ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Գեղարվեստական գրականությունը, որ ոչ վաղ անցյալում հաճույք ստանալու միջոց էր, այսօր դարձել է խնդիր դպրոցականի համար։ Երևույթը հաճախ բացատրում ենք տեղեկատվական միջոցների ու հենց տեղեկության անսահման առատությամբ, զբաղմունքի ու ժամանցի միջոցների բազմազանությամբ, բայց եթե ականջ դնենք, նույնատիպ մի խնդիր, կարծես, արծարծում է նաև Խաչատուր Աբովյանն իր «Վերքի» «Հառաջաբանում», երբ խոսում է երիտասարդների` հայրենի գրականությունը չկարդալու մասին։ Աբովյանը բացատրում է, որ խնդիրն իր ժամանակի գրականության լեզուն, թեման ու հերոսն են։

Իսկ ի՞նչ խնդիր ունի այսօրվա ընթերցողը։

Գրականության դասերը ավագ դպրոցում, եթե հավատանք պետական չափորոշիչներին, պիտի նպաստեն «…անհատի համակողմանի զարգացմանն ու գեղագիտական դաստիարակությանը, …պետք է համոզմունք մշակեն ժողովրդի կյանքում և նրա ազգային նկարագրի վերջնական ձևավորման գործում մայրենի լեզվի ու գրականության դերի վերաբերյալ»։
Քննենք, թե գրականության այս առաքելությունը որքանով է իրագործելի պարտադիր ուսումնասիրման համար պետական ծրագրով առաջարկված գրական նմուշների միջոցով։
Նախ՝ ի՞նչ է նշանակում «համակողմանի զարգացում»։ Հայ գրականության՝ առաջարկված ցանկի ո՞ր ստեղծագործությունները (հեղինակներն) են նպաստում սովորողի, օրինակ, բնագիտական կամ, ասենք, երաժշտագիտական զարգացմանը։ Կամ գուցե զարգացնում են շարժողականությո՞ւնը։

Մայրենի լեզուն, նաև գրականությունն անշուշտ, անքակտելի են ազգային նկարագրից, բայց ի՞նչ դեր ունեն դրանք այդ նկարագրի «վերջնական ձևավորման» գործում։ Հիշենք Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» հոդվածը։ Մեր գրականությունն իր զգալի մասով «ազգային հագուստ» է միայն։ «Ազգային նկարագրի վերջնական ձևավորում» ասելով՝ ի՞նչ ի նկատի ունենք։ Ժամանակակից մարդու նկարագիրը Ֆրիկո՞վ, Սունդուկյանո՞վ, թե՞ Նար-Դոսով է պայմանավորվելու։

Գրականության առաջարկվող ծրագիրն ընդհանրապես շփոթեցնում է իր շեշտադրմամբ, թե՝ «Անհրաժեշտ է առանձնահատուկ նշել, որ հայ գրականության ուսուցումը ավագ դպրոցի հոսքերում պիտի իրականանա որպեսհայ գրականության պատմության ուսումնասիրության դասընթաց, որի նպատակը և ելակետը կլինեն մայրենի գրականության զարգացման ընթացքի, գրողի և ժամանակաշրջանի փոխհարաբերության, գրական ուղղությունների ու դպրոցների ուսումնասիրությունը» («Հայոց քեզու և Հայ գրականություն. Հանրակրթական ավագ դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագրեր»)։

Այսինքն՝ գրականագիտության մյուս երկու ճյուղերը՝ գրականության տեսությունն ու քննադատությունը, եթե նույնիսկ տեղ գտնեն գրականության դասերին, ապա միայն երկրորդական դերով։ Նշանակում է՝ վերլուծություն, ուսումնասիրություն, սեփական կենսափորձի հետ համեմատություն կարող է չարվել։ Դրանք գրականության պատմության խնդիրները չեն։

Ամեն ինչ այդքան տխուր չէր լինի, եթե ստուգումը, մասնավորապես ավարտական և միասնական քննությունները, ուղղված չլինեին հենց հայ գրականության պատմությանը։  «Նշվածներից քանի՞սն են 5-րդ դարի հայ պատմիչներ», կամ «Ո՞ր դարի բանաստեղծ է Նահապետ Քուչակը» (Հայոց լեզու և Հայ գրականություն. 2012թ. Պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան, 4-րդ մաս») հարցերը, իսկ շտեմարանում չնչին բացառությամբ գրականության հարցերը հենց այդպիսին են, վկայում են, որ գրականության ուսուցումն ավելին չի նախատեսում, քան անգիր հիշելն է տարեթվերը, հեղինակների անունները, նրանց ստեղծագործությունների ցուցակները և այսպես…

Ի՞նչ է տալու գրականության պատմությունը սովորողի մտքին։
Իսկ ի՞նչ է տալիս գրականությունը, ընդհանրապես, ընթերցողի մտքին։

Սովետական ականավոր փիլիսոփա Մ. Կ. Մամարդաշվիլին հետաքրքիր մի հոդված ունի՝ «Գրականության քննադատությունը՝ որպես ընթերցանության գործողություն» վերնագրով։

Անվանի փիլիսոփան մեկնաբանում է, որ գրականությունն ավանդաբար գործառվել է որպես մի առարկա, իր, որը կա´մ զվարճացնում է մարդուն ու տեղափոխում նրան հեքիաթային աշխարհ, կա´մ ընթերցողի համար կյանքից փախչելու կամ կյանք մտնելու ճանապարհ է դառնում, ճանապարհ, որ իր փոխարեն և իր համար նախօրոք գտել ու գրանցել է հեղինակը։ Այնինչ,  «…եթե դու գիրք ես կարդում, ապա միայն այն չափով, որքանով դա հայելի է՝ դրված կյանքի ճանապարհի վրա, որն ուղղվում է և կախված է, հետևաբար, նրանից, թե ինչ կա քո սեփական հոգում։ Այսինքն՝ այդ իմաստով գիրքը հոգևոր գործիք է, ոչ թե իր, առարկա» (թարգմանությունը այստեղ և հետո՝ Հ.Ղ.)։

Ընթերցանությունն այսպես պարզապես փաստեր քաղելու կամ դրանով զվարճանալու գործառույթից անցնում է ընթերցողի՝ ինքնավերլուծության, սեփական կենսափորձը  կարդացածի հետ համեմատելու, ստեղծագործությունը գնահատելու կարողության գործառույթի։ Դա մտավոր աշխատանք է, որ իրականանում է հենց ընթերցանությամբ, հենց ընթերցանության պահին։

Գրականությունը, ինչպես Մամարդաշվիլին բացատրում է՝ վերլուծելով Մարսել Պրուստի ստեղծագործությունը,  «…ճանապարհ է, որով մարդը դուրս է գալիս ինչ-որ խավարից՝ իր կյանքի խավարից, տպավորությունների խավարից, գոյություն ունեցող ավանդույթների խավարից, գոյություն ունեցող սոցիալական կառույցի խավարից, գոյություն ունեցող մշակույթի խավարից, իր «Ես»-ից, դրա կրողից և պիտի գնա ինչ-որ տեղ, ուր ուղղված է իր յուրահատուկ անձնական փորձի ցուցանակ սլաքը»։ Այսինքն՝ գրականությունն ուղղված է ընթերցողին ինքնափնտրումի, ինքնաճանաչման, ինքնավերլուծության մղելուն։ «Եթե մենք մեզ չենք ճանաչում նրա մեջ, ինչ կարդացինք, ուրեմն կարդացածը մեզ համար դատարկ բան է» (Մ.Կ.Մամարդաշվիլի. «Գրականության քննադատությունը՝ որպես ընթերցանության գործողություն»)։ 
Ինչպես տեսնում ենք, գրականության, այն էլ միայն հայ գրականության պատմությունն այս խնդիրը բոլորովին անտեսում է։

Այս տարի մեր կրթահամալիրի ավագ դպրոցում (10-11-րդ դասարաններում) փորձարկում ենք համաշխարհային գրականության ընթերցման ծրագիրը։ Գրականության նմուշներն առաջարկվում են ընթերցող անհատի՝ սովորողի միտքը շարժելու, ինքն իրեն դրանցում գտնելու, դրանք իր կենսափորձով մեկնաբանելու մղումով։ Համաշխարհային գրականության անդաստաններն առատ բերք են տալիս այսօր՝ զանազան գրական նոր մեթոդներով ու ժանրերով։  Ընդգրկված ստեղծագործությունները հետաքրքիր նմուշներ են, նաև կարճ են, ինչը հնարավորություն է տալիս հենց դասարանում իրականացնելու ընթերցանության ակտը, ինչպես նաև վերլուծության ամենագործուն մեթոդներն օգտագործելու։ Ավելի երկար տեքստերը սովորողները կարդում են տանը, իսկ քննարկումը համապատասխան մեթոդներով կազմակերպվում է դասարանում։

Ժամանակակից համաշխարհային գրականության լավագույն նմուշներն ընթերցելը մի խոչընդոտ միայն ունի. գրականության զգալի մասը հայերեն չկա։ Այստեղ, հույս ունենք, օգնության կգա օտար լեզվի, մասնավորապես ռուսերենի իմացությունը։ Մայրենի լեզուն, այս պարագայում, չեմ կարծում, թե կտուժի։ Ընդհակառակը, զարգացնելով մտածողությունը՝ սովորողը արտահայտվելու համար կպեղի-կգտնի լեզվի բոլոր հնարավոր արտահայտչամիջոցները, իսկ չբավարարվելու դեպքում կստեղծի անհրաժեշտը։ Այսպես լեզուն կզարգանա։

Համաշխարհային գրականությունն ընդգրկում է, անշուշտ, նաև հայ գրականության՝ աշխարհի հետ չափելի կտորները։ Նպատակը հայ գրականության՝ համաշխարհային մշակույթում զբաղեցրած դերի ակնառու դարձնելն է։ Նախատեսվում է նաև ընթերցվող հեղինակների կենսագրության ուսումնասիրություն պետական ծրագրերում առաջարկվածից մի սկզբունքային տարբերությամբ. հեղինակի կենսագրությունն ուսումնասիրում ենք ոչ թե նրա գործերը կարդալուց առաջ, այլ դրանից հետո, երբ արդեն որոշակի պատկերացում ունենք նրա հայացքների, հավատամքի և ոճի մասին։ Այս կերպ (սա վաղուց գործածական է մեզանում) հեղինակը իր գործերով արդեն հետաքրքիր է ընթերցողին, և նրա մասին տեղեկություն հավաքելը դեպի նրա ստեղծագործությունը բացվող մի նոր դուռ է դառնում։

Համաշխարհային գրականության ընթերցանության գաղափարն, անշուշտ, գալիս է այն քիչ սովորողների վարք ու կեցվածքից, ում ընտանիքում արժեքավոր գրքի ընթերցանության ավանդույթ կա։ Սակայն բազմաթիվ սովորողներ, ենթարկվելով ընտանեկան հանգամանքներին, այդպես էլ չեն ճաշակի ինքնաճանաչողության կենարար պտուղները, չեն կայանա որպես ընթերցող, եթե դպրոցը չխիզախի դեպի մարդու հոգևոր զարգացումը տանող ճանապարհն ընտրելու։

Մեր կրթահամալիրում ծագած ու փորձարկված ամենատարբեր սկզբունքներ ու ծրագրեր ժամանակի ընթացքում ընդունվել են կրթության գործի պաշտոնատար կազմակերպիչների կողմից և տարածվել հանրապետությունով։ Հուսանք, որ այս ծրագիրն էլ, արդյունավետ լինելու դեպքում, աննկատ չի մնա, և վերջապես գրականության ուսումնասիրումը դպրոցում նպատակային փուլ կմտնի։

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Յուրա Գանջալյան | 2012-10-03 12:15:25
Ամենամեծ վնասը սովորողներին տալիս է Պետական ավարտական և միասնական քննությունների հայ գրականության բովանդակային պարտադրանքը, երբ սովորողը պարտադրված անգիր է սովորում իր չսիրած բանաստեղծությունները: Սովորողի ձգտումը դեպի գրականության աշխարհը վերջնականապես խամրում է ու կորում: Չի կարելի պարտադրել պատանուն կարդալ մի որևէ ցածրարժեք գրական ստեղծագործություն հենց միայն այն պատճառով, որ գրողը հայ է: Այս առումով լիովին համաձայն եմ հոդվածի հեղինակի հետ:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ