ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 64
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Սոնա Արսենյան
Առաջին օգնություն սկսնակ բլոգերներին[1]

Անրի Պուանկարե
Մաթեմատիկական ստեղծագործություն

Մեթոդական մշակումներ

Жанна Акопян
Работа с художественным текстом на уроке русского языка

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Մակտուբ

Ռոբերտ Շեկլի
Ձրի մի բան

Անտուան Մեյե [1]
Նկատառումներ դասական հայերենի «լ» հնչյունի վերաբերյալ

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոնա Արսենյան
Որտե՞ղ է սկսվում Հայաստանը, որտե՞ղ է վերջանում կրթությունը

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ

Վահրամ Թոքմաջյան
Ելքեր են անհրաժեշտ
Մակտուբ

Սկիզբը

- Գնանք լեռները, որտեղ բնակվում է Աստված,- առաջարկեց ասպետն իր ընկերոջը:-Ուզում եմ ապացուցել, որ այն ամենը, ինչ Նա գիտե, մեզ հարց տալն է, այնինչ ոչինչ չի անում, որպեսզի թեթևացնի մեր բեռը»:

- Լավ, ես կգնամ այնտեղ, որպեսզի ցուցադրեմ իմ հավատը,- ասաց մյուսը: Նրանք լեռ էին բարձրանում երեկոյան և մթության մեջ ձայն լսեցին. «Ներքևում ձեր ձիերը բարձե'ք գետնից հավաքած քարերով»: 
- Տեսա՞ր- ասաց առաջին ասպետը:- Այսպիսի վերելքի հետ դեռ ստիպում է բեռ տանել։ Ես չեմ ենթարկվի։
Երկրորդը վարվեց այնպես, ինչպես ձայնն էր հրահանգել: Նա լեռան ստորոտ հասավ լուսաբացին, և արեգակի առաջին ճառագայթներից քարերը, որ տանում էր հավատավոր ասպետը, պսպղում էին. դրանք իսկական ադամանդ էին: Ուսուցիչն ասաց. 
- Անիմանալի են Աստծո որոշումները, բայց դրանք միշտ քո օգտին են›:
Ուսուցիչն ասաց. 
- Իմ սիրելի' աշակերտ, ես քեզ պետք է հայտնեմ մի բան, որը դու հավանաբար չգիտես: Ես մտածում էի, թե այս նորությունն ինչպես պակաս դժվարընկալելի դարձնեմ լսելիքի համար, ինչպես ավելացնեմ վառ գույներ՝ գումարած Դրախտի խոստումները, Բացարձակի համայնապատկերը՝ խառնելով թաքուն բացատրություններով. բայց դա չի լինի: Խորը շո´ւնչ քաշիր և ինքդ պատրաստվիր: Ես պետք է ուղիղ ասեմ և երաշխավորում եմ, որ բացարձակ վստահ եմ այն ամենին, ինչ ասում եմ քեզ: Սա հավաստի կանխորոշում է, բացարձակապես մի´ կասկածիր ասածիս: Դա հետևյալն է՝ դու մեռնում ես: Դա կարող է լինել վաղը, կամ հիսուն տարի հետո, բայց վաղ թե ուշ դու կմեռնես: Եթե անգամ դու դա չուզենաս: Եթե անգամ դու ուրիշ ծրագրեր ունես: Խորը մտածի'ր այն մասին, թե ինչ ես պատրաստվում անել այսօր: Եվ վաղը: Եվ քո մնացած ողջ կյանքում:

Մի ուսումնասիրող՝ սպիտակամորթ մեկը, մտահոգված Աֆրիկայի սրտում իրեն ընկած վայրի ձեռքբերումներով, բեռնակիրներին հավելավճար խոստացավ, եթե նրանք կարողանային շարժվել ավելի մեծ արագությամբ: Մի քանի օր շարունակ բեռնակիրները համեմատաբար արագ էին տեղաշարժվում: Այնուամենայնիվ, մի անգամ՝ կեսօրին, նրանք բոլորը վայր դրին իրենց բեռները և նստեցին գետնին: Անկախ խոստացված գումարի չափից՝ նրանք հրաժարվեցին շարունակել ճանապարհը: Երբ ուսումնասիրողը վերջապես հարցրեց նրանց, թե ինչու են իրենց այդպես պահում, հետևյալ պատասխանը ստացավ. «Մենք այնքան արագ տեմպերով էինք շարժվում, երբ արդեն չգիտեինք, թե ինչ ենք անում: Հիմա մենք պետք է սպասենք, մինչև մեր հոգիները մեզ հասնեն»: 

Տիրամայրը, մանուկ Հիսուսին գիրկն առած, իջավ երկիր, որ այցելի մենաստան: Ուրախացած վանահայրերը շարվեցին, որպեսզի ցույց տան իրենց հարգանքը. մեկը բանաստեղծություններ էր կարդում, մյուսը Նրան Աստվածաշնչից փայլփլուն նկարներ էր ցույց տալիս, երրորդը կարդում էր բոլոր սրբերի անունները: Շարքի վերջում մի համեստ վանահայր էր կանգնած, ով երբևէ հնարավորություն չէր ունեցել ուսանելու իր ժամանակի իմաստունների մոտ: Նրա ծնողները հասարակ մարդիկ էին եղել, որ աշխատում էին շրջիկ կրկեսում: Երբ հասավ նրա հերթը, վանականներն անհանգստացած ուզեցին ավարտել հարգանքի տուրքը՝ մտածելով, թե կփչացնի իրենց կերպարը: Բայց նա նույնպես ցանկացավ ցուցադրել իր սերը Կույսին: Շփոթված, տեսնելով եղբայրների անհամաձայնությունը՝ նա գրպանից մի քանի նարինջ հանեց և սկսեց օդ նետել՝ ձեռնածուական շարժումներ անելով այնպես, ինչպես սովորեցրել էին նրան ծնողներն ու կրկեսը: Միայն դրա շնորհիվ մանուկ Հիսուսը ժպտաց և ուրախությունից ծափ զարկեց: Եվ ամենակարող Կույսը իր Որդուն միայն այդ համեստ վանականին տվեց՝ մի որոշ ժամանակ իր գրկում պահելու համար: 

Մի' փորձիր միշտ հետևողական լինել: Այնուհետև Սուրբ Պողոսն ասել է. «Աշխարհի իմաստնությունը խելագարություն է թվում Աստծո աչքին»: Հետևողական լինել՝ նշանակում է միշտ մի գուլպա հագնել: Նշանակում է վաղը նույնն է, ինչ այսօր: Իսկ մոլորակների շարժու՞մը: Որտե՞ղ է դա: Քանի դեռ դու չես վնասում ուրիշին, հազիվ ես փոխում քո կարծիքը: Հակադրվի'ր ինքդ քեզ՝ առանց ամաչելու: Դա քո իրավունքն է: Կապ չունի, թե մարդիկ ինչ են մտածում, քանզի նրանք ցանկացած դեպքում ինչ-որ բան մտածում են: Այնպես որ, թուլացրո'ւ նյարդերդ: Թո'ւյլ տուր, որ տիեզերքը շրջապատի քեզ: Ուրախացի'ր սեփական զարմանքից: «Աստված խելագար բաներ է ընտրել այս աշխարհում նրա համար, որ շփոթեցնի իմաստուններին»,- ասել է Սուրբ Պողոսը:

Ուսուցիչն ասաց. «Այսօր հարմար օր է՝ անսովոր մի բանով զբաղվելու համար: Օրինակ՝ մենք կարող ենք աշխատանքի գնալու ճանապարհին պարել փողոցում: Ուղիղ նայել անծանոթ մարդու աչքերի մեջ և սիրո խոստովանություն անել առաջին պատահած մարդուն: Գաղափար տալ աշխատանքի ղեկավարին, որ կարող է անիմաստ թվալ, գաղափար, որի մասին մենք անցյալում երբեք չենք հիշատակել: Լույսի զինվորներն են այսպիսի օրերին իրենց նման բան թույլ տալիս: Այսօր մենք կարող ենք լաց լինել մի ինչ-որ հին անարդարության վրա, որը ոսկորի պես դեռ ցցված է մեր կոկորդում: Մենք կարող ենք զանգահարել ինչ-որ մեկին, ում հետ էլ երբեք չենք խոսելու (բայց ումից մենք հաճույքով հեռագիր կստանանք): Այսօրվա օրը կարող է դուրս գալ իր սցենարի սահմաններից, որը ամեն առավոտ գրում ենք մենք: Այսօր ցանկացած սխալ կթույլատրվի և կներվի: Այսօր կյանքից հաճույք ստանալու օր է»։ 

Գիտնական Ռոջեր Փենրոուզը քայլում է ընկերների հետ և աշխույժ զրուցում: Նա լռում է միայն այն ժամանակ, երբ անցնում է փողոցը: «Ես հիշում եմ, որ երբ անցնում էի փողոցը, մի անհավանական միտք ծագեց ուղեղումս,- պատմում էր Փենրոուզը: -Բայց հենց որ մենք հասանք փողոցի մյուս մայթը, զրույցը շարունակեցինք այն տեղից, որտեղ ընդհատել էինք, և ես չեմ կարողանում հիշել, թե ինչ էի մտածում մի քանի վայրկյան առաջ»։ Կեսօրից հետո Փենրոուզը էյֆորիկ վիճակի մեջ էր ընկել՝ ինքն էլ չիմանալով, թե ինչու: «Ես այնպիսի զգացողություն ունեի, կարծես ինչ-որ բան եմ հայտնաբերել»,- ասաց նա։ Նա որոշեց օրը մտովի րոպեներով հետ պտտել, և երբ հիշեց այն պահը, որ անցնում էր փողոցը, գաղափարը վերադարձավ: Բայց այս անգամ նա այն գրի չառավ: Դա սև խոռոչների մասին տեսությունն էր, հեղափոխական մի տեսություն ժամանակակից ֆիզիկայում: Եվ այն վերականգնվեց նրա ուղեղում, որովհետև Փենրոուզը ընդունակ եղավ վերականգնելու լռությունը, որ միշտ շրջապատում է մեզ, օրինակ, երբ մենք անցնում ենք փողոցը:

Սուրբ Անտոնիոսն ապրում էր անապատում, երբ նրան մոտեցավ մի երիտասարդ. «Հա'յր սուրբ, ես վաճառել եմ այն ամենը, ինչ ինձ էր պատկանում և որպես օգնություն՝ բաժանել աղքատներին: Ես միայն մի քանի իրեր եմ պահել, որոնք ինձ պետք կգան այստեղ յոլա գնալու: Ես ուզում եմ խնդրել Ձեզ՝ ցույց տալու ինձ փրկության ճանապարհը»։ Սուրբ Անտոնիոսը խնդրեց տղային մի քանի բան վաճառել իր պահածներից և այդ գումարով քաղաքից մի քիչ միս առնել: Վերադարձին նա պիտի միսը փաթաթեր սեփական մարմնին: Երիտասարդը վարվեց այնպես, ինչպես իրեն հանձնարարված էր: Ճանապարհին նրա վրա հարձակվեցին շներն ու բազեները, որոնք միս էին ուզում: «Ես վերադարձա»,- հայտնեց երիտասարդը՝ ցույց տալով հայր սուրբին իր վիրավոր մարմինն ու պատառոտված հագուստը: «Նրանց, ովքեր նոր ուղղության դավանող են դառնում և ուզում են ինչ-որ բան պահել իրենց հին կյանքից, սեփական անցյալն էլ պատառ-պատառ է անում»,- ասաց հայր սուրբը:

Ուսուցիչն ասաց. «Օգտագործի'ր ամեն մի օրհնություն, որ Աստված տալիս է քեզ այսօր: Օրհնությունը հնարավոր չէ պահպանել: Չկա մի այնպիսի բանկ, որտեղ կկարողանանք որպես դեպոզիտ՝ պահենք մեր ստացած օրհնությունը, որպեսզի օգտագործենք, երբ անհրաժեշտ կհամարենք: Եթե չենք օգտագործում, դրանք անհապաղ կկորսվեն: Աստված գիտե, որ մենք ստեղծագործ անհատներ ենք, երբ Նա հայտնվում է մեր կյանքում: Մի օր նա մեզ կավ է տալիս, որ ծեփենք, մի այլ օր՝ վրձին ու կտավ կամ գրիչ: Բայց մենք երբեք չենք կարող կավը օգտագործել կտավի վրա, կամ գրիչը՝ քանդակի: Ամեն օրն ունի իր հրաշքը: Ընդունե'ք օրհնությունը, աշխատե'ք և ստեղծե'ք արվեստի ձեր աննշան ստեղծագործությունները հենց այսօր: Վաղը դուք կստանաք նորը»։ 

Ռիո Պեդրայի ափին գտնվող մենաստանը շրջապատված է գեղեցիկ բուսականությամբ. այն մի իսկական օազիս է Իսպանիայի այս հատվածի բուսազուրկ դաշտերում: Այստեղ մի ոչ մեծ գետ դառնում է հզոր հոսանք և բաժանվում բազում ջրվեժների: Ճանապարհորդը, ջրի երաժշտությանն ունկնդիր, անցնում է այս տեղերով: Հանկարծ քարաժայռերից մեկի քարանձավը գրավեց նրա ուշադրությունը: Նա ուսումնասիրում է ժամանակի ընթացքում մաշված ժայռերը և ողջունում բնության կողմից համբերատար արարված գեղեցիկ ձևերը: Նա հիշեց Ռ. Թագորի բանաստեղծությունը՝ ձայնագրված ձայնապնակի վրա. «Մուրճը չէ, որ ստեղծել է ժայռերն այսպես գեղեցիկ, այլ ջուրն իր քաղցրությամբ, երգով ու պարով»։ Այնտեղ, որտեղ ուժը կարող է միայն ոչնչացնել, մեղմությունը կարող է քանդակել:

Ուսուցիչն ասաց. «Շատերը վախենում են երջանկությունից: Նրանց կարծիքով լիարժեք կյանքով ապրել՝ նշանակում է հրաժարվել իրենց բազում սովորություններից և կորցնել սեփական անհատականության զգացումը: Հաճախ մենք դժգոհում ենք լավ գործերից, որոնք թափվում են մեր գլխին: Մենք չենք ընդունում դրանք, քանզի դրանք են մեզ կստիպեին զգալ, որ մենք պարտք ենք Աստծուն: Ավելի լավ է երջանկության բաժակից չխմել, որովհետև հենց դատարկվի, մենք լրջորեն կտուժենք: Նվազելու վախից մենք չենք աճում: Լաց լինելու վախից մենք չենք ծիծաղում»։ 

Մի անգամ՝ կեսօրին, Սցետի մենաստանում վանականներից մեկը վիրավորում է մյուսին: Վանական համալիրի առաջնորդը՝ եղբայր Սիսոիսը, խնդրեց վիրավորված վանականին ներել վիրավորողին: «Ես չեմ կարող դա անել»,- պատասխանեց վիրավորվածը: «Դա ինքն է արել, և ինքը պիտի հատուցի»։ Այդ կարևոր պահին եղբայր Սիսոիսը բարձրացրեց իր ձեռքերը դեպի երկինք և սկսեց աղոթել. «Ի'մ Հիսուս, մենք այլևս քո կարիքը չունենք: Այժմ մենք ընդունակ ենք՝ հարկադրելու ագրեսորին հատուցելու իր գործած ոճիրի համար: Մենք ընդունակ ենք այժմ վրեժը մեր ձեռքը վերցնելու և գործ ունենալու Բարու և Չարի հետ: Հետևաբար, Դու կարող ես մեզ մեր հույսին թողնել, և դա խնդիր չէ»։ Ամոթահար վանականն անհապաղ ներեց իր եղբորը:


Ռուսերենից թարգմանեց Թամար Ղահրամանյանը
Սրբագրեց, խմբագրեց Հասմիկ Ղազարյանը

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ