ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 60
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Ի՞նչ, ինչո՞ւ, ե՞րբ: Ընթերցել, թե՞...



Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ես ձեզ ուզում եմ պատմել...

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Վերափոխումն Ս. Աստվածածնի. խաղողօրհնեք

Նունե Մովսիսյան
Վարդավառ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Իրանական (իսլամական) դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վլադիմիր Լևի
Ինչպես դաստիարակել ծնողներին կամ նոր ոչ սովորական երեխա

ԱՐՁԱԳԱՆՔ
Ինչպես դաստիարակել ծնողներին կամ նոր ոչ սովորական երեխա

Ներկայացնում ենք «Ինչպե՞ս դաստիարակել ծնողներին կամ նոր անսովոր երեխա» գիրքը:

 Ծնողների և երեխաների հարաբերությունների արվեստ, ներշնչման և ազդեցության արվեստ, մյուսներին ոչ նման երեխաներ, ուսուցման դժվարություններ, դեռահասների դժվարություններ, թմրամոլության վտանգ, առաջին սեր…
Այս և շատ այլ բաների մասին է պատմում բժշկության և հոգեբանության դոկտոր, հայտնի հոգեբան-թերապևտ և գրող Վլադիմիր Լևին:
Նրա գրքերը կենդանի են, հասկանալի, հստակ: Դրանք թարգմանված են տասնյակ լեզուներով:

Կարդալով «Ինչպես դաստիարակել ծնողներին» գիրքը՝ կիմանաք, թե երեխաները, անկախ դաստիարակությունից, ինչպես են լավը դառնում, և ինչպես մեծանաք երեխայի հետ:

Ինչի՞ մասին է այս գիրքը:
Ինչո՞ւ մարդիկ մեծահասակ չեն ծնվում:
Հասկանալ երեխային՝ նշանակում է մարդուն հասկանալ:
Մեծերը՝ երեխաների աչքերով:
Ինչպե՞ս պատասխանել մանուկների հարցերին:
Ինպե՞ս ծնողներն ու երեխաներն իրար չեն լսում:
Ո՞ր անկյունը կանգնեցնել ծնողին:
Ծնողներ՝ ջերմ, սառը, անտարբեր (ոչ մի տեսակ):
Ինչպե՞ս են նախնիներն ու սերունդները զարգացնում իրար
Ինչպե՞ս ինքնուրույնանալ կաղապարող մոր կողքին, ինչպես զսպել խենթ ծնողներին:
Ե՞րբ և ինչպե՞ս սկսել ծնողներից առանձին ապրելը:
Ի՞նչ է ներշնչանքը և ներշնչվածությունը:
Ինչի՞ է պետք անվստահությունը:
Ի՞նչ է խելքը:
Ինչո՞ւ երեխաները չեն ենթարկվում:
Ինչո՞ւ և ինչի՞ց են երեխաները համառում:
Ինչպե՞ս են սկսվում մանկական շատ վախեր:
Ի՞նչ անել, որ երեխան անի` ինչ պետք է:
Որքա՞ն ավելորդ բան ենք ասում և անում:
Ե՞րբ և ինչպե՞ս համառել, ե՞րբ զիջել կամ հասնել փոխզիջման:
Ինչպե՞ս համառությունը հաղթահարել շրջանցելու միջոցով:
Ինչպե՞ս է զարգանում երեխաների անհանդուրժողականությունը ծնողների նկատմամբ:
Մանկական հնազանդության մեծ վտանգները:
Ինչո՞ւ է ճիշտ դաստաիարակությունը սխալ արդյունք տալիս:
Ծնողական մեքենայական գործողությունների սարսափելի վնասները:
Հրահանգ՝ ինչպես երեխային հաջողությամբ մեծացնել որպես ծույլ, անբան, անպետք, գիժ, ապուշ:
Ինչպե՞ս խելքի բերել առանց նվաստացնելու:
Պատիժներին վերաբերող արժեքավոր հրահանգներ:
Ինչո՞ւ է երեխան ձգտում պատժի:
Երեխայի համար ի՞նչն է ամենագլխավորը:
Աշխատանքի նկատմամբ զզվանք ներարկելու հուսալի եղանակ:
Դաժան պատժի ի՞նչ ցուցումներ կան:
Թմրամոլությունը կանխելու ժողովրդական միջոց:
Երբ չի կարելի պատժել և նախատել:
Ինչպե՞ս պատժել, որ օգուտ լինի:
Ինչպե՞ս տրամադրություն ձևավորել:
Ի՞նչ անել, եթե երեխան կոպտում է և անկիրթ արվում:
Ինչպե՞ս է երեխան «սովորում» գովասանքի:
Շուկայական հոգեբանության ստորջրյա քարերը:
Ե՞րբ չի կարելի երեխային գովել:
Ո՞ւմ և ե՞րբ կարելի է և պետք է գովել:
Ինչպե՞ս գովել չեղած բանի համար, որ լինի:
Ինչպես ճիշտ գովել երեխային, երբ նա կակազում է:
Ի՞նչ անել և ասել կպչունության դեպքում:
Ճիշտ վարվեցողություն գիշերամիզության դեպքում:
Ի՞նչ անել, երբ երեխան օնանիզմով է զբաղվում:
Ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարելու վախերը:
Ի՞նչ է նախնական ոգևորումը:
Շնորհավորանք առաջին «երկուսի» առթիվ:
Ապաքինող ոգևորումի երկու կարևոր պահեր:
Ինչո՞ւ է երեխան ժամանակ առ ժամանակ «փչանում»:
Ինչպե՞ս գովել առանց գովելու:
Ինչպե՞ս և ինչո՞ւ երեխայից խորհուրդ հարցնել և օգնություն խնդրել:
Գովասանքը՝ փրկություն:
Ինչպե՞ս չանցնել գովասանքի սահմանը:
Ինչպե՞ս հարաբերվել հաշմանդամների և անուղղելիների հետ:
Ինչպե՞ս հարաբերվել օժտված երեխաների հետ:
Ինչպե՞ս վարվել ինքնասիրահարվածների հետ:
Սիրո և գնահատականի անհամատեղելիության մասին:
Ինչպե՞ս գտնել կորած ընդհանուր լեզուն դեռահասի հետ:
Ինչպե՞ս և ինչո՞ւ հիշեք սեփական մանկությունը:
Ինչպես չի կարելի ստել սեքսի և սիրո մասին:
Ինչպես սահմանափակել սեքսի նկատմամբ վաղաժամ հետաքրքրքությունը:
Ինչի՞ են հանգեցնում սեռական ճնշումները:
Եթե երեխան սեռական ճնշման է ենթարկվել:
Ինչպե՞ս վարվել սեռական ոչ սովորական կողմնորոշման դեպքում:
Հրահանգ հայհոյանք չօգտագործելու վերաբերյալ:
Ի՞նչ անել, երբ երեխան սիրահարվել է:
Ձանձրույթի մահացու վտանգները:
Ինչպե՞ս չի կարելի կերակրել երեխային:
Եթե աղջիկը հաստլիկ է:
Ռեժիմ առանց պարտադրանքի:
Չխանգարել բուժմանը:
Մանկապարտեզ. ինչպե՞ս օգնել երեխային:
Մանկապարտեզային և ոչ մանկապարտեզային երեխաներ:
Կոփման պատվիրանները:
Ի՞նչ անել, եթե երեխան դժվարությամբ է շփվում:
Ինչպե՞ս վարվել, երբ ախտորոշումը սարսափելի է:
Կոչ անհաջողակին:
Դժբախտությունը երջանկության միջոց:
Դաունիկները հույս ունե՞ն:
Ինչպե՞ս վարվել մտավոր հետամնաց երեխայի հետ:
Ի՞նչ անել սկսվող թմրամոլության կասկածի դեպքում:
Ինչպե՞ս կանխել թմրամլությունը:
Ի՞նչ անել, երբ թմրամոլությունն արդեն սկսվել է:
Ինչպե՞ս կյանքն ու ուսումը հետաքրքիր դարձնել միասին:
Ինչպե՞ս են ծնողների մարտերը վնասում երեխային:

Գլուխ 1. Հարց-ծուղակ
Ինչի՞ է պետք մանկությունը

Փոքր հիմարներն ավելի շատ չեն, քան մեծերը:
Յանոշ Կորչակ

Բոլորը չէ, որ երեխաներ ունեն, բայց բոլորը ծնողներ ունեն կամ ունեցել են՝ ինչ-որ տեղ, ինչ-որ ձևով… Ամեն մեկը չէ, որ մեծանում է, բայց աշխարհ եկած ամեն մեկը երեխա է եղել և մնացել է երեխա՝ ինչ-որ տեղ, ինչ-որ տեսակ…
Այս գիրքն սկսել եմ գրել որպես հոգեբանական ձեռնարկ ծնողների համար և սկզբում անվանել էի «Ոչ սովորական երեխա»:

Մանկապարտեզը` ուղիղ իմ պատուհանի դիմաց, ոնց որ իմ սենյակում ապրեր իր աղմկոտ կյանքով: Գլուխս չբարձացրած՝ արդեն նրանց էի տեսնում՝ խլացնող ճլվլոցով, ճտպտոցող, հաղթական ճչացող, խնամված կամ անխնամ հագցրած:
Նրանց ձայների ցայտերը իմ գլխին խենթացնող պարզություն էին հաղորդում, իսկ երբ հանկարծակի խաղաղվում էին, ականջս անմիջապես ընկնում էր խաչմերուկի անցում-դագաղը, և կոմունալ բնակարանների յուղոտ աղմուկից այլևս փրկություն չէր լինում… Կյանքի գարնանային մակընթացություն, աղմկոտ տարաժամ, ցանկալիի և իրականության անհամապատասխանության մարմնացում…

Անցնում էին փորձի տարիները, կյանքի տարիները… Գիրքն էլ, մարդու նման, մնալով ինքն իր հետ, աճում և փոխվում էր, և արդեն երրորդ հրատարակության ժամանակ (գիրքը ռուսերեն հրատարակվել է 6 անգամ, սա 7-րդն է) ես հասկացա, որ սա նաև գիրք է երեխաների համար՝ ծնողների մասին:
Այն ընտանիքներում, որտեղ եղել է «Ոչ սովորակական...»-ը, երեխաները, մեծանալով ու դառնալով հայրիկ ու մայրիկ, իրենց ծնողներին էլ դարձնելով տատիկ ու պապիկ, այս գիրքը համարում էին կրկնակի շահեկան: Իսկ ոմանք` հոգեբանության մեջ ինքնուրույն խորացողներ, ութ-ինը տարեկանից գիրքը կարդացել և կիրառում էին ամբողջովին: Հենց նրանք էլ վերջապես հուշեցին ինձ ճիշտ, միավորող վերնագիրը` «Ինչպես դաստիարակել ծնողներին»: Դե, իհարկե:

Միաժամանակ հավի և ձվի համար 

«Երեխայի դաստիարակություն» սովորական բառակապակցությունը, ըստ էության, անհեթեթություն է. երեխան, որին դաստիարակում են, անընդհատ ծածկվում է ժամանակի քողով, իսկ դաստիարակության նպատակը նրան մեծահասակ դարձնելն է, ծնող դարձնելը: 

… Հիմա ես կենտրոնից հեռու եմ ապրում` Սպալնիկիում: Պուրակ-անտառը քթիս տակ է: Մոտակա մանկապարտեզների սաներին այստեղ զբոսանքի են բերում: Ու էլի. չես հասցնում նստարանին նստել ու ողջունել գարնանային հողին, որ բացատը աղմուկ-աղաղակով, հյուսիկներով, գուլպաներով, վարդագունող թշիկներով, համառ քթիկներով է լցվում…
-Մարինկա՜, արի «Պատերազմ» խաղանք… - Դե լավ, է~, խաղի գիժ… - Դը-դը-դը՜…
- Շարվել զույգերով: Հիմա կգնաք անտառից: Մորոզով, քեզ հատուկ պիտի հրավիրե՞նք: Ո՞ւր է քո զույգը: Մի չարություն էլ անեք, կգնաք անտառից: 
Մորոզովին շարք են խցկում: Մի ճիչ էլ, և բոլորը դժկամությամբ հավասարվում են ու լռում: Եվ կանաչով շպարված սոճիների կողքով բոլորին ինչ-որ տեղ են տանում, պայթող առաջին խատուտիկների կողքով, իմ կողքով… Նայում եմ դեմքերին… աղջիկների դեմքերը բարկացած-լուրջ են, գիտեն՝ ինչ-որ մեկը մեղավոր է: Տղաների դեմքերը բութ-կատաղի են: Նայում եմ դաստիարակին. մի քիչ ճմրթված անուշիկ դիմագծեր… երևի ինքն էլ երիտասարդ մայր է, ռնգային խոսքում ինչ-որ բութ ցավ է անցնում: Այո, երեկ երեկոյից ինչ-որ մեկը մեղավոր է նրա առաջ, և նա վիրավորված հայացքն ուղղում է դեպի այ, այն գորշ հսկաները: 

Եթե մայրամուտին այստեղից նայեք, այդ տները վառարաններ կթվան, որոնց մեջ ձուլվում են կենցաղի մշակված խարամները: Դաստիարակչուհին երևի այդտեղ էլ ապրում է ինչ-որ շենքում, և վառարանի մի կաթսայում հալվում է նրա տրամադրությունը:
Վերջին զույգի տղան, երևի ինչ-որ բան զգաց, մոլորված առանձնացավ և մոտեցավ ինձ:
- Քեռի, էս ի՞նչ է:
- Շարֆ է:
- Իսկ փափո՞ւկ է:
- Փափուկ է:
- Հա՜, փափուկ է:
- Վիտամին վերցրեք,- ձեռքս է խոթում դեղին հատիկը և փախչում:

Ինչ-որ տեղից արդեն նրա կանչն է լսվում…

Կյանքը զարմանալի է, կամ իչի է պետք մանկությունը

Երեխայի կյանքի առաջին տարին, տակաշորերի առաջին ամիսներն են անվերջ թվում. միշտ այսպես է լինելու` լողացրու, շորերը լվա, գիշերներն արթնացիր, հիվանդություններ, դիաթեզ, շշեր… վերջ չկա: Ու հանկարծ` կանգնեց ու գնաց, գնա~ց, աղո~ւ-աղո~ւ, ու խոսե~ց: Առաջին հինգ-յոթ տարին էլ հավերժ է թվում: Երեխա է, դեռ երեխա է, հիմարիկ, ծիծաղելի, հրաշալի, անտանելի, ինչքան նյարդ է պետք, ինչքան համբերություն…
Մանկապարտեզ է գնում, միշտ մանկապարտեզ է հաճախելու, նխադպրոցական է` միշտ նույն անմեղ նախադպրոցականը կմնա: Ու հիվանդանում է, էլի է հիվանդանում…

Դպրոցական տարիներն էլ սկզբում շատ դանդաղաշարժ են` առաջին դասարան, երկրորդ, երրորդ… յոթերորդ…
Մեկ է` փոքր է, մեկ է` հիմարիկ է ու անհմուտ, անօգնական է, բան չի հասկանում…

Ու մեկ էլ տեսար` վերևից է նայում, մտավոր գերազանցության զգացումով է խոսում: Այ քեզ թռի~չք, այ քեզ անհասկանալի արագացո~ւմ: Արմանք-զարմանք բան է… Հասցնում ենք ծերանալ, բայց հասունանալ չենք հասցնում: Ո՞վ է մեզ ներշնչել այն մանկամտությունը, որ կարելի է հասցնել կյանքին պատրաստվելը: Եվ ինչո՞ւ միանգամից մեծ չծնվենք:
Հավերժությունից հավերժություն: Թե ինչ է կատարվում կյանքի մի ամբողջ շրջանում, լավ դիտարկվում է այս համեմատությամբ: Արգանդային ինն ամսվա ընթացքում հասցնում ենք անցնել էվոլուցիայի միլիարդ տարիներին համարժեք զարգացման ճանապարհ: Նորածնի և մի տարեկանի միջև տարբերությունն այնքան մեծ է, որ թվում է` նրանք տարբեր դարաշրջանների էակներ են: Երկու տարեկանն ու մի տարեկանն էլ բոլորովին տարբեր են, և դժվար է պատկերացնել, որ նրանք իրականում հասակակիցներ են…

Երկու ու երեք տարեկաններն արդեն ավելի մոտ են իրար, բայց մեկ է` եթե մեկը դեռ կիսակապիկ է, մյուսը մի քիչ նախամարդու է նման:

Նույն տարբերությունը համարյա աննկատ է չորս և հինգ տարեկանների, հինգ և վեց տարեկանների մեջ, այն կրկին զգացվում է վեց և յոթ, կամ յոթ և ութ տարեկանների մեջ: Շուտով կրկին հարթվում է, որ հետո հայտնվի, երբ տղաները 13-17 տարեկան են, իսկ աղջիկները՝ 11-15, և վերջնականապես հաթվում է մոտավորապես քսանհինգ տարեկանում:
Տասը տարվա տարբերություն: 0 և 10 կամ 1 և 11 տարեկանները տարբեր տիեզերքներ են, այլ համեմատություն չես գտնի, 10 և 20 տարեկանները տարբեր մոլորակներ, 20 և 30 տարեկանները` տարբեր երկրներ, 30 և 40 տարեկաններն արդեն հարևաններ են, 40 և 50 տարեկան տղամարդիկ համարյա հասակակիցներ են, կանայք դեռ տարբերվում են, 50 և 60 տարեկաններից, հարց է, թե ով է ումից մեծ: 70 տարեկանը կարող է ավելի երիտասարդ թվալ:

Այսպես` սկսելով տարբեր ժամանակներում, մենք վազում ենք միմյանց ետևից: Թռիչք է հավերժությունից հավերժություն:
Այս ճանապարհին վերածվում ենք էակի, որ իր իր նախնական տեսակին ավելի քիչ է նման, քան թիթեռը` որդին, քան ծառերը` սերմերին: Հիշողության, գիտակցության մեջ չտեղավորվող կերպարանափոխություններ… Խորհրդավոր Ինչ-որ բան, փոփոխվող կերպարներ` հոգի մարդկային` «Ես»-ը ամբողջ ծավալով…

Գիտությունն ապացուցում է, որ «երազի» մակարդակում իմ նախապապը ծառ է պաշտել, աղոթել է նրան. կարելի է հավատալ, քանզի ինքս մանուկ ժամանակ իմ գաղտնիքները ծանոթ սոճիներին էի վստահում:

Գիտությունը կասկածում է, որ նա այդ ժամանակ մարդակեր էլ է եղել: Այ, դրան չեմ ուզում հավատալ: Դժվար է պատկերացնել, որ Իգրեկ նախատատն ապրել է ծառերի վրա և նույնիսկ մեծ ու մազոտ պոչ է ունեցել, որ Իքս նախապապը ծովային ձուկ է եղել և խռիկներով է շնչել…

Ինչի՞ համար է մանկությունը: Մեծ արշավանք Ինչ-որ բանի համար և մեծ վերադարձ: Տեղատվության ալիքի նման կյանքը կրկին ու կրկին վերադառնում է, գլորվում դեպի նախասկիզբ, կրկնվում, բայց արդեն ուրիշ կերպ…
Նախահիմքերը թաքնված են ծաղիկների, բողբոջների և սերմերի մեջ. կյանքն ընթանում է, կատարվում է, կյանքը չի դադարի սկսվելուց: Աշխարհում մանկություն կա, որովհետև Երկիրը պտտվում է Արևի շուրջը, որովհետև տարվա եղանակներ կան, մակընթացություն ու տեղատվություն կա: Մանկությունը կկրկնի այդ ամենը, բայց արդեն այլ կերպ:
Էվոլուցիայի գիրքն իր մեջ պարունակում է ամեն մի սերմնահատիկը, ձկնկիթի յուրաքանչյուր հատիկը: Եվ երբ մարդկային էակի երկու մասերը կայծակնային արագությամբ ձգտում են իրար ընդառաջ` փրկվելու, իրականանալու, կյանքի ծագման տիեզերական նույն պահն է կրկնվում. կրկնվում է, բայց նորովի…

Ե´վ նկարչի վրձինը, և´ ռիթմը, և´ երաժշտությունը մեզ Մեծ վերադարձի մասին են պատմում, Մեծ Վերադարձին են վերաբերում սիրո մասին բոլոր երգերը: Քչերն են իրենց հաշիվ տալիս, որ քնելով իրենք վերադառնում են խորը մանկություն և մանկությունից էլ այն կողմ` սաղմնային շրջան, ծնունդի սահմանից այն կողմ:

Մեր երազները` մկանային ձգումներով և աչքի շարժումներով, բիոէներգետիկ փոփոխություններով, այլ բան չեն, քան ներարգանդային խորհրդավոր մարզանքի շարունակությունը, որը ինչ-որ ժամանակից սկսած մայրերն զգում են որպես երեխայի խաղ: Վերադարձ դեպի այն սուրբ-անօգնական վիճակը, երբ մենք բույսերին ավելի մոտ էինք, քան կենդանիներին… Հոգնածությունը, հիվանդությունը, վնասվածքը, կյանքի բոլոր ճգնաժամերը` ֆիզիկական և հոգեկան, մեզ մեր արմատներին են վերադարձնում:

Ժամանակների միավորումը կյանքի մեծ հրաշքն է: Երեկն այսօրվա կերպարն է ստանում, ամենածերը ամենաերիտասարդն է դառնում: Սեռական բջիջները ապրածի խտացումն են, ապագայի խտացումը:
Մայրական արգանդից ելքը էվոլուցիայի առումով հավասար է մեր նախնիների` ծովից ցամաք ելքին. ամեն նորածին երկրաօդային դարաշրջանի հայտնագործող է, նախատիեզերական առաջամարտիկ:
Միլիարդ տարի է անցել, և ահա առաջին ճիչը…

Ձեզնից քանիսի՞ն եմ տեսել… Քանիսի՞ն եմ ձգտել հասկանալ, փորձել եմ բուժել: Քանիսի՞ հետ եմ ընկերացել: Հաշիվը վաղուց կորցրել եմ… Երբեմն թվում է, թե ամբողջ կյանքում օգնում եմ անհամար դեմքերով մեն մի երեխայի:

Գուցե այդ բոլորը հենց ե՞ս եմ:

Թարգմանեց Աիդա Պետրոսյանը
   

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ