ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 61
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լուսինե Բուշ
Օտար լեզուն 1-6-րդ դասարաններում

Մարթա Ասատրյան
Հայաստանի արգելոցները

Հասմիկ Ղազարյան
«Գրականություն» ուսումնական դասընթացի մի քանի խնդիրներ

Մարգարիտ Սարգսյան
Ինչո՞ւ մեդիա և ինչո՞ւ այդպես համառորեն...

Մեթոդական մշակումներ

Մարինե Մկրտչյան, Սոֆյա Գրիգորյան, Սաթենիկ Միրզոյան
Երաժշտության ոնկնդրում նախակրթարանում և կրտսեր դպրոցում

Թամար Ղահրամանյան
Ուսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Элеонора Эргнян
Лучший урок Smart Notebook

Նունե Մովսիսյան
Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել

Ելենա Սարգսյան
Գրական անկյուն

Արտակ Զարգարյան
Քաղաքացիական պատերազմի սկիզբը Վրաստանում

Ամելի Նոտոմբ
Թշնամու կոսմետիկան

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շշմելու ուսումնական աշուն

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Վահրամ Թոքմաջյան
Երբ կրթությունն ավելի ազատ է

Աշոտ Բլեյան
Աշուն է եկել մեր բակը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոֆյա Այվազյան
Ուսումնական օրացույցը ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքում

Սրբուհի Աղաբաբյան
Եզակի էլեկտրոնային միջավայր ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար

Գայանե Մխիթարյան, Թամարա Սահակյան
Ֆիզիկա` իրական և վիրտուալ փորձերի համադրումով

Գևորգ Հակոբյան
Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարգարիտ Հարությունյան
Համո Սահյան

Մերի Առաքելյան
Համերգների կազմակերպումը՝ որպես ուսումնական նախագիծ

Վահրամ Թոքմաջյան
«Ասպետ» ռազմամարզական ճամբարը որպես ակումբային գործունեության օրինակ

ԱՐՁԱԳԱՆՔ
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

Սկիզբը

Հոգեբանական դիտարկումների ուղեցույց

Աշխատանք: Նշեք, թե երբ է երեխան սկսում զբաղվել որևէ վարժությամբ բավականին երկար ժամանակահատված:
Ի՞նչ վարժություն է, և որքա՞ն երկար է նա աշխատում (վարժությունը կատարելու արագությունը, կրկնությունները):
Որոշակի վարժություն կատարելիս ցուցաբերած անհատական առանձնահատկությունները:
Նույն օրվա ընթացքում ի՞նչ վարժություններ է կատարում և ի՞նչ համառությամբ է աշխատում:
Եթե նա ունենում է ինքնակամ գործունեության փուլեր, քանի՞ օր են տևում այդ փուլերը:
Ինչպե՞ս է դրսևորվում երեխայի` առաջ գնալու ցանկությունը:
Լուրջ աշխատանքի համար ի՞նչ հերթականությամբ է նա վարժությունները ընտրում:
Եթե արտաքին պայմանները խանգարել ու շեղել են երեխային, նա նորից շարունակո՞ւմ է նույն աշխատանքը:
Նորից շարունակո՞ւմ է անել նույն աշխատանքը, եթե նրան ստիպողաբար կտրել էին աշխատանքից:

Վարք: Նշեք երեխայի գործողություններում կարգի առկայությունը կամ բացակայությունը:
Նրա առանց պատճառի արած գործողությունները:
Նշեք` փոխվո՞ւմ է երեխայի վարքը, երբ աշխատանքը դժվարանում է:
Նշեք` կարգավորված գործողությունների ձևավորման փուլում ունենո՞ւմ է ուրախության պոռթկումներ, հանգստի փուլեր, զգացմունքների արտահայտություններ:
Ի՞նչ մասնակցություն է ունենում երեխան ընկերների զարգացման գործում:

Ենթարկվելը: Նշեք` ենթարկվո՞ւմ է երեխան, երբ նրան կանչում են:
Նշեք` սկսո՞ւմ է երեխան գիտակցական մասնակցություն ունենալ (և երբ) ուրիշների աշխատանքներում:
Նշեք` ե՞րբ է կանչին ենթարկվելը դառնում մշտական:
Նշեք` ե՞րբ է հրահանգներին ենթարկվելը դառնում փաստ:
Նշեք` ե՞րբ է երեխան սիրով և ուրախությամբ ենթարկվում:
Նշեք` ըստ աստիճանի լսելու, ենթարկվելու տարբեր երևույթների հարաբերությունը.
ա) աշխատանքի զարգացման նկատմամբ,
б) Վարքի փոփոխության նկատմամբ:

Գլուխ IV. Ուսուցչուհու պատրաստումը

Երեխայի հոգեկան կյանքը դիտարկելու, նրա բնական հատկությունների զարգացմանը, փորձերի ազդակների արձագանքներին հետևելու հնարավորությունը դպրոցը վերափոխում է մարդու ուսումնասիրության հոգեգենետիկական լաբորատորիայի: Հնարավոր է, որ մոտ ապագայում դպրոցը հոգեբանների ամենակատարյալ փոձարարական կայանը դառնա:

Հնարավոր լավագույն ձևով այդպիսի դպրոցի նախապատրաստումը կնշանակի ոչ միայն ստեղծել «երեխաների դաստիարակության ավելի կատարյալ մեթոդ», այլև գիտության թարմացման համար նյութ հավաքել: Հայտնի է, որ լաբորատորիայում աշխատելու համար պահանջվում է դիտարկման նյութերի նախնական պատրաստում: Պարզ բջիջի շարժումը դիտարկելու համար պետք է առարկայական ապակի, հատուկ լուծույթ, որում բջիջները շարունակեն ապրել, պետք է բույսեր ունենալ և այլն: Դրա համար, այսպես կոչված, պրեպարատորի հատուկ մասնագիտություն գոյություն ունի: Դրանք պրոֆեսորի օգնականներ կամ ընթերականեր չեն, այլ հատուկ ծառայողներ, ավելի հաճախ լաբորատորիայի հին աշխատողներ, ովքեր մասնագետ-վարպետներ են դարձել:
Հիմա գիտական աշխատանքների կատարման ժամանակ «պրեպարատորները», համարյա միշտ գիտական աշխատողներն են կամ բարձրագույն կրթությամբ աշխատողներ: Իրականում նրանց աշխատանքը չափազանց պատասխանատու աշխատանք է. նրանք պետք է գիտելիքներ ունենան կենսաբանությունից, ֆիզիկայից, քիմիայից, և որքան նրանք լավ են պատրաստված, որքան նրանց պատրաստվածությունը մոտ է գիտնականի պատրաստվածությանը, այնքան ավելի արագորեն և ճշգրտորեն կարելի է նրանց նյութերի վրա աշխատելով գիտական եզրահանգումներ կատարել:
Եվ տարօրինակ է, որ բնանկարագրական բոլոր լաբորատորիաներից միայն «փորձարարական հոգեբանության» լաբորատորիան է համարում, որ կարելի է աշխատել առանց դիտարկման սուբյեկտների նախնական պատրաստումը կազմակերպելու: Եթե հոգեբանի հետ «պրեպարատորի» աշխատանքի կազմակերպման մասին խոսես, նա դա կհասկանա որպես փորձերին սարքերի նախապատրաստում այնպես, ինչպես ֆիզիկական լաբորատորիայում է կատարվում:

Հոգեբանի կողմից դեռ գիտակցված չէ կենդանի էակի նախապատրաստման անհրաժեշտությունը, ում մոտ պետք է որոշակի երևույթներ դիտարկվեն. եթե բջջի կամ միկրոբի դիտարկման համար գիտնականը «պրեպարատորի» կարիք ունի, ապա որքան կարևոր է այդպիսի «պրեպարատոր» ունենալը, երբ գործը մարդու նկատմամբ դիտարկումներ իրականացնելուն է վերաբերում: Երևում է, որ հոգեբանները համարում են, թե կարող են իրենց դիտարկումների սուբյեկտներին նախապատրաստել` գրավելով նրանց ուշադրությունը խոսքի միջոցով, կարող են բացատրել, թե նրանք ինչպես վարվեն, որպեսզի փորձը համապատասխան արդյունք տա. առաջին պատահած մարդը, լաբորատորիայի առաջին այցելուն նրանց բավարարում է: Կարճ ասած, ժամանակակից հոգեբանը գործում է երեխայի նման, ով բռնում է թիթեռը, մի պահ նայում ու բաց թողնում. նա ոչնչով նման չէ կենսաբանի, բնախույզի, ով առաջին հերթին հոգ է տանում այն մասին, որ լաբորատորիայում դիտարկման համար ամեն ինչ մանրակրկիտ նախապատրաստված լինի:

Մեր փորձերում հոգեբանական զարգացման պատկերը, եթե նույնիսկ ամբողջականությամբ աչքի չի ընկնում, ցույց է տալիս, թե որքան նրբանկատ, զգույշ պետք է լինել երեխային զարգացման միջոցներ տրամադրելիս և, ինչն ավելի կարևոր է, պետք է հարգել նրա ազատությունը: Այդ պայմանները վերին աստիճանի կարևոր են, որպեսզի հոգեկան երևույթները իսկապես տեղի ունենան և իրական «դիտարկման նյութ» հանդիսանան: Այս ամենը պահանջում է հատուկ պայմաններ և պատրաստված աշխատակազմ, որոնք միասին մեկ ամբողջություն են կազմում` շատ ավելի բարդ ու կազմակերպված, քան սովորական բնախույզի լաբորատորիան: Այդպիսի «լաբորատորիա» կարող է լինել միայն կատարյալ, գիտական հիմքերի վրա կազմակերպված դպրոցը, որտեղ ուսուցիչը նոր տեսակի «պրեպարատոր» է, այսինքն` գիտական աշխատող:

Իհարկե, ոչ բոլոր դպրոցներին կհաջողվի հասնել այդպիսի գիտական կատարելության: Այնուամենայնիվ, անկասկած է, որ դպրոցի և ուսուցչի խնդիրը փորձարարական գիտության ճանապարհով գնալն է: Պահպանել երեխաների հոգեկան կյանքը, կնշանակի նրանց տալ զարգացման միջոցներ և ապրելու ազատություն. սա պետք է լինի նոր սերնդի երեխաների «բնական իրավունքը»: Որպես փիլիսոփայական և սոցիալական հայեցակարգ, այդ իրավունքը պետք է փոխի ներկա վիճակը, որը միայն մի բան գիտի` «ուսուցում մատուցելու պարտականությունը», պարտականություն, որը ոչ միայն ծանր բեռի պես ընկած է պետական բյուջեի, այլև աճող սերնդի ուժերի և առողջության վրա: Եթե ժողովրդական դպրոցում երեխաների հոգեկան դրսևորումները հոգեբանության` որպես գիտություն, ընդհանրացման համար նյութ չեն տալու, ապա նրանք դառնում են ինքնանպատակ, ինչպես, օրինակ, ինքնանպատակ է բնության գեղեցկությունը:

Համենայն դեպս, նոր դպրոցները չպետք է ստեղծվեն գիտության կարիքների համար, նրանց նպատակը մարդկության սպասարկումն է: Թող ուսուցիչը ուրախությամբ հետևի բողբոջող կյանքին և վայելի երեխայի հոգու հետ շփումը, չնայած ինքն անձամբ ոչ մի բան էլ չի ներդրել գիտության մեջ: Անկասկած է, որ դաստիարակման իմ մեթոդի դեպքում դաստիարակչուհու անձն ու հասարակական վիճակն էլ նոր զարգացում կունենան:

Արդեն մեր առաջին, դեռ ոչ ամբողջապես կազմակերպված փորձերը բացահայտեցին ուսուցչի նոր տեսակը. մեր տնօրենը (ուսուցչուհին) լռակյաց է, գիտելիքներ չի հաղորդում, այլ դիտարկումներ է անում. նա դադարել է անսխալական լինելուց, համեստությունը, հնազանդությունը նրա առաքինություններն են:

Այս հեղաշրջումը հիշեցնում է, թե ինչի պետք է հասնի համալսարանական պրոֆեսորը, երբ սկսեցին դեր ունենալ դրական գիտությունները: Բարձրում բազմած, ինչպես գահին, իր պատմուճանով, ճշմարտությունները այնպիսի անվիճարկելիությամբ հաղորդող ( լսողները պետք է ոչ միայն հավատային նրա ամեն ասածին, այլև երդվեին «in verrba magistri») հին ժամանակների պատվարժան պրոֆեսորը որքա~ն հեռու է ժամանակակից պրոֆեսորից` իր հագուստի և դասավանդման պարզությամբ:

Սովորողները գիտեն, որ իրենց առաջ գնալու ամենամեծ շարժումը սկսվում է այն պահից, երբ իրենք կարողանում են «ստուգել» պրոֆեսորի առաջ քաշած դրույթների ճշմարտացիությունը կամ իրենց աշխատանքով գիտության առաջխաղացմանն են նպաստում, դասվում են այն մարդկանց շարքում, ովքեր ներդրում են ունեցել գիտության մեջ կամ նոր ճշմարտություննե են բացահայտել:
Այդ դպրոցներում ժամանակին իշխող մեծարանքը և պաշտոնակարգությունը իրենց տեղը զիջել են ուսումնասիրության ընթացքում սպասվող քիմիական, ֆիզիկական կամ այլ բնագիտական երևույթների նկատմամբ հետաքրքրությանը, և դրա առաջ ամեն ինչ անցնում է ետին պլան: Լսարանի ամբողջ կազմակերպումը ծառայում է այս նոր նպատակին. եթե որոշակի երևույթի ուսումնասիրությունը լույս է պահանջում, ուրեմն բոլոր պատերը ապակեպատ են լինում, եթե մթություն է անհրաժեշտ, լսարանը այնպես է կազմակերպվում, որ այն կարելի է դարձնել camera obscura: Միայն մի բան է կարևոր` սպասվող երևութը պետք է տեղի ունենա. վատ հոտ լինի, անուշահոտություն, էլեկտրական կայծ, գորտի մկանի կծկում, Հելմհոլցի ռեզոնատորների ուսումնասիրություն և այլն:

Գիտության առջև բոլորը հավասար են, և ամեն ինչ մտնում է նրա փորձերի մեջ: Մի կրքոտ ամենակուլ ձգտում կա` ճշմարտության հաստատման ձգտումը: Եվ նոր սերունդը գիտությունից հենց սա է պահանջում, այլ ոչ թե տարբեր ճարտասանական մեթոդներ, գեղեցիկ շարժումներ և դասավանդողի այլ նմանատիպ օգնական հնարքներ, որոնցով նա ձգտում է ուշադրություն գրավել:
Հիմա մեր երիտասարդությունը ավելի շատ ոգևորվածություն է ցուցաբերում գիտելիքի նկատմամբ, քան արտաքինի, և հաճախ լսարանից դուրս է գալիս, առանց հիշելու ո´չ պրոֆեսոր ձայնը, ո´չ էլ շարժումները:

Սա չի նշանակում, թե հիմա չեն հարգում և սիրում իրենց ուսուցչին: Ուղղակի ժամանակակից ուսանողի հարգանքը քաթանե վերնաշապիկը հագին՝ իրենց կողքին կանգնած մեծ գիտնականի և մարդկության բարերարի նկատմամբ շատ է տարբերվում նախկին` կեղծամ կրող և հատուկ պատմուճան հագած պրոֆեսորի նկատմամաբ ծաղրանքի հետ խառնված վախից:

Ուսուցչուհու և դպրոցի բարեփոխումը պետք է ընթանա հենց այս ճանապարհով: Երբ դպրոցում ամեն ինչ կենտրոնանում է հիմնարար փաստերի շուրջը, և այդպիսին են երեխաների բնական դրսևորումները, դպրոցը մտնում է գիտության ուղեծրի մեջ։

Այդ ժամանակ էլ հենց ուսուցչուհու մոտ պետք է երևան այն գծերը, որոնք անհրաժեշտ են գիտական աշխատանք կատարելու համար:

Գիտության մշակները, անկախ իրենց գիտական աշխատանքի բովանդակությունից, ունեն նմանության գծեր: Կենդանաբանները, ֆիզիկոսները, քիմիկոսները, աստղագետները, բուսաբանները, չնայած իրենց գիտելիքների բովանդակությամբ բոլորովին տարբեր են, բայց բոլորը դրական գիտության ներկայացուցիչներ են և անցյալի մետաֆիզիկոսներից տարբերվում են ընդհանուր բնութագրական հատկանիշներով: Այս գծերը կապված են, ոչ թե գիտական աշխատանքի բովանդակության, այլ մեթոդի հետ: Եթե մանկավարժությունը ձգտում է տեղ գրավել դրական գիտությունների շարքում, ապա պետք է ընդունի նրանց մեթոդը: Եվ ուսուցչուհին էլ պետք է պատրաստվի ոչ թե բովանդակության միջոցով, այլ մեթոդի:

Մանկավարժի բնորոշ հատկությունը ավելի շուտ պետք է որակը լինի, այլ ոչ թե բարեկրթության որոշակի մակարդակը: Հիմնական որակը «դիտարկելու» կարողությունն է: Այս որակը այնքան կարևոր է, որ դրական գիտությունները անվանում են նաև «դիտարկելի գիտություններ», եզր (տերմին), որը հիմա գիտելիքի այն բնագավառների համար, որտեղ դիտարկումը միավորվում է փորձի հետ, փոխարինվել է «փորձարարական գիտություններով»:

Հիմա պարզ է, որ գիտելիքներ և արտաքին զգայարաններ ունենալը բավարար չեն մարդուն դիտարկող դարձնելու համար. դա մի տեսակ ունակություն է, սովորություն, որը զարգանում է փորձով: Երբ անփորձ մարդուն աստղադիտակով աստղային երկնքի ինչ-որ երևույթ են ցույց տալիս, կամ մանրադիտակով` բջիջներ, ապա ինչքան էլ նրան փորձեն բացատրել, թե ինչ պետք է տեսնի, նա չի տեսնի:

Քաջ հայտնի է, որ երբ ինչ-որ նոր բան ցանկանում են հասկանալի դարձնել լայն շրջաններին, հարկ է լինում նշել նրա առավել ցայտուն կողմերը: Անտեղյակները չեն կարող հասկանալ մանրուքները, որոնք էլ հենց հայտնագործության էությունն են: Եվ դա այն պատճառով, որ նրանք դիտարկել չեն կարողանում:

Դիտարկել կարողանալու համար պետք է դրան «պատրաստված» լինել, սա է գիտություն տանող իսկական ճանապարհը. քանի որ եթե չեն նկատում երևույթը, դա նույնն է, որ կարծես երևույթը գոյություն էլ չունի. գիտնականի հոգին ամբողջովին տարված է տեսածի նկատմամբ խիստ հետաքրքրությամբ: Նա, ով «պատրաստված» է «տեսնելու» սկսում է հետաքրքրություն ցուցաբերել երևույթի նկատմամբ, այդ հետաքրքրությունն էլ դառնում է գիտական հետազոտության շարժիչ ուժը, կերտում է գիտական աշխատողին: Ինչպես փոքր երեխայի համար է «ես»-ը ձևավորող ներքին կողմնորոշումը կարծես բյուրեղացման կենտրոն դառնում, որի շուրջը ձևավորվում է նրա ներքին հոգեկան ամբողջ բովանդակությունը, այդպես էլ ուսուցչուհու` դիտարկվող երևույթի նկատմամբ հետաքրքրությունը յուրօրինակ կենտրոն է ծառայում անհատի ինքնակամ կազմակերպման համար:
Դիտարկելու կարողությունը մարդու մեջ ենթադրում է նաև ուրիշ, թեկուզ պակաս կարևոր, հատկությունների առկայություն, օրինակ` համբերություն: Չպատրաստված մարդը գիտնականի համեմատ ոչ միայն «կույր» է և չի տեսնում ո´չ սովորական, ո´չ զինված աչքով, նաև անհամբեր է: Եթե աստղագետը դեռ աստղադիտակը ֆոկուսի չի բերել, անտեղյակ մարդը չի համբերի, մինչև ամեն ինչ կարգավորվի: Գիտական աշխատողը ամբողջ նախապատրաստական աշխատանքը կատարում է առանց ուշադրություն դարձնելու, որ դա երկարատև, քրտնաջան պրոցես է, իսկ գործից անտեղյակ մարդը կնյարդայնանա, կհամարի, որ իզուր ժամանակ է վատնում:

Իրականում հարցը ոչ թե ժամանակի սղությունն է, այլ այն, որ նա համբերություն չունի:

Համբերություն չունեցող մարդը չի կարող իրապես գնահատել այն, ինչը տեսնում է. նրան հասկանալի են միայն սեփական ազդակները և իր ինքնաբավարարվածությունը: Նա միայն սեփական ակտիվությամբ է հաշվարկում ժամանակը: Այն, ինչ նրան բավարարվածություն է պատճառում, ոչ մի օբյեկտիվ արժեք կարող է չունենալ, բայց դա ոչ մի դեր չունի. նրա համար կարևոր է այն, ինչը իրեն բավարարվածություն է պատճառում: Եվ, եթե ինքը բավարարված է, ապա ոչ մի հարց չկա ժամանակի կորուստի մասին: Եվ հակառակը` նա չի հանդուրժում և ժամանակի կորուստ է համարում սեփական նյարդային լարվածությունը, սպասումի, հապաղման պահերը, եթե իր ակնկալած արդյունքն անմիջապես չի ստացվում: Իզուր չէ, որ կա իտալական ժողովրդական ասացվածք` aspettare e non venire e una cossa da morire (մահացու բան է սպասելը նրան, ինչը տեղի չի ունենում): Այս անհամբեր մարդիկ շատ նման են դատարկաբաններին, որոնք անմիջապես անհետանում են, երբ իսկական աշխատանքը սկսվում է: 

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ