ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 62
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Յուրա Գանջալյան
Անգլերենի ուսուցումը միջին դպրոցում

Жанна Акопян
Социальные сети и блоги как инструмент изучения русского языка.

Մեթոդական մշակումներ

Արմինե Մնացականյան
«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Արմինե Ղազարյան
Աստղացուցարան-ուսումնական կաբինետ

Լուսինե Բուշ
Կրթահամալիրի տոնացույցով որոշված միջոցառումներին օտար լեզվի ընտրությամբ խմբի մասնագիտական մասնակցությունը

Շուշան Ազատյան
Անգլիախոսների ակումբ

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Ուզում եմ ձեզ պատմել...

Հասմիկ Նալբանդյան
Շարք «Ֆիզիկոս-աստղագետ» ակումբի համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

Նաիրա Դալուզյան
Թումանյանական օրեր. «Իմացումի հրճվանք»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Աշոտ Բլեյան
Շնորհավորում եմ. կրթահամալիրը ներկայացնում եք «DigiTec Expo 2012»-ում

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Նաիրա Նիկողոսյան
Մասնագիտական զարգացման մասին

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարի Գաբանյան
«Դասարան անիվների վրա»

ԱՐՁԱԳԱՆՔ
Մակտուբ

«Մակտուբ» նշանակում է «Սա գրված է»: Արաբներն անհանգստանում են, որ «Սա գրված է» - ն այնքան էլ ճիշտ թարգմանություն չէ, քանզի չնայած ամեն ինչ իսկապես գրված է, Աստված, այնուամենայնիվ, կարեկցում է և գրում է սա միայն նրա համար, որ օգնի մեզ:

Ճանապարհորդը Նյու-Յորքում էր: Նա քնել - մնացել էր և ուշացել էր նշանակված հանդիպումից, իսկ երբ հեռանում էր հյուրանոցից, նկատեց, որ իր մեքենան ոստիկանությունը կայանատեղի է տարել: Արդյունքում նա չափազանց ուշացումով ներկայացավ հանդիպմանը, ճաշը անհրաժեշտից երկար ձգվեց, և նա շարունակ մտածում էր տուգանքի մասին, որ պիտի վճարեր: Դա հատուցում էր հաջողության համար: Հանկարծ հիշեց այն դոլլարանոցի մասին, որ երեկ գտել էր փողոցում: Նա մի տարօրինակ կապ տեսավ դոլլարի և այսօր առավոտյան իր հետ կատարված իրադարձությունների միջև: «Ո՞վ գիտե, միգուցե ես գտել եմ այդ փողը այն մարդուց առաջ, ով հույս ուներ գտնելու այն: Միգուցե ես թռցրել եմ այդ դոլլարը նրա ճանապարհից, ով իրոք ուներ դրա կարիքը: Ո՞վ գիտե, գուցե ես խախտել եմ այն, ինչ ի վերուստ գրված էր»: Նա զգաց, որ պիտի ազատվի այդ դոլլարից և այդ պահին մայթեզրին նստած մի մուրացկան տեսավ: Արագորեն դոլլարը դրեց նրա ձեռքի մեջ և զգաց, որ ինքը վերականգնեց իրերի հավասարակշռությունը: «Մի րոպե»,- ասաց մուրացկանը: «Ես ողորմություն չեմ խնդրում: Ես պոետ եմ և ուզում եմ որպես փոխհատուցում բանաստեղծություն ընթերցել»: «Լավ, մի կարճ բան կարդացեք, որովհետև ես շտապում եմ»,- ասաց ճանապարհորդը: Մուրացկանն ասաց. «Եթե դու դեռ ապրում ես, ապա միայն նրա համար, որ դեռ չես հասել այն տեղը, ուր պիտի հասնես»:

Մտածի՛ր թրթուրի մասին: Նա իր կյանքի մեծագույն մասն անցկացնում է գետնի վրա` նախանձելով թռչուններին և սրտմտելով իր ճակատագրի ու արտաքին տեսքի համար: «Բոլոր արարածների մեջ ես ամենադժբախտն եմ», - մտածում է նա: «Անճոռնի, վանող ու դատապարտելի է սողալ գետնի վրա»: Մի անգամ, այնուամենայնիվ, Մայր Բնությունը խնդրեց թրթուրին բոժոժ սարքել: Թրթուրն ապշեց. նա մինչ այդ երբեք բոժոժ չէր արել: Նա մտածեց, որ իր համար գերեզման կշինի և կպատրաստվի մեռնելու: Չնայած մինչ այդ պահն իր ապրած կյանքում դժբախտ էր , այնուամենայնիվ, նա բողոքեց Աստծուն. «Հենց ես սովորեցի իրերի այսպիսի դրությանը, ա՛յ Աստված, դու խլում ես ինձնից նաև այն չնչինը, որ ունեմ»: Հուսահատության մեջ նա վերափոխվեց բոժոժի և սկսեց սպասել վերջին: Մի քանի օր անց թրթուրտեսավ, որ վերածվել է մի գեղեցիկ թիթեռի: Նա ընդունակ էր դարձել թռչելու երկնքում և արտակարգ հիացած էր դրանով: Նա զարմացած էր և՛ կյանքի , և՛ Աստծո մտահաղացման վրա:

Ճանապարհորդը դիմեց Սցետի եկեղեցու վանահորը: «Ես ուզում եմ իմ կյանքն ավելի լավը դարձնել», -ասաց նա: «Բայց ես չեմ կարողանում ինձ հեռու պահել մեղավոր մտքերից»: Եկեղեցու վանահայրը ուշադրությունը դարձրեց դրսից փչող ուժեղ քամուն և ասաց ճամփորդին. «Այստեղ մի քիչ շոգ է: Ես ցնցված կլինեմ, եթե դու դրսից մի կտոր քամի բռնես ու բերես այստեղ` սենյակը հովացնելու համար»: «Դա անհնար է», - պատասխանեց ճանապարհորդը: «Այդպես էլ անհնար է հեռու պահել քեզ այն մտքերից, որ հակառակ է Աստծուն», - պատասխանեց վանականը: «Բայց եթե դու գիտես ինչպես մերժել գայթակղությունները, ապա դրանք քեզ ոչ մի վնաս չեն պատճառի»:

Ուսուցիչն ասաց. «Եթե որոշումը պետք է ընդունվի, ավելի լավ է կայացնել այն ու գործ ունենալ հետևանքների հետ: Դու նախապես չես կարող իմանալ` ինչպիսին կլինեն հետևանքները: Գուշակության արվեստը մշակվել է, որպեսզի մարդուն խորհուրդ տրվի, այլ ոչ թե նրա համար, որ ապագան գուշակեն: Այն լավ խորհուրդներ, բայց վատ կանխագուշակություններ է տալիս: Իր աղոթքներից մեկում Հիսուսը սովորեցնում է մեզ` ասելով` Աստված կիրագործի: Երբ Նա խնդիր է դնում, Նա տալիս է նաև լուծումը: Եթե գուշակությունը ընդունակ լիներ կանխագուշակելու ապագան, ամեն գուշակող կլիներ հարուստ, ամուսնացած և բավարարված»:

Աշակերտը եկավ իր ուսուցչի մոտ ու ասաց. «Ես բավականին երկար եմ փնտրել լույսը: Ես զգում եմ, որ մոտ եմ դրան հասնելուն: Ես պետք է իմանամ` որն է լինելու հաջորդ էտապը»: «Իսկ դու ինչպե՞ս ես սատարել քեզ», - հարցրեց ուսուցիչը: «Ես դեռ չգիտեմ` ինչպես պիտիսատարեմ ինձ, իմ ծնողներն են օգնել: Բայց դա չնչին բան է»: «Քո հաջորդ քայլը կես րոպե շարունակ ուղիղ արևին նայելն է», ասաց ուսուցիչը: Աշակերտը ենթարկվեց: Երբ կես րոպեն անցավ, ուսուցիչը խնդրեց նրան նկարագրել այն տարածությունը, որ շրջապատում է նրան: «Ես ոչինչ չեմ տեսնում: Արեգակը խաթարել է իմ տեսողությունը», - պատասխանեց աշակերտը: «Այն մարդը, որ փնտրում է միայն լույսը` խույս տալով պարտականություններից, երբեք պայծառացումը չի գտնի: Եվ նա, ով ուղիղ Արեգակին է նայում, վերջիվերջո կուրանում է»,- բացատրեց ուսուցիչը:

Մի մարդ գնում էր Պիրենեյան հովտով, երբ հանդիպեց մի ծեր հովվի: Նա իր հացը կիսեց հովվի հետ, և երկար ժամանակ միասին նստել ու զրուցում էին կյանքի մասին: Մարդն ասաց, որ եթե որևէ մեկը հավատում է Աստծուն, նա պետք է նաև հասկանա, որ ինքը ազատ չէ, քանի որ Աստված կառավարում է նրա ամեն մի քայլը: Դրան ի պատասխան հովիվը նրան բերեց մի կիրճ, որտեղ նա կատարյալ մաքրությամբ կարող էր լսել յուրաքանչյուր հնչյունի արձագանքը: «Կյանքը այս պատերն են, իսկ ճակատագիրն այն ճիչն է, որ մեզանից ամեն մեկը ձայնում է»,- ասաց հովիվը: «Այն, ինչ մենք անում ենք, արտացոլվում է Նրա սրտում, և վերադառնում մեզ միևնույն տեսքով»: «Աստված մեր սեփական գործերի արձագանքն է»:

Ուսուցիչն ասաց. «Երբ մենք զգում ենք, որ եկել է փոփոխությունների ժամանակը, մենք ենթագիտակցորեն սկսում ենք ժապավենը հետ տալ, որպեսզի մի անգամ ևս դիտենք մեր այն բոլոր պարտությունները, որ ունեցել ենք մինչ այդ: Եվ, իհարկե, տարիքի հետ մեր դժվարությունների քանակն ավելանում է: Բայց և միևնույն ժամանակ փորձառությունը մեզ հնարավորություն է տալիս լավագույնս հաղթահարելու այդ պարտությունները և գտնելու ուղիներ, որոնք մեզ թույլ են տալիս առաջ գնալու: Այսկերպ մենք պետք է նայենք նաև մեր երկրորդ ժապավենը մեր մտավոր տեսամագնիտոֆոնի վրա: Եթե մենք նայում ենք միայն մեր պարտությունների ժապավենը, կաթվածահար ենք լինում: Իսկ եթե նայում ենք միայն մեր հաջողությունների ժապավենը, ապա սկսում ենք մտածել, որ ավելի իմաստուն ենք, քան կանք իրականում: Մեզ երկու ժապավեններն էլ պետք են»:

Աշակերտն ասաց ուսուցչին. «Ես օրվա մեծ մասը վատնել եմ` մտածելով այնպիսին բաների մասին, որոնց մասին չպետք է մտածեմ, ցանկանալով այնպիսի բաներ, որոնք չպիտի ցանկանամ և ծրագրելով բաներ, որոնք չպիտի ծրագրեմ»: Ուսուցիչը աշակերտին հրավիրեց իր տան հետևում գտնվող անտառը` զբոսանքի: Ճանապարհին նա աշակերտի ուշադրությունը հրավիրեց մի բույսի վրա, և հարցրեց նրան, թե գիտե արդյոք բույսի անունը: «Բելլադոննա է»,- պատասխանեց աշակերտը: «Այն կարող է սպանել յուրաքանչյուրին, ով կփորձի ուտել նրա տերևներից»: «Բայց այն չի կարող սպանել նրան, ով պարզապես կնայի », - ասաց ուսուցիչը: «Այդպես էլ, բացասական ցանկությունները չեն կարող ոչ մի վտանգ առաջացնել, եթե դու թույլ չտաս նրանց` քեզ գայթակղելու»:

Ֆրանսիայի և Իսպանիայի արանքում մի լեռնաշղթա կա: Լեռներից մեկի վրա կա մի գյուղ` Արգելես անունով, իսկ գյուղում` դեպի դաշտը տանող ճանապարհին` մի բլուր: Ամեն կեսօրի մի ծերունի բարձրանում է բլուրը և իջնում: Երբ ճանապարհորդն առաջին անգամ եկավ Արգելես, նա անտեղյակ էր դրան: Երկրորդ այցելության ժամանակ նա ուշադրություն դարձրեց, որ իր ճանապարհը խաչվում է այդ նույն մարդու հետ: Եվ ամեն անգամ, երբ նա գնում էր գյուղ, ընկալում էր մարդուն, ավելի շատ որպես նրա հագուստը, նրա գլխարկը, նրա ձեռնափայտը, նրա ակնոցը: Հիմա ամեն անգամ, երբ նա մտածում է այդ գյուղի մասին, նա մտածում է ծերունու մասին, չնայած գաղափար չունի նրա գոյության մասին: Միայն մի անգամ էր ճամփորդը խոսել այդ մարդու հետ: Կատակով նա ասել էր ծերունուն. «Դուք կարծում եք, թե Աստված ապրում է մեզ շրջապատող այս գեղեցիկ լեռներո՞ւմ»: «Աստված ապրում է այն տեղերում, որոնք թույլ են տալիս Նրան այդտեղ լինել» - ասել էր ծերունին:

Ուսուցիչը մի գիշեր անցկացրեց իր աշակերտների հետ և ասաց նրանց, որ խարույկ վառեն, որպեսզի կարողանան նստել ու զրուցել: «Հոգևոր զարգացման ուղին նման է մեր առջև վառվող այս կրակին» - ասաց նա: «Եթե մարդ ուզում է կրակ վառել, ապա տհաճ ծխի հետ գործ պիտի ունենա, որը կդժվարացնի նրա շնչառությունը և արցունքներ կառաջացնի նրա աչքերում: Այսպես արթնանում է նրա հավատը: Այնուամենայնիվ, հենց որ կրակը բռնկվում է, ծուխն անհետանում է, և կրակն ամեն ինչ լուսավորում է նրա շուրջը` ապահովելով ջերմություն ու հարմարավետություն»: «Իսկ ինչ կլինի, որ ինչ-որ մեկը նրա համար վառի կրակը», - հարցրեց աշակերտներից մեկը: «Իսկ եթե ինչ–որ մեկը օգնի մեզ ծխից խուսափել»: «Եթե ինչ-որ մեկը դա անի, նա կեղծ ուսուցիչ է: Ուսուցիչն ընդունակ է որտեղ ասես կրակ ստանալու, կամ մարելու այն ամեն անգամ, երբ կուզենա այդպես վարվել: Ու քանի որ նա ոչ ոքի չի սովորեցրել կրակ վառել, ամենայն հավանականությամբ նա ամեն ինչ կթողնի մթության մեջ»:

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը
Սրբագրեց-խմբագրեց Հասմիկ Ղազարյանը
 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Տիգրան | 2012-11-27 22:52:41
Շնորհակալություն թարգմանության համար, շատ դասեր կարելի էր քաղել՝ կարդալով սա...
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ