ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 63
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն [1]

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
Դասի արդյունավետության մասին

Լուսինե Ալեքսանյան
Սոցիալական ցանցը` որպես սոցիալական աշխատողի արդյունավետ գործիք

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Պատմություններ մտորումների համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ներկայացնում է Գևորգ Հակոբյանը
Սերգեյ Կապիցա

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Մխիթար Աբբահոր մեծ առաքելությունը

Յուրա Գանջալյան
Մարկ Բրեյի գիրքը. դիմակայում ստվերային կրթության համակարգին
Մարկ Բրեյի գիրքը. դիմակայում ստվերային կրթության համակարգին

Մինչև Մարկ Բրեյի գիրքը կարդալը ես սխալմամբ կարծում էի, թե հայ ծնողներն ամենաուսումնատենչն են, ամենաուշադիրն ու հոգատարն են, երբ հարցը վերաբերում է իրենց երեխաների կրթությանը: Ես այդպես էի կարծում, որովհետև միշտ էլ լսել էի, որ հայ մարդն ամեն ինչ կանի, իր վերջին դրամը կներդնի իր զավակին լավ կրթություն տալու համար, և գոնե այդ հարցում շահեկանորեն տարբերվում ենք բոլոր այլ ազգերից: Այդպես էի կարծում, որովհետև այս նուրբ թեմայով տեղեկատվությունը դրսի աշխարհի մասին միշտ էլ շատ սահմանափակ է եղել: Տեղեկատվությունը սահմանափակ է եղել, որովհետև կրկնուսուցման լուրջ ուսումնասիրություններ չեն եղել, և արդյունքներն էլ չեն հրապարակվել: Երբ անցյալ տարի մեր կրթահամալիրի խաղարկային դատարանն այս հարցն էր քննարկում, ես մի փոքրիկ հետազոտություն կատարեցի համացանցում (Դպիր 38)` հիմնականում հետաքրքրվելով միայն աշխարհի զարգացած երկրներով` Ճապոնիա, Գերմանիա, Ֆինլանդիա, Ավստրալիա: Պարզեցի, որ միայն Ֆինլանդիայում և Գերմանիայում է գրեթե բացակայում կրկնուսույցի գործառույթը, քանի որ այս երկրներում դպրոցական ֆորմալ կրթության համար ահռելի ֆինանսական միջոցներ են ներդրվում պետության կողմից: Բավական է ասել, որ Ֆինլանդիան ունի 5,4 մլն բնակիչ և միայն հիմնական կրթության վրա ծախսում է 5,9 մլրդ եվրո: Իմ հոդվածի վերջում ես եկել էի այն եզրակացության, որ քանի դեռ մեր պետությունը չի կարողանում դպրոցական ֆորմալ հանրակրթությամբ որակ ապահովել, ծնողները ստիպված են դիմելու կրկնուսույցներին: Չի կարելի կրթության հիմնական պատվիրատուին մեղադրել այն բանի համար, որ ուզում են իրենց միջոցներով ծածկել հանրակրթության մեջ առկա սպիտակ բծերը, և առնվազն անհիմն են ՀՀ ԿԳ նախարարի` բազմիցս կրկնուսուցման հասցեին ուղղած որակումները` որպես «արատավոր երևույթ»: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ այս երևույթը կա սկսած կրթական տարրական աստիճանից, որտեղ կրկնուսույցի գործառույթն ամենածավալուն ընդգրկումն ունի, մինչև ավագ դպրոցը, և դա չեն համարում մոլախոտ, որը պետք է արմատախիլ անել: Ընդհակառակը` ուսումնասիրվում են տվյալ երկրում կրկնուսուցմանը դիմելու դրդապատճառները, վեր են հանում հանրակրթական դպրոցներում առկա թերությունները, ուսումնասիրվում են անհատական մոտեցման` կրկնուսույցների առաջավոր փորձը և աշխատում են այն որքան հնարավոր է ներդնել հանրակրթությունում:

Այս առումով աննախադեպ է Հոնգ Կոնգի համալսարանի պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համեմատական կրթության Կենտրոնի տնօրեն Մարկ Բրեյի գիրքը “Confronting the Shadow Education System: What Government Policies for What Private Tutoring?” UNESCO 2009, որի հայերեն թարգմանության` «Դիմակայում ստվերային կրթության համակարգին. ինչպիսի՞ պետական քաղաքականություն կրկնուսուցման յուրաքանչյուր դեպքում» գրքի շնորհանդեսը եղավ 2012թ հոկտեմբերի 19-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանում:

Մարկ Բրեյի գրքի ամենամեծ արժեքն այն է, որ կրկնուսուցմանը չի վերաբերում որպես մի մոլախոտի, որը պետք է արմատախիլ անել: Ըստ Մարկ Բրեյի գրքի տեղեկատվության` Չինաստանի տարրական դպրոցների սովորողների 73,8, միջին դպրոցի սովորողների 65,6 և ավագ դպրոցի սովորողների 53,5 տոկոսը ստանում է կրկնուսուցում: Հնդկաստանում միջին դպրոցում սովորողների 32%-ը և ավագ դպրոցներում սովորողների մոտ 50%-ը դիմում են կրկնուսույցների ծառայությանը: Գրքում տեղեկություններ կան նաև մեր հարևան Վրաստանի և Ադրբեջանի մասին: Այս երկրներում կրկնուսույցի ծառայությանն է դիմում սովորողների համապատասխանաբար 81,2 և 95%-ը: Մոտավորապես նույն պատկերն է նաև այլ ասիական և աֆրիկյան զարգացած և զարգացող երկրներում: Օրինակ, Ճապոնիայում ստվերային ոչ ֆորմալ կրթությունը երկար պատմություն ունի և արդեն ակնառու չափերի է հասել: Գրքում տրված են մասնավոր ոչ ֆորմալ կրթության դրական և բացասական կողմերը: Որպես ամենակարևոր դրական կողմ նշված է այն, որ մասնավոր կրթությունը աշակերտներին օգնում է սովորել և դրանով հզորացնում է մարդկային կապիտալը, ինչը կարող է իր հերթին նպաստել երկրի տնտեսական զարգացմանը: Որպես օրինակ` կարող ենք բերել արևելքի տնտեսապես գերզարգացած Հարավային Կորեան, որտեղ սովորողների 88%-ը ստանում է կրկնուսուցում:

Գրքում նշվում է, որ կրկնուսուցումը ունի նաև լուրջ բացասական կողմեր. Պահպանում է, ավելի է խորացնում սոցիալական, տնտեսական անհավասարությունները: Կրկնուսուցումը կարող է նաև գերիշխողը լինել երեխայի կյանքում` սահմանափակելով նրա ազատ ժամանակը և հոգսաշատ դարձնելով նրանց ուրախ մանկությունը: Այն կարող է որոշ դեպքերում դիտվել նաև որպես կոռուպցիայի մի ձև:

Հեղինակը առաջին անգամ հրապարակել է նաև կրկնուսուցման ժամանակակից տարբեր դրսևորումները` առկա անհատական` սովորող-կրկնուսույց հարաբերություններ, կրկնուսույց-սովորողների խումբ, հեռավար` ինտերնետի միջոցով, skype համակարգով:

Կրկնուսուցման դրդապատճառների ուսումնասիրությունը նույնպես շատ հետաքրքիր է ներկայացված: Օրինակ, ասվում է, որ նախկին Խորհրդային երկրների ուսուցիչները կրկնուսուցումը դիտում են որպես իրենց ոչ բավարար եկամուտը լրացնելու միջոց: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Հարավային Կորեայում և Ճապոնիայում, որտեղ ուսուցիչների աշխատավարձը շատ բարձր է, ուսուցիչները կրկնուսուցումը դիտում են որպես իրենց երկրի ապագան կերտելու միջոց: Այս համեմատությունը շատ նման է Եզոպոսի հայտնի առակին, երբ մի անգամ մի անցորդ հարցնում է շինարարության մի սևագործ բանվորի, թե արդյոք նա ի՞նչ է անում: Այդ սևագործ բանվորն ասում է, որ քար է տեղափոխում` օրվա հացը վաստակելու համար, իսկ մեկ այլ բանվոր պատասխանում է, որ օգնում է տաճարը կառուցելու:

Տարբեր երկրների կառավարությունները միշտ էլ տարբեր միջոցներ են ձեռնարկել դիմակայելու կրկնուսուցմանը: Օրինակ, հեռուստատեսային դասեր են տրվում տվյալ ասպարեզում հայտնի մասնագետի կողմից: Վերջերս ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը օտար լեզուների հետաքրքիր դասեր է ցուցադրում, և կրկնուսույցը մի հայտնի պոլիգլոտ է: Դպրոցներում բացվում են խորացված ուսուցման դասարաններ: Բայց համաշխարհային փորձն ու կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անհեռանկարային է կրկնուսուցման արգելումը վարչական մեթոդներով: Արգելման բոլոր քայլերը նպաստում են տվյալ երկրում կրկնուսուցման արմատների խորացմանն ու պարարտացմանը:

Մարկ Բրեյի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ընթացքում տարբեր ելույթ ունեցողներ նշեցին, որ կրկնուսուցման խնդրի վերաբերյալ համապատասխան սոցիոլոգիական հարցումներ և ուսումնասիրություններ Հայաստանում չեն արվել: Այս խնդիրը վերևից որակվել է որպես «արատավոր երևույթ», «անցյալի մնացորդ», որն իներցիայով է պահպանվում:

Արդյո՞ք մեր հանրապետությունում հանրակրթությունը այդքան բարձր մակարդակի վրա է` մոտավորապես Գերմանիայում և Ֆինլանդիայում իրականացվող հանրակրթություններին հավասար: Իհարկե, ո΄չ:

Արդյո՞ք մեր ծնողների համար միևնույնն է, թե ինչ կրթություն է ստանում երեխան դպրոցում, և սկսում են անհանգստանալ միայն ավագ դպրոցի երրորդ տարում` վճարելով կրկնուսույցներին միասնական քննություններին նախապատրաստելու համար: Իհարկե, այ΄ո:

Մեր հասարակությունն անտարբեր է դպրոցի նկատմամբ: Դրանում մեղավոր է մեր կրթական քաղաքականությունը, հանրակրթության համակարգը: Փաստորեն հայ ծնողն աշխարհում ամենաքիչն է մտահոգված դպրոցում իր երեխայի կրթությամբ:

24.10.2012
 

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Susanna Karapetyan | 2012-11-18 23:49:26
Իրականացվող բարեփոխումների արդյունքներից ո՞վ է գոհ,կարծում եմ ոչ ոք: Անընդհատ լսում ես, որ նորից հնին են անցնելու... Ի՞նչ անի ծնողը, հազարավոր արատներից ո՞րը և ինչպե՞ս շտկի... Չկա վստահություն, չկա հավատ, չկա լավատեսություն, հասարակությունը անտարբեր չէ դպրոցի նկատմամբ, այլ համոզված է, որ ոչինչ չի կարող փոխվել, միայն նյարդեր կքայքայի...
Յուրա Գանջալյան | 2012-10-29 03:01:45
Դպիրի այս համարում Սերգեյ Կապիցայի հետ հարցազրույցը կարդալուց հետո մի անգամ էլ ենք համոզվում, որ Խորհրդային Միության ժամանակ մեր հանրակրթությունը աշխարհում ամենաառաջավորներից էր: Ունեինք հրաշալի դասագրքեր ու շատ էինք կարդում: Չէին կեղծվում 4-րդ և 8-րդ դասարանների քննությունները:Այժմ մաթեմատիկայի կրկնուսույցները ավարտական դասարանի սովորողների համար իրենց դասընթացը սկսում են չորրորդ դասարանի թվաբանությունից, որովհետև հանրակրթությունը մեր երկրում կեղծ ցուցանիշներով են սքողում:
Աշոտ Տիգրանյան | 2012-10-28 01:02:28
Եթե կրկնուսուցման` տիար Գանջալյանի ընդգծած, դրական կողմի հետ համակերպվում ենք, ուրեմն համակերպվում ենք այն իրողությանը, որ հանրակրթությունը սովորելու հմտություններ և կարողություններ չի ձևավորում: Իմ կարծիքով կրկնուսուցումը էթնիկական և սոցիալական չարիք է: Էթնիկական, որովհետև հայաստանյան կրկնուսուցումը ազգի բթացման գլոբալ գործընթացի բաղկացուցիչներից է: Սոցիալական, որովհետև սոցիալական անարդարության ամրակայողներից և սոցիալական պատրանքի ձևավորողներից է:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ