ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 63
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն [1]

Մեթոդական մշակումներ

Հասմիկ Ղազարյան
Դասի արդյունավետության մասին

Լուսինե Ալեքսանյան
Սոցիալական ցանցը` որպես սոցիալական աշխատողի արդյունավետ գործիք

Ուսումնական նյութեր

Խորխե Բուկայ
Պատմություններ մտորումների համար

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Ներկայացնում է Գևորգ Հակոբյանը
Սերգեյ Կապիցա

ԱՐՁԱԳԱՆՔ

Յուրա Գանջալյան
Մխիթար Աբբահոր մեծ առաքելությունը

Յուրա Գանջալյան
Մարկ Բրեյի գիրքը. դիմակայում ստվերային կրթության համակարգին
Մխիթար Աբբահոր մեծ առաքելությունը

Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներն իրենց մշակութային պատմության մեջ ունեցել են անհատներ, ովքեր անգնահատելի մեծ ծառայություն են մատուցել իրենց մայրենի լեզվի պահպանման ու հարստացման համար, ուրեմն նաև` ազգապահպանման համար: Սլավոնական ժողովուրդների համար այդ գործը սկսել են Կիրիլը և Մեֆոդին` ստեղծելով սլավոնական այբուբենը 16-րդ դարում, իսկ 1860 թվականին արդեն Վլադիմիր Դալը ստեղծել է ռուսաց լեզվի առաջին ծավալուն բացատրական բառարանը`«Толковый словарь живого великорусского языка»:  Գերմանական ժողովրդի համար այս սրբազան գործը սկսեցին Գրիմ եղբայրները`1838 –1854թթ`տքնելով գերմաներենի առաջին մեծածավալ բառարանի`«Deutsches Wörterbuch»-ի ստեղծման վրա` գերմանացիներին հատուկ աշխատասիրությամբ ու գործի նկատմամբ մեծագույն պատասխանատվությամբ: Այս բառարանի վրա մոտ հարյուր տարի լեզվաբանների մի քանի սերունդ է աշխատել, անընդհատ հարստացնելով այն և միայն 1961 թվականի հրատարակությունն է համարվել լիակատար` իր 32 հատորներով, որոնց մեջ 67000 սյունակներում 330000 բառի բացատրություն է տրված:


1604 թվականին հրատարակվել է անգլերենի առաջին բացատրական բառարանը, որի հեղինակը եղել է Ռոբերտ Քոդրեյը: Այս բառարանն ունեցել է ընդամենը 2543 բառ: Անգլերեն առաջին բառարանները եղել են ոչ ծավալուն: Նրանք այդ բառարաններում ընդգրկել են միայն այն բառերը, որոնք քիչ գործածական են եղել և անգլիացիների համար դժվար հասկանալի: Այդ բառարանները կոչվել են «Hard Word Dictionaries – Դժվար բառերի բառարաններ»:
1755 թվականին է լույս տեսել անգլերենի առաջին ընդարձակ բառարանը`«A Dictionary Of The English Language», որի համար անգլիացիները պարտական են Սամուել Ջոնսոնին իր վեց տարվա տքնաջան աշխատանքի համար: 

Այո´, Սամուել Ջոնսոնը վեց տարի տքնաջան աշխատել է, բայց նա իր ձեռքի տակ ունեցել է նախկինում ստեղծված, թեկուզև ոչ ծավալուն բառացանկերով բառարաններ`Թոմաս Էլիոտի բառարանը` 1538թ, Ռիչարդ Մուլկաստերի «The Elementarie»`1582թ, Ռոբերտ Քոդրեյի «The Table Alphabeticall»`1604թ.: Հաշվի առնելով այս նշանակալից աղբյուրների գոյությունը` կարելի է պատկերացնել այն տիտանական աշխատանքը, որը 25 տարի (1724-1749) կատարել է մեր Մխիթար Աբբահայրը Վենետիկի Սբ. Ղազար կղզում իր «Բառգիրք հայկազեան լեզուի» երկատորյակը ստեղծելիս` չունենալով հայոց լեզվի բառարանագրության ոչ մի նշանակալից նախադեպ, հայերենի ոչ մի այբբենական բառացանկ: Պատմությանը հայտնի էր միայն Արիստակես Գրչի վեցդարյա վաղեմության ուղղագրական փոքրածավալ ձեռագիր բառարանը, որը չէր կարող որևէ կերպ Մխիթարին ուղեցույց լինել: Նրա հավակնությունները շատ մեծ էին: Նա ուզում էր իր ժամանակի եվրոպական չափանիշներին համապատասխան բառարան ստեղծել:

Այդքան ցածր կետից այդպիսի բարձր թռի՞չք. ճիշտ է, որ հայոց մեծերը նմանվում են ցածրադիր Արարատյան դաշտավայրից 5000 մ կտրուկ վեր խոյացող Արարատին: Կարող էին չէ՞ այլոց նման լատինական պատրաստի տառերը գործածել որոշ ձևափոխումներով: Ո´չ, վեր խոյացող թռիչք էր պետք, մեզ պետք էր մեր ուրույն դեմքն ու հոգին, մեզ պետք էր, որ մեր մայրենիի յուրաքանչյուր հնչյուն ունենար իր համապատասխան տառը առանց որևէ հատուկ տարբերակման նշանների, մեզ մի Սուրբ Մեսրոպ Մաշտոց էր պետք V դարում: Հայոց մեծերի երկրորդ կարևոր հատկանիշն այն է, որ նրանք մեր ժողովրդի պատմության ամենադժվար պահերին, երբ այլ ազգերի հետ ձուլման վտանգն է առկախվում, դիմում են մեր լեզվի օգնությանը: Ստեղծելով հայոց գիրը, Աստվածաշունչը հայերեն թարգմանելով, հայկական տարբեր բնակավայրերում բացելով հայկական առաջին դպրոցները` Սբ. Մեսրոպ Մաշտոցը փրկեց հայերին հույների, պարսիկների և ասորիների հետ վերահաս ձուլման վտանգից:

XVIII դարում Արևմտյան Հայաստանում ապրող հայերի մեծ մասի կենցաղը հասկանալի պատճառներով թուրքական էր: Շրջապատող առարկաների անվանումները հայերն ավելի հեշտությամբ թուրքերեն էին ասում, քան հայերեն: Մի ահռելի սեպ էր խրվել հայոց լեզվի, հայոց հոգու մեջ, և այդ ժամանակ մեր մեծերի`Մեսրոպ Մաշտոցի, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Հակոբ Մեղապարտի դարերից եկող փոխանցումավազքին միացավ Մխիթար Սեբաստացին: Նա այդ ահռելի լեզվական սեպը հենց լեզվական սեպով էլ հանեց: Իր կյանքի ընթացքում նա 50 հայերեն գիրք հրատարակեց, որից 14-ի հեղինակն ինքն էր: Ահա թե ինչ է գրում Հ.Սահակ Ճեմճեմյանը իր «Մխիթար Աբբահօր հրատարակչական առաքելութիւնը» գրքի ներածականում. «Ու կը տեսնենք զինքը խոնարհած հայ մանուկին առջեւ, տալու անոր Աբբենարանն ու Քրիստոնէականը , պատանիին դիմաց`սորվեցնելու Քերականն ու Զարգացելոցը , չափահասին`բացատրելու Մոլութիւններէ հրաժարիլն ու Առաքինութիւններու հետեւիլը, կու տայ ամէնուն Աստծոյ Շունչը տպագիր, բացատրելով ամէնուն ու Մեկնելով նոյն Գիրքին մեջ պարունակուած երկնային իմաստները, կը հրաւիրէ ամենքը իջնել Պարտեզ հոգեւոր եւ կամ Բուրաստան, Խոկալու համար հոն` Քրիստոնէական վարդապետութիւնը, թոյլ տալով մանուկներուն որ Խաղի տետրը առած` սթափին ու զուարճանան կրկնելով հաւատքի մասերը. Կընծայե հուսկ հայ գիտունին` բոլոր գանձերը Հայկազեան բառարանին»:

Բառգիրք հայկազեան լեզուի

Հ. Սահակ Ճեմճեմյանն իր վերը հիշատակած գրքում ջանում է որքան հնարավոր է մանրամասն ներկայացնել Մխիթար Սեբաստացու բառարանաստեղծական աշխատանքի եղանակը: Նա գրում է, որ Միաբանության Մայրավանքի դիվանում պահվում է բառարանի սևագիր օրինակների մի ծրար, որի պարունակությունը թույլ է տալիս բաժանելու աշխատանքի ուղղությունը երեք խմբերի.
ա) Մխիթար Աբբահոր ինքնագիր օրինակը. աշխատանքային այս սաղմնային փուլում նա հիմնականում տվել է Աստվածաշնչում հանդիպող հասարակ անունների` գոյականների բացատրությունները` աստվածաշնչյան վկայություններով և հետևաբար` տալով միայն բառերի այն իմաստները, որոնցով դրանք գործածված են Աստվածաշնչում:
բ) Բառգիրք նախնեաց մատենագրութեան. աշխատանքային այս փուլում Մխիթարը հավաքել է Խորենացու, Նարեկացու, Լաբրոնացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Արծրունու, Ոսկեբերանի, Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, գրողների և մատենագիրների գործերում հանդիպող բառերը: Այս փուլի ընթացքում չեն կրկնվել առաջին փուլում հավաքված բառերը:
գ) Բառգիրք Սուրբ Գրքի. այստեղ հավաքված են միայն Աստվածաշնչի բառերը, որոնք ունեն ավելի ճոխացված մեջբերումներ և բացատրություններ:

Հ. Սահակ Ճեմճեմյանը նշում է, որ այս ամենով հանդերձ, Հայկազյան բառարանի հիմնական աղբյուրը յոթ լեզվով գրված Ս. Գիրքն է եղել, որի մեջ եղած բառերի քննությունը և հայերեն օրինակների հետ համեմատությունը ավելի արժանահավատ է դարձրել բառերի բացատրությունները:
Մխիթարի համար մեծ օգնություն է եղել նաև 1620թ տպագրության Կալեպինո Ամբրոսիոյի «Յոթ լեզուների բառարանը»: Ուսումնասիրելով տարբեր լեզուներից հայերենի փոխառությունները` Մխիթար Սեբաստացին ջանացել է տալ այդ նոր բառերի ստուգաբանական, գիտական բացատրությունները:
Իր Հայկազյան բառարանում Մխիթարը զետեղեց նաև տարբեր քարտեզներ` «Համատարած աշխարհացույց», «Մոլորակների ընթացքը», «Աստղալից երկինքը», «Երկիր Ավետյաց», որոնք բառարանը ավելի հանրագիտարանային դարձրեցին:
Ցավալին այն է, որ Մխիթար Սեբաստացին իր կենդանության օրոք Հայկազյանը չտեսավ տպագրված: Նա վախճանվեց բառարանի առաջին հատորի լույս տեսնելուց 22 օր առաջ`1749թ. ապրիլի 27-ին: 1769-ին տպագրվեց Հայկազյան բառարանի երկրորդ հատորը, որով իրականացվեց Մխիթար Սեբաստացու վաղեմի երազանքը` գրաբարից աշխարհաբար և աշխարհաբարից գրաբար բառարանների լույս աշխարհ գալը: Նրա երազանքն էր, որ աշխարհի բոլոր տառաճանաչ հայերը, անկախ իրենց կրթական աստիճանից, կարողանան կարդալ և հասկանալ հայոց հոգևոր ժառանգությունը:

Նոր բառգիրք հայկազեան լեզուի
1836-1837թթ. Մխիթարյան միաբանության անխոնջ վանահայրերի` Գաբրիել Ավետիքյանի (1751-1827), Խաչատուր Սյուրմելյանի (1751-1827) և Մկրտիչ Ավգերյանի (1762-1854), 50 տարիների տքնաջան ու խորահմուտ աշխատանքով լույս տեսավ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանը: Այս բառարանում բառերի իմաստները բացի հայերեն բացատրություններից տրվում են նաև տվյալ բառի հունարեն, լատիներեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն համանիշները: Ինչ խոսք, սա ավելի կատարյալ բառարան է, քան Մխիթար Սեբաստացու ստեղծածը: Հենց դա էլ կլիներ Մեր մեծ Աբբահոր նվիրական փափագը. կյանքը զարգացում է պահանջում, որ աշակերտները ավելի հեռուն գնան, քան իրենց ուսուցիչը:
Ժամանակակից լեզվաբանները, գրականագետները, հնէաբանները, պատմաբանները, մշակութաբանները ավելի շատ են առիթ ունենում բացելու այս բառարանը, բայց հավատացնում եմ, որ ցանկացած մասնագիտության մարդկանց համար էլ հետաքրքիր է այն, որովհետև ներկայացված բառերով երբեմն զգում ես անցած կյանքերի, զգացումների, արարքների, գաղափարների ու առարկաների շունչը:

Օրինակ`
Աշտանակ – ճրագակալ. ինչ գեղեցիկ բառ է, հիմա այն բոլորովին չի գործածվում. գործածվում է «մոմակալ» բառը (անգլ. candle stick): Այստեղից` աշտանակազարդ (ճրագակալներով զարդարված) բառը. կգտնե՞նք դրա նման սիրուն համանիշ անգլերենում:
Ապալեր – ամայի, անբեր վայր (Երևանից Գյումրի տանող ճանապարհի մեծ մասը ապալեր է:)
Բոցաշավիղ - Նա բոցաշավիղ կյանք ապրեց. այսինքն` իրենից հետո լույս թողնելով ապրեց: Ինչու՞ է գործածությունից դուրս եկել այս բառը: Այստեղ տեղին է այն օգտագործել. Մխիթար Սեբաստացին բոցաշավիղ կյանք ապրեց:
Գանձանակ - պահարան, որտեղ գանձն են պահում: Եթե այպիսի լավ բառ ունենք, մեր ինչին է պետք «երկաթյա չհրկիզվող պահարանը», կամ էլ օտարածին «սեյֆը»:
Այստեղ էլ տեղին է օգտագործել այն այսպես` «Մեր մայրենի լեզվի գանձանակն է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանը»:

Օգտագործված գրականություն և համացանցային կայքերի հասցեներ
1. Հ. Սահակ Ճեմճեմյան «Մխիթար Աբբահօր հրատարակչական առաքելութիւնը», Վենետիկ, Ս.Ղազար, 1996
2. «Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIII դարեր» ԵՊՀ, Երևան-1976
3. Լեո «Հայոց պատմություն», Սովետական գրող, Երևան 1985
4. «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», Վենետիկ, Ս. Ղազար, 1836

http://armscoop.com/

http://en.wikipedia.org/wiki/Explanatory_Dictionary_of_the_Live_Great_Russian_language 

http://www.literaturecollection.com/a/grimm-brothers/

http://grammar.about.com/od/words/a/Samuel-Johnsons-Dictionary.htm

http://en.wikipedia.org/wiki/Dictionary

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Shushan | 2012-11-14 11:58:51
Հարգելի Յուրա,հոդվածը կարևորություն ներկայացնող տեղեկություն է, որին դու գիտական և վերլուծական մոտեցում ես ցուցաբերել: Մխիթար Սեբաստացին արժանի է գնահատման մեր սերունդի կողմից:
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ