ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 60
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Ի՞նչ, ինչո՞ւ, ե՞րբ: Ընթերցել, թե՞...



Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ես ձեզ ուզում եմ պատմել...

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Վերափոխումն Ս. Աստվածածնի. խաղողօրհնեք

Նունե Մովսիսյան
Վարդավառ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Իրանական (իսլամական) դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վլադիմիր Լևի
Ինչպես դաստիարակել ծնողներին կամ նոր ոչ սովորական երեխա

ԱՐՁԱԳԱՆՔ
Լույսի զինվորի գիրքը

 123

Անվերջանալի թվացող կռվի թեժ պահին երբեմն լինում է, որ զինվորի ուղեղում ինչ-որ միտք է փայլատակում, և նա միանգամից հաղթանակ է տանում:

Այդ պահին նա մտածում է. «Ինչո՞ւ էի ես այսքան ժամանակ տանջվում և մղում մի մարտ, որը կարող էի շահել ոչ թե այնքան ուժերով, որքան ես ծախսել եմ, այլ ուղիղ դրա կեսով»:
Իրականում ցանկացած առաջադրանք ավելի հեշտ է թվում, երբ արդեն լուծված է: Եվ մեծագույն հաջողությունը, որ հիմա թվում է, թե հասել է առանց ջանքերի, եղել է հենց այդ վերջին օղակը աննկատ մնացած մանր-մունր հաղթանակների շղթայում:

Եվ այդժամ զինվորը հասկանում է կատարվածի իմաստը ու հանգիստ քնում: Եվ փոխանակ իրեն մեղադրելու, որ չափից ավելի երկար է գնացել դեպի իր նպատակը, զինվորը հրճվում է, որ, այնուամենայնիվ, վերջիվերջո հասել է իր նպատակին:

124
Այսպիսով` երկու տեսակի աղոթք կա:
Առաջինը՝ երբ մարդը խնդրում է Աստծուն, որ կատարվեն որոշակի իրադարձություններ` ջանալով հուշել նրան, թե ինչ պիտի անի: Գործելու համար ո՛չ ժամանակ, ո՛չ տարածություն չի տրվում Ամենակալին: Բայց Նա, Ով ավելի լավ գիտե, թե մեզանից յուրաքանչյուրին իրականում ինչն ավելի լավ կլինի, բանի տեղ չի դնում այդպիսի աղոթքը և շարունակում է անել այն, ինչ ճիշտ է համարում:

Եվ աղոթողին թվում է, թե իր աղոթքները լսելի չեն Աստծուն:

Երկրորդը՝ երբ մարդը, չգիտակցելով անգամ, թե ինչ ուղիներ է առաջարկում Արարիչը, սպասում է, թե իր կյանքում երբ պիտի իրագործվի Բարձրյալի կողմից նախանշվածը:

Նա խնդրում է ազատում տանջանքներից ու ցավերից, խնդրում է հոգու առույգություն Արդար Կռիվ մղելու համար և չի մոռանում ամեն պահի կրկնել. «Թող քո կամքը լինի»:
Լույսի զինվորը հենց այդպես է աղոթում:

125

Զինվորը գիտե, որ բոլոր լեզուներում ամենակարևոր բառերը կարճ են:
Այո՛:
Աստված:
Սեր:
Սրանք այն բառերն են, որոնք հեշտ են արտաբերվում և ահռելի դատարկ տարածություններ են լցնում իրենցով:
Մի բառ էլ կա. դա էլ է կարճ, և շատ մարդիկ այն դժվար են արտաբերում:
Դա «ոչ»-ն է:
Նա, ով երբեք «ոչ» չի ասում, իրեն համարում է մեծահոգի, հասկացող, դաստիարակված, քանզի բառն այդ հռչակված է որպես եսասիրական, ոչ հոգևոր և չարագործ։
Բայց զինվորն այդ թակարդը չի ընկնում:
Զինվորի կյանքում պատահում են այնպիսի պահեր, երբ ուրիշին «այո» ասելով` ինքն իրեն այդ նույն պահին ասում է «ոչ»:
Դրա համար էլ նրա շուրթերը երբեք «այո» չեն ասում, եթե սիրտը «ոչ» է ասում:

126
Նախ և առաջ` Աստված ինքնազոհություն է: Մենք տանջվում ենք այս կյանքում, բայց ձեռք ենք բերում երանություն հաջորդում:
Երկրորդ` նա, ով ուրախանում է ու զվարճանում, երեխա է: Պիտի սկսենք ապրել լարվածության մեջ:
Երրորդ` ուրիշներն ավելի լավ գիտեն, թե մեզ ինչ է հակավոր, որովհետև նրանք ավելի փորձառու են:
Չորրորդ` ուրիշներին երջանկացնելը մեր պարտքն է: Պետք է ուրախացնել նրանց, եթե անգամ մեզանից կպահանջվի շատ կարևոր մի բանից հրաժարվել:
Հինգերորդ` խորհուրդ չի տրվում խմել երանության բաժակից, քանզի սովորում ենք դրան, իսկ բաժակն այդ միշտ չէ, որ հայտնվում է մեր ձեռքին:
Վեցերորդ` պետք է ընդունել բոլոր պատիժներն ու պատուհասները: Մենք մեղավոր ենք:
Յոթերորդ` մեր զգացած վախը ահազանգի ազդանշան է: Պետք չէ ռիսկի դիմել:
Ահա սրանք են այն պատվիրանները, որոնց ոչ մի լույսի զինվոր չի ենթարկվի:

127
Մարդկանց հսկայական բազմությունը խռնված է դրախտ տանող ճանապարհին:
«Ի՞նչ իրավունքով են այստեղ խմբվել մեղավորները», - հարցնում է մաքրակրոն մեկը:
«Անառակն ուզում է մասնակցել տոնախմբությանը», - գոչում է բարոյախոսը:
«Ինչպե՞ս կարելի է թողություն տալ անհավատարիմ կնոջը, չէ՞ որ նա մեղք է գործել», - տեղեկացնում է հասարակական արժեքներին նախանձախնդիր մեկը:
«Ինչպե՞ս կարելի է բուժել կույրին, ով մտածում է միայն իր ցավի մասին և անգամ շնորհակալություն չի հայտնում իր տեսողությունը վերականգնելու համար», - մազերն է պրճկում ապաշխարող մեղավորը:
«Դու չհակառակվեցիր նրան, որ կինը օծի քո մազերը թանկարժեք յուղով: Ինչո՞ւ այն չվաճառել և այդ փողով հաց գնել», - ոտքը գետին է խփում ժուժկալ մեկը:
Հիսուսը ժպտում է և դարպասները բաց պահում:
Լույսի զինվորները ներս են մտնում, ինչքան էլ որ իրենց հետևից հիստերիկ ճիչեր շպրտվեն:

128
Հակառակորդն օժտված է իմաստնությամբ:
Առաջին իսկ հնարավորության դեպքում նա բաց է թողնում իր վստահելի ու գործող զենքը` խարդավանքները: Իսկ դրանք գործադրելով` կարող է այլևս ջանք չթափել. ուրիշները կգործեն իր փոխարեն: Անզգուշորեն սպրդած բառերը ոչնչացնում են ամիսների վստահությունը, ներդաշնակություն գտնելու համար տարիներ տևած որոնումները:
Հաճախ է պատահում, որ զինվորն ընկնի այդ թակարդը: Նա չգիտե, թե որ կողմից է իր վրա հարված իջնելու, չգիտե, թե ինչպես հերքի սուտը: Խարդավանքները պաշտպանության իրավունք չեն տալիս, ինտրիգներն առանց դատ ու դատաստանի դատավճիռ են կայացնում:
Եվ այդժամ զինվորը, հաշտվելով հետևանքների հետ, ընդունում է իր՝ չվաստակած պատիժը, քանզի բառը հզոր է, և նա դա գիտե: Նա լուռ տառապում է և երբեք չի հարվածի թշնամուն նրա իսկ զենքով:
Լույսի զինվորը վախկոտ չէ:

129
Արաբական ասացվածքն ասում է. «Տո՛ւր հիմարին հազար խելք, միևնույն է, նրան միայն պետք կլինի քոնը»:
Իր այգին մշակել սկսելով` լույսի զինվորը նկատում է, թե ինչպես է հարևանը հետևում իր աշխատանքին` սրտի թրթիռով երազելով խորհուրդ տալ իրեն` ինչպես գործ դնել, մտքերը «փխրեցնել», ձեռք բերածը «ջրել»:
Եթե զինվորը հետևի այդ խորհուրդներին, ապա վերջիվերջո կզբաղվի ուրիշի գործով, և այգին, որ հիմա ինքը մշակում է, կդառնա հարևանի գաղափարների արտահայտությունը:
Բայց իսկական լույսի զինվորը գիտե, որ ամեն այգի իր գաղտնիքն ունի, և միայն այգեգործի համբերատար ձեռքն է ընդունակ` բացահայտելու այդ գաղտնիքը: Դրա համար էլ նա նախընտրում է իր բոլոր մտադրություններն ու ուշադրությունը բևեռել արևին, անձրևին ու տարվա եղանակներին:
Քանզի իրեն հայտնի է` հիմարը, որին չափից ավելի է հետաքրքրում ուրիշի այգին, չի հոգ չի տանում իր սեփական այգուն:

130
Անհրաժեշտ է պայքարի մեջ մտնել բաց աչքերով: Եվ պետք է, որ կողքիդ հավատարիմ մարդիկ լինեն:
Պատահում է, որ լույսի զինվորի հետ կողք կողքի կռվող ընկերը դառնում է նրա հակառակորդը: Բոլոր մնացած զգացմունքներից առաջ դա ատելություն է առաջացնում, բայց զինվորը գիտե` դրանով կուրացած մարտիկը դատապարտված է կորչելու և ցնդելու մարտում։
Այդժամ նա ջանում է հիշել ամեն լավն ու բարին, որ արել է ներկա հակառակորդն այն ժամանակ, երբ դեռ իր մարտական ընկերն էր: Ջանում է հիշել, թե ինչը բերեց նրան այսպիսի կտրուկ փոփոխության, ինչպիսի հոգեկան ցավեր կուտակվեցին և մեկը մյուսին զորացնելով` նպաստեցին դրան: Ջանում է հասկանալ, թե ինչը ստիպեց իրենցից յուրաքանչյուրին ընդհատել երկխոսությունը:
Կատարյալ մարդիկ չկան, ինչպես չկան նաև անհույս հիմարներ: Ահա թե ինչի մասին է մտածում զինվորը` հայտնաբերելով, որ իրնքը նոր հակառակորդ ունի:

131
Լույսի զինվորը գիտե, որ նպատակը չի արդարացնում միջոցները:
Քանզի նպատակներ չկան, կան միայն միջոցներ: Կյանքը նրան անծանոթից տանում է անհայտություն: Կեցության ամեն մի վայրկյանը պարուրված է այրող խորհրդավորությամբ. զինվորը չգիտե` որտեղից է գալիս, ինչպես նաև չգիտե` ուր է գնում:
Բայց այստեղ նա պատահականորեն չի հայտնվել: Եվ հոգին ցնծում է` անսպասելիորեն տարվելով նոր տպավորություններով: Եվ ոչ հազվադեպ նա վախ է զգում, բայց դա զինվորի համար բնական է:
Եթե զինվորը բոլոր մտքերը ուղղի միմիայն նպատակին հասնելուն, ապա նա ընդունակ կլինի իր ճանապարհին հայտնված նախանշաններըը չնկատելու: Եթե նա կենտրոնացնում է իր ամբողջ ուշադրությունը մի հարցի վրա, ապա կորցնում է պատասխանները, այնինչ դրանք իր կողքին են:
Դրա համար էլ զինվորն ապավինում է բարձրագույն ուժին:

132
Լույսի զինվորը գիտե` գոյություն ունի «կասկադի արդյունք» հասկացությունը: Իրեն մի անգամ չէ, որ հաջողվել է տեսնել այն: Մարդն իրեն պահում է ոչ այնպես, ինչպես պիտի պահի նրա հետ, ով չունի բավարար խիզախություն` հակահարված տալու իրեն: Վերջինս էլ, ազդվելով ցուցաբերած փոքրոգությունից` իր ողջ կատաղությունը թափում է ավելի թույլի վրա, ով էլ իր հեթին վերականգնվում է պատասխան տալ չկարողացողի հաշվին, այսպես, վերևից ներքև դժբախտությունների իսկական հոսք է թափվում: Ոչ մեկին տրված չէ կանխագուշակել սեփական դաժանության հետևանքները:
Դրա համար էլ իր թուրը քաշելիս զինվորը բավական շրջահայաց է և ընդունում է միայն իրեն արժանի հակառակորդին: Եթե զայրույթն իշխում է նրան, բռունցքով հարվածում է քարաժայռին և վնասում ձեռքը:
Ձեռքը շուտով լավանում է, այդժամ այն երեխայի նման, ով պատիժ է կրում միայն նրա համար, որ հայրը պարտություն է կրել, սպին պահպանվում է մինչև կյանքի վերջը:

133

Հրաման է տրված տեղափոխվելու մի ուրիշ տեղ, և զինվորը տեսնում է բոլոր նրանց, ում հետ ինքը ընկերացել է իր ճանապարհն անցնելիս:
Ոմանց նա սովորեցրել է լսել, թե ինչպես են ղողանջում ստորջրյա տաճարի զանգերը, մյուսներին պատմել է տարբեր պատմություններ` խարույկի շուրջը նստած:
Նրա սիրտը լի է տխրությամբ, բայց զինվորը գիտե, որ իր թուրն օրհնված է, և ինքը պիտի հնազանդվի նրա թելադրանքին, ում նվիրել է իր պայքարը:
Այդժամ լույսի զինվորը շնորհակալություն է հայտնում իր ուղեկիցներին, խորը շունչ քաշում և շարունակում առաջ գնալ` իր հետ տանելով անմոռանալի հիշողություններ իր անցած ճանապարհահատվածի մասին:

Վերջաբան
Երբ կինը լռեց, արդեն գիշեր էր:
Նա ու տղան երկա՜ր նայում էին նորածին լուսնին:
- Այն, ինչ Դուք ինձ պատմեցիք, լի է հակասություններով, - ասաց տղան
Կինը ոտքի ելավ:
-Մնաս բարով, - ասաց նա: - Դու իմացար, որ ծովի հատակից լսվող զանգերի ղողանջը հնարանք չէ, բայց լսեցիր այն միայն այն բանից հետո, երբ հասկացար, որ ձայնն այդ անբաժանելիորեն միաձուլված է քամու ֆշշոցին, ճայերի կանչին, արմավենու ճյուղերի սոսափյունին:
Հենց այդպես էլ լույսի զինվորը գիտե. իր շուրջը եղած ամեն ինչ` իր հաղթանակները, իր պարտությունները, իր սքանչացումները, իր հիասթափություններն անբաժանելիորեն միաձուլված են Արդար Կռվին: Եվ զինվորը սովորում է անհրաժեշտ պահին անհրաժեշտ ռազմավարություն օգտագործել: Զինվորը խնդիր չունի` հետևողական ու տրամաբանված լինելու, քանզի նա սովորել է ապրել իր հակասություններով:
- Ո՞վ եք Դուք, - հարցրեց տղան:
Բայց կինը, նրանից արդեն հեռացած, քայլում էր ջրերի վրայով դեպի այնտեղ, որտեղ պսպղում էր նորածին լուսինը: 

 

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը

Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ