ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 63
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն [1]

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
Դասի արդյունավետության մասին

Լուսինե Ալեքսանյան
Սոցիալական ցանցը` որպես սոցիալական աշխատողի արդյունավետ գործիք

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Պատմություններ մտորումների համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ներկայացնում է Գևորգ Հակոբյանը
Սերգեյ Կապիցա

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Մխիթար Աբբահոր մեծ առաքելությունը

Յուրա Գանջալյան
Մարկ Բրեյի գիրքը. դիմակայում ստվերային կրթության համակարգին
Ինքս ինձ հետ մենակ

Յոթերորդ գիրք

Սկիզբը

26. Ամբողջատեր բնությունը շուտով կփոխի այն ամենը, ինչ տեսնում ես, և նրա էությունից կստեղծի մի այլ բան, իսկ հետո ևս ինչ-որ նոր բան, որպեսզի հավերժ պատանի մնա աշխարհը:

27.Եթե որևէ մեկը հանդես է եկել քո դեմ, վաղվաղակի հաշիվ տուր քեզ, թե բարու և չարի ինչպիսի պատկերացումների գործադրմամբ է դա արել: Պարզելով այդ` դու չես խղճա նրան և ո´չ կզարմանաս, ո´չ էլ կզայրանաս: Եթե բարու մասին ձեր հայացքները համընկնում են, դու պետք է ներես նրան, իսկ եթե չեն համընկնում, ապա ավելի հեշտ է պահպանել բարյացակամությունը նրա նկատմամբ, ով անկեղծորեն սխալվում է:

28. Այն բանի մասին, ինչ չունես, մի´ մտածիր որպես քեզ պատկանողի: Քեզ պատկանող ամենաարժեքավոր իրն ընտրիր և պատկերացրո´ւ, թե ինչքան ջանք պետք է թափեիր այն ձեռք բերելու համար, եթե չունենայիր: Բայց զգուշացիր, որ կենտրոնացնելով ուշադրությունդ դրա վրա` չգերագնահատես նշանակությունը և չկորցնես հոգուդ հանգստությունը հնարավոր կորստի դեպքում:

29.Կենտրոնացի´ր քեզ վրա: Բանական և առաջնորդող ակունքն էությամբ այնպիսին է, որ բավարարվում է իրենով` արդարամիտ գործունեությամբ և նրանից բխող խաղաղությամբ:

30. Արմատախի´լ արա ցնորքը: Վե´րջ դիր տենչերին: Դուրս մի´ եկ ներկայի սահմաններից: Ծանի´ր ինչպես քեզ, այնպես էլ ուրիշների հետ տեղի ունեցողը: Դասավորիր և բաժանի´ր բոլոր առարկաները պատճառական և նյութական ծագման հիմունքներով: Մտածի´ր վերջին ժամի մասին: Թող, որ օտարի մոլորությունները մնան այնտեղ, որտեղ և էին:

31.Ձգտիր մտքով ներթափանցել խոսքի իմաստի մեջ: Եվ թող քո միտքը խորանա առաջացողի և գործողի մեջ:

32.Պարզությունը, համեստությունը և անտարբերությունն այն ամենի նկատմամբ, ինչ գտնվում է առաքինության և մեղքի միջև, թող զարդարի քեզ: Սիրի´ր մարդկային ցեղը: Հնազանդվի´ր Աստծուն:………….

38.Պատվազրկություն է, եթե դեմքը հոգու թելադրանքին հլու` ընդունում է նրան նպատակահարմար տեսք և արտահայտություն, իսկ ինքը` հոգին, իրեն պատշաճ տեսք և արտահայտություն տալու ուժ չի գտնում իր մեջ:

44.Թող քեզ չգրավեն ուրիշի ո´չ հուսաբեկությունը, ո´չ հրճվանքը:

45.Պլատոնի խոսքը. «Դրան ես հակադարձում եմ արդարացի առարկությամբ` լավ չես դատում, սիրելի բարեկամ, եթե կարծում ես, որ քիչ թե շատ գործիմաց մարդը պետք է հաշվի առնի ողջ մնալու կամ մեռնելու հնարավորությունը, այլ ոչ թե իր գործելիս ուշադրություն դարձնի միայն այն բանին` արդարացի թե անարդարացի է գործում, և գործն արժանի է արդյոք լավ թե վատ մարդու»:

47. Չէ՞ որ իսկական այրը պետք է ցանկանա ոչ թե այն, որ ապրի այսքան ու այսքան ժամանակ, և չպետք է կառչի կյանքից, այլ հույս դնելով Աստծու վրա և հավատալով կանանց, որ ճակատագրից չես փախչի, պետք է մտորի միայն այն մասին, թե ինչ կերպ հնարավորինս ավելի լավ ապրի իրեն վիճակված ժամանակը:

48.Դիտի´ր լուսատուների շարժումը` որպես դրան մասնակից, և մշտապես մտորի´ր տարրերի մեկմեկու փոխարկվելու մասին: Քանզի նման պատկերացումները մաքրում են երկրային կյանքի կեղտից:

49.Հիանալի են Պլատոնի խոսքերը. «Ով իր ճառերի առարկա է դարձնում մարդուն, նա կարծես թե լեռան գագաթից պիտի դիտի ողջ երկրայինը` խառնաժողովները, արշավները, դաշտային աշխատանքները, ամուսնությունները, ամուսնալուծությունները, ծնունդները, մահերը, աղմկոտ դատավարությունները, անապատները, բարբարոսների տարբեր ցեղերը, տոնակատարությունները, թաղումները, տոնավաճառները, տարասեռների միախառնումը և հակադրությունների գումարը»:

50.Հայա´ցք ձգիր անցյալին` ինչքա~ն հեղաշրջումներ են արդեն վերապրել պետությունները: Կարելի է կանխատեսել և ապագան: Չէ՞ որ կլինի կատարելապես այն նույն տեսակի և դուրս չի գա այժմ տեղի ունեցողի ռիթմից: Այս իսկ պատճառով էլ միևնույնն է` կդիտարկես քառասուն տարվա կամ տասը հազար տարվա մարդկային կյանքը: Քանզի ի՞նչ նոր բան կտեսնես:

53.Կան մարդիկ, ովքեր գերազանցում են քեզ պայքարի արվեստում: Բայց թող ոչ ոք չգերազանցի քեզ ընդհանուրի բարօրությանը նվիրվածության մեջ, համեստության, ողջ տեղի ունեցողին հնազանդության, մերձավորների մոլորությունների նկատմամբ ներողամտության մեջ:

54.Որտեղ հնարավորություն կա գործելու աստվածների և մարդկանց համար ընդհանուր բանականությանը համապատասխան, այնտեղ ոչ մի սարսափելի բան չկա: Քանզի, որտեղ հնարավոր է օգուտ ստանալ ճշտորեն ուղղորդված և գործունեության մեր համակարգին համապատասխանող ճանապարհով, այնտեղ հարկ չկա երկյուղ կրել որևէ վնասից:

55.Ամենուր ու միշտ քո իշխանության ենթակա են և´ բարեպաշտորեն բավարարվելը սեփական առկա վիճակով, և´ արդարորեն վերաբերվելը քեզ շրջապատող մարդկանց, և´ ուշադիր հետազոտելը մերօրյա պատկերացումները, որպեսզի ոչինչ անհարիր նրանց մեջ չներթափանցի:

56. Մի´ անդրադարձիր ուրիշ մարդկանց գերիշխող սկզբունքին, այլ հայացքդ ուղղի´ր այնտեղ, ուր տանում է քեզ բնույթդ` Ամբողջի էությունը, նրանով, ինչ կպատահի քեզ հետ, և քո բնույթը նրանով, ինչ պատշաճ է, որ անես: Յուրաքանչյուր էակի հարկ է անել այն, ինչ համապատասխանում է իր էությանը: Բայց բոլոր ոչ բանական էակները, համաձայն իրենց կառույցի, կանխորոշված են բանական արարածների համար (ինչպես և ամենուրեք քիչ կատարյալներն ավելի կատարյալների համար), իսկ բանականները` միմյանց համար: Այդ իսկ պատճառով մարդու էության մեջ առաջին տեղը գրավում է նրա հասարակականությունը: Երկրորդ տեղը` անհողդողդությունն այն վիճակների նկատմամբ, որոնք մարմնական են, քանզի բանական և հոգևոր շարժմանը հատուկ է սահմանազատվել ու երբեք անձնատուր չլինել զգացողությունների և ձգտումների շարժմանը: Վերջիններս ըստ էության կենդանական են, իսկ հոգևորը ցանկանում է առաջնություն ունենալ և չհաղթահարվել նրանցից, ինչն արդարացի է, քանի որ ըստ բնույթի պետք է օգտվի նրանցից: Երրորդ տեղը` բանական արարածի պարսպվելը չմտածվածությունից ու կեղծիքից….

60.Նայիր ներսդ: Ներսումդ բարու աղբյուրն է, որը երբեք չի սպառվի, եթե դու չդադարես փորելուց:

61. Մարմինն էլ պետք է ունենա հայտնի կեցվածք, չլինի վետվետուն ո´չ շարժման ժամանակ, ո´չ ժեստերում: Չէ՞ որ հոգին արտահայտվում է դեմքի վրա` հաղորդելով նրան խելացիություն և բարեկերպություն. նույն բանը կարելի է պահանջել նաև ողջ մարմնից: Բայց այդ բոլորը հարկ է կենսագործել` պահպանելով բնականությունը:

62.Կյանքի արվեստն ավելի շուտ հիշեցնում է ըմբշամարտի արվեստը, քան պարի: Նա պահանջում է պատրաստակամություն և տոկունություն` անսպասելիի ու չնախատեսվածի նկատմամբ:

63. Մշտապես մտածի´ր այն մասին, թե ինչպիսին են այն մարդիկ, որոնց գնահատմանն ես ձգտում, և ինչպիսին է նրանց առաջնորդող սկզբունքը: Եվ դու ո´չ կմեղադրես նրանց իրենց ակամա մեղանչումների համար, ո´չ էլ կզգաս նրանց գնահատման կարիքը, եթե տեսնես նրանց համոզմունքների ու ձգտումների ակունքը:

65.Յուրաքանչյուր տառապանք կրելիս անմիջապես հիշի´ր այն մասին, որ այն ամոթալի չէ և ամեն ինչ առաջնորդող հոգին ավելի վատը չի դարձնում, քանզի կորստաբեր չէ ո´չ նրա խելացիության, ո´չ էլ հասարակակայնության համար: Տառապանքների մեծամասնության դեպքում կարող ես օգնության կանչել Էպիկուրի խոսքերը. «Այս տառապանքը անտանելի չէ և ոչ էլ հավերժ է, եթե միայն դու հիշես նրա սահմանների մասին և ոչինչ չմոգոնես քեզնից»: Հիշի´ր նաև, որ մեզ համար տանջալից բաներից շատերը նույնական են տառապանքներին, չնայած մենք չենք նկատում դրանք, ինչպես օրինակ, քնատությունը, տոթը, տաղտկությունը: Ուստի, եթե դու ճնշվում ես ինչ-որ նման բանից, ասա ինքդ քեզ. «Ես չհաղթահարեցի տառապանքը»:

66. Ջանա նույնիսկ ստորադաս արարածների նկատմամբ չապրել այն զգացմունքները, որ մարդիկ զգում են միմյանց նկատմամբ:

68. Բնությունն այնքան էլ սերտ չի կապել քեզ մարմնի հետ, որ չկարողանաս ստիպել նրան իմանալ իր տեղը և ղեկավարվել բանականությամբ: Չէ՞ որ միանգամայն հնարավոր է դառնալ աստվածակերպ մարդ, մնալով ոչ մեկին հայտնի: Միշտ հիշիր այդ մասին, նաև այն, որ երանելի կյանքը շատ բան չի պահանջում: Եվ, եթե դու կորցրել ես դիալեկտիկ կամ ֆիզիկոս դառնալու հույսդ, ապա չպետք է թողնես հոգսդ առ այն, որ լինես ազատ, նվիրված համընդհանուր բարօրությանը և հնազանդ Աստծուն:

69. Ապրիր անտրտունջ` ոչնչով չմթագնված բարեհոգության մեջ, եթե նույնիսկ բոլոր մարդիկ վրադ բազմապիսի նախատինքներ են տեղում, իսկ վայրի գազանները ծվատում են քո մարմնական ծածկոցի անուժ անդամները: Ի՞նչը, իրոք, կարող է խանգարել հոգուն պահպանել, չնայած այդ ամենին, իր ներքին աշխարհը, ճշմարիտ դատողությունը ողջ շրջապատողի մասին և պատրաստակամությունը` օգտագործելու իրեն բաժին հասածը….

70. Բնավորության կատարելության արտահայտությունն այն է, որ յուրաքանչյուր օր ապրի, ինչպես վերջինը կյանքում, օտար լինի ունայնությանը, անգործությանը, երեսպաշտությանը:

71. Անմահ աստվածները չեն սրտմտում այն բանից, որ այսքան երկար ժամանակի ընթացքում հարկադրված են գործ ունենալ այսչափ տխմարավուն արարածների այսպիսի բազմության հետ, ընդհակառակը` նրանք ամեն կերպ հոգում են այդ էակների մասին: Քո վերջն արդեն մոտ է, իսկ դու կորցնում ես համբերությունդ` ընդ որում ինքդ լինելով այդ արարածներից մեկը:

72. Ծիծաղելի է, ձգտելով խուսափել ուրիշի մեղսականությունից, ինչն անհնար է, չջանալ խուսափել սեփականից, ինչը լիովին հնարավոր է:

73. Ինչը բանական և քաղաքացիական ունակությունը համարում է ոչ բանական և հասարակականին հակառակ, այն հիմնավորապես համարում է իր արժանապատվությունից ցածր:

74. Եթե դու բարություն ես արել, իսկ ուրիշը բարություն է զգացել, ապա ինչո՞ւ ես դու, նմանվելով անմիտ մարդկանց, ձգտում ինչ-որ երրորդ բանի, ինչպես օրինակ` բարի մարդու փառքի կամ պարգևի:

75. Ոչ ոք չի հոգնում օգուտ ստանալուց: Օգուտն էլ կապակցված է էությանն համապատասխան գործողության հետ: Մի´ հոգնիր օգուտ ստանալուց` օգուտ բերելով:

Այսպես է ավարտում իր երկի 7-րդ գիրքը իմաստասեր կայսր Մարկոս Ավրելիոսը:

 

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ