բացառիկ երևույթ են: Նրանք արհեստ են սովորում զանազան արհեստագործական ուսումնարաններում: Սա վերաբերվում է տղաներին, որոնք նաև օգնում են հայրերին մանր բիզնեսում՝ խանութներում, սրճարաններում և այլն:
Պետությունը պաշտոնապես թույլատրում է երեխաների հասարակական գործունեությունը և աշխատանքը արտադրությունում սկսած 15 տարեկանից: Երեխաների 70 %-ից ավելին դաստիարակվում են ընտանիքներում մոր կողմից, չնայաց շատ իրանական կանայք աշխատում են: Երբեմն երե;աների դաստիարակությամբ զբաղվում են տատիկներն ու պապիկները կամ էլ դայակներ են վարձում: Մանկապարտեզները քիչ են և մասնավոր, որոնք թանկ արժեն: Քանի որ ընտանիքի նյութական ապահովությունը դրված է հոր ուսերին, նա քիչ է զբաղվում երեխաների դաստիարակությամբ:

Չնայած որ Իրանում տղաների ու աղջիկների ուսուցումը առանձին է կատարվում դպրոցական կրթության ողջ ընթացքում, նրանց դասավանդման ծրագրերը նույնն են մինչև 14 տարեկան հասակը: Այդ տարիքից աղջիկների մոտ զարգացնում են այն հմտությունները, որոնք պետք են ընտանիքում՝ կար ու ձև, կերակրի պատրաստում, երեխաների ու ծերերի խնամք և այլն: Տղաներն այդ ընթացքում հմտանում են տեխնիկայի, էլեկտրոնիկայի, արհեստների և առևտրի մեջ: Չնայած առանձին ուսուցմանը՝ Մուհամեդը սովորեցնում է տարբերություն չդնել տղաների և աղջիկների միջև, քանզի երկուսն էլ Տիրոջ պարգևն են. «Աղջիկը հիասքանչ երեխա է, չափազանց քնքուշ ու գթասիրտ, սիրում է օգնել, մշտապես ուրախություն է բխում նրանից և լցված է մայրական զգացումներով»: Կանանց ամենամեծ զբաղվածությունն Իրանում նկատվում է կրթական հաստատություններում: Վիճակագրությունը պարզել է, որ իրանցի կանայք մեծ ընդունակություններ և հնարավորություններ ունեն և նրանք դա կիրառում են կյանքում: Մյուս կողմից էլ բարձրագույն կրթությամբ շատ կանայք գերադասում են զբաղվել ընտանիքով, քանի որ Ընտանիքը բարձրագույն արժեք է Իրանում և կանայք երեխաների դաստիարակությունն ու ընտանեկան օջախի պահպանությունը սուրբ գործ են համարում:

Իմամ Հոմեյնին իր բազմաթիվ ելույթներում շատ է անդրադարձել անձի դաստիարակության խնդրին և կնոջ դերին այդ գործում: Անձի դաստիարակությունը, ըստ իմամի պիտի համահունչ լիներ ժամանակի պահանջներին և բխեր իսլամի ոգուց:
Բավականին թույլ զարգացած նախադպրոցական կրթացանցի գոյությունը բացատրվում է այն ավանդույթով, որ իրանցի երեխան մինչև 7 տարեկանը պիտի ստանա մայրական դաստիարակություն: Այս ֆոնի վրա միջնակարգ կրթությունը Իրանում, հատկապես վերջին տարիներին, մեծ զարգացում է ապրել:

Ուսուցման պաշտոնական լեզուն Իրանում պարսկերենն է, սակայն դպրոցներում անգլերենը դասավանդվում է որպես երկրորդ առարկա:

5 տարեկաներից երեխաները մեկ տարով այցելում են նախադպրոցական հաստատություն, որի նպատակն է ապագա դպրոցականների ֆիզիկական, զգացմունքային և սոցիալական զարգացման նախապատրաստումը: Սակայն նախադպրոցական կրթությունը պարտադիր չի համարվում և 6 տարեկանից բոլորը գնում են առաջին դասարան, որտեղ սովորում են հինգ տարի: V դասարանն ավարտելուց հետո բոլորը հանձնում են միասնական պետական քննություն, որի հաջող հանձնումը իրավուք է տալիս ստանալ տարրական կրթությունն ավարտելու հավաստագիր և անցնել կրթական նոր մակարդակի: Տարրական դպրոցի նպատակն է զարգացնել երեխայի հմտություններն ու ընդունակությունները, սովորեցնել գրագիրության (գրել, կարդալ, հաշվել) և մասնակցության հասարակության սոցիալ – կրոնական կյանքին: Միջնակարգ կրթությունը բաժանվում է Կրտսեր և Ավագ դպրոցների: Կրտսեր միջնակարգ դպրոցը կոչում են նաև կողմնորոշման փուլ: Սրանք 6-ից 8-րդ դասարաններն են, որտեղ սովորում են պարսկերեն և պարսկական գրականություն, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, Ղուրան, բնական գիտություններ և այստեղ սովորողները կողմնորոշվում են հետագա ուսուցման մեջ: VIII դասարանի վերջում նույնպես պետական քննություն են հանձնում: Ութամյա կրթությունը համարվում է հիմնական և պարտադիր:

Ավագ միջնակարգ դպրոցը երեք տարի է՝ 9- 11-րդ դասարանները, բաժանվում են երեք ուղղությունների՝ տեսական, տեխնիկական-մասնագիտական և կիրառական:

Տեսական ուղղությունն ընտրած սովորողները մի ընտրություն էլ են կատարում՝ ֆիզիկա-մաթեմատիկական, փորձարարական, սոցիալ-տնտեսական կամ հումանիտար: Այստեղ ուսուցումը կատարվում է խորացված և խիստ մասնագիտական: 11-րդ դասարանն ավարտողները վկայական են ստանում ավագ դպրոցն ավարտելու վերաբերյալ: Բուհ ընդունվել ցանկացողները մեկ տարի էլ սովորում են նախապատրաստական դասընթացում, որը նրանց իրավունք է տալիս մասնակցելու բուհ ընդունվելու պետական քննություններին: Այստեղ ամենաբարձր միավորներ հավաքածները ընդունվում են բժշկական բուհ:

Առանձին ուղղություն է համարվում մանկավարժական կրթությունը: Մանկավարժական կենտրոնները իրականացնում են նախադպրոցական և կրտսեր դպրոցական կադրերի կրթությունը ընդամենը երկու տարում: Ավագ դպրոցներում դասավանդել ցանկացողները պետք է անպայման ունենան բակալավրի աստիճան, որը կարող են ստանալ համալսարանում կամ մանկավարժական քոլեջում:.

Այսպիսին է իրանական կրթությունն ու դաստիարակությունը արդի էտապում: Այն թվում է չափից ավելի իսլամիզացված և քաղաքականացված, սակայն այն ավելի առաջադիմական է, քան Մերձավոր և Միջին Արևելքի շատ երկրներում:

Օգտագործված գրականություն

  • Վ. Ա. Բայբուրդյան, Իրանի պատմություն
  • «Կրոնների երկխոսություն», Երևան 2004, առաջին թողարկում
  • Т. С. Оленич, Как в Иране воспитывают детей, Журнал «Караван», №9, Культурное представительство при посольстве ИРИ в РФ
Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ