ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 64
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սոնա Արսենյան
Առաջին օգնություն սկսնակ բլոգերներին[1]

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Работа с художественным текстом на уроке русского языка

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ռոբերտ Շեկլի
Ձրի մի բան

Անտուան Մեյե [1]
Նկատառումներ դասական հայերենի «լ» հնչյունի վերաբերյալ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոնա Արսենյան
Որտե՞ղ է սկսվում Հայաստանը, որտե՞ղ է վերջանում կրթությունը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վահրամ Թոքմաջյան
Ելքեր են անհրաժեշտ
Ձրի մի բան

Նա կարծես մեկի ձայնը լսեց։ Կամ երևի թվաց։ Աշխատելով հիշել՝ ինչպես դա եղավ՝ Ջո Քոլինզը միայն գիտեր, որ ինքն անկողնում պառկած էր ու այնքան հոգնած, որ չէր կարողանում ոտքերը վերմակի տակից սահեցնել թրջված հողաթափերի մեջ։ Ինքն առանց շեղվելու նայում էր կեղտոտ դեղին առաստաղի վրա սողացող ճաքերի սարդոստայնին՝ հետևում էր, թե ինչպես է ճեղքից դանդաղ, թախծոտ, կաթիլ առ կաթիլ թափանցում ջուրը։

Ըստ երևույթին հենց այդ ժամանակ էլ դա տեղի ունեցավ։ Քոլինիզին թվաց, թե մի մետաղական բան փայլփլում է իր մահճակալի կողքին։ Նա բարձրացավ, նստեց։ Գետնին՝ այնտեղ, ուր առաջ ոչ մի մեքենա չկար, ինչ-որ մեքենա էր հայտնվել։
Ու երբ Քոլինզը զարմացած աչքերը չռեց դրա վրա, հեռու-հեռու մի տեղ անծանոթ մի ձայն ասաց. «Ահա, սա էլ, ու վերջ»։

Իսկ հնարավոր է՝ իրեն թվացել է։ Բայց մեքենան անկասկած իր առջև էր՝ գետնին։ Քոլինզը ծնկեց, որ ուսումնասիրի։ Մեքենան խորանարդի էր նման, մի երեք ֆուտ երկարությամբ, լայնությամբ ու բարձրությամբ։ Ու ցածրաձայն մի բզզոց էր արձակում։ Դրա գորշ, հատիկավոր մակերեսը բոլոր կողմից միանգամայն նույնն էր։ Միայն մի անկյունում տեղավորված էր մի մեծ, կարմիր կոճակ, իսկ մեջտեղում՝ բրոնզագույն մի տախտակ։ Տախտակին փորագրված էր. «A կարգի Ուտիլիզատոր։ Սերիան՝ AA-1256432»։ Դրանից ներքև գրված էր. «Այս մեքենայից կարելի էր օգտվել միայն A կարգ ունենալու դեպքում»։
Այսքանը։

Ոչ մի ժամատախտակ, բռնակ կամ անջատիչ։ Մի խոսքով՝ ոչ մի հարմարանք, որ, Քոլինզի կարծիքով, պիտի ունենա ամեն մի մեքենա։ Ընդամենը մի բրոնզագույն տախտակ, կարմիր կոճակ ու բզզոց։
- Որտեղի՞ց հայտնվեցիր,- հարցրեց Քոլինզը։
A կարգի Ուտիլիզատորը շարունակում էր բզզալ։ Քոլինզը, ճիշտը որ ասենք, չէր էլ սպասում պատասխանի։ Անկողնու եզրին նստած՝ նա մտամոլոր ուսումնասիրում էր Ուտիլիզատորը։ Հիմա հարցը հանգում էր հետևյալին. սրան ի՞նչ անենք։

Քոլինզն զգուշությամբ հպվեց կարմիր կոճակին՝ շատ էլ լավ իրեն հաշիվ տալով, որ ինքը «երկնքից ընկած» մեքենաների հետ վարվելու ոչ մի փորձ չունի։ Ի՞նչ կլինի, եթե այս կոճակը սեղմես։ Հատակը կբացվի՞։ Թե՞ փոքր կանաչ մարդուկները տանիքից սենյակ կլցվեն։ Բայց ի՞նչ կլինի, որ։ Նա շա՜տ թեթևակի սեղմեց կոճակը։

Ոչինչ տեղի չունեցավ։
- Դե, ի՞նչ, մի բան արեք,- ասաց Քոլինզը՝ իրեն մի քիչ ճնշված զգալով։ Ուտիլիզատորը շարունակում էր նույնքան լուռ բզզալ։
Դե, լավ։ Համենայնդեպս, այս մեքենան կարելի է գրավ դնել։ Ազնիվ Չառլին սրա դիմաց մենակ մետաղի համար դոլլարից պակաս չի տա։ Քոլինզը փորձեց բարձրացնել Ուտիլիզատորը։ Գետնից չկտրվեց։ Քոլինզը նորից փորձեց, լարվեց մինչև միզելը, ու հաջողվեց մեկ-մեկուկես դույմ բարձրացնել մեքենայի մեկ անկյունը։ Նա բաց թողեց մեքենան և ծանր շնչելով՝ նստեց մահճակալին։

- Լավ կլիներ՝ ինձ օգնության ուղարկեիր երկու պնդակազմ երիտասարդի,- ասաց Քոլինզը Ուտիլիզատորին։ Բզզոցը հենց նույն պահին զգալիորեն բարձրացավ, ու մեքենան նույնիսկ սկսեց ճոճվել։
Քոլինզն սպասում էր, բայց ոչինչ տեղի չէր ունենում։ Հանկարծ ասես մի բան դրդեց, և նա ձեռքը մեկնեց ու մատով սեղմեց կարմիր կոճակը։

Կոշտ բանվորական կոմբինիզոնով երկու հաղթանդամ տղամարդ տեղնուտեղը հայտնվեցին նրա դիմաց։ Նրանք մի գնահատող հայացք նետեցին ուտիլիզատորի կողմը։ Մեկն ասաց.
- Փառք Աստծո, սա ամենամեծ մոդելը չէ։ Էն մեծերը ոչ մի կերպ բարձրացնել չէր լինում։
Երկրորդը պատասխանեց.
- Համենայնդեպս, ավելի հեշտ կլինի, քան քարհանքում մարմար փորելը, ի՞նչ կարծիքի ես։

Նրանք աչքները չռեցին Քոլինզի վրա, որ աչքերը չռել էր իրենց վրա։ Ի վերջո առաջինն ասաց.
- Լավ, եղբայր, հո չե՞նք կարող ամբողջ օրն էստեղ թրև գալ։ Ո՞ւր տանենք Ուտիլիզատորը։
- Դո՞ւք ով եք,- վերջապես խռպոտ ձայնով ասաց Քոլինզը։
- Բեռնակիրներ։ Թե՞ Վանզագիի քույրերին ենք նման։
- Բայց որտեղի՞ց հայտնվեցիք,- հարցրեց Քոլինզը։
- Մենք բեռնափոխադրման «Պաուխա մինայլ» ֆիրմայից ենք,- ասաց նրանցից մեկը,- եկանք, որովհետև դու բեռնակիր պահանջեցիր։ Դե, ասա՝ ուր տանենք։
- Հեռացեք,- ասաց Քոլինզը,- հետո ձեզ կկանչեմ։

Բեռնակիրներն ուսները վեր քաշեցին ու անհետացան։ Քոլինզը մի երկու րոպե նայում էր այն տեղին, որտեղ քիչ առաջ կանգնած էին նրանք, հետո հայացքը փոխադրեց A կարգի Ուտիլիզատորին, որ հիմա նորից խաղաղ դզզում էր։
Ուտիլիզատո՞ր։ Ավելի լավ անուն էլ կարող էր հորինել այդ մեքենայի համար, օրինակ՝ Ցանկություններ կատարող։

Չէի ասի, թե Քոլինզը շատ ցնցված էր։ Երբ մի գերբնական բան է լինում, միայն բութ մարդիկ, մտավոր սահմանափակներն ի վիճակի չեն դա ընդունելու։ Քոլինզն անկասկած նրանց թվում չէր։ Նա հրաշալի պատրաստված էր հրաշքն ընդունելու։ Գրեթե ամբողջ կյանքում երազել է, հուսացել, աղերսել բախտին, որ իր հետ արտասովոր մի բան կատարվի։ Դպրոցական տարիներին երազում էր, թե ինչպես մի օր կարթնանա ու կհայտնաբերի, որ դաս սովորելու ձանձրալի անհրաժեշտությունը վերացել է, որովհետև ամեն ինչ ինքն իրեն սովորվում է։ Բանակում երազում էր, որ կհայտնվեն ինչ-ինչ փերիներ կամ ջիներ, կփոխեն իր կարգադիրը ու, շարքով քայլելու փոխարեն կհերթապահի զորամասում։
Զորացրվելով՝ Քոլինզը երկար գլուխ էր պահում աշխատանքից, քանի որ իրեն հոգեբանորեն դրան պատրաստ չէր զգում։ Նա լողում էր հոսանքին հանձնված ու նորից երազում, որ հեքիաթային հարստության տեր մի մարդ կցանկանա փոխել իր վերջին ցանկությունն ու ողջ ունեցվածքը կթողնի իրեն։ Անկեղծ ասած, նա, իհարկե, չէր սպասում, որ այդպիսի մի հրաշք կարող է իսկապես կատարվել։ Բայց երբ դա, այնուամենայնիվ կատարվեց, արդեն դրան պատրաստ էր։
- Կուզեի մանրադրամներով, համարները չգրանցած հազար դոլար ունենալ,- վախվորած արտաբրեց Քոլինզը։ Հենց բզզոցը ուժեղացավ, նա սեղմեց կոճակը։ Հինգ ու տասըդոլարանոց կեղտոտ թղթադրամների մի մեծ կույտ հայտնվեց նրա առաջ։ Դրանք նոր, ճռճռան դրամներ չէին, բայց, անկասկած, փող էին։

Քոլինզը օդ նետեց մի բուռ թուղթ ու նայում էր, թե ինչպես են դրանք, գեղեցիկ պտտվելով, դանդաղ իջնում գետնին։ Հետո նորից պառկեց մահճակալին և սկսեց ծրագրեր կազմել։ Նախ՝ պետք էր մեքենան Նյու-Յորքից դուրս հանել՝ ուրևէ, նահանգի հյուսիսային մասը՝ մի խուլ տեղ, ուր հետաքրքրասեր հարևանները քթները չեն խոթի։ Այսպիսի հանգամանքներում, ինչպիսին իրենն են, եկամտահարկը կարող է շատ նուրբ խնդիր լինել։ Իսկ հետո, երբ ամեն ինչ տեղն ընկնի, հնարավոր կլինի տեղափոխվել կենտրոնական նահանգներ կամ….

Սենյակում մի կասկածելի աղմուկ լսվեց։ Քոլինզը վեր թռավ։ Պատի մեջ մի ճեղք էր գոյացել, ու ինչ-որ մեկն աղմուկով խցկվում էր դրա մեջ։

- Հե՛յ, ես քեզնից ոչինչ չեմ խնդրել,- բղավեց մեքենայի վրա Քոլինզը։ Պատի ճեղքը լայնանում էր։ Երևաց մեծամարմին, կարմրերես մի տղամարդ, որ զայրացած աշխատում էր խցկվել սենյակ և կիսով չափ դուրս էր եկել պատից։

Քոլինզը հանկարծ գլխի ընկավ, որ բոլոր մեքենաները, որպես կանոն, ինչ-որ մեկին պատկանում են։ Երազանքների կատարող-կատարողուհու ոչ մի տիրոջ դուր չի գա մեքենայի կորուստը։ Եվ նա ամեն ինչ կանի, որ վերադարձնի։ Նա կարող է կանգ չառնել անգամ…
- Պաշտպանի´ր ինձ,- բղավեց Քոլինզը Ուտիլիզատորին ու մատը դրեց կարմիր կոճակի վրա։ Հորանջելով, ակնհայտորեն քնատ հայտնվեց մի փոքրիկ ճաղատ մարդ՝ գունզգույն գիշերազգեստով։
- Սանիսա Լիիկի պատերի պահպանության ժամանակավոր ծառայություն,- աչքերը տրորելով ասաց նա:- Ես Լիիկն եմ։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։
- Սրան հեռացրեք այստեղից,- թնկթնկաց Քոլինզը։

Կարմրերեսը թևերն անկանոն թափահարելով համարյա ամբողջովին դուրս էր եկել պատից։ Լիիկը գիշերազգեստի գրպանից հանեց փայլուն մետաղի մի կտոր։ Կարմրերեսը բղավեց.
- Սպասի՛ր։ Դու չես հասկանում։ Էս պստիկը…
Լիիկը նրան ուղղեց իր մետաղի կտորը։ Կարմրերեսը թնկթնկաց ու կորավ։ Համարյա նույն պահին էլ անհետացավ նաև պատի ճեղքը։
- Դուք նրան սպանեցի՞ք,- հարցրեց Քոլինզը։
- Իհարկե ոչ,- պատասխանեց Լիիկը՝ գրպանը դնելով մետաղի կտորը։ Ես ընդամենը նրան պտտեցրի իր առանցքի շուրջը։ Էլ նա էստեղ չի սողոսկի։
- Ուզում եք ասել՝ ուրի՞շ ճանապարհներ կփնտրի,- հարցրեց Քոլինզը։
- Չի բացառվում,- ասաց Լիիկը։ - Նա կարող է փորձել միկրոտրանսֆորմացիան կամ նույնիսկ շնչավորումը։ - Լիիկը ուշադիր, փորձող հայացքով նայեց Քոլինզին։ - Իսկ սա Ձե՞ր Ուտիլիզատորն է։
- Բա, իհարկե,- ասաց Քոլինզը` ծածկվելով քրտինքով։
- Իսկ Դուք A կարգո՞վ եք։
- Բա ո՞նց,- ասաց Քոլինզը,- թե չէ ինչի՞ս էր պետք այս մեքենան։
- Մի՛ վիրավորվեք,- քնատ արտաբերեց Լիիկը։ - Ես ընկերաբար հարցրի։
Նա դանդաղ տարուբերեք գլուխը.
- Ուր ասես որ չեն քշել A կարգի գծով ձեր այս եղբորը։ Ինչո՞ւ վերադարձաք այստեղ։ Հա ճիշտ, ինչ-որ պատմական վեպ եք գրում։
- Քոլինզը միայն խորհրդավոր ժպտաց ի պատասխան։
- Լավ, ես շտապում եմ,- ասաց Լիիկը՝ բերանով մեկ հորանջելով։- Օր ու գիշեր ոտքի վրա եմ։ Քարմշակման տեղը շատ ավելի լավ էր։
Եվ անհետացավ՝ հորանջը բերանին։ Անձրևը դեռ թափվում էր, առաստաղից կաթում էր։ Օդափոխման հորից լսվում էր ինչ-որ մեկի խաղաղ խռմփոցը։ Քոլինզը նորից երես առ երես մնաց իր մեքենայի հետ, մեկ էլ հազար դոլարը՝ մանր թղթադրամներով, որ ցրիվ էին եկել հատակով մեկ։ Նա թեթև խփեց Ուտիլիզատորին։ Էն A կարգինները լավ էլ աշխատացնում էին։ Հենց մի բան ես ուզում, հերիք է բարձրաձայն ասես ու կոճակը սեղմես։ Հասկանալի է, որ իսկական տերը կարոտում է սրան։ Լիիկն ասաց, որ հնարավոր է՝ կարմրերեսը փորձի տիրանալ դրան ուրիշ ճանապարհով։ Բայց ո՞ր։
Է, մեկ չէ՞։ Ցածրաձայն սուլելով՝ Քոլինզն սկսեց փողերը հավաքել։ Քանի այս մեքենան ունի, ինքն իրեն լավ կնայի։

Վերջին մի քանի օրը Քոլինզի կենսակերպում կտրուկ փոփոխություն եղավ։ «Պոուխա մինայլ» գործակալության բեռնակիրների օգնությամբ նա Ուտիլիզատորը տարավ հյուսիս։ Անդրոնադյան լեռնազանգվածի անապատային մասում մի ոչ մեծ լեռ գնեց և, ապրանքն ստանալով, խորացավ մայրուղուց մի քանի մղոն հեռու իր կալվածքում։ Երկու բեռնակիրներ, քրտինքի մեջ կորած, քարշ էին տալիս Ուտիլիզատորը և մի հանգի հայհոյում էին, երբ ստիպված էին լինում ճեղքել մացառուտները։
- Դրեք էստեղ ու ռադ եղեք,- ասաց Քոլինզը։ Վերջին օրերին նրա ինքնավստահությունն արտակարգ աճել էր։ Բեռնակիրները հոգոց հանեցին ու ցնդեցին։ Քոլինզը շուրջը նայեց։ Շուրջը, որքան որ աչքը կտրում էր, կեչու ու բարդու խիտ անտառ էր։ Օդը խոնավ էր ու բուրումնավետ։ Ծառերի կատարներին ուրախ ճռվողում էին թռչունները։ Տեղ-տեղ ճյուղերի արանքում երևում էր փոքրիկ սկյուռը։ Բնությունը... Քոլինզը միշտ սիրել է բնությունը։ Ահա ձեզ լողավազանով, թենիսի կորտով, գուցե նաև փոքրիկ օդանավակայանով մի ընդարձակ, տպավորիչ տուն կառուցելու հիանալի տեղ։

- Ես տուն եմ ուզում,- կոշտ ասաց Քոլինզն ու սեղմեց կարմիր կոճակը։ Հայտնվեց կոկիկ, գորշ կոստյումով մի մարդ՝ աչքերին պենսնե։
- Իհարկե, պարոն, - ասաց նա՝ աչքերը ծռելով դեպի ծառերը,- բայց Դուք այնուամենայնիվ մի քիչ մանրամասն պիտի զարգացնեք Ձեր միտքը։ Ուզում եք դասակա՞ն ոճի որևէ բան՝ բունգալոյի, ռանչոյի, կալվածքի տան, մերձքաղաքային առանձնատան, բերդի, պալատի նման։ Թե՞ մի պարզունակ բան՝ քողտիկի թե ասեղի կարգի։ A կարգով դուք կարող եք ձեզ համար կառուցել նաև գերժամանակակից մի բան, օրինակ՝ կիսաճակատով տուն, կամ երկարությամբ ձգված կառույց, կամ մանրակերտ քարանձավի ոճով պալատ։
- Ի՞նչ եք ասում,- նորից հարցրեց Քոլինզը,- չգիտեմ։ Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտայիք։
- Քաղաքամերձ մի ոչ մեծ առանձնատուն,- առանց մտածելու պատասխանեց գործակալը։ - Բոլորը սովորաբար սկսում են դրանից։
- Մի՞թե։
- Օ, այո։ Հետո փոխադրվում են ավելի տաք կլիմայով տեղեր և իրենց համար պալատներ են կառուցում։
Քոլինզն էլի բան էր ուզում հարցնել, բայց միտքը փոխեց։ Ամեն ինչ յուղի պես էր գնում։ Այս մարդիկ համարում էին, որ ինքը A կարգի է ու Ուտիլիզատորի իսկական տերը։ Ի՞նչ իմաստ ուներ նրանց հիասթափեցնելը։
- Հոգ տարեք, որ ամեն ինչ կարգին լինի,- ասաց։
- Իհարկե, պարոն,- պատասխանեց մյուսը,- դա իմ պարտականութունն է։

Օրվա մնացած մասը Քոլինզն անցկացրեց թախտին պառկած ու սառույցով ըմպելիք վայելելով, մինչ «Մաքսին օլֆ» շինարարական հիմնարկը նյութականացնում էր շինանյութերը և կերտում տունը։
Մի երկար, գետնին կպած քսանսենյականոց կառույց դուրս եկավ, որ Քոլինզին, իր կյանքի նոր փոփոխություների լույսի տակ, ծայրահեղ համեստ թվաց։ Տունը կառուցված էր լավագույն նյութերով Դեգմայի «Միգա» հայտնի ֆիրմայի նախագծերով, ներքին հարդարումը կատարված էր Թոուիջի կողմից, հետը՝ լողավազան, անգլիական զբոսայգի՝ Վիերիենի էսքիզով մշակված։
Մինչև երեկո ամեն ինչ արված էր, և շինարարների փոքրիկ բրիգադը հավաքեց գործիքներն ու չքացավ։
Քոլինզն իր խոհարարին կարգադրեց թեթև ընթրիք պատրաստել։ Հետո սիգարը ձեռքին նստեց ընդարձակ զով հյուրասրահում և սկսեց մտքում քննել վերջին ժամանակների իրադարձությունները։ Նրա դիմաց՝ հատակին, մեղեդային բզզոցով Ուտիլիզատորն էր։

Ամենից առաջ Քոլինզը վճռականորեն մերժեց կատարվածի ամեն տեսակ գերբնական բացատրություն։ Տարբեր ոգիներ ու չարքեր էստեղ ոչ մի կապ չունեին։ Իր տունը կառուցում էին ամենասովորական մարդ արարածները, ովքեր ծիծաղում էին, երդվում էին, հահոյում էին, ինչպես բոլոր մարդիկ։ Ուտիլիզատորն ուղղակի խորամանկ գիտական հայտնագործություն էր, որի մեխանիզմն իրեն ծանոթ չէ, և ոչ էլ ինքը ձգտում է ծանոթանալ։

Կարո՞ղ էր արդյոք Ուտիլիզատորն իր ձեռքն ընկնել ուրիշ մոլորակից։ Դժվար թե։ Հազիվ թե այնտեղ հանուն իրեն անգլերեն սովորեին։

Ուտիլիզատորը, ինչպես երևում է, իրեն է հասել ապագայից։ Բայց ինչպե՞ս։
Քոլինզը հետ ընկավ թիկնաթոռին ու սիգարի ծուխը բաց թողեց։ Ինքն իրեն ասաց՝ ինչ ասես, որ չի լինում։ Ի՞նչ է, չէ՞ր կարող Ուտիլիզատորն ուղղակի ընկնել անցյալ։ Կարողանում է, չէ՞, ոչնչից ամեն տեսակ բան սարքել։ Չէ՞ որ դա ավելի դժվար է։

Պիտի որ այդ ապագան շատ գեղեցիկ լինի, ինքնիրեն մտածում էր Քոլինզը։ Ցանկությունները կատարող մեքենաներ։ Քաղաքակրթության ի՜նչ ձեռքբերում։ Միակ բանը, որ պահանջվում է, քեզ համար մի բան ցանկանալն է։ Շատ պարզ է։ Խնդրեմ։ Ժամանակի հետ նաև կարմիր կոճակը կպարզեցնեն։ Դրանից հետո ամեն ինչ կկատարվի առանց մկանային անգամ ամենաաննշան էներգիայի։

Իհարկե, ինքը շատ զգույշ պիտի լինի։ Չէ՞ որ դեռ գոյություն ունեն մեքենայի օրինական տերն ու A կարգի մյուս ներկայացուցիչները։ Նրանք աշխատելու են իրենից խլել մեքենան։ Հնարավոր է՝ սա տոհմական մասունք է…

Աչքի պոչով նա ինչ-ինչ շարժում բռնեց։ Ուտիլիզատորը դողում էր, ինչպես չոր տերևը քամուց։ Լրիվ մռայլվելով՝ Քոլինզը մոտեցավ դրան։ Գոլորշու թեթև ծուխը ծրարում էր թրթռացող Ուտիլիզատորը։ Ոնց որ թե շատ էր տաքացել։ Չլինի՞՝ չափից շատ է ծանրաբեռնել։ Մի գուցե մի դույլ սառը ջուր….
Այստեղ պարզ երևաց, որ Ուտիլիզատորն զգալիորեն փոքրացել է իր չափսերով։ Հիմա նրա երեք չափերից ամեն մեկը երկու ֆուտը չէր գերազանցում, իսկ նա հենց աչքի առաջ շարունակում էր փոքրանալ։

Տե՜րը… Կամ, գուցե A կարգի մյուսնե՞րը… Ըստ երևույթին հենց դա էլ միկրոտրանսֆորմացիան է, որ Լիիկն ասում էր։ Եթե անմիջապես մի բան չձեռնարկի, տրամաբանեց Քոլինզը, իր «երազանքների կատարիչը» լրիվ անտեսանելի կդառնա։

- «Լիինկ» պահակային ծառայություն,- բացականչեց Քոլինզը։ Նա սեղմեց կոճակն ու ձեռքը հետ քաշեց։ Մեքենան խիստ տաքացել էր։

Լիիկը գոլֆերով, մարզաշապիկով ու մականը ձեռքին հայտնվեց անկյունում։
- Հո ամեն անգամ, հենց ես…
- Մի բան արա,- բղավեց Քոլինզը՝ մատնացույց անելով Ուտիլիզատորը, որ մնացել էր մի ֆուտ բարձրությամբ ու կարմրելու չափ տաքացել։
- Ոչինչ չեմ կարող անել,- ասաց Լիիկը,- ես միայն ժամանակավոր պատեր դնելու պատենտ ունեմ։ Դուք պիտի միկրոկոնտրոլ դիմեք, - նա մականով թափահարեց Քոլինզին,- այդպես է։
- Միկրոկոնտրոլ,-բղավեց Քոլինզն ու ձգվեց դեպի կոճակը։ Նույն վայրկյանին ձեռքը հետ քաշեց. հիմա Ուտիլիզատորի խորանարդը չորս դույմից ավելի չէր։ Դա մուգ կարմիր էր դարձել և լուսարձակում էր։
Կոճակը, որ փոքրացել դարձել է քորոցի գլխիկի չափ, համարյա աննկատելի է։ Քոլինզը շրջվեց, վերցրեց բարձը, նետվեց մեքենայի վրա ու սեղմեց կոճակը։ Հայտնվեց մի աղջիկ՝ եղջյուրավոր ակնոցով, ծոցատետրն ու մատիտը ձեռքին։
- Ո՞ւմ եք ուզում հրավիրել,- անվրդով հարցրեց նա։
- Արագացրեք, օգնեք ինձ,- ոռնաց Քոլինզը՝ սարսափով նայելով՝ ինչպես է իր անգին Ուտիլիզատորն ավելի ու ավելի փոքրանում։
- Պարոն Վերգոնը տեղում չէ,գնացել է ճաշելու,- ասաց աղջիկը՝ մտամոլոր կրծելով մատիտը։- Նա իրեն հասանելիությունից դուրս է հայտարարել։ Ես չեմ կարող նրան կանչել։
- Իսկ ո՞ւմ կարող եք կանչել։
Աղջիկը բացեց ծոցատետրը։
- Պարոն Վիսը հիմա Անցյալի Անկատարում է, իսկ պարոն Իգլիսը պաշտպանական կառույց է կանգնեցնում պոլեոլեթական Եվրոպայում։ Եթե շատ եք շտապում, գուցե ավելի լավ է՝ դիմեք Տրանզիտ-Կոնտրոլին։ Դա մի փոքրիկ ֆիրմա է, բայց նրանք…
- Տրանզիտ-Կոնտրոլ։ Լա՛վ։ Չքվիր։

Քոլինզն իր ողջ ուշադրությունը բևեռեց Ուտիլիզատորին և սեղմեց դրան ծխացող բարձով։ Ոչինչ տեղի չունեցավ։ Ուտիլիզատորը հիմա հազիվ մի քիչ մեծ լիներ խորանարդ դյումից, և Քոլինզը հասկացավ, որ բարձով չի հասնի համարյա անտեսանելի դարձած կոճակին։
Արդեն ուզում էր մոռանալ Ուտիլիզատորը։ Երևի արդեն ժամանակն է։ Կարող ես տուն ու տեղը ծախել։ Ահագին փող դուրս կգա։

Բայց՝ ոչ։ նա դեռ չի հասցրել իր համար իսկապես նշանակալից մի բան խնդրել և այդ հնարավորությունից առանց պայքարի հրաժարվողը չի։

Աշխատելով աչքերը չկկոցել՝ կարծրացած ցուցամատով նա սեղմեց սպիտակելու չափ շիկացած կոճակը։
Հայտնվեց մի նիհար ծերուկ՝ քրքրված շորերով։ Ձեռքին վառ նկարազարդած զատկի ձվի պես մի բան կար։ Գցեց գետնին։ Ձուն ջարդվեց, միջից աղմուկով նարնջագույն ծուխ դուրս եկավ, ու միկրոսկոպիկ Ուտիլիզատորը վայրկյանապես ներծծեց այդ ծուխը, ինչից հետո ծխի ծանր, խիտ քուլաները բարձրացան վեր՝ համարյա խեղդելով Քոլինզին։ Իսկ Ուտիլիզատորն սկսեց ստանալ նախկին ձևը։ Շուտով հասավ նորմալ չափսերի և, թվում էր, բոլորովին էլ չի վնասվել։ Ծերուկը կտրուկ գլխով արեց։
- Մենք պապենական մեթոդներով ենք աշխատում, բայց խղճով,- ասաց, նորից գլխով արեց ու չքվեց։
Նորից Քոլինզին թվաց, թե ինչ-որ հեռու մի տեղից լսվում է մեկի զայրացած գոռգոռոցը։

Ցնցված, ուժազրկված նա ընկավ հատակին՝ մեքենայի դիմաց։ Վառած մատը մրմռում էր։ «Բուժի՛ր ինձ»,- մրթմրթաց չորացած շուրթերով ու առողջ ձեռքով սեղմեց կճակը։

Ուտիլիզատորն ավելի բարձր դզզաց ու ընդհանրապես լռեց։ Մատի ցավն անցավ։ Քոլինզը նայեց ու տեսավ, որ այրվածքից հետք էլ չի մնացել. ոչ մի չնչին սպի։ Քոլինզն իր համար մի կարգին բաժին կոնյակ լցրեց և առանց ժամանակ կորցնելու մտավ անկողին։ Այդ գիշեր երազ տեսավ, որ հսկայական A տառն ընկել է իր հետևից։ Բայց հենց արթնացավ, մոռացավ։
Մի շաբաթ էլ անցավ, և Քոլինզը համոզվեց, որ բավական անշրջահայաց է վարվել՝ իր տունը անտառում կառուցելով։ Պարապներից փրկվելու համար հարկ եղավ մի ամբողջ դասակ զինվոր պահանջել պաշտպանության համար։ Իսկ որսորդներն աշխատում էին ամեն գնով տեղ զբաղեցնել իր դրախտային այգում։ Ընդ որում Պետական եկամուտների բաժինը սկսեց աշխույժ հետաքրքրություն ցուցաբերել իր եկամուտների նկատմամբ։

Ամենակարևորը՝ Քոլինզը հայտնաբերեց, որ էնքան էլ չի սիրում բնությունը։ Թռչուններ, սկյուռներ՝ արտակարգ գեղեցիկ բաներ են, իհարկե, բայց դրանց հետ ինչքա՞ն կարող ես խոսել, որ… Ծառերն էլ, թեև շատ սիրուն են, ոչ մի կերպ հետները խմել չես կարող։

Քոլինզը վճռեց, որ հոգու խորքում մարդը քաղաքաբնակ է։ Դրա համար էլ « Պոուխա Մինայլ»-ի բեռնակիրների, «Մաքսիմե Օլֆ» շինարարական գրասենյակի, ակնթարթային ուղևորությունների «Յակտոն» բյուրոյի և ըստ հարկի հանձնված դրամական խոշոր միջոցների օգնությամբ Քոլինզը տեղափոխվեց Ամերիկա մայրցամաքի կենտրոնում մի փոքրիկ հանրապետություն։ Ու քանի որ եղանակն այստեղ ավելի տաք էր, իսկ եկամտահարկ ընդհանրապես գոյություն չուներ, նա իր համար մի մեծ, ճչացող շքեղ ապարանք կառուցեց, որ հագեցած էր բոլոր անհրաժետք պարագաներով՝ օդորակիչներով, ձիանոցով, շնանոցով, սիրամարգերով, ծառաներով, մեխանիկներով, պահակներով, երաժիշտներով, բալետային խմբով, մի խոսքով՝ այն ամենով, ինչ պիտի ունենա ամեն ապարանք։ Քոլինզին երկու շաբաթ պետք եղավ, որ ծանոթանա իր նոր բնակարանին։
Որոշ ժամանակ ամեն ինչ լավ էր գնում։

Մի օր առավոտյան Քոլինզը մոտեցավ պատուհանին` մտածելով, թե մի սպորտային մեքենա կամ ցեղական անասունի նախիր չխնդրի արդյոք։ Թեքվեց մոխրագույն մեքենային, ձեռքը պարզեց կարմիր կոճակին…

Եվ Ուտիլիզատորը նրանից հետ ցատկեց։
Առաջին պահին Քոլինզին թվաց, թե պատրանքների մեջ է, նույնիսկ մտքովն անցավ նախաճաշից առաջ շամպայն խմելուց հրաժարվել։ Մի քայլ առաջ եկավ և ձգվեց դեպի կարմիր կոճակը։ Ուտիլիզատորը ճկուն դուրս սահեց ձեռքերի տակից և վարգով դուրս վազեց սենյակից։

Քոլինզն ամբողջ թափով նետվեց նրա հետևից՝ անիծելով սեփականատիրոջն ու ամբողջ A դասը։ Ըստ երևույթին դա հենց այն շնչավորումն էր, որի մասին Լիիկն ասում էր. սեփականատիրոջն ինչ-ինչ ձևով հաջողվել էր մեքենային շարժունակություն տալ։ Լավ, դրա համար գլուխ ջարդել չարժե։ Մենակ պետք է արագ հասնել մեքենայի հետևից, սեղմել կոճակը և կանչել շնչավորման Վերահսկողության տղաներին։
Ուտիլիզատորը սահում էր սրահով, Քոլինզը՝ հետևից։ Կրտսեր դռնապանը, շփելով դռան՝ ձուլածո ոսկուց սարքած ծավալուն բռնակը, տեղում բերանը բաց քարացավ։
- Դրան կանգնեցրե՛ք,- բղավեց Քոլինզը։
Կրտսեր դռնապանը վարժ առաջ քայլեց՝ փակելով Ուտիլիզատորի ճանապարհը։ Մեքենան, նրբագեղորեն մի կողմ թեքվելով, շրջանցեց դռնապանին ու նետվեց դեպի դուռը։
Քոլինզը հասցրեց ցատկել անջատիչի մոտ, և դուռը շրխկոցով փակվեց։ Ուտիլիզատորը թափ առավ ու անցավ կողպած դռան միջով։ Դրսում հայտնվելով՝ սայթաքեց այգու խողովակի վրա, բայց արագ վերականգնեց հավասարակշռությունն ու սլացավ ցանկապատից դուրս՝ դեպի դաշտ։
Քոլինզը սուրաց նրա հետևից։ Եթե գոնե մի քիչ մոտենար… Ուտիլիզատորը հանկարծ վեր ցատկեց։ Մի քանի րոպե կախված մնաց օդում, հետո ընկավ գետնին։ Քոլինզը մեկնվեց դեպի կոճակը։ Ուտիլիզատորը պտտվեց, վազեց ու մի անգամ էլ ցատկեց։ Նա մի քսան ֆուտ Քոլինիզի գլխից վեր կախվեց։ Հետո ուղիղ թռավ մի քիչ էլ վեր, կատաղած պտտվեց հոլի պես ու նորից ընկավ։

Քոլինզը վախեցավ. բա որ հանկած Ուտիլիզատորը երրորդ անգամ թռչի, գնա ու էլ հետ չգա։ Հենց Ուտիլիզատորը վայրէջք կատարեց, Քոլինզը պատրաստ կանգնել էր։ Նա սուտ հարձակում արեց և բռնելով սեղմեց կոճակը։ Ուտիլիզատորը չհասցրեց դուրս պրծնել։
- Շնչավորման վերահսկողություն,- հաղթանակած բղավեց Քոլինզը։

Պայթյունի թույլ ձայն լսվեց, և Ուտիլիզատորը հնազանդորեն քարացավ։ Շնչավորումից հետք էլ չմնաց։
Քոլինզը շփեց քրտնած ճակատն ու նստեց մեքենայի վրա։ Թշնամիներն ավելի ու ավելի մոտ են։ Հարկավոր է շուտ, քանի դեռ հնարավոր է, մի արտակարգ բան ցանկանալ։

Նա արագ-արագ՝ իրար հետևից խնդրեց հինգ միլիոն դոլար, երեք գործող նավթահոր, կինոստուդիա, անթերի առողջություն, քսանհինգ պարուհի, անմահություն, սպորտային մեքենա ու ցեղական անասունների նախիր։

Նրան թվաց, թե մեկը ծիծաղեց։ Քոլինզը շուրջը նայեց։ Շունչ կենդանի չկար։
Երբ նա նորից շրջվեց, Ուտիլիզատորն արդեն չկար։ Քոլինզն աչքերը չորս էր արել։ Հաջորդ պահին ինքն էլ անհետացավ։

Հենց աչքերը բացեց, տեսավ, որ կանգնած է մի սեղանի առջև, որի մոտ նստած է իրեն արդեն ծանոթ կարմրադեմ տղամարդը։ Նա կարծես թե զայրացած չէր։ Տեսքն ավելի շուտ խաղաղ էր և նույնիսկ մելանխոլիկ։

Մի պահ Քոլինզը լուռ կանգնել էր։ Նա ցավում էր, որ ամեն ինչ վերջացած է։ Սեփականատերն ու A դասը ի վերջո բռնել են իրեն։ Բայց, այնուամենայնիվ, հրաշալի էր։
- Դե, վերջապես ասաց Քոլինզը,- հետ ստացա՞ք ձեր մեքենան, է՞լ ինչ եք ուզում ինձանից։
- Իմ մեքենա՞ն,- կրկնեց կարմրերեսը՝ կասկածամտորեն նայելով Քոլինզին։ - Դա իմ մեքենան չէ, պարոն։ Բոլորովին էլ իմը չէ։
Քոլինզը հիացած հայացքն ուղղեց նրա վրա։
- Պարոն, մի փորձեք ինձ հիմարեցնել։ Դուք՝ A դասը, ուզում եք Ձեր մենաշնորհը պահել, չէ՞։
Կարմրերեսը մի կողմ դրեց թուղթը, որն ուսումնասիրում էր։
- Պարոն Քոլինզ, -ասաց նա հաստատուն ձայնով,- իմ անունը Ֆլայն է։ Ես քաղաքացիների պաշտպանության միության գործակալ եմ։ Դա միանգամայն բարեգործական, ամեն տեսակ կոմերցիոն խնդիրներից զերծ կազմակերպություն է, և միակ նպատակը, որ հետապնդում է, ձեզնմաններին պաշտպանելն է մոլորություններից, որ կարող են պատահել կյանքի ճանապարհներին։
- Ուզում եք ասել՝ չեք պատկանում A կարգին։
- Դուք խոր մոլորության մեջ եք, պարոն,- խաղաղ ու արժանապատվորեն ասաց Ֆլայնը։ - A դասը հասարակական-սոցիալական կարգ չէ, ինչպես դուք, ըստ երևույթին, ենթադրում եք։ Դա ընդամենը վարկի տեսակ է։
- Ինչի տեսա՞կ,- ապշահար հարցրեց Քոլինզը։
- Վարկի տեսակ, -Ֆլայնը նայեց ժամացույցին,- քիչ ժամանակ ունենք, և ես կաշխատեմ կարճ խոսել։ Մենք ապրում ենք ապակենտրոնացման դարում, պարոն Քոլինզ։ Մեր արդյունաբերությունը, առևտուրը և վարչական հիմնարկությունները խիստ ցրված են ժամանակի ու տարածության մեջ։ «Ուտիլիզատոր» բաժնետիրական կազմակերպությունը խիստ կարևոր կապող օղակ է։ Նա զբաղվում է քաղաքակրթության բարիքները տեղից տեղ փոխադրելով և այլ ծառայություններով։ Պա՞րզ է։
Քոլինզը գլխով արեց։
- Վարկը, հասկանալի է, տրամադրվում է ավտոմատ կերպով։ Բայց վաղ թե ուշ ամբողջը պիտի մարվի։
Սա արդեն ինչ-որ տհաճ էր հնչում։ Մարե՞լ։ Ըստ երևույթին, այնքան էլ բարձր քաղաքակրթությամբ հասարակություն չէ, ինչպիսին իրեն թվացել է սկզբում։ Չէ՞ որ ոչ ոք վճարման մասին խոսք անգամ չի ասել։ Ինչո՞ւ են, ուրեմն, հիմա այդ մասին խոսում։
- Ինչո՞ւ ոչ ոք ինձ չխանգարեց,- շփոթված հարցրեց նա։ - Պիտի որ իմանային, որ ես վարկունակ չեմ։
Ֆլայնը գլուխը տարուբերեց։
- Վարկունակությունը կամավոր բան է։ Դա օրենքով չի կարգավորված։ Քաղաքակիրթ աշխարհում ամեն անձի ինքնուրույն որոշելու իրավունք է տրված։ Շատ եմ ցավում, պարոն։
Նա նայեց ժամացույցին և Քոլինզին մեկնեց թուղթը, որ ուսումնասիրում էր։
- Խնդրեմ՝ նայեք այս հաշիվը և ասեք՝ արդյոք ամեն ինչ ճիշտ է։

Քոլինզը վերցրեց թուղթն ու կարդաց.
- Մեկ պալատ՝ կից կառույցներով. 450000000 վրկ.
«Պոուխա մինայլ», ինչպես նաև «Մակսիմո օլֆ» ֆիրմաների բեռնակիրների ծառայություններ. 111000 վրկ.
Հարյուր քսաներկու պարուհի. 122000000 վրկ.
Անթերի առողջություն . 888234031վրկ.

Քոլինզն աչքերով արագ չափեց հաշիվը։ Ընդհանուր հաշիվը մի քիչ էր գերազանցում տասնութ բիլիոն վարկը։
- Կներե՛ք,- բացականչեց Քոլինզը,- դուք հո չեք կարող ինձնից այդքան պահանջել։ Ուտիլիզատորն իմ սենյակ է ընկել չգիտես որտեղից, սխալմամբ։
- Ես հենց դրա վրա էլ մտադիր եմ հրավիրելու նրանց ուշադրությունը,- ասաց Ֆլայնը,- ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ խելամիտ եղան։ Համենայնդեպս՝ փորձենք։ Մեկ է՝ սրանից վատ չի լինի։
Քոլինիզի աչքերի առաջ մթնեց։ Ֆլայնի դեմքն սկսեց աղոտանալ։
- Ժամանակն սպառվեց,- ասաց Ֆլայնը,- մաղթում եմ հաջողություն։

Քոլինզը փակեց աչքերը։
Երբ նորից բացեց, առջևում փռված տեսավ տխուր հարթավայրը՝ շրջապատված ժայռապատ լեռնազանգվածով։ Սառցե քամին, սրընթաց թռչելով, մտրակում էր լորենին, երկինքը գորշ մետաղագույն էր։ Կողքին մի ցնցոտիավոր մարդ էր կանգնած։
- Ա՛ռ,- ասաց մարդը՝ Քոլինզին մեկնելով քլունգը։
- Սա՞ ինչ է։
- Քլունգ,- համեբերատար բացատրեց մարդը։ - Իսկ ա՜յ այնտեղ քարհանքն է, ուր ես ու դու, մյուսների հետ միասին մարմար ենք արդյունահանելու։
- Մարմա՞ր։
- Դե, հա։ Միշտ էլ մի հիմար կգտնվի, ով մարմարյա պալատի կարիք կունենա,- ծուռ քմծիծաղով պատասխանեց մարդը։ - Անունս Յանգ է։ Որոշ ժամանակ միասին ենք աշխատելու։

Քոլինզը բութ հայացքով նայում էր նրան։
- Իսկ ինչքա՞ն ժամանակ ենք աշխատելու։
- Ինքդ հաշվիր, էստեղի գնացուցակով ամսական հինգ-տասը վարկ է, կփոխանցեն քո հաշվին, մինչև փակես պարտքդ։

Քլունգը Քոլինզի ձեռքից ընկավ։
Նման բան չեն անի։ «Ուտիլիզատոր» բաժնետիրական ընկերությունը պիտի հասկանա իր սխալը։ Չէ՞ որ իրենց սխալն է, որ մեքենան հայտնվել է անցյալում։ Չէ՞ որ նրանք դա գիտեն։
- Ողջը՝ ծայրից ծայր սխալմունք է,- ասաց Քոլինզը։
- Ոչ էլ սխալմունք է,- առարկեց Յանգը,- սրանք աշխատուժի մեծ պահանջարկ ունեն, որտեղից ասես՝ չեն հավաքում։ Դե, գնացինք։ Առաջին հազար տարին է դժվար։ Հետո սովորում ես։
Քոլինզը շարժվեց Յանգի հետևից, հետո կանգ առավ.
- Առաջին հազար տարի՞ն։ Ես էդքան չեմ ապրի։
- Կապրես,- հավատացրեց Յանգը,- չէ՞ որ անմահություն ես ստացել։ Մոռացե՞լ ես։
Իսկ ի՞նչ գին են հաշվել անմահության համար հենց էն պահին, երբ մեքենան խլեցին իրենից։ Թե՞ հետո են խլել։

Հանկարծ Քոլինզը մի բան հիշեց։ Տարօրինակ է, Ֆլայնի ներկայացրած հաշվի մեջ անմահությունը կարծես թե բոլորովին էլ չկար։
- Իսկ ինչքա՞ն են հաշվել վրաս անմահությունը,- հարցրեց։
Յանգը նայեց նրան ու ծիծաղեց։
- Քեզ միամիտի տեղ մի՛ դիր, եղբայր։ Արդեն պիտի հասկացած լինեիր,- հրեց Քոլինզին դեպի քարհանքը։ Պարզ չէ՞՝ դա ձրի մի բան է։

[1] Ռոբերտ Շեքլին ամերիկյան ֆանտաստ գրող է (1928 - 2005)

Պատմվածքը անգլերեն՝ Something for Nothing

Ռուսերենի թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ