ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 34
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Աբրահամյան
«Էլեկտրոնային մատենիկներ». նախագիծ

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Թամար Սահակյան
Ինտերակտիվ թեստ «Ուղղագիծ հավասարաչափ շարժում»

Նունե Մովսիսյան
Ամենամսյա հաշվետվությունը` սովորողի գործունեության վիրտուալ ամփոփում

Դավիթ Մինասյան
Տասական համակարգի թվի փոխակերպումն այլ հաշվարկման համակարգի

Լուսինե Բուշ, Սրբուհի Աղաբաբյան
Դպրոց ենք գալիս առանց պայուսակի. նախագիծ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Ռիչարդ Շաուլ
Պաոլո Ֆրերե «Ճնշվածների մանկավարժություն»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների ՏՀՏ հմտությունների զարգացում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջոց. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Երեխայի տունը

Սկիզբը

Քարտերով վարժություն երեք շարքով

Առաջին շարք: Երեխային քարտեր ենք տալիս, որոնց վրա երկարչափական պատկերներ են փակցված, հետո տալիս ենք դրանց համապատասխանող փայտե երկրաչափական մարմիններ: Այնուհետև փայտե մարմինները խառնում ենք: Երեխան քարտերը մի գծով շարում է իր սեղանին (դա նրան շատ է հետաքրքրում), յուրաքանչյուրի վրա դնում է փայտե համապատասխան երկրաչափական մարմինը: Այս դեպքում հսկող օրգանը աչքերն են: Երեխան պետք է ճանաչի պատկերը և փայտե համապատասխան մարմինը այնպես դնի, որ դրանք լիովին իրար ծածկեն: Բացի երկրաչափական պատկերներն ու մարմինները իրար վրա ճիշտ դնելուց, երեխան սովորում է եզրագծել սոսնձված պատկերները, (այդ շարժումները երեխան միշտ հաճույքով է կատարում): Փայտե ֆիգուրները դնելուց հետո էլ երեխան մատներով եզրագծում է, հարմարեցնում, ուղղում է փայտե կաղապարները, քանի դեռ դրանք լիովին չեն ծածկել իրենց տակի պատկերները:

2-րդ շարք: Երեխային մի քանի քարտ ենք տալիս` իրենց համապատասխան փայտե կաղապարներով: Կաղապարների այս երկրորդ խումբը նշված է կապույտ շերտագծերով: Այս վարժությունների շնորհիվ երեխաները իրական մտածողությունից աստիճանաբար անցնում են վերացականի: Սկզբում նա գործ է ունենում միայն եռաչափ առարկաների հետ, հետո անցնում է հարթ պատկերների, այսինքն` հարթությանը, որը ինքնին գոյություն չունի. առարկայից անցնում է պատկերին, գծին: Բայց այդ գիծը նրա համար հարթ մարմնի վերացական եզրագիծը չէ:

Նրա համար սա ճանապարհ է, որ նա հաճախ անցել է իր ցուցամատով, նրա համար այդ գիծը շարժման հետքն է: Մի անգամ էլ մատով անցնելով քարտի եզրերով` երեխան հետք թողնելու իրական զգացողություն է ունենում, քանի որ մարմինը փակվում է մատով և բացվում է այն չափով, որչափով որ նա մատն է շարժում: Հիմա աչքն է ուղղորդում շարժումը: Բայց հիշենք, որ այդ շարժումներն արդեն նախապատրաստված էին այն ժամանակ, երբ նա շոշափում էր երկրաչափական մարմինների եզրագծերը:

3-րդ շարք: Հետո մենք երեխային տալիս ենք քարտեր, որոնք եզրագծված են սև գույնով, և նախորդի նման` համապատասխան փայտեր: Այս դեպքում նա անցնում է գծին, այսինքն` վերացարկմանը, սակայն այստեղ էլ դա շարժման արդյունք է: Ճիշտ է, դա արդեն մատի թողած հետք չէ, և կարող է, ասենք, առարկայի եզրագծով սահեցվող մատիտի հետք լինել:

Երբ երեխան շրջագծում է առարկաների եզրերը և դրանց վրա դնում է համապատասխան երկրաչափական մարմիններ, նա հստակորեն յուրացնում է այդ մարմինների առանձնահատկությունները: Դրանց վերաբերող պատկերացումները ձևավորվում են մի շարք տեսողական և շարժողական հստակ պատկերների միջոցով:
Հետևաբար` երեխան սովորում է աչքերով հետևել նկարված մարմնի եզրագծերին. սովորում է նաև այդ մարմինները նկարել ձեռքի շարժումով:

III. Գույների տարբերակվող տեսողական ընկալում. ժամանակի ընկալման ձևավորում

Մեր նյութը կազմված է`
ա. տարբեր գույնի ներկված գործվածքներից` միագույն, գծավոր, վանդակնախշ (շոտլանդական գործվածք), ծաղկավոր, կետիկավոր, շրջանակներով և այլ
բ. ներկված բրդից պատրաստված մազերով «գերմանական տիկնիկներից»
գ. վառ գույնի բրդե գնդակներից:

Այս նյութը հատկապես անհրաժեշտ է գույներին վերաբերող դասերին:
Ժամանակային զգացողության ձևավորման համար օգտագործվող նյութը ընտրել ենք սովորական երեխաների հետ կատարած մի շարք փորձերից (արդեն ասել եմ, որ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ ինստիտուտում այս փորձը կատարել եմ ներդիրներով): Այս դիդակտիկ նյութը կազմված է փոքր քարտերից (փայտիկներից կամ աղյուսակներից), որոնք փաթաված են բրդով կամ ատլասով:
Այդ քարտերի եզրերը փայտե շրջանակների մեջ են դրված, այնպես, որ ատլասով փաթաթված քարտերը սեղանին չկպչեն: Երեխան կարող է այդ քարտերը վերցնել` բռնելով փայտե եզրերից, չփչացնելով գործվածքի ներկը, որի շնորհիվ նյութը կարելի է երկար գործածել, և այն հաճախ վերականգնելու կարիք չի լինի:

Ես ընտրել եմ 8 գույն և դրանց 8 երանգները: Ընդամենը ունենք 64 գույնի քարտ: Այդ գույներն են` սևը (մոխրագույնից սպիտակ), կարմիրը, նարնջագույնը, դեղինը, կանաչը, կապույտը, մանուշակագույնը և շագանակագույնը: Դրանք կրկնօրինակներ ունեն. նշանակում է մեր հավաքածուն կազմված է 128 քարտից: Դրանք պահվում են մետաղյա երկու արկղերում (յուրաքանչյուր արկղը ութ բաժին ունի), և դրանցում տեղավորվում է 64 քարտ:

Վարժություններ: Վերցնում ենք երեք վառ գույն` մեկական զույգ (օրինակ` 2 կարմիր, 2 կապույտ, 2 դեղին) և դնում ենք սեղանին` երեխայի դիմաց, երեխային ցույց ենք տալիս որևէ գույն և խնդրում ենք սեղանին թափված քարտերի մեջ գտնել դրա նմանը: Պահանջում ենք քարտերով երկու սյունակ կազմել` ութ գույնով կամ 16 քարտով: Վառ գույներից հետո ցուցադրում ենք ավելի նուրբ երանգներ: Հետո ցույց ենք տալիս նույն գույնի 2-3 քարտ, բայց այս անգամ` տարբեր երանգներով և երեխային սովորեցնում ենք դրանք ասիճանական դասավորել: Եվ վերջապես ցույց ենք տալիս բոլոր 8 գույների երանգները:

Խառնելով 2 գույնի բոլոր 8 երանգները (օրինակ` կարմիրի և կապույտի), երեխային առաջարկում ենք առանձնացնել 2 խմբերը և դասավորել երանգները յուրաքանչյուր խմբում: Հետո ցույց ենք տալիս իրար ավելի մոտ գույներ, ասենք` կապույտ և մանուշակագույն կամ` դեղին և նարնջագույն:

Երեխայի տներից մեկում ես տեսա, թե երեխաների մի խումբ ինչ հետաքրքրությամբ և ճարպկությամբ էր խաղում հետևյալ խաղը: Ուսուցչուհին երեխաների թվով գույների խումբ է լցնում սեղանին. օրինակ` երեք խումբ: Հետո նա յուրաքանչյուր երեխայի ուշադրությունը հրավիրում է այն գույնի վրա, որը նրանք կընտրեն, կամ որն ինքն է նշանակում: Հետո նա բոլոր գունային խմբերը խառնում է իրար: Յուրաքանչյուր երեխա այդ խմբից արագ ընտրում է իր գույնի բոլոր երանգները և դրանք այնպես է դասավորում, որ աստիճանաբար խամրող երանգներով շերտ կամ ժապավեն ստացվի:

Մի այլ Երեխայի տանը տեսել եմ, թե ինչպես վերցրել են արկղը, սեղանին են թափել բոլոր 64 քարտերը, մի լավ խառնել են, արագ հավաքել են խմբերով և դասավորել երանգներով` փոքրիկ նրբերանգ գորգ կազմելով: Երեխաները շատ արագ են անհրաժեշտ հմտություններ ձեռք բերում` հաճելիորեն զարմացնելով մեզ: Նույնիսկ 3 տարեկան փոքրիկները կարողանում են երանգները դասավորել ըստ երանգների մգանալու:

Գույները հիշելու համար կարելի է հետևյալ փորձն անել:
Երեխային ցույց ենք տալիս որևէ երանգ, առաջարկում ենք ուշադիր նայել, հետո խնդրում ենք մոտենալ մի կողմում դրված սեղանին, որի վրա լցված են բոլոր գույները, և ընտրել այն գույնը, որը ամենամոտն է իրեն ցույց տրված գույնին: Երեխաները այս խաղում զարմանալի արագաշարժություն են զարգացնում` կատարելով միայն աննշան սխալներ: Այն բավականին հետաքրքրում է հիգտարեկաններին, և նրանք բավականին համառությամբ են համեմատում երկու սյունակները, որ գտնեն դրանց նմանությունները:

Այս աշխատանքների սկզբում ես օգտվում էի Պիվդոլիի հայտնագործած սարքից: Այն կազմված էր մուգ գույնի սկավառակից, որի վրա կիսալուսնաձև անցք էր բացված: Այդ բացվածքի տակ գույները փոփոխվում էին պտտվող սկավառակի շնորհիվ, որը բաժանված էր տարբեր գույներով ներկված ճառագայթաձև շերտերի: Ուսուցչուհին երեխայի ուշսդրությունը հրավիրում է ինչ-որ գույնի վրա, հետո պտտեցնում է սկավառակը: Երեխան պետք է ցույց տա այդ նույն գույնը, երբ այն երևա անցքի տակ: Այս վարժությունը երեխային պարապ է թողնում, որովհետև հսկողության հնարավորություն չի տալիս: Չենք կարծում, որ այդպիսի սարքը կնպաստի զգացումների զարգացմանը:

Հնչյունների ճանաչման վարժություններ

Այս վարժությունների համար ցանկալի է կիրառել այն դիդակտիկ նյութերը, որոք Գերմանիայում և Ամերիկայում օգտագործում են խուլ-համր երեխաների համար: Նման վարժությունները որպես հիմք կիրառում են խոսքի մշակույթի ուսումնասիրման համար, և մեծապես նպաստում են երեխայի ուշադրության կենտրոնացմանը, որն ուղղված է մարդկային ձայնի մոդուլյացիային: Մանկության առաջին տարիներին անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել խոսքի զարգացմանը:

Նման վարժությունների մի նպատակն էլ երեխայի ականջը աղմուկներին սովորեցնելն է: Նա սովորում է տարբերել ամենաթեթև աղմուկը և համեմատել այն ձայնի հետ, զգայուն է դառնում կոշտ ահկարգ աղմուկների նկատմամբ: Զգացողության նման զարգացումը էսթետիկական ճաշակ է ձևավորում և մեծապես նպաստում է գործնական կարգապահության ձևավորմանը: Բոլորս գիտենք, թե փոքրերը իրենց ճիչերով, նետած առարկաների աղմուկով ինչպես են խանգարում տան կարգ ու կանոնը:

Սովորական դիդակտիկ նյութով ձայնի զգացողությունը զուտ գիտականորեն զարգացնելն անհնար է:

Այլ կերպ չէր կարող լինեն, որովհետև երեխան ունակ չէ ինքնուրույն վարժելու, ինչպես դա անում է մյուս զգացողությունները զարգացնելու պարագայում: Ձայնային աստիճանական զարգացումը վերարտադրող գործիքով միաժամանակ կարող է աշխատել միայն մի երեխա: Այլ կերպ ասած` հնչյունների ճանաչողության ունակությունը զարգացնելու համար բացարձակ լռություն է պետք:

Տիկին Մակերոնին` Միլանի Երեխայի տան տնօրենը, մի հավաքածու էր հայտնագործել և պատվիրել Լիվորնոյում: Այն կազմված էր փայտե շրջանակին ամրացված տասներեք զանգակներից: Այդ զանգակները բացարձակապես միանման են, բայց երբ մուրճով հարվածում ես դրանց, դրանք ձայնային հաջորդական 13 հնչերանգներ են հանում:

Հավաքածուն կազմված է երկու շարք զանգակներից` յուրաքանչյուրում 13 –ական, և 4 մուրճիկներից: Երեխան հարվածում է առաջին շարքի որևէ զանգակի և փորձում է երկրորդ շարքում գտնել համապատասխան հնչյունը: Սա բավականին դժվար վարժություն է, որոհետև երեխան չի կարող ամեն անգամ նույն ուժով հարվածել և նույն հնչեղությունն ունեցող ձայն ստանալ:

Նույնիսկ երբ ուսուցին է հարվածում, երեխաները դժվարությամբ են ընկալում հնչյունների տարբերությունը: Մեր կարծիքով այս գործիքը այնքան էլ արդյունավետ չէ:

Հնչյունները ճանաչելու նպատակով մենք կիրառում ենք Պիցոլիի սուլոցների մեթոդը: Աղմուկի երանգները տարբերելու համար մենք փոքրիկ առարկաներով (ավազ… պտուտակներ) մի արկղ ենք վերցնում: Արկղիկները շարժելով` մենք աղմուկ ենք ստանում: Գործնականում դասն այսպես եմ անցկացնում: Ուսուցչուհուն խնդրում եմ սովորական լռություն պահպանել, հետո ես շարունակում եմ աշխատանքը` լռությունն ավելի խորը դարձնելով: Ես արտասանում եմ` սը~սը~, մե´կ կտրուկ, մե´կ կարճ հնչողությամբ, մե´կ երկարաձգելով, մե´կ շշուկով: Սա քիչ-քիչ հիպնոսացնում է երեխաներին: Ես շարունակում եմ` լո~ւռ, ավելի~ լուռ և սուլող ձայն եմ հանում, ավելի ցածրացնելով ձայնս` շարունակում եմ, «Լո~ւռ, ավելի~ լուռ»: Հետո, ոչ հուզիչ երանգով, ինչպես ցամաքից զանգի ձայնն է հասնում ծով, կարծես զգացմունքներից զրկվելով, շշնջում եմ. «Հիմա ես լսում եմ պատի ժամացույցի ձայնը: Հիմա լսում եմ ճանճի և մոծակի թռիչքի ձայնը»: Երեխաները հիացմունքով այնպիսի բացարձակ և ամբողջական լռություն են պահպանում, որ թվում է` սենյակում ոչ ոք չկա: Վերջապես ես շշնջում եմ. «Եկեք փակենք մեր աչքերը»:

Այս վարժությունը, կրկնվելով, երեխաներին այնպես է վարժեցնում չշարժվելուն և բացարձակ լռությանը, որ երբ ինչ-որ մեկը խախտում է այն, մի հնչյունը, մի հայացքը բավական է, որ ամեն ինչ իր տեղն ընկնի:

Այսպիսի լռության մեջ մենք սկսում ենք տարբեր աղմուկների և հնչյունների ձայներ ստանալ, սկզբում իրար բավականին հակադիր, հետո` ավելի մոտ: Երբեմն մենք համեմատում ենք աղմուկն ու հնչյունը: Ես կարծում եմ, որ մենք ավելի լավ արդյունքների ենք ենք հասնում պարզ միջոցներով, ինչպիսիք կիրառում էր Իտառը դեռ 1805թ.: Նա վերցնում էր թմբուկը և զանգը, դասի ժամանակ նա ցուցադրում էր թմբուկների շարք, որոնք աղմուկի ձայներ էին հանում, ավելի ճիշտ` հարմոնիկ ծանր ձայներ, չէ՞ որ թմբուկն էլ է երաժշտական գործիք: Ցուցադրում էր նաև զանգերի շարք` մեծ զանգերից մինչև զանգակներ: Կամերտոնը, սուլոցները, արկղիկները երեխային չեն գրավում և չեն զարգացնում նրա լսողությունն այնպես, ինչպես գործիքները:

Հետաքրքիր է, որ այս երկու հակադիր գործիքները` թմբուկ և զանգ, ներմուծել են մարդկային երկու հակադիր ակունքները` ատելությունը (պատերազմ) և սերը (հավատ):

Լռություն հաստատելով` պետք է տարբեր հնչեղություն ունեցող լավ ընտրված զանգակներ հնչեցնել` մե´կ փափուկ, մե´կ կոշտ, մե´կ հնչեղ, մե´կ ուրախ: Եվ երբ խելացի ընտրված զանգակների ձայնով մենք, այսպես ասած, զարգացնում ենք մանկան մարմինը, ապա նրա մարմնով խաղաղություն է հոսում, մտնում նրա էության մեջ, նրանք շատ զգայուն են դառնում կոշտ աղմուկի նկատմամբ, չեն հանդուրժում այն, սովորում են խուսափել կոպիտ, տհաճ հնչյուններից:

Երաժշտական դաստիարակություն ստացած մարդու ականջը չի հանդուրժում կտրուկ և ականջ ծակող աղմկոտ նոտաները: Կարիք չկա օրինակներով ապացուցելու երեխաների նման դաստիարակության կարևորությունը: Նոր սերունդները ավելի հավասարակշռված են մեծանալու: Նրանք չեն հանդուրժելու անկարգությունն ու անհամաչափ հնչյունները, որոնք ծակում են մեր ականջը անհարմար տներում, որտեղ նեղության մեջ ապրում են չունևորները` հնաձնված ամենանվաստ և կենդանական բնազդներին:

Երաժշտական դաստիարակություն: Այն պետք է հետևողական և մանրակրկիտ լինի: Ընդհանրապես, փոքրերը անտարբեր են լավ երաժիշտների նկատմամբ, կարծես նախընտրում են աղմուկը, որից նրանք հաճույք են ստանում:
Երաժշտական դաստիարակության համար մենք ոչ միայն գործիքներ պիտի ստեղծենք, այլև երաժշտություն:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ