ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 63
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն [1]

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
Դասի արդյունավետության մասին

Լուսինե Ալեքսանյան
Սոցիալական ցանցը` որպես սոցիալական աշխատողի արդյունավետ գործիք

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Պատմություններ մտորումների համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ներկայացնում է Գևորգ Հակոբյանը
Սերգեյ Կապիցա

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Մխիթար Աբբահոր մեծ առաքելությունը

Յուրա Գանջալյան
Մարկ Բրեյի գիրքը. դիմակայում ստվերային կրթության համակարգին
Պատմություններ մտորումների համար

Երեխաները մենակ էին

Մայրը առավոտյան շուտ գնաց և երեխաներին թողեց տասնութամյա մի աղջկա խնամքին, ում նա հաճախ, ոչ մեծ գումարով, հրավիրում էր մի քանի ժամով:
Նրանց հոր մահից հետո դժվարին ժամանակ էր եկել: Կարող էր կորցնել աշխատանքը, եթե ամեն անգամ այն դեպքերում, երբ տատիկը չէր կարող գալ երեխաների մոտ, հիվանդանար կամ քաղաքից բացակայեր, մնար տանը:

Ճաշից հետո Մարինան երեխաներին պառկեցրեց քնելու: Այդ ժամանակ զանգահարեց նրա ընկերը և իր նոր մեքենայով զբոսնելու հրավիրեց: Աղջիկը առանձնապես չմտածեց: Մանավանդ որ երեխաները սովորաբար հինգից շուտ չէին արթնանում:
Լսելով մեքենայի ազդանշանը՝ նա վերցրեց իր պայուսակը և անջատեց հեռախոսը: Կանխամտածված փակեց երեխաների սենյակի դուռը և բանալին դրեց պայուսակը: Չէր ցանկանում, որ Պանչոն, արթնանալով, աստիճաններով իջնի իր ետևից: Նա ընդամենը վեց տարեկան էր և կարող էր սայթաքել, գլորվել ու վնասվել: Բացի դրանից, մտածեց, թե ինչպես պետք է մորը բացատրի, որ երեխան իրեն չի գտել:

Ի՞նչ պատահեց: Կարճ միացո՞ւմ էր աշխատող հեռուստացույցում, թե սենյակի միացված լամպերում... բուխարիկից ընկած կա՞յծ: Բայց այնպես ստացվեց, որ վարագույրները բռնկվեցին, և կրակն արագորեն հասավ ննջարան տանող փայտե աստիճաններին:

Դռան տակից ներթափանցող ծխից երեխան հազաց և արթնացավ: Առանց մտածելու Պանչոն թռավ անկողնուց և փորձեց դուռը բացել: Հրեց դուռը, բայց չկարողացավ բացել:
Եթե հաջողվեր, ապա ինքը և ծծկեր եղբայրը մի քանի րոպեից կզոհվեին կրակի կատաղած բոցերում:

Պանչոն գոռաց, դայակին կանչեց, բայց ոչ ոք չպատասխանեց նրա օգնության կանչերին: Վազեց դեպի հեռախոսը, որ մորը զանգահարի, բայց հեռախոսն անջատված էր: Պանչոն հասկացավ, որ հիմա միայն ինքը պետք է ելք գտնի և փրկի իրեն ու եղբորը: Փորձեց բացել պատուհանը, որը դրսից քիվ ուներ, բայց նրա փոքրիկ ձեռքերի բանը չէր փականը բացելը: Եթե նույնիսկ հաջողվեր, ստիպված կլիներ հաղթահարել նաև ճաղվանդակը, որը տեղադրել էին նրա ծնողները:

Երբ հրշեջները կրակը հանգցրեցին, բոլոր խոսում էին միայն մի բանի մասին.
— Ինչպե ՞ս է կարողացել այդ փոքրիկը կախիչով կոտրել պատուհանը և ճաղավանդակը:
— Ինչպե՞ս է նրան հաջողվել փոքրիկ եղբորը խցկել ուսապարկի մեջ:
— Ինչպե՞ս է նրան հաջողվել այդ բեռով անցնել քիվով և ծառով իջնել:
— Ինչպե՞ս է նրանց հաջողվել փրկվել:

Հրշեջ խմբի տարիքով ղեկավարը՝ իմաստուն և հարգված մի մարդ, նրանց պատասխանեց.
— Պանչիտոն մենակ էր... չկար մեկը, որ նրան ասեր, թե ինքը չի կարող: 

Թախիծը և զայրույթը
Կախարդված մի թագավորությունում, որտեղ մարդու ոտք չէր դիպել, կամ կարող է, ճիշտ հակառակը՝ որտեղ մարդիկ ճանապարհորդ են դառնում, առանց նկատելու...
Հեքիաթային թագավորությունում, որտեղ անիրականը իրական է դառնում...
Կար... սքանչելի լճակ:
Կամ, ավելի շուտ, ծովածոց՝ բյուրեղյա մաքրության ջրով, որի մեջ լողում էին ամենահնարավոր գունավորմամբ ձկներ, և ուր շողշողում էին կանաչ գույնի բոլոր նրբերանգները...

Թախիծը և զայրույթը մոտեցան այդ ջրամբարին, որպեսզի լողան:
Երկուսն էլ շորերը հանեցին և մերկ մտան ջուրը:
Զայրույթը, ինչպես միշտ, շտապում էր (միշտ է այդպես լինում), արագ լողացավ և ավելի արագ դուրս եկավ ջրից…
Բայց զայրույթը կույր է, կամ, համենայնդեպս, պարզորոշ չի տեսնում տեղի ունեցողը:
Այդ պատճառով էլ շտապով հագավ այն զգեստը, որն ավելի մոտ էր…

Պարզվեց, որ զգեստը իրենը չէր, այլ թախիծինը…
Եվ թախիծի զգեստները հագած՝ զայրույթը գնաց:

Հանգիստ, անխռով, ինչպես միշտ, թախիծն ավարտեց լողալը և առանց շտապելու կամ, եթե ավելի ճիշտ ասենք, առանց հաշիվ տալու, որ ժամանակն անցնում է, դանդաղորեն և ծուլորեն դուրս եկավ լճակից:
Ափին նկատեց, որ իր շորերը չկան:

Իսկ ինչպես բոլորին է հայտնի, թախիծը ամենաշատը չի սիրում մերկ մնալը: Այդ պատճառով էլ հագավ այն զգեստը, ինչ կար` զայրույթի զգեստը:

Ասում են, որ այդ ժամանակվանից հաճախ կարելի է հանդիպել զայրույթին՝ կույր, դաժան ու սարսափելի: Բայց եթե ուշադիր նայենք, ապա կնկատենք, որ զայրույթը, որը տեսնում ենք, միայն դիմակ է, և զայրույթի զգեստի տակ թախիծն է թաքնված:

Ցանկանում եմ

Այս պատմության մեջ առաջարկում եմ հարաբերությունների իմ կատարյալ մոդելը։

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։
Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս... որ կարող ես ինձ վրա հույս դնել...
Անսահմանափակորեն: 
 

Ռուսերենից թարգմանեց Գևորգ Հակոբյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ