ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 33
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեո
Ղազարոս Աղայան

Ա. Խինչին
Խորհրդային երիտասարդության բազմակողմանի, իրական կրթություն

Նունե Մովսիսյան
Գրականության դասագրքի մեր մոդելը` հեղինակի գիրք + լեզվադարան + ձայնադարան + տեսադարան

Մերի Առաքելյան
Երաժշտությունը միջին դպրոցում

Մեթոդական մշակումներ

Գեղեցիկ Սահակյան
Էլեկտրոնային խաղերը` որպես մաթեմատիկական խնդիրների լուծման միջոց

Արմինե Գյոնջյան
Նախաթվային և նախաայբբենական շրջան. նախագիծ

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր

Ուսումնական նյութեր

Ժաննա Հակոբյան
Фразеологизмы о животных

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Պաուլո Կոելիո
Խորհուրդներ լեռնային գագաթները բարձրացողներին

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սարգիս Գալոյան
Ֆինլանդիայի հանրակրթական համակարգը (1)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Արմինե Թոփչյան
Ուսումնական գործունեության ուսումնասիրության արդյունքների արձանագրում-ամփոփումը` որպես գնահատման արդյունավետ միջոց

Նաիրա Նիկողոսյան
Ստեղծագործական բաց հավաք

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ
Ինքս ինձ հետ մենակ

Խորհրդածություններ
(հատվածներ)

Երկրորդ գիրք

Սկիզբը

10. Թեոֆրաստոսը, գնահատելով տարբեր զանցանքները (ինչքանով որ այդպիսի գնահատականը հնարավոր է սովորական տեսանկյունից), որպես ճշմարիտ իմաստասեր նկատում է, որ տենչերի ազդեցությամբ կատարված զանցանքներն ավելի ծանր են, քան զայրույթի ազդեցությամբ կատարվածները: Չէ՞ որ զայրացողը, ով երես է թեքել բանականությունից, զգացել է, ըստ երևույթին, ինչ-որ մի դառնություն և գաղտնի վիշտ, իսկ տենչի արդյունքում զանցանք գործողը, ի վիճակի չլինելով դիմակայել վայելքի գայթակղությանը, դրսևորում է, ըստ երևույթին, իր արարքներում ավելի շատ անբարոյականություն և գրգություն: Այդ իսկ պատճառով ճիշտ է, վճռում է Թեոֆրաստոսը, որ ավելի շատ պարսավանքի արժանի է վայելքի հետ կապված զանցանքը, քան վշտի հետ կապվածը: Ընդհանրապես այդ մարդկանցից մեկը ավելի շուտ նման է նրան, ում զայրույթը ծագել է տառապանքի զգայությունից, որը կապված է ավելի վաղ նրա կրած անարդարության հետ, երբ մյուսը ինքնակամ ձգտում է անարդարության հրապուրված ինչ-որ գործողության նկատմամբ իր տենչանքով:

11. Ամեն ինչ հարկ է անել, ամեն ինչի մասին խոսել և մտորել այնպես, կարծես յուրաքանչյուր ակնթարթ քեզ համար կարող է լինել վերջինը: Եթե աստվածները գոյություն ունեն, ապա ամենևին սարսափելի չէ մարկանց թվից դուրս մնալը. չէ՞ որ աստվածները չեն գցի քեզ չարիքի մեջ: Իսկ եթե աստվածները գոյություն չունեն կամ մարկանց հետ չեն ցանկանում գործ ունենալ, ապա ի՞նչ իմատ ունի ապրել աշխարհում, որտեղ չկան աստվածներ կամ չկա նախախնամություն: Բայց աստվածները գոյություն ունեն և հոգատարություն են դրսևորում մարդկանց նկատմամբ: Նրանք այնպես են կարգավորել, որ ամբողջովին մարդուց է կախված` ընկնի, թե չընկնի իրական չարիքի մեջ: Իսկ եթե չարիք է ևս ինչ-որ բան, ապա նրանք հոգ են տարել նաև, որպեսզի յուրաքանչյուրից կախված լինի նրա մեջ չընկնելը: Բայց այն, ինչ վատը չի դարձնում մարդուն, կարո՞ղ է արդյոք վատը դարձնել մարդկային կյանքը: Ամբողջի բնույթը չէր կարող վրիպել այդպես` ոչ անգիտությամբ, ոչ էլ նախազգուշացնելու կամ ուղղելու անզորությամբ այն դեպքում, եթե նա ամենիմաց է. չէր կարող նա նաև ոչ անզորության, ոչ էլ անմտության պատճառով թույլ տալ այնպիսի սխալ, ինչպիսին ինչպես լավ, այնպես էլ վատ բոլոր մարդկանց առանց ընտրության բարիքների և չարիքի բաշխումն է: Կյանքը և մահը, փառքը և անպատվությունը, տառապանքը և հաճույքը, հարստությունը և աղքատությունը. այս ամենը հավասարապես բաժին է ընկնում ինչպես լավ մարդկանց, այնպես էլ վատերին: Այդ ամենը ո´չ հիանալի է և ո´չ էլ ամոթալի, հետևաբար ո´չ բարիք է և ո´չ էլ չարիք:

12. .... Ի՞նչ է մահը: Եթե վերցնենք նրան ինքնին և վերանանք այն ամենից, ինչ հորինված է նրա առիթով, ապա անմիջապես կհամոզվենք, որ նա ոչ այլ ինչ է, եթե ոչ բնության գործողություն: Իսկ բնության գործողությունից վախենալը երեխայություն է. մահը ոչ միայն բնության գործողություն է, այլև նրան օգտակար գործողություն:
Ինչպե՞ս և իր էության ի՞նչ մասով է մարդը հաղորդակցվում աստծու հետ, և ի՟նչ է կատարվում այդ մասի հետ նրա բաժանման ժամանակ:

13. Չկա ավելի խղճուկ բան, քան այն մարդը, ով չափում է ամեն ինչ բոլոր ուղղություններով, փորձելով, ինչպես ասում է բանաստեղծը, «Չափել երկրի լայնարձակությունը` իջնելով գետնի տակ», բացահայտել իրեն շրջապատող մարդկանց հոգիների գաղտնիքները, բայց չի գիտակցում, որ իր համար լիովին բավական է շփումը միայն իր ներքին հանճարի հետ և ազնիվ ծառայելը նրան: Իսկ վերջինս այն է, որ զերծ պահի նրան կրքերից, անխոհեմությունից և աստվածների ու մարդկանց գործերի նկատմամբ դժգոհությունից: Աստվածների գործերը հարգամեծար են իրենց կատարելությամբ, մարդկանց գործերը սիրելի են մեզ նրանց հետ ունեցած ազգակցության շնորհիվ: Բայց երբեմն վերջիններս հարուցում են ինչ-որ խղճահարություն, երբ նրանցում դրսևորվում է բարու և չարի չիմացությունը` այլանդակություն ոչ պակաս, քան սպիտակն ու սևը տարբերելու անընդունակությունը:

14. .... Ոչ ոք չի կարող զրկվել ո´չ անցյալից, ո´չ ապագայից: Քանի որ ո՞վ կարող է խլել ինձնից այն, ինչ ես չունեմ:

15.Ամեն ինչ կախված է համոզմունքներից:....

16.Ամենամեծ ամոթով է պատում իրեն մարդկային հոգին, երբ .... խորշում է ինչ-որ մարդուց կամ նետվում է նրա դեմ վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես լինում է զայրացածների հետ: .... Երբ ի զորու չենք անդրդվելի մնալ ընդդեմ գայթակղությունների կամ տառապանքների: .... Երբ նա երեսպաշտություն է անում և կեղծ ու կեղծավոր ինչ-որ բան անում կամ խոսում: .... երբ իր գործողությունները և ձգտումները չի համապատասխանեցնում նպատակի հետ, այլ անում է իզուր բան և անմտորեն, քանզի նույնիսկ մանրուքներում հարկ է համապատասխանել նպատակի հետ: Իսկ բանական արարածների նպատակը հնազանդվելն է բանականությանը և հնագույն Քաղաքի ու կարգի օրենքին:

17.Մարդկային կյանքի ժամանակն ակնթարթ է, նրա էությունը` հավերժական ընթացք, զգայությունը` մշուշոտ, ողջ մարմնի կառուցվածքը` մահկանացու, հոգին` անկայուն, ճակատագիրը` հանելուկային, փառքը` անստույգ.... Կյանքը պայքար է և թափառում օտարությունում.... Բայց ի՞նչը կարող է դուրս բերել ուղի: Ոչինչ, բացի փիլիսոփայությունից: Իսկ փիլիսոփայել նշանակում է պաշտպանել ներքին հանճարը անվանարկումից և արատից, հասնել այն բանին, որ նա վեր լինի գայթակղություններից ու տառապանքներից, որպեսզի չլինի նրա գործողություններում ո´չ անխոհեմություն, ո´չ կեղծիք, ո´չ երեսպաշտություն......

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ