ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

 1991 օգոստոս-1992 հունվար

Սույն հոդվածում անդրադարձ է արվում Վրաստանի երրորդ հանրապետության պատմության արշալույսին նրան բաժին ընկած այնպիսի կարևոր իրադարձություններին, ինչպիսին են Ազգային գվարդիայի կողմից իրականացված պետական հեղաշրջումը և քաղաքացիական պատերազմի սկիզբը:
1991 թ. օգոստոսին 18-ի մոսկովյան հեղաշրջումը բացասական անդրադարձ ունեցավ Վրաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: Դա առիթ դարձավ Գամսախուրդիայի կառավորության ներսում առկա հակասությունների խորացման և սկզբունքային դերակատարություն ունեցող մի շարք պաշտոնյաների` հակակառավարական կոալիցիայի ձևավորման համար: Գամսախուրդիայի համար հատկապես բախտորոշ էր Ազգային գվարդիայի և նրա ղեկավար Թենգիզ Կիտովանիի՝ ընդդիմության շարքերը անցնելը: Հենց Կիտովանիի ու նրա գվարդիականների ջանքերով էլ Վրաստանում իրականացվեց պետական հեղաշրջում, և պաշտոնանկ Գամսախուրդիան ստիպված էր փախչել երկրից:

1991թ. օգոստոսին ներքաղաքական իրավիճակը Վրաստանում կրկին սրվեց: Դրա համար խթան դարձավ օգոստոսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը: Այս իրադարձությունների նախօրեին, Վրաստանի նորանկախ հանրապետության վարչապետ Թենգիզ Սիգուրան հրաժարական տվեց, պատճառաբանելով, որ տարաձայնություններ են ծագել իր և նախագահ Գամսախուրդիայի միջև` երկրի տնտեսության զարգացմանը վերաբերող մի շարք սկզբունքային հարցրի շուրջ:[1] Իր պաշտոնից հրաժարվեց նաև արտաքին գործերի նախարար Գեորգի Խոշտարիան:[2] Թվում էր, թե Գամսախուրդիայի կառավարությունը պառակտման եզրին էր: Սակայն, Գամսախուրդիան և նրա կողմնակիցները հայտարարեցին, որ իրավիճակի վերահսկողությունը պահում են իրենց ձեռքում և կոչ արեցին երկրի քաղաքացիներին ու քաղաքական ուժերին պահպանել հանգստություն:

Ինչպես հայտնի է, օգոստոսի 18-ին Մոսկվայում, ԽՍՀՄ փոխնախագահ Գենադի Յանաևը և մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ կատարեցին պետական հեղաշրջման փորձ: Նրանք հայտարարեցին, որ Յալթայում գտնվող ԽՍՀՄ Նախագահ Մ. Գորբաչովը, առողջական խնդիրների պատճառով չի կարող այլև պաշտոնավարել: Համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության 127/7 հոդվածի, նախագահի պաշտոնը ստանձնում էր ԽՍՀՄ փոխնախագահ Գ. Յանաևը:[3]
Օգոստոսի 19-ին Գամսախուրդիան և Վրաստանի Գերագույն խորհուրդը, անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցող դեպքերին, երկրի բնակչությանն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ արեցին պահպանել հանգստություն և չեզոքություն:[4] Այս հայտարարությունը Վրաստանի քաղաքական ուժերի, հատկապես Գամսախուրդիային ընդդիմացող ուժերի կողմից ընդունվեց թշնամաբար: Գամսախուրդիան ու նրա թիմակիցները իշխանության էին եկել հակակոմունիստական շարժման ալիքի վրա: Նրանց մեջ վրաց ժողովուրդը, նախ և առաջ, տեսնում էր Կրեմլի մեծապետական քաղաքականությունից ազատարարների, ինչպես նաև անկախ պետականություն կերտող ուժի: Իսկ այժմ, Գամսախուրդիան կոչ էր անում պահպանել հանգստություն և չարձագանքել Մոսկվայում խորհրդային իշխանության վերականգնման համար իրականացվող հեղաշրջմանը: Բացի դրանից, Անդրկովկասյան ռազմական շրջանի զինված ուժերը, որոնք դեռ պաշտոնապես համարվում էին խորհրդային բանակի մի մասը, ամեն վայրկյան կարող էին ներխուժել Վրաստան` վերականգնելու համար տապալված խորհրդային կարգերը:

Հատկանշական է, որ հենց նույն ժամանակաշրջանում նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:[5] Բայց, Հայաստանի ինչպես հասարակական-քաղաքական ուժերը, այնպես էլ բնակչությունը, նման բուռն կերպով չարձագանքեցին այդ հայտարարությանը: Սկզբունքորեն, Զ. Գամսախուրդիայի և Լ. Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները` Մոսկվայում ստեղծված իրադրության հանդեպ, իրարից չէին տարբերվում: Երկու երկրներում էլ առկա հասարակական-քաղաքական իրավիճակն ու գործընթացները, ժողովրդին համակած քաղաքական ակտիվությունը` ազգային պետականություն կերտելու նպատակով, և այս ալիքի վրա ի հայտ եկած տարատեսակ քաղաքական հոսանքները, բավական նման էին միմյանց: Այդ դեպքում ո՞րն էր Գամսախուրդիայի հանդեպ դժգոհությունների ալիքի բարձրացման իրական պատճառը: Այստեղ անհրաժեշտ է անել մի հետաքրքիր դիտարկում ևս: 1991 թ. օգոստոսի 19-ից 21-ը Մոսկվայում տեղի ունեցած իրադարձությունները պատմագրության մեջ բավական լավ են լուսաբանված: Սակայն, Վրաստանում այդ նույն օրերին տեղի ունեցած իրադարձությունները մինչ այսօր պատված են գաղտնիության շղարշով: Հստակ է միայն մի բան: Այդ օրը Ազգային գվարդիայի ղեկավար Թենգիզ Կիտովանին, ընդդիմանալով Գամսախուրդիայի դեմ, Ազգային գվարդիայի մի հատվածի հետ հեռացավ Թբիլիսիից: Գամսախուրդիայի կողմից` ԱԴՊԿ-ի մոսկովյան հեղաշրջման փորձը պաշտպանելը, բավական տարօրինակ որոշում էր: Ի՞նչ ակնկալիքներ կարող էր ունենալ չճանաչված հանրապետության նորընտիր նախագահը: ԱԴՊԿ-ի հետ Գամսախուրդիայի բանակցությունները կարելի է որակել որպես զուտ տակտիկական քայլ, սակայն սխալ հաշվարկված քայլ: Մոսկովյան ապստամբների հետ բանակցելու փորձեր արեցին նաև ուրիշ քաղաքական գործիչներ, սակայն նրանք այդ ժամանակ քննադատության չէին ենթարկվում Բ. Ելցինի և նրա կողմնակիցների կողմից: Տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Մի շարք քաղաքական գործիչներ, որոնք քննադատել էին հեղաշրջման փորձը (Վիտաուտաս Լանդսբերգիսը` Լիտվայում, Յուրի Մեշկովը` Ղրիմում, Ջոխար Դուդաևը` Չեչնիայում) շուտով հեռացան քաղաքական ասպարեզից:[6]

Ինչպես նշում է Գ. Լեժավան` վարչապետ Սիգուրայի հեռանալուց հետո, Գամսախուրդիան դեռևս փորձում էր ձևացնել, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, և կառավարության մեջ առկա ճգնաժամը կարելի է հաղթահարել առանց դժվարությունների:[7] Երբ օգոստոսի 19-ի առավոտյան, լուրեր տարածվեցին Մոսկվայում տեղի ունեցածի վերաբերյալ, ամբողջ Վրաստանը լարված սպասում էր կառավարության և նախագահի արձագանքին: Մոսկովյան հեղաշրջումը համընկավ Վրաստանի կառավարության թուլացման հետ: Ազգային գվարդիան արդեն բավական լարված հարաբերությունների մեջ էր նախագահի հետ: Քաղաքական վերնախավը կրկին համախմբելու համար անհրաժեշտ էր նոր ընդվզում խորհրդային իշխանությունների դեմ: Սակայն, Գամսախուրդիան հստակ գիտակցում էր, որ ԱԴՊԿ-ի հաղթանակի դեպքում ամբողջ իշխանությունը և խորհրդային բանակի հրամանատարությունը անցնելու է նրա տնօրինության տակ: Իսկ պայքարել խորհրդային բանակի դեմ` Վրաստանը ի զորու չէր: Ազգային գվարդիայի շարքերում այդ ժամանակ կար 15 հազար զինվոր, որն իր պատրաստվածությամբ և սպառազինությամբ զգալիորեն զիջում էր Անդրկովկասում տեղակայված խորհրդային զինված ուժերին: Օգոստոսի 19-ին Գամսախուրդիան հանդիպում ունեցավ Անդրկովկասյան ռազմական շրջանի զինված ուժերի հրամանատար Վալերի Պատրիկիևի հետ: Վերջինս հայտնեց իր համոզմունքը` ԱԴՊԿ-ի հաղթանակի կապակցությամբ, որից հետո նա սպասում էր հրամանի` Վրաստան զորք մտցնելու և տապալված խորհրդային կարգերը վերականգնելու համար:[8] Հատկանշական է, որ բանակցությունների արդյունքում, Գամսախուրդիային հաջողվեց համաձայնության գալ Վ. Պատրիկիևի հետ և զերծ պահել նրան` Վրաստան խորհրդային զորք մտցնելու գաղափարից:[9] Որոշ հետազոտողներ հակված են այն տեսակետին, որ հենց այս համաձայնության պատճառով էր, որ Գամսախուրդիան հանրային հեռուստատեսությամբ հանդես եկավ հայտարարությամբ` կոչ անելով հանրությանը պահպանել հանգստություն: Իսկ Ազգային գվարդիան, ռուսների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հեռացվեց մայրաքաղաքից:[10]

Մյուս կողմից անհրաժեշտ է ընդգծել, որ ինչպես Վրաստանի բնակչությունը, այնպես էլ կառավարությունը այդքան էլ խանդավառված չէր պաշտպանելու Գորբաչովին կամ ԱԴՊԿ-ի հեղաշրջումը ղեկավարող ԽՍՀՄ փոխնախագահ Յանաևին: Նրանք երկուսն էլ խորհրդային իշխանության ներկայացուցիչներ էին, այսինքն՝ փաստացի վտանգ Վրաստանի անկախության համար: Ըստ էության, Գամսախուդիան այս առիթը ցանկացավ օգտագործել Ազգային գվարդիայի հրամանատար Թ. Կիտովանիից ազատվելու համար, որի աճող հեղինակությունը և տարաձայնությունները կառավարության հետ գնալով ավելի վտանգավոր էին դառնում Գամսախուրդիայի իշխանության համար:
Այսպիսով, օգոստոսի 20-ին Վրաստանի Ազգային գվարդիայի մի մասը` հրամանատար Թենգիզ Կիտովանիի գլխավորությամբ, հրաժարվեց ենթարկվել նախագահ Գամսախուրդիայի չեզոքություն պահպանելու հրամանին և հեռացավ Թբիլիսիից: Քաղաքում սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ Գամսախուրդիան ցանկանում է ցրել Ազգային գվարդիան և Կիտովանիի հեռանալու հիմնական պատճառը դա է եղել: Օգոստոսի 23-ին, նախագահ Գամսախուդիան հանդես եկավ հայտարարությամբ, որում նա մատնանշեց, որ Ազգային գվարդիան ոչ թե ցրվել կամ լուծարվել է, այլ նրան տրվել է միլիցիայի հատուկ նշանակության ստորաբաժանման կարգավիճակ: Այս փոփոխությունն արվել է, Ազգային գվարդիան Անդրկովկասում գտնվող խորհրդային զորքերի հարձակումից զերծ պահելու համար:[11]

Եթե Գամսախուրդիան իր քայլերի մեջ զգուշավոր էր և փորձում էր պահպանել ուժերի հավասարակշռությունը մի կողմից ընդդիմադիր ուժերի, մյուս կողմից` Անդրկովկասում տեղակայված խորհրդային կորպուսի հրամանատարության միջև, ապա Կիտովանին առանց վարանելու գնաց նախագահի հետ առճակատման: Նրա հետ միասին մայրաքաղաքից հեռացան նաև Ազգային գվարդիայի զորամասերը, որոնք տեղակայվեցին Ախալքալաքի մոտ գտնվող Ռկոնիի կիրճում: Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա: Արդյո՞ք արդարացված էր Կիտովանիի` Ազգային գվարդիայի հետ միասին մայրաքաղաքից հեռանալու քայլը: Մենք հակված ենք մտածելու, որ ստեղծված իրավիճակում, երբ մայրաքաղաքը գտնվում Անդրկովկասում տեղակայված խորհրդային զորքերի ներխուժման վտանգի տակ, Կիտովանիի հեռանալը նշանակում էր մայրաքաղաքը և նրա բնակչությանը թողնել անպաշտպան` բախտի քմահաճույքին: Մյուս կողմից, հենց Գամսախուրդիայի դիվանագիտական ճիշտ քայլերի շնորհիվ էր, որ մայրաքաղաքը զերծ մնաց Անդրկովկասում տեղակայված խորհրդային զորքերի ներխուժումից:

1991 թ. սեպտեմբերի 2-ին Ազգային-ժողովրդավարական կուսակցությանը Կինոյի տան դիմաց կազմակերպեց հանրահավաք` պահանջելով նախագահի ու կառավարության հրաժարականը և նոր պառլամենտական ընտրությունների անցկացում: Ցուցարարների և միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի միջև տեղի ունեցավ ընդհարում: Հնչեցին նաև կրակոցներ: Արդյունքում` երեսուն մարդ ստացավ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:[12] Իրավիճակը մայրաքաղաքում կրկին լարվեց: Այս դեպքերից հետո Գ. Չանտուրիան իր համախոհների հետ միասին սկսեց պարբերաբար մայրաքաղաքի կենտրոնում անցկացնել հանրահավաքներ: Երբ սեպտեմբերի 7-ին Գամսախուրդիան հրամայեց մայրաքաղաքում կարգուկանոն հաստատել, Թ. Կիտովանին հայտարարեց, որ եթե միլիցիայի հատուկ ջոկատը կրկին ցուցարարերի հանդեպ գործածի մահակներ, ապա նա կմիջամտի գործին:[13] Չանտուրիայից ետ չէին մնում նաև մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Իրակլի Ծերեթելիի կուսակցությունը նույնպես միացավ բողոքին և նստացույց սկսեց կուսակցության շենքի դիմաց: Սեպտեմբերի 11-ին ընդդիմադիր ուժերը ստեղծեցին «Համակարգող խորհուրդ», որը հանդես եկավ Գամսախուրդիայի հրաժարականի պահանջով: Նրանք պահանջում էին նաև ժամանակավորապես վերացնել նախագահի պաշտոնը, նշանակել նոր ընտրություններ:[14] Հաջորդ օրը, սեպտեմբերի 12-ին, բողոքի ակցիա կազմակերպեցին լրագրողները: Նրանք շրջապատեցին Պետական հեռուստատեսության շենքը` պահանջելով խոսքի ազատություն և գրաքննության վերացում: Դրա հետ մեկտեղ, Թ. Կոստավան, ապստամբ գվարդիականների հետ միասին շարժվեց դեպի Թբիլիսի` ցուցարարներին միանալու համար:

Սեպտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 03:00-ի սահմաններում, կառավարական զորքերը Ռուսթավելի հրապարակը մաքրեցին ցուցարարներից ու բարիկադներից:[15] Կառավարության տարածած հայտարարության համաձայն` Ռուստավելի փողոցը բարիկադներից մաքրվել էր բացարձակապես կառավարությանն աջակցող հասարակ վրացիների կողմից:[16] Սակայն, իրականում հասարակ վրացիները` քաղաքացիական հագուստով ներքին զորքերի ներկայացուցիչներն էին, որոնք մահակների ու հեղձուցիչ գազի օգնությամբ կարողացան ցրել ցուցարարներին, իսկ այնուհետև քաղաքի կենտրանական պողոտան մաքրեցին բարիկադներից:[17] Նախագահի հրամանով Թբիլիսիում մտցվեց արտակարգ դրություն:[18]
Սեպտեմբերի 26-ի երեկոյան կառավարության զորքերն առանց մարտի վերցրեցին Շավնաբադայում տեղակայված Կիտովանիի գվարդիականների ճամբարը:[19] Նրանց հաջողվեց խուսափել արյունահեղությունից, քանի որ գվարդիականների մեծ մասը ճամբարում չէին այդ պահին: Դրանից հետո, Գամսախուրդիան ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկեց նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ սեպտեմբերի 30-ին խոստացավ համաներում շնորհել բոլոր նրանց, ովքեր մինչև հոկտեմբերի 3-ը, ժամը 12:00 վայր կդնեն զենքերը:[20] Այդ նույն օրը Կառավարության տան դիմաց հավաքված իր կողմնակիցներին Գամսախուրդիան կոչ արեց շարժվել դեպի Հանրային հեռուստադեպարտամենտի շենք` այնտեղ հավաքված ցուցարարների հետ բանակցելու համար: «Մենք նրանց կհաղթենք, սակայն նրանք պարտված չեն լինի, նրանք կհաղթեն մեզ հետ միասին: Այո, մենք կհաղթենք նրանց սիրով»[21], - հայտարարեց Գամսախուրդիան ցուցարարներին: Այս ելույթից հետո, մեծ թվով ցուցարարներ շարժվեցին դեպի Հանրային հեռուստադեպարտամենտ: Այնտեղ հավաքված բազմությունը հասնում էր շուրջ 5 հազարի: Սակայն հրաշք տեղի չունեցավ, և միակ դրական արդյունքն այն էր, որ երկու կողմերի միջև ընդհարում տեղի չունեցավ, և նրանք խաղաղությամբ բաժանվեցին:

Նախագահի առաջարկած վերջնաժամկետը լրացավ, բայց ընդդիմությունը զենքը վայր չդրեց: Ինչպես նկատում է Սպարտակ Ժիդկովը, ընդդիմությունը համարձակություն ունեցավ անտեսել նախագահի պահանջը և վայր չդրեց զենքը: Սակայն ընդդիմությունը դեռևս բավական ուժեղ չէր, և միաժամանակ չուներ Մոսկվայի աջակցությունը` նախագահ Գամսախուրդիային պաշտոնանկ անելու համար:[22] Այդ իսկ պատճառով, Կիտովանին իր գվարդիականների հետ հեռացավ Թբիլիսիից և տեղակայվեց քաղաքից արևելք գտնվող ջրամբարի մոտ: Նրանք զբաղեցրեցին արհմիութենական ուսումնական կենտրոնի տարածքը, որը վերածվեց հակակառավարական ուժերի գլխավոր կենտրոնի: Հոկտեմբերի 4-ին, Իրակլի Ծերեթելու գլխավորությամբ սկսվեց հակակառավարական բողոքի մի նոր ակցիա: Կառավարության տան դիմաց կրկին հավաքվեց բազմահազարանոց ամբոխ: Իրավիճակը բավական պայթյունավտանգ էր, քանի որ այնտեղ հավաքվել էին նաև Գամսախուրդիայի կողմնակիցները: Այս պայմաններում` ընդդիմության և իշխանության կողմնակիցների միջև ընդհարումը անխուսափելի էր: Ցուցարարների երկու ճամբարների միջև եղան բախումներ, որի արդյունքում վիրավորվեց 81 մարդ:[23]
Այստեղ անհրաժեշտ է առանձնացնել մի կարևոր հանգամանք: Բացի այն, որ ընդդիմությունը դեռ բավական ուժեղ չէր և չուներ Մոսկվայի աջակցությունը` հեղաշրջում իրականացնելու համար, այն նաև համախմբված չէր: Կառավարության տան դիմաց հավաքված Ծերեթելու գլխավորած ընդդիմության ներկայացուցիչները հստակ գիտակցում էին, որ առանց գվարդիականների աջակցությամբ չեն կարող միայնակ պայքարել Գամսախուրդիայի վարչակարգի դեմ: Սակայն Կիտովանիի գվարդիականները այս անգամ չմիջամտեցին: Դա կարելի է բացատրել մի կողմից այն հանգամանքով, որ գվարդիան դեռևս չուներ բավական զենք և զինամթերք` կառավարության դեմ պայքարելու համար: Մյուս կողմից` նրանք ակնկալում էին Անդրկովկասում տեղակայված ռուսական բանակային կորպուսի աջակցությունը: Դրա հետ մեկտեղ՝ Վրաստանի ընդդիմադիր ուժերը դեռևս չունեին Գամսախուրդիային տապալելու համար միասնական գործողությունների պլան: Թե´ Կիտովանին, և թե´ Ծերաթելին գործում էին առանձին: Ունենալով միևնույն նպատակը՝ նրանք հետապնդում էին տարբեր շահեր:

Այսպիսով, 1991թ. աշնանը վերջնականապես ձևավորվեց հակակառավարական կոալիցիան, որն իր մեջ միավորվեց տարատեսակ ուժեր` ապստամբ զինվորական ստորաբաժանումներ, մտավորականության մի մասը, դեմոկրատներ և այլ ուժեր: 1991 թ. դեկտեմբերին Գամսախուրդիայի իշխանությունը օր օրի ավելի էր թուլանում: Ընդդիմությունը վերսկսեց իր ցույցերը, որոնք ավելի բազմամարդ էին դառնում: Կիտովանի մարդիկ, օգտվելով ստեղծված առիթից, ավելի հաճախ էին թափանցում մայրաքաղաք: Ի վերջո, կառավարական ուժերն այլևս ի վիճակի չէին կանգնեցնելու նրանց: Չնայած, Գամսախուրդիայի կողմնակիցները դեռևս հավաքվում էին իրենց ղեկավարին պաշտպանելու համար, սակայն նրանց բանակը օր օրի ավելի էր նոսրանում: Ինչպես նկատում է պրոֆեսոր Ստեֆան Ջոնսը, դա առաջին հերթին պայմանավորված էր Գամսախուրդիայի կառավարման ավտորիտար մեթոդներով: Մյուս կողմից, Կիտովանին արդեն կարողացել էր համաձայնության գալ Անդրկովկասյան ռազմական շրջանի ռուսական կորպուսի զինվորական վերնախավի հետ, որոնք նրան մատակարարում էին զենք, զինամթերք ու զրահատեխնիկա:[24]

Դեկտեմբերի 20-ին ընդդիմության ներկայացուցիչները Կառավարության տան դիմաց կազմակերպեցին 20 հազարանոց հանրահավաք:[25] Նրանք պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին և իրենց հեռուստաեթեր տրամադրել: Ի պատասխան` զվիադակաները հեռուստատեսությամբ ու ռադիոյով կոչ արեցին բնակչությանը պաշտպանել օրինական ընտրված իշխանությանը և դուրս գալ փողոց:[26] Կառավարության տան դիմաց հավաքված ընդդիմության և իշխանության կողմնակիցների միջև ընդհարումը կրկին անխուսափելի էր: Դեկտեմբերի 22-ին ցուցարարների վրա կրակ բաց արեցին: Չորս մարդ մահացավ:[27] Դրանով, Կիտովանին ստացավ ձեռքերի ազատություն` զինված գործողությունների անցնելու համար:[28] Կեսօրին, Կիտովանիին միացավ Հարավային Օսեթիայից վերադարձած Վաժի Ադամիան` 300 զինվորներից կազմված իր գումարտակով: Կիտովանին վերջնագիր ներկայացրեց Գամսախուրդիային` պահանջելով նրանից անմիջապես հրաժարական: Ցուցարարներն ու ապստամբ գվարդիականները շրջապատեցին նախագահական նստավայրը, որտեղ գտնվում էին Գամսախուդիան` իր ընտանիքով, նախագահին հավատարիմ պատգամավորներ ու նախարարներ:[29] Նախագահական նստավայրի դիմաց ընթացող մարտերը հենց սկզբից կրում էին լարված ու կատաղի բնույթ, կային զոհեր ու վիրավորներ: Ականատեսների վկայությամբ` մայրաքաղաքում սկսել էր թալան ու կողոպուտ: Ոստիկանությունը, որը չեզոք դիրք էր գրավել, չէր կարողանում վերահսկել իրադրությունը մայրաքաղաքում: Կիտովանին ու Ադամիան շուտով իրենց վերահսկողության տակ կարողացան վերացնել օդանավակայանը, Կենտրոնական բանկը, Կենտրոնական փոստը և այլ, քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներ: Նրանց սակայն չհաջողվեց իրենց ձեռքը վերցնել այն բանտը, որտեղ բոլոր քաղբանտարկյալներն էին:[30]
Եվրոպական հանրությունը Թբիլիսիում ընթացող իրադարձություններին թերևս արձագանքում էր, սակայն հրաժարվում էր որևէ հստակ դիրքորոշում հայտնելուց: Նրանք ասես խուսափում էրն հանդես գալ Գամսախուրդիայի պաշտպանությամբ, հաշվի առնելով նրա կառավարման՝ եվրոպական հանրությանը ոչ բնորոշ և քննադատվող բռնապետական մեթոդը: Մյուս կողմից էլ, դեռևս վաղ էր սատարել ապստամբ ուժերին: Ապստամբները ունեին Ռուսաստանի աջակցությունը, մի հանգամանք, որ նույնպես ետ էր պահում Արևմուտքին նրանց աջակցելուց: Նախկին խորհրդային երկրներում շրջանառվում էր այն վարկածը, որ ժողովուրդը ապստամբել Գամսախուրդիայի կառավարման «բռնակալական» մեթոդի դեմ:[31] Իսկ արդյո՞ք Գամսախուրդիան իրականում բռնապետ էր: Այս հարցին բավական բարդ է հստակ պատասխան տալը: Բավարար չէ այն հանգամանքը, որ որոշ քաղաքական գործիչներ նրան անվանում էին «իսկական բռնապետ»: Իսկ այն, որ ոմանք Գամսախուրիային մեղադրում էին ընդդիմության հանդեպ մեղմ վերաբերմունքի մեջ, դեռևս բավարար չէ նրան համարել ժողովրդավար առաջնորդ: Հստակ էր միայն այն պարագան, որ Վրաստանում ձևավորվել էր կառավարման ավտորիտար ռեժիմ: Դրա ակնհայտ դրսևորումներն էին` Գերագույն խորհրդի դռնփակ նիստերը, պատգամավորների բաց քվեարկությունները` բոլոր հարցերի շուրջ, նախագահ Գամսախուրդիայի ներկայությունը ԳԽ նիստերին և ակտիվ միջամտությունը, պառլամենտական ընդդիմության ներկայացուցիչների հեռացումը ԳԽ-ից` տարբեր պատճառաբանությունների ներքո, շուկայական ռեֆորմի վրա նախագահի կողմից վետո դնելը:[32] Բացի այդ, ընդդիմության ներկայացուցիչները գրեթե զրկված էրն հեռուստատեսությամբ ու ռադիոյով ելույթ ունենալու հնարավորությունից: Դրա հետ մեկտեղ, իշխանությունները ուժեղացրել էին մամուլի հանդեպ իրականացվող գրաքննությունը: Ֆինանսական դժվարությունների անվան տակ փակվեցին մի շարք թերթեր, ինչպիսին էին` «Մոլոդյոժ Գրուզիի», «Ախալգազրդա Իոերիելի» և այլն:[33] Դրա հետ մեկտեղ, գրեթե բոլոր թերթերի գլխավոր խմբագիրները անմիջականորեն նշանակվում էին նախագահի կողմից: Բավական մեծ թիվ էին կազմում նաև քաղբանտարկյալները: Փաստորեն, այլախոհությունը Գամսախուրդիայի կողմից կտրականապես մերժվում էր: Ավելին, Գամսախուրդիայի տրամադրության տակ գտնվող լրատվամիջոցներում անընդհատ հրապարակվում էին հոդվածներ, որոնք քննադատում ու զրպարտում էին Վրաստանի առավել հայտնի ու ժողովրդի հարգանքը վայելող մտավորականությանը:[34] Նախկին խորհրդային հանրապետությունների հետ տնտեսական կապերը վերացել էին, իսկ արտասահմանյան կազմակերպությունների չէին ցանկանում տնտեսական պայմանագրեր ստորագրել Գամսախուրդիայի կառավարության հետ:

Բելովեժյան համաձայնագրի և ԱՊՀ ստեղծման վերաբերյալ պայմանագրի[35] կնքումից հետո, երբ ԽՍՀՄ-ը դե-յուրե դադարեց գոյություն ունենալուց,[36] Վրաստանը հայտնվեց բավական դժվար իրավիճակում: Նրա անկախությունը ոչ մի պետություն չէր շտապում ճանաչել: Անհասկանալի էր, թե ում իշխանությունն է պետք ճանաչել: Գամսախաուրդիան ընտանիքի հետ ապաստան էր գտել էր մայրաքաղաքի թաքստոցներից մեկում, իսկ Կիտովանին դեռ իր ձեռքը չէր վերցրել երկրի փաստական ղեկավարումը:

Ռուսթավելի փողոցում իսկական մարտեր էին ընթանում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև: Դեկտեմբերի 24-ին Գամսախաուրդիայի կողմնակիցներին հաջողվեց լիովին մաքրել Ռուսթավելու պողոտան ցուցարարներից ու Կիտովանիի գվարդիականերից: Թվում էր, թե Կիտովանին վերջնականորեն սպառել է իր ուժերը, Սակայն, Կիտովանին արդեն լայնորեն օգտվում էր ռուսական ռազմական օժանդակությունից, և դա հնարավորություն տվեց նրան շարունակելու պայքարը: Դեկտեմբերի 28-ին, ստանալով օժանդակություն, Կիտովանին նպատակ ուներ գրավելու հեռուստաշտարակը, ինչպես նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին: Փողոցային մարտերին մասնակցում էին նաև մի քանի տասնյակ ռուս զինվորներ` Կիտվանիի գվարդիայի կազմում:[37]
1992 թ. հունվարի 1-ին ընդդիմության ներկայացուցիչները ստեղծեցին Ռազմական խորհուրդ, որը կոչված էր համակարգելու նրանց գործունեությունը: Հուվարի 2-ին, Ռազմական Խորհուրդը հայտարարեց, որ դադարեցնում է Վրաստանի Գերագույն Խորհրդի գործունեությունը և ամբողջ իշխանությունը երկրում վերցնում է իր ձեռքը: Ռազմական Խորհուրդը վերանվանվեց Ժամանակավոր ազգային խորհուրդ:[38] Նախագահական նստավայրի շուրջ ծավալված համառ մարտերից հետո, հունվարի 6-ին, առավոտյան 03:00-ին Գամսախուրդիան, իր ընտանիքի անդամների ու մերձավորների հետ միասին փախավ Վրաստանից:[39] Ընդդիմությունը հաղթանակ տարավ:

Ինչպես հաղորդում էր Վրաստանի Առողջապահության նախարարությունը, դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 7-ը ընկած ժամանակահատվածում, Թբիլիսիում ծավալված մարտական գործողությունների արդյունքում մահացան 107 և վիրավորվեցին 421 մարդ:40 Հաջորդ մի քանի օրերի ընթացքում, Կիտովանիի գվարդիականները ցրեցին մայրաքաղաքի փողոցներ դուրս եկած Գամսախուրդիայի կողմնակիցներին:[41]

Փախչելով ապստամբների ձեռքն անցած մայրաքաղաքից, Գամսախուրդիան իր ընտանիքի անդամների ու մերձավորների հետ սկզբում ապաստան գտավ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական Գանձակ քաղաքում: Սակայն, Ադրբեջանի ԳԽ նախագահ Մութալիբովը հստակ հասկացրեց, որ չի պատրաստվում ապաստան տալ նրան:[42] Կազախի մոտով Գամսախուդիայի ավտոշարասյունը հատեց Հայաստանի հետ սահմանը և ապաստանեց Իջևան քաղաքում:[43] Հայաստանի իշխանություններ հետ նախօրոք ձեռք էր բերվել համաձայնություն առ այն, որ Վրաստանի նախագահը անհրաժեշտության դեպքում կարող էր ստանալ քաղաքական ապաստան: Սակայն Գամսախուրդիան լավ էր հասկանում, որ Հայաստանում նույնպես երկար մնալ չի կարող: Նրան շուտով քաղաքական ապաստան առաջարկեցին Ֆրանսիան և Շվեցարիան:[44]

Հատկանշական է, որ Գամսախուրդիան դեռևս իրեն չէր համարում լիովին պարտված: Ընդդիմությունը կարողացավ հաղթանակ տանել ռուսական զենքի օժանդակությամբ: Եվ, ինչպես դիպուկ նկատում է Ս. Ժիդկովը` Գամսախուրդիան, անգամ Թբիլիսիից մազապուրծ փախչելուց հետո հավատում էր, որ կարող է իր ժողովրդին կրկին համախմբել ընդդեմ Ռուսաստանի մեծապետական քաղաքականության, ինչպես դա արել էր շարժման սկզբին:[45] Սակայն, ժողովրդի հեղափոխական ոգին արդեն հանդարտվել էր: Դրան գումարվել էր նաև այն հանգամանքը, որ իր կարճատև նախագահության տարիներին, Վրաստանում ստեղծված տնտեսական ծանր վիճակը և կառավարման ավտորիտար մեթոդը նույնպես հասցրել էին բացասաբար անդրադառնալ Գամսախուրդիայի` ժողովրդի շրջանում ունեցած հեղինակության վրա: Այնպես որ, ժողովուրդը արդեն հոգնել էր պայքարից և նախընտրեց ընդունեց նոր իշխանություններին:
Ամփոփելով նշենք, որ 1991 թ վերջին և 1992 թ. սկզբին տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում, Վրաստանի առաջին նախագահ Գամսախուրդիան ստիպված էր հեռանալ երկրի տարածքից: Երկրի իշխանությունը իր ձեռքը վերցրած Ռազմական խորհուրդը չեղյալ հայտարարեց 1978 թ. ընդունված Վրաստանի ԽՍՀ Սահմանադրությունը և վերականգնեց 1921թ. Վրաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Նոր ղեկավարությունը ձեռնամուխ եղավ սոցիալ-քաղաքական բարեփոխումների բարեփոխումների` վերականգնվեցին արգելված կուսակցություններն ու թերթերը, ԲՈԻՀ-ին թույլատրվեց անցկացնել ռեկտորի ընտրություններ, վերականգնվեցին մանր ու միջին ձեռներեցություն, ինչն արգելված էր Գամսախուրդիայի ժամանակ: Թվում էր, թե տեղի ունեցավ դասական հեղաշրջում, տապալվեց բռնակալն ու իշխանության եկան ժողովրդավար ուժեր: Սակայն, իրականությունն այդքան էլ պարզ չէր: Այն, որ Գամսախուրդիայի դեմ զինված հեղաշրջումն անխուսափելի էր, դրա մասին վկայում են այն փաստերը, որ իր կարճատև նախագահության ընթացքում Գամսախուրդիան սահմանադրությունից հանեց բոլոր այն օրենքներն, որոնք հնարավորություն էին տալիս Գերագույն խորհրդին հասնել նախագահի հրաժարականին` օրենսդրական ճանապարհով: Մյուս կողմից, այլակարծության մերժումը, գրաքննությունը, քաղաքական կուսակցությունների ու գործիչների հանդեպ իրականացվող հետապնդումները նույնպես ունեցան իրենց դերակատարությունը Գամսախուրդիայի հանդեպ ընդդիմության ձևավորման մեջ: Ազգային գվարդիան դժվար թե միայնակ դուրս գար նախագահի դեմ, եթե չունենար ժողովրդի աջակցությունը: Նրան սատարում էին բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, մտավորականության մի ստվար զանգված և ուղղակի Գամսախուրդիայի կառավարման համակարգից դժգոհ հասարակ քաղաքացիներ: Իհարկե, Գամսախուրդիայի կողմնակիցները նույնպես կազմում էին հասարակության մի ստվար զանգված:

Նման պայմաններում, երբ օրենսդրությամբ հնարավոր չէ հասնել նախագահի հրաժարականին, ընդդիմությունը նախընտրեց գնալ ուժի կիրառման և իրականացնել պետական հեղաշրջում: Իհարկե, ուժի կիրառումը չի հանդիսանում լավագույն մեթոդը` իրական ազատության հասնելու և ժողովրդավարական կարգեր հաստատելու ճանապարհին:
Ծանոթագրություններ

1. В Правительстве Республики Грузия // Свободная Грузия, 14.08.1991.
2. Նույն տեղում // Свободная Грузия, 14.08.1991.
3. Указ вице-президента СССР Г. И Янаева от 18 августа 1991 г. // Правда, 20.08.1991 г.
4. Заявление Президента Республики Грузии // Свободная Грузия, 21.08.1991.
5. Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին // Հայաստանի Հանրապետություն, 20.08.91 թ.:
6. Goltz T., Georgian dairy. A chronicle of war and political chaos in the post-Soviet Caucasus, New York 2009, ¿ç 12:
7. Лежава Г. П, Губогло М., Технологии этнической мобилизации. Из истории становления Грузинской государственности (1987-1993 гг.), Российская Академия наук. Центр по изучению межнациональных отношений, М. 2000., էջ 55:
8. Лежава Г. П, Губогло М., Технологии этнической мобилизации , ÝáõÛÝ ï»ÕáõÙ:
9. Lobell S., Mauceri P., Ethnic conflict and international politics: explaining diffusion and escalation, New York 2004., էջ 63:
10. Fahrettin Çiloğlu, Rusya Federasyonu’nda ve Transkafkasya’da Etnik Çatışmalar, İstanbul, Sinatle, 1998, ¿ç 151-152:
11. Заявление Президента Республики Грузия от 23 августа 1991 г. // Свободная Грузия, 24.08.1991.
12. Заявление пресс-службы президента Республики Грузия // Свободная Грузия, 04.09.1991
13. Bertsch, Gary K., et al (eds.) Crossroads and Conflict: Security and Foreign Policy in the Caucasus and Central Asia (Rutledge, 1999)
14. Жидков С. Бросок малой империи. ¿ç 133:
15. Правительственное заявление // Свободная Грузия, 24.09.1991.
16. Заявление премьер-министра Республики Грузия господина Виссариона Гугушвили по телевидению 22 сентября // Свободная Грузия, 24.09.1991.
17. Elizabeth Shogren. Republic of Georgia Under Siege: Revolt: Battle rages at government headquarters in the capital. Rebels demand democratic reforms, Tass reports // Los Angeles Times, 23.12.1991.
18. Указ Президента Республики Грузия о введение с 25 сентября 1991 г. Черезвычайного положения в городе Тбилиси // Свободная Грузия, 25.09.1991.
19. Лагерь Китовани был захвачен // Известия, 27.09.1991.
20. Указ президента Республики Грузия от 30-го сентября // Свободная Грузия, 01.10.91.
21. Georgia is on the brink of civil war // The Washington post, 03.10.91.
22. Жидков С. Бросок малой империи…¿ç 138:
23. Mutinous Georgian Troops Clash With Army // The New York Times, 19.10.1991.
24. Jones S. F. “The Common Problems of Georgia’s Independence Today and in the Past,” (in Georgian), Roin Metreveli (ed.) Georgian Diplomacy Annual, Vol. II, Tbilisi Univ. Press, Tbilisi, 1995, ¿ç 53-58:
25. Оппозиция не хочет отступать // Свободная Грузия, 22.12.91.
26. Обращение к гражданам Грузии // Свободная Грузия, 22.12.91
27. Memorial Page of the first president of the Republic of Georgia, Dr. Zviad K. Gamsakhurdia (31.03.1939 - 31.12.1993) // http://www.oocities.org/z_g.geo/z_g.html
28. Скаков А. Ю. Внутриполитическая ситуация в Грузии, ¿ç 265:
29. Rival Factions in Georgia Continue Battle for Capital // The New York Times, 30.12.91
30. Жидков С. Бросок малой империи…. ¿ç 248:
31. Jones S. F , “Old Ghosts and New Chains: Ethnicity and Memory in the Georgian Republic,” Rubie Watson (ed.), Memory, History and Opposition Under State Socialism, School of American Research Press, Santa Fe, 1994, ¾ç149-165:
32. Խոսքը վերաբերում է նախագահի կողմից ձեռներեցության վերաբերյալ օրինագծի վրա վետո դնելուն: Գամսախուրդիայ դա հիմնավորեց այն հանգամանքով, որ դեռևս չկա իր ենթակայության տակ գտնվող համապահասխան դեպարտամենտ, որը կհամակարգեր ձեռներեցությունը երկրում: (Ա.Զ.)
33. Гачечиладзе Р. Г., Правда о грузинской зине // Социс, № 8, 1992.
34. Ավելի մանրամասն տե´ս. Jones S. F. “Populism in Georgia: the Gamsakhurdia Phenomenon,” Nationalism and History: the Politics of Nation Building in Post-Soviet Armenia, Azerbaijan and Georgia, Donald Schwarz and Razmik Panossiam (eds.), University of Toronto Center for Russian and East European Studies, University of Toronto Press, Toronto, 1994, ¿ç 127-149:
35. Протокол к соглашению о создании содружество независимых государств, погписанномы 8 декабря 1991 года в г. Минске республикой Беларусь, Российской Федерацией, Украиной // http://www.ln.mid.ru/bdomp/Ns-rsng.nsf/8c21fbc45f12ec6d432569e700419ef3/3593ddfb8b947c4743256b0b0023d3cd!OpenDocument
36. Постоновление Верховного Совета РСФСР о денонсации Договора об образование СССР // "Российская газета", 17.12.1991 г.
37. Cornell, Svante E.: Autonomy and Conflict: Ethnoterritoriality and Separatism in the South Caucasus– Cases in Georgia. Department of Peace and Conflict Research, Report No. 61. Uppsala. ¿ç 178:
38. Заявление Военного Совета Грузии // "Российская газета", 14.01.92 г.
39. Նույն տեղում // "Российская газета", 14.01.92 г.
40. Gamsakhurdia is deposed in a coup d’état and flees Georgia.// US Departament of State // http://2001-2009.state.gov/p/eur/rls/or/13517.htm
41. Скаков А. Ю., Внутриполитическая ситуация в Грузии, / Грузия: проблемы и перспективы развития, РИСИ, под редакцией Кожокина Е. М./, т. 2, М., 2002. էջ 265:
42. Леков Р. В., Политический процесс в Грузии: влияние Российской Федерации и США, Владикавказ 2009, ¿ç 79:
43. Գամսախուրդիան ապաստանել է Իջևանում //Ազգ. 08.01.1992 Ã.:
44. La France offre l'asile politique à Zviad Gamsakhourdia // Politique Internationale - La Revue n°104 – Printemps, 1992.
45. Жидков С. Бросок малой империи….էջ 254:
 

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ