ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 60
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Ի՞նչ, ինչո՞ւ, ե՞րբ: Ընթերցել, թե՞...



Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ես ձեզ ուզում եմ պատմել...

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Վերափոխումն Ս. Աստվածածնի. խաղողօրհնեք

Նունե Մովսիսյան
Վարդավառ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Իրանական (իսլամական) դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վլադիմիր Լևի
Ինչպես դաստիարակել ծնողներին կամ նոր ոչ սովորական երեխա

ԱՐՁԱԳԱՆՔ
Վարդավառ

Վարդավառը քրիստոնեական տոն` Պայծառակերպութիւն Տեառն մերոյ Քրիստոսի

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տոնվել է Զատիկից 14 շաբաթ հետո։ Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Պայծառակերպության տոնը նախապես տոնվել է Հայոց տոմարի Նավասարդ ամսի առաջին օրը` օգոստոսի 11-ին (ըստ Աբեղյանի՝ այն տոնվել է օգոստոսի 6-ին):

Հետագայում, երբ 551թ. Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից կատարվեց հայոց տոմարի նորոգությունը, փոփոխվեց և տոնի կատարման ժամանակը: Ավելի ուշ, Գրիգոր Լուսավորչի մեկնությամբ, Վարդավառի տոնը քրիստոնեական եկեղեցին հայտարարել է Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպության երևույթին նվիրված տոն, ինչի համար և այն հայտնի է նաև Պայծառակերպություն կամ Այլակերպություն անվամբ: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով, Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Պայծառակերպություն նշանակում է պայծառ կերպարանք, պայծառ տեսք ունենալ: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս, Մարկոս, Ղուկաս ավետարանիչները. «Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը»: Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»»:

«Մեր նախնիները այս տոնը վարդավառ անվանեցին, որովհետև վարդը քանի դեռ կոկոն է, ոչ իր գեղեցկությունը և ոչ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես, քաղցրությունից շարժվելով, փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում: Ինչպես վարդն է ծածկված լինում որպես կոկոն, այդպես էլ Տերը նախքան իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը:Եվ ինչպես վարդը բացվելով հայտնապես երևում է, այնպես էլ Տերն այսօր պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը»,- գրում է Գրիգոր Տաթևացին:
Հավատում էին, որ Վարդավառի գիշերը սրբերի վրա լույս էր իջնում, և ով տեսներ այդ լույսը, կկատարվեր նրա նվիրական ցանկությունը:

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

Վարդավառը հեթանոսական տոն

«Վարդավառ» բառը խեթական ծագում ունի և նույնիսկ խեթերենին շատ մոտ սանսկրիտում այդ բառը գոյություն ունի և նշանակում է ջուր (վարդ) ցողել (վառ): Որոշ հեղինակների կարծիքով էլ` այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: Եվ իրոք, հուլիսին, այսինքն` հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, մարդիկ զանգվածաբար ջրցանություն են կատարում և աստվածներից ջուր խնդրում։ Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոն է: Վարդավառը տարվա մեջ ազգակիցներին համախմբելու, նրանց կապը մշտապես պահպանելու դեր է ունեցել։ Շատ շրջաններում այդ օրը պարտադիր հավաքվել են հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները։ Նրանք հանդիպել են հայրական հարկի տակ, նվերներ փոխանակել, առել միմյանց կարոտը, արտահայտել փոխադարձ սեր ու նվիրվածություն։ Ի դեպ, մեր ժամանակներում էլ արևմտահայերը Հայաստանում իրենց հարազատներին այցելելու համար սովորաբար ընտրում են հենց այս տոնը: Վարդավառը հայոց հնագույն տոներից է, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այլն: Հնում դույլերով ու թասերով ջուրը գիշերը դնում էին լուսնի լույսի տակ ու հաջորդ օրը՝ կեսօրին, պարտադիր ցողում իրար վրա՝ որպես ջրով օրհնվելու ու մաքրվելու կարգ:

Վարդավառի ջրային խաղերը հնում սկսվում էին աղավնի թռցնելով: Վարդավառի տոնին մեծ ու փոքր, տղամարդ ու կին կժերով, սափորներով և դույլերով իրար վրա ջուր էին լցնում: Այդ օրը սկեսուրի վրա նույնիսկ չխոսկան հարսն էր համարձակվում ջուր ցողել, ու ոչ ոք վիրավորվելու իրավունք չուներ: Եվ ոչ ոք չէր դժգոհում կամ վիրավորվում, որովհետև այդ օրը ջուրը համարվում էր ամենազորեղ, ամենաբուժիչ։ Այս ամենն ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով, խաղերով։ Մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահար երիտասարդները աղավնիներ էին թռցնում, ու թե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան։
Շատ հետազոտողներ գտնում են, որ Վարդավառը հայոց մեջ արմատավորվել է ի հիշատակ Արարատ լեռան վրա Նոյան տապանի հայտնվելուն: Ըստ որոշ մասնագետների, տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ: Նոյի ուղարկած աղավնին վերադարձավ` բերելով կտուցին պահած ձիթենու մի ճյուղ: Տեսնելով այդ ճյուղը` Նոյը հասկացավ, որ ջրերն աստիճանաբար ցամաքում են: Նա պատվիրեց իր որդիներին տարին մեկ անգամ իրար վրա ջուր լցնել, որպեսզի չմոռանան ջրհեղեղը: Ի դեպ, ժողովրդական մի ավանդությամբ, Աստղիկը համարվում է Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրը:

Ըստ հնագույն լեգենդի, հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին, որը վարդաջրեր ցողելով ու վարդեր նվիրելով, սեր էր պարգևում մարդկանց: Վարդեր նվիրելու սովորությունից էլ, ըստ երևույթին, առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը: Քանի որ Աստղիկը ծնվել էր ջրի փրփուրներից, մարդիկ այդ օրը միմյանց վրա ջուր էին ցողում և զոհաբերություններ անում դիցուհուն՝ անձրև խնդրելով ամառային շոգերից թոշնած իրենց դաշտերի համար, և սեր՝ իրենց ընտանիքների համար: Հայոց սիրո և գեղեցկության աստվածուհին՝ Աստղիկը,Վահագն աստծու սիրեցյալն էր։ Ըստ ավանդույթի,ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին: Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին,ազատում է Աստղիկին և շրջելով Արարատով, մարդկանց օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում:

Ըստ մեկ այլ ավանդազրույցի, երբ Աստղիկը քայլում էր` ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բուսնում, իսկ, երբ դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհի վրա, դրանք աննկատելիորեն հպվում էին հայուհիներին և նրանց օժտում աստվածային գեղեցկությամբ:Հայաստանում այս տոնը նշվել է շատ ավելի ճոխ, քան հիմա: Շաբաթներ առաջ երիտասարդները պատրաստվում էին տոնին. նոր հագուստ էին կարում, ծաղիկներով զարդարում էին տունը, իսկ այդ օրը միմյանց նվերներ էին տալիս:

Վարդավառը տոնում էին ուխտագնացություններով դեպի նշանավոր լեռների սրբավայրերը և ջրերի ակունքները: Հատկապես նշանավոր էր Մշո սուրբ Կարապետ վանք կատարվող ուխտագնացությունը: Ուխտավորներն օրերով մնում էին սրբավայրերում, կազմակերպում միջոցառումներ (մարմնամարզական խաղեր, ձիարշավներ, ընբշամարտեր, կազմակերպվում էին տոնավաճառներ, զբոսախնջույքներ, լարախաղացների ուրախ հանդեսներ): Ուխտավայրերը դառնում էին նաև աղջիկտեսի և ծանոթության գլխավոր վայրեր:

Վարդավառին «Նուրին» տիկնիկներ էին պտտում, դրանց վրա ջուր, ձու լցնում և, ալյուր, յուղ հավաքելով՝ կատարում յուրատեսակ զոհաբերություն։

Տոնի ժամանակ մարդիկ հացահատիկի հասկեր էին հավաքում դաշտերից և տանում եկեղեցի` օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից ու մորեխներից, խնդրելով. «Աստված, պարզերես պահե մեզ Վարդավառի տապ ու շոգեն…»։
Տարեցները հանգանակություն էին անում մատաղացուի համար: Այս մատաղի հիմնական նպատակը ևս դաշտերը երաշտից, մորեխներից ու զանազան աղետներից պաշտպանելն էր:
Երիտասարդները վառում էին խարույկներ և լուսաբացը դիմավորում կրակի շուրջը` խմբապարով: Պարերն ուղեկցվում էին երգերով, խաղերով, կատակներով:

Ծիսական պարագաներ. խաչբուռ

Ըստ « Բառգիրք հայերէն լեզուի» (Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ) խաչբուռը խաչաձև փունջ է` կազմված ցորենի հասկերից:
Վարդավառին մարդիկ հացահատիկի հասկեր էին հավաքում դաշտերից և տանում եկեղեցի` օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից ու մորեխներից, խնդրելով. «Աստված, պարզերես պահե մեզ Վարդավառի տաք ու շոգեն…»։
Հայերի մեջ հրաշալի ավանդություն կար խաչբուռի հետ կապված: Հայ գյուղացին հավատում էր, որ ցորենի ու գարու արտերի մեջ ապրում էր Արտի Ոգին, ով հսկում էր արտն ու բարիքը:
Հնձվորները արտերում հունձը սկսելուց առաջ կամ վերջացնելուց հետո ցորենի հասկերից հատուկ վարպետությամբ հյուսված փնջեր` «խաչբուռներ» էին պատրաստում և նվիրում իրենց արտատերերին:
Ու, երբ գալիս էր արտը նորից ցանելու ժամանակը, հայը իջեցնում էր խաչբուռը պատից, ձեռքով փշրում, խառնում սերմացու ցորենին` Արտի Ոգուն նորից վերադարձնելով արտին:

Խաչբուռը կամ խաչափունջը, հյուսվել է ցորենի հասած արտից հնձած առաջին փնջից և նվիրաբերվել աստվածներին, որպես գոհաբանություն՝ բերքի համար: Խաչբուռը հյուսվել է խաչի տեսքով, կապելով երկինքն ու երկիրը:
Ըստ մասնագետների, այն բացարձակապես չի առնչվում Հիսուսի խաչափայտի հետ. հաճախ գործել են Նուրի աստվածուհու կերպարանքով, և վերջապես կենաց ծառի տեսքով ու գաղափարով: Քրիստոնեության ընդունումից հետո խաչբուռը նվիրվեց Անահիտին փոխարինող Աստվածածնին:

Աղջիկները հավաքում էին բազմագույն ծաղիկների փնջեր (հատկապես «վրթիվեր» դեղին ծաղիկի) և գիշերը գաղտնի նետում հարազատների կան հարևանների բակը: Ցորենի հասկից հյուսում էին գեղեցիկ փնջեր` խաչբուռեր: Հաջորդ օրը` բուն Վարդավառի առավոտյան սկսվում էր «ծաղկափայի» հավաքը. խաչ-փնջեր բաժանած աղջիկները տնետուն էին շրջում և իրենց նվիրաբերած ծաղկեփնջերի դիմաց ստանում զանազան անուշեղեններ, կաթնամթերք, ձու, և այլն, որոնցով իրենց աղջկական խնջույքներն էին կազմակերպում:

Հատուկ պատրաստություն էին տեսնում նաև նշանված աղջիկները: Խաչ-փնջերից նրանք «կսկարանք» էին պատրաստում և ընկերուհիների միջոցով ուղարկում նշանածի ընտանիքին: Նշանված աղջիկները մի ամանի մեջ ցորեն կամ գարի էին աճեցնում: Վարդավառի օրը ածիկի մեջ ամրացնում էին խաչաձև փայտ`«խնդում», որն էլ զարդարում էին մանր վարունգներով, խնձորներով ու վարդերով և շուրջը պարում:

Խաչ-փնջեր և խաչբուռ ստացած տանտիկինները, որպես օրվա գլխավոր զարդ ու խորհրդանիշ` դրանք դնում էին ցորենի կամ ալյուրի ամբարի վրա և պահում մինչև հաջորդ Վարդավառ:

Ծիսական պարագաներ. խնդում

Խնդումը որպես խորհրդանիշ համադրելի է Տիեզերական ծառի` Կենաց ծառի, գաղափարի հետ, որն ի սկզբանե ունեցել է Տիեզերքին սպառնացող Քաոսը կանխելու ակնկալիք:

Խաչաձև փայտը` Խնդումը պատրաստել են նշանված աղջիկները, պաշտպանել է տարեց կինը, բացառվել է տղամարդու մասնակցության որևէ ձև: Պատրաստությունր կատարվել է գաղտնի, կատարյալ լռության մեջ, այդ ընթացքում տղամարդու հանդիպելը համարվել է խիստ անցանկալի, ավելին` հանդիպելու դեպքում աղջիկներր սկսած գործը քանդում էին ու լուռ վերսկսում սկզբից: Կար համոզմունք, որ տղամարդկանց ներկայությունը, առավել ևս Խնդումին հպումը ոչնչացնում է գուշակության ուժը:

Արդեն պատրաստի Խնդումի շուրջը հավաքվում էին մարդիկ և կանայք, «նաղարայով և զուռնայով» շրջապատում էին, չորս կողմով «յալլի տալիս», այդ ժամանակ պառավը ամանի մեջ տնկած և վարդերով, վարունգներով ու խնձորներով զարդարած փայտր վերև էր բարձրացնում և երգելով ասում.

Խնդում օնիմ վարդավ լի,
Զրդրփէեծ խնձուր լի,
Վախիմ թա քոնս տանի,
Խնդումս եաղին տանի:

Այս ժամանակ երիտասարդներից ճարպիկը գավազանով խփում էր Խնդումին և վայր գլորում, իսկույն բոլորր վրա էին վազում և խլխլում ծաղիկներն ու մրգերը: Սրան հետևում էին տարեց կնոջ «սարսափելի» անեծքները: Խնդումի պառավն ամառային արևադարձին մեռնող բուսականության ոգու, քայքայում ասլրող Հին տարվա մարմնավորողն է, իսկ նրա դեմ պայքարող երիտասարդները նոր կյանքի, նոր տարվա կրողները և այդ պայքարում անխուսափելիորեն պետք է հաղթեր նորր:

Լինելով երիտասարդության սիրելի տոնը` Վարդավառը նաև աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն էր: Այս տոնի ժամանակ կատարվող ուխտագնացությունների, արարողությունների ժամանակ հաճախ էին խնամախոսությունները, նշանդրեքի, պսակի արարողությունները: Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում գործում էր խնձորների փոխանակությամբ կատարվող երիտասարդների նշանադրության սովորույթը:
Ինչպես առաջին խաղողն ուտում էին Խաղողօրհնեքին, այնպես էլ մինչև Վարդավառ խնձոր չէին ուտում, այսպես կոչված, խնձորի պաս էր: Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով:
Երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում, որոնցից մեկը պետք է մյուսներից մեծ լիներ: Մութն ընկնելուն պես` հերթով սկսում էին վառել փոքր դեզերը, որը տևում էր մինչև լուսաբաց: Հենց այդ վառվող դեզերի մեջ խորովում էին երկար սպասված խնձորը և ուտում: Լուսաբացից առաջ վառում էին մեծ դեզը, որի շուրջ սկսվում էր տղաների ու աղջիկների խմբապարը, որը կարծես տոնը սկսելու ազդանշան լիներ:

Ծիսական երգեր և խաղեր

«Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացե‘ք և սովորեցե‘ք նրանից», Կոմիտաս
Ծես նշանակում է կարգ: Կարգը կամ ծեսը սահմանվում է հասարակության կողմից` համակեցության օրենքները կանոնավորելու համար::
Տոնակատարություններից հատկապես ճոխ են եղել և բոլորին մեծ զվարճություն պատճառել Համբարձումն ու Վարդավառը` ջրի, ծառ ու ծաղկի պաշտամունքի տոները:

***
Վարդավառը գալիս է
Իջնենք չայիրները, բռնենք մեր պարը:

****
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար,
Վարդավառը գալիս ա,
Սոնա յար, Սոնայար,
Ծաղիկը ցնծալիս ա,
Սոնա սիրուն, Սոնա յար.
Այ գյուլում կանչող աղջիկ,
Սոնա յար, Սոնա յար ,
Ձենդ ծլվըլալիս ա,
Սոնա սիրուն, Սոնայ ա~ր:

***
Վարդավառը հասել ա,
Բան ու գործս թարսել ա,
Թե սիրել ես, ջուր շաղ տուր,
Կրակս թեժացել ա…
Վարդևորի իր օրն ա,
Որդին հորը չի մոռնա,
Ով իմ սիրածին ինձ չտա,
Սև շան նման թող ոռնա…
Վարդևորը մոտ ա,
Մեր ճամփեքը քարոտ ա,
Գնում եմ յարիս տենամ,
Կասեն` ինձի կարոտ ա:
Խաղիկներ
Վարդն ի բացվե աոավոտման շաղերով,
Ւմ յար բաղխեն վարդ կր քաղի մաղերով…
Վարդն ի բացվե Վ արդեվորվան կիրակին,
Քո սերն ինկե մեջ իմ սրտի պուրակին:

****
Այ տղա, սիրուն փեսա,
Քեզ հազար բարով տեսա,
Շեն կենա էս վրթէվորր
Արտիս մուրազին հասա:

****
Վրրթրվու֊րր գալիս ա
Ծաղիկր ցին ծա լիս ա
Վրրթրվուր, ասող ախչիկ
Ձենր ծլվլայիս ա:

****
Վրթիվերի վադեն ա,
Աղալա ր ի գյադեն ա,
Ծաղիկս խլողն ով ա,
Քոնթոլ֊-մոնթոլ գյադեն ա:

Ծիսական խոհանոց

Խորոված խնձոր
Խնձորի պոչերը հեռացնել և փոս ընկած տեղից դանակով անցք բացել, մեջը լցնել մեխակ, ընկույզի խոշոր, ծեծած միջուկ և շաքարավազ: Փոքր կաթսայի մեջ երկու ճաշի գդալ շաքարավազի վրա ավելացնել կես բաժակ ջուր և լցոնված խնձորները դնել մեջը: Կաթսայի կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա, 15 րոպե: Այնուհետ սառեցնել, խնձորի վրա շաքարավազ ցանել և մատուցել իբրև քաղցրավենիք:

10 մանր խնձոր
½ բ. շաքարավազ
½ բ. ընկույզ
դարչին, մեխակ

Նազուկ

Հարել շաքարավազն ու ձուն, ավելացնել կարագը, ապա կաթն ու համեմունքը: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, հունցել: Խմորը ծածկել սրբիչով և մոտ 1 ժամ պահել տաք տեղում:

Պատրաստի խմորը բաժանել 5 գնդի, յուրաքանչյուր գնդից ձևավորել 2 սմ հաստությամբ բլիթ: Բլիթները սրբիչով ծածկել, 15 րոպե անց թիթեղաթերթով դնել տաք ջեռոցը: Նազուկը պատրաստ կլինի 25-30 րոպեից:3 բ. ալյուր

50 գր կարագ

1 բ. շաքարավազ
1 բ. կաթ
5 ձու
2 թ. գ. թթխմոր
շաֆրան, դարչին
վանիլին, աղ

Ագդակ
Հունցել խմորը, թողնել հանգչի 25-30 րոպե: Ապա խմորը բաժանել գնդերի: Դրանք գլորելով երկարացնել` տալով գլանի ձև, մի փոքր տափակեցնել, բաժանել 5 սմ կտորների և տապակել տաք յուղի մեջ:
Վրան մեղր լցնել և մատուցել տաք վիճակում:

1 բ. ալյուր

1 ձու50 գր կաթի սեր
1 թ. գ. սոդա
յուղ՝ տապակելու համար

Մատաղ
Գառան կամ աքլորի միսը եփել, վրան խոշոր աղ ավելացնել ըստ ճաշակի:

Գառան մսով բանջարեղեն
Շերտել բանջարեղենը, կտրատել միսը: Կաթսայի տակ շարել միսը, վրան լցնել լոլիկը, կարտոֆիլը, դարձյալ միսը, ապա` սոխը, սմբուկը, պղպեղը… այդպես, մինչև կաթսայի բերանը: Վերջում ավելացնել կես բաժակ ջուր, կաթսայի բերանը ամուր փակել և կախել մարմանդ թոնիրի մեջ:

1 կգ գառան միս

2 կարտոֆիլ
2 սմբուկ
2 լոլիկ
2 պղպեղ
2 սոխ
աղ
 

Օգտագործված գրականություն

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»

Արամ Դիլանյան, «Տերունի տոներ»

Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ»

Գոհար Ստեփանյան, «Համբարձում-Վարդավառ. ընդհանրություններ և առանձնահատկություններ»

«Հայ եկեղեցու պատմություն», դասագիրք

Լուսիկ Ագուլեցի 

Հղումներ

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ