ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 34
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Աբրահամյան
«Էլեկտրոնային մատենիկներ». նախագիծ

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Թամար Սահակյան
Ինտերակտիվ թեստ «Ուղղագիծ հավասարաչափ շարժում»

Նունե Մովսիսյան
Ամենամսյա հաշվետվությունը` սովորողի գործունեության վիրտուալ ամփոփում

Դավիթ Մինասյան
Տասական համակարգի թվի փոխակերպումն այլ հաշվարկման համակարգի

Լուսինե Բուշ, Սրբուհի Աղաբաբյան
Դպրոց ենք գալիս առանց պայուսակի. նախագիծ

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Ռիչարդ Շաուլ
Պաոլո Ֆրերե «Ճնշվածների մանկավարժություն»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների ՏՀՏ հմտությունների զարգացում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նաիրա Դալուզյան
Կայքը որպես ուսումնական միջոց. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Ղազարոս Աղայան

(Պատմական-գրական ուսումնասիրություն)

Սկիզբը

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

I

Գյուղի մոնթը

Համեմատաբար շատ չեն, ոչ էլ բազմակողմանի` Ղազարոս Աղայանի տեղեկությունները իր մոր մասին:

Գիտենք արդեն, որ Հռիփսիմեն գեղեցիկ կին էր: Այս կողմից նա արժանավոր զուգակից էր Ստեփանին, որ նույնպես քաջառողջ և վայելչակազմ տղամարդ էր: Իմանում ենք նույնպես, որ Հռիփսիմեն էլ ուժեղ էր ֆիզիկապես: «Մայրս,- ասում է Աղայանը,- ուժի կողմից գյուղի մեջ մի բացառություն էր, որովհետև իր աննման գեղեցկության հետ ուներ և կարգե դուրս ուժ` համարյա հավասար հորս ուժին»: Մի տեղ էլ նա ասում է, թե գոռոզությունը և ինքնահավանությունը միայն իր հոր ցեղական հատկությունները չէին, այլ հավասար չափով և մոր:

Ահա նմանությունները: Բայց հակադրություններն էլ քիչ չեն:

Մենք տեսանք, որ, այնուամենայնիվ, Հռիփսիմեն էր մեղմացնող, քնքշացնող սկզբունքը Ստփանի պես մի մարդու օջախում: Ամենից առաջ նա հենց Ստեփանին նվաճեց, դաստիարակեց համայնքի աշխատող անդամ դառնալու համար: Ինչ էլ ասենք, Ղարաբաղի ըմբոստ և արկածախնդիր ծնունդը Ստեփանի մեջ հղկվեց և տաշվեց Հռիփսիմեի քնքուշ մատներով: Մայրական սերը նրա մեջ խանդավառ էր և վտանգի դեպքում ծառանում էր մռայլ խաչենցու դեմ` իր ճտերին պաշտպանելու համար: Այսպես էր նա Օսանի նշանադրության պատմության մեջ:

Նա գթոտ սիրտ ուներ: Խեղճերի, անօգնականների, պանդուխտների թշվառությունը նրան կարելի էր հայտնել և ոչ թե Ստեփանին:

Եվ որ ավելի նշանավորն է` նա գրասեր էլ էր: Նրա քույրը գրել-կարդալ գիտեր և սվորեցնում էր ուրիշներին: Անշուշտ սովորեցրեց և Հռիփսիմեին: Եվ նրա սովորացրած աղոթքներն ու սուրբերի կենսագրություններն էին, որ Հռիփսիմեն, դեռ ջահել նորահարս, սովորեցնում էր Ստեփանին:

Երկու ամուսինները ահա այսպիսի մի ամբողջություն էին կազմում ընտանեկան հարկի տակ:

Նրանք ունեցան ութ աղջիկ և չորս տղա: Տասներկու որդիներից մեկն էր Ղազարոսը, որ ծնվել էր Ակուռիի [1] կործանման տարին, այսինքն 1840 թվականին և մկրտվել էր Մեծ Պասին, Ղազարոսի հարության կիրակի օրը:

Մանկության առաջին իսկ տարիներում Ղազարոսը աչքի է ընկնում իբրև զարմանալի ուշիմ և ընդունակ մի երեխա: Նա ունի արտասովոր հիշողություն, և այն բանը, ինչով նա այնքան զարմացնում է գյուղացիներին, գրագիտությունն է, մի ասպարեզ, որի վրա Ղազարոսը ապագայում ընդարձակ տեղ պիտի գտներ հորից և պապից ժառանգած իր հերոսական հատկությունները գործադրելու համար:

Մայրը նրան նվիրել էր Աստուծո տաճարին, ամփոփելով նրա պորտը եկեղեցու պատի մեջ: Իսկ 5-6 տարեկան հասակում տարավ նրան գյուղի գրագետ մի կնոջ մոտ, որ տեր Ղուկասի աղջիկն էր և որի անունն էր Մանիշակ: Ղազարոսը այդ կնոջ մոնթն է: Սկզբում ուսումը վախեցնում է նրան, բայց մայրը ջանքեր է անում, որ նա չվախենա, չխորշե գրքից: Այսպիսով երեխան իր հոր հետևողը չի դառնում, այլ իր պապի: Գրասիրությունը նա ժառանգել էր պապից ու մորից:

Եվ Մանիշակն էլ մեկը չէր մեր հին խալիֆաներից, որոնք ջարդելով էին ուսուցանում: Դա մի մեղմ, բարի կին էր, սիրեց Ղազարոսին իր հարազատ որդու պես, ներշնչեց նրան սեր դեպի գիրքը, նրա մանկական զգացմունքների մեջ փափկություն և քնքշություն մտցրեց:

Եվ մանուկը բացվեց: Նրա ընդունակությունները սկսեցին ծաղկել:

«Մանկությանս առաջին տարիներում,- գրում է Ղազարոսը,- մեր գյուղի մեջ ես մի բացառիկ ծնունդ էի, իբրև կարգից դուրս շնորհալի երեխա: Նեղ էր և մութ իմ շրջանը, բայց ինչ որ կար այդ շրջանում գեղարվեստական համարված` ես յոթ տարեկան հասակումս արդեն բոլորն ամփոփել էի իմ մեջ, և այդ` իհարկե իմ զարմանալի հիշողության և ըմբռնման շնորհիվ: Իմ բոլոր դասերս նախքան դաս առնելս բերան գիտեի` կույր աշըղի պես, որ կարդալ չիմանալով` ամեն ինչ բերան է անում, լսելով միայն: Երբ որ կարդալ սովորեցի, էլ հարկավոր չէր, որ ամեն դաս առնեի: Ժամասացությունը բոլոր երկար քարոզներով և փոխերով, նույնիսկ ժամումն էի բերան արել` լսելով միայն: Շատ ծիծաղելի էր իմ գիր սովորելը: Գրերի անունները գիտեի առանց նրանց ճանաչելու, փոխերն ասում էի առանց բառերը ճանաչելու: Տառերի և բառերի վրա չէի կարողանում կանգ առնել, չէի կարողանում աչքս կենտրոնացնել նրանց վրա, ոստոստում էի ճնճղուկի պես: Սրա համար իմ ուսուցչուհին մի բարբարոսական դասատվություն հնարեց, դաս տալ սկսեց ոչ սկզբից դեպի վերջը` ինչպես անգիր էի արել, այլ վերջից դեպի սկիզբը. սկսած նույնիսկ բառերից: Օրինակ, «Համբարձի զաչս իմ ի լերինս, ուստի եկեսցէ ինձ օգնութիւնը» պիտի սովորեի` «օգնություն ինձ եկեսցէ ուստի ի լերինս իմ զաչս համբարձի»... Այս հանգամանքն ինձ մի քիչ նեղը լծեց, բայց շուտով ազատվեցի և սկսեցի ամեն տեսակ գիրք կարդալ առանց բովանդակությունն ըմբռնելու: Կարդացածը հասկանալու ադաթ չկար, հետաքրքրականը վարժ կարդալն էր, ու ես իմ վարժ կարդալովս զարմացնում էի ամենքին»: [2]

Դեռ այստեղ, դեռ մանկության այս արշալույսին, մենք պարտավոր ենք առանձին ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա: Ուսուցումը արհեստական է, անհասկանալի գրաբար լեզվով, կյանքից կտրված, վերացական, ձանձրալի: Սաղմոսները, ժամագրքերը և այլ այսպիսի սկզբնական կրթության ձեռնարկներ, հարկավ մանկական սրտին ու երևակայությանը ոչինչ չէին կարող տալ: Բայց Ղազարոսը այդ պաշտոնական և պարտադիր գրականությունից դուրս գտնում էր իրան սիրելի, հասկանալի, հարազատ հոգեկան կերակուր: Դա ժողովրդական բանաստեղծությունն էր, այն, որ խաչենցի Ստեփանի որդուց շինեց իր նմանը չունեցող Ղազարոս Աղայան:

Նա գրում է. «Խաղերն էլ առաջ անգիր էի սովորում, բայց երբ գիր սովորեցի, սկսեցի գրել անթիվ խաղեր: Դրանց բովանդակությունը քիչ թե շատ հասկանում էի, և շուտով սկսեցի ինձանից էլ հորինել»:

Ուրեմն, դեռ այն ժամանակից, յոթը տարեկան հասակից էր ժողովրդական երգը աշուղական խառնվածք ցուցադրում Աղայանի մեջ: Երգասիրությունը ժառանգել էր հորից:

Շատ հետաքրքրական է և այն, թե որտեղից էր Աղայանը քաղում խաղեր հորինելու արվեստը:

«Թափառական աշուղները,- շարունակում է նա,- իրանց աշակերտներով մեր տանն էին իջնում, մեր օդայումը, և շատ անգամ օրերով մնում: Ահա այդ ժամանակ աշուղները դաս էին տալիս իրանց աշակերտներին զանազան խաղեր, մեծերին սովորացնում և հորինելու ձևը, հորինել էին տալիս զոռով և ծեծում էլ էին սարսափելի կերպով: Ես շատ շուտ գլխի ընկա, թե ինչպես են հորինում և սկսեցի հորինել այն, ինչ որ չէին կարողանում իրանց աշակերտները»:

 Շատ նշանակելի է այն, որ Աղայանը այդ տաղերը հորինում էր թուրքերեն լեզվով, ինչպես սովորություն էր այն ժամանակվա հայ աշուղների մոտ: Սաղմոսի և Ժամագրքի մեռած լեզուն չէր երեխային խոսեցնողը, այլ օտար լեզուն, որ օտար լինելով հանդերձ, ավելի մատչելի էր հայ մարդուն, քան գրաբար հայերենը: Դարերի ընթացքում էլ այսպես է եղել: Եվ հասկանալի է, թե ինչու հայ մարդը հեռու էր իր գրականությունից էլ, իր լեզվից էլ, այնքան հեշտությամբ ենթարկվում էր օտար լեզուներին, յուրացնում էր նրանց, մոռանալով և իր գործածական հայերենը: Առանց հասկանալի գրականության չկա և մայրենի լեզոււ:

Ղազարոս Աղայանի մանկության առաջին շրջանն էր այս, նախապատրաստականը: Մանիշակի գրագիտական պաշարը սպառվել էր: Այլևս ուսուցանելիք նա չուներ: Ղազարոսը վերջացրել էր իր ուսման ընթացքը իրանց գյուղում: Բայց կար մոնթության գրության մեջ և բարձր դասընթացք: Այդ բարձրությւոնից էլ զրկված չմնաց Աղայանը:

Նա տեղափոխվեց հարևան Շամշուլդա գյուղը: Այստեղի քահանան` տեր Պետրոսը, Սանահնի վանքումն էր ուսումն ավարտած, շատ ու շատ բան գիտեր. քերականություն, ճարտասանություն, Ալբերտի աստվածաբանություն, նույնիսկ կախարդություն: Իմաստուն և գիտնական անունով հռչակված էր շրջական գյուղական աշխարհում: Ստեփանը իր Ղազարոսին նրան հանձնեց, որ տանի իր մոտ, իր բոլոր իմաստությունը սովորեցնե նրան:

Ես երկար չեմ պատմի, թե ինչ սովորեց և ինչպես սովորեց Ղազարոսը Շամշուլդայում: Խալիֆայական ուսուցման մանրամասն ու վերին աստիճանի աղավաղված նկարագրություններ շատ կան մեր գրականության մեջ: Րաֆֆիի տեր Թոդիկը, Արարատյան գյուղական Խալիֆան և ուրիշ շատ գրվածքներ մեր հին դպրոցի բարբարոսություննրը պատմել են շատ լավ: Աղայանը ամենից առաջ է պատմել իր «Արություն և Մանվելի» մեջ: Եվ նրա նկարագրությունն էլ տաղանդավոր է:

Կասեմ այսքանը: Տեր Պետրոսը դպրոց չուներ, և Ղազարոսը նրա միակ աշակերտն էր: Եվ բացի դրանից գիտնական քահանան իր աշակերտի վրա չէր գործածում «միսը քեզ, ոսկորն ինձ» սկզբունքը, որ խալիֆայական գրության հիմնական իմաստությունն էր: Պետք է ասել, որ նա լավ էր վերաբերվում իր աշակերտին, աշխատում էր սովորեցնել ամեն բան, ինչ ինքը գիտեր: Բայց և այդպես, նրա բարձր դասընթացը կատարյալ մի սպանդանոց էր 10-12 տարեկան երեխայի մտքի համար:

Ես ինքս էլ դժբախտություն եմ ունեցել խալիֆայական գրության մեջ սկսել իմ ուսումը:Բայց գոնե այնքան բախտ եմ ունեցել, որ չեմ արժանացել մանկության բարձր դասընթացին: Այնուամենայնիվ, ամեն անգամ, երբ կարդում եմ «Արություն և Մանվելը», չեմ կարողանում առանց սարսափի անցնել այն էջերով, ուր Աղայանը հիշատակում է իր սովորած առարկաները:

Առանց որևէ կասկածի, դուք տեսած չեք Ալբերտի աստվածաբանությունը [3]: Ես այդ գիրքը նկարագրել եմ «Հայկական տպագրության: Երկրորդ հատորի մեջ[4]: Ալբերտը միջնադարյան նշանավոր լատին սքոլաստիկ էր: Տասնութերորդ դարը ոչ միայն միջնադար չէր, այլև Վոլտերի ու Դիդրոյի դարը: Սակայն մեր բախտն էր, որ հենց այդ դարում Մխիթար աբբան հայ մտքի իբր թե զարգացման համար հրատարակում էր միջնադարյան Ալբերտի թարգմանությունը: Մանր տառերով բավական վատ տպված մի մեծ հատոր: Ի՛նչ դատողություններ, ի՛նչ աշխարհայացքներ: Մարդու սիրտն է սեղմվում, միտքն է ժանգոտվում, երբ կարդում է մի երկու էջ այդ գրվածքից: Եվ թարգմանված է` գիտե՞ք ինչ բարբարոսական գրաբարով: Ունիթոռների գրաբարը, աղճատված, աղավաղված, լատինացած:

Երևակայացեք այժմ... 10-12 տարեկան երեխան կռացած այդ սարսափելի գրքի վրա, սովորում է, վերլուծում է, պիտի պատմե: Երևակայելն անգամ դժվար է:

Բայց մեր Ղազարոսը սովորել է Ալբերտի աստվածաբանությունն էլ: Երբ այդ էլ վերջանում է, շամշուլդացի տերտերը նրան մտցնում է Սողոմոն Իմաստունի «Վեց հազարյակի» կախարդական թալիսմանների, կախարդական բժշկության, կախարդական երդմնեցուցման և այլ այսպիսի բաների աշխարհը: Գիտե՞ք, որ ժամանակների ծնունդ է այդ «գիտությունը»: Նա ծնվեց ու մեծացավ Եգիպտոսում, մանավանդ Քաղդեայում մեզանից ամենքիչը մի 3000 տարի առաջ:

Եվ ի՞նչ: Մարդը դաստիարակվում է, ինչպե դաստիարակում են: Ղազարոսը յուրացրել է իմստությունները, մտածում է իր տերտերի նման, համարում է նրան իսկ որ գիտուն մարդ:

Մի փոքրիկ պատկեր` աշակերտի և ուսուցչի դրությունը պարզաբանելու համար:

Ղազարոսը ասում է տերտերին, թե մեկը իրանից մի բան է հարցրել և ինքը չի կարողացել պատասխան տալ:

-Ի՞նչ հարցրեց,- ասում է տերտերը:

-Հարցրեց, թե դժոխքումը քանի հոգի կան, ասացի` չգիտեմ. . .

-Եվ ի՞նչ բան է, որ չես գիտացել. մի՞թե ես չեմ ասել քեզ:

Եվ հետո շարունակում է տերտերը.

-Ականջ արա, ես քեզ ասեմ: Երբ որ Քրիստոս հոգվովն ի դժոխս իջավ, բոլոր հոգիք ազատեց, միայն թողեց չորսը` Կայենին, Հուդային, Սողոմոնին ու Անակին: Գրիգոր Լուսավորիչը, ձեռքը Քրիստոսին տված` դժոխքի դռնովը դուրս էր գալիս, ետ մտիկ տվավ: Քրիստոսն իմացավ, որ Գրիգորն իր հոր համար է մտիկ տալիս.- Հը՞, ասեց, մեղքդ է գալի՞ս. թող քո խաթրու դժոխքի սյունը ականջիցը հանեն, աչքումը դնեն: Էնպես էլ արին. Նա մնաց էնտեղ: Գրիգոր Լուսավորիչը չկարաց իր հորն ազատել դժոխքից: Բայց Սողոմոնն իր իմաստությունը դժոխքումն էլ բանեցրեց: Երբ որ տեսավ, թե Քրիստոս նրան թողեց էնտեղ, սկսեց գլուխը քաշ գցած ետ ու առաջ անց ու դարձ անել դժոխքումը սաստիկ բարկացած: Սատանեք, որ Քրիստոս ներս մտնելիս փախել էին, նրա գնալուց հետո էլ թափվեցան դժոխքը, դրանք որ Սողոմոնին տեսան, մնացին զարմացած, թե սա ինչու է մնացել այդտեղ, բարի բանի համար չի լինիլ, երևի Քրիստոսի թողածը սա է ուզում լրացնել: Հետո մոտենալով Սողոմոնին, հարցրին,- Է՛յ, ուստա Սողոմոն, էստեղ ի՞նչ ես շինում, էդ ի՞նչ ես չափում-չափչփում, մտքիդ խորն ընկած: Ձեզ համար գերեզման եմ չափում,- պատասխանում է Սողոմոնը:

Հետո տերտերը պատմում է, որ սատանաները վախենում են և Սողոմոնից ազատվելու համար, հանում են նրան դժոխքից ու դնում արքայության ճանապարհին: Ի՞նչ եղավ հետո: Տերտերն ասում է.

-Ճանապարհին Ձիթենյաց սարի տակով անցկենալիս` վերև մտիկ տվավ (Սողոմոնը), տեսավ Ադամին Քրիստոսի կողքին նստած: Սողոմոնը Ադամին, որ տեսավ, ասեց` «օրհնյա տեր». Ադամն էլ իր ձեռքը Քրիստոսի կրծքին դնելով ասեց` «Աստված օրհնե»: Քրիստոսն էլ Սողոմոնի իմաստությունը գովեց, թե` «ես ինքս գիտեի, որ դու դժոխքումը կենող պտուղ չես»... Ահա էսպես, հիմա իմացա՞ր:

Իմացավ աշակերտը: Իր ձեռք բերած բոլոր իմաստությունների վրա ավելացրեց երկուսն էլ. Մեկ` թե քանի հոգի է մնացել դժոխքում, երկրորդ` թե որտեղից է «օրհնյա տեր, Աստված օրհնեն»:

Եվ աշակերտի իմաստությունները պարծանք էին ուսուցչի համար: Տետերը սիրում էր նրան հարցուփորձի ենթարկել հասարակության առաջավոր անդամների, քեդխուդաների ներկայությամբ: Եվ տգետ ամբոխը զարմանում, ապշում էր: Եվ արդյո՞ք խիստ ուսումնական տերտերը շա՞տ էր տարբերվում իր տգետ ժողովրդից:

Ահա նրան ասում են, թե Երուսաղեմ գնացած մի մղդըսի պատմել է, թե ինքը մի աշխարհ է ընկել, ուր մարդիկ շների նման էին:

-Էդ ճշմարիտ է,- պատասխանում է տերտերը,- «շնագլուխների» աշխարհն է եղել:

Մղդըսին ասել է, թե մի աշխարհ ընկավ, ուր մարդիկ մի հատ աչք ունեին:

-Ճշմարիտ է,- հաստատեց տեր հայրը,- նրանց կասեն «քյալլագյոզ», «թափա-գյոզ», որ կնշանակե «ճակատ-աչք», որովհետև ունեցածները մի աչք է, էն էլ ճակատի մեջտեղը:

-Ասում էր` մի աշխարհ ընկա, էնտեղ մարդոց հասակը մի թիզ էր. . .

-Ճշմարիտ է. դա ասվում է «Թզկաց աշխարհ». . .

Տեսնո՞ւմ եք` որքան առատ ճշմարտություններ էր սովորում Ղազարոսը, մեկը մյուսից գերազանց, մեկը մյուսից խոր ու մեծ:

Այդպիսի ճշմարտություններով բեռնավորված երեխան, ասում էին, իր ուշիմությամբ և ընդունակություններով պիտի գերազանցիե իր տերտեր-վարդապետին:

Նա, այդ երեխան էլ, տերտեր կդառնար, ավելի հռչակված իր գիտնականությամբ: Եվ այդ տերտերը կշարունակեր վարժապետի գործը, մեծ-մեծ ճշմարտություններով կդաստիարակեր դժբախտ ամբոխը:

Ահա ինչ էր պատրաստվում: Ահա ինչն էր բնականը, անխուսափելին: Բայց Ղազարոսը ազատվեց այդպիսի ճակատագրից:

Եվ ո՞վ էր ազատողը:

Շարունակություն

[1] Խոսքը վերաբերում է Մասիսի լանջին փռված Ակուռի գյուղին, որը կործանվեց 1840թ. Հուլիսի 2-ի երկրաշաժի ժամանակ` ծածակվելով ժայռերի փլվածքներով: (հեղ.)

[2] «Իմ կյանքի գլխավոր դեպքերը», եր. 16-17

[3] Ակնարկում է Ալբերտ Մեծի «Համառոտութիւն աստուածաբանութեան» գիրքը, որի հայերեն թարգմանությունը հրատարակվեց Վենետիկում` 1715-ին: (հեղինակ)

[4] Տես Լեո, երկերի ժողովածու, 10 հատորով, հատոր 5, Երևան, 1986, էջ 407-408:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ