ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 34
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Աբրահամյան
«Էլեկտրոնային մատենիկներ». նախագիծ

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Թամար Սահակյան
Ինտերակտիվ թեստ «Ուղղագիծ հավասարաչափ շարժում»

Նունե Մովսիսյան
Ամենամսյա հաշվետվությունը` սովորողի գործունեության վիրտուալ ամփոփում

Դավիթ Մինասյան
Տասական համակարգի թվի փոխակերպումն այլ հաշվարկման համակարգի

Լուսինե Բուշ, Սրբուհի Աղաբաբյան
Դպրոց ենք գալիս առանց պայուսակի. նախագիծ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Ռիչարդ Շաուլ
Պաոլո Ֆրերե «Ճնշվածների մանկավարժություն»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների ՏՀՏ հմտությունների զարգացում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջոց. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Ինքս ինձ հետ մենակ

Խորհրդածություններ
(հատվածներ)

Սկիզբը

ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔ

1. Հասկացիր ոչ միայն այն, որ կյանքը յուրաքանչյուր օր նվազում է և մնում է նրա ավելի քիչ մասնաբաժին, այլ նաև այն, որ շատ երկար կայնքի դեպքում ոչ միշտ է պահպանվում մտքի ուժը տեղի ունեցողը հասկանալու և աստվածային ու մարդկային գործերն ըմբռնելու համար:
Երբ մարդը բթանում է, այդ չի ազդում նրա շնչառության, մարսողության, երևակայության, ցանկությունների և նման բաների վրա: Սակայն թուլանում է իշխանությունն իր անձի վրա: Նա արդեն չի հասկանում իր պարտականությունները, ընդունակ չէ պատկերացում կազմել շրջապատի մասին և չի կարող իրեն հաշիվ տալ այն բանում, որ ավելի լավ է հրաժեշտ տալ այդպիսի կյանքին: Այդ ամենը պահանջում է հստակ բանականություն, որն արդեն անվերադարձ կորսված է: Այսպիսով, հարկ է շտապել ոչ միայն այն բանի համար, որ մենք ավելի ու ավելի ենք մերձենում մահվանը, այլ նաև այն բանի համար, որ դեռ կյանքի ընթացքում մեզ դարանակալում է իրերի ճշմարիտ դիտարկման և ընկալման ընդունակության կորուստը:

2. Հարկ է ուշադրություն դարձնել և այն բանին, որ մի կողմնակի ու փոփոխական բան բնության ստեղծագործություններում ունի հատուկ գրավչություն և գայթակղիչություն: Թխած հացի վրա տեղ-տեղ հայտնվում են փոքրիկ ճաքներ: Այդ ճաքերը անհարազատ են հացթուխի արվեստի հիմնական նպատակին, բայց հացին տալիս են առանձնահատուկ ախորժահամ տեսք: ....Ցածր կռացած հասկերը, առյուծի մռայլ ճակատը, վարազի երախից հորդացող փրփուրը և շատ այլ բաներ, որոնք ինքնին ամենևին էլ գրավիչ չեն, զուգակցվելով այն բանին, ինչ ստեղծել է բնությունը, ուժեղացնում են ընդհանուր տպավորությունը: Այդ բոլորը դեպի իրեն է ձգում այն մարդուն, ով ունի առանձնահատուկ ընկալունակություն և Ամբողջի էության ավելի խորը ըմբռնում: Դժվար թե նա կարողանա չզգալ կարևորությունը նման երևույթների, որոնք միշտ ուղեկցում են բնության գործունեությանը: Ողջ գազանների երախներին նա կնայի նույքան հրացմունքով, ինչքան բնությանը օրինակող պատկերներին ստեղծված նկարիչների և արձանագործների տաղանդով: Խորամուխ հայացքով նա ունակ է ճանաչել ոչ միայն ծաղկման ժամանակաշրջանի գեղեցկությունը, այլ նաև ծերունու և պառավի առանձնահատուկ գեղեցկությունը, երեխայի հրապույրը: Եվ շատ կա այնպիսի բան, որ մատչելի է ոչ յուրաքանչյուրին, այլ բացվում է միայն նրան, ով ճշմարտապես մերձեցել է բնությանը և նրա գործերին:

3. Հիպոկրատը բուժելով բազմաթիվ հիվանդություններ, ինքը հիվանդացավ և մահացավ: Քաղդեացիները շատերին մահ կանխագուշակեցին, իսկ այնուհետև իրենց էլ վրա հասավ ճակատագիրը: Ալեքսանդրը, Պոմպեոսը, Գայոս Կեսարը հիմնովին քանդելով այդքան քաղաքներ և մարտերում կոտորելով տասնյակ հազարավոր հեծյալների ու հետևակների, վերջ ի վերջո իրենք էլ հրաժեշտ տվեցին կյանքին: Հերակլիտեսը, ով այդքան դատողություններ արեց համաշխարհային հրդեհի մասին, մահացավ ջրգողությունից.... Դեմոկրիտին կերան մակաբույծները: Սոկրատեսին սպանեցին նույնպես յուրատեսակ մակաբույծները: Բայց այս ամենից ի՞նչ եզրակացություն: Դու նավ բարձրացար, նավարկություն կատարեցիր, հասար նավահանգիստ. պահն է իջնելու:Եթե քեզ այյ կյանք է սպասում, ապա քանի որ աստվածները ամենագո են, նրանք այնտեղ էլ կլինեն: Եթե դա կլինի անզգայության վիճակ, ապա դու ստիպված չես լինի այլևս տառապանքներ և վայելքներ կրել ու ծառայել պատյանին, որն ավելի վատն է նրանից, ով պատյանի գերին է: Քանզի վերջինը բանականություն է և հանճար, իսկ պատյանը` հող ու մոխիր:

4. Մի´ մսխիր կյանքի մնացորդները ուրիշների մասին մտքերի վրա, եթե միայն խոսքը ինչ-որ հանրօգուտ բանի մասին չէ: Չէ՞ որ մտորելով այն մասին, թե ով ինչ է անում և հանուն ինչի է անում, ով ինչ է ասում, մտածում և ձեռնարկում, դու ձեռքից բաց ես թողնում այլ գործ. ամբողջ հար և նմանը շեղում է սեփական ուղեցույց էության մասին հոգսերից: Հարկ է վերացնել սեփական պատկերացումներից ողջ աննպատակը և անբովանդակը ու հատկապես այն ամենը, ինչ ներշնչվում է հետաքրքրասիրությամբ և զայրույթով: Հարկավոր է ընտելացնել մեզ միայն այնպիսի մտքերին, որոնց վերաբերյալ անսպասելի հարցին. «Ինչի՞ մասին ես դու այժմ մտածում», կարողանաս շիտակորեն պատասխանել, որ այս մասին և այս մասին: Այդ մտքերը լեցուն են անկեղծությամբ ու բարյացակամությամբ և արժանի են հանրակեց էակին, ով գարշում է զգայական հաճույքներից, վայելքներից, քմահաճությունից, նախանձից, կասկածամտությունից և նման բաներից, որ կստիպեն կարմրել քո մեջ եղած լինելու գիտակցմամբ: Մարդը, ով երբեք չի թողնում հսկողությունն այն բանի, որպեսզի լինի լավագույնների թվում, քուրմ է և աստվածների աջակից: Նա նաև բարեկամացած է իր ներսում ապրող աստվածության հետ, որը դարձնում է մարդուն անմատչելի հաճույքների, անխոցելի տառապանքների համար, թշնամի ամեն տեսակ ամբարտավանության, անզգայուն չարության ցանկացած դրսևորման հանդեպ, մարտիկ մեծագույն պայքարում, որտեղ նա պետք է դիմակայի բոլոր կրքերին: Աստվածությունը խթանում է նրան խորապես համակվել արդարությամբ և ամբողջ հոգով ողջունել ողջ տեղի ունեցողն ու իրեն բաժին հասած ճակատագիրը: Իսկ այն մասին, թե ինչ է խոսում, գործում կամ խորհում ուրիշը, պետք է մտածել ոչ հաճախակի, այն դեպքում, երբ այդ պահանջում է մեծ և հանրօգուտ գործը: Այդպիսի մարդը զբաղված է բացառապես իր անձնական գործերով, իսկ նրա մտորումների մշտական առարկան Ամբողջի կազմությամբ նրան նախանշված ճակատագիրը: Առաջինը նա ձգտում է հասցնել կատարելության, իսկ ինչ վերաբերում է երկրորդին, ապա նա հաստատապես ապավինում է նրա բարեգթությանը: Քանզի յուրաքանչյուրին բաժին հասած ճակատագիրը և´ համապատասխանեցված է իրեն, և´ օգտակար: Նա հիշում է նաև, որ ողջ բանականը միմյանց միջև հարազատությունում է, որ հոգատարությունը բոլոր մարդկանց նկատմամբ համապատասխանում է մարդու բնույթին, բայց արժեքավոր է հավանությունը ոչ բոլոր մարդկանց, այլ միայն բնությանը ներդաշնակ ապրողների: Նա երբեք աչքաթող չի անում, թե ինչ են իրենցից ներկայացնում նրանք, ովքեր ապրում են ոչ այնպես, ինչպիսին են նրանք տանը և տնից դուրս, գիշերը և օրվա ընթացքում, և ում հետ, ու ինչպիսի բարեկամություն են անում: Եվ գովեստը մարդկանց, ովքեր իրենք իրենց էլ չեն բավարարում, նա բանի տեղ չի դնում:

5. Մի գործիր ո´չ սեփական կամքի դեմ, ո´չ ընդհանուր բարօրության հետ ներհակությամբ, ո´չ որպես թեթևամիտ կամ ինչ-որ կրքի ազդեցությանը ենթարկվող մարդ: Մի մարմնավորիր միտքդ ճոռոմ ձևերում, մի հրապուրվիր ո´չ բազմախոսությամբ, ո´չ բազմակատարմամբ: Թող ներսիդ աստվածությունը լինի ղեկավարը խիզախ, հասուն, պետության շահերին նվիրված էակի; իշխանությամբ օժտված, իրեն պահակետում զգացող հռոմեացու, նման այն մարդու, ով կարիք չզգալով ո´չ երդման, ո´չ երաշխավորների, անվրդով սպասում է կյանքը թողնելու կանչին: Եվ լուսավոր կլինի հոգումդ, և դու կարիք չես ունենա ո´չ դրսի օգնության, ո´չ այն հանգստության, որը կախված է ուրիշներից:

Այսպիսով, պետք է լինել ճշտակատար, այլ ոչ թե վերափոխվող:

6. Եթե դու մարդկային կյանքում գտնում ես ավելի լավ բան, քան արդարությունը, ճշմարտությունը, խելամտությունը, խիզախությունը, այլ խոսքով`ինքնաբավությունը քո մտքի, որն ընդունակ է ցույց տալ գործողության ուղին, բանականության և քո ճակատագրի հետ ներդաշնակ ուղին, այսինքն`այն ամենի հետ, ինչ բաժին է հասնում քեզ անկախ ընտրությունից; այդ ժամանակ, ասում եմ ես, եթե իսկապես տեսնում ես այս ամբողջի հետ համեմատած ավելի լավ բան, ապա դիր ողջ հոգիդ, որպեսզի ապրես լավագույնի հնարավորությունը:

Իսկ եթե չգիտես քո մեջ ապրող, առանձին ձգտումներն իրեն ենթարկեցրած, բոլոր պատկերացումները հետազոտելու ընդունակ, Սոկրատեսի բառերով ասած`զգացունքների գայթակղության համար իրեն անմատչելի դարձրած, աստվածների կամքին հլու և մարդկանց նկատմամբ կարեկցանքով լի հանճարից ավելի գեղեցիկ բան, եթե դրա հետ համեմատած ողջ մնացածը համարում ես աննշան և խղճուկ, ապա քո ուշադրությանը մի արժանացրու ոչ մի կողմնակի բան:
Ինչ-որ երկրորդական բանով գայթակղված մի կողմ խոտորվելով դու արդեն չես կարող լիակատար կերպով տրվել միակ, քեզ պատկանող բարիքին ծառայելուն: Չէ որ անթույլատրելի է բանականության և քաղաքացիականության բարիքի կողքին դնել ինչ-որ օտարածին բան`ամբոխի հավանությունը, արբեցում իշխանությամբ, հարստությամբ, հաճույքներով լի կյանքով: Բայց այդ բոլորը կարող են անսպասելիորեն գրավել և տիրել քեզ, հենց դու կվերագրես նրանց թեկուզ աննշան արժեք: Դրա համար էլ, ասում եմ քեզ, անկեղծորեն և ազատ ընտրիր լավագույնը ու հենվիր նրան: «Բայց լավագույնը օգտակարն է»: Եթե այն օգտակար է քեզ համար որպես բանական արարածի, ապա պահպանիր այն, եթե քեզ համար որպես անասունի`հրաժարվիր նրանից: Զերծ պահիր դատողության ընդունակությունը ամբարտավանությունից, որպեսզի հնարավորություն ունենաս զգուշորեն հետազոտություն կատարել:

7. Երբեք քեզ համար օգտակար մի համարիր այն, ինչը երբևիցե կդրդի քեզ խախտել խոստումը, մոռանալ ամոթը, ատել որևէ մեկին, կասկածել, երդվել, կեղծավորել, ցանկանալ մի այնպիսի բան, որը թաքցնում են պատերի ու փականքների ետևում: Չէ որ նա, ով գերապատվությունը տվել է իր բանականությանը, իր հանճարին և նրա առաքինությանը ծառայելուն, չի դնում ողբերգական դիմակ, չի հեծեծում, կարիք չունի ո´չ առանձնության, ո´չ բազմամարդության: Նա կապրի, և այդ է ամենագլխավորը, ոչնչի հետամուտ չլինելով և ոչնչից չխուսափելով: Նրան բացարձակապես չի անհանգստացնում, թե մեծ կամ փոքր ժամանակահատվածում նրա հոգին կգտնվի մարմնական պատյանում, և երբ կգա կյանքից բաժանվեու պահը, նա կհեռանա այնպես անվրդով, ինչպես կկատարեր մի այլ բան նրանից, ինչ կարող է արվել արժանապատվությամբ և պատվով: Չէ որ իր ողջ կյանքում նա միայն մտածում է այն բանի մասին, որպեսզի թույլ չտա իր հոգուն նվաստանալ մինչև այն աստիճանը, ինչը վայել չէ բանական և քաղաքացիականության կոչված էակին:

Շարունակությունը

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ