ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 63
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն [1]

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
Դասի արդյունավետության մասին

Լուսինե Ալեքսանյան
Սոցիալական ցանցը` որպես սոցիալական աշխատողի արդյունավետ գործիք

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Պատմություններ մտորումների համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ներկայացնում է Գևորգ Հակոբյանը
Սերգեյ Կապիցա

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Մխիթար Աբբահոր մեծ առաքելությունը

Յուրա Գանջալյան
Մարկ Բրեյի գիրքը. դիմակայում ստվերային կրթության համակարգին
Դասի արդյունավետության մասին

Կրթահամալիրում կազմակերպվող ուսումնական պարապմունքի տեսակներից մեկն է կաբինետային ուսումնական պարապմունքը՝ դասը: Ինչպես բացատրում է Էդուարդ Աղայանի բացատրական բառարանը, դասը ժամանակահատված է, որի ընթացքում պարապմունք է արվում, հարցվում է հին հանձնարարվածը, հանձնարարվում է նոր նյութ։ Ոչ վաղ անցյալում հենց այդպես էլ դաս էր արվում՝ տնային աշխատանքի ստուգում, հարցում, նոր նյութի հաղորդում։ Բայց այսօր այս, լավագույն դեպքում, երկխոսությունն այլևս չի համապատասխանում դասին ներկայացվող պահանջներին, չի կարող իրականցնել դրա նպատակները։

Աշխարհում արդեն դասի այլ բաղկացուցիչներ են ընդունված, որոնք, ի դեպ, օգտագործվում են նաև դասախոսությունների (ավելի ավագ տարիքի սովորողների), ինչպես նաև մասնագիտական հավաքների, հանդիպումների ժամանակ։ Խոսքը համագործակցային, ինտերակտիվ ուսուցման մասին է։

Իսկ ի՞նչ բաղկացուցիչներ պիտի ունենա ժամանակակից դասը` արդյունավետ համարվելու համար։

Դեռ անցյալ դարի 50-ականներին ամերիկացի ականավոր մանկավարժ Բենջամին Բլումը կրթական նպատակների և ճանաչողության ոլորտի մասին մի գիրք է գրել, ուր մտածողության վեցշերտանի նկարագրությունն է տվել։ Նրա ներկայացրած մակարդակները, ճիշտ է, ժամանակի ընթացքում մի քանի անգամ ադապտացվել- վերախմբավորվել են, բայց հիմքում նույնն են՝ նյութի ճանաչում, մեկնաբանում, կիրառում, վերլուծություն, համադրություն, գնահատում։ Մոտ կես դար անց Ռոբերտ Մարցանոն, Լորին Անդերսոնը և ուրիշներ, վերախմբագրելով Բլումի տաքսանոմիան, համադրման փոխարեն կարևորեցին ստեղծականությունը՝ ի նկատի ունենալով արդեն սովորած ուսումնական նյութերի և փորձերի կիրառմամբ նոր բան ստեղծելը։

Բոլոր դեպքերում, այսօրվա կրթությունը սերտողականությունից դուրս է և նախատեսում է մի շարք հմտություններ հատկապես ճանաչողական գործընթացներում, ինչը իրական կենսական խնդիրներ լուծելու ժամանակ կօգնի սովորողին։
Սա նպատակային կրթության սկզբունքն է։ Բայց ինչպե՞ս տեղավորենք այս գործընթացը 40-45 րոպեի մեջ, որ տրվում է ուսումնական պարապմունքին։

Փորձը ցույց է տալիս, որ դասն արդյունավետ է, եթե սովորողն անընդհատ ակտիվ վիճակում է՝ կարդում է, լսում է, մտածում է, պատրաստվում է իր ընկալածը ընկերներին բացատրել-սովորեցնելու, ինչ-որ բան է ստեղծում ու ներկայացնում է իր ստեղծածը՝ այս ընթացքում չմոռանալով, իհարկե, նախատեսված թեման։

Ակտիվ մտավոր գործունեությունն ապահովելու համար հարկավոր է պարզապես դասի ժամանակը բաժանել հենց այս գործունեության բաղադրիչների մեջ։

Օրինակ՝ եթե խոսքի մշակույթի թեման տեքստի պարզությունն է, նախ համապատասխան մեթոդով պարզում ենք խոսքի նպատակահարմար ոճը։ Սրան կարող ենք տրամադրել 3 րոպե։ Հետո այդ մասին կարդում ենք դասագրքի (կամ նախատեսված գրականության) համապատասխան բաժինը։ Բաժինը պետք է կարճ լինի, որ ընթերցանությունը չզբաղեցնի ամբողջ ժամանակը։ Սրան կարող ենք տրամադրել 10 րոպե։ Եթե ընթերցվող թեման մեծ է, բաժանում ենք հատվածների, հանձնարարում տարբեր խմբերի։ Այս դեպքում ավելանում է պատասխանատվությունը յուրաքանչյուր խմբի վրա, որովհետև հանձնարարության գլխավոր կետը ենթադրում է իրենց հատվածը մյուս խմբերին հասկանալի և ամբողջական ներկայացնելը։ Վերահսկելու համար, թե որքան են խմբերը հաջող կատարել իրենց հանձնարարությունը, հարկավոր է հաջորդ՝ ստեղծագործական փուլի համար պարտադիր պայման համարել մյուսների բացատրածի տարրերն իրենց աշխատանքը ներկայացնելիս օգտագործելը։ Այս փուլում սովորողները ճանաչողական, մտապահման, վերլուծական աշխատանք են կատարում։

Ներկայացման համար ընդհանուր առմամբ կարող ենք նախատեսել ևս 10 րոպե։

Սովորողների մեծ մասի լսելու, ընկալելու, ընկալածը գնահատելու աշխատանքը կատարվում է հենց այս փուլում։ Ներկայացված նյութի վերաբերյալ հարցեր տալը, քննարկումը, առաջարկներ-ուղղումներ անելը վկայությունն են, որ սովորողը պասիվ վիճակում չէ։ Հաջորդ հանձնարարությունը՝ ստեղծագործական աշխատանքը, կարող է տրված թեմայով համապատասխան խոսքի կառուցումը լինել՝ օգտագործելով օրվա սովորած տարրերը։ Եթե 10 րոպե էլ այս առաջադրանքին տրամադրենք, ներկայացման համար կմնա 10-12 րոպե։ Այստեղ էլ կրկնվում է կշռադատման, գնահատման աշխատանքը։
Հարկավոր է ռեգլամենտը պահպանել, որովհետև դա կսովորեցնի նաև ժամանակը ճիշտ օգտագործել, խոսել համառոտ, բայց ըստ էության, օգտագործել խմբի բոլոր անդամների ուժերը։ Իհարկե, նեթբուքները սովորողների ձեռքին (խմբում գոնե մեկը) գործն անհամեմատ թեթևացնում են։

Տնային աշխատանք ստուգելու ժամանակը այս շարքում պարզապես հնարավոր չէ տեղավորել։ Չկան նաև նոր նյութ հաղորդելու, հին դասը հարցնելու կետերը։ Սովորողը 40-45 րոպեի ընթացքում անընդհատ աշխատում է, զբաղված է տարաբնույթ գործունեությամբ։

Ասվածը, անշուշտ, չի բացառում դասի ուրիշ տիպեր ևս, օրինակ՝ստուգման ժամերը կամ այն ժամերը, երբ որոշակի հմտություն ձեռք բերելու համար հարկավոր է, որ սովորողը մարզվի հատկապես ուսուցչի ներկայությամբ՝ սխալ ուղղությամբ չգնալու համար։ Բայց այս դեպքերը չեն կարող ուսումնական գործընթացում զգալի մաս կազմել։

Դասի վերոնշյալ կառուցվածքում չի երևում նաև սովորողների նախագծային աշխատանքը կամ իրական խնդիրների լուծումը։ Սրանք այն աշխատանքներն են, որոնք կատարվում են, ճիշտ է, ուսուցչի հսկողությամբ ու խորհրդատվությամբ, բայց չեն մտնում, չեն տեղավորվում դասարանային գործունեության մեջ։ Սրանք հենց այն «տնային աշխատանքն» են, որոնց ստուգումը արտադասարանային է՝ համացանցով կամ դասաժամից դուրս հանդիպմամբ։ Այս շարքի մեջ կարելի է ներառել նաև ճամփորդությունները։ Այս տիպի աշխատանքները որոշակի ստեղծագործական արդյունք են ենթադրում, որոնք հրապարակելի են, օգտագործելի, ցուցադրման արժանի։ Այստեղ չի երևում նաև դասի նախագծման, դրա արդյունավետության և սովորողների ուսումնական աշխատանքի գնահատման` ուսուցչի ուսումնական աշխատանքը: Բայց սրանք արդեն ուրիշ հոդվածի թեմա են։

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ