ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 60
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարգարիտ Սարգսյան
Ի՞նչ, ինչո՞ւ, ե՞րբ: Ընթերցել, թե՞...



Մեթոդական մշակումներ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ես ձեզ ուզում եմ պատմել...

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

Նունե Մովսիսյան
Վերափոխումն Ս. Աստվածածնի. խաղողօրհնեք

Նունե Մովսիսյան
Վարդավառ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Հայկազ Մարգարյան
Իրանական (իսլամական) դաստիարակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Վլադիմիր Լևի
Ինչպես դաստիարակել ծնողներին կամ նոր ոչ սովորական երեխա

ԱՐՁԱԳԱՆՔ
Ես ձեզ ուզում եմ պատմել...

Հասարակաց տան դռնապանը

Երրորդ կուրսում էի սովորում և մյուս ուսանողների նման մտածում էի՝ արժե՞ ուսումը շարունակել: Այս մասին զրուցեցի իմ հոգեթերապևտի հետ՝ լավ հասկանալով, որ ուսումս շարունակելն ինքս ինձ պարտադրում եմ:
- Հարցն էլ հենց դա է,- ասաց Հաստլիկը:- Քանի դեռ մտածում ես, որ պարտավոր ես ուսումդ շարունակել և դիպլոմ ստանալ, այդ գործը քեզ ոչ մի հաճույք չի պատճառի: Իսկ եթե դու գոնե մի քիչ հաճույք չստանաս, քո անձի որոշ կողմերը կարող են չար կատակ անել քեզ հետ:

Խորխեն անընդհատ կրկնում էր, որ չի հավատում պարտադրանքին: Նրա կարծիքով, անհնար է պարտադրանքով որևէ բանի հասնել: Չնայած, ինձ թվում է, որ այստեղ նա սխալվում էր: Գոնե սա կարող էր բացառություն լինել, ինչը կհաստատեր օրինաչափությունը:

- Բայց, Խորխե, չեմ կարող ուսումս թողնել,- ասացի ես:- Չեմ կարծում, որ այն աշխարհում, որտեղ ես պետք է ապրեմ, առանց բարձրագույն կրթության կարող եմ ինչ-որ բանի հասնել: Ամեն դեպքում, դիպլոմը որոշակի երաշխիք է:
- Հնարավոր է, -ասաց Հաստլիկը,- գիտե՞ս, թե ինչ է Թալմուդը:
- Այո:
- Թալմուդում հեքիաթ կա ամենասովորական մի մարդու՝ հասարակաց տան դռնապանի մասին:

Այդ քաղաքում չկար ավելի ցածր վճարվող և ավելի անհարգալից աշխատանք, քան հասարակաց տան դռնապանը… Բայց էլ ինչո՞վ կարող էր այդ մարդը զբաղվել:

Իրականում նա ո´չ գրել գիտեր, ո´չ կարդալ և ոչ մի մասնագիտություն չուներ: Նա իսկապես իր տեղում էր, նրա հայրն էր այդ հասարակաց տանը դռնապան աշխատել, իսկ նրանից էլ առաջ՝ հոր հայրը:

Տասնամյակներ շարունակ հասարակաց տունն անցնում էր հորից որդուն, և դռնապանությունն էլ՝ նմանապես:

Մի անգամ մահացավ հասարակաց տան ծեր տերը, և տան գլուխ անցավ նպատակասլաց, ստեղծագործ, ձեռներեց երիտասարդ: Նա որոշեց արդիականացնել բիզնեսը:

Սենյակները նորոգելուց հետո կանչեց ծառայող անձնակազմին, որպեսզի հրահանգավորի:

Դռնապանին ասաց.

- Այսօրվանից սկսած` ձեր սովորական պարտականություններից բացի պետք է շաբաթական հաշվետվություն ներկայացնեք: Այնտեղ պետք նշեք յուաքանչյուր օր այցելած զույգերի քանակը: Ամեն հինգ զույգերից մեկին պետք է հարցնեք, թե ինչ կարծիքի է սպասարկման մասին և ինչ առաջարկություններ ունի: Ամեն շաբաթ ինձ կներկայացնեք այդ հաշվետվությունը՝ ձեր մեկնաբանություններով:

Դռնապանի մարմնով սարսուռ անցավ: Նա երբեք աշխատանքից չէր վախեցել, բայց…

- Պարո´ն, ես երջանիկ կլինեի ծառայելու, բայց . . .ես ո´չ կարդալ գիտեմ, ո´չ գրել:
- Ափսոս: Հասկանում եք, որ ես չեմ կարող լրացուցիչ մարդ վարձել, որ այդ աշխատանքը անի, բայց այդքան էլ չեմ կարող սպասել, մինչև դուք գրել, կարդալ սովորեք, այդ պատճառով էլ…
- Բայց, պարո´ն, չեք կարող ինձ աշխատանքից ազատել: Ամբողջ կյանքս եմ այստեղ աշխատել, ինչպես իմ հայրն ու պապը:
Նրան թույլ չտվեցին խոսքն ավարտել:
- Լսեք, ես ամեն ինչ հասկանում եմ, բայց ոչինչ չեմ կարող անել: Բնական է, որոշակի հատուցում կստանաք, այսինքն` որոշ գումար, որպեսզի սնվեք, մինչև նոր աշխատանք ճարեք: Շատ եմ ափսոսում: Հաջողություն:
Եվ նա շուռ եկավ ու գնաց:

Մարդը զգաց, որ աշխարհը փլվում է: Նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ կարող է այդպիսի վիճակում հայտնվել:
Կյանքում առաջին անգամ տուն վերադարձավ որպես գործազուրկ: Ի՞նչ պետք է հիմա աներ:

Հիշեց, որ երբ հասարակաց տանը պատահում էր` մահճակալ կամ պահարանի ոտք էր կոտրվում, ինքը կարողանում էր պարզ նորոգում անել՝ մուրճով և մեխերով: Եվ մտածեց, որ սկզբնական շրջանում կարող է դրանով զբաղվել, մինչև մեկն ու մեկը աշխատանք կտա:

Նա տանը անհրաժեշտ գործիքներ փնտրեց, բայց միայն մի քանի ժանգոտ մեխ և մաշված աքցան գտավ: Նրան պետք էր գործիքների նոր հավաքածու գնել, և դրա համար պատրաստ էր իրեն տված փողի մի մասը ծախսել:
Հարևաններն ասացին, որ իրենց քաղաքում գործիքների խանութ չկա, և պետք է էշով գնա հարևան քաղաքը, որը երկու օրվա հեռավորության վրա է: «Ի՞նչ կա որ»,- մտածեց նա: Եվ ճանապարհ ընկավ:

Վերադարձավ` իր հետ բերելով գործիքների գեղեցիկ մի արկղ: Չէր հասցրել դեռ կոշիկները հանել, երբ հարևանը դուռը ծեծեց:

- Եկել եմ հարցնեմ` չե՞ք կարող մուրճը ժամանակավորապես տրամադրել:
- Գիտեք, այն հենց նոր եմ գնել, և ինձ պետք է աշխատանքի համար. . . Ախր, ինձ աշխատանքից ազատել են . . .
- Հասկանում եմ, բայց վաղը առավոտ շուտ կվերադարձնեմ:
- Պայմանավորվեցինք:
Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, հարևանը, ինչպես և խոստացել էր, դուռը ծեծեց:
- Գիտեք՝ մուրճը ինձ դեռ պետք է: Չե՞ք կարող վաճառել:
- Չէ, չէ, այն ինձ պետք է աշխատանքի համար: Իսկ մինչև գործիքների խանութը երկու օրվա ճանապարհ է:
- Գործարք եմ առաջարկում,- ասաց հարևանը:- Ես վճարում եմ ձեր ճանապարհը երկու օր գնալու և երկու օր գալու համար, ինչպես նաև մուրճի գինը: Միևնույն է՝ գործազուրկ եք: Հը, ի՞նչ կասեք:
Իսկապես, նա չորս օրով աշխատանք էր ստանում . . .
Համաձայնեց:

Երբ վերադարձավ, դռան մոտ մյուս հարևանն էր սպասում:
- Բարև, հարևան, մեր ընդհանուր ընկերոջը դո՞ւք եք մուրճ վաճառել:
- Այո . . .
-Ինձ մի քանի գործիք է պետք: Պատրաստ եմ վճարել չորս օրվա համար և յուրաքանչյուր գործիքի գնից էլ մի քիչ ավելի: Հասկանում եք, որ ոչ բոլորը չորս ազատ օր ունեն՝ գործիքների ետևից գնալու:
Նախկին դռնապանը բացեց գործիքների իր արկղը և հարևանը ընտրեց մամլիչ, պտուտակահան, մուրճ, դուր, վճարեց ու գնաց:
«… Ոչ բոլորը չորս ազատ օր ունեն՝ գործիքների ետևից գնալու»,- դուրս չէր գալիս նրա գլխից:
Եթե այդպես է, ապա գործիքներ գնելու իր ծառայությունը շատերին կարող էր պետք գալ:
Հաջորդ անգամ նա որոշեց ռիսկի դիմել և ունեցած փողերով լրացնել արդեն վաճառված գործիքները: Այդիսով նա կարող էր իզուր ժամանակ չծախսել ճանապարհի վրա:
Այդ մասին իմացան թաղամասում, և բնակիչներից շատերը դիմեցին նրա ծառայությանը:

Շաբաթը մեկ անգամ գործիքների նորաթուխ վաճառականը գնում էր և բերում պատվիված գործիքները: Շուտով հասկացավ, որ պահեստ ունենալու դեպքում ավելի քիչ ժամանակ կծախսի ճանապարհի վրա և ավելի շատ փող կաշխատի: Դրա համար նա անհրաժեշտ շինություն վարձեց:

Հետո վաճառականը լայնացրեց պահեստի մուտքը, ցուցափեղկ դրեց, և քաղաքում հայտնվեց գործիքների առաջին խանութը:
Բոլորը այդ տեղից հաճույքով առևտուր էին անում: Արդեն գնումների համար նա հարևան քաղաք չէր գնում. նրա բոլոր պատվերները ուղարկում էին, քանի որ շատ եկամտաբեր հաճախորդ էր:
Ժամանակի ընթացքում հարևան գյուղերի բնակիչներն էլ սկսեցին օգտվել խանութի ծառայություններից, քանի որ նրանց համար դա ժամանակի խնայողություն էր:

Մի անգամ էլ մտածեց, որ իր փականագործ ընկերը կարող է մուրճի գլուխներ պատրաստել: Եվ էլի... Ինչո՞ւ ոչ, նաև մամլիչներ, աքցաններ, դուր, մեխեր ու պտուտակներ...
Կարճ ասած, այդ մարդը տասը տարվա ընթացքում դարձավ միլիոնատեր, գործիքների ֆաբրիկայի սեփականատեր, և այդ ամենը` իր աշխատասիրության ու պարկեշտության շնորհիվ:
Ի վերջո, նա դարձավ այդ մարզի ամենաազդեցիկ գործարարը:

Նրա կարողությունն այնքան մեծ էր, որ մի անգամ, ուսումնական տարվա սկզբին, որոշեց իր քաղաքին դպրոց նվիրել, որտեղ ոչ միայն գրագիտություն կսովորեցնեին, այլև այդ ժամանակի ամենապետքական մասնագիտություններն ու արհեստները:
Քաղաքապետը և քաղաքի վարչական ղեկավարը դպրոցի բացման կապակցությամբ կազմակերպեցին մեծ տոնախմբություն և ընթրիք՝ դպրոցի հիմնադրի պատվին:
Երբ անուշեղենը մատուցեցին, քաղաքապետը նրան հանձնեց քաղաքի բանալիները, իսկ վարչական ղեկավարը նրան գրկեց և ասաց.

- Մենք հարգանքի և շնորհակալության զգացումով խնդրում ենք, որ առաջինը Դուք Ձեր ստորագրությունը դնեք դպրոցի պատվավոր հյուրերի Գրքում:
- Դա ինձ համար էլ պատիվ կլիներ, -պատասխանեց մարդը:- Կարծում եմ, որ ոչ մի բան ինձ այդքան բավականություն չէր պատճառի, քան այդտեղ ստորագրելը, բայց ես չեմ կարողանում ո´չ կարդալ, ո´չ գրել: Ես անգրագետ եմ:
- Դո՞ւք, - զարմացավ քաղաքի վարչական ղեկավարը, ով ոչ մի կերպ չէր կարողանում հավատալ:- Դուք չե՞ք կարողանում կարդալ և գրել: Դուք հիմնել եք արտադրական կայսրություն առանց կարդալ ու գրել իմանալո՞ւ: Ուղղակի ցնցված եմ: Ինքս ինձ հարցնում եմ, թե ի՛նչ բարձունքների կհասնեիք, եթե կարդալ ու գրել իմանայիք:
- Կարող եմ ձեր հարցին պատասխանել,- հանգիստ պատասխանեց մարդը:- Եթե կարդալ ու գրել իմանայի. .. կլինեի հասարակաց տան դռնապան:

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը... Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից... Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

.... Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին: 

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ